Անահիտ Ղազախեցյան | Կարմիրի մասին

Ի սկզբանե
Քո արտեւանունքներն էին
Ու սերը՝
Նրանցից
Սկսկվող
Այլ ելք չթողեց,
բառերին՝
Քան Լինել։

***
Այս քամիներից,
Մոխրագույն տանիքներից,
(Որտեղ չենք էլ եղել),
Ու
Ճանապարհներից,
(Որոնցով վերադարձի փորձ ենք անում),
Այս դռներից,
Տներից ու բակերից անծանոթ,
(Որոնք քեզ հանդիպելու
Չստացված ու հուսահատ
Խաբկանքներ են),
Ծխախոտների ծայրերից,
Ծայրերի մարդկանցից,
Այն բոլոր հյուսիսափայլերից,
(Որոնք էդպես էլ չտեսանք),
Ու երազներից,
(Որոնցում ապրելը գերադասելի է
Առավել),
Այս բոլոր տների
Պատուհաններից,
(Ուր ճաղեր են անհամար
Ու մարդիկ՝ սովորական անցուդարձով),
Ու երկինքներից,
(Որոնցում աստղերը
Հեչ էլ անհաշվելի չեն),
Ու աստղերից,
(Որտեղից էլ ոչ ոք չի իջնում
Երկիր,
Որովհետեւ բոլորս հոգնել ենք փորձելուց),
Եւ այս բոլոր փորձերից,
(Որոնք քեզ
Մոտեցնում ու հեռացնում են առավել),
Եւ այս բոլոր երգերից,
(Որ ականջներումդ են,
Քո մեջ,
Մարմնիդ մեջ),

Այս բոլոր բառերից ու
Բանաստեղծություններից
Անդին
Կա՞ մի բան
Որ կկարողանա լինել
Քո մասին։

***
Սովորականից շատ եմ մտածում
Քո մասին
Կարմիրի մասին
Միտքս ոնց որ Ամստերդամի
Կորած փողոցները լինի՝
Մի երկու հոգի են
Ամեն մեկն իր երաժշտությամբ
Իր գործերով
Ու ես
Հենց էդտեղ,
Էդ երկուսից խոսքի անլսելիության չափ հեռու
Քեզ սեր կխոստովանեի,
Սեր իմ,
Եթե բառերը էսքան պարզ չլինեին
Զգացմունքի առաջ
Ես քեզ համար Բրել կմիացնեի
Կարմիր լապտերների տակ,
Ես Պրեւեր կկարդայի քեզ համար
Իմ սեր
Որովհետեւ նրանից հետո
Դու լավագույնն ես,
Որ պատահել է հետս
Որովհետեւ եթե նա բանաստեղծություններ էր գրում
Դու բանաստեղծություն ես, որ կաս՝
Երկնային,
Բարձր,
Կարմիր
Կարմիր
Կարմիր
Իմ բոլոր մոխրագույն օրերում։

***
Քեզանից այս կողմ
Հասկացա
Զեմֆիրային՝
Ծայրից ծայր
Սրճահամն
Ու հոտը՝
Մեկ առ մեկ,
Կապտաթույրն
Ու ճերմակը՝
Երանգ առ երանգ,
Սերն՝
Ինչքան կարող էի,
Փախուստը՝
Քայլ առ քայլ,
Կապվածությունը՝
Մաշկիս վրա,
Կործանումն՝
Ամբողջությամբ։
Քեզանից այս կողմ
Սիրեցի
Քաղաքը՝ հերձած՝
Մաս առ մաս,
Երգերը՝
Վայրկյան առ վայրկյան,
Սրճարանները՝
Հասցե առ հասցե,
Նամակներդ՝
Տառ առ տառ,
Քեզ՝
Ոտքից գլուխ,
Ներսից ու դրսից,
Անծայրածավալ։
Քեզանից այս կողմ
Գիտեմ՝
Ինչ-որ մեկը
Եղիցի լույսը
Ինչ-որ տեղ ինձ համար
Շշնջաց՝
Բառ առ բառ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *