1. Ես` ՀՀ քաղաքացի Հովհաննես Գրիգորյանս,
իրավունք ունեմ պետական գործիչների հետ
միասին արթնանալ վաղ առավոտյան,
վստահ, որ իշխանություններն արել են ամեն ինչ,
որպեսզի արևը ծագի արևելքից,
ամպերը շարժվեն քամուն համընթաց
և թռչունները երգեն պատուհանիս տակ
նույն երգը, որի մեղեդին ու տեքստը
հաստատվել են համաժողովրդական հանրաքվեով…
<span class="text_exposed_show">2. Ես իրավունք ունեմ շրջելու քաղաքի բոլոր
փողոցներով, առավել խրախուսելի տարբերակը
ոտքովն է, բայց ես իրավունք ունեմ
բոլոր նրանց մասին, ովքեր շրջում են մերսեդեսներով,
ԲՄՎ-ներով և զանազան այլ ջիփերով,
ազատորեն արտահայտել կարծիքս մտովի,
թեև առավել տարածված տարբերակը`
բարձրաձայն հայհոյելն է…
3. Ես իրավունք ունեմ անարգել նայելու
ռեստորանների, բարերի, կազինոների պատուհաններից
ներս, հիանալու նրանց սքանչելի ինտերիերով,
կահույքով…Վարագույրի արանքից հետևելու,
թե ինչպես է զվարճանում քաղաքական,
տնտեսական, մի խոսքով` քրեական էլիտան,
իսկ երբ նրանք ևս, օգտվելով սահմանադրությամբ
իրենց ընձեռված իրավունքից,
ինձ հեռու քշեն թիկնապահների օգնությամբ –
ես իրավունք ունեմ ներկայացնելու իմ
վերաբերմունքը գոռգոռոցով, թեև առավել
ընդունելի տարբերակը` գլխահակ հեռանալն է…
4. Վստահ եմ, որ պետությունն ապահովելու է
ծերանալու իմ իրավունքը, և վստահ եմ,
որ կյանքիս վերջին օրերն ապահով կանցկացնեմ
նրա հովանավորած ծերանոցներից որևէ մեկում,
և վստահ եմ, որ ինձ իրավունք է վերապահված
թաղվել ծերանոցի անծայրածիր
բակի ետնախորշերից մեկում, երբ գա ժամանակը
օգտվելու իմ ամենակարևոր իրավունքից`
ապրե՞լ, թե՞ մեռնել, և ես, անշուշտ, կընտրեմ մեռնելը,
թեև առավել տարածված տարբերակը`
սատկելն է…