Կաձուո Իշիգուրո | Գյուղը մայրամուտից հետո

Կար ժամանակ, երբ շաբաթներ շարունակ կարող էի ճանապարհորդել Անգլիայով և շարունակել ծայրահեղ առույգ մնալ, երբ ճանապարհորդությունները, համենայն դեպս, առավելություններ էին տալիս ինձ։ Բայց այժմ ծերացել եմ և ավելի հեշտ եմ ապակողմնորոշվում։ Այնպես եղավ, որ մայրամուտից անմիջապես հետո գյուղ ժամանելով՝ ընդհանրապես չկարողացա կողմնորոշվել տեղանքում։ Դժվար էր հավատալ, որ հենց այն նույն գյուղում էի, որտեղ ոչ այնքան վաղուց ապրել էի, և որտեղ առաջին անգամ այդպիսի հեղինակություն էի ձեռք բերել։
Ոչ մի ծանոթ բան չկար, և ես հասկացա, որ երկար ժամանակ էր, ինչ թափառում էի ոլորապտույտ, վատ լուսավորված փողոցներով, որոնք երկու կողմերից շրջապատված էին փոքրիկ, քարե տնակներով, ինչը բնորոշ էր այդ տարածաշրջանին։ Հաճախ փողոցներն այնքան էին նեղանում, որ չէի կարողանում առաջ շարժվել՝ առանց պայուսակով կամ արմունկով դիպչելու մե՛րթ այս, մե՛րթ այն խորդուբորդ պատին։ Այնուամենայնիվ՝ համառորեն առաջ էի գնում՝ մթության մեջ սայթաքելով և գյուղի հրապարակ դուրս գալու հույսով, որտեղ կկարողանայի կողմնորոշվել կամ գոնե գյուղի բնակիչներից մեկին կհանդիպեի։ Երբ որոշ ժամանակ անց ո՛չ մեկը հաջողվեց, ո՛չ մյուսը, և հոգնածությունը համակեց ինձ, որոշեցի, որ ամենից լավը պատահական տան դուռը թակելն էր՝ հուսալով, որ կբացեր մեկը, որ հիշում էր ինձ։
Կանգ առա արտաքինից խախուտ թվացող դռնով տան մոտ, որի վերին մարդակն այնքան ցածր էր, որ ներս մտնելու համար ստիպված էի լինելու կռանալ։ Դռան անկյուններից թույլ լույս էր դուրս ծորում, ծիծաղ ու ձայներ էին լսվում։ Բարձր թակեցի, որպեսզի տան բնակիչները անպայման լսեին թակոցս իրենց խոսակցության աղմուկի մեջ։ Բայց հենց այդ պահին թիկունքումս մեկն ասաց․ «Ողջույն»։
Շրջվեցի և քսան տարեկանին մոտ աղջիկ տեսա՝ մաշված ջինսով և պատառոտված բլուզով, որը ինձնից մի փոքր հեռու՝ մթության մեջ էր կանգնած։
-Քիչ առաջ անցաք կողքովս և չնկատեցիք ինձ,- ասաց նա,- թեև ձայն էի տալիս Ձեզ։
-Իրո՞ք։ Ներողություն եմ խնդրում։ Չէի ուզում անքաղաքավարի թվալ։
-Դուք Ֆլետչերն եք, այնպես չէ՞։
-Այո՛, – փոքր-ինչ շոյված՝ պատասխանեցի ես։
-Վենդին այդպես էլ մտածեց, որ այդ Դուք էիք, երբ անցնում էիք մեր տան կողքով։ Բոլորս խիստ ոգևորվեցինք։ Դուք նրանցից մեկն էիք, այնպես չէ՞։ Դեյվիդ Մեգգիսի և մնացածի հետ։
-Այո՛, – ասացի ես, – բայց Մեգգիսը դժվար թե նրանցից ամենակարևորն էր։ Զարմացած եմ, որ հենց նրան առանձնացրիր։ Կային նաև ուրիշները, ավելի կարևոր դեմքեր։ – Մի շարք անուններ էի թվարկում և հետաքրքրությամբ հետևում, թե ինչպես էր աղջիկը գլխով անում՝ ճանաչելով նրանց։- Բայց հավանաբար այդ ամենը մինչև քո ծնվելն է եղել,- ասացի ես։- Զարմացած եմ, որ նման բաների մասին գիտես։
-Այդ ամենը մինչև մեր ծնվելն է եղել, բայց մենք բոլորս Ձեր շարժման գիտակներն ենք։ Ամեն ինչի մասին ավելի շատ բան գիտենք, քան շատ ավելի մեծերը, որոնք այդ ժամանակ այստեղ են ապրել։ Վենդին միանգամից ճանաչեց Ձեզ Ձեր իսկ լուսանկարներից։
-Չէի կարող անգամ պատկերացնել, որ դուք՝ երիտասարդներդ, այդքան հետաքրքրված եք մեզնով։ Ներողություն եմ խնդրում, որ քիչ առաջ անցել եմ ձեր տան մոտով ու չեմ նկատել ձեզ։ Բայց տեսնո՞ւմ ես, այժմ ծերացել եմ և ճանապարհորդելիս մի փոքր ապակողմնորոշվում եմ։
Դռան մյուս կողմից ինչ-որ աղմկոտ խոսակցություն էր լսվում։ Նորից թակեցի, բայց այս անգամ փոքր-ինչ անհամբեր կերպով, թեև այնքան էլ չէի ուզում հրաժեշտ տալ այդ աղջկան։ Նա մի հայացք գցեց վրաս և ասաց․
-Ձեր ժամանակների մարդիկ բոլորն այդպիսին են։ Մի քանի տարի առաջ Դեվիդ Մեգգիսն էր եկել այստեղ։ 93-ին կամ գուցե 94-ին։ Նա էլ էր այսպիսին։ Մի փոքր անուշադիր։ Վաղ թե ուշ այդպես էլ լինելու էր այդքան ճանապարհորդություններից հետո։
-Ուրեմն Մեգգիսը եղել է այստեղ։ Ի՜նչ հետաքրքիր է։ Գիտե՞ս, նա իսկապես կարևոր դեմքերից մեկը չէր։ Չարժի, նման մտքերով տարվել։ Ի դեպ, կասե՞ս, թե ովքեր են ապրում այս տանը։
Նորից թակեցի դուռը։
-Պետերսոնները, – ասաց աղջիկը։ – Հին բնակիչներից են։ Հավանաբար կհիշեն Ձեզ։
-Պետերսոններ, – կրկնեցի ես, բայց ազգանունը ոչինչ չէր ասում ինձ։
-Ինչո՞ւ մեր տուն չեկաք։ Ուենսդին այնքան ոգևորված էր։ Ինչպես և մնացած բոլորը։ Այն ժամանակներից ինչ-որ մեկի հետ խոսելն իսկական հաջողություն կլիներ մեզ համար։
-Ես մեծ սիրով։ Բայց առաջին հերթին ավելի լավ կլինի տեղավորվեմ։ Ուրեմն ասում եք Պետերսոններ։
Նորից թակեցի դուռը, բայց այս անգամ բավականին կատաղի կերպով։ Վերջապես այն բացվեց, և ներսի տաքությունն ու լույսը տարածվեցին փողոցում։ Դռան շեմին ինչ-որ ծերուկ էր կանգնած։ Ուշադիր նայեց ինձ և ասաց․
-Ֆլետչե՛ր, այդ դո՞ւ ես։
-Այո՛, ես եմ, և հենց նոր եմ գյուղ հասել։ Մի քանի օր ճանապարհորդում էի։
Ծերուկը մի պահ մտածեց ասվածի շուրջ, հետո ասաց․
-Այդ դեպքում ավելի լավ կլինի, որ ներս մտնես։
Նեղլիկ, թափթփված սենյակում հայտնվեցի, որը լիքն էր չմշակված փայտեղենով և կոտրված կահույքով։ Բուխարու մեջ վառվող փայտը լույսի միակ աղբյուրն էր, որի շնորհիվ կարողացա նկատել, որ սենյակում կորացած նստած մի քանի մարդ էլ կար։ Ծերուկը դժկամությամբ ուղեկցեց ինձ բուխարու մոտ դրված աթոռի մոտ, որն ըստ երևույթին, հենց նոր ինքն էր ազատել։ Հենց որ նստեցի, հասկացա, որ չէի կարող հեշտությամբ շրջել գլուխս, որպեսզի ուսումնասիրեի սենյակը և այնտեղի մարդկանց։ Բայց կրակի տաքությունն այնքան դուրեկան էր, որ մի պահ ուղղակի նայում էի դրա բոցերին՝ զգալով, թե ինչպես էր հաճելի քնկոտություը համակում ինձ։ Թիկունքիցս ձայներ էին լսվում, որոնք հարցնում էին, թե ինչպես էի ինձ զգում, հեռվից էի եկել, թե ոչ, քաղցած էի, թե ոչ, իսկ ես պատասխանում էի, ինչպես որ կարողանում էի, թեև հասկանում էի, որ պատասխաններս հազիվ թե պատշաճ կերպով էին հնչում։ Վերջիվերջո հարցերն ավարտվեցին, և հասկացա, որ իմ ներկայության պատճառով խիստ անհարմար իրավիճակ էր ստեղծվել, բայց այնքան շնորհակալ էի տաքության և հանգստանալու հնարավորության համար, որ գրեթե ուշադրություն չէի դարձնում դրան։
Այնուամենայնիվ՝ երբ թիկունքիցս լսվող ձայները մի քանի րոպեով լռեցին, որոշեցի ավելի քաղաքավարի գտնվել տան տերերի հանդեպ և դեմքով դեպի նրանց շրջվեցի։ Բայց հենց այն պահին, երբ արեցի դա, հանկարծ զգացի, որ այդ տունը ծանոթ էր ինձ։ Պատահականության սկզբունքով էի ընտրել տունը, բայց այդ պահին տեսա, որ դա հենց այն նույն տունն էր, որտեղ անցկացրել էի կյանքիս՝ գյուղում ապրելու տարիները։ Հայացքս անմիջապես տեղափոխվեց դեպի սենյակի հեռավոր անկյունը, որն այդ պահին մթության մեջ էր սուզվել, դեպի այն տեղը, որը ժամանակին իմ անկյունն էր եղել, որտեղ ժամանակին իմ ներքնակն էր դրված եղել, և որտեղ բազմաթիվ խաղաղ ժամեր էի անցկացրել՝ տարբեր գրքեր թերթելով կամ ինչ-որ մեկի հետ զրուցելով, ով անցողակի մտել էր այդ տուն։ Ամռանը պատուհանները, երբեմն նաև դուռը, բաց էինք թողնում, որպեսզի թարմացնող քամին ներս մտներ։ Դա այն ժամանակ էր, երբ տունը լայնարձակ դաշտերով էր շրջապատված, իսկ դրսից լսվում էին ընկերներիս ձայները, որոնք անգործ թափառում էին բարձր խոտերի մեջ և բանավիճում պոեզիայի կամ փիլիսոփայության շուրջ։ Անցյալի այդ թանկարժեք պատառիկներն այնպիսի ուժգնությամբ համակեցին ինձ, որ հազիվ զսպեցի ինձ, որպեսզի այնտեղ և այդ նույն պահին չնետվեի իմ հին անկյունը։
Ինչ-որ մեկը կրկին սկսեց խոսել հետս՝ հավանաբար հերթական հարցը տալով, բայց ես համարյա չէի լսում։ Վեր կացա, ուշադիր նայեցի մթության մեջ թաքնված իմ անկյունին և կարողացա տեսնել այնտեղ դրված, հին վարագույրով ծածկված նեղլիկ մահճակալը, որը ոչ ավել, ոչ պակաս՝ այն տեղն էր զբաղեցնում, որտեղ նախկինում իմ ներքնակն էր դրված։ Մահճակալը խիստ գրավիչ տեսք ուներ, և ես ընդհատեցի ծերուկին, որն ինչ-որ բան էր ասում։
-Լսե՛ք, – ասացի ես, – գիտեմ մի փոքր անտաշ կարող եմ թվալ։ Բայց գիտե՞ք ինչ, այսօր երկար ճանապարհ եմ կտրել անցել։ Իսկապես մի փոքր պառկելու, աչքերս մի քանի րոպեով փակելու կարիք ունեմ։ Դրանից հետո ուրախությամբ կխոսեմ ձեզ հետ այն ամենի մասին, ինչի մասին կուզեք։
Նկատեցի, որ սենյակի մարդիկ անհանգիստ շարժվեցին։ Այնուհետև մեկ ուրիշ ձայն բավականին մռայլ կերպով ասաց․
-Այդ դեպքում առա՛ջ։ Ննջե՛ք։ Մեզ վրա ուշադրություն մի՛ դարձրեք։
Բայց ես արդեն խառնաշփոթի միջով դեպի իմ անկյունն էի գնում։ Մահճակալը խոնավ էր, իսկ զսպանակները ճռճռում էին իմ ծանրությունից, բայց հենց որ կուչ եկա, սենյակին մեջքով շրջվելով, բազմաթիվ ժամեր տևած ճանապարհորդությունը կլանեց ինձ։ Երբ արդեն քուն էի մտնում, լսեցի, թե ինչպես ծերուկն ասաց․
-Այո՛, Ֆլետչերն է, ճի՛շտ եք։ Բայց Աստվա՜ծ իմ, որքա՜ն է ծերացել։
Կանացի ձայնն ասաց․
-Արդյոք ճի՞շտ էր, որ թույլ տվեցինք նրան այսպես քնել։ Կարող է մի քանի ժամ շարունակ քնել, իսկ մենք ստիպված արթուն ենք մնալու։
-Թո՛ւյլ տվեք գոնե մեկ ժամ քնի, – ասաց էլի ինչ-որ մեկը։ – Եթե մեկ ժամ հետո դեռ քնած լինի, կարթնացնենք նրան։
Այդ պահին սաստիկ հոգնածությունը համակեց ինձ։
Քունն այնքան էլ շարունակական և հարմարավետ չէր։ Շուռումուռ էի գալիս՝ կես արթուն, կես քնած՝ մշտապես լսելով թիկունքումս գտնվող սենյակից եկող ձայները։ Մի պահ լսեցի, թե ինչպես կինն ասաց․
-Չեմ հասկանում, թե ոնց կարող էի ժամանակին հմայվել նրանով։ Այժմ թափառաշրջիկի տեսք ունի։
Կիսաքուն վիճակում ինքս ինձ հարցրի՝ արդյոք այդ խոսքերն ի՞նձ էին ուղղված, թե՞ Դեվիդ Մեգգիսին, բայց շատ չանցած քունը կրկին կլանեց ինձ։
Երբ հաջորդ անգամ արթնացա, ինձ թվաց, որ սենյակում և՛ ավելի մութ, և՛ ավելի ցուրտ էր։ Թիկունքիցս շարունակում էին լսվել խուլ ձայները, բայց ես չէի կարողանում որսալ խոսակցության բուն իմաստը։ Այդ պահին անհարմար զգացի, որ այդ կերպ էի գնացել քնելու, և մի քանի րոպե անշարժ պառկել էի՝ դեմքով դեպի պատը։ Բայց ինչ-որ մի բան, ըստ երևույթին, մատնեց, որ արթուն էի, որովհետև կանացի ձայնը, ընդհատելով խոսակցությունն, ասաց․
-Օ՜, նայե՛ք, նայե՛ք։
Շշուկներով փոխանակվեցին, այնուհետև լսեցի, թե ինչպես էր ինչ-որ մեկը մոտենում իմ անկյունին։ Զգացի, թե ինչպես ինչ-որ մեկի ձեռքը դիպավ ուսիս, և հայացքս բարձրացնելով՝ տեսա, թե ինչպես էր մի կին թեքվել վրաս։ Այդքան էլ չէի շրջվել, որպեսզի սենյակն ամբողջությամբ տեսնեի, բայց այնպիսի տպավորություն էր, ասես այն մարմրող ածուխներով էր լուսավորված, և միայն կնոջ դեմքի ուրվագիծն էր տեսանելի։
-Այժմ, Ֆլե՛տչեր, – ասաց նա, – զրուցելու ժամանակն է եկել։ Երկար եմ սպասել վերադարձիդ։ Հաճախ եմ մտածել քո մասին։
Լարեցի տեսողությունս, որպեսզի ավելի պարզ տեսնեի նրան։ Քառասունն անց էր, և նույնիսկ կիսախավարում նկատեցի նրա աչքերի քնաթաթախ տխրությունը։ Բայց նրա դեմքը ոչ մի հիշողություններ չարթնացրեց։
-Ցավում եմ, – ասացի ես։ – Բայց ես Ձեզ ընդհանրապես չեմ հիշում։ Բայց եթե նախկինում մենք հանդիպել ենք, խնդրում եմ, ներե՛ք ինձ։ Վերջին ժամանակներս ավելի ու ավելի եմ ապակողմնորոշվում։
-Ֆլե՛տչեր, – պատասխանեց նա, – երբ մենք ծանոթ էինք, ես երիտասարդ ու գեղեցիկ էի։ Ես իդեալականացնում էի քեզ, և այն ամենը, ինչ ասում էիր ինձ, խնդրի լուծում էր թվում։ Եվ ահա դու կրկին այստեղ ես։ Երկար տարիներ է, ինչ ուզում եմ ասել քեզ, որ կործանել ես կյանքս։
-Արդարացի չեք։ Այո՛, շատ սխալներ եմ գործել։ Բայց ես երբեք չեմ ասել, թե լուծումներն ինձ մոտ էին։ Միակ բանը, որ ասել եմ ժամանակին այն է, որ մեր բոլորիս պարտքն այդ բանավեճին մասնակցելն էր։ Մենք այդ խնդիրների մասին ավելի շատ բան գիտեինք, քան այստեղի հասարակ մարդիկ։ Եթե մեզ նման մարդիկ հապաղեին՝ պնդելով, որ դեռևս բավականաչափ բան չգիտեին, այդ դեպքում ո՞վ պետք է գործեր։ Բայց ես երբեք չեմ ասել, թե լուծումներն ինձ մոտ էին։ Ո՛չ, արդարացի չեք:
-Ֆլե՛տչեր, – ասաց նա, և նրա ձայնը տարօրինակ կերպով նուրբ էր հնչում, – նախկինում դու սիրով էիր զբաղվում ինձ հետ քիչ թե շատ ամեն անգամ, երբ հայտվում էի այստեղ՝ քո սենյակում։ Այս անկյունում ամեն տեսակ գեղեցիկ, կեղտոտ բաներով էինք զբաղվում։ Տարօրինակ է, թե ինչպես էի ժամանակին այդպիսի մարմնական թրթիռ զգում քո հանդեպ։ Իսկ այժմ դու ընդամենը ցնցոտիների գարշահոտ կույտ ես։ Դե հիմա ի՛նձ նայիր․ ես դեռ գրավիչ եմ։ Դեմքս մի փոքր կնճիռներով է պատվել, բայց երբ գնում եմ զբոսնելու գյուղի փողոցներով, հագնում եմ այն շրջազգեստները, որոնք հատուկ եմ կարել, որպեսզի ընդգծեմ կազմվածքս։ Շատ տղամարդկանց համար ես դեռ ցանկալի եմ։ Բայց դո՛ւ, այժմ ոչ մի կին անգամ չի նայի վրադ։ Հոտավետ ցնցոտիների և մսի կույտ։
-Ես քեզ չեմ հիշում,- ասացի ես։- Եվ վերջին ժամանակներս սեքսի ժամանակ չունեմ։ Անհանգստանալու ուրիշ պատճառներ ունեմ։ Ավելի լուրջ պատճառներ։ Դե՜, լա՛վ, ժամանակին շատ սխալներ եմ արել։ Բայց շատ ավելին եմ արել, քան մեկ ուրիշը, որպեսզի մեղքերս քավեմ։ Տեսնո՞ւմ ես, նույնիսկ հիմա եմ ճանապարհորդում։ Երբեք էլ կանգ չեմ առել։ Ճանապարհորդել ու ճանապարհորդել եմ, որպեսզի փոխհատուցեմ այն վնասը, որ անցյալում հավանաբար հասցրել եմ։ Դա ավելին է, քան կարելի է ասել այն ժամանակներից շատերի մասին։ Գրազ կգամ, որ Մեգգիսը, օրինակ, նույնիսկ չի էլ փորձել այդչափ ջանք գործադրել, որպեսզի ուղղի կատարվածը։
Կինը շոյում էր գլուխս։
-Քե՛զ նայիր։ Ժամանակին հաճախ էի այսպես անում, մատներս մազերիդ միջով անցկացնում։ Ապա նայի՛ր այս զզվելի, խճճված մազերին։ Համոզված եմ, որ դրանք վարակված են բոլոր հնարավոր տեսակների մակաբույծներով։
Բայց նա շարունակում էր մատներով քանդել կեղտոտ հանգույցները։ Ոչ մի տարփալից զգացումներ չունեի, ինչպես որ ինքն էր ուզում։ Նրա գուրգուրանքներն ավելի շատ մայրական էին։ Իսկապես, մի պահ ինձ թվաց, թե վերջապես ինչ-որ պաշտպանիչ շղարշի էի հասել, և նորից քունս սկսեց տանել։ Հանկարծ կինը կանգ առավ և ուժեղ հարված հասցրեց ճակատիս։
-Ինչո՞ւ մյուսներին չես միանում։ Քնել հանգստացել ես։ Բացատրելու շատ բան ունես, – այդ բառերն ասելով՝ վեր կացավ և հեռացավ։
Առաջին անգամ այնքան շրջվեցի, որպեսզի կարողանայի ուսումնասիրել սենյակը։ Տեսա, թե ինչպես կինն անցավ գետնին թափթփված իրերի միջով, այնուհետև նստեց բուխարու մոտ դրված ճոճաթոռին։ Այնտեղ ևս երեք մարդ կար, որոնք կորացած նստել էին մարող կրակի շուրջ։ Ճանաչեցի ծերուկին, որը բացել էր դուռը։ Մյուս երկուսը, որոնք փափուկ սնդուկ հիշեցնող ինչ-որ բանի վրա էին նստած, մոտավորապես նույն տարիքի կանայք էին թվում, ինչ այն կինը, որը խոսում էր ինձ հետ։
Ծերուկը նկատեց, որ շրջվել էի, և նշան արեց մյուսներին, որ ես իրենց էի նայում։ Չորսն էլ անշարժ ու լուռ նստած էին։ Նրանց պահվածքից երևում էր, որ հանգամանորեն քննարկել էին ինձ, մինչ ես քնած էի։ Իրականում նրանց հետևելով՝ քիչ թե շատ կարող էի պատկերացում կազմել, թե ինչ ընթացք էր ստացել նրանց խոսակցությունը։ Օրինակ՝ կռահում էի, որ մի որոշ ժամանակ էին վատնել անհանգստություն արտահայտելու՝ կապված այն երիտասարդ աղջկա հետ, որին դրսում էի հանդիպել, և ներգործության հետ, որ կարող էի ունենալ նրա հասակակիցների վրա։
-Նրանք բոլորն այնքան դյուրազգաց են, – հավանաբար ասել էր ծերուկը։ – Լսեցի, թե ինչպես էին նրան իրենց տուն հրավիրում։
Ինչին, անկասկած, կոճղին նստած կանանցից մեկը պատասխանել էր․
-Բայց այժմ նա ունակ չէ վնաս հասցնելու։ Ժամանակին մենք խաբվում էինք, որովհետև նրա նմանները երիտասարդ և հմայիչ էին։ Բայց մեր օրերում ժամանակ առ ժամանակ սրա նման զառամյալ և հոգնատանջ մի տարօրինակ մարդ է անցնում այս տեղերով, և փառազրկում է բոլոր խոսակցությունները այդ հին ժամանակների մասին։ Ամեն դեպքում այժմ նման մարդկանց դիրքը խիստ փոխվել է։ Իրենք էլ չգիտեն, թե ինչին են հավատում։
Ծերուկը հավանաբար տարուբերել էր գլուխը․
-Տեսա, թե ինչպես էր այդ երիտասարդ աղջիկը նայում նրան։ Լա՛վ, այժմ նա խղճուկ տեսք ունի։ Բայց հենց որ նրա «էգո»-ն հագենա, հենց որ երիտասարդների մեծարմանը արժանանա, տեսնի, թե որքան են նրանք ուզում լսել նրա գաղափարները, այդ ժամանակ ոչինչ չի կանգնեցնի նրան։ Ամեն բան այնպես կլինի, ինչպես նախկինում էր։ Նրանց կստիպի իր բարօրության համար տքնել։ Այդպիսի երիտասարդ աղջիկներն այժմ գրեթե ոչնչի հանդեպ հավատ չունեն։ Նույնիսկ այդպիսի գարշահոտ շրջմոլիկը կարող է նպատակ դնել նրանց առաջ։
Նրանց խոսակցությունը, քանի դեռ ես քնած էի, սրան շատ մոտ մի բան էր։ Բայց այժմ, երբ հետևում էի նրանց, շարունակում էին նստել մեղավոր լռության մեջ՝ հայացքները մարող կրակին հառած։ Որոշ ժամանակ հետո ոտքի կանգնեցի։ Չորսն էլ անհեթեթ կերպով փախցնում էին հայացքներն ինձնից։ Սպասեցի մի քանի րոպե, որպեսզի տեսնեի, թե երբ է նրանցից մեկն ինչ-որ բան ասելու։ Վերջիվերջո ես ինքս առաջինը սկսեցի խոսել․
-Թեև քիչ առաջ քնած էի, բայց գլխի եմ ընկնում, թե ինչի մասին էիք խոսում։ Ուրեմն ձեզ հետաքրքիր կլինի իմանալ, որ պատրաստվում եմ անել հենց այն, ինչից ամենաշատն էիք վախենում։ Հենց այս րոպեիս այդ երիտասարդների տուն եմ գնալու։ Ասելու եմ նրանց, թե ինչ անեն իրենց ողջ էներգիայի, բոլոր երազանքների և այս աշխարհում գոյություն ունեցող հաստատուն և լավ բաների հասնելու ձգտումների հետ։ Ձե՛զ նայեք, ինչպիսի խղճուկ մարդկանց խումբ եք։ Թաքնվել եք ձեր տանը, վախենում եք որևէ բան անելուց, վախենում եք ինձնից, Մեգգիսից և բոլոր նրանցից, ովքեր այն ժամանակներից են։ Վախենում եք այստեղից հեռու գտնվող աշխարհում որևէ բան անելուց միայն այն պատճառով, որ ժամանակին մենք մի քանի սխալ ենք թույլ տվել։ Դե՜, այդ երիտասարդները այդքան չեն բարոյալքվել՝ չնայած այն լեթարգիային, որ քարոզել եք նրանց այս բազում տարիների ընթացքում։ Կխոսեմ նրանց հետ։ Եվ կես ժամվա ընթացքում զրոյի կհավասարեցնեմ ձեր այդ բոլոր խղճուկ ջանքերը։
-Տեսնո՞ւմ եք, – ասաց ծերուկը մյուսներին։ – Գիտեի, որ այսպես էր լինելու։ Պետք է կանգնեցնենք նրան, բայց ի՞նչ կարող ենք անել։
Ճեղքեցի սենյակը, վերցրի պայուսակս և դուրս եկա գիշերային փողոց։
Աղջիկը դեռ դրսում կանգնած էր, երբ դուրս եկա։ Ասես ինձ էր սպասում և գլխով անելով՝ սկսեց ուղեկցել ինձ։
Անձրևոտ և մութ գիշեր էր։ Ոլոր-մոլոր գնում էինք տների միջև անցնող նեղ արահետներով։ Տներից որոշները, որոնց մոտով անցնում էինք, այնքան հին էին, որ ինձ թվում էր, թե կարող էի քանդել դրանք, եթե ողջ քաշով ցատկեի դրանց վրա։
Աղջիկը ինձնից մի քանի քայլ առաջ էր, և ժամանակ առ ժամանակ շրջվում էր՝ ուսի վրայից հայացք գցելով վրաս։ Հանկարծ ասաց․
-Վենդին այնքան ուրախ կլինի։ Նա համոզված էր, որ այդ Դուք էիք, երբ ավելի վաղ անցաք մեր տան մոտով։ Մինչ այս պահը արդեն հավանաբար գլխի է ընկել, որ ճիշտ էր, որովհետև երկար ժամանակ է ինչ չեմ վերադառնում, և բոլորին միասին կհավաքի։ Բոլորը Ձեզ են սպասելու։
-Դեվիդ Մեգգիսի համար է՞լ եք նման ընդունելություն կազմակերպել։
-Օ՜, այո՛։ Այնքան ոգևորված էինք, երբ նա եկավ։
-Համոզված եմ, որ նրան շատ հաճելի էր։ Նա միշտ էլ սեփական կարևորության չափազանցված զգացում է ունեցել։
-Վենդին ասում է, որ Մեգգիսը հետաքրքիր դեմքերից մեկն էր, բայց Դուք կարևորներից էիք։ Նա կարծում է, որ Դուք իսկապես կարևոր դեմք էիք։
Մի պահ սկսեցի խորհել ասվածի շուրջ։
-Գիտե՞ս, – ասացի ես, – կարծիքս փոխել եմ շատ բաների մասին։ Եթե Վենդին ակնկալում է, որ ասելու եմ բոլոր այն բաները, որոնք սովորաբար ասում էի այն տարիներին, ուրեմն խորապես հիասթափվելու է։
Աղջիկն ասես չէր լսում, թե ինչ էի ասում, և շարունակում էր նպատակասլաց կերպով տանել ինձ այդ տների կուտակումների միջով։
Որոշ ժամանակ հետո լսեցի, որ մեզնից մոտավորապես տասներկու քայլ հեռավորության վրա ինչ-որ մեկը գալիս էր մեր հետևից։ Սկզբում կարծեցի, թե գյուղի բնակիչներից մեկն էր զբոսնում, և չշրջվեցի։ Բայց հետո աղջիկը կանգ առավ փողոցային լապտերի տակ և հետ նայեց։ Դրա համար էլ ստիպված ես նույնպես կանգ առա և շրջվեցի։ Դեպի մեզ էր գալիս միջին տարիքի մի տղամարդ՝ մուգ գույնի բաճկոն հագած։ Մոտենալով մեզ՝ պարզեց ձեռքն ու սեղմեց իմը, թեև չէր ժպտում։
-Ուրեմն, – ասաց նա, – այստեղ ես։
Հենց այդ պահին հասկացա, որ ճանաչում էի այդ մարդուն։ Վերջին անգամ միմյանց տեսել էինք, երբ տասը տարեկան էինք։ Նրա անունը Ռոջեր Բաթոն էր և իմ դասարանում էր սովորում Կանադայի դպրոցում, որը երկու տարի էի հաճախել, մինչև որ ընտանիքս Անգլիա էր վերադարձել։ Ռոջեր Բաթոնն ու ես առանձնապես մտերիմ չէինք եղել, բայց քանի որ նա վեհերոտ տղա էր և նույնպես Անգլիայից էր, մի որոշ ժամանակ կրնկակոխ գալիս էր հետևիցս։ Այդ ժամանակվանից ո՛չ որևէ բան էի լսել նրա մասին, ո՛չ էլ հանդիպել էի նրան։ Այդ պահին փողոցային լապտերի ներքո ուսումնասիրելով նրա արտաքին տեսքը՝ հասկացա, որ ժամանակն անողոք էր եղել նրա հանդեպ։ Ճաղատ էր, կնճիռներն ու ծաղկասպիները ակոսատել էին նրա դեմքը, և հոգնատանջ կեցվածք ուներ։ Չնայած այս ամենին՝ անկասկած, իմ հին դասընկերն էր։
-Ռոջե՛ր, – ասացի ես, – ուղղակի ես այս օրիորդի ընկերներին այցելելու եմ գնում։ Հավաքվել են, որպեսզի հանդիպեն ինձ հետ։ Հակառակ դեպքում կգայի և անմիջապես կփնտրեի ու կգտնեի քեզ։ Բայց մտքումս արդեն որոշել էի, որ այս գիշեր մինչև քնելս անպայման անելու էի դա։ Ինքս ինձ մտածում էի․ «Որքան էլ ուշ, որ ավարտեմ երիտասարդների տանն ունեցածս գործերը, հետո գնալու եմ ու Ռոջերի դուռը թակեմ»։
-Մի՛ անհանգստացիր, – ասաց Ռոջերը, երբ սկսեցին կրկին քայլել։ – Գիտեմ, թե որքան զբաղված ես։ Բայց մենք պետք է խոսենք։ Հին ժամանակները վերհիշենք։ Վերջին անգամ երբ տեսել ես ինձ, նկատի ունեմ դպրոցում, ենթադրում եմ, որ թուլամորթի մեկն էի։ Բայց գիտե՞ս, երբ տասնչորս-տասնհինգ տարեկան դարձա, ամեն բան փոխվեց։ Իսկապես կոփվեցի։ Իսկական առաջնորդ դարձա։ Բայց դու արդեն վաղուց մեկնել էիր Կանադայից։ Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչ կլիներ, եթե տասնհինգ տարեկանում հանդիպած լինեինք միմյանց։ Մեր հարաբերությունները բոլորովին այլ կլինեին, հավատացնում եմ քեզ։
Երբ նա ասաց դա, հիշողությունները համակեցին ինձ։ Այն ժամանակ Ռոջեր Բաթոնն իդեալականացնում էր ինձ, իսկ ես անընդհատ ծաղրում էի նրան։ Բայց մեր միջև տարօրինակ փոխըմբռնում կար, որ այդ ամենը նրա բարօրության համար էր արվում․ երբ խաղահրապարակում առանց զգուշացնելու հարված էի հասցնում նրա փորին, կամ երբ միջանցքում նրա կողքով անցնելիս նրա ձեռքերը ուժեղ հետ էի ձգում և այդպես պահում այնքան ժամանակ, մինչև որ սկսում էր լաց լինել. այդ ամենը նրան կոփելու համար էի անում։ Հետևաբար՝ նման հարձակումներն այնպիսի ազդեցություն էին թողնում մեր հարաբերությունների վրա, որ նա մշտապես վախենում էր ինձնից։ Այս ամենը հիշեցի հոգնած տղամարդուն լսելիս, որը քայլում էր իմ կողքով։
-Իհարկե,- շարունակեց Ռոջերը՝ հավանաբար գլխի ընկնելով, թե ինչի մասին էի մտածում, – գուցե եթե ինձ հետ չվարվեիր այնպես, ինչպես վարվում էիր, երբեք էլ չդառնայի այնպիսին, ինչպիսին տասնհինգ տարեկանում էի։ Ամեն դեպքում հաճախ էի ինքս ինձ հարցնում, թե ինչ կլիներ, եթե ընդամենը մի քանի տարի անց հանդիպեինք։ Այդ ժամանակ ես արդեն մեկն էի, ում հետ պետք էր հաշվի նստել։
Նորից քայլում էինք տների միջև անցնող ոլորապտույտ, նեղլիկ փողոցներով։ Աղջիկը դեռ մեր առջևից էր գնում, բայց այժմ շատ ավելի արագ էր քայլում։ Հաճախ հազիվ էինք տեսնում, թե ինչպես էր աղջիկը ինչ-որ տեղ թեքվում, և ես մտածեցի, որ պետք է զգոն լինենք, եթե չենք ուզում կորցնել նրան տեսադաշտից։
-Այսօր, իհարկե,- ասում էր Ռոջեր Բաթոնը,- մի փոքր թուլանալու շռայլություն եմ թույլ տվել ինձ։ Բայց պետք է ասեմ, ծերո՛ւկ, դու շատ ավելի վատ տեսք ունես։ Քեզ հետ համեմատած՝ ես ատլետ եմ։ Չեմ ուզում շատ կարևորություն տալ դրան, բայց այժմ դու ընդամենը գարշահոտ, ծեր թափառաշրջիկ ես, այնպես չէ՞։ Բայց գիտե՞ս, հեռանալուցդ հետո դեռ երկար ժամանակ իդեալականացնում էի քեզ։ Ֆլետչերը կանե՞ր դա։ Ի՞նչ կաներ Ֆլետչերը, եթե տեսներ ինձ դա անելիս։ Օ՜, այո՛։ Միայն երբ դարձա մոտավորապես տասնհինգ տարեկան, հետ նայեցի և տեսա քո ներաշխարհը։ Իհարկե, շատ բարկացա։ Նույնիսկ հիմա եմ երբեմն մտածում այդ մասին։ Հետ եմ նայում ու մտածում․ «Դե՜, նա զզվելի էր, այսպիսին այսպիսին էր։ Այն ժամանակ նա մի փոքր ավելի խոշոր և մկանուտ էր, քան ես, մի փոքր ավելի ինքնավստահ էր, և լիովին օգտվում էր դրանից»։ Այո՛, հետ նայելիս միանգամայն պարզ է դառնում, թե ինչ զզվելի, ստոր մարդ էիր դու։ Իհարկե, նկատի չունեմ, որ հիմա էլ ես այդպիսին։ Այդ մեկը պատրաստ եմ ընդունելու։
-Վաղո՞ւց ես այստեղ ապրում, – հարցրի ես՝ ցանկանալով փոխել թեման։
-Օ՜, մոտավորապես յոթ տարի։ Իհարկե, այստեղ շատ են խոսում քո մասին։ Երբեմն պատմում եմ նրանց մեր նախկին հարաբերությունների մասին։ «Բայց նա չի հիշում ինձ, – միշտ ասում եմ նրանց։ – Ինչո՞ւ պետք է հիշի նիհար, փոքրիկ տղային, որին միշտ վախեցնում էր, և որը նրա տրամադրության տակ էր և կատարում էր նրա բոլոր կարգադրությունները»։ Ամեն դեպքում այստեղի երիտասարդները վերջին ժամանակներս ավելի շատ են սկսել խոսել քո մասին։ Անշուշտ, ամենաշատը հակված են քեզ իդեալականացնելու նրանք, ովքեր երբեք չեն տեսել քեզ։ Կարծում եմ, որ վերադարձել ես, որովհետև ուզում ես օգուտ քաղել դրանից։ Այնուամենայնիվ՝ չպետք է մեղադրեմ քեզ։ Գոնե մի փոքր ինքնահարգանք պահպանելու իրավունքն ունես։
Հանկարծ լայնարձակ դաշտի մոտ հայտնվեցինք, և երկուսս էլ կանգ առանք։ Հետ նայեցի և տեսա, որ դուրս էինք եկել գյուղից․ վերջին տները հեռվում էին մնացել։ Մտավախությունս կատարվել էր, տեսադաշտից բաց էինք թողել երիտասարդ աղջկան․ հասկացա, որ բավական ժամանակ էր, ինչ արդեն չէինք գնում նրա հետևից։
Այդ պահին դուրս եկավ լուսինը, և ես տեսա, որ հսկայական, խոտավետ մարգագետնի եզրին էինք կանգնած, որը տարածվում էր, ինչպես ենթադրեցի ես, հեռու այն սահմաններից, որ տեսանելի էին ինձ լուսնի լույսի ներքո։
Ռոջեր Բաթոնը շրջվեց դեպի ինձ։ Լուսնի լույսի ներքո դեմքը հեզ, համարյա քնքուշ էր թվում։
-Դե՜, – ասաց նա, – ներելու ժամանակն է։ Այդքան անհանգստանալու կարիք չկա։ Ինչպես տեսնում ես, անցյալի որոշ պահեր վերջիվերջո նորից քեզ մոտ են վերադառնալու։ Բայց այնուամենայնիվ՝ մենք պատասխանատու չենք այն ամենի համար, ինչ արել ենք, երբ դեռ շատ երիտասարդ էինք։
-Անշո՛ւշտ, իրավացի ես, – ասացի ես։ Այնուհետև շրջվեցի և սկսեցի ուսումնասիրել մեզ շրջապատող մթությունը։ – Բայց այժմ չեմ հասկանում, թե ուր գնալ։ Գիտես, որ երիտասարդները իրենց տանն ինձ են սպասում։ Այժմ հավանաբար ինձ համար բուխարին են վառել և տաք թեյ են պատրաստել։ Մի քանի հատ տնական թխվածք, միգուցե նաև շոգեխաշած լավ միս կամ ձուկ։ Եվ հենց այն պահին, երբ երիտասարդ աղջկա հետ, որին քիչ առաջ հետևում էինք, մտնեի նրանց տուն, ծափահարություններ կպոռթկային։ Ժպտուն և անսահման սիրով լի դեմքերով շրջապատված կլինեի։ Այդ ամենն ինձ սպասում է այնտեղ։ Միայն թե չգիտեմ, թե ուր գնամ։
Ռոջեր Բաթոնը թոթվեց ուսերը․
-Մի՛ անհանգստացիր, հեշտությամբ կհասնես այնտեղ։ Եվ հետո գիտե՞ս, այդ աղջիկը մի փոքր մոլորության մեջ է գցել քեզ, եթե ասել է, որ կարող ես քայլելով հասնել Վենդիի տուն։ Տունը բավականին հեռու է։ Իրականում պետք է ավտոբուս նստես։ Նույնիսկ այդ դեպքում ճանապարհորդությունը երկար կտևի։ Մոտավորապես երկու ժամ։ Բայց մի՛ անհանգստացիր, ցույց կտամ, թե որտեղից կարող ես ավտոբուս նստել։
Այդ ասելով՝ նա սկսեց քայլել դեպի տները։ Նրա հետևից գնալով՝ զգացի, որ ուշ էր, և ուղեկիցս չէր դիմանում, թե երբ էր մի փոքր քնելու։ Մի քանի րոպե պտտվում էինք տների շուրջ, իսկ հետո գյուղի հրապարակ դուրս եկանք։ Իրականում այն այնքան փոքրիկ ու ողորմելի էր, որ հազիվ թե արժանի լիներ հրապարակ անվանմանը․ փոքրիկ, կանաչապատ հողակտոր, որը լուսավորում էր փողոցի միայնակ լապտերը։ Լապտերի արձակած լույսի ներքո երևում էին մի քանի խանութներ, որոնք փակ էին, քանզի գիշեր էր։ Լիակատար լռություն էր, ոչ մի շարժում չկար։ Թույլ մառախուղը տարածվում էր գետնի վրայով։
Ռոջեր Բաթոնը կանգ առավ մինչև կանաչապատ հողակտորին հասնելն ու մատով ցույց տվեց։
-Այնտեղ,- ասաց նա։- Պետք է այնտեղ կանգնես, ավտոբուսը դրա կողքով է անցնելու։ Ինչպես ասացի, երկար ճանապարհ է սպասվում։ Մոտավորապես երկու ժամ։ Բայց մի՛ անհանգստացիր, համոզված եմ, որ երիտասարդները կսպասեն։ Մեր օրերում այնքան քիչ բան կա, ինչին կարող են նրանք հավատալ։
-Շատ ուշ է, – ասացի ես։ – Համոզվա՞ծ ես, որ ավտոբուսը կգա։
-Օ՜, այո՛։ Իհա՛րկե։ Ուղղակի պետք է սպասես։ Բայց վերջիվերջո ավտոբուսն անպայման կգա։ – Հետո քաջալերիչ շարժումով ուսիս դիպավ։ – Տեսնում եմ, որ մի փոքր միայնակ ես զգալու քեզ՝ այստեղ կանգնելով։ Բայց հավատացնում եմ, հենց որ ավտոբուսը գա, տրամադրությունդ միանգամից բարձրանալու է։ Օ՜, այո՛։ Այդ ավտոբուսն ինքնին միշտ ուրախություն է։ Այն պայծառորեն լուսավորված է, միշտ լի է կենսուրախ մարդկանցով, որոնք ծիծաղում են, կատակում և պատուհանից այն կողմ ինչ-որ բան են ցույց տալիս։ Հենց որ նստես այն, միանգամից հարմարավետություն ու տաքություն կզգաս, իսկ մյուս ուղևորները կզրուցեն քեզ հետ, հավանաբար ինչ-որ ուտելու կամ խմելու բան կառաջարկեն։ Կարող են նաև երգեր լինել, բայց դա արդեն վարորդից է կախված։ Որոշ վարորդներ խրախուսում են դա, որոշները՝ ոչ։ Դե՜, Ֆլե՛տչեր, ուրախ էի քեզ տեսնել։
Իրար ձեռք սեղմեցինք, այնուհետև նա շրջվեց և հեռացավ։ Տեսա, թե ինչպես երկու տների միջով անցնելիս անհետացավ մթության մեջ։
Գնացի կանաչապատ հողակտորի մոտ և պայուսակս դրեցի գետնին՝ լապտերի սյան մոտ։ Ականջ դրեցի, որպեսզի լսեի հեռվից մոտեցող ավտոմեքենայի աղմուկը, բայց կատարյալ լուռ գիշեր էր։ Այնուամենայնիվ՝ Ռոջեր Բաթոնի՝ ավտոբուսի մասին նկարագրությունը սրտապնդել էր ինձ։ Ավելին՝ մտածեցի երիտասարդների հիացած դեմքերի մասին, ընդունելության մասին, որ սպասում էր ինձ ճանապարհորդությանս ավարտին, և հոգուս խորքում սկսեց սկիզբ առնել լավատեսության զգացումը։

Թարգմանությունը անգլերենից` Էլիզա Ստեփանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *