Նարէկ Դալլաքյան | Լքյալ անապատ

Անին լքեց, որովհետև իր ծննդյան օրից մեկ օր առաջ լավ խմել էի ու հաջորդ օրը բավական քնած անցկացրի, հեռախոսս չմիացրի, ֆեյսբուք չմտա։ Կարճ ասած՝ սենյակիս մեջ մահացած էի աշխարհի համար, ու թարսի պես ողջ օրը տեղաշորիս մեջ գլորվելով, պատից մյուս պատ հենվելով, ծխելով, գիրք կարդալով՝ այդպես էլ մտքովս չանցավ, որ այդ օրը փետրվարի 17-ն է:
Լուիզին լքեցի, որովհետև հոգնել էի:
Մանեն լքեց, որովհետև պատմել էր, որ մի քանի հոգու հետ սեքս էր ունեցել, երբ ես էլ ուզեցի, վիրավորվեց, ինչ-որ անհասկանալի բաներ սկսեց խոսել. զգացմունքեր, մաքրություն, մի՛ իջեցրու դրանք գետնին և այլն:
Քրիստինեին լքեցի, որովհետև հոգնել էի:
Թերեզը լքեց. ամուսնանալ էր ուզում, իսկ իմ գրպանում ավտոբուսի գումար կար և ոչ մի հույս` ապագայի հանդեպ:
Վարդուհուն լքեցի, որովհետև հոգնել էի:
Ադրիանան լքեց ինձ, հուլիսի ամենաշոգ օրը` ցերեկը 15:00-ին, ուսերիս նստած արևի տակ, որովհետև գտել էր մեկին, որ համաձայնել էր ընդունել իր չորս տարեկան տղային:
Սեդային լքեցի, որովհետև հոգնել էի:
Վեռան լքեց, որովհետև պլան չկար մոտս:
Անին լքեց, որովհետև գնաց Կանադա:
Սոնան լքեց, որովհետև ասում էր՝ ստախոս եմ ու անկողնու համար համոզում եմ, որ սիրում եմ իրեն, իսկ ես իսկապես սիրում էի նրան: Լիլիթը լքեց մի օր, երբ համբուրվում էինք մի պատի տակ, ասեց՝ արի հենց հիմա գնանք հյուրանոց, ես էլ գումար չունեի, խաբեցի՝ իբր պայմանավորված եմ ու տարբերակ չունեմ իր հետ գնալու, կռվեցինք ու այլևս չերևաց:
Արփին լքեց, որովհետև զարմանում էր` ինչ գործ ունի հետս. ինքը բավական դաստիրակված էր իմ հետ օրեր անկացնելու, զանգելու, հանդիպելու, հաց ուտելու, համբուրվելու, երազելու համար:
Բելան լքեց: Այդպես էլ չիմացա՝ ինչու:
Էլյային, Մարիային, Մագային լքեցի, որովհետև հոգնել էի:
Թվում է՝ բոլոր լքածներն ու լքվածները, այն պահին, երբ աչքերս նկատել են նրանց հայացքները, մատների շարժը, բաց ուսերը, թրթռուն աչքերը, ականջներս տարածության մեջ գողացել են նրանց ձայնը, պատմող պատմությունը, այն պահին, երբ նրանց ցանկանալու սերմնահատիկը ընկել է ստամոքսիս մեջ ու ծիլ տվել, բողբոջել ամբողջ մարմնովս, այդ պահից նրանք իմ ներսում են, ու թվում է` երբեք էլ դուրս չեն գա: Թվում է՝ ներսումս` անշունչ մի անապատում, որտեղ կենդանի ոչինչ չի մնում, խեղդող արևի տակ ընկած են նրանց դիակները, որոնք գիշեր-ցերեկ անփոփոխ, անշարժ-քարացած են իրենց տեղում`ոչ -ոքի չխանգարելով: Միայն գիշերային սյուքում, երբ արևմուտքից փչում է քամին, նրանց դիակների հոտը (դա նման չէր մեր ճանաչած դիակների հոտին, դա նրանց մարմնի սպեցիֆիկ հոտն էր), որը կախված էր քթիցս, փչում էր դեմքիս ու հիշեցնում նրանց չգոյության ու մեր միասնական լքման մասին: Լքյալների անապատում մի միայնակ ծառից պարանով գլխիվայր կախված է իմ դին`դեմքս գետնին քսված, որտեղ ավազի մանր հատիկներն օր ու արև չէին տալիս ինձ, ամեն ավազահատիկ, դեպի շուրթերս անցնելով, հիշեցնում էին ինձ մեր՝ բոլորիս լքված լինելու մասին: Մենք բոլորս գիտեինք, որ մշտապես արթուն ենք մնալու մեր խանձված դիակների մեջ, և ոչ ոք մեզ երբեք չի նկատելու:
Երեկ ամբողջ գիշեր ես ու Լիան միասին ենք անցկացրել: Արդեն մի ամիս կա, որ իրար հետ ենք, ծանոթացանք մի օր, երբ պայմանավորվեցինք լուսանկարել իրեն, ընթացքում մի քիչ փոփոխություներ կատարվեցին, ու մի օր, երբ պառկած էր արվեստանոցիս հատակին, իսկ ես Blow-Up ֆիլմի հայտնի դիրքով ուզում էի ֆոտո անել նրան, մեր մարմինների իրար կպնելը ոչ սովորական թվաց թե՛ իմ հայացքի մեջ և թե՛ իր, իսկ երբ առանձնացնում էի նրա վզի վրա ընկած մազերը, մատներս, լսելով մեր մարմինների ցանկության հոտը, սկսեցին բարձրացնել նրա պարանոցն ու մոտեցրին նրան դեպի ինձ: Ոտքերը կպած էին հատակին, իսկ մարմնի վերև մասը ` ինձ: Մատներս երրորդ անձ էին դարձել, որ իրականացնում էր այն, ինչը պետք է կատարվեր մեր կամքից անկախ, իսկ շուրթերի հպումը մեր կամքն էր, որը արդարացվեց հաջորդ րոպեներին` նրա տաք մարմինը զգալով մարմնիս վրա: Երեկ միասին գնացինք քաղաքի փաբերից մեկում կազմակերպվող համերգին: Նախօրոք մի օրով տուն էի վարձել, քանի որ համերգը մինչև լույս շարունակվելու էր, որոշեցինք ամբողջ գիշեր չմնալ, որ երբ 4-5-ի կողմերը դուրս գանք, կարողանանք գնալ այնտեղ ու միասին լուսացնել: Համերգից հետո սուպերմարկետից նարնջի հյութ գնեցի ու արաղ, թեև մի քիչ խմած էինք, բայց տուն մտնելով՝ արագ արաղը խառնեցինք հյութին, խմեցինք, մի քիչ խոսեցինք, հանվեցինք, սեքս արեցինք, հորանջեցինք ու քնեցինք: Լուսաբացին նախորդող րոպեները լցվել էր սենյակ: Մուգ կապույտը քսվել էր լուսամուտին, վարագույրին, առաստաղին և վերջում՝ սենյակի պատից կախված ժամացույցին, որի սլաքները ազդարարում էին նրանց հանդիսավոր մուտքը մեր քաղաք: Ծածկոցի տակ մեր կապույտ դարձած մարմիններն էին շնչառության ռիթմով վեր ու վար անում: Լիայի երեսը շրջված էր դեպի ինձ, իսկ վերմակից, լեռների տակից իր պատկերի կեսով արևածագին սպասող արևի պես դուրս էր մնացել նրա կրծքի մի մասը: Պատկերը 6:10-ի համար բավական տպավորիչ էր ու անթարթ: Դանդաղ դուրս եկա ծածկոցի տակից, այնպես, որ ոչ մի կերպ պատահականության ձեռքով գծագրված կոմպոզիցիան չխափանեմ, հանեցի պայուսակիցս ապարատը, ստացա սենյակի բնական լույսն ու մի քանի կադրից ունեցա այն, ինչ ուզում էի: Ապարատը դրեցի մի կողմ, որ երբ արթնանա՝ ցույց տամ, նորից մտա ծածկոցի տակ, կամաց շուրթերս դրեցի կրծքին, հետ քաշվեցի ու ծածկեցի կուրծքը, կարծես, որ աշխարհը չտեսներ: Քուն մտա: Ժամացույցի սլաքը 11-45 էր ցույց տալիս: Լիան սենյակում չէր, ձայն տվեցի, չպատասխանեց, տանը ման եկա, չգտա, հեռախոսս ուզում էի վերցնեի՝ զանգեի, հեռախոսի տակ դրած թուղթ կար, բացեցի, սկսեցի կարդալ: Սիրտս մի տեսակ անհամ ձևով խփում էր:
Մտածիր՝ լքել եմ քեզ, մի փնտրիր, որ փնտրես, անպայման մի օր փողոցում լուսացույցի տակ կգտնես ինձ: Լքել ինչ-որ պատճառո՞վ, իսկ ինչո՞ւ ինչ-որ պատճառով, արդյոք միայն չարժի լքել նախքան քեզ լքելը: Աշխարհի հետ չկարողացանք այդպես վարվել, երբ եկանք, լքեց մեզ, իսկ մեր լքումը նրան արդեն ձևական է, բայց մարդու հետ կարող ենք չէ՞ այդպես վարվել: Մարդը արդեն դրա փորձն ունի:
Հ.գ. ինձ մի բան է հետաքրքրում, երբ աշխարհին հարցնենք՝ ինչո՞ւ լքեցիր մեզ, կասի՝ հոգնել եմ, թե կսկսի պատճառաբանություն բերել:
Հ.գ. Ի վերջո մենք բոլորս լքված ենք, ես լքեմ քեզ, թե դու ինձ, միևնույն է, միշտ գտնվում է մեկը, որ մեզ լքում է, կամ լքվում: Մի՞թե այդ ամբողջ լքվածության պատճառը մեր հոգնածությունը չէ` մեկս մյուսիս նկատմամբ: Մենք բոլորս ծնվել ենք հոգնած, դատարկ ու լքված:
Թուղթը ճմռթեցի, գցեցի սենյակի մի անկյունում, կանգնած տեղիցս երկու անգամ թքեցի դեպի թուղթը, վերջինը կպավ: Պառկեցի նորից քնելու, քնեցի, քնեցի այնքան, մինչև դրսից մի աղմուկ կբարեհաճեր հանել ինձ քնից:

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *