Լուսին Աթաբեկյան | Demut

Ցավն սկսում է էնտեղ, ուր մենք կորցնում ենք չափը։ Քո մի վայրկյան հետոն իմ արդեն՝ անցանք։ Ժամանակային պերսպեկտիվան, քեֆ-ուրախությունն ու վերջին ընթրիքը։ Կամքը աստծո, պատահականությունն ու անաքեն։ Հաջողված հաջողությունն ու ես, առհասարակ, պիտի թքած ունենայի։
Ես կարող էի քեզ նվիրել սեռակաթիլային ճամփով ավելացող կյանքի սերուցք-իմաստնությունը, իսկ քո ուզածը իմ շնորհներից նվազն է։ Դե, ընտրիր, ուրեմն, հոգիս։ Ես էսօր ավելի քան շռայլ եմ։ Քո մահվան բոլոր, բոլոր ձևերից դու ընտրեցիր ինձ։ «Ինչքա՞ն բարձր կարող ես թռչել, որ մնաս կենդանի»։ Դեղին փողկապն ու հետերայի համառությունը։ Ոչ մի բառով փոխանցելի ցանկությունն առ ոչինչ։ Մայրենի լեզվից։ Թաբունով։ Գալիք-դառնալիք։ Տեստոստերոնի ու էստրոգենի գարնանային ինքնամփոփ, ջղային ամպերը։ Անձրևներից բոլոր նրանք, որ չեն կտրվում իմ անդունդի միջին։ Անձրևներից անոնք, որ, երկսայրի սուր, պարարտ են սարքում և՛ հող, և՛ երկինք։ Փոխադարձաբար հանցավոր լռությունը, կրկնակի՝ սխալ իրերը՝ սխալ ստանձնած անուններով։
Զզվելս գալիս ա ուղեղիս պես շինված բառերից, որ բերան չմնաց՝ մտնեն, դուրս թքվեն, անցնեն հաջորդին։ Առնացի կատաղությամբ՝ ոչ հարիր, իմ ա՜խ, իգական ուսերին․ էլի վազում եմ ենթակայից որոշիչ։ Թաբունով։ Նոր բառերը՝ Ֆլիննի էֆեկտով՝ թարս էշաֆո։ Ներսում եղածը մի գոյական՝ բոլոր հոլովներով․ ասել է թե՝ դոֆամին։ Չափից դուրս են ձեր ցանկությունները։ Չափից դուրս է ձեր վստահությունը։ Չափից դուրս է վերահսկողությունը։ Չափից դուրս եք Դուք։ Իմ չափից դուրս սեր, «այսօր Վերսալում սովորականից ինչ-որ շատ են մարդիկ»։ La Fête des fous: Կարդալ՝ երգելով՝ ինչպես հարկն է։ Ահա, Սիրելիս, ինչ վաղու՜ց է, ինչ աստված չի մեռել Խորվիրապներում տեսիլատխուր։ Կարդալ՝ ինչպես հարկն է։ Ինչո՞ւ են մարդիկ խանգարում հավատալ Աստծուն։ Սիրուն։ Նման ոչ կարտեզյան բաներին։ Վախենամ՝ ամենաճիշտ հարցը չեմ տալիս վերջին տարիների մեր միակ հանդիպման ժամանակ․ էն էլ՝ միջնորդավորված։ Ես հեռացել եմ քեզանից․ բարեբախտաբար դեռ սիրում եմ։ Ու ամեն սիրո ժամանակ, էլի հավատում եմ քեզ։ Հետո գալիս է հարվածը, որ փոքրացնում է ինձ՝ ընդհուպ մարդկային չափերի։ Հպարտության արժանի միակ նմուշը չեմ։ Я не в силах поддерживать этот обман. Мама, я не могу больше пить!
Ասա ինձ, Սիրիուս, ո՞նց դուրս պրծնեմ ինքնացուցադրման մոլությունից, բայց ողջ-առողջ։ Առոք-փառոք։ Ձերն էլ։ Ձերն էլ։ Թափի։
դու ինձ սովորեցրիր ամեն ինչ, որ հետո գերեզմանիդ մոտ ծաղիկներ բերեմ։ Իսկ իմ սիրտը խառնում է մեռել տեսնելիս։ Մինչև էդ է ինձ վիճակված ծեսը՝ որպես զտարյուն Էլեկտրա։ Գունավոր շորեր եմ ուզում։ Էլի դողէրոցքն է շարվեշարան։ Ես կորցնում եմ լեզուն ու վախենում եմ։ Արի հետս անտառի միակ բաց արահետը, արի ինձ մոտ, շըվաք ու ձվածեղ կանեմ, արի ինձ մոտ, ծիծ ու բլիթ կտամ։ Պառկի կողքիս, ձեռքդ դիր միակ արյունատար զարդերակին։ Տես՝ շուռ եկած աշխարհը, քեզ՝ միակ տիրական կարգած։ Զարթնի իմ ֆաբուլայի մեջ։ Չորս պատերով, ումոնց սահմանները դու ես կողմնորոշում։ Գնա, յասամանի հյութի հետևից՝ իմա առյուծի կաթ։ Հետ դարձի՝ ես քեզ պատմեմ խնձորի մասին։ Քվիթ ենք։ Զարթնեմ վանդակի մեջ, որոնց սահմանները դենը չեն գնում իմ հեշտանքից։ Կտուց կտուցի համաձայնենք, դու երգի տերողորմյան, ես քեզ խնդրեմ ձենն իջացնել։
Ես քեզ կարող էի նվիրել ցանկցած իմաստնություն պարզունակից մինչև համարյա պարզ մարդկային էպոխա, դու ընտրեցիր էն, ինչ չկար։ Եւ խնդրո առարկա. Ծիծաղս Շարունակում է գալ։ Ամեն հավանական ասելիք չէ, որ ես պետք է ասեմ։ Ամեն հաղթանակ չի, որ վկաների կարիք ունի։ Հետո վազ կտանք էծի պես մեր ընդհանրական անտառների մեջ, կտուց կտուցի։ Դու ինձ ավելին կտաս, քան ինձ պետք էր, ես կլռեմ շատ ավելին, քան դու կուզեիր իմանալ։ Ուզում եմ ինձնից-ինձանով խումհարն անցնի։ Եւս քանի տասնամյակ ուժս չի պատելու։ Պատրանքը՝ ով պիտի լինեմ ես, խաբեպատիր ներարկումները, ես ու դու, ես՝ Աթենասից Դեմետրա, դու՝ ֆալոս։ Բաղնիքներս անուշ։
Հարցի միջի արժեքը, ոչ պատասխանի։ Վեց միլիոն էջի չափ գրագրություն՝ որ ապրում ու հոսում է մարմնիս միջով՝ հյուսիսից հարավ, արեւմուտքից՝ արևելք։ Պերիպետիաները՝ դասը լավ սովորած աղջկա, ում միակ հույսը ծագող արևն էր՝ մեզ ամփոփող խաղաղության հետ, որ պիտի տաներ ցավը։ Որևէ ցավ։ Կոգնիտարիատն ու նույնքան՝ աստառը շուռ տված պրոլե։ Futurorum hominem, հետ եմ քաշվում։ Vivre au jour le jour։ Ճանապարհը՝ դեպի է՛շաֆո։ Ջի գործոնը։ Ծիծաղս։ Ինչպես նախկինում։ Պիտի շարունակի։ Գալ։ Լեզվի հետ ես անում եմ էն, ինչ սիրտս տա։ Ընդունի, խնդրեմ, մահվան ընծաները։ Հուբրիս։ Եթե անգամ, աստվածային պատիժը։ Մի մոռացի շնչել։ Բառարանքներում։ Հուբրիս։ Օգնի ինձ, որ թաքցնենք ինձ։ Մարդկային չափերով։ Magnum opus։ Հիշի՜ր բոլոր այն խոսքերը, որ ասել եմ մատներով։
PS. Միևնույն է, ես չկարողացա գրել ոչինչ գեղեցիկ հաշտվածության մասին։ Ափսոսում եմ։ Եւ միայն այդքանը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *