Երազիկ Հարությունյան | Աստղերի ճանապարհը

Երազիկ Հարությունյան«Վաղուց գողացել են այն աստղերը
որոնց ճանապարհները գիտեի»

Այսօրվա գրածս գրականագիտական հոդված չէ: Ընթերցողի կարգավիճակում հիմա կարդում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս և ունեմ հաջողված բանաստեղծության իմ պատկերացումը։ Եթե այն արթնացնում է իմ ներաշխարհում հավելյալ մտորումներ և հույզեր, հուշում է շատ պարզ և շատ խոր ճշմարտություններ, ակնարկում կենսական իրողություններ և մատնանշում ապրել շարունակելու գրգիռներ, ուրեմն իմն է, իմ ընթերցելիքը։

Սլավի Ավիկ Հարությունյանը իմ ուսանողական ընկերն է, և ինձ համար հոգու պահանջ է շարադրել իմ տպավորությունները նրա նոր բանաստեղծական ժողովածուի մասին, քանի որ ես նրա առաջին ընթերցողներից եմ, նրա բանաստեղծական էության առաջին ճանաչողներից։ Մոտ 20 տարի առաջ իր առաջին գրքով պոետը խոստացել էր բերել «հրաշքի պես բառեր ՝ ձեր սեղանին ու հացին» խոստացել էր և բերեց, մնում է ընդունել, վայելել և երախտիքի խոսք ասել «Երկինք և երկիր» ժողովածուի առիթով։ Գիրքը իմ սերնդի և բոլոր սերունդների մասին է, իսկ հեղինակը մասնագետ արարող է՝ խոսքի, պատկերի, հույզի։ Արդեն մուտքի բանաստեղծության միայնակ թռչունի պատկերով, որին «ոչ երկինքը տիրություն արեց, ոչ էլ հողը կարգին պահեց», բացվում է մարդու ողբերգությունը, ցավը, հույսը, վերելքն ու վայրէջքը, բնության և մարդկային կյանքի ունայնության դեմ անզոր անհատի դրամատիկ հոգեվիճակը, որը զգում է ամեն ընթերցող, զգում է յուրովի։ Այսպես երկնքի և երկրի միջև տվայտում ես, և եթե, մի քամի լիներ, քշեր կամ դեպի երկնքի կապույտը, կամ անդունդի խորքը, երևի թե կարելի կլիներ ստանալ որոշ հարցերի պատասխաններ։ Ամեն տողը ակնարկում է կյանքի այլևայլ անկյուններ, ուր մինչ այդ դու կարծես թե եղել ես և չես ընկալել, նայել ես, բայց չես տեսել, տեսել ես, բայց չես ընդունել, հասկացել ես, բայց չես ըմբռնել։ Ուշացում, բացակայություն հեռացում, որոնում… այս ամենը դասականության չափ հին է և գյուտի պես նորովի։ Աշխարհը կարող էր և այսքան խեղճ չլինել, եթե ինքդ ծնվեիր այլ կերպ և չզգայիր այդ խեղճությունը, որովհետև կյանքը չկա քո զգացողություններից այն կողմ, ամեն ինչ այնպիսին է, ինչպիսին դու ես պատկերացնում և աշնան անտառի կարմիր բոցով մի մոմ անգամ չես կարող վառել, աշունը վառվելու համար չէ, աշունը մարմրում է բոլոր կրակները։ Ուրեմն ի՞նչ,- անիմաստ է ձգտե՞լ, եթե մասը չես այս գեղեցկության և վայելումի։ Թռիչքների համար ծնվածներն անգամ տարբեր են, այնքան շերտեր ունի այս կյանքը և «պատահական ելքի» կյանք տևող սպասումը մերթ մոլորեցնում է, մերթ թևավորում։ Իսկ երբ անպատեհ, անհասցե քամեիները «արմատներդ են խճճում», ինչպե՞ս պիտի փրկես սեփական բունդ, ինչպե՜ս գետ դառնաս և հոսես օտար ծովեր, երբ ի սկզբանե ծառ էիր։

Մի հնար լիներ, փրկել խարդախ աշխարհում պատեպատող հայրենիքը, մի հնար լիներ վերացնել բոլոր երկվությունները, գալարներն ու կեռմանները և գծել ուղիղ գծեր, ուղիղ, ուղիղ, ուղիղ… դավից ու ցավից հեռու։ Որ շերտում կանգ առար, որում տպավորվեցիր, որի՛ մեջ ես ապրում և որի մեջ լոկ ներկայանում։ Ամբողջ խնդիրը այդ շերտերը իրար մոտեցնելն է, գոնե աղերսներ գտնելը կամ հորինելը։ Եվ եթե անգամ հետևում ինչ-որ անավարտ բան է մնացել, չբացատրված, չհասկացված, անըմբռնելի, անընթեռնելի, մեկ է առաջ գնալ է պետք, առաջընթաց ճանապարհով, վերընթաց։ Ետ չնայել երբեք, եթե հիշողությունը խոչընդոտում է, շպրտել… Հիշողությունը շպրտել կլինի՞։ Հետ մի նայիր, որ բառերը չդառնան կորուսյալ կյանքի կոդ, որ բառերը անվանեն ներկան և լինեն իրական, չէ՞ որ բառերը չեն մեռնում և դառնում են երբեմն խոսող հայացքներ, երբեմն էլ՝ մեռած հայացքներ։ Բանաստեղծը հրաժարվում է հիշողությունից, բայց թռչունը անընդհատ ետ է նայում։ Թռչունը, որ առանց վայրեջքի հատել է օվկիանոսը, նայում է ետ, և կնայի միշտ, քանի դեռ իր արյան և ավյունի մեջ կրում է այս երկրի ցավը, ցավը…Կորցրածը միշտ էլ գտնվելու եզր ունի, եթե անգամ խուսափում ես կնճիռներդ վերադարձի ճամփաներ դարձնելուց։ Ամեն կորստի մեջ գտնելիք կա, անցյալի մորմոք կա, հիշողության շող կա, և կորուստը քոնն է հենց այս կտրվածքով, այս ուղիներով անցյալդ սողոսկում է ներկա և ձեռք մեկնում ապագայիդ։ Արագ ընթացք է պետք, որ չհասցնես ետ նայել, չհասցնես զղջալ, ափսոսալ, շվարել, մոլորվել։ Ուղին շեղվելու, ոլորվելու հատկություն ունի, երբ որ շատանում են պարտավորությունները, հատուցման առիթները, ուղի՜ղ, քանի թեթև ես։ Մանավանդ որ «Արևածագի հյութով թեթախված Աստված» անգամ չի կարող թեթևացնել այս երկրի ցավը։ Մանավանդ որ «կրծքերը պատռված խաչքարերը ուզում են ծածկել Աստծո գոյությունը»… Կա՞ մարդ, որ չի մտածել այս մասին, կա՞ բանաստեղծ որ ավելի դիպուկ է ասել սա… Եվ ինչքան էլ չլինես քո հայրենիքի ներկայի մեջ (չնայած կաս) անցյալը կրում ես քո մեջ միշտ…

Բանաստեղծությունները տող առ տող թափանցում են ապրած կյանքիդ բոլոր ծալքերը և ծնում համարյա շոշափելի տեսլական, ծնվում են բազմաշերտ մտորումներ և հայտնություններ – Պատերազմը կորուստ էր, թե՞ ձեռքբերում, հաղթողնե՞րն են շատ, թե՞ պարտվողները… Այս գործը շատ ընդգրկուն ամենապոեմ է ժամանակի մասին ճշգրիտ ընկալում, յուրօրինակ և ամենընդունելի։ Եթե դու անցել ես այդ գեհենով և պատահական բարեբախտությամբ անունդ չի հնչում ոչ զոհվածների, ոչ էլ հերոսների ցուցակում, դու հաղթա՞ծ ես, թե՞ պարտված։ Անկասկած հաղթող ես, չնայած պարտապան…«Մեր ո՞ր օրվա պարտքն է, որ չէինք տվել»,- հանգստության ճանապարհը մեկն է. պատասխան չունեցող հարցեր չտալ։ Անմահություն եթե կա էլ, ուրիշների համար է, իսկ դու անզոր, սովորական անցորդ ես, «ինչուն» քեզ համար չէ, եթե չես ուզում զբաղվել ինքնաձաղկմամբ, ինքնատանջմամբ։ Այնուամենայնիվ, երբևէ կվառվեն վերադարձների ճանապարհները, ուզում ես հավատալ, քեզ համար, թե ուրիշների, բայց կվառվեն լույսերը և կուղղորդեն տուն։

Արվեստի կայացած գործը ինձ համար այն է, որ դռներ է բացում իմ առաջ, խոհերս տանում է մինչև այդ չնշմարված ուղղություններով և մտամոլոր հետևելով, առաջանալով մի քիչ ապրել ես սովորում, մի քիչ վերաիմաստավորում ես ունեցածդ ու չունեցածդ, ավելի շատ չգտածդ։ Պատանության երազանքների բոլոր բալենիներն էլ կտրվում են վաղ թե ուշ – այնքա՛ն ծանոթ և այնքա՛ն ուրիշ, – դա իմ երազանքների ծառը չէ, և չի էլ կարող լինել, բայց հիշեցնում է իմը, և տողերը ինձ տանում են իրենց հետ, իրենց թևերեն՝ թռչունների զուգահեռների պարբերությամբ,- մերթ թևերի առկայության թեթևությամբ, մերթ անօգնական խեղճությամբ, մերթ երազի պես բարձր թռիչքով, մերթ տան կտուրին զարնվելու ցավով, մերթ էլ երամը թողածի մենակության մորմոքով։ Ինչպե՜ս կարող ես այդքանից հետո քնով անցնել երազի կողքին, իրավունք չունես կորցնել երջանկության պահը։ Կյանքը սիրում է զգոն մարդկանց, ճարպիկ, աշխույժ, կայտառ մարդկանց, հոգնածներին չի սիրում, պարտվողներին չի սիրում, սակայն եթե ունես հոգսեր և ցավեր, ինչպես չհոգնես, չմոլորվես, չպարտվես…Միշտ էլ մեղավոր ես, եթե պարտվում ես, եթե քեզ պարտված ես զգում, և ամենանտանելին հենց այդ մեղավորության զգացողությունն է… Եթե հայտնվի մեկը և կարողանա քեզ համոզել, որ մեղավոր չես, դա կլինի քո հաղթանակը, ապրել շարունակելու ուժը։ Հրապույրն ու կիրքը, վայելքն ու գրավչությունը միշտ էլ խայթ ունեն, ինչքան դյութող, այնքան էլ ծակող, մասրենու պես, սակայն վայելել է պետք, անգամ հատուցելու գնով,, ինչու երկմտալ կամ հրաժարվել բուռն ապրումներից, կյանքից, դեպքերից,- երբեք։ Առանց այն էլ ժամանակը խլում է ամեն ինչ, ուրեմն, բռնիր, պահիր, զգա պահը, գոնե պահը…Եվ եթե չես կարող կյանքը դարձնել քաղցր ու դյուրամարս, ուրեմն մնում է սովորել աղին… Սիրելու համար պիտի պատճա՞ռ ունենաս, թե՞ ուժ ունենաս, ինչ պետք է ունենալ սիրո համար, միշտ չէ, որ կարողանում ես սիրել։ Եվ հանկարծ այնպե՜ս ես զգում սիրո պակաս, սիրելու պատճառի, ուժի բացակայություն… Այ, եթե մեկը վառե՜ր աստղերը, կսկսեիր սիրել՝ ում պետք է, ում ավելի շատ է պետք քո սերը։ Լիներ այդ մեկը և վառեր աստղերը, կամ գոնե գտներ աստղերի ճանապարհը և հնարավոր լիներ սիրել, ոչ թե ինչպես ծովի ալիքներն են սիրում ափի ավազը, այլ ինչպես Երկինքը սիրում է Երկրին… չէ՞ որ նրանց ում սիրում ենք, երբեք չեն մոտենում, երբեք հետ չեն գալիս, իսկ աշնան ցուրտ և մշուշոտ օրերը երկուսով ապրելու համար են… Եթե հետ գան, կդառնան սովորական առօրյա, սիրում ենք հենց նրանց, ովքեր հեռացել են և այլևս չեն գալիս։

Պոետները սովորաբար փնտրում են կյանքի տխուր կամ ուրախ գեղեցկությունը և փորձում իմաստավորել այն, Սլավի Ավիկը համոզում է, որ այն ամեն քայլափոխի է, անգամ ամենաանսեր արարքներում երբեմն։ Եվ եթե պոետ ես, դու նրա մեջ ես, նա քո մեջ և աշխարհը քո շուրջ, նրա մեջ։ Երբ ջարդված լույսը թնկթնկում է քո մեջ և հայացքդ եռում է, ուրեմն դու բանաստեղծ ես, գեղեցկության մունետիկ, արարիչ նաև, և այլ ճանապարհ չկա։ Ապրելը շնո՞րհ է, պարտավորվածությու՞ն, թե՞ բնազդ, և արդյոք ապրելու պարտադիր պայմա՞ն է ուրիշների հայացքներին համակերպվելը, ընտելանալը։ Մանկության ընկերներդ իրար մատնու՞մ են, թե ոչ՝ ուսուցիչների և հարևանների ահեղ դատաստանի առջև, միևնույն է, սիրելի են նրանք, սիրելի է մեր ապրած ամեն մի ժամանակը՝ համահունչ թելադրանքով՝ սպասելի և անկանխատեսելի։

Չես հասցնում ապրել, քանզի ամեն վայրկյան մտածում ես ու բանաձևում։ Մտածելը խանգարում է ապրել։ Եվ սփռվում է խոհերի անվերջ շարակարգը – հեքիաթը շրջվում է, արքայադուստրը փախչում է չսիրած տղամարդու հետ, կյանքը շրջվում է, աչքերը սխալ են լալիս, և իր ուզածի պես չապրող մարդը կրկնակի մեռած է։ Երբեմն ինքդ քեզնից դուրս ես գալիս, այսինքն քո նախանշված կերպից, այն տեսակից, որի շրջանակում համերաշխ էին երկու եսդ, երբ ներսումդ պայքար չկար, չկար ընդվզում և հակասություն։ Մարդիկ միմյանց հարվածում են իրենց ճշմարտությունն հաստատելու համար, դրա համար էլ պայքարը չի դադարում, որովհետև ճշմարտություն անհամար ծայրեր ունի և բազմաթիվ երեսներ, որը բռնում ես, հակառակ երես կա, բախվում ես։ Հեքիաթը շուռ չգար, կյանքն էլ մոտենար հեքիաթին և հիշողությունը դառնար սովորական անցյալ, Աստված էլ վերադառնար երկինք, ոչ թե մեզ հետ հաստ ու բարակ առևտուր աներ, դու էլ բանաստեղծ չլինեիր… Այս կյանքում ավելի լավ է բանաստե՞ղծ լինել, անգամ հաջողակ, թե՞ հասարակ ճամփորդ,- միևնույն է, քամին անընդհատ քշում է տերևները։ Արժե՞ արդյոք ապրել իրարից զատելու համար յուղաներկի խառնված գույները։ Իհարկե արժե, կկարողանա՞ս տարրալուծել, ամեն երանգ իր տեղում դնել… Սա ուրիշ հարց է, համենայդեպս փորձել է պետք, ձգտել, գոնե ձգտել։

Եթե հավատում ես անմահությանը, ուրեմն կարևորում ես քեզնից հետո ինչ-որ բան թողնելը, եթե ոչ՝ ուրեմն մահը հենց վերջն է, անհեթեթ, անիմաստ կյանքի կամ տառապանքի, և միևնու՞յն է արդյոք քո գրքի թերթերով տատիկները արևածաղկի սերմեր կփաթաթեն, թե՞ սիրահարները կպահեն բարձի տակ, կամ ուսանողները կարտասանեն բեմերից։ Մեռած պոետի համար ինչ-որ բան փոխվու՞մ է դրանից… Այնքան շատ են տխուր և ոչ մի կերպ չսիրվող բաները այս կյանքում, որ երևի մի առանձին օր է պետք այս հոռի, տաղտկալի շղթայից կտրվող ամենակարևոր բաների մասին մտածելու համար և այս տխուր աշխարհը արժևորելու համար… Եթե ականջներիդ մեջ մեռնում են թռչունների ճիչերը և չես կարողանում ծածկել ծովի մերկությունը, միգուցե և բանաստեղծ չես։ Իսկ ինչ պետք է ծածկել մերկությունները կամ վերծանել ճիչերը, դրանից ինչ կփոխվի… Դրանից հաստատ շատ բան է փոխվում, և այս գրքով էլ հարյուրավոր ընթերցողների կյանքում կշատանան հարցերը և հաստատ կշատանա պատասխան որոնողների թիվը, կյանքի հավասարակշռության նժարին կավելանան բարու կշռաքարերը։ Ուրիշ են այստեղ չափման միավորները, ուրիշ են արժևորման չափանիշները, տողատակը շատ ավելի երկար է տողերից,, կռահումներն ու մտորումները, հուշումները՝ անպարագիծ, զգում ես ներքին ահռելի թափը, ներքին պոեզիան, չասվող, չերևացող, ակնարկվող և ուրվագծվող։ Այս ժողովածուի ընթերցումը ինձ համար հերթական առնչումն էր արվեստի լույսին։ Բարի ընթերցում բոլորին։ Բարի արարում Սլավի Ավիկ Հարությունյան երևույթին, որի բանաստեղծությունները շատ-շատերին կմատնանշեն աստղերի ճանապարհները։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *