Նա օժտված էր Կեսարի բարյացկամությամբ եւ հաղթական հմայքով։ Նա իր բախտի տերն էր։ Նրա կազմվածքը նման էր հռոմեացու կազմվածքին։
Նա արիստոկրատ էր, հարուստի զավակ, ժողովրդի ընկեր եւ փոքր մարդու բաստիոն։ Եվ ինչպես Կեսարը հռոմեական միտքն ընդլայնեց մինչեւ համընդհանուր կայսերական քաղաքացիության հղացք, որը քրիստոնեության համար ճանապարհ հարթեց որպես համաշխարհային կրոն, այնպես էլ Ռուզվելտը տեսավ, թե ինչպես է արեւմտյան մշակութային գաղափարը միաձուլվում համաշխարհային քաղաքակրթությանը՝ կրոնական եւ սոցիալական մարդասիրության մթնոլորտով, որին պատկանում էր իր սիրտը։ Նրա շուրթերին «կրոն» բառը դժվար թե հնչեր դավանաբանական իմաստով, այն ուներ ընդհանրական իմաստ։
Խելացի՝ ինչպես օձը, անկեղծ՝ ինչպես աղավնին, նուրբ եւ ուժեղ, զարգացած եւ պարզ՝ ինչպես հանճարը, լուսավորված ժամանակին համահունչ ինտուիտիվ իմացությամբ, աշխարհի ոգեղեն կամքով, այդ թվում՝ այն գիտակցությամբ, որ ամենաերջանիկը նա է, որը ծառայում է այդ կամքին ամենախիզախ, հնազանդ, անսասան եւ ճկուն ձեւով, հենց այն հավատքի մարդը, որի մասին Գյոթեն նշում է, որ նա «ավելի ու ավելի է բարձրանում, երբեմն համարձակ առաջ է շարժվում, երբեմն համբերատար զիջում, որպեսզի բարիք գործի, աճի եւ ծաղկի…»։ Ահա թե ինչպես եմ ես նրան տեսնում, ինչպես եմ նրան ճանաչում, հիանում. ես նրան սիրում էի եւ հպարտ էի, որ նրա հովանու ներքո Հռոմի քաղաքացի դարձա։
Առաջին անգամ, երբ ինձ թույլատրվեց մի քանի ժամ անցկացնել նրա մոտ, ես դեռ գտնվում էի արտագաղթի, աքսորի, հայրենիքիս կորստի թարմ ցնցման եւ աշխարհի անտարբեր, հարցական զգացողությունների տպավորության տակ։ Չնայած մեզ՝ Հիտլերյան Գերմանիայի փախստականներիս, անհատապես պատվով ընդունեցին, սակայն չհասկացան այն երկրներում, որտեղ պաշտպանություն փնտրեցինք։ Այն ամենն, ինչ մենք զգացել էինք, ինչ մենք տեսել էինք, ինչի մասին փորձում էինք զգուշացնել, ոչ ոք չէր կարող կամ չէր ուզում հասկանալ։ Ինքնապաշտպանության մի տեսակ կա, որն աշխարհին խանգարում էր հասկանալ դա։ Ահա մեկը, որն առաջին անգամ ամեն ինչ հասկանում էր, ամեն ինչ գիտեր, ամեն ինչ տեսել էր, որի համար մեր խոսքերը դատարկ հնչյուններ չէին, քանի որ համաշխարհային քաղաքացիական պատերազմը, որի մեջ մենք գտնվում էինք, նրա հոգում կենսունակ հետք էր թողել։ Եվ այդ մեկ մարդը պատահաբար երկրի վրա ամենաազդեցիկ մարդն էր։
Նման բանը չի մոռացվում։ Անվերջ երախտագիտությունը հաջորդում է այդպիսի զորացնող, մխիթարող եւ վստահելի փորձառությանը։
Թվում է՝ լսել եմ, թե ինչպես է Ռուզվելտն իրեն անվանել «խորամանկ քաղաքական գործիչ»։ Նա նաեւ մի քաղաքականության գիտակ էր, որը կոչվում էր «հնարավորի արվեստ», եւ որն իսկապես արվեստի նման ոլորտ է այնքանով, որքանով որ ստեղծագործաբար միջնորդող դիրք է զբաղեցնում ոգու եւ կյանքի, գաղափարի եւ իրականության, ցանկալիի եւ անհրաժեշտի, խղճի եւ գործողության, բարոյականության եւ ուժի միջեւ։ Բնույթով Հերմեսի նման, կայտառ, տուրք տալով արվեստին եւ հրաժարվելով նյութականից՝ հանուն հոգեւորի, նա, թվում է, գիտակցական կապ չուներ կերպարվեստի, գրականության, երաժշտության, նկարչության հետ, բայց ինքն էլ գեղագիտական կախարդանքից ծնված կերպար էր։
Խելացի՞ քաղաքական գործիչ։ Ինչպիսի՞ն պետք է լինի նա։ Մտավորակա՞ն։ Դա բավարար չէր լինի։ Գործող մարդը մտավորական չէ, բացառությամբ այն խորն իմաստի, որ բարությունն ու ճշմարտությունը համընկնում են հոգեւորի հետ։ Նա բարիք գործող մարդ է, եւ մենք բախտավոր ենք, որ նման բան գոյություն ուներ. բարությունից ծնված գործողության էներգիա եւ բարիք գործելու նպատակ։ Ժամանակը մեզ ցույց էր տվել ֆաշիստ բռնապետի կերպարով կամքի եւ գործողության մարդ, ժամանակակից զանգվածներին սանձահարող, որի ողջ խորամանկությունն ու էներգիան ծառայում էին չարիքին։ Ես Ֆրանկլին Ռուզվելտին համարել եմ շատ չար, նաեւ՝ շատ հիմար, ի ծնե աշխարհի նկատմամբ կույր, մոլեռանդ եւ գիտակից հակառակորդ, որին զոհ էր գնացել խեղճ Գերմանիան, եւ որի պատճառով այն այդքան վտանգավոր էր դարձել աշխարհի համար։ Այդ ժողովրդավարությունն ապացուցեց, որ կարող է ստեղծել մարդուն եւ գործչին, ուժեղին, կոփվածին եւ խելացիին, ժողովրդական մարդուն, բարիք գործող մեծ քաղաքական գործչին. սա՛ էր նրա փրկությունը, մարդու եւ նրա ազատության փրկությունը։
Արվեստագետ եւ հերոս։ Սիրտը կբաբախեր ավելի քիչ ակնածանքով, եթե նրա կերպարի մի մասը չլիներ հերոսականը, անհնազանդությունը, թուլության հաղթահարումը, որը մենք անվանում ենք խիզախություն, եւ որը նրա կերպարի մասն էր կազմում։ Հիվանդությունը, որը չէր կարողացել սպանել նրան, այնուամենայնիվ, կաթվածահար էր արել։ Ֆիզիկական սահմանափակումները կործանարար ստվեր գցեցին նրա շքեղ կյանքի վրա։ Նա չէր կարողանում քայլել, բայց քայլում էր, չէր կարողանում կանգնել, բայց կանգնած էր. նա մասնակցել էր չորս ընտրարշավների եւ քարոզարշավ էր անցկացրել այն ոսկե ձայնով, որը նրան շնորհել էր բնությունն՝ իր գործն ավարտին հասցնելու իրավունքի համար։
Մահն ավելի անողոք էր, քան այն ժողովրդավարությունը, որին նա ծառայում էր։ Այն նրա ձեռքից խլեց իր գործը՝ մեծ ու հեռատես ձեռնարկը, մարդկության գործը՝ շատ նրբորեն, շատ զգույշ, ինչպես ոչ քմահաճ ընկերը կվարվեր։ Հանկարծակի գլխացավ, ձեռքի շարժում դեպի գլխի հետեւի մասը, ապա՝ անգիտակից վիճակ. բոլոր տառապանքների վերջը։ Իսկապես՝ վերջ, եւ այնքա՜ն անժամանակ։
Արեւոտը, սիրելին եւ մելամաղձոտը միահյուսվում են՝ մահվան, հերոսական կյանքի նկատմամբ արթնացնելով սեր։ Նրան չհաջողվեց տեսնել ազգերի լիակատար հաղթանակն ու խաղաղությունը, որոնց նվաճման համար նա իր ողջ ուժն ու իմաստությունը ներդրեց, եւ հանուն որոնց էլ մահացավ։ Ո՞վ չի կարծում, որ Սան Ֆրանցիսկոյի համաժողովի հովանավորությունն ավելի ազդեցիկ կլիներ, եթե ինքն իր մտադրությամբ աներ բացումը։ Եվ, այնուամենայնիվ, մենք պետք է ամաչենք նրա առաջ, եթե թույլ տանք, որ մեր ցավը վերածվի հուսահատության։
Մենք՝ նրա ժամանակակիցներս, կրկնակի օրհնված էինք եւ բախտավոր։ Փորձից կարող ենք եզրակացնել, որ, չնայած ստորությունը միշտ իր տեղը կունենա այս մոլորակի վրա, բայց ստորությունը, Հիտլերի ոգին եւ տիրապետությունն այնտեղ չէին հանդուրժում, այլ միացյալ ուժերով վերացնում էին։ Եվ մենք կարող ենք մեռնել այն գիտակցությամբ, որ տեսել ենք մի մեծ մարդու։
Թարգմանությունը գերմաներենից՝ Թագուհի Հակոբյանի

