Ռազմիկ Դավոյան | Կեղևդ բաց արա

***

Իմ կապույտ արցունքները
Կախվում են իմ սև բիբերից,
Որպես դժվար ծնվող պտուղն իմ աչքերի:
Կախվում են, ինչպես հոգսը,
Եվ ինչպես թեթևացումն հոգսի,
Եվ աչքերիս լույսն է արդեն շաղվում.-
Իմ կապույտ արցունքները իմ սև բիբերից
Կախվում են առանց հենարան,
Ինչպես որ լույսն է լույսից կախվում:

 

ԿԵՂԵՎԴ ԲԱՑ ԱՐԱ

Բա՛ց քո կեղևը, ծառ,
Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ…

Անցան օրեր մեկ-մեկ,
Անցան օրեր զույգ-զույգ,
Ճաշակեցինք և՛ սեր,
Ե՛վ տառապանք, և՛ սուգ:

Հոգնեցրին ինձ արդեն
Օրերը լայն ու նեղ,
Հոգնեցրին ինձ արդեն
Մեղավոր ու անմեղ,
Հոգնեցրին ինձ արդեն
Տխրությունն այս ցանցառ
Եվ կարոտներն այս խեղճ.-
Դե բաց կեղևդ, ծա՛ռ,
Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ:

Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ.-
Այս անծաղիկ դարում
Ես կձուլվեմ քեզ հետ`
Որպես փոքրիկ գարուն:

Որպես թաքուն թախիծ,
Տերևներիդ խորքում
Ես կփայլեմ տխուր
Ու կմտնեմ խոր քուն:

Ու հողմերը թե գան`
Ինձ խլեն քո ձեռքից,
Ես կարթնանամ, ծա՛ռ իմ,
Կըորոտանք մեկից:

Ես կձգվեմ քեզ հետ,
Ես կճկվեմ քեզ հետ
Ու հողմերի ձեռքից
Ես կփրկվեմ քեզ հետ:

Ու մի թաքուն գիշեր,
Երբ բոլորը քնեն,
Ես քեզ կախարդական
Բառեր կըկրկընեմ.-

Կելնենք թաքու՜ն-թաքու՜ն,
Կերթանք կամա՜ց-կամա՜ց,
Ու քնի մեջ նրան
Կդարձընենք անքուն:

Նրա երազի մեջ
Կախարդական մի ծառ
Մարդկային ձև կառնի,
Կշնկշնկա կամաց,
Եվ մարդկային լեզվով,
Որպես լեգենդ պայծառ,
Կբարբառի նրան
Անհու՜ն, կորած մի սեր
Եվ մի կարոտ անծայր:

Հետո կամաց-կամաց,
Ցավով մեր շողշողուն,
Որպես կորած տեսիլք,
Մենք կթաղվենք հողում:

 

***

Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն
Եվ ամեն օր քեզ հետ կռիվ ու վեճ ունեմ,
Եվ ամեն օր այսպես տառապում եմ, սե՛ր իմ,
Չէ՞ որ մտածում եմ, որ ես էլ վերջ ունեմ:

Անբնական մի վերջ` հիմար մի տագնապից,
Հիմար մի տագնապի անբնական չափից,
Իմ ու այս աշխարհի անբնական կապից,
Ամեն կողմից գլխիս,
Երազներիս թափվող
Անմարդկային ցավից, քաղաքական լափից:

Անբնական մի վերջ, սե՛ր իմ, անբնական.-

Դու՛, որ կարող էիր թավշե մի ժպիտով
Բոցավառել իմ գորշ ու տաղտկալի ներկան
Եվ որ կարող էիր գուրգուրանքի ստով
Լցնել իմ մեջ կյանքի ուժը տիտանական,
Դու հեռացար այնպես փափուկ ու բնական,
Այնպես անփութորեն և մտերիմ այնքան,
Այնքան մտերմորեն – և՛ լուռ, և՛ անհուզում,
Որ ես հիմա ցավից խորտակվել եմ ուզում:

Մի՛ տագնապիր, մի՛ լար և մի՛ ասա, թե դու
Հետո ճամփաներ ես փնտրել վերադարձի.-
Իսկ դու գիտե՞ս ի՞նչ է ցավը խորտակվածի
Եվ կորուստը արդեն կորուստ տված մարդու:

Պիտի ելնեմ հիմա, մառախուղի միջով
Պիտի գնամ ինչ-որ անհայտ ճամփորդության,
Եվ դա չի լինելու խռովածի տագնապ,
Կամ միամիտ մարդու քմայք անփորձության:

Պիտի գնամ, ի՞նչ կա: Դու էլ պիտի գնաս
Որպես փափուկ մշուշ, կամ կարոտի մի հով,
Պիտի գնաս մենա՛կ, անվերադա՜րձ, անփու՜յթ,
Սակայն, ավա՛ղ, ուրի՛շ,
Ուրիշ ճանապարհով:

 

***

Երեկ տխուր, այսօր ուրախ,
Ալիքի պես ծափ եմ տալիս,
Երեկ` դեպի անհայտություն,
Այսօր դեպի ափ եմ գալիս:

Լուռ ժպտում եմ փոքր ու մեծին,
Կամ ծիծաղում խենթի նման,
Ինձ բաշխում եմ ավազներին
Անապատի գետի նման:

Ինձ բաշխում եմ անմնացորդ,
Իմ ժպիտներն ու՞ր են տանում.-
Ծիծաղիս մեջ ամեն անցորդ
Հոգնած հոգին է լվանում:

Վաղը երբ որ մշուշ լինի,
Եվ արցունքներ ծնվեն ցավից,
Գուցե մեկը փոքրիկ մի կայծ
Ետ բերի ինձ իմ ծիծաղից:

 

ԵՍԵՆԻՆ

Տառապանքում կա ձայն,
Եվ ձայնի մեջ կա լույս,
Եվ լույսի մեջ` ոգի.-
Եվ ոգու մեջ ահա դու կանգնած ես մենակ
Որպես տրուբադուրը չթվարկված զորքի:

Բարի՜, եղբայրորեն ինձ ասում ես` ապրի՛ր,
Թող բուքը քեզ երբեք չհալածի,
Թող չծեծի քամին, մտրակ չիջնի վրադ,
Ոչ ոք քեզ ճորտության
Համար թող չվարձի,
Ասում ես ինձ` ապրիր ուրախ ու երջանիկ,
Առանց հարստության, առանց փառք ու գանձի,
Ասում ես ինձ` ապրիր անխարդավ ու աննենգ,
Ասում ես ինձ` ապրիր,
Ապրիր որպես բույրը ցորեն հացի,
Եվ մեկ-մեկ էլ կրկնիր` “Եղբայր ենք մենք”:

Ոչի՛նչ, ասում ես դու: -Մի՛ տառապիր, ոչի՛նչ,
Լեռները չեն չոքում քամիների վախից.-
Եվ օրորվում ես դու,
Եվ շնկշնկում ես դու`
Որպես տափաստանի մի անկյունում բուսած
Հավերժական թախիծ:

Ոչի՛նչ, ասում ես դու, ոչի՛նչ, ոչի՛նչ, ոչի՛նչ,
Տե՛ս, չի եղել ոչինչ, չի լինելու ոչինչ,
Մի պուտ մարդկայնություն պահիր կրծքիդ խորքում,
Եվ չեն մթնի երբեք աչքերդ ջինջ:

Ես հավատում եմ քեզ, երբ նայում եմ ցավիդ,
Եվ հավատում եմ քեզ, երբ նայում եմ ահիդ,
Եվ քո Խաչը ահա ես տանում եմ հլու.-
Եվ չգիտեմ` վաղվա խաչերի մեջ
Մեր Խաչն ո՞վ է արդյոք շալակելու:

Ոչի՛նչ, ասում ես դու, մի՛ տառապիր, ոչի՛նչ,
Լեռները չեն չոքում քամիների վախից.-
Եվ օրորվում ես դու,
Եվ շնկշնկում ես դու`
Որպես տափաստանի մի անկյունում բուսած
Հավերժական թախիծ:

 

***

Ծառը ծառ էր ծնվել,
Ապրում էր ծառ,
Լիքն էր ամառներո՜վ, աշուններո՜վ, սիրո՜վ.-
Դատարկ անկյունները լցված էին
Կապույտ ստվերներով ու երկնքով անծայր:

Բողբոջել էր ծառը,
Ուռել, բողբոջել էր,
Որ` ուր որ է, ահա պիտի ճաք տա,
Պայթի
Ու դառնա երգ.-
Քամին եկավ հանկարծ,
Քշեց երկինքները ծառի անկյաուններից,
Հետո բողբոջները շոյեց մեկ-մեկ,
Հետո փսփսուքով համոզում էր ծառին,
Թե` դու ծառ ես ծնվել,
Խուլ ու համր մի ծառ,
Թե` իզուր է,
Լավ չէ,
Մի դառնա երգ:

…Ու ձեռքերը հենած խավարի թաց կողին,
Ծառը մի խուլ ճչաց,
Եվ առաջին հերթին
Դարձավ անհուն մի երգ`
Հենց իր` քամու շրթին:

 

***

Կա աշխարհում բաձրիկ մի Հայաստան աշխարհ,
Որն իր լաջվարդ, լազուր լեռներն ունի,
Եվ իր դաշտերն ունի – ասես նշխար:
Երկիրն այդ հին է,
Նաև լեռնապատ,
Առասպելապատ.
Առասպելներ, որ իրար պահող են,
Կամ իրարամերժ:
Կա աշխարհում բանձրիկ մի Հայաստան աշխարհ,
Եվ կլինի՛ հավերժ:

 

ԵՐԵԿՈ

Ճոճվեցին լապտերներդ:
Շներդ համբուրվելով անցան:
Կատուները թախծից կծկվեցին
Տանիքներիդ վրա:
Երգերդ չերգված վերջացան:
Սանդուղքներից կախված ստվերները
Ելան վեր,
Իջան ցած,
Հոգնեցին,
Քարացան:-

Սև նարնջի պես քամեցի ես գիշերդ,
Ու ափիս մեջ մնաց դեղին մի արշալույս:

 

***

Իմ ձեռքերի ուժով
Եվ իմ գլխից վերև
Ես պահում եմ մի հին մագաղաթե երկինք,
Եվ երկնքի կրծքից հանդգնությամբ կախված
Մագաղաթե մի վանք.-
Մագաղաթե ժայռեր`
Ծալ-ծալ իջած հոգուս խորանների վրա:
Իմ աչքերի մեջ խշրտում է
Մի սիրտ մագաղաթե:

 

***

Արևը վառվում է տիեզերքում
Դեղին խնկի պես
Ու դեղին հրաշքի;
Եվ ձեռքիս հացը,
Որ նման է ազնիվ նշխարի,
Ունի խնկի բույրը և աշխարհի:

 

***

Նախապես դուք իմ աչքերը չէիք,
Ուրիշինն էիք`
Դուք աչքեր չէիք:
Դուք նման էիք դեմքը զարդարող
Երկու մեծ խալի:
Դուք իմ աչքերը դառնալու համար
Տառապել եք շատ,
Եվ իմ աչքերը մնալու համար
Տառապեք էլի:

 

***

Իմ կապույտ արցունքները
Կախվում են իմ սև բիբերից,
Որպես դժվար ծնվող պտուղն իմ աչքերի:
Կախվում են, ինչպես հոգսը,
Եվ ինչպես թեթևացումն հոգսի,
Եվ աչքերիս լույսն է արդեն շաղվում.-
Իմ կապույտ արցունքները իմ սև բիբերից
Կախվում են առանց հենարան,
Ինչպես որ լույսն է լույսից կախվում:

 

***

Կանչեցի մատների շոշափումը.-
Չկար:
Ապակե շուրթերի մեջ նայեցի իմ պատկերին.-
Ճզմեցի ես կակաչը,
Եվ նրա սև թախիծը
Մնաց ձեռքերիս մեջ:

 

***

…Անթիվ ձեռքերով ես շոշափում եմ
Քո մարմինը, Երկիր,
Շոշափում եմ հոգով,
Շոշափում եմ հոգու անհուն մարտնչումով,
Եվ որոնում եմ
Այն խարդախագույն գնդակը մահու,
Որ արձակել եմ քո հրաշալի մարմնի մեջ
Եվ ինչ-որ մի տեղ,
Ինչ-որ մի տեղդ մեռցրել եմ ես:
Օ՜, իմ ահավոր և ամեն անգամ վերակրկնելի
Մեծ ողբերգություն.
Ես ինչպե՞ս պիտի կենդանացընեմ,
Հարություն տամ քեզ:

Հիմա տարածվում եմ ես մարմնիդ վրա
Քո շամանդաղի անհուն քնքշությամբ,
Անմերձենալի,
Քո դարավոր կարոտի սպառող ուժով,
Եվ քո կրքի մաքուր ու չսահմանվող հզորությամբ,
Իմ փակ աչքերի հարստությունով,
Քո գոյատևի,
Հարատևության անշեղ հավատով,
Անթիվ ոտքերով,
Անթիվ ձեռքերով
Փաթաթվում եմ քեզ
Ամուր և ամուր,
Եվ իմ պղնձե շուրթերով ահա
Հանբուրում եմ քեզ քո ամեն տեղից
Ցավեցնելու չափ,
Համբուրում եմ քեզ կարոտի տենդով:
Ինձ նման անշեղ հավատացյալի համար
ԴՈՒ,
ԵՐԿԻ’Ր,
Սրբալույս նշխար.
Ես գրկել եմ քեզ,
Դու գրկիս մեջ ես,
Եվ կրծքիս վրա` սրտիս չափ մի տեղ`
ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ:

 

ԴՐԱԽՏԻ ԵՐԿԻՐ

Դրախտի երկիր, անհուն դրախտ,
Մեծ երազների փոքրիկ օրրան,
Քո մեջ ծնվեցին քաղցր հույսեր
Եվ քո վիհերում անդարձ կորան։
Դու նրանց տվիր կյանք ու ոգի,
Դու նրանց տվիր թևեր հզոր,
Շնչառությունը քո մեղք շոգի,
Քո կարոտների ցոլքը բոսոր,
Եվ նրանք ելան գոտեմարտի,
Սակայն չհասան մինչև կեսօր։

Դրախտի երկիր, անհուն դրախտ,
Այս ի՞նչ թախիծ է իջել վրադ,
Քո հերոսներին – քո հույսերին
Մատնել ես նյութի դաժան սրին..
Եվ քո զոհերով բեռնավորված,
Բեռան տակ մինչև հողը կորված,
Գնում ես դեպի անհայտություն,
Տանելով քեզ հետ թախիծ ու թույն։

Ահա իջնում է թանձր գիշեր
Քո հովիտներին փոքրիկ ու խեղճ,
Սակայն վառվում են խենթ ու խելառ
Պայծառ աստղերդ երկնքիդ մեջ։
Վառվում են նրանք, վառվու՜մ, վառվու՜մ,
Նրանք՝ աչքերը խոր ցավերիդ,
Քո կորուստների հուշն են նրանք
Ով արմատները նոր ծառերիդ։

Դրախտի երկիր, անհուն դրախտ,
Անհուն դրախտի հուշ ու պատկեր,
Դու կորուստներ ես տվել անհուն
Եվ կուտակել ես անհուն պարտկեր,
Շտապիր թվել գալիքներիդ,
Շտապիր թվել անուն-անուն՝
Որ պիտի սրբեն ճակատդ սեգ
Եվ պիտի մարեն պարտքերդ անհուն։

Դրախտի երկիր, անհու՜ն դրախտ,
Ես օրորվում եմ քո տաք մահճում,
Եվ ուղեղիս մեջ, հոգուս, սրտիս,
Խանձված խոհեր են լուռ կանաչում։
Ա՜խ, շնկշնկում են նրանք փափուկ
Եվ ազատվում են թախծի բեռից.-
Նրանց մրմունջն ինձ քուն կբերի
Եվ քեզ կհանի քո թմբիրից։

Դրախտի երկիր, անհու՜ն դրախտ,
Մեծ օրհնություն քեզ և… փոքրիկ բախտ։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *