Պատմվածք

Շիմադա. Աֆրիկյան սիմֆոնիա

Եվ ամայի այգու լռությունից, աֆրիկյան կրիայի պատյանին զարկող մատների ռիթմից, հուսահատությունից ու հույսից ծնվեց մի երաժշտություն, որն ասես սրտի առաջին բաբախյունը լիներ՝ նորածնի ճիչից առաջ։

Թարգմանիչ՝ Հասմիկ Հակոբյան

Շիմադա. Աֆրիկյան սիմֆոնիա

2025 թ․ եղել է Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնի Սարոյանի անվան պատմվածքի միջազգային մրցույթի անվանակարգորդ՝ ներառվելով կարճ ցանկում։

Հսկա կրիան դանդաղ քարշ էր գալիս իր անվերջանալի սավաննայով՝ դեպի հնագույն Բաբաջայդ ծառը։ Նրա հետևի թաթերից սուր ելուններ էին ցցված, որոնցով նա քանդում էր հողն ու զով փոսեր փորում՝ անողոք տապից պատսպարվելու համար։ Այդ նույն ելունները նախատեսված էին նաև ձվադրման բույն փորելու համար, որպեսզի սավաննան ևս մի տասնյակ փոքրիկ կրիաներով հարստանար։ Սակայն իր ապրած ողջ տարիների ընթացքում նրան այդպես էլ վիճակված չէր մայր-կրիա դառնալ։ Կրիան շտապելու կարիք չուներ։ Նա ապրել էր այնքան երկար, որ հետևում էր թողել իր բոլոր վախերն ու ուրախությունները, ապշանքն ու հիացմունքը։ Ցերեկները նա խեղդվում էր տոթից, իսկ գիշերները անքուն հայացքը հառում էր երկնքին՝ ձգելով իր կնճռոտ, հեռադիտակի պես երկար վիզը։

Հսկա կրիան լույս աշխարհ էր եկել Բաբաջայդ անունով բաոբաբի կողքին, ու առաջին իսկ քայլերը նրան տարել էին դեպի այդ ծառի արմատները։ Այն օրերին նրան Ծուռ Կեղև էին կոչում, որովհետև պատյանն ի ծնե անհարթ էր, թմբիկավոր ու փոսիկներով պատված՝ ճիշտ հնամենի ծառի կեղևի նման։

Ծուռ Կեղևը դեռ շատ փոքր էր, երբ մի օր զգաց, թե ինչպես է ինչ-որ մեկն իրեն պատյանից բռնած վեր բարձրացնում՝ պոկելով հողից։ Նա մի կում օդ շնչեց և գլուխը խորը քաշեց սեփական մարմնի խավարի մեջ։ Օդում կախված՝ նա մի քանի անգամ թափահարեց թաթերը՝ հուսալով իր տակ որևէ պինդ հենարան գտնել՝ արմատ, քար կամ որևէ այլ բան, բայց հասկանալով, որ գետինը շատ հեռու է՝ ներս քաշեց վերջույթները՝ վերածվելով սովորական գետաքարի։ Անտեսանելի ձեռքերն անմիջապես բաց թողեցին նրան, և նա հայտնվեց մի կիսամութ, տոթ վայրում՝ պարկի հատակին։ Նա բախվեց ինչ-որ կոշտ բանի ու վախվորած դուրս հանեց գլուխը։ Պարկի մեջ նրանից բացի ևս երեք փոքրիկ կրիաներ կային։ Պարկն օրորվում էր աջ ու ձախ, ասես նրանց կուլ էր տվել մի հսկա գազան և հիմա առաջ էր շարժվում՝ գուցե ջրի պաշար, իսկ գուցե՝ ավելի շատ զոհեր որսալու նպատակով։ Ծուռ Կեղևն անասելի վախեցած էր, բայց փրկություն չկար, մնում էր միայն սպասել։ Նա չգիտեր, թե որքան ժամանակ է անցկացրել առանց լույսի, սննդի ու հարազատ սավաննայի օդի։ Արդեն սկսել էր վարժվել խավարին ու ծանր նիրհին, երբ հանկարծ իրեն կրկին պատյանից բռնեցին ու տարան մեկ այլ վայր, որտեղ լույս կար և նույնիսկ ուտելիք՝ բանջարեղեն ու հազարի կտրտված տերևներ։ Բայց ինչ էլ որ աներ, երբեք չէր կարողանում տասը կրիայական քայլից ավելի առաջ գնալ՝ առանց բախվելու մի անտեսանելի պատնեշի։ Նա կտցահարում էր այն, ճանկերով քերծում, բայց այդ վայրն իրեն բաց չէր թողնում։

Պարտված՝ նա վերադառնում էր բանջարեղենի մոտ և դժկամությամբ մի պատառ վարունգ կամ ավոկադոյի մի կտոր էր կծում։

Սկզբում Ծուռ Կեղևը մենակ չէր. նա կիսում էր այդ փակ տարածքը երեք դժբախտ կրիաների հետ: Նրանք ընտելացել էին միասին ապրելուն, շրջանաձև քայլելուն ու նույն վարունգը խրթխրթացնելուն, մինչև որ նրանց մեկ առ մեկ տարան։ Երբեմն Ծուռ Կեղևը լսում էր գունագեղ թութակի ճիչերը, իսկ երբեմն էլ հետևում, թե ինչպես է հարևան վանդակի դանդաղաշարժ քամելեոնը մի ամբողջ ծղրիդ կուլ տալիս։

«Միդորի նո Նեկո» հազվագյուտ կենդանիների խանութը գտնվում էր Տոկիոյի ծայրամասում՝ Սետագայա թաղամասում, Քերոթ Թաուերից ոչ հեռու։ Հենց այստեղ էին աֆրիկյան սավաննայից բերել փոքրիկ կրիաներին։ Նրանցից երեքին արագ վաճառեցին, բայց Ծուռ Կեղևը մնաց. նրան ոչ ոք չէր ցանկանում գնել, մինչև որ մի օր ամեն ինչ փոխվեց։

Հունվարի 5-ին Հարուտոն սովորականից շուտ էր տուն վերադառնում. նրան ազատել էին աշխատանքից։ «Այլևս չվերադառնա՛ս»,— ասել էին նրան։ Նա դանդաղ քայլում էր զբոսայգով, և թվում էր՝ ցրտից դողացող թռչուններն անգամ ճղճղում են. «Հարուտո՛, դու անհաջողակ ես»: Ասես ինչ-որ մեկը դանակով ծառերի կեղևին փորագրած լիներ. «Հարուտո՛, դու բանի պետք չես»։ Ասես երկինքն ինքնաթիռի ծխով գծագրել էր. «Հարուտո՛, քո վերջը եկել է»։ Եվ ոչ ոք, բացարձակապես ոչ ոք չէր հիշել նրա տարվա ամենակարևոր օրվա՝ ծննդյան տոնի մասին։ Ո՛չ մի զանգ, ո՛չ մի բացիկ, ո՛չ մի բարեմաղթանք…

Տխրությունը ցրելու համար նա որոշեց մտնել Քերոթ Թաուերի մոտ գտնվող հազվագյուտ կենդանիների խանութ։ Նա բնավ մտադիր չէր ընտանի կենդանի գնել. նրա վերջին աշխատավարձը չնչին էր, իսկ ձեռքի տակ եղած մի քիչ գումարն էլ շուտով պետք է տար չարամիտ տիկին Ֆուկուդային, որից վարձակալում էր պահարանի չափ մի սենյակ՝ ավելի հարմար շան, քան մարդու համար։ Երբեմն նա իրեն անտուն կենդանի էր զգում, որը կուչ է եկել ուրիշի տանիքի տակ։ Այնպես որ՝ ոչ, նա փող չէր ծախսի, համենայնդեպս՝ ոչ այս անգամ։ Նա պարզապես ուզում էր տեսնել «Միդորի նո Նեկո»-ի գեղեցիկ արարածներին։ Գունագեղ փետուրներ, սուր ժանիքներ, փափուկ մորթի, շողշողացող թեփուկներ… Մարդ կարող էր ամբողջ օրն այնտեղ անցկացնել ու երբեք չձանձրանալ:

Բայց երբ Հարուտոն դատարկ տերարիումում տեսավ ծուռ պատյանով միայնակ կրիային, մտածեց, թե որքան տխուր պետք է նա իրեն զգա օտարության մեջ, այս անհյուրընկալ ապակե տուփում, ձմռանը, առանց արևի ջերմության ու լամպի անկենդան լույսի տակ։ Նա ձեռքը տարավ դեպի դրամապանակը։

— Անհավատալի է։ Ճիշտ այնքան է, որքան ինձ այսօր վճարել են,— զարմացավ նա՝ գումարը մեկնելով խանութի տիրոջը։
— Եվ դա դեռ զեղչված գինն է,— մեծամտորեն ասաց տղամարդը։— Իրականում… դե, սա թանկարժեք տեսակ է։ Աֆրիկայից։
— Իսկապե՞ս։ Իսկ կոնկրետ որտեղի՞ց։
— Հենց այստեղից,— խանութի տերը մատով թեթևակի խփեց պատից կախված քարտեզի մի կետի։— Ինձ ասել են, որ նա ապրել է ինչ-որ տեղ սավաննայի կենտրոնում։

Հարուտոն առաջ թեքվեց՝ մտապահելով երկրի անունը, թեև այդ պահին չէր էլ կարող պատկերացնել, որ երբևէ կհեռանա Ճապոնիայից։
«Բայց հիմա ինչպե՞ս եմ վճարելու Ֆուկուդա-սանին»,— միտքը փայլատակեց ու իսկույն անհետացավ։ «Ա՜հ, հոգ չէ՛։ Այսօր իմ ծննդյան օրն է։ Այսօր իմ տոնն է»։

Հարուտոն ապակե տարայից հանեց կրիային, որն ակնկալածից ավելի ծանր էր։ Կենդանու աչքերում աֆրիկյան արևի լույսն էր, իսկ պատյանին՝ քամուց ու ավազից գոյացած նախշերը. նորածին մի մոլորակի դեմք, որը դեռ չգիտեր՝ տուն է դառնալու կենդանիների ու մարդկանց համար։

— Շիմադա՛,— ասաց Հարուտոն այնքան բարձր, որ խանութի տերը շրջվեց։
— Ի՞նչ նկատի ունեք։
— Ես նրան Շիմադա կանվանեմ։ Իմ փոքրիկ կղզի։
— Հա՜,— գլխով արեց տերը։— Լավ անուն է։

Նա պարզապես ուրախ էր, որ ի վերջո վաճառեց այս վերջին կրիային և ապակե տարան ազատեց նոր մողեսի համար, որն արդեն ճանապարհին էր։

Հարուտոն իր փոքրիկ գանձը տուն էր տանում՝ մտորելով, թե այսուհետ որքան ավելի կենդանի կթվա իր նեղլիկ սենյակը, և որքան ավելի երջանիկ կլինի Շիմադան։ Չէ՞ որ հիմա նրանք միասին են լինելու՝ մի մարդ և մի կրիա։ Ծուռ Կեղևը՝ այժմ արդեն Շիմադան, մտածում էր, թե ուր են իրեն տանում, բայց չգիտես ինչու՝ նա այլևս չէր վախենում։ Նա առաջ ձգեց վիզը՝ պատրաստ մի նոր, անհայտ կյանքի։

— Ծնունդդ շնորհավո՛ր, Հարուտո,— ասաց նա՝ ժպտալով կրիային։

Նա թույլ էր տալիս, որ Շիմադան ազատորեն շրջի սենյակում, նույնիսկ քնի իր բարակ ֆուտոնի վրա, որն ամեն առավոտ հավաքում էր՝ տեղ խնայելու համար։ Ամեն օր նա վարունգ էր կտրատում, մի կտորն իրեն վերցնում, իսկ մնացածը տալիս լռակյաց ընկերոջը։ Կրիան ամեն ինչ ուտում էր՝ կտուցը բարձր տկտկացնելով, իսկ Հարուտոն ժպտում էր՝ հետևելով, թե ինչպես է կերը սահում նրա երկար վզով ներքև։ Կրիան էլ իր հերթին նկատել էր, որ տղայի աչքերը սերվալի աչքեր են հիշեցնում։ Շիմադային դուր էր գալիս իր նոր տունը։ Այնտեղ սավաննայի պես տաք չէր, բայց համենայնդեպս ապակե տուփի նման էլ նեղվածք չէր։

Հաջորդ երկու օրը խաղաղ անցավ։ Երրորդ օրը բնակվարձը վճարելու ժամանակն էր։
— Ֆուկուդա-սա՛ն, խնդրում եմ, ընդամենը ևս մի քանի օր։ Ես կճարեմ գումարը։
— Ո՛չ, Հարուտո։ Ես չեմ կարող սպասել։ Վճարի՛ր այսօր կամ հեռացի՛ր վաղը։ Ինձ պատասխանատու վարձակալ է պետք։

Եվ այսպես, երիտասարդն ու կրիան հայտնվեցին փողոցում: Հարուտոն, իհարկե, տխուր էր․ գիշերելու տեղ չկար, իսկ աշխատանք դեռ չէր գտել: Բայց նա ոչ մի վայրկյան չզղջաց իր վերջին իենն այդ հազվագյուտ աֆրիկյան կրիայի վրա ծախսելու համար: Նրանք ամբողջ գիշերն անցկացրին այգու նստարանին: Թեև ձմեռը մեղմ էր, բայց մայրամուտից հետո քամին իր հետ դառնաշունչ ցուրտ բերեց: Հարուտոն Շիմադային ամուր սեղմել էր կրծքին՝ փորձելով տաքացնել նրան, և զարմանալիորեն ինքն էլ ջերմացավ. կարծես կրիայի պատյանից ոչ միայն ջերմություն էր ճառագում, այլև արևի լույս ու ջերմություն: Որքան էլ կրիան փորձում էր տաքացնել նրան, լուսաբացին Հարուտոն արդեն սառչում էր. մատները ցրտից կապտել էին, ոտքերը՝ թմրել, իսկ մարմինը դողում էր սարսուռից։ Եվ որպեսզի մտքերն էլ չսառչեին, նա մատներով թխկթխկացնում էր Շիմադայի պատյանին՝ «թա՛կ-թա՛կ-թա՛կ-թա՛կ-թա՛կ», և քթի տակ մրմնջում այն, ինչ ինքնաբերաբար մտքին էր գալիս՝ սկզբում կամաց, հետո՝ ավելի ու ավելի բարձր։ Եվ ամայի այգու լռությունից, աֆրիկյան կրիայի պատյանին զարկող մատների ռիթմից, հուսահատությունից ու հույսից ծնվեց մի երաժշտություն, որն ասես սրտի առաջին բաբախյունը լիներ՝ նորածնի ճիչից առաջ։

Տարվելով այդ պահով և աչքերը փակելով՝ Հարուտոն չնկատեց բարձրահասակ, գլխարկով տղամարդուն, որի բարակ մատին հազիվ նշմարելի մատանի էր փայլում:
— Այդ ո՞ւմ ես այնտեղ գրկել,— հարցրեց նա:
Հարուտոն ցնցվեց ու ոտքի թռավ:
— Սա իմ կրիան է, պարոն, Շիմադան:
— Իսկ այստեղ ցուրտ չէ՞:
— Նա մրսում է, պարո՛ն, բայց մենք գնալու ուրիշ տեղ չունենք. ես կորցրել եմ տունս:
— Անտուն, բայց երաժշտությամբ լի,— մտորեց անծանոթը:— Երևի շա՞տ ես սիրում երաժշտություն, որ երգում ես այգու մեջտեղում, չէ՞:
— Չգիտեմ, պարոն, երևի թե: Ես մինչ այս երբեք չէի երգել: Այդ… մեղեդին… պարզապես հենց նոր հորինեցի: Կներեք, եթե անհանգստացրի ձեզ:

Հարուտոն վերցրեց պայուսակը՝ պատրաստ հեռանալու՝ ուր պատահի, միայն թե հեռու այս այգուց։

«Միայն սա էր պակաս, որ այս մարդը ոստիկանություն զանգի ու ասի, թե անդորր եմ խախտում»,— մտածեց նա,— «այդ ժամանակ Շիմադան իսկապես կզղջա, որ ինձ հետ է հայտնվել»։

— Սպասի՛ր, սպասի՛ր,— տղամարդը բարձրացրեց ձեռքը։— Անունս Ակիրա է։ Ես մտածեցի… քանի որ մնալու տեղ չունես… կուզե՞ս մեր երաժշտական դպրոցում ապրել։ Մենք փնտրում էինք մեկին, որը կմաքրեր դասասենյակներն ու կարգուկանոն կապահովեր… Կանդա թաղամասում է…
— Ապրե՞լ դպրոցում,— Հարուտոն թարթեց աչքերը։
— Ճիշտ այդպես։ Այնտեղ հավաքարարի համար փոքրիկ սենյակ կա: Մահճակալ, պատուհան… Նախորդ աշխատակիցը Օսակա տեղափոխվեց, ուստի հիմա նոր մարդ ենք փնտրում: Համաձայնի՛ր: Դու երաժշտություն սիրում ես, չէ՞։

Հարուտոն այնքան էլ չէր հասկանում կապը․ նա երբեք առանձնապես չէր մտածել երաժշտության մասին։ Ծնողների մահից հետո նա տարբեր պատահական աշխատանքներ էր արել՝ այգեպան, խանութի օգնական, բանջարեղենի կրպակի աշխատող. անընդհատ չարչարվում էր, բայց միշտ էլ ի վերջո գործից հեռացվում։ Վերջին զբաղմունքը փոստում ծանրոցներ բեռնաթափելն էր, ինչն էլ ձախողվեց, երբ ձեռքից մի ծանր արկղ գցեց։ Ու հիմա՝ այս ցուրտ լուսաբացին, հենց այգում, մի անծանոթ նրան աշխատա՞նք ու կացարա՞ն էր առաջարկում։ Անիրական էր թվում՝ ճիշտ ֆիլմի պես կամ մի պատմության, որտեղ անհնարինը հանկարծ դառնում է իրական։ Այնուամենայնիվ, նա երկար մտածելու ժամանակ չուներ․ ձեռքերը ցրտից փայտացել էին, իսկ Շիմադան մրսելուց գլուխը թաքցրել էր պատյանի մեջ: Եթե հրաժարվեր, ո՞վ գիտեր՝ հաջորդ անգամ երբ կտաքանային կամ երբ նորից տանիք կունենային գլխավերևում:

— Շնորհակալություն, Ակիրա՛-սան,— ասաց Հարուտոն,— բայց ես կրիա ունեմ։ Առանց նրա չեմ գնա։
— Դրա մասին մի՛ անհանգստացիր։ Կրիաներն էլ են ողջունելի, միայն թե լուռ մնան, — ժպտաց նա։— Եվ… կարծես հենց նա՛ է քո երաժշտական գործիքը։ Դե, արի կեսօրին։ Ասա՝ Ակիրա Տակամոտոն է ուղարկել։

Տղամարդը խոնարհվելով՝ թեթևակի բարձրացրեց գլխարկը, մատանին փայլատակեց, և նա հեռացավ։ Հարուտոն ավելի ամուր գրկեց Շիմադային, և կրիան զգաց նրա սրտի զարկերը՝ արագ, ուրախ։

Այդպես սկսվեց նրանց նոր կյանքը երաժշտական դպրոցում։

Հարուտոն ավլում էր հատակը, մաքրում դաշնամուրների փոշին, էտում թփերը, և ամեն անգամ, երբ լսում էր երգեցողության կամ գործիքների ձայներ՝ ֆլեյտաներ, ջութակներ ու ուրիշ նվագարաններ, որոնց անուններն անգամ չգիտեր, կանգ էր առնում: Նա հմայված էր։ Հետո վերադառնում էր իր սենյակ, կերակրում Շիմադային, շոյում նրա պատյանն ու ռիթմեր թխկթխկացնում՝ թաք-թաք-թաք-թաք, ու մեղմիկ երգում նոր ծնվող մեղեդիները։

Նախկինում նա երբեք չէր մտածել երաժշտության մասին, բայց հիմա ռիթմեր էր որսում ամենուր՝ դատարկության մեջ, պատահական հնչյուններում. լիներ դա փակվող դռան ձայն, դույլում ծփացող ջուր, թե դաշնամուրի ոտնակի ճռռոց (նա երբեմն սեղմում էր այն, երբ ոչ ոք չէր տեսնում)։ Ամեն ինչ իր ձայնն ուներ, իր պատմությունը, որը կարող էր մեղեդի դառնալ։ Եվ այդ մեղեդիները գնալով ավելի ու ավելի էին լցնում նրա միտքը։

Սկզբում Հարուտոն պարզապես բարձրացնում էր դաշնամուրների կափարիչները, սեղմում ոտնակները՝ աջը, ձախը, մեջտեղինը, ու նորից փակում դրանք: Բայց մի անգամ՝ ուշ գիշերով, երբ դպրոցն արդեն լիովին դատարկ էր, նա արկղով այնտեղ բերեց Շիմադային, նստեց դաշնամուրի առաջ ու սկսեց բացահայտել ստեղները՝ որսալով ու մտապահելով դրանց հնչյունները։ Ապա փորձեց նվագել պարզ մեղեդիներ. սկզբում՝ արդեն ծանոթ, իսկ հետո՝ իր սեփականը։ Ամեն գիշեր նա նվագում էր, իսկ դաշնամուրը լսում էր նրան։ Ամեն ինչ չէր, որ միանգամից ստացվում էր, բայց նա շարունակում էր փորձել՝ դաշնամուրին պատմելով մտքում ծնված մեղեդիները։

Մի օր նա համարձակություն հավաքեց ու նվագեց իր ընկեր Սատոշիի համար, իսկ նա էլ իր հերթին պատմեց մյուսներին։ Երաժշտություն հորինող հավաքարարի մասին լուրերը կայծակնային արագությամբ տարածվեցին և, ի վերջո, հասան դպրոցի տնօրենին։ Տնօրենը, լսելով Հարուտոյի նվագը, ընդունեց նրան դպրոց՝ արդեն որպես աշակերտ։ Այսպես սկսվեց նրանց կյանքի նոր սկիզբը։

Հարուտոն սովորում էր, իսկ Շիմադան՝ մեծանում․ նրա պատյանն ընդարձակվում էր, ելուստները վեր էին բարձրանում, փոսիկները՝ խորանում։ Տաք օրերին նա ջերմանում էր դպրոցի պարտեզում՝ վիզն ու թաթերը պարզելով դեպի արևը, իսկ ցուրտ օրերին թաքնվում էր սեղանների տակ՝ զմրուխտե տերևներ կամ կարմրաթուշ խնձորներ խրթխրթացնելով։ Հիմա նա ոչնչից չէր վախենում։ Հարուտոյի կողքին նա ապահով էր, ասես ծնվելուց առաջ դեռ ձվի մեջ օրորվելիս լիներ:

Շիմադայի պատյանի մեծանալուն զուգահեռ աճում էր նաև Հարուտոյի հռչակը։ Սկզբում ընդամենը մեկ հոգի սիրեց նրա երաժշտությունը, հետո՝ երկուսը, ապա՝ մի ամբողջ դասարան, դպրոց, քաղաք, երկիր… Նրա անունով պաստառները փակցված էին Տոկիոյով մեկ։ Նրա ստեղծագործությունները լցնում էին մեծ համերգային դահլիճները, և շուտով բոլորը ճանաչեցին հայտնի կոմպոզիտորին, որին փողոցներում տեսնում էին իր կրիայի՝ Շիմադայի հետ։ Շիմադան այնքան էր մեծացել, որ պատյանը հասնում էր Հարուտոյի ծնկին․ երբ Հարուտոն քայլում էր, կրիան ծանրաքայլ ընթանում էր նրա կողքով՝ վիզը դուրս ձգելով իր նախշազարդ զրահի օձիքից։ Հարուտոն նրան կերակրում էր ամենահյութեղ ու հազվագյուտ մրգերով և շաբաթը երկու անգամ լողացնում տաք ջրում։

Նրանց ամենասիրելի շրջանը հանամին էր՝ սակուրայի ծաղկման ժամանակը։ Ամեն տարի՝ մարտին, նրանք այցելում էին Կայսերական պալատի Արևելյան այգիներ. այնտեղ այնքան մարդաշատ չէր, որքան մյուս վայրերում։ Ամեն տարի նրանք հենց այնտե՛ղ էին դիմավորում գարունը, և ամեն անգամ, երբ մի վարդասպիտակ թերթիկ էր իջնում Շիմադայի զրահին, Հարուտոն երազանք էր պահում՝ տրվելով իր փոքրիկ նախապաշարմունքին։ Գուցե նրա երազանքները չափազանց պարզ էին, գուցե էլ այդ ծիսակարգի մեջ իսկապես կախարդանք կար, բայց դրանք միշտ իրականանում էին։

Շատ ու շատ սակուրաներ ծաղկեցին ու թափվեցին։ Հարուտոն ու Շիմադան ամեն անգամ նոր տուն էին տեղափոխվում՝ նախորդից ավելի ընդարձակ ու լուսավոր։ Աշխարհի տարբեր քաղաքներից Հարուտոյին հրավիրում էին նվագելու, և Շիմադան միշտ նրա հետ էր՝ թռչում էր ինքնաթիռներով, նավարկում նավերով, ճամփորդում գնացքներով ու մեքենաներով։ Համերգասրահներում նա լսում էր երաժշտությունը՝ իր համար հատուկ պատրաստված ճամփորդական արկղի մեջ հանգիստ վարունգ խրթխրթացնելով։ Նրանք միասին հայտնվում էին տարբեր լուսանկարներում, որոնք տարածվում էին ողջ աշխարհով մեկ։ Մարդիկ խմբերով գալիս էին տեսնելու հայտնի կրիային և, հաջողություն ունենալու հույսով, երեք անգամ թխթխկացնում նրա պատյանը։

Բայց Շիմադային փառքը բոլորովին չէր հետաքրքրում։ Նրան պարզապես դուր էր գալիս, որ Հարուտոյի կողքին տաք էր, ապահով, ու միշտ ինչ-որ խրթխրթան բան կար։ Բացի այդ, նա երբեք միայնակ չէր։ Նրան թվում էր՝ այդպես հավերժ է լինելու։ Իսկ կրիայի «հավերժը» իսկապես կարող է չափազանց երկար ու դանդաղ հոսել։

Սակայն մի օր Հարուտոն ծերացավ։ Նա այլևս չէր կարողանում բարձրացնել Շիմադային․ կրիան չափազանց ծանր էր, իսկ ինքը՝ չափազանց թույլ։ Ուստի նա նստեց կրիայի դիմաց ու ասաց.
— Լսի՛ր, քո՛ւյր իմ կրիա Շիմադա-սա՛ն… շուտով մենք պետք է բաժանվենք։ Բայց նախ ես կգրեմ իմ մեծագույն երաժշտությունը ու կանվանեմ այն «Աֆրիկյան սիմֆոնիա»։

Հարուտոն ուզում էր այն հորինել Աֆրիկայում՝ Շիմադայի հայրենիքում, որպեսզի զգար սավաննայի արևը, քամին ու խանձված հողը։ Եվ այսպես, կրիան վերադարձավ այնտեղ, որտեղ ծնվել էր։

Շնչելով հարազատ, վաղուց մոռացված օդը՝ Շիմադան աշխուժացավ։ Ասես ինչ-որ մեկը մի հսկայական շրջան էր գծել և վերջապես միացրել ծայրերը։ Ասես նրան երբեք էլ չէին տարել այստեղից, ասես պարզապես մի տարօրինակ, երկար երազ էր տեսել։ Բայց սա երազ չէր: Հարուտոն շարունակում էր մնալ նրա կողքին․ լսում էր այդ հողի երաժշտությունը, զրուցում այնտեղ ծնվածների հետ, կանգնում հյուրանոցների պատշգամբներին ու նայում ամպերին և, ինչպես տարիներ առաջ, ռիթմեր թխկթխկացնում նրա պատյանին։ Հետո նա նվագում էր, ստեղծագործում, նորից նվագում. և ուր էլ գնար, յուրաքանչյուր հյուրանոցում իրեն արդեն դաշնամուր էր սպասում։
— Ես թևե՛ր կտամ այս մեղեդուն, Շիմադա՛։ Այն կթռչի քո անծայր սավաննայի, անապատների, լեռների, հարթավայրերի ու անգամ օվկիանոսների վրայով։ Հետո կվերադառնա մեր Արևելյան այգիներ ու կգրկի ինձ։

Երեք լուսին աճեց ու նվազեց։ Հետո Հարուտոն շոյեց նրա պատյանն ու ասաց.
— Պատրաստ է։ Դո՛ւ առաջինը կլսես այն, Շիմադա-սա՛ն։

Եվ նա նվագեց նրա համար՝ մեղմիկ երգելով, մինչդեռ իր ներսում ամբողջ նվագախումբն էր հորդում՝ խաղուն ֆլեյտաներ, մտախոհ թավջութակներ, հանդիսավոր հոբոյներ։
Մարդիկ դուրս եկան պատշգամբներ՝ լսելու այս անսովոր մեղեդին։ Նրանցից ոմանք դժգոհ խոժոռվեցին, փակեցին պատուհաններն ու անցան իրենց գործերին. նման մարդկանց համար աշխատանքը միշտ գերադասելի էր լինելու արվեստից։ Բայց եղան և այնպիսիները, որ տեղում քարացան. նրանք այդ երաժշտության մեջ գտել էին իրենց հարազատ հնչյունները։ Մյուսներն էլ սուզվեցին Հարուտոյի երաժշտության մեջ, ինչպես տաք ջրերում, և, ափից հեռանալով, լողացին դեպի աշխարհի ամենագեղեցիկ կղզին՝ փոթորիկներից, թշնամիներից ու վշտերից պաշտպանող մի ապաստան։ Երբ Հարուտոն ավարտեց, ունկնդիրներից ոմանք թեթևացած հոգոց հանեցին, ոմանք ծափահարեցին, իսկ մյուսներն այդ երևակայական կղզուց վերադարձան իրենց սովորական կյանքին, որն այժմ կարծես նոր երանգ էր ստացել:

— Դե ինչ, ահա և վերջ,— ասաց Հարուտոն։ — Այսօր ես տունդարձի տոմս կպատվիրեմ։ Իսկ վաղը, Շիմադա-սան, քեզ կվերադարձնեմ սավաննա, որովհետև դու դեռ ժամանակ ունես… իսկ ես՝ ոչ։ Ես քեզ մենակ չեմ թողնի Տոկիոյում՝ օտարների հույսին։ Չեմ ուզում՝ քեզ նեղացնեն կամ վախեցնեն։

Նրանք մեքենայով ուղևորվեցին սավաննայի խորքերը։ Կրիան ճանաչեց իր հայրենիքը, և նրա պատյանի տակ արթնացավ վաղուց մոռացված ուրախությունը: Վերջապես նրանք կանգ առան։ Հարուտոն զգուշությամբ նրան իջեցրեց գետնին, նրա համար վարունգ ու մանգո կտրատեց, շոյեց գլուխն ու թակեց պատյանը՝ այս անգամ ավելի ուժեղ, քան երբևէ։

— Շնորհակալություն, իմ քույր Շիմադա-սա՛ն։ Եթե քեզ հանդիպած չլինեի ու չծախսեի վերջին գումարս… գուցե դեռ փակված մնայի այն փոքրիկ սենյակում և երբեք էլ չիմանայի, որ կարող եմ երաժշտություն ստեղծել։ Դե, հիմա գնա: Թող տաք հողը փայփայի թաթերդ և ապահով պահի քեզ, Շիմադա-սա՛ն։

Հարուտոն նստեց մեքենան, փակեց դուռն ու հեռացավ։ Այդ ձայնից ակացիայի ճյուղին թառած եղջերակտուցը թափահարեց սև թևերը։ Կրիան կերավ վարունգն ու դանդաղ քայլեց դեպի Բաբաջայդ անունով բաոբաբը։

— Ծուռ Կեղևը վերադարձե՜լ է,— շշնջաց ակացիան։
— Ծուռ Կեղևը վերադարձե՜լ է,— արձագանքեց հողը։
Եվ անհանգիստ քամին այս լուրը տարավ ողջ սավաննայով մեկ։

Թարգմանությունը անգլերենից՝ Հասմիկ Հակոբյանի

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով