Վրեժ Իսրայելյան | Ահագչին անձրևի տակ

ԱՀԱԳՉԻՆ ԱՆՁՐԵՎԻ ՏԱԿ
Երեւանից մինչեւ Թալինի շրջանի Մաստարա գյուղը մոտ յոթանասուն կիլոմետր է: Այդ տարածությունը «Մոսկվիչով» անցանք մեկ ժամում: Մաստարայից մինչեւ Ահագչի գյուղը յոթ կիլոմետր է, եւ այն հաղթահարելու համար դարձյալ մեկ ժամ պահանջվեց:
-Սա ի՞նչ ճանապարհ է,- դժգոհում էր վարորդը,- մեղք չե՞ն գյուղացիք, մեղք չէ՞ մեքենան:
-Տարին տասներկու անգամ բարեկարգում են,- ասաց գառնահովիտցի մի մարդ, որը մեզ էր միացել Մաստարայում,- տարին տասներկու անգամ էլ հեղեղաջուրը գալիս քանդում է: Իմ ծնված օրից բարեկարգում են: Եթե բարեկարգման համար մաս-մաս տրամադրվող այդ միջոցները հավաքեին, հիմա տասը տակ ասֆալտ գցած կլինեին:
Գառնահովիտցու մտահոգությունը ինձ ցավ պատճառեց: Իսկապես, ի՞նչ մեղք ունեն լեռնականները, որ իրենց հողը անպտուղ է, որ դեղձի փոխարեն քար է աճում: է՜, թող բոլորը թողնեն իջնեն հարթավայր, թող ամբողջ Հայաստանը գա եւ լցվի Արարատյան դաշտավայր. թող հազար տրակտոր հարթավայրի մեկ հեկտարը փորփրեն: Իսկ լեռնականները, ի՞նչ փույթ, թող իջնեն ցած, լքեն իրենց լեռներն ու իջնեն, ներքեւում ապրելը հեշտ է, հաճելի: Ասֆալտապատ ճանապարհներ, բերրի հող, բաղնիք, մանկապարտեկ, կինոթատրոններ… Ես ցավով հիշում եմ Թալինի շրջանի լեռնային գյուղերը, ծերերի տրտունջը…
-Ահա, տեղ հասանք,- ասաց գառնահովիտցին,- այստեղից ես ոտքով կգնամ:
Ես նայեցի գառնահովիտցու ետեւից: Նրա քայլերի մեջ մի տեսակ լուռ համակերպություն կար:
«Սա է քո ճակատագիրը, սրանք են քո լեռները, եւ լեռների միջից ձգվող երեք կիլոմետրանոց ճանապարհը Ահագչիից քեզ կհասցնի Գառնահովիտ: Այնտեղ քո տունն է, քո հոգնությունը, քո ուրախությունը…»
Դեռ մեքենայից ոտքս ցած չէի դրել, մի անծանոթ մարդ մոտեցավ, ձեռքը դրեց ուսիս.
-Գնանք, գառ ջան, գնանք քեզ ցույց տամ քո պապի շիրմաքարը:
ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ԴԵՊԻ ԻՄ ՍԿԻԶԲԸ
«Ղազարյան Իսրօ։ Սասնո գավառի Շուշանամերկ գյուղից: Մահացել է 1922 թվին»:
Տարիներ առաջ Սասուն գավառում մի գյուղ եղել: Գյուղում՝ լեռների պես մաքուր եւ լեռների պես թիկնեղ մարդիկ են եղել: Եղել է նաեւ Շուշան անունով մի աղջիկ, շուշանի պես քնքուշ ու նազելի: Նրա ամոթխած հայացքի տակ շիկնել են լեռների պես թիկնեղ տղամարդիկ եւ նրանց շիկնանքի մեջ ծաղիկներ են բուսնել: Եղել են նաեւ մարդիկ, որոնց օտար եւ լպիրշ հոգիներում վայրի բնազդներ են շարժվել, եւ Շուշանի գեղանի մարմինը նրանց երակներում միջատներ է արթնացրել: Փորձել են տիրել Շուշանին: Շուշանի մերկությունից թռչուններն են քարացել օդում, եւ ծաղիկներն են խոնարհվել լուռ, եւ քարեր են սահել գագաթներից, բայց օտարների մեջ ավելի են աշխուժացել միջատները: Եվ Շուշանը դաշույնը օտարներից թռցնելով իր սիրտն է խրել՝ արյամբ ծածկելով իր մերկությունը:
Մերկ Շուշան… Շուշանամերկ՝ այդտեղ են ծընվել իմ պապերը: Եվ ահա Ահագչիում, պապիս շիրմաքարին խոնարհված, Գեւորգ Գաբրիելյանի շուրթերից լսում եմ հայուհու լեգենդը եւ առաջին անգամ կյանքումս քայլ եմ գցում դեպի իմ սկիզբը: Գնում եմ դեպի Շուշանամերկ:

ՍԱԼՎԻ

Աղբյուրի մոտ կանայք են խմբվել եւ իրար մեջ փորձում են պարզել, թե ովքեր են գյուղում հայտնված օտարականները: Ո՞ւմ տունն են եկել, ինչո՞ւ են եկել:
-Մինչեւ՛ չպարզեն, չեն հանգստանա,- մտածեցի:
Տունը, որտեղ իջեւանել էինք՝ գյուղի ծայրին էր, աղբյուրի մոտ եւ ես ամեն օր տեսնում էի, թե ինչպես են գյուղի կանայք բուրդ լվանում: Օրվա մեջ արդեն վեցերորդ անգամ մեզ է այցելում Գեւորգը: Այս անգամ թարմ թերթեր բերել:
Քիչ հետո տարեց մի կին է ներս մտնում:
– Քո պապը եւ իմ պապը…
Մինչեւ երեկո պարզվեց, որ բոլորը՝ գեղ-գեղովի իմ բարեկամներն են: Ամեն մի նոր բարեկամությունից հետո մեր տանը ավելանում էին մածունը, կաթը, խնոցու կարագը:
Ես եւ կինս մոտ մեկ ժամ կրկնում էինք մեր բարեկամների անունները, որ, չմոռանանք: Երեկոյան կողմ աղբյուրի մոտ հավաքվեցին տասից տասնհինգ լաչակավոր կանայք: Նրանցից մեկը անջատվեց եւ եկավ մեր կողմը: Սալվին էր: Մամիկոնի քույրը: Նրա դեմքը արեւից այրվել էր եւ կոշտացել: Ձեռքերը նույնպես:
– Գնում ենք սար, կթի,- ասաց Սալվին: Սասունցիների բարբառը նրա մոտ այնպես արտահայտիչ էր ստացվում, որ իմ մեջ խոսելու ցանկություն առաջացավ: Քիչ հետո երեւաց բեռնատարը եւ Սալվին վազեց այն կողմ: Կանայք հարայհրոցով, ծիծաղելով բարձրացան բեռնատարի
թափքը:
«Այժմ մեքենան անանցանելի Ճանապարհներով, ցնցումներով, կանանց թափքում իրար խառնելով կհասցնի սար, նորից գյուղ կբերի, առավոտյան նույնը»:- Մտածեցի ես, եւ կթվորուհիների առօրյան ինձ այնքան էլ նախանձելի չթվաց: Հիշեցի շրջանային թերթում կարդացածս մի ակնարկը կթվորուհու մասին:
«Ես իմ աշխատանքը շատ եմ սիրում եւ դեռ դպրոցական հասակից երազում էի դառնալ կթվորուհի»,- լրագրողի թեթեւ հարցին հեշտ պատասխան էր տվել կթվորուհին:
– Տեսնես ո՞վ է կեղծել,- մտածում էի,- լրագրո՞ղը, թե՞ կթվորուհին: Նույն հարցը ես կտամ
Սալվիին, երբ նա վերադառնա:
Սալվիի դեմքին հոգնություն չկար: Նա եկավ, ուրախ բարեւեց եւ մեր երեխայի թաթիկը բռնելով
ասաց.
– Պարեւ:
Հետո կոշտացած ձեռքերը դրեց Գայանեի ձեռքերի կողքին եւ ժպտաց.
– Աշխատում ենք:
Այսինքն. «ինչ-որ մեկը պետք է աշխատի»:
Սալվին չի դժգոհում: Սալվին ասում է. «աշխատում ենք»: Նա իրեն երբեք չի հարցնի, սիրում է աշխատանքը, թե ոչ: Նման հարց միայն լրագրողներն են տալիս: Սալվին չի դժգոհում, Սալվին ունի իր կյանքը, իր աշխատանքը եւ ոչ մի լրագրող թող չփորձի փորփրել նրա խոհերը:
– Պարեւ,- ասաց Սալվին,- պարեւ,- եւ համբուրեց երեխայի թաթիկը:
Սասունցիների բարբառը կարծես գրական լեզվի ջիգրու ստեղծված լինի: Ամեն ինչ գրականի հակառակն է: Եվ երբ Սալվին ասում է «Պարեւ»՝ գրական լեզուն այդ պահին տարօրինակ է դառնում:
– Գնամ,- ասաց Սալվին մի տեսակ խրտնելով:
Այսինքն՝ շատ խոսեցի, գործս մնաց: Բուղուտու սարը իմ տեսած գեղեցիկ սարերից մեկն է եւ իր տեսքով հիշեցնում է Մասիսը: Ես չէի ուզենա, որ այդպես կոչվեր եւ սրանից հետո նրան Ահագչի կկոչեմ: Ահագչի սարը մռայլվել էր, ամպերը փաթաթվել էին գլխին:
– Գառ ջան, անձրեւ է գալու, երեխայի շորերը հավաքեք,- հեռվից լսվեց Գեւորգի ձայնը:

ՀՈՒՆԻՍԻ ՄԵԿ ՕՐՎԱԱ ԱՆՁՐԵՎԸ

Լինում է չի լինում Սողոմոն անունով մի թագավոր է լինում: Էս թագավորը իր բազում շնորհների ու խելքի համար «Իմաստուն» անունով է հորջորջվում: Այս Սողոմոն Իմաստունը մի սքանչելի ապարանք է կառուցում եւ այնքան սքանչելի է լինում ապարանքը, որ մեր Իմաստուն Սողոմոնի խելքին փչում է որոշել, թե ի՞նչ արժե այն: Սողոմոն Իմաստունի ինչի՞ն էր պետք որոշել իր ապարանքի արժեքը՝ դա պատմաբանների հանելուկն է: Իսկ թե Սողոմոն Իմաստունի ապարանքը ինչ կապ ունի Ահագչի գյուղի հետ՝ դա արդեն մեր հանելուկն է: Էս իմաստունը շատ է գլուխ ջարդում, քիչ է գլուխ ջարդում՝ ոչինչ չի ստացվում: Ապարանքի արժեքը ավելի բարձր է դուրս գալիս, քան Սողոմոնի իմաստնության պաշարը: Վերջը կանչում է երկրի. իմաստուններին, ապարանքը դնում է կշեռքի մի նժարին, աշխարհի բոլոր գանձերը մյուս նժարին՝ նորից ապարանքը ծանր է կշռում: Ճարահատյալ կանչում է իրենց երկրի նախրապանին: Էս նախրապանը դես է նայում, դեն է նայում ու պատասխանում.
– Ձեր ապարանքը, ձերդ իմաստուն Սողոմոն, արժե հունիս ամսվա մեկ օրվա անձրեւը:
Թողնենք Սողոմոն եւ նախրապան իմաստուններին անցյալի գիրկը եւ գանք Ահագչի, ուր նախրա-
պանի ասած անձրեւն էր գալիս:
Եթե այժմ որեւէ մեկին, գեթ մի քիչ հետաքրքրի, թե ի՞նչ արժե հունիսի մեկ օրվա անձրեւը, թող գա Ահագչի եւ մեկ-մեկ հարցնի բոլ: ծիլերին, ծաղիկներին, հասկերին: Թող գա եւ մեր տան շեմից (եթե գեթ մեկ օր մի տեղ ապրում ես, այդ պահին այն քո տունն է) ես նրան ցույց կտա՞մ սարալանջին բուսած միայնակ կակաչը, որի ցողունի մեջ հենց այս պահին հրաշք է կատարվում, ամենակատարյալ հրաշքը: Ինձ միշտ զարմացրել է այն ազատությունը, այն անվերծանելի հմայքը, որով ցողունը վեր է բարձրանում: Թող գա, եւ ես նրան ցույց կտամ Մամիկոնի աշխարհագրական քարտեզ հիշեցնող ձեռքի ափերը, ուր անձրեւի կաթիլները կարմրում են ու մտնում երակների մեջ: Թե ինչպես է անձրեւը արյուն դառնում ցողունի մեջ, եւ ինչպես մեղուների հրճվանքը չի տեղավորվում փեթակներում: Ահագչին անձրեւի տակ… Ահագչին անձրեւից հետո… Լեռները որպես հոգնած ճամփորդներ…
Ահագչին անձրեւի տակ… Երկինքը որպես շուռ տված ծով…
Բաց դռները, շոգ է:

ԱՅԺՄ ԵՎ ՀԱՎԻՏՅԱՆ

Ամեն անգամ, երբ քաղաքում հանդիպում եմ համագյուղացիներիս, մեջս արթնանում է իմ ման-
կության Աշնակը: Ես ամեն ինչ տեսնում եմ այնպես, ինչպիսին որ այն կար 20 տարի առաջ:

Այն ժամանակ գյուղը աշխարհի չափ մեծ էր թվում եւ ծառերն էին ավելի բարձր, եւ մարդիկ էին հսկա, եւ 50 մետր երկարություն ունեցող լիճն էր աշխար հի ամենամեծ ծովը: Մեր մանկական երեւակայությունը ջրաղացի ձորից այն կողմ չէր անցնում, ուր հաճախ էինք գնում ընկույզ թռցնելու: Եվ անիմաստ էր մեզ համոզել, որ աշխարհում մեր գյուղից դուրս ուրիշ գյուղ էլ կա, եւ որ մարդիկ կան, որոնց մենք չենք ճանաչում: Իմ մանկության Աշնակում ամեն մարդ իր տեղն ունի եւ դժվար է այժմ որեւէ մեկին փոխարինել: Այս ճանապարհը քեռի Նադրինն է, նա պետք է քայլի այս ճանապարհով, թեկուզ հազար տարի էլ անցնի, այս հյուղակը քեռի Մանուկինն է, նա պետք է խոնջանա գետնին փռած չոր խոտերին եւ հսկի խաղողի այգիները այժմ եւ հավիտյան: Այս ակոսը քեռի Միրոյինն է, նա՛ է ակոսի գլխին այժմ եւ հավիտյան: Ժամանակի փոշին նրան չի կպչի, նրանք կմնան մաքուր եւ հավերժական, ինչպես հողը:
Ահագչիում իմ պապի շիրմաքարն է, Աշնակում անցել է իմ մանկությունը: Եվ Ահագչիում եւ Աշնա
կում երբեմնի սասունցիներ են ապրում: Երբ աշնակցի երիտասարդին քաղաքում հարցնում են՝ որտեղացի՞ ես:՛, Նա պատասխանում է՝ սասունցի: Նույնը Ահագչեցին: Եվ այն, որ գյուղացիներից շատերի մականունը ծուռ է, եւ այն, որ գյուղացիների շարժուձեւը կոպիտ է, ոչ ոքի չի խանգարում: Նրանց ծռությունը՝ Դավթի ծռությունն է: Մորական պապս երդում կտոր էր ուտում, որ Սասունցի Դավթին տեսել է, եւ ես նրան հավատում էի: Իսկ այժմ ես, եթե ասեմ, որ Սասունցի Դավթին տեսել եմ՝ ոչ ոք չփորձի չհավատալ, տեսել եմ նաեւ Քուռկիկ Ջալալուն, «Առյուծաձեւ Մհերին, Սանասար-Բաղդասարին: Նրանք այժմ էլ կան, չե՞ք հավատում, կարող եմ ձեզ էլ ցույց տալ: Թե՛ Ահագչին, թե՛ Աշնակը ունեն իրենց յուրահատուկ հոտը: Այդ հոտը ես զգում եմ հարյուրավոր կիլոմետրերից: Այն ոչ թե աթարի դեզերի, ծուռտիկ-մուռտիկ փողոցների եւ կիսախարխուլ ցանկապատերի մեջ է, այլ մարդկանց մեջ է, նրանց ապրելակերպի, նրանց շարժուձեւի, նրանց պարի մեջ է: Երբ աշնակցի Թովմասը, Սաքոն, Զավենը թիկունք-թիկունքի տված պարում են, առանց մեջքները կոտրատելու, առանց սվաղած շարժուձեւերի, նրանց ոտքերի տակ հողը դողում է, եւ կարծես լեռներն են աչքերիդ դեմ շարժվում: Ոչ թե պարում են, այլ ապրում են, ոչ թե պար է, այլ իրենց ապրած կյանքը: Եվ այն, որ ծերունիների ձեռքից բահը սահում է եւ սերմի պես հերկի մեջ է ընկնում, եւ այն, որ ծերերը գյուղամիջի քարերին նստած ծիծաղելով ճշտում են, թե իրենցից ում հերթն է եկել ճանապարհվելու, եւ այն, որ հացի փուռը գյուղում երկու օր դիմացավ. թվարկե՞մ մեկ մեկ: Աշնակում Դանիել անունով մի մարդ կա, իսկ Ահագչիում Մամիկոն անունով մի մարդ: Չգիտեմ նրանք իրար ճանաչում են, թե ոչ: Երկուսն էլ դարբին են: Չգիտեմ ինչու, ինձ միշտ թվացել է, թե աշխարհի ամենալավ մարդիկ դարբիններն են: Դանիելը ասող-խոսող է եւ գյուղում ամենաթունդ հայհոյողը: Նրա հայհոյանքները բոլորը սիրում են: Մամիկոնը քչախոս է, մեղմ: Իր զայրույթն ու ուրախությունը մետաղի վրա է փորձում: Նրանք տարբեր խառնվածքի մարդիկ են, բայց նույնն է նրանց ձեռքերի կառուցվածքը, նրանց շիտակությունը: Նրանց ձեռքերը սեղմելուց քեզ շատ ավելի ուժեղ ես զգում, եւ զգում ես, որ մենակ չես: Կան այն ուսերը, որոնց կարող ես վստահ հենվել, այն աչքերը, որոնք երբեք սուտ չեն փայլի: Այստեղ Ահագչիում նստած ես հանկարծ հայտնաբերեցի, որ երկու մարդ իրար հարազատ են այնքան, որ եթե հանդիպեն եւ Ճանաչեն իրար, իրենց թեւերի վրա կկարողանան երկրագունդը պահել:
– Գառ ջան,- մի մեծ սունկ ձեռքին ինձ է մոտենում Գեւորգը:- Կարող եք աղ ցանել վրան եւ խորովել, կարող եք ձվով տապակել: Շատ համեղ է:
Ես առաջին անգամ նկատեցի, որ նրա աջ ձեռքի մի քանի մատները չկան: «Պատերազմի հետքերն են» մտածեցի: Գեւորգը գյուղի ակումբի վարիչն է, գյուղի եւ աշխարհի անցուդարձին ամենատեղյակ մարդը: Նա ճոճի վրայից վերցրեց ճապոնացի գրող Յասունարի Կավաբատայի գիրքը եւ անկեղծ զարմացավ, ինչպե՞ս է, որ մինչեւ այժմ չի կարդացել: Նա մի ամբողջ դասախոսություն կարդաց Իլֆի եւ Պետրովի մասին եւ գնաց: Քիչ հետո վերադարձավ ձեռքին մի գիրք: Մացումոտոյի «Կետեր եւ գծեր» գիրքն էր:
– Կարդա, հետո կզրուցենք:
Դուրս եկավ, հետո ինչ-որ բան հիշեց եւ ետ դարձավ:
– Գառ ջան, հո մածունի, լավաշի կարիք չունեք: Մի ամաչեք, գառ ջան:

ՄԱՅՐԱՄՈՒՏԻ ՁԻԵՐ

– Ինչ գեղեցիկ մայրամուտ է, տես,- ասաց Գայանեն,- ոչ մի տեղ արեգակը այսպես շռայլ չի նահանջում:
Ահագչի սարը հրդեհվում էր մայրամուտի գույների մեջ:
Վայրկյանի, ընթացքում սարը հազար գույն էր ստանում: Վճիտ, զուլալ գույները այնպիսի հրաշալի ներդաշնակության եւ մաքրության մեջ էին, որ հրճվանքից մարդու սիրտ էր նվաղում: Սարալանջին չորս ձի էին արածում: Երկուսը գլուխները վեր պարզած, երկուսը՝ ցած խոնարհած: Երբ ձիերը շարժում էին պոչերը՝ մայրամուտի գույները ցրվում էին, բոց էին տալիս: Եվ երբ նրանք պայտերով հողը փորելով վրնջում էին, թվում էր արեգակը, Ահագչի սարը, երփներանգ ամպերը ձայնակցում Էին նրանց: Ո՞վ էր ձիերի տերը, ե՞րբ էր նրանց դաշտ բերում ու տանում… Գուցե մայրամուտի ձիե՞րն էին դրանք եւ արեգակի հետ կանհետանա՞ն:
Այժմ արեգակը կրիայի է նման, ահա նա գառնուկի տեսք է ընդունում, ահա թունելագործի թասակ դարձավ, եւս մի վայրկյան եւ նա թաքնվեց սարի ետեւում: Ամեն ինչ դարձավ ստվեր եւ ձորից գորտերի կռկռոցը սկսեց ավելի տիրական հնչել…
*
Առավոտյան Սալվին նորից եկավ:
– Պարեւ,- ասաց ու գնաց:
Գյուղը դատարկվում էր: Գյուղի աշխատավորների մոտ 70 տոկոսը գնում էր Քարակերտ ավանում աշխատելու: Ահագչիից մինչեւ Քարակերտ ավան մոտ 40 կիլոմետր է: Եթե ճանապարհն է հաշվենք, ապա նրանք տեղ կհասնեն արդեն հոգնած: «Ճանապարհներն ավելի հոգնեցուցիչ են, քան աշխատանքը», – դժգոհում են գյուղացիք:
«Ինչո՞ւ պետք է ահագչեցիները գնան Քարակերտ աշխատելու»,- մտորում էի: Մի՞թե չի կարելի Ահագչիի եւ շրջապատի մի քանի գյուղերի համար գորգագործական մի փոքրիկ գործարան կամ ժամացույցի գործարանի մի բաժանմունք ստեղծել, ինչպես Մաստարա գյուղում է եւ գյուղացիներին փրկել այս դժվար երթեւեկից: Առաջներում հայ աղջիկները տանը նստած գորգ էին գործում եւ նրանց գործած գորգերը իրենց պես գեղեցիկ էին: Ինչո՞ւ մի տեսակ մոռացված են լեռնային, բնակլիմայական ծանր պայմաններ ունեցող որոշ գյուղեր: Ես հիշեցի Սալվիի արեւից կոշտացած դեմքը եւ նրան պատկերացրի գորգ գործելիս:
– Կարդացի՞ր,- հարցնում է Գեւորգը,- չե՞ս կարդացել, դե ոչինչ գառ ջան, բայց անպայման
կարդա:
ՀԱՅՈ
Առավոտ գիշերով Հայոն՝ Հայաստանը, գալիս եւ ոչխարներն էր կթում: Մեր տանտերը Հայոյի, Սալվիի եղբայրն էր, ընտանիքով տեղափոխվել Էր Արարատյան դաշտի մի սովխոզ եւ քրոջ խնամքին թողել իր ոչխարներն ու կովը: Հայոն համր էր եւ հազիվ կարողանում էր մի քանի հնչյուն արտաբերել: Եթե նույնիսկ Հայոն խոսել կարողանար, դժվար թե օրվա մեջ մի քանի բառից ավելի դուրս գար նրա բերանից: Նա այնպիսի արագությամբ էր իր գործը անում, որ նայողը ապշում էր: Մի քանի անգամ կինս փորձում է Հայոյին ներս հրավիրել. նա երեխայի զարմացած տեսք է ընդունում եւ ասում.
– Ամոթ… ամոթ:
«Ամոթ». դա միակ բառն էր, որ Հայոն արտասանում էր մաքուր: Նա ամաչելով Էր կանգնում
նույնիսկ երեխաների մոտ:
– Բնությունը ինչ սխալներ է թույլ տալիս,– մի անգամ ասաց Գայանեն:
Հայոն ամեն առավոտ մի փոքրիկ ամանով կաթ էր բերում երեխաների համար եւ շեմից ներս պարզելով ետ էր քաշվում: Երեկոյան կողմ գալիս եւ կանգնում էր բակում, որ ոչխարները հարեւանի կարտոֆիլի արտը չմտնեն: Երբ ոչխարները երեւում էին, նա ձեռքերը կոնքին խփելով տագնապած վազում էր: Նա երբեք ձեռքերը ծալած չէր նստում, միշտ ինչ-որ բանով զբաղվում էր: Ազատ ժամերին դերձակություն էր անում: Հայոյի միակ ուրախությունը կինոն էր: Երբ նոր ֆիլմ էր գալիս գյուղ, նամանավանդ հնդկական, նա առաջինն էր: Եվ ես սկսեցի համակրանքով մտածել այդ ֆիլմերի մասին:
Իր գործը վերջացնելուց հետո, Հայոն կաթով լի դույլերը ղանթարին էր հագցնում եւ ուսին առած
գնում էր: Ամեն օր նույնը: Նա ուներ իր ապրելակերպը եւ երբեք չէր շեղվում նրանից եւ կյանքից
ու մարդկանցից ուրիշ պահանջ էլ չուներ:
– Ես չեմ կարող առանց հուզվելու նայել Հայոյին,- ասաց Գայանեն:- Ինչ է տվել նրան բնությունը իր այդքան բարության դիմաց… Ամոթ, ամոթ…

*
Մենք հրաժեշտ էինք տալիս Ահագչիին: Քիչ հետո գյուղը կդառնա հուշ: Այնտեղ մենք մեր տունը ունենք, մեր բարեկամները: Մամիկոնը լուռ սեղմեց մեր ձեռքերը: Սալվին երեխայի թաթիկը բռնած ասում էր. «Պարեւ, պարեւ…», Հայոն մի կողմ քաշված լուռ նայում էր, երբ մեքենան շարժվեց, ես նրա աչքերում արտասուք տեսա: Ուշացած երեւաց Գեւորգը, եւ մեքենայի ետեւից գոռաց.
– Գառ ջան, զգույշ, երեխաներին չմրսեցնեք: Ահագչի սարը ճերմակ մշուշի մեջ էր, եւ կաթնափրփուրի մեջ վարգում էին չորս ձի:

ԳՅՈՒՂԸ ՔԱՂԱՔՈՒՄ
Մի քանի օր հետո լրագրող ընկերներիս հետ քայլում էինք Մարքսի փողոցով: Ես ոգեւորված
պատմում էի Աշնակի եւ Ահագչիի մասին, երբ ընկերներիցս մեկը կանգնեց ինը հարկանի մի շենքի առաջ եւ սկսեց մուտքերը հաշվել:
– Ձեր գյուղը եւ Ահագչին,- ժպտալով ասաց նա,- ազատ կտեղավորվեն այս մի շենքում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *