ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ | Հայրը

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

Թվում էր` հայրն այնտեղ գործիք է պահում` խարտոց, աքցան կամ մուրճ. տղան չէր կարողանում հայացքը երկար բարձր պահել` նայել հոր աչքերին, հայացքը սայթաքում, ընկնում էր այնտեղ, ուր տաբատը վրանի պես միշտ ուռած էր, ուր գաղտնիքն էր տաբատի ետևում. հայրը մի կողմ, ամեն ինչ մի կողմ, գաղտնիքն` ուրիշ, կարծես հոր տաբատի տակ չլիներ, կարծես հոր վրա չլիներ, իսկապես` ո՞նց կարող է Նա ապրել այս գունաթափ, մաշված տաբատի մեջ, այս փրչոտ, քրտնած, փոքր-մոքր մարմնի վրա: Տղան չէր տեսել Նրան, սակայն երբ մոտենում էր` Նա գործվածքի ետևում շարժվում` բարեհոգի ժպտում էր վաղեմի ծանոթի պես, տղան էլ էր փորձում ժպտալ, բայց այլայլվածք էր ստացվում: Պետք է տեսնեմ` մտածում էր սևեռված, տեսնելը դառնում էր անհրաժեշտություն, կարոտի կանչ, հրաման: Եվ երբ պահը հարմար թվաց` թաքուն-զգուշորեն իջեցրեց քնած հոր տաբատը… Ակնածանքից բերանը չորանում էր, ծնկները դողացին… Ահա, սև մազերի խճճանքների տակ… Քնած է, բայց զգաց, կռահեց, թեքվեց կողքի` ժպտաց… ահռելի, մկանեղ, փքուն երակներով…
Տղան հաճախ իջեցնում էր սեփական տաբատը, նայում, հետո կանգնում էր հայելու դեմ` հայելով նայում` հուսալով, թե հայելին ինչ-որ բան կփոխի, բայց չէ, հայելին չէր փրկում` ոնց կար` այնպես մնում էր, ոչ մի համեմատություն: Մարզանք էր անում, կքանստում-բարձրանում, ծանրագնդեր պտտում, հենաձողից կախվում` ձգվում, զոռ տալիս, քրտնում… Թև թիկունքն ամրանում էր, բայց նա ոնց փոքր կար` այդպես մնում էր… Չանցավ` չժառանգվեց հորից:
Իսկ հոր պետքը չէր, ոնց որ ապուշ` պարզամիտ-բարեհոգի ժպիտը մշտապես դեմքին, խաղաղ-անվրդով սպառում էր իր միօրինակ ընթացքը. առավոտյան գնում էր գործի, երեկոյան գալիս, կեղտոտ կոշիկները նախասրահում թողնում, հողաթափերը հագնում` մտնում սենյակ, նստում սեղանի մոտ` քրտնահոտ տարածելով շուրջը, մայրը տանում էր, բերում, դնում առջևը, վերցնում, նա ուտում էր` ասես որոճում էր` անշտապ, մանրամասն, այտից այտ տեղափոխելով, երբեմն ինչ-որ կտոր բերանից հանում, նայում, դարձյալ բերանն էր ուղարկում, երբեմն կնոջ մազն էր հայտնաբերում` ճաշի մեջից քաշում, դնում պնակի պռնկին, կինը շփոթվում էր, ամաչում, արդարանում, ճակատին իջած մազերը հավաքում` գլխաշորի տակ մտցնում, ամուսինը բարեհոգի-ներող ժպտում էր, սափորը մոտ բերում, գավաթը մոտ բերում` կարմիր գինի խմում` մեկը, երկուսը, երեքը… օխա˜յ… ծուռտիկ մատները ռիթմ էին խփում սեղանին, երգում էր քթի տակ` Դուլուլու, դուլուլու, բու, բու, բու » … վերջ, կուշտ է, ժպտում է գոհացած, ինչ-որ բան հարցնում` ո°չ պատասխանի համար, էնպես, ձեռքն իջեցնում` սեղանի տակ Նրան մի փողքից մյուսը տեղափոխում, մի քիչ նստում էդպես թեքված, վեր կենալով ասում` «Էհ» ու երկիմաստ նայում կնոջը, կինը շիկնած ժպտում` ձայն չի հանում:
Մայրը մի տեսակ ծռված, թաքցնելու պես էր գնում ննջարան, վախն աչքերի մեջ պառկում, դողալով սպասում… Ահա, ստվերը պոկվեց, բարձրացավ, ահագնացավ` թեքվեց վրան… «Ախխխ…»` հառաչում էր կինը… «Ախխխ… »` դարձյալ, ու էլի… Ու հառաչանքը ծավալվում` ննջարանում տեղ չի անում` սահում-դուրս է լողում պատուհանով, բարձրանում երկինք, լորձապատ շուրթերը լիզելով` ցած նայում ագահ, հանկարծ պոկվում` խենթացած սլանում, զարկվում է քարին-հողին, հակադարձվում` թեքությամբ սուրում է վեր` հատելով լեռների գագաթները, ծառերի սաղարթները, սև անցք դարձած` քաշում-կլանում ծովեր, անտառներ, անապատներ, դաշտեր, մոլորակներ, աստղեր, տիեզերք, չհագեցած` ետ գալիս, պատուհանով դարձյալ մտնում ննջարան… «Ախխխ… »` ճայթում է հառաչանքը, ասես հողն է պատռվում ու մութ պատռվածքը դողում է լորձամած…
Դռան նեղ արանքով նայող տղան ուշագնացի պես էր լինում, իրականությունը կորցնում` հանկարծ տեսնում էր… Ահա, Նա գալիս է ինչպես վիշապօձ, մթան միջից վիթխարի գլուխն առաջ բերում` փեղկերը հրում-բացում է, մկանուտ մարմինը անցնում-ելնում` մտնում է ծաղկազարդ դաշտը… Մարմնի կեսը դեռ արահետի հողին` խոտի միջից գլուխը բարձրացրեց, դարձավ-նայեց. տղան հմայված գնաց ետևից: Խոտ ու ծաղիկ խոնարհվում` ողջունում են, ցողում Նրա մկանագալար երթը, ծաղկաթերթ ու սերմ կպցնում ցողաթաթախ մարմնին: Գունագեղ ծտերը թռան վրայով, ճռվողեցին զվարթ, պտտվեցին` դարձյալ եկան: Խոռոչների առջև կանգ է առնում, գրգռված հոտոտում, գլուխը բարձրացնում` խոյահարում-խրվում հողի մեջ, պատռելով գնում, դարձյալ դուրս գալիս ` նայում ետադարձ, հազարավոր սնկեր գետնի տակից հանում են իրենց նախշուն գլխիկները, ձգվում, բարձրանում, ողջունում Նրան, ինքը գոհացած փնչացնում, շարունակում է ճամփան… Մտավ արտը, հնձվորները բարձրացրին գերանդիները, պատիվ բռնած` ճամփա տվին, մեղվապահը փեթակից մեղր հանեց` քսեց վրան, ճանճերը հավաքվեցին, բզզացին խենթացած, տավարի հոտը կանգ առավ, բառաչեց կարոտով, ցուլը մռնչաց, ամորձիները պրկեց, սմբակը կատաղի խփեց հողին, կթվոր կանայք կաթը դույլերից բռերով հանեցին` թափեցին վրան, աքաղաղ մորթեցին` արյունով օծեցին մկանունքը, այգու մոտ խաղող քամեցին` ծորացրին մաշկին… Մտավ գյուղ` դարձավ սռնի` անիվ պտտեց վրան, ախխ, ախխ, ախխ` ճռռաց անիվը, ծավալվեց, պտտվող վիթխարի ստվերը տարածեց, աստղափոշի խառնեց երկնքում: Մտավ մարագ` դարձավ խնոցի` գնաց-եկավ` յուղ հանեց կաթից, դարձավ սանդ` խփեց պատերին` մշրեց-աղաց, մտավ տաշտը` խմորը խառնեց-հունցեց` իջավ թոնիրը, տաք հացը վրան` դուրս եկավ, հարսանքատուն խուժեց, գլուխը վեր հանեց, նայեց, հարսը սրսփաց` փարվեց փեսային, հարսանքավորները գինի թափեցին վրան, գլխին ծաղկեպսակ դրին, պարեցին-երգեցին` ճամփու դրին, գյուղից ելավ` բարձրացավ սարը, շնահաչը լռեց, գայլերը որսը թողին` փախան մութ թավուտը, քարափի խոյերը խենթացան` թխկոցով խոյահարեցին իրար: Ամրոցի մոտով անցավ` փշաքաղվեց` դարձավ գուրզ, նիզակ, բաբան, զարկեց-ավերեց փականք ու դարպաս, նետաձիգ հսկան տեսավ` ուրախ ողջունեց, ձեռքը մոտ բերեց, հպեց, ուժ առավ` լարեց ահռելի աղեղը, ճերմակ ձիուն հեծնած քաջը թուրը քաշեց` հրարձակ սլացավ թշնամու վրա, ինքը խոյացավ` դարձավ կայծակ, որոտաց` խփեց ծեր կաղնուն, զառիթափով քարեր գլորեց, սրընթաց իջավ, շաչելով մտավ ծովը, դարձավ շնաձուկ, ծովառյուծ, կետ, վիթխարի պոչը հանեց, զարկեց ջրերին, նավեր շուռ տվեց, ջարդեց, ավերեց, սուզանավ դարձավ` սուզվեց խորքը, մտավ նեղուցներ, խառնեց դարավոր տիղմը, կանգ առած ջրերին հոսք տվեց, սառույցներ հալեցրեց, բարձրացավ մակերես` շոգենավ դարձավ, մտավ նավահանգիստ, դուրս եկավ քաղաք, շատրվան ցայտեցրեց, լույսեր վառեց, բարձրացավ բեմ` փողեր փչեց, հարեց լարեր` տուտտի հնչեցրեց, պոչի վրա կանգնեց` պտտվեց խելացնոր պիրուետով, սրահ մտավ` դարձավ վրձին, մաստեխին, խառնեց ներկեր, գիպս, կավ, ներխուժեց կրկես` օպպա` եռագլուխ վիշապ է, երախներից կրակ գցեց, պոչը զարկեց մանեժին` թեփի մրրիկ բարձրացրեց, օպպա` դարձավ հրեղեն նժույգ, վարգեց շրջանով, օպպա` ամեհի առյուծ, ողորկ ծովափոկ, կոկորդիլոս, գետաձի, օպպա˜… Դուրս եկավ փողոց` դարձավ լիսեռ, մխոց, յուղը ճպճպացնելով գնաց-եկավ, հրապարակ մտավ, թրթուր դարձած` ասֆալտը քերեց, հրանոթ դարձավ, փողը ետառաջ արեց` հրթիռ շպրտեց, պատռեց երկինքը, պայթեց, վիթխարի սունկի պես իջավ երկրի վրա…
«Ախխխ… »` մարում էր ննջարանում…
Տղան ուշքի էր գալիս, դռան արանքով դարձյալ նայում… Հայրը խռմփացնում էր` բերանքսիվեր մեկնված, մայրը ոտքը վրայով տարել` մահճակալի այն կողմում կախել էր, ամուսնու թևատակին կծկվել, քնել էր` երանության ժպիտը դեմքին: Տղայի հայացքը մոր ազդրի ողորկ մերկությամբ վախվորած սահեց` գտավ… Ահա Նա, գոհ ու գոռոզ, դեռևս` ցից… Հացի դանակը սեղանից առած` ուզում էր մտնի, բռնի` գլխատի, կտրի, կտոր-կտոր անի… Դանակն օձ դարձած գալարվում` ձեռքից սահում էր, ընկնում-քաշվում պատի տակ: Տղան դուրս էր գալիս, ծանր մուրճն առնում` սեպ էր խփում գերանի մեջ, կացինն առնում` կոտորում էր փայտը, գլուխն առնում ափերի մեջ` ուզում էր խփել քարերին…
Շաբաթներ, ամիսներ, տարիներ…
Հայրը, թվում էր` քնած է, ուր որ է կհնչեցնի զզվելի խռմփոցը, խեղդվելով կհազա, կնստի դագաղի մեջ, ապշացած աչքերը կտրորի` կփնտրի կնոջը: Ջահել ժամանակների կոստյումը մեծ էր վրան` ծալքեր էր տվել, սակայն մեկ է` Նրան թաքցնել անկարող էր, Նա լպիրշորեն ուրվագծվում էր տաբատի տակից, ու շարժվում էր, մի փողքից մյուսն էր տեղափոխվում, մի քիչ մնում` ետ էր գալիս: «Մեռած չի,- մտածում էր տղան,- դե հա, հո չէ՞ր մեռնելու, Նա ո՞նց կմեռնի… »: Երբ դագաղը պտտեցին տան մեջ` հանեցին դուրս, կամքին հակառակ` արցունքն առատորեն թափվեց աչքերից, մայրը տեսավ որդու արցունքը, ժպտաց, տղան արցունքը սրբեց, որ լավ տեսնի մորը, մոտեցավ, որ գրկի, բայց մայրը ծռվեց-ծռմռվեց` դուրս սահեց գրկից, այլայլված բարձրացավ, սահեց մշուշի պես` դուրս ելավ` գնաց նրա ետևից…

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *