Ռուդի Ֆրանցիսկո | Ես կթռչեմ հեռու

Իմ ծնողները
հեռավորության վրա հարաբերությունների մեջ էին՝
ավելի քան 30 տարի,
բայց նրանք նույն տանն էին ապրում:
Ես սովորեցի, որ կարող ես
լինել մեկի կողքին, բայց
նաև նրանից 1000 մղոն հեռու՝
առանց աշխարհագրության
կարծիքը հարցնելու։
Հաճախ, երկուսի միջեւ հեռավորությունը
կարող է չափվել նրանց
իրար նայելու և
ոչինչ չզգալու քանակով։

 

***

Իմ իմացածի մեծ մասը
ես սովոել եմ ընկնելուց՝
ձեռքերիս ափերը
հողին սեղմելով,
մինչեւ կրկին ոտքի կկանգնեմ։
Գետինն ինձ ավելի շատ է
թռիչքների մասին սովորեցրել,
քան երկինքը երբևէ կարող էր։

 

***

Խեղդված ձուկ

2015թ. ձմռանը,
Համպտոն Բեյի (Լոնգ Այլանդ) բնակիչները,
իրենց ասելով, արթնացան ամենավատ հոտից,
որ կարելի էր զգալ։
Առեղծվածային կերպով գիշերվա ընթացքում
Հազար ձուկ սատկել էր ջրանցքում։
Մանրակրկիտ զննումից պարզել էին,
որ ջրի թթվածնի մակարդակը չափազանց ցածր էր,
և բոլոր ձկները խեղդվել էին։
Լուրը լսելուն պես շատերը հարցրին.
—Ինչպե՞ս կարող է ձուկը խեղդվել։
—Նրանք խռիկներ չունե՞ն։
—Նրանք չունե՞ն լողակներ եւ պոչեր։
Նրանք ասում էին.
—Ձկները ստեղծված չե՞ն նման միջավայրում գոյատևելու համար։
Եվ, գուցե,
սա լավագույն բացատրությունն է իմ դեպրեսսիայի համար։
Այս զայրացած արարչությունը,
այս խանդոտ աստված,
Այս ծարավ ստվերը, որ քամում է ուրախությունս ինչպես մի փալաս,
ամեն երկխոսությունը վերածում է փոխակրիչ գոտու,
որը սովորաբար սկսվում է
«այսօր հոգնած տեսք ունես»
արտահայտությամբ։
Անկեղծ ասած,
անկողնուց վեր կենալը դարձել է կախարդական հնարք,
և ես լավագույն աճպարարը չեմ։
Այս տխրությունը իմ միակ մաքուր շապիկն է,
իսկ իմ լվացքի մեքենան ամիսներ շարունակ չի աշխատում։
Երբ ինձ հարցնում են «ինչպե՞ս ես»,
ես ուզում եմ ասել.
—Դուստրս 3 տարեկան է, իսկ ես
դեռ վստահ չեմ, որ լավ հայր եմ։
Ուզում եմ ասել.
—Հայրս թուլամտություն ունի, լինում են օրեր,
երբ մտնում եմ սենյակ, և նա ինձ չի ճանաչում,
ես միշտ ուզում էի, որ մենք ամեն ինչ նորից սկսեինք,
երևի պետք է զգույշ լինել ցանկությունների հետ։
Կարծում եմ, երբ աղոթում ես ինչ-որ բանի համար,
պիտի ավելի կոնկրետ լինես։
Հայտնի է, որ ծղրիդներն ուտում են իրենց իսկ թևերը,
և ես նույնպես միտում ունեմ ոչնչացնելու այն,
ինչ օգնում է ինձ վեր կենալ։
Ես, իրոք, ուզում եմ ասել.
—Գրողը տանի, ես լավ չեմ։
Բայց դա քաղաքավարի պատասխան չէ։
Դրա փոխարեն, ես ձևացնում եմ, թե հելոուին է,
ստանձնում եմ դդումի ընդունված կերպարը
և ասում եմ մյուսներին, որ լավ եմ, մինչև այն ճշմարտանման հնչի։
Բայց երբեմն
«օգնեք ինձ» կա շղթայված իմ՝ «ես լավ եմ»-ի ոտքին։
Երբեմն
«ես լավ եմ»-ը ամենահեշտ ձևն է ասելու՝
«ես չեմ ուզում խոսել այդ մասին»։
Երբեմն
սենյակի ամբողջ թթվածինը վերածվում է ջրի,
ես զգում եմ, որ սուզվում եմ մինչև հատակը,
կարծես օդը վերջանում է,
բայց ինքս ինձ խոսք եմ տալիս, որ չեմ լինի
ևս մեկ խեղդված ձուկ։
Ես ՉԵՄ մեռնի այս ջրանցքում։
Խորը շնչի՛ր: Թուլացի՛ր։
Մարդկային մարմինը բնականորեն կլողա։
Ուստի, ես շնչում եմ։
ԵՎ ասում եմ ինքս ինձ, որ լավ է լինելու.
Ես խուճապի եմ մատնվում։
Բայց ասում եմ ինքս ինձ, որ լավ է լինելու.
ԵՎ լաց եմ լինում։
Բայց ասում եմ ինքս ինձ, որ լավ է լինելու։
Որովհետև գիտեմ,
իմ մի տարբերակ կա ինչ-որ տեղ ապագայում։
Նա նայում է ինձ այս պահին
և ասում է.
—Ռուդի, շնորհակալ եմ, որ չհանձնվեցիր։
Երեկ, երբ կարդում էի,
ավարտուն պարբերություն տեսա և մտածեցի.
«Գիտես, այն կարող էր ավարտվել հենց այստեղ,
բայց այն շարունակվելու պատճառ էր գտել»։
Ես ժպտացի և ասացի.
—Ես նույնպես։

 

***

Մի անգամ ես այնքան երկար էի
վրդովմունքս պահել, որ մոռացել էի՝
ինչպես էր կոնֆլիկտը սկսվել։
Ես թույլ էի տվել բարկությանս
մի ամբողջ քաղաք կառուցել ձեռքերիս մեջ,
և ես քաղաքապետն էի
ավելի շատ տարիներ, քան
կկարողանամ խոստովանել։
Այդ պահից սկսած ես գիտակցեցի,
որ այս բարկությունը
արժանի չէ պահպանվելու,
և ներումը մի քիչ
դժվար է գտնել, բայց այն միակ
քաղաքն է, որում ուզում եմ ապրել։
Այստեղ լուռ է,
և գույքն ավելի էժան։

 

***

Խոսի՛ր,
քանզի քո
ձայնը հաճախականություն է,
իսկ նրանց հարմարավետությունը
քո լռությունը չարժե։

 

***

Եվ առավոտը
գալիս է
կրկին,
ինչպես միշտ՝
հիշեցնելով, որ ամեն օրն
ունի անվճար լիքցավորման հնարավորություն։
Ես ասում եմ ինքս ինձ, որ ամեն ժամ
երջանիկ ժամ է, քանի դեռ
ես գետնի այս կողմում եմ,
և, հավանաբար, դա ժպտալու և
անկողնուց վեր կենալու համար
բավականին լավ պատճառ է։
Գիտեմ, որ շաբաթվա վերջը չէ,
բայց ուրբաթն ու շաբաթը նայում են։
Եկե՛ք նրանց մի բան տանք
խոսելու համար։

 

Թարգմանությունը անգլերենից՝ Էվելինա Դամիանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *