ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ | Յուրաքանչյուր տառի արժեքը` մի կաթիլ արյուն

Չարենցի մասին Կարինե Քոթանճյանի հուշերից տեղեկանում ենք, որ բանաստեղծը 1917թ. Կարսում մտադիր է եղել Տաճատ Ալեքսանյանի հետ հրատարակել գրական ամսագիր` ենթադրաբար «Կարմիր աստղ» խորագրով: Ամսագրի համար իր մտերմուհուն հանձնարարել է թարգմանել Վ. Գարշինի «Կարմիր ծաղիկը» պատմվածքը: Կարինե Քոթանճյանը չի իմացել, թե հետագայում ինչ ընթացք է ստացել Չարենցի այդ մտադրությունը… Չարենցի կենսագիրներին հայտնի չէ այդ անվանումով ամսագիր հրատարակված լինելու փաստը: Բանաստեղծը չի կարողացել իրականացնել իր մտադրությունը: Կարինե Քոթանճյանը թեական շեշտով է գրում նաև թարգմանվելիք գործի վերնագիրը («…Եթե հիշողությունս չի դավաճանում` Գարշինի «Կարմիչ ծաղիկը» պատմվածքը»): Բայց աներկբայորեն կարելի է ընդունել, որ հենց այդ պատմվածքի թարգմանությունն է նրան հանձնարարել Չարենցը: Երբ կարդա, ընթերցողն անմիջապես կհասկանա, թե ինչու:
…Հրանտ Մաթևոսյանը զրույցներում քանիցս իր հիացմունքն է արտահայտել Վ. Գարշինի մեկ այլ` «Չորս օր» պատմվածքի առիթով: Ասում էր, որ այն հրաշալի կինոնկար կդառնար: Այդ մասին վկայում է նաև գրողի որդին` Դավիթ Մաթևոսյանը, ով և երկու տարի առաջ, իմ կարծիքով, հաջողությամբ իրականացրեց հոր ցանկությունը` ֆիլմ նկարահանելով այդ պատմվածքի մոտիվներով:
Չարենցն ու Մաթևոսյանը նկարագրված ժամանակներն ու իրադարձությունները, երևի, նմանեցնում էին իրենց ապրած օրերի հասարակական-քաղաքական մթնոլորտին, նաև պատմվածքների գլխավոր հերոսների մեջ, թերևս, տեսել էին հենց իրենց բնորոշ գծերը:
Մեր խոշորագույն գրողների հիշատակը հարգող և Վ. Գարշինի տաղանդավոր արձակը գնահատող մեր ընթերցողների համար, կարծում եմ, հետաքրքիր կլինի մայրենիով և կողք կողքի կարդալ «Կարմիր ծաղիկը» և «Չորս օր» պատմվածքները` նաև այս կերպ, միջնորդավորված ձևով, կյանքը դիտելով Եղիշե Չարենցի և Հրանտ Մաթևոսյանի աչքերով:
…Իսկ Գարշինն իր նամակներից մեկում խոստովանել է. «Բայց որ իրականում ես գրել եմ միայն իմ դժբախտ նյարդերով, և որ յուրաքանչյուր տառ ինձ մի կաթիլ արյուն է արժեցել` չափազանցություն չի լինի…»:

ՎՍԵՎՈԼՈԴ ԳԱՐՇԻՆ | Կարմիր Ծաղիկ
ՎՍԵՎՈԼՈԴ ԳԱՐՇԻՆ | Չորս Օր

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *