Արմեն Շեկոյան | Կպավ

Լուսանկարը՝ Սամվել Սևադայի

Երբ վերջերս սկսեցի վրա-վրա պատմվածքներ տպագրել մեր, էսպես կոչված, նոր ժամանակների մասին, ոմանք կարծիք հայտնեցին, որ իմ էդ պատմվածքները շատ դաժան են, եւ որ՝ ես, փաստորեն, մեր էս նոր կյանքից վերցնում եմ բացառապես բացասական ու վատ բաները եւ, ուրեմն, լավատեսական ոչ մի լիցք չեմ հաղորդում իմ ընթերցողներին: Ես, իհարկե, չեմ պատրաստվում կիսել էդ կարծիքը, որովհետեւ իմ էդ պատմըվածքներում, ճիշտ է, պատկերել եմ նաեւ խեղճուկրակ մարդկանց, որոնք, պատրաստ չլինելով նոր ժամանակներին, փաստորեն կանգնեցին փաստի առաջ, բայց, այդուհանդերձ, ես, էդ խեղճ ու թշվառ մարդկանց վիճակները նկարագրելով հանդերձ, կամեցել եմ հուշել ու հասկացնել իմ պակաս թշվառ ընթերցողներին, որ եթե իմ թշվառ հերոսները դիմացել ու դիմանում են մեր էս նոր կյանքին, ապա իրենք՝ այսինքն պակաս թշվառները, պիտի որ դիմանան ու դիմանան: Բայց իմ ընթերցողն էլ, երեւի, իր ճշտով է գնում, եւ, ինչպես ասում են, կլիենտ վսեգդա պռավ: Եւ, քանի որ կլիենտ վսեգդա պռավ, ես որոշեցի մի պատմվածք գրել Ջավախյանի մասին, որովհետեւ Ջավախյանը ոչ միայն բոլորիցս ուրախ ու բոլորիցս զվարթ անձնավորություն է, ոչ միայն իմ նախորդ հերոսների պես խեղճուկրակ ու թշվառ չի, այլ ճիշտ հակառակը՝ նա միանգամայն թեթեւորեն ու ճարպկորեն է հարմարվել մեր էս նորագույն կյանքի պայմաններին ու հանգամանքներին:
Ջավախյանն արձակագիր է, ընդ որում՝ ինքը ոչ թե ուրիշների պես սովետների իներցիայով է արձակագիր եղել ու մնացել, այլ, ի տարբերություն բոլոր իներցիայով գրողների, նա պատմըվածքներ է գրում հենց էսօրվա բուն կյանքից, եւ նրա էդ պատմվածքները, ընդ որում մեծ սիրով, տպագրում է միանգամայն լուրջ տպաքանակ ունեցող «Հայկական Ժամանակ» օրաթերթը, որովհետեւ, ինչպես արդեն ասացինք, նրա էդ գըրվածքները բացառապես մեր էս ընթացիկ կյանքին են վերաբերվում եւ, կոպիտ ասած, միանգամայն ձեռնտու են էդ, ուրեմն, օրաթերթին: Ինչ վերաբերում է գրքին, ապա Ջավախյանը, դարձյալ ի տարբերություն մյուս բոլոր՝ իներցիայով գրողների, պետպատվերի կամ հովանավորների հետ չի կապում իր գրքերի տպագրության գաղափարը, այսինքն՝ անձամբ ինքն է իրեն հովանավորում:
Չերկարացնենք. Ջավախյանը նաեւ արծաթի գործ է անում, շաբաթ-կիրակի օրերին՝ վերնիսաժում, իսկ սովորական օրերին՝ Կոմայգու մոտի նախկին, ուրեմն, բաղնիքի տարածքում: Մի խոսքով, արծաթ է վաճառում, ավելի ճիշտ՝ վերավաճառում, իսկ եթե ամենաճիշտը կուզեք իմանալ, սա հենց էն գործն է, որն անկախացած երկրում բացարձակ անկախություն պարգեւեց արձակագիր Ջավախյանին՝ հենց թեկուզ նյութական իմաստով, որովհետեւ էս մեր օրերում նյութական անկախություն եթե չունես, էլ ի՞նչ արձակի մասին կարող է խոսք լինել: Էս պարզ ճշմարտությունը հիմի է միայն հասկացել Ջավախյանը. չնայած ինքը մանկավարժականի պատմականը հինգերով է ավարտել, բայց հիմի է միայն կոնկրետ իր մաշկի վրա զգում ու ընդհանրապես հասկանում, որ իսկապես կեցությունն է որոշում գիտակցությունը: Իսկ մինչ էս հասարակ բանը պարզելը, Ջավախյանը ոչ միայն զենքի վրա երդում տվեց, այլեւ լոմը ձեռին սեպտեմբերի 25-ին ահագին ֆռֆռաց նախ Ազգային ժողովի տարածքում զաբոռը տապալելուց հետո ու առաջ եւ ապա օպերայի շրջակայքում՝ գրեթե մինչեւ լույս: Սովետահայ առաջին աբստրակցիոնիստ Սեյրան Խաթլամաջյանի հորդորով դաշնակցություն մտած Ջավախյանը սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը մնացել էր մենմենակ ու չգիտեր՝ ինչ անել եւ ուր գնալ: Ինչ վերաբերում է Խաթլամաջյանին, ապա Սեյրանը հաջողացրեց մեռնել մեր ժողովրդի ու մեր պատմության ամենահերոսական հանգրվաններից մեկում՝ իննսունչորսին եւ, ուրեմն, հոգին ազատեց հետագա ամեն ինչից:
Ջավախյանը մնաց մենակ՝ հատկապես 96-ի սեպտեմբերի 26-ին: Մութուլուսին լոմը բակում մի մութ տեղ գցեց, ու մտքով էլ չէր անցնի, որ ցերեկը, երբ տանկերն արդեն մտել էին քաղաք, ինքը լոմը ձեռին մենմենակ ֆռֆռում էր «02»-ի խմբագրության մոնի-տորներին, ու, քանի որ Վանոյի կամքով «02»-ի խմբագրակազմի մեծ մասը գրողներ էին, նրանք բոլորն արդեն առավոտից սկսել էին կտրել-փրթել ու վերացնել ժապավեններից զինված գրող Ջավախյանին՝ դեռեւս նախքան Վանոյի հրահանգը. «Էդ քամի շինողի սֆաթը վերացրեք էկրաններից. խայտառակ չենք»: Ու հենց էդ նույն ժամանակ մեր հերոսը «Պապլավոկում» նստած էր հերոսական, բայցեւ, միեւնույն ժամանակ, անմեղ հրեշտակի կեցվածքով ու չէր էլ կարող ենթադրել, որ հենց էդ պահին մի ողջ ուժային խմբագրություն իր համար ալիբի ստեղծելով է զբաղված:
Չնայած հոգու ամենախորքում Ջավախյանն արձակի ժանրում ոմանց ու հատկապես Վանոյին լուրջ կոնկուրենտ էր համարել ու համարում, բայց էնպես ստացվեց, որ մեր էս երկրային կյանքում Վանոն եւս մի քանի անգամ հարկավոր եղավ Ջավախյանին: Օրինակ՝ իննսունչորսի օգոստոսյան մի շոգ իրիկուն վրդովված Ջավախյանը, էն ժամանակ դաշնակ ու էն ժամանակ դեպուտատ Ղազինյան Ռաֆիկի ուղեկցությամբ ու հուշելով, ստիպված եղավ կենտրոնի միլպետին ներկայանալ ու վերջինիս ներկայացնել Վանոյի առաջին գիրքը՝ անձամբ հեղինակի մակագրությամբ եւ, ուրեմն, էդ ձեւով ու էդ եղանակով միլիցայության շենքից դուրս բերեց ու, փաստորեն, ազատեց իր որդի Վահագին, որը դեռ էն ժամանակներից սկսած՝ օրումեջ խփում էր 100 մետր վազքի Հայաստանի իր իսկ ռեկորդը, բայցեւ՝ հաջողացնում էր, միեւնույն ժամանակ, չկտրվել ընկերական շրջապատից եւ, ուրեմն, էդ շրջապատի մեջ էր նաեւ նռնակի պայթեցման ու հայտնաբերման էդ օրը, ու Ջավախյանն էդ դեպքի առթիվ հատկապես էր սրտնեղել, որովհետեւ մտածում-մտածում ու չէր կարողանում հասկանալ, թե ինչպես է պատահել, որ դեպքի պահին որդու բոլոր ընկերները հաջողացրել էին փախչել, եւ, ուրեմն, հենց որդին՝ աշխարհի ամենաարագավազ հայն էր, փաստորեն, մնացել միլիցիայի ճանկերում, եւ էդ առթիվ Ջավախյանը երիցս էր մտահոգ ու սրտնեղած, եւ սրտնեղությունը չէր փարատում անգամ Վանոյի գրքի ընծայագրի բովանդակությունը, ուր հեղինակը հայտնում էր. «Ընկերոջս՝ Ջավախյանին, որին չի կարելի երկու բաժակից ավել խմել, մի կնոջից ավել սիրել, տասը նախադասությունից ավել խոսել, երեք նախադասությունից ավել գրել եւ այդպես շարունակ: Վանո»:
Դա, ինչպես ասացինք, իննսունչորսին էր, իսկ իննսունյոթին, երբ Վանոն արդեն քաղաքապետ էր եւ, ուրեմն, սեփականաշնորհման ենթարկեց մեր գլխավոր հերոսի Երրորդ մասի հանրակացարանային բնակարանը, Ջավախյանը վերջնականապես հասկացավ, որ դաշնակցությունն այլեւս անելիք չունի առնվազն իր կյանքում: Ավելի ճիշտ՝ նա դա վերջնականապես հասկացավ էն օրը, երբ իր համագյուղացի ու համադասարանցի Իլյան մի գեղեցիկ շաբաթկիրակի նրան կանգնեցրեց վերնիսաժի իր դախլին՝ արծաթ ծախելու: Տուրիստների սեզոնն էր, ու վերնիսաժում ընդամենը երկու օր կանգնելով՝ Ջավախյանն ամբողջ յոթանասուն դոլար աշխատեց՝ հիսունն Իլյայի համար եւ քսանը՝ իր: Նշելով, որ էն վախտվա դոլարն ամենեւին էսօրվա դոլարը չէր, պիտի անպայման նաեւ նշենք, որ քսանը հենց էն գումարն էր, որը Ջավախյանն ամսական ստացել ու ստանում էր դաշնակցությունից: Վերնիսաժի էդ երկու օրերի առեւտրից Ջավախյանն էնպես գայթակղվեց, որ ընդամենը մի ամսվա ընթացքում իր սեփական գործը դրեց. տանը մի տասը կտոր արծաթեղեն կար՝ դրանք դրեց, իր աշխատած քսան դոլարով ուրիշ մի քանի կտոր էլ արծաթ առավ, տնից երկու ոսկե մատանի ծախեց՝ դրանց դիմաց էլ, ուրեմն, արծաթեղեն առավ, եւ սեղանն արդեն պատրաստ էր. մի քիչ աղքատիկ, բայց՝ կար: Ու քիչ-քիչ, հետզհետե, աստիճանաբար գործը կպավ: Ու երբ գործն արդեն կպած-պրծած էր, Ջավախյանը վերսկսեց պատմվածքներ գրել: Վերնիսաժը միանգամայն նոր ու գունագեղ աշխարհ էր ու հեղեղի պես ողողեց գրողի ներսն ու դուրսը: Մինչ կողքի կոլեգա արծաթավաճառները՝ Շիրակը, Սամվելը, Վրեժն ու Վարոն կըմբոշխնեին ժիվոյ գրողի ներկայությունն իրենց կողքին, զուգահեռաբար ու սրտի որոշակի խփխփոցով նաեւ կռահեցին, որ էս գործում գրողը միանգամայն լուրջ կոնկուրենտ է: Սրանք իրենց կյանքում մոտիկից ուրիշ գրող չէին տեսել եւ, ուրեմն, ուշադիր որսում էին էս մեկի ասածները՝ մանավանդ Նոբելյան մրցանակի առնչությամբ, չնայած Ջավախյանը ոչ միամիտ էր ու ոչ էլ հարիֆ, այսինքն՝ գիտեր ու հասկանում էր, որ ոչ միայն անձամբ իրեն, այլեւ հայերիս ընդհանրապես Նոբելյան չի հասնում, բայց, իմանալով հանդերձ, շատ էր սիրում սրանց հետ Նոբելյանից խոսել, որովհետեւ սրանք իրեն գրողական առումով ամենեւին չէին նախանձում եւ եթե նախանձում էլ էին, ապա՝ միմիայն արծաթի առումով, որովհետեւ ընդամենը երեք ամսվա ընթացքում Ջավախյանն արծաթավաճառության իմաստով ահագին հետ թողեց ոչ միայն էս չորսին, այլեւ իր երբեմնի Բազազին՝ Իլյային, որն արդեն մի քանի ամիս էր, ինչ մահացու հիվանդության տեր էր, չնայած Իլյայի մելամաղձությունը մեր հերոսը միայն ու միայն, չգիտես ինչու եւ անկախ իրենից, ուղղակիորեն կապում էր իր առեւտրական անսպասելի ու աննախադեպ հաջողությունների հետ, որովհետեւ, հանձին Ջավախյանի, Իլյան ոչ միայն մի ամբողջ Գիքոր կորցրեց, այլեւ մի ամբողջ ու ամբողջական կոնկուրենտ գտավ, եւ երբ շուտով Իլյան իր մահկանացուն կնքեց, արձակագիրն արդեն իր էս նոր գործի իսկական վարպետն էր, հեռատես ու հմուտ վարպետն էր եւ արդեն իսկ կրում էր հեռատեսի իր պլյուսմեկուկեսանոց ակնոցը, որն անչափ սազում էր վերնիսաժի իր դախլին: Վեց ամսից Ջավախյանը երեխեքի համար վիդեո առավ, իսկ երկրորդ տարվա մեջ՝ համակարգիչ, որն իրեն, փաստորեն, արձակի նոր ու միանգամայն թարմ ոճ պարտադրեց, չնայած իր էս նոր պատմությունների հերոսներն էլի հիմնականում Շիրակը, Սամոն, Վրեժն ու Վարոն էին, որովհետեւ սրանք իր կյանքում էն եզակի մարդիկն էին, ում ներկայությամբ ինքն իր Նոբելյանը բարձրաձայն էր, ուրեմն, երազում եւ ում մասին միշտ ասում էր, որ սրանք հազար գրող արժեն:
Վերնիսաժի իր էս նոր գործը Ջավախյանն էնպես սրտանց է սիրում, ինչպես որ՝ գրելու գործն է սրտանց սիրում, եւ դժվար է ասել՝ ինքն արծաթավաճառության ընդմիջումներին գրականությա՞մբ է զբաղվում, թե՞ գրականության ընդմիջումներին՝ արծաթավաճառությամբ՝ էնքան որ մեկը մյուսի հետ ներհյուսված են: Իր պատմվածքների հիմնական թեման, իհարկե, վերնիսաժն ու վերնիսաժի մարդիկ են, բայց երբեմն քաղաքականության, դաշնակցության, ՀՀՇ-ի ու մնացածների կողմն է թեման փոխում ու շուռ տալիս, իսկ երբեմն էլ կանանց թեման է ձեռի հետ շոշափում, չնայած, իր սեփական կնոջից բացի, ուրիշ կին չի տեսել ու առանձնապես չի էլ ուզեցել տեսնի. ինքն է ասում:
Ջավախյանն իր կյանքում ու գրվածքներում շատ հաճախ նաեւ կյանքի, մահվան ու Աստծո թեմաներն է շոշափում, չնայած, ընդհանուր առմամբ, անհավատ է, դեռ մի բան էլ ավելի՝ կա-սեր բանաստեղծը. այսինքն՝ Աստծուն չի հավատում՝ քիչ է, մի բան էլ գրավոր ու բանավոր ձեռ է առնում իր գործընկեր, իր պես արծաթ առնող ու ծախող, բայց հավատացյալ, ավելի ճիշտ՝ մշտական հավատացյալ Վարոյին, ում մշտական հավատացյալ եմ անվանում զուտ էն պատճառով, որ մենք՝ մնացյալ մահկանացուներս ու ներառյալ Ջավախյանն էլ տարվա մեջ մի քանի օր, ոնց էլ լինի, հավատում ենք, եւ անձամբ Ջավախյանի հավատքը հատկապես էն օրերին է բռնում, երբ իր որդի Վահագը կարեւորագույն միջազգային որեւէ առաջնությունում հարյուր մետր է վազում: Էդ օրերին, ուրեմն, Ջավախյանն ուղղակի աղաչում-պաղատում է, որ իր գործընկեր ու մշտական հավատացյալ Վարոն իր Վահագ որդու համար որեւէ աղոթք անի եւ, ուրեմն, որեւէ մեդալ խնդրի Բարձրյալից, եւ Վարոն, էդքանից հետո էլ, էլի չի մերժում, աղոթում ու Սուրբ Սարգսից ինչ-որ բան է խնդրում: «Արա՛, էդ ումի՞ց ես խնդրում»,- հարցնում է Ջավախյանը: «Քյառ ե՞ս, չես լսո՞ւմ, որ Սուրբ Սարգսին եմ դիմում»,- պատասխանում է Վարոն: «Պրյամոյ լինիա մտի,- պահանջում է Ջավախյանը,- չես կարո՞ւմ պրյամոյ լինիա մտնես, միանգամից ամենավերեւինի հետ կապվես»: «Ամեն ղարադան բանի համար պրյամոյ լինիա չենք մտնում»,- չորում է Վարոն: Այսպիսի խնդրանքով Ջավախյանը Վարոյին դիմում է միայն միջազգային կարեւորագույն մրցումներից առաջ, իսկ տեղական մրցումներին Վահագը իր իսկ ռեկորդը առանց որեւէ աղոթքի էլ հեչի պես խփում է:
Մի խոսքով, Ջավախյանն էս կյանքն է սիրում, էս կյանքն էլ՝ իրեն, էդպես փոխադարձ սիրով շարունակվում են ու գոհ են իրարից, եւ կյանքի սիրուց դրդված՝ հաճախ Ջավախյանը ստիպված է լինում նաեւ մահվան մասին մտածել եւ, ինչպես միշտ, բարձրաձայն. «Ադա, էդ հետմահու փառք որ ասում են, փուչ բան ա, հնարովի բան՝ քաքսրտի մխիթարանք. իրականում ինչ տենում ես՝ էդ ա էղած-չեղածը»,- էսպես բարձրաձայն մտածում է Ջավախյանն ու տեղում արագ-արագ խաչակընքում, ասել է թե՝ միգուցե Աստծուն դժարահաճ բան ասեցի:
Ջավախյանը հաստատ բոլորիս պես երբեմն նաեւ ցածրաձայն՝ այսինքն իր մտքի մեջ է մտածում, պարզ է, ինքն էլ է երբեմն բոլորիս պես իր մտքի մեջ մտածում, բայց թե ի՞նչ է մտածում, մեկ Աստծուն է հայտնի, մեկ էլ, փաստորեն, իրեն:
Ինքը բոլորիս պես իր անունն ունի. նրան ե՛ւ Լեւոն են ասում, ե՛ւ Լյովա, իսկ ամենամոտիկները՝ Լյովիկ: Ջավախյանը Ջավախքի հետ ոչ մի կապ չունի. նա բնիկ շնողցի է, եւ լոռվա լեզվամտածողությունը մշտական կենսուրախություն է հաղորդում նրա տրամադրությանն ու տրամաբանությանը: «Ադա,- ասում է Ջավախյանը,- սաղս էլ փաստորեն փառքի համար ենք գրում-մրում, բայց մենակ ես եմ էդ բանը վիզ առնում»: «Ադա, փաստորեն էսքան գրողի մեջ մենակ ես եմ էսօրվա իրական կյանքը գրում,- մի ուրիշ անգամ ասում է Ջավախյանը եւ, զգալով, որ մի քիչ անհարմար ստացվեց, ավելացնում է.- հա՛, մեկ էլ՝ դու»:
Էսպես զվարթ ու էսպես փիլիսոփայորեն էս մեր ու իր երկրային կյանքն է շարունակում Ջավախյանը եւ, ինչպես ասացինք, տարվա մեջ մի քանի անգամ էլ հավատքին կամ, ասենք, հավատալիքներին ու սնոտիապաշտությանն է տուրք տալիս, ընդ որում՝ խորապես ու սրտանց: Վերջերս էլ՝ ձմռան մի իրիկուն, երբ վերնիսաժից տուն էր տեղափոխում իրեն ու իր արծաթեղենը, հրապարակի մետրոյի մոտ մի էլեկտրասյուն տեսավ, ու մտքում տարօրինակ մի միտք խլվլաց. «Եթե ձնագնդով էս հեռվից մեկից մեկ կպնեմ էդ սյանը, ուրեմն՝ Նոբելյանը ջեբս ա»:- Մտածեց ու խփեց: Հեռավորությունը քառասուն-հիսուն մետր կլիներ, բայց կպցրեց: Կպավ: Մեկից մեկ:
Սա ոչ թե լեգենդ է, այլ՝ մաքուր իրականություն, որովհետեւ հենց նույն իրիկուն Ջավախյանը զանգահարեց ինձ, վախեցած ու ահաբեկված դուրս կանչեց, պատմեց ու բացատրեց եղելությունը, եւ մենք երկուսով մի ժամվա չափ ձնագնդերով փորձում էինք խփել բաղձալի էլեկտրասյանը, բայց ոչ մի անգամ չկպանք, նույնիսկ նման չէր ստացվում:
Ինչ վերաբերում է Ջավախյանի առեւտրային ու սոցիալական ամենավերջին շարժերին, ապա պարտավոր ենք հիշատակել նաեւ, որ վերջերս, երբ արձակագրի որդին իր հերթական գավաթով հանդերձ վերադարձավ Ստամբուլից եւ հերթական անգամ պետությունից ու իշխանություններից չստացավ խոստացված հազար դոլարը, հաջորդ իսկ առավոտ հայր Ջավախյանն առանց երկար-բարակ մտածելու՝ սլացավ ավտոշուկա, ջոկեց ընդամենը հինգ-վեց տարի քշած մի փայլուն, պեռլամուտր «BMW», բերեց-կանգնեցրեց իրենց դռանը եւ, մեքենայի բանալիները հանդիսավոր հանձնելով որդուն, ի լուր աշխարհի մաքուր ֆրանսերենով աղաղակեց. «L՛ etat c՛est moi»:
Սախարովի հրապարակ չհասած, Պուշկինի փողոցի վրա՝ ձախից երկհարկանի մի շենք կա, որի երկրորդ հարկի նախավերջին պատուհանի լույսը մինչեւ կեսգիշեր չի մարում: Էդ գրեթե մշտավառ լույսը շարքային անցորդներին ոչինչ չի ասում, բայց անձամբ ինձ ասում է, որ Ջավախյանն իր հերթական պատմվածքն է գրում կոմպյուտերով: Իսկ միգուցե, այնուամենայնիվ, վերնիսաժի կյանքից իր վե՞պն է սկսել. չէ՞ որ՝ ինքն արդեն հասկացել է, որ մեծ գործ է հարկավոր, եւ որ, Վարոյի ասածի պես, ամեն ղարադան բանի Նոբելյան չեն տա: Ինքն էդ վեպը մինչեւ հիմի հետ էր գցում, որովհետեւ վախենում էր, որ շունչը հերիք չի անի:
Երբ մի քանի օր առաջ տեսա նրան ու ասացի, որ իր մասին պատմվածք եմ գրել, ասաց.
-Տե՛ս, հա՜, Նոբելը ձեռիցս չխլես,- հետո լուրջ-լուրջ ավելացրեց.- ադա՛, մազալու մարդիկ են էս մեր գրողները. փոխանակ մեր էս կյանքով ապրեն, փոխանակ նստեն՝ էս կյանքի ու էս մարդկանց մասին գրեն, առավոտից իրիկուն Գրողների միության պատերի տակ քաշ են գալի. որ ի՞նչ»:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *