Ծովինար Խաչատրյան | Գյուրջևանի վերջին բնակիչը

Խաչատրյան ԾովինարԼռություն է: Ամբողջ գյուղում միայն ինքն է ու հիվանդ աղջիկը: Աղջիկը չի խոսում հետը. նա ապրում է ուրիշ աշխարհում: Չի հիշում ոչ իր ավերված տունը, ոչ սպանված ամուսնուն, ոչ էլ երեխաներին, որ տատի հետ հիմա հեռվում են: Երբ հիվանդանոցից տուն բերեցին, մտավ հայրական տան շեմից, տեսավ նախասրահի անկյունում դրված կուժն ու երեք ամսվա լռությունից հետո արտաբերեց առաջին և առայժմ միակ նախադասությունը.

– Ռեբեկան ինչո՞ւ չի գալիս` գնանք ջրի:
Գտել էր մանկության մի ակնթարթն ու կառչել դրանից: Ամեն աչքը կժին ընկնելիս` կրկնվում էր այդ ակնթարթը: Երբեմն ջղայնացնում էր հորը այդ անմիտ, միօրինակ, սեղմված հառաչի պես դուրս թռչող նախադասությունը: Որոշում էր պահել կուժը, բայց շուտ էլ փոշմանում էր. գոնե մեկ-մեկ մարդկային ձայն է լսում: Փակվել է աղջիկն իր խեցու մեջ, դրսի աշխարհը նրա համար չկա: Միայն ձեռք չտաս, չխանգարես իր քնատ ու սառած պատյանի հանգիստը` ձայն ու բողոք չկա, պարտք ու պահանջ չկա: Օրվա շատը քնած է: Իսկ թե փորձես հանել իր ապահով խեցուց, այնպիսի աղմուկ ու վայնասուն կբարձրացնի, այնպես կկատաղի, որ Աստված հեռու տանի… Թուրք վարորդը, որ գիշերով թաքուն տեղափոխում էր հայերին մինչև Հայաստանի սահմանը` մեքենայի թափքում բեռների հետ բրեզենտով ծածկած, հրաժարվեց աղջկան վերցնել. «Ղալմաղալ կանի, գլխի կընկնեն, ձեզ էլ կմորթեն, ինձ` էլ»:

88-ի նոյեմբերն էր. տաս-տասներկու գիշերվա մեջ գյուղը համարյա դատարկվեց: Մի տասը ընտանիք մնացած` կարգադրեցին դադարեցնել տեղահանությունը: Որդիները եկել էին սահման, վարորդի հետ նամակ ուղարկել` հայրիկ, չվհատվես, մի ճար կգտնենք, դիմացեք…
Սիրտը կծկվում, պատեպատ էր խփվում, երբ անցնում էր ամայի ու անշունչ թաղերով: Թող շները տեսնեն` գյուղում մարդ կա, քիչ ոռնան, դիմանալ չի լինում: Մեկ էլ գերեզմանոցի մոտով չի լինում անցնել: Ոչ: Ոչ: Պետք չէ մտածել: Պիտի անջատել ուղեղն ու սպասել: Ասում են` հայի Աստվածը շուտ լսում է, ուշ կատարում: Մի լույս կբացվի մի օր: Պետք չէ մտածել, հուսահատվել, թե չէ ինքն էլ կխանգարվի, ո՞վ տիրություն կանի աղջկան: Մտածում էր` հանկարծ թուրք ջահելների մի խումբ բարձրանա գյուղ, գտնի իրեն ու աղջկան: Իր բանը հեշտ է, մի գնդակ կուղղի ճակատին և վերջ, աղջկա վրա ոնց ձեռք բարձրացնի… Մեղա քեզ, Տեր: Առաջ, երբ դեռ հոսանք կար գյուղում, մտածում էր՝ կբռնի աղջկա ձեռքից ու բաց լարից. հանգիստ, վայրկենական, հեշտ մահ: Հիմա մնում է միայն ջրհորը: Գուցե լսած կլինեն, որ աղջիկը գժվել է, դալի է և չեն մոտենա:
Սարսափելին գիշերն է: Ինչ ահավոր բան է ամայացած գյուղի գիշերային լռությունը: Այն ոռնում է, ճչում, գոռում է:
Առավոտ կանուխ միշտ կերակրում է աղջկան, վերցնում մի երկու ճոթ հաց ու գնում թաղեթաղ: Շները նստած են իրենց տերերի տան շեմքերին: Ամեն թաղում իր նստելու տեղն ունի: Թաղի շներն իսկույն հավաքվում են, նստոտում շուրջանակի, ստանում բաժին հացը և նայում հարցական, աղերսող ու թաց աչքերով… Բոլորին անունով գիտի՝ Բողար, Բասար, Չամբար… Շոյում է մեջքները, խնդրում՝ մի ոռնացեք, ես դեռ էստեղ եմ:
Ալյուրը պրծել էր: Մտավ հարևանի ներքնատունը՝ Սոնա բիբի, ներող եղիր, առանց թույլտվության եմ: Դույլն ալյուրով լցրեց, դուրս եկավ: Ներքնատները ուտելիքով, պահածոներով լիքն են, բայց առանց հացի չի ուտվում: Բոլորի տները կարգին-սարքին, դասավորված՝ ոնց որ բան չի պակասել: Ինչ են տարել որ:
Մաքրասեր, տնարար ու ղոչաղ են Գյուրջևանի հարսները: Թողնես ամբողջ օրը տունն ու բակը լպստեն, պլպլացնեն, գլասար քսեն, թոնրատունն ու գոմն էլ հետը՝ պլսկատին պիտի տան, պսպղան մաքրությունից: Երբ մաքրության գործը պրծնեն, ուժասպառվեն, նոր կմտածեն կերակուրի մասին՝ այն էլ երեխեքի ու ամուսնու կռիվ-ղալմաղալից հետո: Շատ ժլատ են իրենք իրենց հանդեպ՝ կերածը կորած են համարում, իսկ հյուրի համար քունջ ու պուճախներից կհանեն, կշարեն ու չեն բավարարվի: Վայը տարել է գյուղում մի խեր կամ շառ, մի շաբաթ կրակին պղինձ չեն դնի: «Պանիր-հացով յոլա գնացեք, հրես Պետոյենց հարսանիքն է, մինչև քթներդ կուտեք»: Տղա ե՞ս, արի երեք հարյուր տուն ունեցող գյուղը կշտացրու, հլա իրենց դաչնիկներն էլ հետը: Վա¯յ, ձեր տերը չմեռնի, քանի փոր ունեն էս անաստվածները: Շալախո են պարում, կերածները հալում, նորից նստում, ուտում: Հլա կտեսնես, տուն գնալիս մի անատամ պառավ բողոքում է՝ հի՞նչ ա կերածս. հինգ թփով տոլմա, հինգը՝ քյալամով, երկու կտոր սպիտակ ձուկ, երկու մատնաչափ խաշլամա, մին աման փլավ, մինը՝ լոբի, երկու պոմիդոր, երկու պճեղ սխտորի թթու… Լուռ գլխով են անում՝ իրենց հաշվարկը տասնյակներով է:
Գյուղի միակ փնթին Կրիքորի կնիկն էր՝ Շամախու կողմերից: Հանաքչի մարդ էր, դրա համար էլ սրտաճաք չէր լինում: Մի օր տեսնում է՝ էլ ոտ դնելու տեղ չկա, ասում է.
-Աղջի, մի ձիավոր եմ տեսնում, ոնց որ նախագան ա, մեր կողմն ա գալիս, շուտ արա, տուն-տեղ ավլի:
– Բա՞ որ ավլեմ, Արշակ դային էլ ծռվի, ուրիշի հայաթը մտնի:
– Ոչինչ, աղբը ետ շաղ կտաս, – հանգստացնում է ամուսինը:
Քթի տակ ծիծաղում է ու մտքի` գվգվացող գյուղից արթնանում, նորից հայտնվում լուռումունջ թաղերում:
Սիրում է նստել Հնղարին նայող քարափին: Բեկնազարն ասում էր՝ էս սարի քամին ուրիշ է, որովհետև նրա մեջ Հնղարի տանձի բաղերի բուրմունքը կա: Առհասարակ, ամեն ձորի ու քարափի քամի իր յուրահատուկ բույրն ու համուհոտն ունի: Քառասուն տարի առաջ է գյուղից դուրս եկել. շատերի անունը մոռացել է: Ուրեմն, համի, հոտի, բույրի հիշողությունն ավելի զորեղ է: Դրանք ապրում են մեր մեջ՝ մեզնից անկախ, մեր ենթագիտակցության մութ շերտերում և տարիներ անց արթնանում ու խտուտ են տալիս մեր ռունգերը: Ասում էր՝ մեր հանդի գետնամորու համուհոտը որ արթնանում է մեջս, քիչ է մնում գժվեմ:
Այս քարափից գյուղի կեսը երևում է: Էն հեռվի կարմիր կտուրով բարձր տունը Սամսոնինն է: Տղերքը լավ տուն շինեցին, բայց Սամսոնը չվայելեց: Վերջը, Արսենը վրեժը հանեց… Առաջներում, հարսանիքից առաջ, ջահելները մեյդան էին բացում ու կոխ բռնում: Արսենը բոյբուսաթով ջահել էր ու լավ ղոչի: Միշտ Սամսոնին գետնովն էր տալիս. թայ-թուշ էին: Էնպես էլ լավ էր գետնում՝ թեթև, հանաքով, դերասանական, մաքուր թամաշա: Մի քեֆի ժամանակ թունավորում են Արսենին. ասում են՝ Սամսոնն է գինու մեջ թույն լցրել: Արսենը, ճիշտ է, չի մեռնում, բայց վայ էդպես ապրելուն: Ոտքի վրա չորանում է, դիք-դիք է քայլում. լուցկի էլ չէր կարողանում կպցնել: Երկու ամսվա ամուսնացած է լինում խեղճը, ընտանիքն էլ քայքայվում է՝ պիտանի չէր այլևս: Ի¯նչ էլ յորղա ես քայլում` հաճախ ձեռ էր առնում Սամսոնը: Արսենն արդեն քսան-քսանհինգ տարի կլիներ, պահակություն էր անում գրասենյակի դռանը: Մի ուշ երեկո, երբ կողմնակի մարդ չի լինում, Արսենը քիփ մոտենում է Սամսոնին, խոսեցնելով, թաքուն պահած դանակը կոխում փորն ու խառնում: Ճիշտ է, թե սուտ, իբր էդ գիշեր իր հարսանիքի բախտավոր օրն է լինում երազում տեսած: Սայլը դեռ գյուղից դուրս չեկած, Սամսոնը արյունաքամվում է:
Կողքի տունը «լավ չեմ» Վարսենիկինն է: Տարվա որ ժամանակին, որ եղանակին էլ հարցնեիր՝ ո՞նց ես, կասեր՝ լավ չեմ, էս նեղ մաջալին ո՞նց պիտի լինեմ: Ի¯նչ ապրեց, ի¯նչ տեսավ. ոչ մի կուշտ կերավ, ոչ տաք-տաք հագավ: Ափսոսում էր բակի լույսը վառել, ասում էր՝ հարևանի լույսն էլ մեզ հերիք է: Մարդն էլ իրենից էր խեղճուկրակ. կռվել, հայհոյել իսկ չգիտեր: Ամբողջ օրն ուրիշի համար խոտ կհնձեր, որ իր փոխարեն ուշունց տան: Երեխեքը մանր-մունր փախան տնից, էդ ճնշող խեղճությունից ու նեղ մաջալից…Վարսենիկի խեղճությունը հորական տնից է գալիս: Ասում էին՝ հայրիկ, գյուղը ծախու ձուկ են բերել, ասում էր՝ հաշվեք, թե կերել եք: Վառված, չոր հացը դնում էր մեջտեղ՝ ո՞վ վառված հաց է ուտում, գայլերից չի վախենում, պինդ տղամարդ է դառնում: Իրիկունը սոված քնել չէր լինում, համոզում էր՝ ո՞վ իմ բալեն ա, թող գա ինձ հետ քնի:
Նստել է քարափին, աչքը մի տնից մյուսն է թռչում. ամեն մեկի հետ իր զրույցն ունի, ամեն մեկը մի պատմություն է: …Աջ թևին Ծատուր պապի տունն է: Կարճահասակ, փոքր-մոքր, բայց անվախ ու ջլապինդ տղամարդ էր. առյուծի սիրտ ուներ: Մի գիշեր թուրք ղաչաղները գալիս են, գյուղի տավարը հավաքում: Կար որ՝ մի տան մեջ երեք-չորս տղամարդ էին, բայց դուրս չեն գալիս: Իսկ Ծատուրը հենց գլխի է ընկնում, որ տավարը հանեցին, հալավ-ոտաշորով իրեն գցում է դուրս, հարայ-հրոցով, կարճ ճամփով վազում, կտրում դեմները: «Շեյթան, շեյթան» գոռալով, թուրքերն իրենց գցում են քոլը, չեն հավատում, որ մեն-մի մարդ դուրս կգա այդքանի դեմը: Իսկ Ծատուրը ջղայնացած, լուտանք թափելով, տավարն առաջն արած բերում է գյուղ, թե՝ վեր կացեք, ձեր ապրանքին տեր կանգնեք: Հիմա էլ նրա ծոռ Ռազմիկը չէր ուզում գյուղից դուրս գալ: Հրացանը ձեռքին կանգնել էր գյուղատակի ճամփագլխին, ասում էր՝ թուրքը ղալաթ կանի էս դիքը կբարձրանա, եկողին կթրխկացնեմ: Վերջինը նրա ընտանիքը հեռացավ գյուղից՝ կին և երեխեքի լացուկոծից խեղճացած:

Վեր կացավ տեղից, քայլերն ուղղեց դեպի գյուղամեջ: Գնաց, կանգնեց մի պահ Մակար պապի տնկած չինարի տակ: Գյուղի սափրիչն էր, հսկա մի տղամարդ՝ թավ բեղերը ծոծրակին ոլորած: Հարկ եղած ժամանակ ատամ էլ էր քաշում: Հիմա այդպիսի աժդահա մարդիկ չեն ծնվում: Հինգ տարի առաջ առոք-փառոք թաղեցին իր հողում, համարյա հարյուր տարեկան՝ մի սուտ պակաս: Ո¯վ կմտածեր գալիքը… Գյուղից հեռանալիս հալից ընկած ծերունիները լացով աղաչանք-պաղատանք էին անում՝ մեզ թաղեք, նոր գնացեք և երանի էին տալիս մեռածներին…
Սա գյուղի ակումբն է՝ սիրուն կամարներով, տուֆակերտ. Հայաստանից են բերել քարը: Նախագահ Արշակի հիշատակն է: Այնպիսի ակումբ շինեց, որ քաղաքներին է լայեղ: Ուշ երեկոյան ողջ գյուղն այստեղ էր հավաքվում. կինո է, թատրոն է, շաշկի ու նարդի է: Հոգնած կնանիքը գալիս էին իրար տեսնելու, նորություններ փոխանակելու. որը հարմար տեղավորվում էր ու իսկույն մրափում, որն էլ այնքան էր բլբլացնում, որ կինոն պրծնում էր, գրվում՝ վերջ, զարմանում էր՝ ա¯դիյա, կինոն հայերեն է՞ր: Ջահելներն էլ գալիս էին նշանածացու ջոկելու:
Քայլեց դեպի հիվանդանոցի թաղը: Կինը հիվանդանոցում էր աշխատում, բուժքույր է: Աչքի առաջ եկավ կինը՝ շարժուն, արագախոս, կռվազան: Տաք օրերին էլի ոչինչ, սաղ օրը հանդումն են, իրար երես չեն տեսնում, իսկ ողջ ձմեռն ահա կռիվ է գնում իր գիրք կարդալու պատճառով: Տան գործերը թողնում էր երեխեքին ու պառավներին, գիրքն առնում, մտնում խորքի սենյակն ու կարդում: Դե, արի, շներին կապիր ու էդ կնկան բաց թող:
– Այ հարս, ուրիշների մարդիկ խմում, ծեծում, ջարդում են, ղալմաղալ սարքում: Իր համար սուսուփուս կարդում ա, էլի…, – կատակով արդարացնում էր սկեսուրը:
– Մի օր կծեծեն, մի օր էլ ջան կասեն: Սրա համար գրքից դենը աշխարհ չկա:
Մտքերի մեջ ժպտալով, մոտենում է հիվանդանոցի բակի նստարանին ու նստում: Հավաքվում են թաղի շները, ստանում իրենց բաժինը: Էս Բողարը Կաշտանի ցեղիցն է, որ տիրոջը՝ Փանոսանց Սարգսին ազատեց ստույգ մահից: …Հսկա վարազը հանկարծակի դուրս է գալիս եղեգնուտից Սարգսի դեմը, սա հասցնում է հազիվ մի անգամ կրակել: Վիրավոր վարազն առնում է խեղճին իր ժանիքների վրա ու գնդակի պես օդում խաղացնում: «Կաշտան, հարամ լինի քեզ տված հացը»: Վախեցած շունը վիրավոր տիրոջ աղեկտուր ձայնից սթափվում է ու կախվում վարազի ականջից: Մինչ սա ճղճղոցով պտտվում է տեղում, որսկանները վրա են հասնում: … Էս Բողարը Սոփի քույրիկենց շունն է: Ականջդ կանչի, Սոփի… Աշխատում են դաշտում, շոգից աղանձված ու ընդարմացած՝ հունձ են անում: Ձայն է տալիս Սոփին՝ այ ժողովուրդ, ետ դառեք, մի կուշտ ջուր խմեք, ծարավ կլինեք, գլխի չեք ընկնի: Կռվի տարին՝ բքախառն մի օր, ջրաղացից աղունը տուն բերելիս, նրա հոր ջորու հակը քանդվում է, ջվալը ճղվում, ալյուրը թափվում ու քամու բերանն ընկած՝ բարձրանում օդ: Նայում է խեղճ մարդն ու շշնջում՝ արազ էր բիդիմ… Այսինքն՝ երազ էր պիտի: Այս մղձավանջն էլ երազ լիներ. աչքերը փակեր, բացեր ու լիներ նորից կենդանի գյուղը: Եռուզեռ լիներ, աղմուկ ու ճղվղոց լիներ, չարչարանք ու դժվար ապրուստ լիներ… միայն թե լիներ:
… Իրիկնանում է: Անկենդան տները նայում են նրան գոցված դռներով ու կույր պատուհաններով: Բակերում խոտ է բուսել: Մինչև հիմա դեռ հավատում էր, որ գյուղացիները ետ կգան, սխալը կուղղվի: Շատ են փախել ու ետ եկել՝ դեռ ցարի ժամանակներից սկսած: Ինչո՞ւեն մարդիկ հիմա վախենում: Այն ժամանակ ո՞ւմ վրա էին հույս դնում՝ ցարի ու օրենքի՞, ամենակարող Աստծո դատաստանի՞, թե՞ գյուղի ղաչաղ տղերքի: Ճանջոտանց Կուքուրի անունից ողջ այս տարածքը դողում էր: Իսկ Անդրանիկի պապը գիշերն իր բակը մտած գող թուրքին սպանել էր, առավոտյան ճանաչել, գնացել նրանց գյուղի գլխին ձայն տվել՝ էստեղ մի գող շուն եմ սատկացրել, եկեք լեշը տարեք, որ չհոտի: Պտուղը ծառից հեռու չի ընկնում: Նրա թոռ Անդրանիկը Բաքվի հայաբնակ Խուտոր թաղամասի կոտորածը կանխեց` կրակելով խաժամուժն առաջնորդող ոստիկանի վրա: Հիմա էլ պակաս տղերք չկան: Հիմա շատը երկնքից են վախենում, մի ռումբը գյուղին հերիք է: Իսկ առաջ երկնքից միայն փրկություն են սպասել: Հայացքները հառել են վեր, մրմնջացել ու հավատով սպասել: Հիմա դա էլ չկա:
Սիրտը նեղված վեր կացավ՝ ո՞ւր գնալ, ո՞ւմ դիմել, ի՞նչ անել, որ սիրտը թեթևանա: …Գոռա՞լ, լա՞ց լինել, ոռնա՞լ շների նման: Ժամաժանքին, երբ օրը սկսում է մթնել, և դեմը խավար գիշերն է՝ շների ոռնոցով ու երազում հետը կռիվ տվող մեռելներով, սիրտը տրաքվել է ուզում: Ո՞ւմ առաջ դատարկի սիրտը…
Ոտքերն իրենք իրենց ուղղվեցին դեպի Սաթենիկենց թաղը: Սաթին բիբին վաղուց չկա, տունն էլ համարյա ավերակված է: Ո՞վ իրեն տարավ այս ճանապարհով, ո՞վ կանչեց, չգիտի: Առաջ էլ հազվադեպ է եղել այս թաղերում՝ մի խեր կամ շառ առիթով միայն: Շատ տառապանք տեսավ այս կինը, Քրիստոսի չարչարանք քաշեց: Ամուսինը ողջ կյանքում ատեց նրան ու տանջեց: 16-17 տարեկան պատանի էր, սիրած աղջիկ էլ ուներ՝ շեկ-շարմաղ, հազիվ 13 տարեկան: Ամբողջ օրը նրանց բոստանն էր փորում, տավարը տեղավորում, ձվածեղ ուտում նրանց տանը. մի մայր էին ու մի աղջիկ: Բայց հայրը, որ մեծահասակ էր արդեն, վեց աղջիկների գլխին ծնված տղային ուզեց պսակել, շուտ թոռ տեսնել և առանց նրա կարծիքը հաշվի առնելու, խնամախոս գնաց Մարտիրոս աղայի տուն: Նրանց հարսանիքին խաբված մայրն ու աղջիկը, ձյուների մեջ ընկնել-վերկենալով, վազում էին հարսանքավորների կողքից, ցեխախառն ձյունով խփում ու ճիչ-աղաղակով անիծում: Հարսանիքի այդ ձյունախառն անեծքի տեսարանն ամբողջ կյանքում ուղեկցեց նրանց:
Անեծքը կտրեց: Սաթենիկի հայրական լիքը, ավատ տունը դատարկվեց, բրիշակ եղավ: Մարտիրոս աղան գինու առևտուր էր անում՝ երկրե-երկիր անուն հանած: Դե, Գյուրջևանի գինին էլ յուրահատուկ էր՝ սև անջրդի խաղողից, քաղցր ու թանձր: Ամերիկայից ու Ֆրանսիայից ոսկե խաչեր ու մեդալներ ուներ ստացած՝ իր աննման գինու համար: Հարուստ էր, բայց և առատաձեռն: Տոն օրերին ողջ գյուղին խորոված սպիտակ ձուկ էր բաժանում ու փլավ՝ հսկա կաթսաներով: Երբ լսեցին՝ բոլշևիկը գալիս է, ուզում էին Ամերիկա փախչել: Հայրը տղաներին ճանապարհեց, համոզված, որ այդ հասակում օտարության մեջ չի կարողանա ապրել, ինքնասպան եղավ: Թուրքերը հետևեցին տղաներին, ճանապարհին թալանեցին ու սպանեցին: Երկու աղջիկներն անհայտ կորան: Գյուղի տունն էլ թալանեցին ու վառեցին: Ամուսինն ավելի արհամարհեց ու ծաղրեց Սաթենիկին, սոված ու տկլոր պահեց՝ բեկի աղջիկ ես եղել, շատ ես կերել ու հագել: Անմեղ տեղը տառապեց ողջ կյանքում: Հոր տուն չկար, որ փախչեր, ձեռքից ազատվեր: Իրար հետևից էլ աղջիկներ էր բերում: Միակ տղան, որ յոթ տարեկանում Աստծո խելք ուներ, ասում էր՝ մամա, մեծանամ, տուն եմ սարքելու, քեզ առանձին պահեմ, որ էլ չծեծի. նա էլ կարմրուկից մեռավ: Այնքան լացեց, կուրացավ: Ամբողջ օրը խնդրում էր Աստծուն՝ ինձ էլ տար, իմ տղայից հետո ես իմ ապրելը չեմ ուզում: Բայց ապրեց, ծեծ ուտելով, թուքումուր ուտելով, ութսուն տարի ապրեց: Նրանց նոր տունն այդպես էլ կիսատ մնաց ու անիծված, ոչ ուրախություն, ոչ ծիծաղ: Խոսում էին, որ պատի մեջ խաչով քար է եղել դրված: Ասել են՝ չի կարելի, լույս աշխարհ հանեք այդ քարը, դրա համար է Աստված ձեզ վրա բարկացած: Քանդել են, քարը հանել: Մի փոքրիկ ու պարզ խաչքար էր, բայց գյուղի համար սրբություն էր: Եկեղեցի չունեին: Մատաղ լիներ, թե մոմ վառել, Սաթենիկի Սուրբը պիտի գնային:
Մի տեսակ քաշվելով, ամաչելով, մտավ նրանց բակը: Պատին հենած էր խաչքարը… Ձեռքն իրենից անկախ բարձրացավ ու խաչակնքեց՝ կյանքում առաջին անգամ: Աչքերը խոնավացան: Ուրեմն, ոնց ծնված օրից ձեռքը բնազդաբար գդալը տանում է դեպի բերանը, այդպես էլ խաչակնքելը. հավատն էլ բնական պահանջ է, թեկուզ միշտ չէ, որ գիտակցվում է: Շոշափեց քարը, համբուրեց խաչն ու հուզվեց սաստիկ: Երկու կաթիլ պոկվեցին նրա չոր ու ժլատ աչքերից: Քանի շուրթեր են դիպել այս քարին, աղոթք ու աղերս մրմնջացել՝ իրենց կյանքի նեղ օրերին: Սրանի՞ց էլ նեղ օր: Համբուրեց նորից խաչն ու աչքերը երկնքին հառեց՝ տեր Աստված, օգնական եղիր: …Երբ փորձանքի ես գալիս, երազում, թե արթմնի, վա¯յ մամա ու վա¯յ Աստված ես կանչում քեզնից անկախ: Դրանում մեծ խորհուրդ կա, բնության ամենամեծ խորհուրդը թերևս: Երկու սրբություն. մեկը ծնել է քո մարմինը, մյուսը՝ հոգին: Երկուսն էլ անբաժան պիտի լինեն մեզնից: Մայրը պառկած է գերեզմանոցում՝ արդեն քանի տարի, բայց չի մոռացվել ու օտարացել: Իսկ Աստծուն, ահա, մոռացել էին, և խռովել էր նա իրենցից: Բայց մեծ է Աստված ու մեծահոգի, նա վերցրեց սրտի վրայի քարը, և հիմա տուն է դառնում թեթևացած: Այս արարողությունը սովորույթ դարձավ. ժամաժանքին միշտ քայլերն ուղղում էր դեպի Սաթենիկի Սուրբը, և օրը հեշտ էր մթնում:
Մի երեք տարի կլիներ, որ գյուղում ապրուստը հեշտացել էր: Բնական գազ էին բերել գյուղ, ճանապարհն էին բարեկարգել. երեք ժամում հասնում էին Բաքու: Էս ո՞նց եղավ, ո՞նց սկսվեց այս մղձավանջը: …Հա, ուրեմն մի իրի՞կուն հեռուստացույց էին նայում: Մի լրագրող, ափսոս, ազգանունը չիմացավ, շատ տխուր խոսում էր. «Ես ամաչում եմ փողոց դուրս գալ ու նայել մեր հայ եղբայրներին ու քույրերին: Ամոթ, հազար ամոթ մեզ: Մեր պատիվն ու նամուսը ցեխը կոխեցինք, աշխարհի առաջ խայտառակ եղանք: Կյանքում առաջին անգամ իմ սիրտը սկսել է ծակել այսօր՝ ամոթից ու ցավից»: Կտրեցին նրա կցկտուր խոսքը ու հետո` ոչ մի բացատրություն: Չհասկացան՝ ինչ է կատարվել: Մի տաս-տասներկու օր անց նոր լսեցին ու փշաքաղվեցին: Սկսեցին գալ Սումգայիթում կենդանի մնացածները:
Աղջկան ու երկու թոռներին մի մոլլա է փրկել: Տասնութ կին ու երեխա է փրկել: Մտցրել է ներսի սենյակը, դռան դեմը շոր փռել, վրան չոքել ու նամազ արել: Երբ հարցրել են՝ տանդ էրմանի կա՞, ասել է՝ ամոթ չե՞ք անում, ես իմ տունը կհարամե՞մ: Հետո բացատրել է՝ իմ ալլահը պատվիրում է օգնել խեղճ մարդկանց ու երեխաներին, իմ հավատքը գազաններին չի պաշտպանում: Ձեռքերը կարկառել էր երկինք՝ ալլահ, մեղքը դուրս է հորդում, խեղդիր իր բնում, թե չէ քանի գնա, շատանալու է…: Աղջկա ամուսնուն գործարանում մյուս հայ բանվորների հետ հավաքել են, բենզին լցրել ու վառել: Ով կիսավառված փախչել է ուզել, նախօրոք սարքված երկար ձողերով քաշել են կրակի մեջ: Հենց այդ օրերին էլ աղջիկը խանգարվել է:
Ուղիղ մի տարի կլինի, ինչ գյուղը տեղահանվել է: Վերջին ընտանիքը դուրս է եկել հինգ ամիս առաջ: Հինգ ամիս է՝ ոչ մի կապ չունի յուրայինների հետ: Հուլիսին էր, Ֆերգանայի թուրքերից մի ավտոբուս լիքը բերեցին: Վախեցած ժողովուրդ էին, տկլոր, արցունքն աչքներին: Տեղացիների ունեցվածքին ձեռք չէին տալիս, հույս ունեին, որ բոլոր փախստականներին վերադարձնելու են նախկին տեղերը: Շատ ջահելներ ունեին կորցրած: Մի կսկծացող մայր մտել էր գերեզմանոց, Ապրեսանց՝ ծովում խեղդված քսանամյա թոռան գերեզմանաքարի սիրուն պատկերի առաջ իրեն կոտորում էր՝ օղլում, ազիզ բալամ… Ասում էր՝ մորը խաբար արեք, որ տղայիդ վրա աղի արցունք թափող կա, թե չէ սրա տիրոջը հանգստություն չի լինի: Բայց այդ խեղ-ճերին այստեղից էլ քշեցին, զոռով լցրին ավտոբուսն ու լացուկոծով տարան՝ Ղարաբաղի ներսում բնակեցնելու:
Դրանից հետո մի երկու անգամ քիրվան է իջել՝ հալը հարցնելու: Ամբողջ կյանքում իրար հետ հաց են կտրել, բայց զգում էր, որ կասկածի որդը մտել է մեջը: Սպասում էր՝ ինքը հացը դնի բերանը, նոր ձեռքը տանում էր հացին, ինքը օղին խմի, նոր բաժակը մոտեցնում էր բերանին: Ասում էր. «Կարծում եք Սումգայիթը միայն ձեզ համար էր: Սումգայիթը մեր մեջքն էլ կոտրեց: Լսել ենք, մեր գյուղերից էլ են մասնակցել: Բոլորն իրար կասկածում են: Ով մի անգամ անցել է մարդ-գազան սահմանը, հաջորդ անգամ խաղ ասելով կանցնի: Մեղքս գալիս է մեր ջահելներին, շատ խակ են դեռ»: Վերջին գալուն ասաց՝ եթե էլ չերևամ, չնեղանաս, մերոնք ինձ թարս-թարս են նայում: Լուցկի էր բերել ու թութուն:
Վերջերս գյուղի ծայրամասում թուրքեր են երևացել՝ մոտակա գյուղերից. եկել էին դուռ ու լուսամուտ քանդելու: Պատ շարելն էլի լավ-վատ սովորել են, բայց հյուսն չունեն: Շրջակա գյուղերի փայտի գործն ու կտուրներ կապելը Հրանտի ու Շուրայի ձեռքերովն է եղել: Ամենքը տասը երեխա ունեն, դուռ ու լուսամուտի կարիք միշտ լինելու է: Կարգին քանդել էլ չգիտեն, որտեղ դժվարանում են, տալիս են կացնով, կտրում: Սիրտը մղկտում էր: Քիչ հեռվում կանգնած նայում էր՝ իրեն աչքառ անելով: Կտեսնեն, կքաշվեն, բոլորին ճանաչում է, երեսը երեսից կամաչի:
Արդեն մտնում են հարուստ և ունևոր տները, ապրանքը հանում: Չդիմացավ, երբ տեսավ Մանուկ ապոր տունն են դուրս տալիս: Մոտեցավ: Արյունը գլխին խփեց, երբ Մանուկ ապոր նարդին տեսավ նրանց ձեռքին: Շատ հարգանքով ու հացով մարդ էր Մանուկը: Գյուղում մարդ չկա, որ նրա սեղանին նստած ու ձեռքը նրա նարդուն կպցրած չլինի: Մոտեցավ, ասաց կտրուկ՝ սա իմ հոր նարդին է, հիշատակ է, ինձ բախշեք: Սուսուփուս տվեցին:
Քայլում էր գլխիկոր ու մտմտում՝ Տեր Աստված, ո՞րն է իմ մեղքը, որ այս բոլորը պիտի աչքովս տեսնեմ: Արդեն սկսել են թալանը: Հրես շրջակա գյուղերից մեքենաներով կգան, կքանդեն, կպոկոտեն, կկողոպտեն, բարձած կտանեն: Գյուղից բան չի մնա: Կմնա կմախքը, այն էլ կկորչի խոտ ու տատասկի մեջ:
Օրերը ցրտում են, երեկոները սառն են արդեն: Ժամաժանքին նստել էր խաչքարի մոտ՝ կուչ եկած, մի բուռ դառած: «Տեր Աստված, թե փորձություն է սա ինձ համար, էլ հերիք է, ուժս հատել է, ոտքերս հազիվ եմ քարշ տալիս: Մի ճար արա, մի ճամփա ցույց տուր»: Մենակ լիներ, գիշերը ճամփա կտրելով, ցերեկը թաքնվելով, մի կերպ իրեն կգցեր Ղարաբաղ: Աչքը ուտում է: Աղջկա հարցն է դժվար: Այնքան հուսահատ ու նեղված էր այդ օրը, որ աչքին էլ ոչինչ չէր երևում: Թուրքերը շուտով լցվելու են գյուղ. սա արդեն վերջն է:
Ողջ գիշեր քուն չեկավ աչքերին, միայն լուսադեմին աչքը կպավ: Զարմանալի երազ տեսավ: Մի հսկա ղուշ թռչում է երկնքում, ինքն ու աղջիկը մեջքին կպած: Ասես իր վրա են բուսած թռչունի թևերը, այնպես է զգում ճախրանքի վայելքն ու ազատությունը: Նայում է ներքև ու հարցնում ինքն իրեն՝ սահմանն անցա՞նք, արդյո՞ք: Մեկ էլ կապույտ ու գեղեցիկ լիճն է ներքևում: Սևանն է, փրկված ենք՝ կայծակում է ուղեղում:
Առավոտ ծեգին, երբ արևի շողը դիպավ երեսին և արթնացրեց, քիչ մնաց խելքը կորցներ: Ուրեմն, երազ էր սուտ: Կյանքում առաջին անգամ թշնամացավ արևին, ատեց աշխարհը, ամենքին: Ձվերը գող շան փայ դարձրած թխսաթափ, թևաթափ թխսամոր նման կուչուր-կուչուր անելով, ոտները քարշ տալով, դուրս եկավ բակ: Զարմացած նայեց շուրջը: Երեկ երեկոյան կարծում էր՝ աշխարհի վերջն եկել է, չի լինելու ոչ առավոտ, ոչ լույս…
Աշունքվա կակուղ արևը ոսկեզօծել էր պաղ, կապուտակ երկինքը և հաշտության աչքալուսիկ էր տալիս կարծես նրան, թե՝ տես, ամեն ինչ առաջվանն է, կյանքը շարունակվում է: Այգին, հանդերը, անտառը կանաչի և դեղինի բոլոր երանգներն ունեին առած իրենց ուսերին: Ոչ մի տարի այսպիսի բերք չի եղել գյուղում: Որթատունկերը չորս-հինգ անգամ սրսկում էին, որ չվառվեն հիվանդությունից ու տապից: Հիմա, չնայած անտեր ու անխնամ են մնացել, բերքի տակ ծանրացել ու կռացել են: Խաղողի գիլաները մգացել, կուչումուչ են գալիս քաղցրությունից: Դեղնած սերկևիլը յուրահատուկ, զգլխիչ բուրմունքով մատնում է իր տեղը: Խնձորն ու տանձը թափվել, խառնվել են խաշամին: Ճաքած նռները՝ անհամեստ բերաններով պոկող ձեռք են աղերսում: Մեղմասարսուռ հովի հետ սվսվում են թալկահար ուռիները, դարդոտված կորանում: Բարդիների կատարները սրսփում են խաղացկուն երկնածովում աղոթք հղելով երկնավորին:
Այս բոլորի գոյությունը կարծես նոր է զգում: Առաջ, երբ անվերապահ տերն էր այս ամենի, անտարբեր ու հանգիստ էր, և այս ամենը կար ինքն իր համար, ինչպես օդը, ջուրը, որի գոյության համար չենք ուրախանում ու չենք հուզվում: Իսկ հիմա հոգու խռովքով է նայում շուրջը, սրտապատառ ու սգավոր:
Քայլում էր մոլոր ու աննպատակ:
Շատ մոտիկ հանկարծ ուժեղ դռդռոց լսվեց: Ուղղաթիռ էր պտտվում գյուղի ծայրամասի վրա: Հիմա էլ ուղղաթիռով են գալիս՝ մտածեց: Թաքնվեց ծառերի հետևն ու սկսեց դիտել՝ դեռ չորոշելով անելիքը: Սրանք օտար ու անծանոթ են, սրանք ներել չեն իմանա: Ուղղաթիռը թրթռաց բաց դաշտի վրա ու կամաց-կամաց նստեց:
Երկու երիտասարդ իջան, վախվորած նայեցին շուրջն ու առաջացան դեպի գյուղ: Դափ-դատարկ, առանց զենքի, վազում էին գյուղ: Երբ ճանաչեց որդիներին, ոտքերը թուլացան, գլուխը ծանրացավ, ականջները խլացան, սառը քրտինք տվեց վրան: Հենվեց ծառին, որ չընկնի: Հենվեց ու մնաց՝ ծանր երազի մեջ ընկղմված: Ինչքան մնաց, չգիտի: Երբ նորից ուղեղը սկսեց պարզվել, համոզում էր իրեն՝ մի կերպ ոտքի կանգնել, հանդիմանում էր՝ խիղճդ կտրվի, վեր կաց, երեխեքիդ սիրտը մի կոտրիր, քեզ որոնելու են:
Ուժ առավ, ոտքերը ծանր-ծանր քարշ տալով մտավ գյուղամիջի մեծ ճանապարհը:
– Հայրիկ, հայրիկ, ո՞ղջ եք…- տղաներն ընկան գիրկը, ո¯նց են պաչպաչոտում:
– Էս ո՞նց եկաք, էս ինչ ուղղաթիռ է …, – հազիվ արտաբերեց:
-Բարի մարդիկ օգնեցրին: Շամախահայության հարցը մինչև Գերագույն խորհուրդ հասցրին: Բոլորն իմացան, որ Գյուրջևանում հիվանդ կա, ուղղաթիռ է հարկավոր:
Չէր հավատում ականջներին: Ուրեմն աշխարհն իրենց չի մոռացել, իրենց տեր կա: Երազը կատարվեց: Հրաշք է: Փա¯ռք քեզ, Տեր: Երանի բոլորին այսպես հասնես…
Աղջիկը դեռ քնած էր խոր ու անվրդով, անտեղյակ խառնաշփոթ աշխարհի անցուդարձին: Մեծ եղբայրը սրսկեց նրան՝ ինչպես սովորեցրել էին: Չհասցրեց էլ կարգին արթնանալ: Եղբայրը քնքշորեն համբուրեց այտը, շոյեց մազերը: Թեթևակի ժպտաց քնի միջից եղբորը, չիմացան՝ ճանաչեց, թե՞ ոչ: Այդպես քնած էլ կտանեն:
Տղաները հանեցին ցուցակը, որ գրել էին հարևան-բարեկամի խնդրանքով: Որը մոռացված փաստաթուղթ էր ուզել, որը՝ նկարների ալբոմ, որն էլ` պապական հիշատակ կարպետ կամ խալիչա: Ո՞ր մեկի ուզածը կատարեն: Փոքրը վազեց գոնե մոտիկ թաղում պտտվելու: Իսկ ինքը մնացել էր տան կենտրոնում կանգնած՝ չորսբոլորը նայելիս. ասես, ձեռքը չէր գնում տան սարքը քանդել: Խելքիդ ձյուն գա՝ կհանդիմաներ կինը:
Կանգնել է ուղղաթիռը գյուղից դուրս, մարզադաշտում, ուր երեխեքը տարիներ շարունակ աղմուկ-աղաղակով ֆուտբոլ էին խաղում: Վազվզում էր տղաների հետ, օգնում նրանց, բայց կարծես ինքը չէ շարժվողը, իր ստվերն է: Գլուխը օդով է լցված, ուղեղը չի գործում: Մեկ-մեկ գիտակցության մութ ծալքերում աղոտ մտքեր են առկայծում. կվերադառնա՞ն, արդյոք… Բա գերեզմանոցը: Շները… Շները դուրս են գալիս գյուղամիջյան ճանապարհը, չլինի՞ բան են գլխի ընկել…
– Խաչքարը պիտի տանել, կփշրեն:
Տղաների ձեռքը չգնաց՝ մի ճիթ խաղող կտրելու: Կոկորդը սեղմում էր: Կարծում էին այլևս իրենց կոկորդով բան չի անցնելու, ընդունակ չեն լինելու կուլ տալ: Մինչ նրանք աղջկան ու քիչ-միչ ուժները պատածը տեղ հասցրին, օդաչուները մի կարպետի վրա ահագին խաղող էին դիզել: Ուտում էին՝ գովելով քաղցրությունը:
– Հա, ձեզ մատաղ, չի ջրվում, դրա համար էլ քաղցր է: Մենք ջուր չունենք: – Կարծես մի ուրիշն իր փոխարեն խոսեց:
Ուղղաթիռի մոտ, երբ արդեն պիտի տեղավորեին բեռները, զգաստացավ, խելքը տեղը եկավ, ու մտքերը թափ առան: Փոքր որդին գունատ կանգնել էր.
– Հայրիկ, գլուխս պտտվում է: Երանի չգայի, գյուղը էսպես չտեսնեի: Ում բակը մտա՝ մեռելային լռություն, շեմքերը խոտով ծածկված: Երանի չտեսնեի …
– Ոչ: Պիտի տեսնեիր: Սա միայն քեզ համար չի: Լավ նայիր շուրջդ, տպիր ուղեղիդ մեջ: Սա պիտի հիշվի, իրավունք չունենք մոռանալու…
Շուրջը աշուն էր՝ ոսկեկարմիր, ինքն իր համար, անտարբեր: Աչքի դեմը գյուղն իր տներով, այգիներով փախչում էր կարծես իրենից, հեռանում մի ակնթարթում: Շվարած կանգնել էր: Օդաչուները շտապեցնում էին: Քիչ հեռվում, ծառերի հետևը, հարևան գյուղի հոտն էր արածում: Վազեց, անունով կանչեց ու գտավ թաք կացած հովվին, ասաց հատու ու համոզված.
– Գյուղին լավ կնայես, անպայման ետ ենք գալու: Աչքդ տներին կպահես, ձեռք չտան…
– Յախշի յոլ, կարդաշ, յախշի յոլ (ՙԲարի ճանապարհ, եղբայր՚):
Իրենցից անկախ գրկախառնվեցին ու լացով բաժանվեցին:
Ուղղաթիռը դռդռաց, պոկվեց տեղից՝ խլացնելով շների ոռնոցն ու իր մտքերի խելագար ընթացքը: Վերջ: Փակվեց իրենց բաժին աշխարհը: Ուր էլ գնան, ինչպես էլ ապրեն, քանի տուն էլ կառուցեն, անտուն են այլևս ու փախստական: Թուլացած ու անզոր ընկավ որդու թևերին, գլուխը հակեց նրա ուսին: Հանդարտվեց, նինջ ու թմրություն իջավ վրան: Ամեն ինչ մնաց ետևում: Էլ ոչնչից չէր վախենում: Թվում էր՝ այլևս կորցնելու ոչինչ չունի:

Share Button

1 Կարծիք

  • Gohar Sahakyan Arkadii says:

    Anchap huzich er.Im hayrs el cnundov Gyurjevanic er.U vorqan haskaca sa irakan depqi vra grvac patmutyun er, vorovhetev im hayriki patmacy hishelov , ayd hivand aghjiky im harazat horaqroj aghjikn er.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *