Նարե Հովհաննիսյան | Երկու բաժակ սուրճ

2025-ի հունիսին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հատուկ դասընթացների ու աշխատարանների ծրագրի շրջանակում Աշոտ Ստեփանյանը Կողբում վարեց «Կայծակնային արձակ» աշխատարանը։ Ուսանողները խորացան արագ, խտացված ստեղծագրության առանձնահատկությունների մեջ՝ սովորելով դրամատիկ ու կայծակնային ավարտել իրենց սկսած աշխատանքը։
Դասընթացի նպատակն էր ցույց տալ, թե ինչպես կարելի է մեկ շնչով կարդացվող պատմության մեջ ստեղծել ամբողջական աշխարհ, կերպար և տրամադրություն։ 
Ձեզ ենք ներկայացնում նրանց արդյունքները՝ անկեղծ, անմիջական և ստեղծագործական առաջին փորձերը, որոնք լավագույնս արտացոլում են երիտասարդ ուսանողների երևակայությունը։

Հեղինակի մասին. Ծնվել եմ 2007 թվականին՝ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում։ Սովորում եմ Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։ Տվյալ ստեղծագործությունը 2025-ի հունիսին Կողբում կայացած «Կայծակնային արձակ» աշխատարանի արդյունքն է։

Երկու բաժակ սուրճ

Ես այսօր նորից շուտ արթնացա։ Չէ՛, արթնացրեցիր, երևի, որ լույսը բաց թողեցի քո սենյակում։ Դու միշտ զգայուն էիր լույսի հանդեպ։ Քո վարագույրները չփակեցի… Կներես։

Վեր կացա, գնացի խոհանոց։ Երկու բաժակ սուրճ՝ մեկը դառը, մյուսը՝ քիչ շաքարով՝ քեզ համար։ Ասում էիր՝ հրաժարվելու եմ վերջնական, բայց դե, քեզ ճանաչելով, վստահ եմ, որ չէիր էլ պատրաստվում։ Չէիր սիրում, երբ քո բաժակն առանց սուրճի էր մնում, նույնիսկ եթե չէիր հասցնում խմել։

– Մա՜մ,- ձայն տվի, որ գաս սուրճդ խմես… Չպատասխանեցիր։ Երևի քնած էիր։ Միշտ էլ սիրում էիր երկար քնել կիրակի օրերին։

Շենքի տակի փռից տաք հաց գնեցի։ Վաճառողուհին քո մասին հարցրեց։ Ասացի՝ լավ է։ Բայց դու չէիր սիրում, երբ սուտ էի ասում։ Նորից կներես։

Տանը նույն լռությունն էր։ Քո բազկաթոռին չնստեցի, բայց ուղղեցի վրայի սպիտակ շորը։ Հացը տարա խոհանոց։ Բաժակդ դեռ սեղանին էր։ Սուրճդ սառել էր։ Թողեցի սեղանին։ Հետո, չգիտեմ ինչու, լվացի։ Զգույշ, ասես թանկարժեք իր, որ ինձ էր վստահված։

Քո սենյակի դուռը փակ էր։ Չբացեցի։ Ոչ մի պատճառ չունեի բացելու։

Վաղը նորից կիրակի է լինելու։ Եվ նորից ես երկու բաժակ սուրճ եմ դնելու։ Մեկը՝ ինձ համար։ Մյուսը՝ չգիտեմ…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *