Հովիկ Մխիթարյան | Երբ աշխարհը մանուկ էր

Հավատով Նոյը, դեռևս անտեսանելի բաների մասին տեղեկանալով, երկյուղելով, իր տան փրկության համար շինեց տապանը (Եբրայեցիներին 11.7):

Երփներանգ թռչունների խայտանքն ու ճռվողյունը՝ անթերի ճերմակ երկնքի ներքո, ամբողջացնում էին դրախտային նախնական գեղեցկությունը։ Ընդարձակ հովիտներում հաշտ արածում էին հոտերն ու նախիրները՝ վայելելով պայծառ կանաչ ու հյութեղ խոտը։ Կովերն ու ոչխարները երբեմն թեքում էին գլուխները՝ հայացքները հառելով հեռվում անհոգ խաղացող գառներին ու չարաճիճի ցատկոտող այծերին։ Անսահման տարածվում էին մարդկային ձեռք չկպած բազմերանգ ծաղիկների աչք շոյող դաշտերը։ Շրջապատին վեհություն էին հաղորդում երկնասլաց, ամպերին ձուլվող հսկայական ծառերը։ Միագիծ, կողք կողքի համաչափ կառուցված շինությունները սահուն ներդաշնակվում էին բնական, շլացուցիչ գեղեցկությանը։
Հորիզոնի ողջ երկայնքով ընդարձակ տարածվում և անհետանում էին խաղողի այգիները, հսկայական, հյութեղ ողկույզների ծանրության տակ ճկված վազերը։ Թզենիների ու ամենատարբեր մրգատու ծառերի ճյուղերը հեզ հակվել էին պտուղների առատությունից և առատ բերք էին ավետում։ Անուշահոտ բույրերի համադրությունը լրացնում էր աստվածային նախնական արարչագործությունը։
-Տղանե՜րս,-հպարտությամբ ասաց Նոյը՝ նայելով ընդարձակ դաշտում եռանդուն աշխատող զավակներին,-ստեղծագործ բերկրանքն են վայելում։
Դարերի ծանրությունը կորացած ուսերին կրող Մաթուսաղան ժպտաց։ Նրա ձայնը հնչեց հազարամյակների խորքից բխող իմաստությամբ․
-Նոյ, հիշո՞ւմ ես Ադամի հետ քո զրույցներն արարչագործության, դաշտում գործելու և աստվածային այլ հորդորների հետ կապված։
Նոյը հմայված նայում էր անսահման տարածվող դաշտերին ու նրանց կողքին աճած ծառերին և կարծես չլսեց թե ինչ ասաց Մաթուսաղան։
-Նո՛յ, հարազատս,-նրա ձայնը դողաց,-դեռ հիշողությանդ մե՞ջ են Ադամի հետ այն զրույցները, հողի մշակելու ու աստվածային մյուս հորդորների հետ կապված։ Դու ինձ այնքան շատ ես պատմել ձեր զրույցների մասին։ Ադամը ննջե՜ց․․․նրա ձայնը կերկերաց։
Այս խոսքերին զուգահեռ բարձրահասակ, հսկայամարմին Մաթուսաղան հարգանքով նայեց Նոյին, որ իմաստություն ճառագող դարավոր կաղնի էր հիշեցնում։ Նոյը վերջապես արձագանքեց․
-Տղաները ծույլ չեն, միայն Սեմն է քիչ աշխատում, իսկ Քամն ու Հաբեթը շատ աշխատասեր են։
Հանկարծ պայծառ լույս բռնկվեց շրջապատում։ Աննկարագրելի ուժգնությամբ լույսը կուրացրեց նրանց աչքերը։ Նոյն ու Մաթուսաղան երկյուղած լռեցին։ Նոյը, առանց մի բառ ասելու, խոնարհվեց ու ծնկի եկավ հենց խոտերի վրա, ալեհեր Մաթուսաղան մնաց կանգնած՝ հայացքը հառած հեռու հորիզոնին, որտեղ երկինքն ու երկիրը սկսում էին միաձուլվել անսովոր լույսի մեջ։
Դաշտում աշխատող և ոչինչ չկասկածող եղբայրները նկատեցին Նոյի ծնկի գալը։
-Հայրիկը նորի՞ց ինչ-որ բան է հիշել ու հիմա կսկսի աղոթել,-նուրբ հեգնանքով շշնջաց Քամը։
Սեմը, իբր կատակով, թեթև հարվածեց եղբոր ուսին․ «Նորի՞ց սկսեցիր։ Հայրիկն Աստծո հետ է զրուցում»։
-Աստծո հե՜տ է զրուցում, մենք էլ ենք զրուցում, հետո՞ ինչ,-փնթփնթաց Քամը՝ մաքրելով ճակատի քրտինքը։
-Ուրեմն կարևոր մի հայտնություն է ստացել, հո քեզ նման չէ՞, երիտասարդ,— ավելացրեց Սեմը՝ փորձելով պահպանել պահի լրջությունը։
Նրանք բարձրաձայն ծիծաղեցին ու բահերը թափով խրեցին փափուկ հողի մեջ․․․ սակայն հանկարծ երկինքն ահեղաձայն ճեղքվեց։ Տեղում քարանալով և առանց որևէ շարժում անելու, երկյուղած նայեցին երկնքին՝ ինչ պատիժ է սպասվում իրենց, ինչո՞ւ պետք է Աստված այցելեր այսպես հանկարծակի։ Կարծես տեսիլքի մեջ նրանք տեսան Նոյին մոտեցող լուսափայլ էակին․․․
Երբ լուսափայլ էակն անհետացավ, տղաները վազեցին դեպի հայրը, իմանալու, ինչ ասաց նա Նոյին։

Հաջորդ օրը Նոյը, դեռևս լուսափայլ էակի ներկայության ազդեցության տակ, համայնքի ավագներին խնդրեց հավաքել մոտակա բնակչությանը և պատգամ ուղարկել բոլոր ցեղապետներին։ Լուրը կայծակնային արագությամբ տարածվեց. բոլորը պետք է գային՝ լսելու այն կարևոր հայտնությունը, որ երկնային էակը վստահել էր Նոյին։
Մարդիկ խուռներամ հավաքվեցին քաղաքի ընդարձակ հրապարակում։ Օդը լցված էր տագնապալից հետաքրքրությամբ։ Բոլորն էին ճանաչում արդար Նոյին և վստահ էին, որ հենց այնպես չէր հավաքի մարդկանց։ Երկնքում պայծառ հուրհրատում էր մեծ լուսատուն, հսկայական բազմություն էր հավաքվել։ Առջևում համայնքների ավագներն էին, տոհմապետները, ապա գալիս էին տեղական քրմերը։
Նոյը հանդիսավոր ու դանդաղ քայլերով բարձրացավ նման իրադարձությունների համար նախատեսված հարթակը։ Նա երկու ձեռքով ամուր բռնեց պինդ փայտից պատրաստված, նրբաքանդակ ամբիոնը։ Այստեղ սովորաբար կանգնում էին միայն գիտնականներն ու ազդեցիկ քրմերապետները. ամեն մարդու չէին վստահում սրբազան ամբիոնը։ Նա հայացքն ուղղեց դեպի անհուն երկինքը, մտքում կարճ աղոթեց ու շունչը պահեց։
Իրեն հառված հազարավոր հայացքներից մի պահ շփոթվեց։ Կկարողանա՞ խոսել։ Կհավատա՞ն արդյոք իրեն։ Ինչպե՞ս պետք է հասկանալի բացատրի այն, ինչն ինքնին անհավանական էր թվում և իրեն էլ անհասկանալի էր։ Նա դանդաղ հայացքը պտտեց բազմության վրայով… ու լռեց։ Հապաղումը ձգվում էր, իսկ լռությունը դառնում էր ճնշող։ Շուտով լսվեցին առաջին անհամբեր բացականչությունները, սուլոցներն ու շշուկները։
-Խոսի՛ր, արդա՜ր մարդ,— հնչեց ցեղապետներից մեկի ձայնը բազմության միջից։
-Ժողովո՜ւրդ,-վերջապես գոչեց Նոյը, բայց ձայնը հանկարծ դողաց ու նա նորից դադար տվեց։ Մի միտք այրում էր նրան. «Իսկ եթե հենց հիմա իջնեմ ու հեռանամ… գնամ մի հեռավոր տեղ, որտեղ ինձ ոչ ոք չի գտնի։ Չէ՞ որ ես խաղաղ ապրում էի իմ այգիներում»։ Ինչո՞ւ հենց իրեն բաժին հասավ այս հսկայական պատասխանատվությունը։
Ամբոխն սկսեց ավելի բարձր աղմկել, խլրտալ։ Անորոշությունը վերածվում էր դժգոհության։
-Խոսի՛ր, Նոյ, ինչո՞ւ ես պապանձվել, լսում ենք,-լսվեցին բղավոցներ,-ի՞նչ ունես մեզ ասելու։
Ցեղապետները ձեռքով սաստեցին ժողովրդին․
-Լռեք, թողեք խոսի։
Նոյը խորը շունչ քաշեց, և նրա ձայնը, որ սկզբում դողում էր, հնչեց հզոր ու ազդու.
-Մարդիկ, լսե՛ք ինձ։ Ջրհեղեղ է լինելու… մարդկությունը կործանվելու է։ Հրեշտակներն այդ լուրը հայտնեցին ինձ, երբ իմ կողքին Մաթուսաղան էր։
Հանկարծ մի ծանր, մահացու լռություն իջավ հրապարակի վրա։ Շշուկ անգամ չէր լսվում։ Մարդիկ քարացել էին՝ փորձելով ընկալել լսածը։ «Ի՞նչ է նշանակում՝ կործանվելու է։ Ցնդե՞լ է ծերուկը»,-կարելի էր կարդալ նրանց ապշած հայացքներում։
-Նո՛յ, դա՞ էր քո ասելիքը,-լսվեցին առաջին արձագանքները,-մենք քեզ լավ գիտենք, դու արդար մարդ ես, բայց այդ ի՞նչ ես հորինել ու Աստծո անունից խոսում։ Դրա՞ համար ես մեզ այստեղ հավաքել։ Ինչպե՞ս կարող է մեր հրաշալի երկիրը կործանվել։ Մեր կանա՞յք, մեր երեխանե՞րը… Նո՛յ, այդ ի՞նչ սարսափելի ու ծիծաղաշարժ լուր ես պատմում մեզ։
Տասնյակ, հարյուրավոր ձայներ միաբերան սկսեցին գոռգոռալ։ Հրապարակը վերածվեց աղմկոտ մի ծովի, որտեղ մարդիկ այլևս չէին լսում իրար։ Ծաղրն ու զայրույթը խառնվել էին իրար։
-Լռե՛ք,-հանկարծ որոտաց համայնքապետը՝ ձեռքը բարձրացնելով,-թողե՛ք մարդը խոսի։
Կրքերը մի փոքր հանդարտվեցին։ Նոյը նայեց նրանց՝ աչքերում կարեկցանք և ցավ։
-Ես էլ չգիտեմ՝ ինչ է ջրհեղեղը. հրեշտակն ինձ պատկերեց։ Դա Աստծո՛ լուրն է, հավատացեք։ Մենք պետք է հավատա՛նք Աստծո լուրին։ Նա ասաց, որ միակ ելքը հսկայական նավեր կառուցելն է, որպեսզի երբ ջրերը բարձրանան, մենք լողանք դրանց երեսին։ Միայն այդպե՛ս կփրկվենք։ Մենք բոլորս կարող եք այդպիսի նավ կառուցել։ Աստված բոլորին է ցանկանում փրկել, Նա կործանել չի ուզում, այլ զգուշացնում է։
Հրապարակը թնդաց ծիծաղի, հեգնանքի ու զայրույթի բացականչություններից։
-Նո՛յ,-լսվում էր այս ու այն կողմից,-այդ ի՞նչ բառ ասացիր՝ «ջրհեղեղ»։ Ինչի՞ մասին ես խոսում, բացատրի՛ր։
Նոյը սկսեց խոսել։ Սկզբում ձայնը շփոթահար էր, բառերը կարծես խճճվում էին լեզվի տակ, սակայն վայրկյաններ անց նրա մեջ արթնացավ մի անկոտրում վճռականություն։ Նա մանրամասն պատմեց հրեշտակի այցի, նրա լուսեղեն կերպարանքի և տրված պատգամի մասին։
-Ժողովո՜ւրդ, ես միայնակ չէի։ Մաթուսաղան ինձ հետ էր, երբ երկնային պատգամաբերն իջավ մեզ մոտ։ Աստված նախազգուշացնում է մեզ. անձրև է լինելու, վերածվելու է մի սարսափելի հեղեղի, որը ծածկելու է անգամ լեռների կատարները։ Մենք բոլորս կկործանվենք, եթե նավերի մեջ չլինենք…
Բազմությունն ալեկոծվեց նոր, ավելի բարձր ու ուրախ հռհռոցից։ Երբ ծիծաղի ալիքը մի փոքր հանդարտվեց, համայնքի ավագներից մեկը, դեմքի ձանձրույթի արտահայտություն տալով, բացականչեց.
-Նո՛յ, այսքա՞նն էր քո ասելիքը։ Արագ ասա ու վերջացրու։ Մարդիկ պարապ չեն։ Մենք կարծում էինք, թե հարևանների դեմ մարտի ենք գնալու, նրանց հողերը խլենք ու գեղեցիկ կանանց մեզ վերցնենք… Այ դա ուրի՜շ բան էր։ Իսկ հիմա եկել, անձրևից ու հեղեղի՞ց ես խոսում։ Դու տեսե՞լ ես նման բան։
-Մենք պետք է տապան կառուցենք, որպեսզի փրկվենք։ Սա ոչ թե իմ, այլ Աստծո՛ պատգամն է,-հուսահատ գոչեց Նոյը,-իսկ պատերազմն ինչների՞ս է պետք։ Մենք անծայրածիր ու բերքառատ հողեր ունենք, պտուղները ծանրացել են ճյուղերին…
-Մենք ուժեղ պետք է լինենք, այ թե ինչ, Նոյ։ Ոչինչ չհասկացանք, բավակա՛ն է քեզ լսենք։ Գիտնականների՛ն խոսք տվեք,- բղավեցին ամբոխի միջից,-Հոնսենի՛ն կանչեք, թող նա ասի։
Առաջ եկավ Հոնսենը՝ գիտնականների խմբի հեղինակավոր ավագը։ Նա մի ծանրակշիռ ու հանդարտ մարդ էր, ում խոսքին սովոր էին վստահել։ Բարձրանալով հարթակ՝ նա կանգնեց Նոյի կողքին, ձեռքը բարեկամաբար դրեց նրա ուսին և, դեպի ժողովուրդը ժպտալով, ասաց.
-Բարեկամնե՛ր, հանգի՛ստ,-նա հանդիսավոր լռեց,-Նոյն իմ ընկերն է, և մենք չպետք է մեղադրենք նրան։ Աստվածներ, անշուշտ, կան, և միգուցե նրանք իրոք ինչ-որ բան են հուշել նրան, բայց մեր սիրելի Նոյը, հավանաբար, ճիշտ չի ընկալել տեսիլքը։ Այդպե՞ս է, Նոյ։
Տեսնելով, որ Նոյը չի պատասխանում, նա շարունակեց խոսել, բառերը համեմելով կարճ ու ծանրակշիռ դադարներով․
-Մարդի՛կ, եղբայրնե՛ր, մենք երբեք անձրև չենք տեսել և չգիտենք՝ դա ինչ է։ Ինչքան էլ Նոյը փորձի նկարագրել, միևնույն է՝ մեզնից ո՞վ է տեսել նման բան, և ի՞նչ գիտենք մենք այդ մասին։
Հոնսենը հայացքով ընդգրկեց ողջ բազմությանը՝ զգալով, որ նրանք սկսում են հակվել իր կողմը։ Նա մի պահ լռեց, խորը շունչ քաշեց, ապա շարունակեց ավելի մտերմիկ տոնով.
-Մենք բոլորս գիտենք Նոյին որպես արդարամիտ ու ազնիվ մարդու, ով երբեք չի ստում։ Բայց լսի՛ր ինձ, բարեկամս. այդ ի՞նչ «ջրհեղեղի» մասին է խոսքը։ Միգուցե դրանք պարզապես խոնավության այն փոքրիկ կաթիլներն են, որոնք ոռոգում են երկիրը, բայց դրանք այնքան փոքր են, որ համարյա անտեսանելի են։ Նո՛յ, մենք դեռ այդպիսի բան չենք տեսել։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է գոլորշին երկինք բարձրանում, ապա իջնում որպես հանդարտահոս ցող ու կենդանություն տալիս բուսականությանը։ Բայց որ երկինքը պատռվի ու հեղեղ թափվի՞… գիտությունն այդպիսի երևույթ չի ճանաչում և չի կարող բացատրել։ Երկինքը բարի է, այնտեղից միայն լույս է գալիս։
Այս ասելով՝ Հոնսենը բազմանշանակ հայացք նետեց Նոյին և վերսկսեց իր գիտական հիմնավորումները։ Ժողովուրդը, որ մի պահ հայտնվել էր շփոթության ու խռովքի ճիրաններում, աստիճանաբար հանդարտվում էր՝ ուշքի գալով առաջին ցնցումից։ Գիտնականն ամեն ինչ բացատրեց պարզ ու մատչելի. ոչինչ էլ չի պատահի, այդ ամենը լոկ անհիմն հորինվածք է։ Կյանքն ինչպես եղել էր, այնպես էլ կմնա, իսկ իրենց աստվածները… դե, նրանք բարի են, ընդունում են իրենց զոհաբերություններն ու երբեք չեն խաթարի երկրային այս հրաշալի, բարեկեցիկ անդորրը։ Ամեն ինչ առատ, դաշտերը բարեբե՜ր, առատ պտուղ են տալիս։
Մարդիկ սկսեցին դանդաղ ցրվել՝ հեռանալիս հեգնելով ու ծաղրելով Նոյին։
-Ծերո՛ւկ, մի՛ ծիծաղեցրու մեզ,-լսվում էին այս այն կողմից,-ասում ես՝ հրեշտա՞կ ես տեսել։ Ի՞նչ տեսք ուներ, մի քիչ պատմիր, մենք էլ իմանանք։ Ի՞նչ ջրհեղեղ, ի՞նչ հրեշտակ այս հրաշալի երկրում, այս հիանալի տնե՜րը, դաշտերում ծառերը բեռնված են պտուղներով, իսկ աղջիկներն ու կանայք՝ գայթակղիչ գեղեցկությամբ։ Նրանք էլ ե՞ն ոչնչանալու, Նո՛յ, ուշքի՛ արի…բարեկամ, իսկ միգուցե դու շա՞տ ես գինի խմել քո այգիների բերքից․․․
Դեռ երկար ժամանակ հրապարակում արձագանքում էր նրանց ուրախ քրքիջը, մինչ կցրվեր վերջին մարդը։ Այդ ամբողջ ընթացքում անխոս կանգնած Մաթուսաղան դանդաղ քայլերով մոտեցավ և կասկածանքով նայեց Նոյին․
-Մենք իսկապե՞ս տեսանք Աստծո բանբերին, այդպես չէ՞, Նո՛յ… Մենք տեսանք նրա լուսափայլ հագուստները, լսեցինք այն ձայնը, որ մինչև հիմա արձագանքում է մեր հոգու խորքում։ Տեսե՞լ ենք․․․
-Այդպես է,-հաստատեց Նոյը՝ հայացքը դեռևս հեռվում անհետացող ամբոխին հառած,-մենք չէինք կարող երկուսով պատրանքների գիրկն ընկնել։ Ճշմարտությունը երբեմն պարզապես անհավանական է թվում, բայց որ երկուսս էլ խաբվեի՜նք․․․
-Հիմա ի՞նչ ես մտադիր անել,-հարցրեց ալեհեր նահապետը՝ հենվելով ծառերից մեկի բնին,- այդ ի՞նչ նավ ենք կառուցելու։
-Անմիտ են նրանք…-դառնությամբ շշնջաց Նոյը,-բայց ես նորից կփորձեմ։ Միգուցե մեր գործը տեսնելիս նրանց սրտերը բացվեն։ Իսկ նավը… նավի կառուցումը կսկսենք։
Լուռ ու մտախոհ, նահապետները դանդաղ սկսեցին քայլել, մտախոհ նայելով բարեբեր դաշտերին ու գեղեցիկ լեռնաշղթաներին, կարծես հրաժեշտ տալով այն աշխարհին, որին Աստված գոյատևելու կարճ ժամանակ էր նախատեսել։

Մեծ լուսատուն ոսկեզօծում էր հովիտը։ Նոյը և Մաթուսաղան ընտրեցին ամենահարմար, ընդարձակ մի հարթ տարածք։ Ամեն ինչ նախապես ծրագրված էր. աշխատանքները բաժանվեցին խիստ կարգով՝ ո՛վ պետք է կտրեր հսկայական, դարավոր ծառերը, ով պետք է մշակեր և վերջապես ով էր կատարելու մնացած աշխատանքները։ Հաշվարկել էին ամեն մի մանրուք, սրբազան տագնապը չպետք է խաթարեր իրենց առօրյա աշխատանքներին ու գործերին։ Աշխատաքներին միացան Սեմի, Քամի և Հաբեթի կանայք։ Աշխատանքի առաջին իսկ օրերին նրանց մոտեցան Գայիրադի ցեղի տղամարդիկ։
-Մենք չգիտենք՝ ի՛նչ է ջրհեղեղը,-ասաց Գայիրադը Նոյին,-բայց գիտենք քեզ։ Եթե ասում ես՝ լուրն Աստծուց է, ուրեմն ճիշտ է։ Մենք պատրաստ ենք օգնել։ Լեռնական ժողովուրդ ենք, սովոր ծանր աշխատանքներին,-ավելացրեց ժպտալով։
Նրանց ներկայությունը ոգևորեց ու հույս ներշնչեց Նոյին։ Սակայն շատ չանցած՝ շինհրապարակ սկսեցին հայտնվել պարապ ու անգործ երիտասարդների առաջին խմբերը։ Նրանք հավաքվում էին հեռվում, զարմանքով ու չթաքցրած հեգնանքով նայում նախապատրաստական աշխատանքներին, կարծես զվարճալի ներկայացում էին դիտում։ Գալիս էին նաև ծերերը։ Նրանց մանրակրկիտ հետևում էին աշխատանքներին։
-Այս մարդը մոլագար հավատացյալ է, ոչինչ չի՞ ուզում հասկանալ,-դժգոհ շշնջաց ալեհեր Տոբեթը՝ հենվելով գավազանին,-լա՛վ, հասկացանք, հավատում ես Աստծուն։ Բայց եթե Նա է պատվիրել, ինչո՞ւ Ինքը չի կառուցում այդ տապանը։ Իսկ եթե հանկարծ ոչինչ էլ չլինի՞… Ութ հարյուր տարի ապրել եմ այս երկրի վրա, շատ բան եմ տեսել, բայց նման անմտություն դեռ չէի լսել։
-Տոբե՛թ,-հարգանքով ասաց Նոյը,-դու ինձ լավ ես ճանաչում, մենք երկար տարիների ընկերներ ենք։ Խնդրում եմ, մի՛ ծաղրեք Աստծուն։ Նայիր շուրջդ, ուշադիր զննիր այս բնությունն ու նրա կառուցվածքը, մեր ապրելու ամբողջ հարմարավետությունը, մեր ուտելիքները, որ մեր մարմնին համապատասխան է ստեղծված…մենք սիրում ենք ու տխրում, մենք արարում ենք, բարկանում ու ատում։ Մենք բանական էակներ ենք, չէ՞։
Նոյը մի պահ լռեց, ապա ոգեշնչվածությամբ շարունակեց.
-Չէ՞ որ այս ամենը պատահական չէ։ Աստված է արարել այս գեղեցիկ երկիրն ու ամեն ինչ, որ կա նրա մեջ՝ մեզ, բնությունը, երկինքն ու ջրերը։ Նա է մեր մեջ դրել սերն ու կարեկցանքը, բարությունն ու երախտագիտությունը։ Մենք նպատակային ու հրաշալի՜ ենք արարված։
-Նո՛յ, դու խելացի մարդ ես,-հակաճառեց Տոբեթը՝ գլուխը տարուբերելով,-բայց այդ քո «Աստվա՜ծը»… Դու արի ու մեր գիտնականների հետ բանավիճիր։ Նրանք ապացուցում են, որ ամեն ինչ ստեղծվել է ինքն իրեն. այդպես պատահում է հաճախ։ Մենք պետք է պարզապես ապրենք ու վայելենք կյանքն այնպես, ինչպես ցանկանում ենք։ Մենք ազատ մարդիկ ենք։
-Աստծո մեջ եղած ազատությունը լավագույնն է, Տոբե՛թ։ Մենք մեր ազատ կամքով ենք զոհաբերություններ անում Նրան, ճիշտ այնպես, ինչպես դուք եք ձեր ազատ կամքով ընտրում մեղքի ճանապարհը։
-Մենք մեղավորներ չենք,-վրդովվեց ծերունին,-մենք վայելում ենք կյանքը, սիրում ենք մեր ընտանիքները, աշխատում ենք ու արարում։ Դուք ինքներդ էլ հստակ չգիտեք, թե ինչի եք հավատում։
Նոյը տխուր ժպտաց ու ձեռքը դրեց ընկերոջ ուսին.
-Ժամանակը ցույց կտա, Տոբեթ։ Ես չեմ ուզում վիճել։ Եկեք չվիճենք, հարազատներս։

Տարիները սահում էին մեկը մյուսի հետևից՝ վերածվելով տասնամյակների։ Նրանք, ովքեր սկզբում հարգանքով էին լսում Նոյի պատգամը կամ գոնե մտորում էին դրա շուրջ, աստիճանաբար անտարբերության մեջ ընկան։ Շատերն ընդունում էին Աստծո գոյությունը, սակայն ջրհեղեղի ու կործանման լուրն այնքան անիրական ու հեռավոր էր թվում, որ գերադասեցին վերադառնալ իրենց հանգիստ կյանքին։ Նրանք այլևս չէին մասնակցում զոհաբերություններին, և հավատքի սրբազան հուրն աստիճանաբար մարում էր անգամ նրանց հոգիներում, ովքեր փոքր ի շատ հավատում էին Նոյի լուրին։
-Նո՛յ, արդեն հարյուր տարի է անցել,-ասում էին անցորդները՝ կանգ առնելով համարյա ավարտված հսկայական տապանի մոտ,-հարյուր տարի նույն բանն ես կրկնում։ Չհոգնեցի՞ր։ Աշխարհը նույնն է, ինչպես մեր պապերի օրոք էր, ոչինչ չի փոխվել։ Մոլորված ես դու, Նո՛յ, կորցրել ես իրականության զգացումը։
Ծաղրն ու արհամարհանքը դարձել էին Նոյի ամենօրյա ուղեկիցները։ Մի անգամ, երբ նա հերթական գերանն էր տաշում, ծաղրողների մի խումբ մոտեցավ նրան։
-Ծախի՛ր այդ նավը մեզ վրա, Նո՛յ,-լրջորեն, բայց հեգնական փայլն աչքերում ասաց նրանցից մեկը,-սա հրաշալի շինություն է քեֆեր կազմակերպելու համար։ Այնքան ընդարձակ է ու հարմար։ Դու էլ կմասնակցես մեզ հետ, աղջիկներ կբերենք, կմոռանաս քո «ջրհեղեղն» ու մի քիչ կզվարճանաս։ Ի՞նչ կասես։
Նոյը դադարեցրեց աշխատանքը։ Նա դանդաղ ուղղեց մեջքը, և նրա հայացքը, որը սովորաբար լի էր հեզությամբ, հանկարծ կատաղի տեսք ընդունեց։ Ապա սպառնալից քայլ արեց առաջ․ նրա դեմքը մոլեգնություն էր արտահայտում։
-Կորե՛ք այստեղից,-կտրուկ, հատու որոտաց նա։
Ծաղրողները միանգամից լռեցին։ Նրանց դիմաց արդեն հեզ ու խաղաղ հավատավոր չէր կանգնած, այլ մեկը, ում հետ կատակ անելը վտանգավոր է, և շտապեցին հեռանալ։

Լեռան ստորոտին վեր էին խոյանում կուռքերի պաշտամունքի համար կառուցված սարսափազդու ու փառահեղ տաճարները։ Հսկայական բազմություն էր հավաքվել։ Այնտեղ էին ազդեցիկ տոհմապետները, հպարտ ցեղապետներն ու քրմական դասի ողջ վերնախավը։ Օդը թնդում էր անդադար եռուզեռից. մարդիկ բերում էին պարարտ անասուններ, կողովներով հյութեղ մրգեր ու բանջարեղեն, անուշահոտ հատապտուղներ։ Ժողովուրդը պատրաստվում էր բազմօրյա տոնախմբության․օդը հագեցել էր ցնծության և ուրախության բացականչություններից։
Անգամ երեխաներն էին վարակվել մեծահասակների ոգևորությամբ՝ վազվզելով դաշտում և սյունազարդ սրահների արանքում։ Մթնոլորտը հագեցած էր խենթ, անբացատրելի ուրախությամբ ու անսովոր աշխուժությամբ։ Քրմապետները, զգեստավորված իրենց ամենահանդիսավոր ու շողշողուն թիկնոցներով, շրջում էին հպարտ կեցվածքով, իսկ կրտսեր քուրմերի նվազ վառվռուն հագուստները գույների մի իսկական հրավառություն էին ստեղծում մեծ լուսատուի ներքո։
Տղամարդիկ գործնական եռանդով նախապատրաստում էին զոհասեղանները, մինչդեռ կանայք՝ փոքրահասակ երեխաների ձեռքը բռնած, նրբագեղ ճեմում էին հրապարակում՝ աշխույժ զրուցելով ու գոհունակ հայացքներ նետելով շուրջբոլորը։ Մի փոքր հեռու, առանձին խմբերով կանգնած էին անառակները։ Նրանց գողունի ու գայթակղիիչ հայացքները թափառում էին տղամարդկանց վրայով՝ ուղեկցվելով կիսաձայն քչփչոցով։ Ժամանակ առ ժամանակ լսվում էին զսպված ծիծաղի ձայներ կամ բարձր, կրքոտ քրքիջ, երբ որևէ մեկը համարձակվում էր մոտենալ իրենց։
Վերջապես եկավ հանդիսավոր պահը։ Հազարավոր մարդիկ, որպես մեկ մարմին, հավաքվեցին սյունազարդ բարձրավանդակի առջև։ Բոլորի հայացքներն ուղղվեցին վերև, որտեղ հայտնվեց քրմապետ Ռոբովթը։ Նա դանդաղ բարձրացավ աստիճաններով՝ յուրաքանչյուր շարժումով ընդգծելով իր իշխանությունը։ Կանգ առնելով ամբիոնի մոտ՝ նա երկար ու խնամքով ուղղեց պաճուճազարդ, ոսկեթել նախշերով ու երկար թևքերով թիկնոցը։ Ապա, տպավորությունն ավելի զորեղ դարձնելու համար, նա լռեց ու հայացքը հառեց անամպ երկնքին՝ կարծես ուղիղ կապի մեջ լիներ տիեզերական ուժերի հետ։
-Արեգակը, լուսինն ու անհամար աստղերը… ահա՛ մեր աստվածները,-գոչեց Ռոբովթը՝ ձեռքերը տարածելով դեպի երկինք,-նրանք են խոսում մեր սրտերի հետ և մեզ հարյուրավոր դարերի օրհնություններ խոստանում։
Նա մի պահ լռեց՝ վայելելով ամբոխի հիացական լռությունը, ապա նորից բացականչեց.
-Տոնախմբություն է, ժողովո՜ւրդ։ Այսօր զոհաբերություններ ենք մատուցում մեծն Նեսերի պատվին։ Կերե՛ք, խմե՛ք ու վայելեք. այսօր տոն է, այսօր խնդություն է… խմիչք, խաղեր, գեղեցիկ աղջիկներ ու գեղեցիկ տղամարդի՜կ են մեզ սպասում։
Հսկա բազմությունն ալիքվեց, ինչպես փոթորկվող ծովը։ Օդը լցվեց հավանության ճիչերով ու տղամարդկանց բարձրաձայն գոչյուններով, որոնք ողջունում էին քրմապետի յուրաքանչյուր բառը։ Երեխաները, պոկվելով մեծահասակների ձեռքից, նորից նետվեցին իրենց խաղերի մեջ՝ անտեղյակ մեծերի արբեցնող աղմուկին։
Կերուխումը գնալով թեժանում էր։ Ուտելիքն անսպառ էր, գինին՝ առատ, և ոչ մի հոգս չէր ստվերում նրանց դեմքերը։ Սակայն ուրախությանը զուգահեռ՝ մթնոլորտը սկսեց ծանրանալ. Հայտնվեցին առաջին հարբածները, բռնկվեցին առաջին վիճաբանությունները, լսվեցին կոպիտ, հայհոյական բացականչություններ։
Այդ ընթացքում հաստաբուն ծառերի հովանու տակ հայտնվեցին երիտասարդների առաջին խմբերը։ Նրանք, զգույշ քողարկվելով սաղարթների թանձր ստվերում, համարձակ ու տռփալից հայացքներ էին նետում աղջիկների կողմը։ Իրար մեջ ինչ-որ բան քչփչալուց հետո նրանք բարձրաձայն կանչեցին.
-Աղջիկնե՛ր, այստե՛ղ… Այստեղ ավելի ուրախ է, եկե՛ք մեզ մոտ, գեղեցկուհինե՛ր։ Արագացրեք, Նաամա՜, Ադնա՜…
Աղջիկները, վարակված ընդհանուր անհոգությամբ ու ուրախ ծիծաղելով, մոտեցան տղաներին։ Շուտով նրանք բոլորը միասին անհետացան հսկայական, սաղարթախիտ ծառերի հետևում՝ բավականաչափ հեռանալով ամբոխից։ Զվարճությունները, կերուխումը, խաղերն ու վայելքներն իրենց ընթացքի մեջ էին։
Հանկարծ տոնախմբության թեժ աղմուկի ու խառնաշփոթի մեջ անսովոր ու տագնապալից իրարանցում սկսվեց։ Խրախճանքի ամենաթեժ պահին հևասպառ բանբերներ հասան հրապարակ՝ բերելով սարսափազդու մի լուր. հեռավոր այգեստաններում մարդկային զոհաբերություններ են սկսվել՝ աստվածների բարկությունը մեղմելու և նրանց քմահաճույքը գոհացնելու համար։ Սկզբում բազմությունը կասկածանքով ընդունեց լուրը, սակայն բանբերները պնդում էին՝ արյունը հոսում է, և զոհաբերությունները շարունակվում են…
-Գնացե՛ք և ասեք, որ անհապաղ դադարեցնեն,-կարգադրեց Ռոբովթը՝ փորձելով պահպանել խաղաղությունը,-այսօր մարդկային զոհաբերությունների կարիք չկա։ Մենք առանց դրա էլ կկարողանանք հանգստացնել աստվածների զայրույթը։
-Փառավո՜ր է ամեն ինչ,-կիսահարբած ձայնով արձագանքեց Ասերը՝ շարունակելով ամուր գրկած պահել աղջիկներին,-բայց կարծում եմ՝ այո՛, մարդկային արյունն այսօր ավելորդ էր։ Ինձ չլսեցին…
-Դաժա՛ն են Հարունի ցեղակիցները, անգութ ու վայրագ,-զայրացած փնթփնթաց Ռոբովթը՝ նայելով այգիների կողմը։
-Ապուշնե՜ր են,-ձայնակցեց Ասերը՝ անփույթ թափահարելով ձեռքը,-բայց եկեք չտխրենք։ Մի՛ թողեք, որ այդ լուրը փչացնի մեր քեֆը։ Կյանքը մի օր ավարտվում է, բայց այս պահին այն դեռ շարունակվում է… և այն այնքա՜ն գեղեցիկ է։ Իսկ հիմա գնացեք և հրամայեք, որ դադարեցնեն։

Խրախճանքը դեռ շարունակվում էր, երբ օդը հերթական անգամ պատռվեց սուր ճիչերի ու օգնության տագնապալից աղաղակներից։ Ձայներն այնքան ուժեղ էին, որ անգամ հարբած ամբոխի աղմուկը մի պահ լռեց։ Ռոբովթը, իր օգնականների ուղեկցությամբ, ամբողջ թափով վազեց դեպի փոքրիկ տաճարը, որտեղից լսվում էին հարվածների խուլ ձայներ ու կատաղի հայհոյանքներ։
Երբ քրմապետը հայտնվեց տաճարի շեմին, վիճաբանողները քարացած կանգ առան։
-Ինչո՞ւ եք վիճում այս սրբազան օրը,-որոտաց Ռոբովթը, և նրա ձայնը արձագանքեց տաճարի պատերի մեջ,-ովքե՞ր են մեղավորները, թո՛ղ ինձ մոտենան։
Բազմության միջից գլուխները կախ առաջ եկան Մենդոքի և Սահուրի ցեղապետները։ Նրանց հագուստները պատառոտված էին, իսկ ձեռքերը՝ արյունոտ։
-Մենք… մենք պարզապես փորձում էինք պարզել, թե ում աստվածն է ավելի ուժեղ ու սրբազան,-կմկմաց Սահուրը՝ խուսափելով քրմապետի հայացքից։
-Այդպե՞ս եք պարզում… և պարզեցի՞ք,-հեգնանքով հարցրեց Ռոբովթը։
-Տաքացանք, տե՛ր իմ,-ձայն տվեց Մենդոքը,-գինին ու նախանձը մեզնից ուժեղ գտնվեցին։ Մեղավոր ենք։
-Պատմե՛ք ամեն ինչ,-խիստ կարգադրեց Ռոբովթը։
-Երկուսը մահացել են… տասնյակ վիրավորներ կան տաճարի ներսում։
-Անմիտնե՛ր, տոնը տխրության վերածեցիք,-զայրացած փնթփնթաց քրմապետը,— անհապաղ դադարեցրե՛ք այս խայտառակությունը։
Նրա հրամանով արագորեն հեռացրին դիակները, դուրս բերեցին տնքացող վիրավորներին և ջրով լվացին գետնին լճացած թարմ արյունը։ Չնայած կատարվածը մի պահ մթագնեց տոնի ուրախությունը, կարճ ժամանակ անց խրախճանքը վերսկսվեց է՛լ ավելի մեծ, խելագար ոգևորությամբ։ Արյան հետքերը մաքրված էին, բայց օդում շարունակում էր մնալ մահվան հոտը։

Անցավ ևս մի քանի օր, սակայն տոնախմբության թափը չէր մարում, թեև օդում ինչ-որ անբացատրելի ու ճնշող բան էր փոխվել։ Վերջապես, քրմերից մեկը, չկարողանալով զսպել ներքին տագնապը, մոտեցավ քրմապետին.
-Տիրակա՛լ, մարդիկ անհանգստանում են։ Ասում են՝ երկինքն անսովոր գույն է ստացել, իսկ օդը դարձել է ծանր։ Ի՞նչ է կատարվում։ Այսպես երբեք չի եղել․․․Արդյո՞ք պետք է շարունակենք տոնախմբությունը, թե՞ ժամանակն է ավարտել ծեսերը։
-Ռոբովթը, պահպանելով իր վեհաշուք հանդարտությունը, պատասխանեց.
-Վախենալու ոչ մի առիթ չկա, իսկ ինչ է եղել, ինչո՞ւ եք վախեցել։ Հարյուրավոր տարիներ մենք այսպես ապրել ենք, և բնությունն իր օրենքներով անշարժ է։ Եթե անգամ փոփոխություն լինի, ապա միայն դեպի լավը։ Գիտնականները հաստատում են՝ մարդկությունն առաջադիմում է ու զարգանում, իսկ աստվածները մեզ հետ են։
Ավարտելով իր «հուսադրող» ճառը՝ նա վստահ ուղղեց հագուստի ծալքերը և հայացքը հառեց ներկաներին։ Քրմերը, խոնարհաբար գլուխ տալով, դուրս եկան։ Ռոբովթը զգաց իրեն ուղղված ծածուկ, հարցական հայացքներ, սակայն այլևս ոչինչ չասաց։ Նրա ներսում նույնպես անսովոր զգացողություն էր հայտնվել։ Ամպերն այնուամենայնիվ գորշ տեսք էին ընդունել։
Տաճարի մոտ ավելի ու ավելի շատ մարդիկ էին հավաքվում։ Նրանք հույսով ու սպասումով նայում էին իրենց ղեկավարներին՝ փնտրելով տրամաբանական որևէ բացատրություն, սակայն, հուսախաբ ու գլխահակ հեռացան։ Թեպետ ուրախությունը շարունակվում էր, սակայն հաջորդ օրը երկինքը միանգամից մթնեց, այնտեղից ընկան ջրի առաջին, անսովոր խոշոր ու ծանր կաթիլները։ Դրանք նման չէին ցողին, հարվածում էին մաշկին՝ սառը ու սպառնալից։ Գիտնականները փորձում էին հասկանալ, ինչ է կատարվում, չէ որ մինչ այդ այսպիսի բան չէր եղել։
Զգալով, որ վեճերն ու գիտական բացատրություններն այլևս անիմաստ են դառնում, և տեսնելով բացատրության համար իրեն ուղղված հազարավոր սպասողական հայացքները, Ռոբովթը կայացրեց իր կյանքի ամենադժվար որոշումը։ Նա որոշեց գնալ Նոյի մոտ։ Միգուցե այդ «մոլորյալ» ծերունին իսկապե՞ս մի բան գիտի երկնքից թափվող այս անսովոր ջրի մասին, որ աստիճանաբար թափ էր հավաքում։

Ընդարձակ հարթավայրում հսկայական բազմություն էր հավաքվել։ Նրանք նայում էին գեղեցիկ կառուցված նավին․ այն անսովոր, սակայն հոյակապ տեսք ուներ՝ փայտանյութի աճելի հոտ էր տարածված օդում։
Հանկարծ տեղի ունեցավ անսպասելին։ Հավաքվածների ապշած հայացքների ներքո Նոյի ընտանիքը՝ Սեմը, Քամը, Հաբեթն ու նրանց կանայք, հանդիսավոր ու լուռ քայլերով մոտեցան տապանին։ Ամեն ինչ կատարվեց վայրկյանների ընթացքում։ Մարդիկ դեռ չէին հասցրել գիտակցել ինչ է կատարվում, երբ նկատեցին․․․ լուսափայլ, անսովոր մի էակի։
Հրեշտա՜կ է-սարսափի ու հիացմունքի ձայներ լսվեցին․․․
Լուսափայլ էակը անաղմուկ ու սահուն փակեց տապանի ծանր դուռը։
Տեսարանն այնքան վեհ էր ու սարսափազդու, որ շատերը երկյուղած ծնկի եկան հենց տաշեղների վրա։ Ռոբովթն ու Ասերը քարացած նայում էին տապանին։
-Հա՛յր,-լռությունը խզեց Ռոբովթի դստեր ձայնը. նրա աչքերում վախն ու հանդիմանությունը խառնվել էին իրար,-ի՞նչ է կատարվում։ Դու բացատրություն ունե՞ս այս ամենին։
-Ոչինչ մի՛ ասա, աղջիկս, խնդրում եմ,-հազիվ լսելի շշնջաց Ռոբովթը, զգալով սեփական անզորությունը,-ես… ես դեռ ոչինչ չեմ հասկանում։
Այդ պահին նա նկատեց, որ Ասերը՝ նախկինում այդքան անհոգ ու հեգնող Ասերը, ծնկի է եկել ու աղոթում է։
-Ասե՛ր… դու ո՞ւմ ես աղոթում,-ապշած հարցրեց քրմապետը։
-Այն Աստծուն, որի գոյության կասկածել եմ,-պատասխանեց Ասերը՝ առանց հայացքը երկնքից կտրելու,-այն Աստծուն, Ով բերում է այս անձրևը։
-Անմի՜տ,-մրթմրթաց քրմապետը։
Նրանք դեռ երկար կանգնեցին այդտեղ՝ հորդացող անձրևի տակ, սպասելով, որ տապանի դռները նորից կբացվեն, որ Նոյը դուրս կգա ու կփարատի իրենց կասկածները։ Սակայն դուռն այդպես էլ չբացվեց։
Հրապարակն աստիճանաբար դատարկվում էր։ Մարդիկ լուռ հեռանում էին, համակված տագնապալի զգացումներով։ Հեռացավ նաև Ասերը։ Ռոբովթը փորձեց գրկել աղջկան, հայրական ջերմությամբ պաշտպանել նրան անհայտությունից, սակայն աղջիկը կտրուկ ու սառը շարժումով հեռացրեց հոր ձեռքը։
-Ես ասում էի քեզ, որ հարկավոր է լսել Նոյին,-նա ինչ-որ բան գիտեր, հո անմիտ չէր, արդեն 120 տարի կառուցում է այս հոյատեսիլ ու ամրակուռ նավը։ Նայիր միայն, ինչ շքեղ ու ամուր տեսք ունի։
-Աղջի՛կս…-խզված ձայնով կանչեց հայրը,-այս տարօրինակ ջրերը շուտով կկտրվեն, հո հավերժ չեն թափվելու։
-Մենք ոչինչ չգիտենք, իսկ նրանք այս նավում իրենց ապահով են զգում։
Հայրը ոչինչ չպատասախանեց․ նա մոլորված անհետացավ մթնշաղի ու առաջին անձրևի մեջ։

Օրերն անցնում էին անիմաստ ու տենդագին քննարկումների մեջ, մարդիկ արդեն գիտակցում էին իրենց կատարյալ անզորությունը։ Անձրևն անողոքաբար ուժեղանում էր՝ դառնալով մի հսկայական, մթագնած վարագույր, ստիպելով դադարեցնել ոչ միայն տոնախմբությունները, այլև սովորական աշխատանքները։ Իրենց կամքից անկախ, վերջին հույսով շատերն էին քայլերն ուղղում դեպի տապանը՝ հաղթահարելով քամին ու հորդառատ ջրերը։
Այնտեղ արդեն հարյուրավոր մարդիկ էին հավաքվել։ Ամբոխը, որը ժամանակին ծաղրում էր ծերունուն, այժմ բարձրաձայն բղավում էր.
-Նո՛յ, բա՛ց արա դուռը… մի բան ասա, ինչ է կատարվում, սխալվել ենք, Նո՛յ, ների՛ր մեզ, խոսիր…
Սակայն նրանց աղաղակներին պատասխանում էր ահասարսուռ լռությունը։ Ժամեր շարունակ մարդիկ կանգնում էին ջրի մեջ, մինչև հուսալքությունը ստիպում էր նրանց գլխահակ ետ դառնալ։
Անցան սպասումի ու անորոշության ևս մի քանի օրեր։ Անձրևն արդեն վերածվել էր կատաղի հեղեղի, որը կարծես դադարելու մտադրություն չուներ։ Երկնքի պատուհանները բացվել էին, և ջուրը հեղեղում էր ամեն ինչ։ Սարսափահար մարդիկ չգիտեին՝ ուր փախչել. ջուրն արդեն ներխուժել էր նրանց շքեղ տները, ողողել տաճարներն ու այգեստանները։ Այլևս ոչ մի տեղ ապահով չէր։
Մարդիկ շարունակում էին խմբերով, անորոշ հույսով շինհրապարակ գնալ։ Նրանք կարոտաբաղձ հայացքներով հետևում էին, թե ինչպես է հսկայական նավը, որը ժամանակին անշարժ էր թվում, թույլ օրորվում ու ճոճվում բարձրացող ջրերի երեսին։ Նա նմանվում էր մարտին պատրաստվող անհամբեր ռազմիկի։

Նոյի ընտանիքը վերջնականապես հաստատվեց տապանում։ Տասնյակ տարիներ կառուցել էին տաապանը մեծագույն խնամքով ու ջանասիրությամբ, պատերը հուսալի էին. ջրի ամենափոքր կաթիլն անգամ ներս չէր թափանցում։ Վերևի նեղ պատուհանից երևում էին միայն երկնքից ցած թափվող անձրևի հսկայական շիթերը։ Ինչ էր կատարվում դրսում՝ ջրային քաոսի մեջ, անհնար էր գուշակել։ Նրանց մնում էր միայն սպասել։
-Զավակնե՛րս,-դիմեց Նոյը որդիներին։
Տագնապի, անորոշության ու վախի յոթ զույգ աչքեր ուղղվեցին Նոյին։
-Մենք պետք է սպասենք… Միայն սպասենք և վստահենք Աստծուն։
-Հա՛յր,-խոսեց Քամը, և նրա ձայնի մեջ կարելի էր հեգնանք որսալ-իսկ ինչի՞ն ենք սպասում։ Միգուցե Աստված մոռացե՞լ է մեզ այս փայտե տուփի մեջ… արդեն որերո՜րդ օրն է, ինչքա՞ն կբավականացնեն ուտելիքի մեր պաշարները, եթե այս մղձավանջը չավարտվի։
Նոյը խաղաղ հայացքով նայեց որդուն.
-Ինչքան Աստված կկամենա, որդի՛ս։ Դու այդ ո՞ւմ մասին ես խոսում։ Աստծո առջև բաց են տիեզերքի անսահման երկինքները և մարդկային բոլոր ծածուկ խորհուրդները։ Մի՞թե դու կասկածում ես Նրա խոսքին։
-Նա միայն քեզ հե՞տ է խոսում, հա՛յր,-շարունակեց Քամը՝ չնահանջելով,-մի՞թե մենք այնքան անարժան ենք, որ մեզ հետ չի հաղորդակցվում… Իսկ միգուցե այդ ամենը միայն թվացե՞լ է քեզ։
-Տղա՛ս,-Նոյի ձայնը հնչեց հանդիսավոր ու վճռական,-եթե թվացյալ էր, ապա ինչպե՞ս կբացատրես այս հսկայական կառույցը, որի վրա աշխատեցինք հարյուր քսան տարի… Ինչպե՞ս կբացատրես այս անդադար հեղեղն ու այն, որ մենք հիմա այստեղ ենք՝ ապահովության մեջ, և ոչ թե դրսում՝ կատաղի ջրերի գրկում։
Տապանում երկյուղած ու ճնշող լռություն տիրեց։ Քամը, զգալով Սեմի ու Հաբեթի զննող ու դատապարտող հայացքները, այլևս ոչինչ չասաց։ Նա դանդաղ մոտեցավ կնոջը և ամուր գրկեց նրան՝ կարծես պաշտպանություն փնտրելով կամ փորձելով թաքնվել սեփական կասկածներից։

Հուսահատ ու տենդագին քննարկումները շարունակվում էին քաղաքի ամենաբարձր տաճարում, որը ցամաքային վերջին ապաստանն էր, երբ հանկարծ մի ահարկու ճայթյուն որոտաց, որ կարծես գալիս էր հենց երկրի ընդերքից։ Հսկայական շինության հիմքերը սասանվեցին, պատերը ցնցվեցին, և բոլորի աչքի առաջ Հռոթ աստծո վիթխարի արձանը պոկվեց պատվանդանից, շուռ եկավ ու գետնին բախվելով՝ փշուր-փշուր եղավ։
Ներկաները տագնապահար ու սառած հայացքներով նայեցին իրար։ Ավագ գիտնական Հոնսենը, ով մինչ այդ վստահ վարում էր ժողովը, գունատվեց ու բացականչեց.
-Սա… սա ի՞նչ էր…-ապա, զգալով իրեն ուղղված մեղադրական հայացքները, կմկմաց․
-Ինձ այդպիսի հայացքով մի՛ նայեք, ես ամեն ինչ չէ, որ գիտեմ։
-Իսկ ուրիշ ի՞նչ գիտես, բացի դատարկ ճամարտակելուց,-չկորցնելով իրեն՝ նետեց Մառլոն։ Նա այն քչերից էր, ով միշտ թաքուն հավատք էր տածել առ Աստված և այժմ այլևս լռելու պատճառ չուներ։-Հը՞, սա քեզ փաստ, Հոնսե՛ն։ Դե ասա՛, տեսնենք՝ սա ինչպես կբացատրես։ Ինձ անընդհատ քննադատում էիք ու լռեցնում, երբ փորձում էի զգուշացնել։ Դե հիմա պատասխա՛ն տվեք, մեկդ մյուսիցդ ապուշներ, խոսե՜ք…
Ոչ ոք չպատասխանեց։ Տաճարում տիրեց մի անհարմար ու ծանր լռություն, որը միայն ընդհատվում էր պատերի արանքից ներս խուժող ջրի խոխոջյունով։ Վերջապես գիտնականներից մեկը, այլևս չդիմանալով, գոչեց.
-Զահրումա՛ր է, ինչ է… Կիմանանք էլի՛, կամ բոլորս կսատկենք այս ջրերում, բացի Նոյից ու իր ընտանիքից։ Դո՛ւրս գանք այստեղից… Գնանք Նոյին հարցնենք, նա հաստատ մի բան կիմանա։ Ուժո՛վ կբացենք տապանի դուռը, կստիպենք, որ մի բան պատասխանի…
Բոլորն արագ ու քաոսային շարժումներով լքեցին ջրով լցվող դահլիճը՝ վերջին անգամ հայացք նետելով իրենց աստծո կոտրված գլխին, որն այժմ անօգնական լողում էր պղտոր ջրերի երեսին։
Այլևս քննարկումների կամ դատարկ վեճերի ժամանակ չկար։ Խուճապը տիրել էր բոլորին։ Ոմանք առաջարկում էին բարձրանալ լեռները՝ հուսալով, որ այնտեղ դեռևս ցամաքի մի կտոր կգտնեն։ Բայց արդյո՞ք կբավականացներ նրանց ուժը հաղթահարելու մոլեգնող հողմը և ճեղքելու կատաղի հեղեղատները։ Լուրեր էին պտտվում, թե շատերն արդեն փորձել են բարձրանալ, բայց նորից ետ են գլորվել։ Ոմանք էլ, բանականությունը կորցրած, մագլցում էին դարավոր ծառերը՝ այնտեղ փրկության չնչին ելք որոնելով։ Սակայն վայրագ քամին այնպես էր տարուբերում ծառերը, որ մարդիկ կա՛մ ընկնում էին ցած ու ջախջախվում, կա՛մ սարսափահար հետ վերադառնում։
-Նո՛յ,-հուսահատ բղավեց Հոնսենը՝ հեղեղի աղմուկի մեջ,-բա՛ց արա դուռը, խոսի, ասա մեզ՝ ինչ է կատարվում։
Միակ պատասխանը տապանի անդրդվելի լռությունն էր։ Նրանք շարունակեցին բախել փայտե հսկայական պատերը, բայց դուռն այդպես էլ չբացվեց։
Բոլորի հայացքներն ուղղվեցին դեպի Հոնսենը։ Գիտնականը ջղագրգիռ շարժումներ էր անում, նրա մոլեգին հայացքը թափառում էր այս ու այն կողմ։ Ապա, կարծես կարդալով ամբոխի հուսահատ միտքը, նա որոշում կայացրեց.
-Ջարդե՛ք դուռը։
Մի քանի ուժեղ տղամարդիկ, կարծես հենց այդ հրամանին էին սպասում։ Կացինները ձեռքներին՝ նրանք վայրագ թափով հարձակվեցին տապանի վրա։ Թվում էր, թե այդ հսկայամարմին տղամարդկանց մոլեգին հարվածներից անգամ ժայռը կփշրվեր, և դուռը պետք է տեղի տար։ Սակայն ամբոխը զուր էր հույսով նայում։ Գերամուր, սրբազան խեժով պատված և հրեշտակի երկնային ձեռքով փակված դռան վրա նույնիսկ քերծվածքներ չհայտնվեցին։ Հարվածները խուլ արձագանքում էին, բայց տապանը մնում էր որպես ջրային անդունդի մեջ անսասան կանգնած փրկության պատվար։
Նրանք շարունակեցին հարվածել այնքան ժամանակ, մինչև ուժասպառ ու հուսաբեկ կանգ առան։ Ապա հայացքները վերջին հույսով հառեցին Հոնսենին, ում «հզոր գիտությունը» պարզվեց՝ անզոր է մի փայտե դռան առաջ։
-Տարօրինակ է, իսկապես տարօրինակ է…-մրթմրթաց Հոնսենը՝ ապշահար շոշափելով տապանի պատերը,-այս նավը հարյուրից ավել տարի է կառուցել, ո՞վ գիտի՝ ինչպիսի՜ գաղտնի նյութեր ու հնարքներ է օգտագործել։ Բայց հիմա… հիմա ի՞նչ կարող ենք անել։
-Ա՜խ, Նոյ, դու մի բան գիտեիր, քեզ ասել էին, չէ՞…-հառաչեց ավագ քուրմ Ամվոնը՝ հայացքը հառելով փակ դռանը,-ինչո՞ւ քեզ չլսեցինք, ինչո՞ւ ականջ չդրեցինք քո զգուշացումներին։
Հոնսենի շուրջը հավաքվածները կատաղած ու ատելությամբ լի հայացքներով նայեցին գիտնականին։
-Ապո՛ւշ…-լսվեց ամբոխի միջից մի խլացած ձայն։
-Գիտնակա՜ն… ստախո՜ս…-լսվեցին բարկացած բղավոցներ այս ու այն կողմից։ Նրանք, ովքեր ժամանակին ծափահարում էին նրան, այժմ նրա մեջ իրենց կործանման մեղավորին էին տեսնում։ Երկու աժդահա տղամարդիկ սպառնալից մոտեցան Հոնսենին։ Գիտնականը զգույշ ետ-ետ գնաց, ապա փախուստի դիմեց։

Ճայթյունները գնալով հաճախակի ու ահարկու էին դառնում։ Կայծակները ճեղքում էին սևաթույր երկինքը՝ վայրկենական լուսավորելով սարսափելի տեսարանները։ Անձրևն այլևս ոչ թե իջնում էր, այլ հորդում էր որպես մի հսկայական ջրհեղեղ, որն իր ճանապարհին սրբում էր ամեն բան։
-Բարձրանանք ամենաբարձր ծառերին ու կապենք մեզ ճյուղերին, երեխաներին էլ հետներս… մնանք այնտեղ, մինչև հեղեղը դադարի,-առաջարկեց Սեմդան հուսահատ,-ավելի խելամիտ ոչինչ չեմ կարող մտածել։
-Կարող ենք կապվել կենդանիներին ու նրանց հետ բարձրանալ լեռների ամենաբարձր գագաթները,-հավելեց Հոռին՝ տեսնելով, թե ինչպես են վայրի գազանները բնազդաբար դեպի բարձունքներն ուղղվում։
Մարդիկ փորձում էին ամեն բան, կառչում էին ցանկացած պատրանքից՝ ահավոր աղետից փրկվելու համար, սակայն ոչ մի տեղ ապաստան չկար։ Տների ներսում ջուրն արդեն հասնում էր առաստաղներին, իսկ դրսում մոլեգնում էր մահը։ Փրկության ոչ մի հույս չկար։ Ջուրը շարունակում էր ահռելի ուժով հորդել ոչ միայն երկնքից, այլև գետնի տակից։ Ժամանակ առ ժամանակ երկրի ընդերքը ճեղքվում էր, և օդ էին նետվում հսկայական ժայռաբեկորներ՝ ուժգին հարվածելով մարդկանց ու փշրելով այն ամենը, ինչ դեռ կանգուն էր մնացել։
Սարսափն այլևս սահմաններ չուներ. ջրի երեսին հայտնվեցին առաջին դիակները՝ որպես մոտալուտ վախճանի անլեզու վկաներ։ Քաղաքի փառահեղ շինությունները, մշտադալար այգիներն ու պուրակները մեկը մյուսի հետևից անհետանում էին պղտոր հորձանուտի տակ։ Կուռքերի վիթխարի արձաններն ու արյունոտ զոհասեղանները փշրվում էին կայծակի մոլեգին հարվածներից՝ վերածվելով անպետք քարաբեկորների։
Սարսափելի տեսարանները հաջորդում էին մեկը մյուսին։ Ավելի թույլերը ջրախեղդ էին լինում առաջին իսկ ալիքներից, ոմանք սարսափից ուշաթափվում էին ու անհետանում ջրի հորձանքում, շատերը մնում էին սեփական տների փլատակների տակ, որոնք ժամանակին իրենց ամրոցն էին թվում։ Ամենուր մարդկային սրտաճմլիկ աղաղակներ էին, լացուկոծ ու անեծքի ձայներ։ Սակայն ամենասարսափելին երեխաների աղեկտուր լացն էր ու մայրերի հուսահատ ողբը, որը խլացնում էր անգամ որոտի ձայնը։
Ոմանք, կորցնելով բանականության վերջին նշույլները, ծնկի էին գալիս տապալված կուռքերի առջև ու փրկություն աղերսում։ Բայց կուռքերն իրենք էին ջախջախվում հսկայական ժայռաբեկորների ու կայծակների հարվածներից՝ իրենց ծանրության տակ թաղելով հավատացյալների մարմինները։
Հուսահատների մի խումբ նորից նետվեց դեպի տապանը։ Նրանք կատաղած հարվածում էին դռանը, փորձում ուժով բացել այն, սակայն անօգուտ։ Մի քանիսը սկսեցին մագլցել տապանի գագաթը՝ հուսալով այնտեղ փրկություն գտնել, սակայն նավի ուժգին ցնցումներից մրջյունների նման ցած գլորվեցին ու անհետացան փրփրացող ջրերի մեջ։
Ողբը, հոգևարքի ճիչերն ու անհույս աղերսանքները միախառնվել էին մի ընդհանուր մղձավանջի մեջ։ «Մեր աստվածները մոռացե՜լ են մեզ,-հուսահատ աղաղակում էին ոմանք՝ նայելով իրենց կոտրված արձաններին։-Աղոթե՛ք Նոյի Աստծուն,-հնչում էին հատուկենտ, թույլ ձայներ բազմության միջից,-միայն Նա՛ կարող է փրկել…
Անձրևը շարունակում էր հորդել՝ ոչնչացնելով վերջին ձայներն ու վերջին հույսերը։

Տապանում լարվածությունը հասել էր իր գագաթնակետին։ Վերջին պահին, նախքան հրեշտակը կփակեր դուռը, տապան մտած կենդանիներն անհանգիստ ցնցվում էին իրենց խցերում՝ դիպչելով պատերին ու խուլ մռնչալով։ Հանկարծ մի հզոր հարված սասանեց հսկայական նավը։ Կանայք սուր ճչացին՝ կառչելով պատերից ու իրարից։
-Հա՛յր,-տապանը շարժվո՞ւմ է..․-կարծես անդունդի խորքից լսվեց Հաբեթի խուլ ձայնը,-տապանը շարժվո՜ւմ է…
Հսկայակն տապանը դանդաղ ու վսեմաշուք պոկվեց գետնից, որի վրա կանգնած էր ամբողջ հարյուր քսան տարի։ Ջրի անհավանական ուժը բարձրացրեց նավը՝ այն վերածելով լողացող, փրկության կղզյակի։
-Աստված խոստացել է, որ պետք է փրկվենք,-որոտաց Նոյը, հանդիսավոր երկյուղածությամբ,-տապանը շարժվո՜ւմ է… Օ՜, Արարիչ, Քո կամքը լինի․․․զավակներս, կանայք, եկեք աղոթենք։
Ութ զույգ ծունկ ներդաշնակ ծնկի եկավ։
Տապանում երկյուղած լռություն տիրեց, լսելի էր Նոյի երկյուղած աղոթքը, մարդկանց սրտերի տագնապահար բաբախյունը։ Բոլորի հայացքներն ուղղվեցին վերև. նեղ պատուհանից այլևս ոչինչ չէր երևում, բացի երկինքը ծածկած սև ու ահարկու ամպերից, որոնք երկիրը վերածել էին ընդարձակ օվկիանոսին։
Սկսվել էր աշխարհակործան ջրհեղեղը։
Տապանում գտնվելու յոթերորդ օրն էր։ Դրսում՝ ջրային մղձավանջի մեջ աստիճանաբար մարեցին վերջին աղաղակներն ու վերջին աղերսանքները։ Մարդկային աղեկեզ ողբն ու հոգևարքի ճիչերը խլացան ջրային անդունդի հորձանուտների տակ։ Երկրի վրա մահացու ու ծանր լռություն իշխեց։
Աստվածային բարկությունը կույր կատաղությամբ կլանեց հոյակերտ քաղաքներն ու բարձրավանդակ տաճարները՝ ոչնչացնելով հպարտ մարդկության հազարամյա քաղաքակրթությունը։ Երկիրը դարձել էր անհատակ, մոլեգնող ջրերի անհատակ անդունդ, որի փրփրալից, անսահման ալիքներն էր ճեղքում փոքրիկ մի նավ՝ կենդանացնելով մարդկության վերջին հույսը, որպես կյանքի ու աստվածային լույսի առհավատչյա։ Նա սլանում էր դեպի հավերժության խորհրդավոր, դեռևս անհայտ հորիզոնները։

Խորհրդավոր ձեռքն այս անգամ բացեց տապանի դուռը։ Մարդկային փոքրիկ խումբը դուրս եկավ այնտեղից, իրեն գտնելով անծանոթ ու վեհաշուք լեռան գագաթին։ Նրանց ետևից դուրս վազեցին կենդանիների խմբերը և տարածվեցին լեռան լանջերին։ Մարդիկ հոգնատանջ, բայց ակնածանքով լի հայացքներով ընդգրկեցին հորիզոնը. արևի պայծառ շողերը դուրս էին սահել գորշ ամպերի թանձր ծածկոցից՝ ողողելով աշխարհը ոսկեզօծ լույսով։ Ներքևում՝ անդունդների մեջ երևում էին ջրով ծածկված հովիտները, որոնց երեսին լողում էին անցյալ աշխարհի մնացորդները՝ ծառեր, կոտրտված շինություններ և աղետից խեղդվածների անշունչ մարմինները։
«Որևէ մեկը կարո՞ղ էր կենդանի մնալ այս աշխարհակործան պատուհասից»․ այս հարցը լուռ արձագանքում էր բոլորի մտքում։
Արարատ լե՜ռն է,-հանկարծ, սուրբ ներշնչվածությամբ բացականչեց Նոյը՝ ձեռքերը տարածելով դեպի լեռնագագաթները,-Արարատ լեռա՜ն վրա ենք մենք։
-Հա՛յր,-միաժամանակ բացականչեցին բոլորը՝ մատնացույց անելով երկինքը,-այն ի՞նչ է։
Երկնակամարում, դեռևս խոնավ օդի մեջ փայլատակում էր աննկարագրելի, պայծառ ու շլացուցիչ բազմագույն աղեղը։ Այն կապում էր երկիրը երկնքին՝ շողարձակելով շլացուցիչ նրբերանգներով։
-Ծիածան…-աչքերը փակ, հուզմունքից դողացող ձայնով արտաբերեց Նոյը․․․-Աստված խոսեց մեզ հետ, զավակնե՛րս,-զոհասեղան պատրաստենք։ Մենք ողջակեզ պիտի մատուցենք ամեն մաքուր կենդանուց ու թռչունից՝ ի նշան աստվածային հավատարմության և մեր փրկության։
Արարատի բարձրաբերձ գագաթին աշխարհի նոր կյանքի առաջին օրն էր։ Հին աշխարհն անհետ մնացել էր ներքևում, ազդարարելով նոր աշխարհի արևածագը։

Ալեհեր Նոյը հոգնատանջ բազմել է գահավորակին, մտքերից ալեկոծված․․․-հեռանում եմ…-թախծոտ, խաղաղ շշուկը արձագանքեց ականջներում․-հեռանում եմ, եթե Աստված դեռևս չի գալիս, ես եմ գնում Նրա մոտ»։
Ապա դիմեց որդիներին․
-Այստեղի՜ց սկսվեց մարդկության երկրորդ ծնունդը… Ապա ուղղվեց դեպի որդիները,-եկե՛ք, որ օրհնեմ ձեզ, զավակնե՛րս,-ասաց նա հանդիսավոր,-ես արդեն կշտացել եմ օրերից։ Իմ հեռանալու ժամանակն է։
-Հա՛յր…-միաբերան բացականչեցին նրա առջև խոնարհված Սեմը, Քամն ու Հաբեթը։ Նրանց ձայնի մեջ որդիական անկեղծ ու անամոք ցավ հնչեց։ Իսկ հարսները՝ արցունքն աչքերին, անթարթ նրան էին նայում էին նրան՝ կարծես չկամենալով բաժանվել տոհմի նահապետից ու հենարանից։
-Մի՛ լացեք, զավակնե՛րս։ Կգա Հավիտենականը և նոր կյանք կտա երկրին։ Մենք բոլորս այնտեղ կլինենք…-Նա ձեռքը պարզեց դեպի կրտսեր որդին․
Մոտ եկ, Հաբեթս… բե՛ր ինձ մոտ իմ հրաշալի թոռ Թորգոմին։
Հաբեթն ու Թորգոմը մոտեցան նահապետին։ Նոյի հայացքում պայծառ ներշնչանք բռնկվեց, նա բարձրացրեց երկու ձեռքերը․
-Օրհնում եմ քեզ… քեզնից մեծ ազգ է սերվելու, Թորգոմս,-հանդիսավոր ու մարգարեական շնչով արտաբերեց Նոյը,-դու մեծ ազգի նահապե՛տ ես լինելու, իմ հրաշամանուկ։ Քո սերունդները դարերի խորքն են հասնելու, և քեզնից է ծնվելու Արարատի մեծ ու անկոտրում ազգը։
Նոյը հոգնաբեկ, բայց գորովանքով շոյեց շիկահեր ու գանգրահեր թոռան գլուխը։ Դրսում նրա որդիները՝ Սեմը, Քամն ու Հաբեթը, լուռ պատրաստություն էին տեսնում վերջին հրաժեշտի համար։
Նոյը դանդաղ փակեց աչքերը։ Խոր լռություն տիրեց։ Կանայք քարացած հայացքներով շարունակում էին նայել նահապետի անշարժացած, խաղաղ դեմքին։
Երկյուղած լռությունը խախտեց Թորգոմը։ Նա մոտեցավ եղբորը՝ Ասքանասին, և նրանք հայացքով կանչեցին Սեմի փոքր զավակին՝ Արփաքսադին, ով աննկատ մոտեցել էր նրանց։ Երեք երախտավորները՝ նոր աշխարհի ապագա առաջնորդները, երկյուղածությամբ ու պատվով բարձրացրին Աստծո հավատարիմ ծառայի մարմինը։
Ջրհեղեղից անցել էր 350 տարի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *