ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | Համեմատություններ կյանքի և մահվան մասին

Վահրամ Մարտիրոսյան

Կյանքը նման է վարագույրի հետևից երևացող տերևաթափ ճյուղերի
կյանքը նման է ընկերոջ ականջին ինչ-որ բան շշնջացող աշակերտի
կյանքը նման է օգտագործված հագուստեղենի խանութից առած շորի
կյանքը նման է անքամի եղանակի դրոշի
կյանքը նման է իրեն սրամիտ մարդու տեղ դնող տափակ մեկի
կյանքը նման է իրեն սպառած արտադրական հարաբերության
կյանքը նման է շուտ մթնող օրվա, կյանքը նման է հանկարծակի լուսացող գիշերվա, լուսումութի
կյանքը նման է քայլելիս վրան շորերն ուղղող բարետես կնոջ
կյանքը նման է տնից դուրս եկած ու տուն չվերադարձած տաքսիստի
կյանքը նման է մեկ մատով կատարվող դաշնամուրային պիեսի
կյանքը նման է խոհանոցում ձեռագիր էջերին յուղաբծեր ցայտած մեծ նոթատետրի
կյանքը նման է գործով վկայի
կյանքը նման է կինոյում քեզնից առաջ նստած գեղեցիկ գլխով աղջկա, որը շուռ չի գալիս, որ դեմքը տեսնես
կյանքը նման է անցանկալի մարդու, որին եթե չհանդիպես, չես իմանա, թե ինչքան կխորշես
կյանքը նման է չար երեխային խիստ անցորդի արած դիտողության
կյանքը նման է կայարանի ցուցանակի, որը ճեպընթաց գնացքից չհասցրիր կարդալ
կյանքը նման է հեռուստացույցի անհետաքրքիր հաղորդման, որը նայում ես ավելի հետաքրքիրը չլինելու պատճառով
կյանքը նման է կյանքը նման է մինչև գիշեր չվաճառված ծաղկի
կյանքը նման է անջատված հեռախոսի, որով կարևոր լուրի ես սպասում
կյանքը նման է էժանացված ապրանքների խանութում տեսած թանկարժեք ապրանքի
կյանքը նման է, սա էլ ասենք, սիրած, բայց մոռացված մեղեդու
կյանքը նման է ինչ-որ մեկի ձեռքից թռած, բայց մայթեզրի խոտերի մեջ դեռ աշխատող ժամացույցի
կյանքը նման է ……………………………………………………………..
բայց …………………………………………………………………………..
կյանքը նման է ծանրաձողի
կյանքը նման է աչքից հեռու կանգնած վիթխարի հուշարձանի
կյանքը նման է կիրճերի միջով հոսող գետակի
կյանքը նման է հնացած կարգախոսի
կյանքը նման է ծեր ու հիվանդ հարևանուհուն խնամող շենքի հարևանների
կյանքը նման է աշնան ցեխը ծածկող ձյան ու հալվող ձյան տակից ի հայտ եկող ցեխի
կյանքը նման է կյանքը նման է բանուկ փողոցը անցնել ցանկացող շփոթված մարդու
կյանքը նման է մաքուր չքաշած մի քանի շիշ տնական օղու
կյանքը նման է արդարադատության նախարարության գիշերապահի
կյանքը նման է առանց կարդալու մեջը բան փաթաթած լրագրի
կյանքը նման է հարատև զորավարժության
կյանքը նման է արևային ակնոցի
կյանքը նման է մակարոնի
կյանքը նման է բրածո կենդանու
կյանքը նման է բուհի շրջանավարտի
կյանքը նման է անվարժ մերսողի
կյանքը նման է բերանը բաց մնացած թերմոսի թեյի
կյանքը նման է հարակից զեկուցման
կյանքը նման է վաղուց չտեսած ծանոթի ձեռքսեղմման կամ անծանոթ աղջկա օդային համբույրի
կյանքը նման է քառակուսի արմատի
կյանքը նման է եղեգնի արմատի
կյանքը նման չէ ծեր ու հիվանդ հարևանուհուն խնամող շենքի հարևանների, արդարադատության նախարարության գիշերապահի, արևային ակնոցի, մակարոնի
կյանքը նման է կամ նման չէ օտար առոգանության
կյանքը նման է հուշանվերային հրացանի
կյանքը ավելի շատ նման է ուրիշի տրամաբանության, անհաջող փաստարկի
կյանքը նման է բոդյուլի, նեմերեի, կամսկու
կյանքը նման է շրապնելի
կյանքը նման է կամրջից ցած նետված մարդու վերջին մտքերի
կյանքը նման է նոր մերած մածնի
կյանքը նման է սարքին հեռախոսի, որով զուր տեղը զանգի ու լուրի ես սպասում
կյանքը նույն բանն է, ինչ նոր մերած մածունը
կյանքը նման է միջակ ձեռագրով արած արտագրության
կյանքը նման է շաքարի
կյանքը նման է շաքարի, կարագի, մսի, երշիկի, պանրի
կյանքը նման է մի կեսը կաթվածահար դեմքի ժպիտի
կյանքը նման է վահրամի, որդի պարույրի, մարտիրոսյանի
կյանքը նման է տեղ-տեղ բորբոսնած հատիկներով խոշոր նռան
կյանքը միջին աշխատավարձի է նման
կյանքը նման է մորաքրոջ աղջկա, ընդհանրապես` զարմուհու
կյանքը նման է ծամոնի
կյանքը նման չէ ………………………………………….
բայց ………………………………………………………..
կյանքը նման է կանկանի, խաշխաշի, հոսհոսի
կյանքը նման է սիրուն եզրերով անձեռոցիկի
կյանքը նման է գեղեցկության մրցույթի չորրորդ տեղի գեղեցկուհու
կյանքը նման է մակարոնի
կյանքը նման է հորանջի
կյանքը նման է հորաքրոջ աղջկա, ընդհանրապես` զարմուհու
կյանքը նման է ինքնաթիռներին խառնված տիեզերանավի
կյանքը նման է անջատված խոսափողի
կյանքը նման է երգի Ես` ղոջա, յարս` ղոջա տողին
կյանքը նման է մոխրաթավալի
կյանքը նման է հարբուխի
կյանքը նման է տեղին ասված այոյի ու ժամանակին չասված ոչի
կյանքը նման է անարդար կշտամբանքի
կյանքը նման է չափազանցված գովեստի
կյանքը նման է հալածախտի, կարոտախտի, մարաջախտի, հյուծախտի
կյանքը նման է Պաուլ Կլեեի գործերին շատ ավելի, քան Խուան Միրոյի
կյանքը նման է մութաքայի
կյանքը նման է մոխրի, հարբուխի
կյանքը նման է ներթափանցման
կյանքը նման է արջասպի
կյանքը նման է ամուսին ու երեխաներ ունեցող կնոջ
կյանքը նման է բացառության
կյանքը նման է կյանքում մի անգամ սեքս-ֆիլմ տեսած դեռահասի
կյանքը նման է փոքր երկրի
կյանքը սիլոսի է նման
կյանքը նման է մակարոնի

 

ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ

Մահը նման է ցլամարտիկի
մահը նման է ամաչկոտ ժպիտի
մահը նման է թիկնոցի
մահը նման է Փարիզին
մահը նման է մենաշնորհի
մահը նման է ծաղկի դեմ պատվաստի
մահը նման է կողմնակի խոսակցության
մահը նման է անթացուպի
մահը նման է համր կինոյի՝ համր, խուլ ու կույր կինոյի
մահը նման է տայվանական ձայնագրիչի կամ սիրիական շրջազգեստի
մահը նման է անմերժելի հորդորի
մահը նման է մուրաբայի
մահը նման է ուրվագծային քարտեզի
մահը նման է մանուկ Շեքսպիրի
մահը նման է թավշե մույկերի
մահը նման է թավշե մաշված մույկի
մահը նման է թաղիքե մույկի
մահը նման է ներկապնակի
մահը նման չէ հնձվորի… տանձի
մահը նման է իսպաներեն մանյանա և անգլերեն օլ րայթ արտահայտություններին
մահը նման է մանանեխի
մահը նման է 11 անցորդի
մահը նման է հանրահայտ հանելուկի – ոչ – մահը նման չէ հանրահայտ հանելուկի
մահը նման է միանգամյա ներարկիչի
մահը նման է կյանքի
մահը նման է անծանոթ մի բանի գովազդի
մահը նման է մշտական բարեկամի
մահը նման է հալածված հովազի (իսկ միգուցե պարզապես՝ վիրավոր արջի՞)
մահը նման է հարբուխի
մահը նման է իբր թե բուրավետ տեղական օճառի
մահը նման է գետնացման
մահը նման է հաշվենկատության, տարրական խնայասիրության, խուսափողության
մահը նման է տոլմայի
մահը նման է խոսակցական լեզվին անհմուտ, բայց գրավորին տեղյակ թարգմանչի
մահը նման է ցլամարտիկի
մահը նման է մտածմունքի
մահը նման է տնայնագործի
մահը նման է կամազուրկ մարդու վճռական քայլի
մահը նման է Փարիզի
մահը նման է իմաստը ոչ շատ պարզ հայհոյանքի
մահը նման է արջասպի
մահը նման է հարակից զեկուցման
մահը նման է անթափոն արտադրության
մահը նման է նախշի
մահը նման է Մարականայի մարզադաշտին
մահը նման է բնակարանային գողության
մահը նման է թյուրիմացության
մահը նման է մատնաշունչի
մահը նման է մենթոլային գլանակի
մահը նման է մտադրության
մահը նման է ավտոկանգառի, վճարովի ավտոկանգառի
մահը նման է մահաթմայի
մահը նման է նույն բանն է, ինչ մահաթմայի առաջին երեք տառը
մահը նման է թերության
մահը նման է տրական հոլովին
մահը նման է վանդակի մեջ գտնվող ծիտիկի,
որը ես կնկարեի անվարժ գրչով այս տողի դիմաց
մահը նման է մերձակայքի
մահը նման է մախմուր բառին
մահը նման է մի քանի առողջ հատիկներով բորբոսնած նռան
մահը նման է սպիտակի և կարմիրի
մահը նման է ռադարի
մահը նման է ջուրը գցած լավության
մահը նման է մահուդի
մահը նման է …….., ………………..
մահը նման է յոդի
մահը նման է մղլակի
մահը նման է համասեռականի
մահը նման է լուվրի
մահը նման է (որոշ չափով) խնոցու
մահը նման է ռետինի
մահը նման է՝ օլ րայթի
մահը նման է մայթի,
մահը նման է կաուչուկի
մահը նման է բայցի
մահը նման է ատավիզմի
մահը նման է փարիզի
մահը նման է անտեղի այոի ու ժամանակին ասված ոչի
մահը նման է թաղամասի
մահը նման է միջանցիկ քամու, ուժեղ միջանցիկ քամու
մահը նման է օղակաձև զբոսայգու, ավելի ճիշտ՝ զիգզագաձև զբոսայգու, ավելի ճիշտ՝ զույգ թվերի բազմության
մահը նման է խցանված փողոցն հակառակ ուղղությամբ անցնող մեքենայի
մահը նման է թերության
մահը նման է ընկերոջ ականջին ինչ-որ բան ասող աշակերտի
մահը նման է անքամի եղանակի դրոշի
մահը նման է քայլելիս վրան շորերն ուղղող տանելի տեսքով կնոջ
մահը նման է մտագարության:

1991, դեկտեմբեր
(որոշ խմբագրումներով՝ 2012, դեկտեմբեր)

Հ.Գ

Հեղինակն առաջարկում է ընթերցողներին շարունակել շարքերը`  լրացնելով արդեն կայուն կաղապարները սեփական զգացողություններով….

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *