Գագիկ Սարոյան | Կանխանշաններ

1.
Մեկը հիշել է ինձ.
Երևի կարոտել է,
Այլապես առավոտ կանուխ
Մշուշը չէր թրթռա,
Չէր շոշափի արցունքը
Ո՛չ հենց այնպես ընկնող
Իմ վիրավոր աչքից:

2.
Իմ մոտիկներից մեկը
Երևի այս գիշեր երազ է տեսնելու
Այն էլ` լավ,
Այլապես ես արթուն չէի լինի.
Մեկը պիտի լինի չէ՞,
Որ հսկի նինջը մերձավորի:

3.
Կանչեցի տաղիկներիս,
Ասացի` կարդամ, կարոտս առնեմ,
Լիքը ծտեր եկան իջան հոգուս ճյուղին.
Սոված էին, թաց ու սրտաճմլիկ:

4.
Ոչ մի կատու
(Նամանավանդ սև)
Այսօր չտեսա:
Միայն քոթոներ էին աշխարհի ճամփեքին`
Թոթոլիկ ու ծիծաղելի,
Մի՞թե սա նշան չէ,
Թե ինչքա՜ն եմ քեզ կարոտել:

5.
Իմ էսօրվա հարբելը
Տեսնես ինչի՞ նշան է.
Երևի ճամփա եմ գնալու.
Եվ ու՞ր եմ հասնելու:
Մի սիրեցյալ լիներ,
Վառեր սրտի փարոսը.
Չմոլորվեի Դրմբոնի
Թավ անտառներում:

6.
Ախր նավազ էլ չեմ,
Անգամ թիապարտ չեմ,
Սակայն ճոճվում եմ համառորեն
Ծովերից հեռու,
Մոտիկներից հեռու…

7.
Աստվածներից բան չեմ հասկանում,
Սակայն բողոք ունեմ.
Տվե՛ք գիրքը.
Էսպես էլ տիեզերք պահե՞լ լինի…
Բա մեղք չէ՞ հաճախորդը,
Որ էսքան տխուր է:

8.
Էն ի՞նչ երկնաքար է սլանում
Էն թփերի միջով գույնզգույն լույսի…
Էդ ու՞մ սերն է հափշտակած տանում:

9.
Այսօր մտածեցի`
Երևի ես էլ եմ կանխանշան,
Որ դեռ ծաղկելու է լորին,
Մորին կարմրելու է,
Իսկ Տանուտերը
Լինելու է սերը:

10.
Վտանգավոր բան է չհեռանալը,
Երբ հոգնել են քեզանից:
Դա մի երգող թռչուն ինձ ասաց,
Ում թևը կոտրել էին մի առավոտ…
Չվերցնե՞մ հեռանամ էս կողմերից:

11.
Երբ աչքերդ փակել ես,
Իսկ սիրտդ
Ծակված գույնզգույն փուչիկների պես
Պատեպատ է խփվում,
Ուրեմն էլի~ հարբած ես
Կամ էլ զարմանալի մի բան ես գրելու.
Տես հանկարծ չալարես…

12.
Ենթադրենք ցողաթափի ժամին
Նստած ես մի կանաչ նստարանի
Ու մտածում ես կարոտի մասին
(Բայց` անպայման կանաչ):
Հետո դու դանդաղորեն
Ցողոտվում ես խոտի պես
(Բայց ոչ կանաչ, որովհետև աշուն է),
Իսկ նա (դե, իհարկե՜, գիշերը)
Քեզ հուշում է,
Որ շներն էլ են կարոտում,
Էլ ուր մնաց, որ դու չցողոտվես:

13.
Կիրակին եկավ զարմանքով.
Էս ի՞նչ անձրև է էս ձմեռով…
Երևի նրա սիրտը փշրվել,
Իսկ ափսոսանքը լալիս է հոնգուր-հոնգուր,
Ինչպես երեկվա քո տեսած երեխան,
Ում համար
Հեծանիվն ի՞նչ է` չեն առել:

14.
Ծի՜վ-ծի՜վ, ծի՜վ-ծի՜վ…
Էդ ո՞վ է հեծկլտում
Լորենու խորքերից…
Մի՞թե որոշել է չծաղկել:
15.
Եթե ես կոպեկ գտնեմ,
Չեմ վերցնի այսօր.
Տեղ եմ գնալու,
Թաքուն մի տեղ`
Մի կանաչ մարգագետին,
Որտեղ հարմար է
Եվ հարբելը,
Եվ երազելը,
Եվ աննշան-աննշան մեռնելը…
Տո անգա՜մ չմեռնելն է հարմար:

16.
Որոշել եմ`
Վաղը էնքան եմ երազելու,
Որ մի թռչուն սկսի երգել,
Որ մի քոթո գա ու երեսով տա,
Թե` էդ ի~նչ կանաչ բացատ ես գտել
Քարե անտառներում.
Ինձ էլ տար քեզ հետ.
Գուցե դո՞ւր գա նրան
Դեղին մորթիս:

17.
Մեկը կանչել է չէ՞,
Որ եկել եմ աշխարհ,
Տեղը տեղին ճառագայթ կլինեի,
Ասենք` Կարապի համաստեղության
Հեռավոր մոլորակներից մեկում
Ու կզարդարեի
Ձեր տեսողությունը,
Եթե, իհարկե, չալարեիք
Եվ դեպի երկինք,
Ասել է թե`
Ձեր հոգուն նայեիք:
Չնայած ուշ չէ.
Տեսեք, թե ինչպես է հոնը կաթում խաշամին:

18.
Հոգավորը գրեց, թե` անխիղճ,
Ողջ գիշեր դողացել եմ կարոտից…
Ուրեմն այսօր ձյուն է գալու գետի ալիքներին,
Որ կարմրախայտը տեսնի իր կարմրի ցոլքը
Արծաթե հայելիներում:

19.
Աչքս պաղել է.
Երևի կիրակի օրվա
Ճամփաներով եմ հեռանալու
Նրան ընդառաջ:

20.
Աստղի ետևից,
Ցոլքի ետևից`
Դեպի մսուրքը հայրենի:

21.
Մի՞թե չի գալու
Եվ չի պախարակելու,
Որ խնձորը նշան չէ
Հարբելու համար:
Որ մեղքի նշան էլ չէ,
Այլ երկնքից գլորելու համար է
Սովահարների,
Սիրահարների
Եվ մի ցանցառ գիտնականի գլխին:
Ես դա իհարկե գիտեմ,
Բայց չէ՞ որ ափսոս է բերքը.
Փտում է դրախտի ծառերի տակ:

22.
Ով ասի, որ երգը նշան չէ փրկվելու,
Ես նրա հետ ոչ օղի կխմեմ,
Ոչ գինի,
Ոչ ջուր,
Անգամ նույն գնացքով չեմ գնա…
Կիջնեմ, ոտքով կգնամ
Ձյունածածկ դաշտերով,
Մենա՜կ
(Է՜հ, գոնե բուքը թույլ լինի)…

23.
Մի համրիչ ունեի`
Ոսոխից մնացած:
Սև էբոնիտից էին հատիկները,
Մզկիթի սոխաձև գլխիկ ուներ
Եվ երկու մինարեթ:
Չձգեցի նրան,
Կախեցի մի ծառից,
Որ երկնավորը ների նրա տիրոջը,
Եթե կարող է…

24.
Տխրեցի, երբ թունդ գինարբուքին
Ոչ մի ափսե չկոտրվեց`
Ի տարբերություն իմ գլխի:
Ո՜վ գիտի` իմ պայծառի ջարդվելը
Ինչի՞ նշան է.
Երկինքը խափանվե՞ց (շուռ տված ափսե),
Թե՞ երկիրը (մոլորված մոշուտներում հոգու):

25.
Էլի մի վեպ…
Բայց գրում եմ,
Որ մտածեք` մի՞թե եղել է:
Մի օր մի կաչաղակ
Մի կռո ճղոպուր
Գցեց իմ գլխին…
Երևի էս քարքարոտ լեռներում
Միայն իմ գլուխն է
Վերջին թրծված զնդանը:

26.
Ծամերդ արձակիր, աղջի՜կս,
Նշանների տակ լուսնի:

27.
Կեչին կախում է ուսերը,
Կեչին սև նշաններ է գրում
Իր ճերմակ կեղևին (ներսից):
Կեչին արտասվում է,
Երբ դու անցնում ես
Կեչուտով:

28.
Իսկ Սևանում
Ճայերը, բադերը, որորները
Ալիքների վրայից
Կտցում են իմ աչքերի
Քաղցր հիացմունքը,
Որ տանեն երկինքներով
Իրենց ձագուկներին:

29.
Կանուխ
Մատղաշ մի քուռակ
Էնքան զռռաց,
Որ անամոթաբար գոռացի`
Ուզածդ ինչ է, ա՜յ էշ,
Հետո հիշեցի, որ
Քեզ դեռ չեմ զանգել:
Եվ ի՜նչ ուրախություն…
Էն սիրուն քուռակը
Չհակադարձեց:

30.
Մեծ մարդ եմ,
Բայց մինչև այսօր չգիտեի,
Թե ինչի համար են
Արցունքը համեմատում
Մարգարիտի հետ,
Մինչև որ չտեսա,
Թե ինչպես են նրանք հորդում
Քո աչքերի խեցիներից…
Եվ մի՞թե արժեր իմ հասկանալը`
Քո տխրության գնով,
Թեկուզ և մարգարտյա:

31.
Բուրում են, բուրում են կանայք
Սիրուց առաջ,
Ինչպես որ ծմակն է բուրում
Մինչև անձրևները աշնան:

32.
Եվ եթե մեր կողմերում
Ինչ-որ բան է ծաղկում բուրավետ,
Ուրեմն Կարապի համաստեղության
Մի մոլորակում
Մի ճառագայթ շիկնում է
Եվ նվաղում գովական հաճույքից:

33.
Էդ ինչի՞ց է`
Հենց անցնում եմ կողքով,
Շիկնում է առավոտ վաղ:
Հենց անցնում եմ կողքով,
Նազում է կեսօրին:
Հենց անցնում եմ իրիկվա դեմ,
Ամաչում է ու խնդմնդում…
Էդ ինչի՞ց է`
Հենց հենվում եմ նրա
Կնճռոտ մարմնին գիշերով,
Արտասվում է:
Էդ ինչի՞ց է նրա տուրուտափը`
Էս սիրուն լացող ուռենու:

34.
Այլ հեռուներում է,
Դեռ ծփում է հոգին.
Կանչում եմ, չի գալիս.
Վախեցած քոթո է մի:
Արի` կանչում եմ,
Չեմ վնասի,
Ի՜մ համատարած…

35.
Մի ժամ է`
Ծփում եմ ուրախությունից.
Հիշել եմ, որ աչքեր ունի ծովազարդ,
Եվ եթե ինձ համար են փայլփլում,
Ուրեմն ծով եմ, որ կամ:

36.
Ես երազահան եմ գրելու.,
Որոշել եմ.
Չտեսնողների համար…

37.
Մի օր, երբ մտամոլոր էի,
Հոպոպը սուլեց,
Ձին խրխնջաց,
Գետը կարմիր ջրիմուռ բերեց
(Գուցե մտածեց` իր կարմրախայտն եմ անառակ):
Մի օր, երբ մտամոլոր էի,
Հավատացի լույսին:
Հո իզուր չէ՞ր
Այս սրբազան ժխորը:

38.
Ա՜խ, ինչքա՜ն երեխեք են ծնվելու`
Լուսավո՜ր, լուսավո՜ր…
Լագլագները եկան`
Անուշ կափկափելով:
Ուստի՞ եկան:

39.
Ասենք` դու կարոտում ես,
Իսկ ես` հեռվում…
Հետո ես շուրջբոլորս եմ նայում,
Թե ում վստահեմ բարևս,
Որ բերի ու քեզ հասցնի.
Ոչ քամի կա,
Ոչ աստղ,
Ոչ հեռախոս:

40.
Դիմում եմ գրելու կորուսյալ ծովերին.
Ու՞ր եք,
Մի՞թե իմ մակույկը
Չի սազում ձեր նախկին ալիքներին`
Իմ խարխլվածը…

41.
Պառկեցի կանաչ բացատում.
Մի ձի գար,
Կանչեր արածելու:

42.
Մոլորակը կազդուրվում է սիրուց.
Վկան` իմ հոպոպը:

43.
Նշանը տեսնողին է բացվում,
Մինչև չես հոտոտում,
Սիրտը չի բուրում:
Թող հոգավորը ների ինձ,
Եթե կուզի:
Ահավասիկ, վիթխարի քաղաքում
Թռչկոտում է կանաչ տրոլեյբուսի
Մի նախկին ուղևորուհի,
Ինչ է թե` չեմ սխալվել
Ու հարցրել եմ`
Էս վագոնը մինչև կանաչ բացատ
Գնում է՞, թե՞ գնում է հենց էնպես`
Տխրության մի կանգառից
Մինչև մյուս կանգառը տրտմության:

44.
Կոճապղպեղով թեյ առաջարկեց,
Ասացի` ապրես:
Կանաչ բլուզով էր.
Ասաց` հանե՞մ
Ասաց` կոտլետ կա,
Հաց, կանաչի, պանիր…
7 անգամ
Սառնարանը բացեց-փակեց
(Իր սրտի պես):
Վերջին անգամ գոռացի`ստոպ…
Սիրտդ թող բաց մնա.
Հո սառնարան չէ՞,
Որ վախենում ես` փչանա:

45.
Խղճով մարդ էր` ճամփորդ,
Ինքն իր ճամփով
Ես` իմ:
Հետը շուն կար.
Երեքով գնում էինք:
Նա տեղ հասավ, ասաց`հասա,
Ասաց` տանեմ, շանը հաց տամ.
Առավոտվանից սոված է
Մեզ պես. դու էլ արի:
Խղճով մարդ էր.
Աստծո նշան:
Չէ` ասացի, ճամփորդ մարդ եմ.
Ես իմ ճամփով,
Դու` քո…
Կարևորը շունն է:

46.
Ոչ վիպապաշտ եմ,
Ոչ նշանախև,
Բայց մշուշը գալիս է ձորերով,
Որ մխիթարի իմ վիրավոր աչքին,
Որով ես անտեղի արտասվում եմ
Ինձանից տեղը տեղին հեռացող
Հիշատակների համար:
Հետո հարցնում եմ հոպոպին`
Դու իմ կորու՞ստն ես,
Թե՞ էս ու էն կողմ սուրացող
Թափառական տապանթռչունը նրա:

47.
Տեսե՞լ եք հոպոպին,
Երբ նա իջնում է
Տրտուի զուլալ ջրերից խմելու,
Իսկ նրա ընծան’
Գույնզգույն փետուրը (զմայլվե՞լ եք նրանով),
Որ նա թողնում է ալիքներին:

48.
Անաչառ` հայելու նման,
Եվ զուլալ` ստվերի պես,
Տեղավորել զարմանքը…
Ինչ կամ` էս եմ,
Ինչ չկամ` էն էլ ե՞մ ես…

49.
Ով ասես` երազում է.
Ահա ես:
Ով ասես`հաչում է.
Ահա սև շունը և ես:
Ով ասես`կորել
Եվ չի գտնելու իրեն
Մեծ քաղաքներում:
Մի ցուցանակ լիներ,
Մատով նշան աներ,
Շները հեռանային
Երազների հետևից:

50.
Մի փրկիչ գար,
Ասեր` եկել եմ փրկելու`
Փրկվեի:
Եվ աչքով անեի
Սպիտակ ծաղկաբույրին`
Հույսին.
Նա ինձ ժպտար:
Նա ինձ ժպտար` ինքնալույսը:

51.
Մտածում եմ`
Թևավորները (նաև մնացածը)
Մի լավ տուժել են
Մեր պատճառով:
Հասկանում եմ.
Հո էն տապանը
Անհատակ չէ՞ր,
Որ բոլորին փրկեր:
Հիմա ինչ եմ ասում`
Հաջորդ ջրհեղեղին
Իմ յոթ հոպոպներից
Ո՞վ է խեղդվելու ինձ հետ:

52.
Ծածուկ մի վայր եմ որոնում
Անտառում` ծառի տակ,
Քաղաքում` գիշերվա մեջ,
Դաշտերո՜ւմ, ձորերո՜ւմ, մի տեղ…
Մի քանի օրով (կամ մեկընդմիշտ)
Մի սիրտ թաքցնելու համար:
Չասեմ` ումից, ինչու, ա՜խր…
Խորը նաշ չառաջարկեք.
Ես ի՜նքս մի երգ եմ գրելու:

53.
Թռչունը նախշ է՝
Ճյուղերի մեջ,
Մաքուր գծեր ունի…
Երբեմն պոկվում է
Խաչաքարից,
Որ երկնքի հոգին գծագրի:
Երբեմն պառկում է
Գորգի ներսում:
Թել-թել, թաքնաթաքուն
Այս երկրի անուշ
Գաղտնիքներն է ոգում:

54.
Գծապատկեր`
Ապրում եմ ներսում:
Նրա բառագծով հոսում է
Արյունը, խրամատը, սերը,
Թռչունը վերուվար, կտրուկ:
Հոգավորներ. հոսում է նրանց գիծը
Ճյուղ առ ճյուղ:
Հատվում են, խաչվում,
Զուգահեռ հեռանում:
Մի կամար, մի գմբեթ, սյուներ`
Շինվածքը՝ երկնքից առկախ…
Հետո ծովն է ծփում
Գիծ առ գիծ:
Իմ հոգին ափին է,
Իմ մահը ապրում է գույնի մեջ,
Իմ ներսը` նրա ձայներում…
Գծապատկերը` հավատ,
Գրաֆիկան` լույս կանխանշան,
Աստված` ամենայն`
Գծի մեջ ներդաշնակ մեղեդի որպես…

55.
1000 տարի է` անխղճորեն
Մի հարց տանջում է ինձ…
Ես, որ ասենք`
Մի տաղիկ եմ գրում գիշերով,
Հետո առավոտյան,
Երբ գնում եմ՝ իմ գրածը
Հացի պես կիսելու
Ձկների, ծառերի, թռչունների հետ,
Դա հո իմ կորուսյալ լինելու
Վերջնանշանը չէ՞…
Ասացեք` այո,
Պրծնեմ:

56.
Շա՜տ սիրուն էր.
Իսկը նշան`լաց լինելու:
Եվ որպեսզի չվնասեմ,
Չգրեցի…
Ընդամենը կռահեցի…

57.
Տաբու է այնի թիվը կրկնելը.
Իսկ նրա՞նը…

58.
Նոր կոշիկներ ունեմ.
Նվիրել են:
Որտեղի՞ց գիտեին,
Որ ձեր դռներով էի անցնելու.
Էն էլ` գլխաբաց:

59.
Երգեր կան,
Որոնք չեն սառչում,
Ասենք` ինչպես լույսը:

60.
Հե՜ յ, քոթո,
Հե՜յ, քաղաքացի շուն,
Վաղուց է` չես հաչել լուսնի վրա.
Հո հիվա՞նդ չես, մատաղ:

61.
Լույսը միշտ կա.
Այդ ես եմ գիշեր-գիշեր հեռանում,
Որ առավոտ առ առավոտ
Քեզ մոտենամ, բարի՜ լույս:

62.
Գինին ուսս բոթեց ընկերաբար.
Հիշեցի, որ տաղիկ եմ կապելու
Քեզ համար…
Կամրացնես մազերիդ.
Թող պեծկլտա:

63.
Հեռավոր քաղաքում
Մի հրաշալի կին կա:
Նայում եմ նկարին ու բոցկլտում:
Տեղն է ինձ.
Թող միշտ անուշ լինի:

64.
Ա՜խ, հեռավոր,
Այդ ես եմ քեզ հիշել,
Դրա համար էլ
Վառվում է երեսդ վառ:

65.
Չվերցնե՞մ` ես էլ ծփամ.
Հեռվից հեռու քիչ զովանա:

66.
Կեցցեմ ես. մանկացել եմ.
Հոլ եմ նետում:
Թող պտտվի ծովերի վրա…
Ծովերը խենթանան,
Մի բուռ սաթ տան,
Ասեն` տար քո սիրուհուն:

67.
Ամեն ինչ ի շրջանս յուր,
Բացի սիրուց:
Թող նա ուրիշ մի բացատում շրջի`
Կանաչ սեզերի մեջ,
Առանձնակի:

68.
Արժանի է գովքի,
Արժանի է, հեծկլտում է
Դեռ պատանի դրոշը
Հին զինվորի սրտում
Փողփողացող:

69.
Ոչ մի պայմանական նշան.
Նա հայրենիք է,
Ոչ թե քարտեզ:

70.
Սկզբից կարկաչն է եղել,
Հետո լույսը:
Ապրի կարկաչողը:

71.
Լուր չկա…
Հոգավորը չի զանգում.
Զբաղված է երևի, ոչ թե խռով:
Ես էլ չեմ զանգում, որ չմտածի,
Թե զանգել եմ, որ
Հաշտվի երկուսիս հետ:

72.
Խոր ձոր էր, մութ…
Ուզեցի ` իջնեմ,
Մի բան արտասանեմ,
Ասենք` Մեծարենց…
Ուզեցի` ձորը լցվի լույսով,
Հավասարվի երկնքին:

73.
Ծաղիկ սիրու՞մ ես`
Հարցրեց ինձ մի աղջնակ:
Ասացի` ըհը:
-Ի՜նչ լավ է,- ուրախացավ,-
Էն ծերպին մի կարմիր ծաղիկ կա.
Գնա բեր,-
Ասացի` ըհը:

74.
Սուլել գիտենայի,
Էս խոնջանքի պահին
Սուլեի քեզ համար
Կանաչ արտերի
Կարմիր կակաչների մասին:

75.
Գուցե սիրտդ փափկեր,
Եթե անցնեի ձեր դռներով`
Նոր կոշիկ հագած,
Գինով, շոկոլադով, ծաղիկներով…
Ափսոս, ապրում ես վերջին հարկում.
Ստիպված մի թռչուն եմ ուղարկելու,
Որ քեզ բերի իմ ափսոսանքը:

76.
Սիրտս բացել և
Ինձանից հեռացող բառեր եմ որսում,
Որ դնեմ քո անվան կողքին.
Դե երևի կաշառում եմ
(Խելքի՜ աշեցեք):
Առանց դրա էլ
Իմ բառերը դեպի քեզ են ճախրում…
Պատանի, անփորձ բառեր են.
Գոնե չզոհվեն
Լեղի գիշերներում:

77.
Կիրակի օր լինելը
Ինձ խիզախություն չտվեց:
Մի բուռ փշատ էլ չտվեց:
Չվերցրի սիրտս, չեկա քեզ մոտ.
Ինչքան փշատ կտեղավորվեր
Իմ սրտի կողովի մեջ:

78.
Հավատը` ըստ հույսի,
Սերը` ըստ սիրո,
Աստված` ըստ մտքի:

79.
Իսկ երգը,
Երգը,
Երգը`
Ըստ հոգու:

80.
Մանդարինները բուրում են,
Երբ դու հանում ես բլուզդ:
Այսօր նկատեցի…
Երևի շիկնում են:

81.
Երբեմն ճմլվում է.
Սիրտ է. դրանից է երևի…
Ինչ-որ բան է ուզում:
Ահա այսօր էլ նույնը…
Ե՞րբ ես գալու,
Որ կիրակի լինի…

82.
Հանկարծակի է գալիս.
Ոչ մի նշան չունի,
Որ ծածանի հեռվից…
Ոչ թռչուն է ուղարկում փոստատար,
Ոչ քամի, որ սանրի մազերդ,
Ոչ էլ երկնաքար է նետում
Սրտիդ մեջ:
Հանկարծակի է գալիս.
Հենց էնպես, որբի պես:
Գալիս պառկում է քո ներսում,
Ասում է`սերն եմ.
Սիրիր ինձ և բլիթներ տուր,
Եվ ոռոգիր լացով զարմանալի:

83.
Իսկ նրա նշանները շատ են,
Իսկ ինքը` աննշան.
Մեկ էստեղ է ցոլում,
Մեկ` էն կողմում,
Մեկ մարմնին է իջնում,
Կացնի նման պոկում աստղից,
Մեկ անմարմին հոգին
Տանում է` տա մեկին,
Ով դեռ չի էլ ուզում
Ծնվել ու սպառվել
Էս կողմերում:

84.
Որ ցոլում ես,
Ուրեմն մի բան գիտես:
Հավան եմ ցոլքերիդ, բայց
Կարող ես նաև մլմլալ
Իմ գրկում.
Հո շուտ չե՞նք մեռնելու…

85.
Թույլ տուր քեզ փրկել`
Ասացի ալիքին,
Ինչի՞ց` հարցրեց:
Գետից` ասացի…
Լացելով հեռացավ:

86.
Գուցե բանաստեղծությունը
Նշան է, որ ծառը
Սրտանց սոսափի,
Ինչպես որ նրա խշխշոցն է
Հուշում նշան`
Մի տեղ ընկնող երկնաքարի համար:

87.
Դեպի քեզ բերող
Ոչ կածան կա, ոչ իզ:
Ստիպված սրտով եմ գալիս:
Ես հո անիզա՞ն չեմ.
Նստում եմ սրտի ավտոբուսը,
Եվ հայդե մինչև քաղաք:

88.
Գիշեր է. բացել է ծոցը,
Պլշած նայում է աշխարհքին…
Մի թռչուն է, ճչում է`
Անուշ բան է սերը:
Ախր շա՜տ է անուշ`
Մրմնջում է քամին
Ու սրթսրթում…

89.
Երբ հոպոպը դառնում է
Վերացական գոյական,
Ուրեմն` ես հարբած եմ
Կամ էլ տաղ եմ գրում…
Քեզ համար եմ գրում.
Չմոռանա՜ս…

90.
Երբ սիրուհին
Իջնում է երկինքներից
Եվ ասում, որ ինքը
Հոպոպ չէ,
Ուրեմն` հագիր կոշիկներդ
Եվ գնա մի երկար ճանապարհով…

91.
Իսկ նա կմաքրի, կհավաքի տունը,
Աման-չամանը կլվանա,
Մի երկու կաթիլ կլացի,
Հետո կիջնի սրտից,
Որ կանաչ տրոլեյբուսով
Գնա աշխատանքի:

92.
Բաներ կան,
Որոնք պարտավոր են թպրտալ.
Դու կասես` սիրտը,
Ես կասեմ` հոգին,
Դու կասես` միտքը,
Ես` սլաքը կողմնացույցի,
Որը որոնում է,
Որ գտնի ճանապարհը
Երկուսիս… Եվ տես,
Թե ինչպես է իրեն
Պատեպատ տալիս ու պտտվում:

93.
Ինչ կա իմ բառերում`
Քամիներն են բերել, իմ ներսերում ցփնել:
Դժնի, արդար սերմնացաններ:
Լավ է` գոնե գիտեմ,
Բնավ չեմ մոռանում,
Թե հնձվորը ով է հազարամյա:

94.
Էս ձմեռով
Ո՞նց էի մոռացել զատիկներին
(Թող ինձ ներեն):
Լավ է, որ գիշերանոցիդ վրա
Լիքը զատիկներ կան ասեղնագործած`
Կարմի՜ր, կանա՜չ, դեղի՜ն…
Բա էս մեկի՜ն նայիր.
Կարծես թափանցիկ է:
Ելել-թառել է քո երեսին:
Կուզե՞ս` ասեմ` գնա,
Թևերը տա լույսին.
Լույսը քիչ ուշանա:

95.
Գրկում եմ նրան,
Որ չմոռանա,
Թե ինչու է եկել.
Ես հեռվից էլ եմ սիրում,
Տեղը տեղին:

96.
Եթե ֆիզիկայի կանոնները ճիշտ են,
Ուրեմն իմ հոգու թրթիռը
Անսպառ ու անկորչելի է
Նրա հոգում:
Անգամ ծառն է ծաղկում
Նրա կանաչ բացատի մեջ:

97.
Մի հալիվոր տեսա.
Էնքան նրբորեն էր շոյում
Խնձորենու բունը,
Որ ստիպված մտածեցի`
Երևի դեռ ջահել է
Եվ իր կնոջն է շոյում
50 տարի առաջ:

98.
Երբ հնդկական կինո եմ հիշում,
Ուրախանում եմ.
Հիմա անձրև է գալու հորդառատ,
Եվ մենք իրար ենք հասնելու:

99.
Կամաց-կամաց փշրվում եմ.
Մեծ մարդ եմ. ամոթ էլ է.
Էլ չեմ ասում,
Որ տխուր է,
Եվ որ դեռ աշուն էլ չէ`
Ընդամենը փշրվում եմ սիրուց:

100.
Ում ասես` հիշեցի,
Նույնիսկ անծանոթին,
Ում բարևեցի մի գիշեր փողոցում և անցա…
Նա էլ էր միայնակ.
Ափսո՜ս, նոր հասկացա`
25 տարի հետո:
Մի՞թե էս քաղաքում
Բոլորը քնած են այսօր:

101.
Լուսինը լիմոն կաթեր,
Սիրտը` մանդարին,
Խումհարի մեջ ես, Սարոյա՜ն… էլի՜…
Ելիր մտիր ծոցը
Կանաչ խալաթ հագած հոգավորի:

102.
Ես էլ եմ վերադառնալու,
Ինչպես որ դու ես հեռանում
Դեպի սկիզբը քո բույրերի,
Որն այնպես պտտեց քո հոգին,
Որ զգլխիչ բժժած`
Ընկար իմ ներսերում:
Եվ ո՞վ ես դու, որ մոռանում ես քեզ.
Մրրկավա՞րդն ես միթե,
Թե՞ վարդամրրիկն ես կարմիր լուսնալույսի:

103.
Շապիկն հաներ ծովը,
Լողար քո աչքերում,
Տեսներ` ի՜նչ անուշ է
Պառկել մայրամուտի ավազներին`
Կիրակի օրվա ուսը
Գլխի տակ դրած,
Ձեռքը գցած լանջքին
Կապույտ է՜ն ալիքի:

104.
Խեղճ ու կրակ օր էր.
Չոր սեզի պես վառվեց
Իր կրակում…
Բնա՜վ չտաքացա
Սառը կարոտների տաքությունից:

105.
Բեր ձեռքերդ լվանամ,
Ձեռի հետ էլ` իմը,
Իմ սիրու՜ն հոպոպ:

106.
Ի՜նչ լավ է, որ
Ամեն ոք իր ծոցն ունի`
Ծովը, թռչունը, սիրուհին…
Պատրաստ եմ հերթով մեռնելու
Նրանց ծոցերում:

107.
Մի կանաչ տրոլեյբուսի տեղ գիտեմ
(Համարը չեմ ասի).
Տանում է ճիշտ երկինք (երբեմն)
Եվ մոռանում է ետ բերել (միշտ):

108.
Աշուն էլ չէ, որ
Խլածաղկի օդապարուկներով
Դեսանտնիկի նման
Իջնեմ գետի վրա (զիս թալեմ ջուր),
Ձկնաձագը կտցի.
Փորձի սրտիս համը
(Ու՞ր հասար, ծո՜):

109.
Երկու սենյականոց, լայն պատշգամբով
(Դեպի երկինք բացված)
Գիշեր եմ որոնում.
Կվճարեմ նախօրոք`
Թեկուզ դրամով,
Թեկուզ արյամբ:

110.
Ծղրտացողին չհասկացա.
Թարգմանիչ էլ չկար,
Որ թարգմաներ խռովքը ծղրիդի:
Լոկ մի թռչուն եկավ,
Ասաց` եթե կուզես
Կթարգմանեմ հոգով,
Սակայն պիտի կտցեմ
Քո ծղրիդին.
Նրա խոսքը հաստատ համի մեջ է:
Ասացի` չէ, ինձ կեր,
Ինձ թարգմանիր,
Նա թող քիչ էլ ճռռա.
Գուցե նշան է նա գիշերն ի տես
Մեկ այլ, լրի՜վ ուրիշ ճառագայթից իջած
Ասացողի համար:

111.
Աշունը մի քայլ է`
Ճերմակ զարմանքի վրայով
Դեպի գարունը շռայլ երկինքների:

112.
Լավ բան է ժամանակը.
Պառկում ես ափերին
Եվ մինչև լույս գրկում ես
Կանաչ թևերով մի հոպոպի:

113.
Մի զարմանալի բառ էի սովորել.
Տարա պահեցի մի քարի տակ,
Որ պապուկները փորձարկեն:
Ո՜վ գիտե, գուցե մի օր պե՞տք կգա.
Մի տաղիկի կանաչ տոտիկի կկապեմ:

114.
Ձայնատերև անտառով,
Կերկեր ձորակով,
Ցամաք աստղը սրտում
(Ա՜խ, նրան դեռ չի տեսել
Ոչ մի դիտակ)`
Տրոփում և հեռանում է սերը:
Եվ որբերն են արտասվում
Նրա համար:
Եվ նրա հետևից
Ջուր է ցփնում երկինքը
Մեղմ անձրևի մաղերով:
Եվ քաղաքն է թնկթնկում
Թե` մի գնա ախր,
Առանց քեզ դժվար է շատ:

115.
Իմ ցավը վինիլային խազված
Ձայնապնակի պես է.
Ձայնը խորքից,
Միշտ նույն ակոսիկում,
Պտտում է սիրտը
Միշտ նույն տեղում,
Միշտ նույն ոլորտներում
Մաշում, սպառում է հոգին:

116.
Մի՞թե պարզ չէ.
Կինը սիրելու համար է:
Տես` ինչ լավն է,
Տես` ինչ կանաչ սրբիչով է սրբում
Երկինքների փոշին
Ու արարում:

117.
Միայն թե չալարի.
Տխրի ինձ համար,
Երբ իմանա,
Որ էլեկտրիկ չեմ,
Բայց նորոգում եմ իր արդուկը,
Եվ դեռ ուտում էլ եմ
Իր անհամ, անյուղ կոտլետները:
Մի գդալ յուղ դնեիր, էլի
Քո սրտի համով տեղերից, այ հոպոպ:

118.
Ես երևի ծնվել եմ`
Հատկապես տեսնելու,
Թե ինչպես են ուրախանում
Քոթոները և երեխաները
Ինձ տեսնելիս
(Եվ մի երկու կին էլ` մեր մեջ ասած,
Եվ մի հոպոպ` շատ տխուր):

119.
Զգում եմ, որ մեկը (մահը)
Ծիկրակում է ինձ.
Ինձ շատ լուրջ եմ պահում.
Ոչ հարբում եմ,
Ոչ արտասվում,
Ոչ ընդվզում,
Անգամ ձախ չեմ գնում:
Հետո զանգում եմ ոստիկանություն
(Միակ անգամ).
Հե՜յ, մեկը հետևում է ինձ.
Ձեռքին բան կա` 5 համարի գերանդի,
Մանգաղ էլ ունի` կեռ,
Եվ մի սուր ցակատ:
Ախր ոչ խոտ եմ, ոչ ցորյան, ոչ ցախ…
Ի՞նչ անեմ.
Շան տեղ չդնե՞մ…
Եղավ… Հասկացա…
Աչքիս վրա:

120.
Սերը մեկուսիչ երիզ է
Միայնության մերկ լարերի վրա:
Ճիշտ է` էլեկտրիկ չեմ,
Սակայն մի կյանք է`
Ինչ անվերջ, համառորեն
Փաթաթում եմ մահվան բաց ջղերը
Եվ աղոթում եմ, որ չսպառվի լույսը:

121.
Գնամ համբուրեմ նրա խոսքը
Ցամաք ձորի մեջ:
Շնչավորները գան խմեն.
Ձորը ծաղկի,
Լցվի մասուրով, լույսով,
Թրթիռով, Աստծով:
Գնամ համբուրեմ հայերենի փեշը`
Վերջին նշանը իմ փրկության:

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

  • Ն. Մարտիրոսյան։ says:

    Աշխարհը Սարոյանի աչքերով,,,
    Ուղղակի հրաշալի է։
    Շնորհակալություն վայելքիս համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *