Բորիս Ակունին | Մատերիան առաջնային է

Մավրն անձայն գնում էր մորուքավոր տղամարդու հետևից։ Վերջինս կարծես թե ինչ-որ բան զգաց և արագացրեց քայլերը։ Գլխավորը չսխալվելն էր։
Մերթընդմերթ հայացք գցելով ուշեկ այցելուի՝ վախից ուսերի մեջ մխրճված ծոծրակին՝ Մավրը գերզգայուն քթածակերով արագ-արագ ներծծում էր օդը։
Ռո՜ւս։ Լավ է, ուղղակի հիասքանչ է։ Հրաշալի՜, ամենից ախորժելի՜ ազգը։ Թերևս նրանցից ավելի համեղ կարող են լինել միայն հյուսիսկորեացիները։
Դե՜, դե՜, էլ ի՞նչ կա։ Մկրտված չէ։ Լա՜վ է։
Եկեղեցի չի գնում։ Նշանակում է՝ մատերիալիստ է։ Ընտի՜ր է։
Կոմունիստական երիտասարդական միությանն անդամ է եղել։ 1971 թվականից մինչև 1984-ը։ Ըը՜ըմ, գերազա՜նց է։
Թեթևաքաշ թռիչքի մեջ լինելով՝ Մավրն անցավ քարե հրեշտակի վրայով և հուզված չպպացրեց՝ կանխավայելելով այն, թե ինչպես էին ատամների տակ խրխրթալու ձիգ ողերը, և թե ինչպես էին արյան տաք զարկերը խուտուտ տալու քիմքը։ Միայն թե պետք էր չափից ավելի չտարվել և դուրս չծծել մինչև վերջին կաթիլը։ Դա հիմար, մանրբուրժուական եսամոլություն կլիներ։
Խոստումնալից այցելուն դուրս թռավ դարպասներից և թեթևացած շունչ քաշեց։ Շարունակեց ճանապարհը պատի երկայնքով և նույնիսկ ինչ-որ բան սկսեց շվշվացնել։ Հանգստացավ։ Շատ ավելի լավ։ Հիմա նրա ադրենալինի մակարդակը կընկնի, արյունը կկորցնի իր դառնությունը և այլևս չի փրփրի։ Մավրը երբեք էլ չէր սիրել փրփրուն գինիներ։
Մավրը սողում էր գետնի վրայով, և նրան ու ռուս մատերիալիստին բաժանում էր միայն քարե պատը, որը մի ցատկով կարող էր հաղթահարել։ Փորձը սովորեցրել էր․ շտապել չի կարելի, անվտանգ չէ։ Կուշտ փորով որևէ աղբ ես ծծում, իսկ հետո տանջվում ես։
Իր հայգեյթյան կյանքի ամենասկզբում նոր-նոր բացահայտելով, որ մատերիան վերալիցքավորման կարիք ունի՝ Մավրն անզգուշաբար խմել էր առաջին պատահած բուրժուայի արյունը, որն ուշ գիշերով տխմարաբար զբոսնում էր գերեզմանատան երկայնքով։ Հետևանքները սարսափելի էին։ Այսինքն՝ մի կողմից՝ վարկածը հաստատվեց․ քայքայման գործընթացը հետադարձ ընթացք ստացավ, և մատերիան լիովին վերականգնվեց, բայց բարոյահոգեբանական ազդեցությունն իսկական խուճապի մեջ գցեց Մավրին։
Գիտակցությունը նվաղեց, փափկեց, պատճառը քայքայված նեխած, քաղքենիական բարոյականությունն էր։ Ծագեցին մտքեր, որոնք կենդանի ժամանակ ոչ մի անգամ չէին հայտնվել։ Օրինակ՝ ինչպե՞ս կարող էր նման հրեշային պատասխանատվություն վերցնել իր վրա։ Չէ՞ որ հասկանում էր, թե ինչ թնդուն խառնուրդ էր պատրաստում իր աշխատասենյակում։ Մի՞թե ավելի լավ չէր լինի, որ իր մտավոր ողջ ուժը մեկ ուրիշ, պակաս ավերիչ բանի վրա ուղղեր։ Մի՞թե ամբողջ կյանքում սիրտը չէր խառնել այսպես կոչված ժողովրդական պարագլուխներից և նմանատիպ մանր հեղափոխականներից՝ իշխանատենչ, անողոք, ինքնասիրահարված։ Մի՞թե չէր հասկանում, թե ինչ էր պրոլետարիատի դիկտատուրան։ Մի՞թե չսարսափեց ֆրանսիական համայնքի մասսայական գնդակահարություններից։ Այդ դեպքում ինչի՞ համար էր այդքան տարի և ուժ վատնել, որպեսզի մոտեցներ սոցիալիստական հեղափոխության արյունալի հաղթանակը։ Մի՞թե պատճառը միայն տզրուկ պարտատերերի հանդեպ ունեցած չարությունն ու հետույքի վրայի թարախապալարներն էին։
Երբեք այդքան վատ չէր զգացել իրեն։ Սակայն հզոր կամքը հաղթեց բուրժուական թույնին, և այդուհետ Մավրն ավելի պահանջկոտ դարձավ ուտելիքի ընտրության հարցում։
Օ՜, անսկզբունքայնությունը և ամենակերությունը շատերի, շատ կեղծ մատերիալիստների վախճանի պատճառ էին դարձել, որոնք ունակ չէին փորձություններ հաղթահարելու։ Այդ բոլոր օպորտունիստները՝ առանց բացառության, տխուր ճակատագրի էին արժանացել։
Նրանք, ովքեր հավատում էին մատերիայի առաջնայնությանը և հենց դրա համար էլ անքակտելի կերպով կառչած էին դրանից, բաժանվում էին երկու կատեգորիայի։
Առաջինը թուլամորթ լիբերալներն էին, որոնցից մեկը խեղճ Ժեննին էր։ Ինչպե՜ս էր երազում իր հուղարկավորությունից հետո նորից նրա կողքին հայտնվել, միակ իսկապես մտերիմ մարդու կողքին, որն ամբողջովին ընդունում էր նրան և ներում ամեն բան։ Բայց գերեզմանում Ժեննիի փոխարեն միայն վերջինիս ոսկորներն էին սպասում նրան։
Ո՛չ, չէր կարող դավաճանել նրան, չէր կարող իդեալիզմի կողմն անցնել, բացառված էր։ Ժեննին անկեղծորեն հավատում էր այն ամենին, ինչ նրա ամուսինը, երբեք էլ չէր կարողացել որևէ բան ձևացնել։ Եվ գերեզմանատանը հայտնվելով՝ նա, իհարկե, միանգամից զգացել էր, որ առանց թարմ հեմոգլոբինի ներհոսանքի սպիտակուցային մատերիան շատ չանցած քայքայվելու էր։ Բայց Ժեննին երբեք չէր սկսի արյուն խմել, չափից ավելի բարի էր, և հետո կային արիստոկրատական նախապաշարմունքներ․ ինչպե՞ս կարելի էր կծել անծանոթ մարդու վիզը։ Հենց այդ պատճառով էլ հյուծվել էր, վերածվել էր Ոչնչի, իսկ դա նշանակում է, որ այնուամենայնիվ դավաճանել էր։
Աղախին Լենհենի մասին առանձնապես ասելիք չկա․ մի անիմաստ, անկենդան մսի կտոր էին իջեցրել հողի մեջ։ Տգետ, հետամնաց կին։ Հավանաբար մահանալուն պես նետվել է իր սիրելի Աստծո մոտ՝ թողություն աղաչելու պարոն բժշկի համար։
Կեղծ մատերիալիստների երկրորդ կատեգորիան միջոցների մեջ խտրություն չդնող թալանչիներն են, որոնք գնում են վերասերված և բանվոր դասակարգին դավաճանած Լասալի հետքերով։ Հենց նրա նմաններն էլ քսաներորդ դարում կործանեցին մարքսիզմի մեծ գործը։ Զրկանքներին ու սովին չդիմանալով՝ նետվում էին առաջին իսկ պատահած այցելուի վրա, և շատ չանցած դիալեկտիկայի օրենքների համաձայն՝ մատերիան սկսում էր գերիշխել նրանց գիտակցությանը։ Դասակարգային առումով օտար արյուն կուշտ լակելով՝ վերածվում էին բարեվարք բուրժուաների, թաղվում էին գաղափարախոսական ճարպի մեջ, սկսում էին շողոքորթել Աստծուն։
Անցնում է մի քանի տարի, և տեսնում ես, որ նախկին մատերիալիստն այլևս չկա, գերեզմանի մեջ միայն հոտած մթերք է մնացել։
Հայգեյթում երկարակյացներից մնացել են միայն Մավրը և Ջեքը, բայց հարյուր տարուց ավելի ո՛չ զրուցում են, ո՛չ էլ ողջունում են միմյանց։ Ողջունում ես նրա նմանին․ «Good evening»։ Ի պատասխան՝ լսում ես․ «Փա՜ռք Լյուցիֆերին»։ Ահա այն՝ տխմար պրուդոնիզմի օրինաչափ արդյունքը։ Խղճուկ շտապկոտներ, որոնք չեն հասկանում, որ մանր դիտավորություններով և քաղաքական ահաբեկչություններով հեղափոխության չեն հասնի։ Քանի դեռ ողջ էր, Ջեքը ծվեն-ծվեն էր անում լոնդոնյան թշվառ պոռնիկներին, որպեսզի հետնախորշերում ավերումներ և ժողովրդական խռովություններ առաջանային, որոնք կվերաճեին անարխիստական ապստամբությունների։ Այնուհետև Ուայթչափելի պոռնիկ պահողները, հույս չդնելով ոստիկանության վրա, ինքնուրույն գտան Պատռողի հետքը, անաղմուկ մորթեցին և գցեցին կեղտաջրային առվի մեջ՝ իբրև սովորական կողոպուտի զոհի։ Երբ նորեկին բերեցին այստեղ, զրուցակցի կարոտ լինելով՝Մավրը փորձում էր զոռով նրա գլուխը մտցնել, որ պրոլետարիատի դասակարգային ինքնագիտակցությունը նման մեթոդներով չես արթնացնի։ Ինչպիսի՜ փաստարկներ էր բերում, ինչպիսի՜ պատմական օրինակներ էր հիշեցնում։ Միայն մարգարիտ էր շաղ տալիս։ Այդ խոզը թարմ մեռելներին խժռելը սովորություն էր դարձրել և այդ հողի վրա վերակոփվել ու վերածվել էր սատանիզմի հետևորդի։ Ա՜խ, այդ միջին դասի խռովարարների դես ու դեն ընկնելը։
Հարյուր քսան տարի առանց ընտանիքի, առանց համախոհների, առանց գրասեղանի։ Դժվար է, երբ հոգին (թո՜ւհ, հոգին չէ, այլ գիտակցությունը) կապված է մատերիային։ Ամեն տեսակ բան էլ եղել է․ նվազ տարիներ, արգավանդ տարիներ։
Սկիզբը լրիվ աղքատիկ էր, կարծես չէր էլ մահացել։ Ինչպես ամբողջ կյանքն անցկացրել էր մի կտոր հացի հետևից ընկնելով, այնպես էլ այստեղ կիսաքաղցած վիճակում էր պահպանում գոյությունը։
Մատերիալիստի մահը պրոզաիկ բան է․ Մավրը գրեթե չէր նկատել այն։
Նստած էր տանը՝ Մեյթլենդ Պարկ Ռոուդում՝ սիրելի բազկաթոռին։ Նայում էր բուխարու կրակին, երբ սկսեց հազալ։ Եվ ինչ-որ բան պայթեց կրծքավանդակում։ Ցանկացավ դստերը կանչել, բայց անգամ մի հնչյուն չկարողացավ արտաբերել։ Եվ հետո բերանն էլ չբացվեց։
Մի երկու րոպե հետո Տուսսին ինքը մտավ ներս։ Մոտեցավ, կռացավ և սկսեց բղավել «Մա՜վր, Մա՜վր։ Օ՜, Աստվա՜ծ։ Աստվա՜ծ»։
Հենց որ լսեց, թե ինչպես էր դուստրն իր ներկայությամբ արտաբերում այդ արգելված բառը, գլխի ընկավ, թե ինչ էր կատարվել։ Ոչ մի վախի զգացում էլ չուներ, միայն հետաքրքրություն։ Դե՜, հետո ի՞նչ է լինելու։ Մի՞թե Աստծու մոտ դատաքննություն: Ո՞նց չէ։
Հանկարծ վերևում սենյակ տեսավ․ մի կին լաց էր լինում, շալի մեջ փաթաթված ծերուկը գլուխը կախել էր կրծքին, խորշոմավոր կզակի վրայով թուք էր հոսում (իր հայտնի մորուքը դեռ կես տարի առաջ էր սափրել, հոգնել էր դրանից, հենց նոր էր վերջին անգամ նկարվել)։ Մավրը ցանկացավ ավելի վերև՝ մինչև առաստաղը բարձրանալ, բայց կտրուկ բղավելով՝ սաստեց ինքն իրեն․ «Մատերիայից կտրված՝ գիտակցությունը գոյություն չունի»։ Հենց այդ նույն պահին նորից մարմնում հայտնվեց՝ միանգամայն թմրած և անշարժացած։
Այնուհետև հուղարկավորությունն էր՝ չափից ավելի զզվելի։ Քանի անգամ էր պատկերացրել, թե ինչպես էին հարյուր հազարավոր պրոլետարիատներ վերջին ճանապարհ դնելու նրան, ինչպես էին դիակառքի վերևում բոցավառ խոսքեր արտասանելու և հանդիսավոր երդումներ տալու։
Իհա՜րկե։
Դագաղն էժաններից էր՝ չորս ու կես ֆունտ արժողությամբ, պսակն այնպիսին էր, որ ավելի լավ կլիներ ընդհանրապես չլիներ։ Գերեզմանատուն բարեհաճել էր գալ ընդամենը տասնմեկ մարդ։
Իհարկե, Գեներալը լավ ճառ ասաց։ Բայց երբ հեռանալիս բղավեց, որ հանգուցյալի անունն ու գործն ապրելու էին հարյուրավոր տարիներ, թերահավատ Լիբկնեխտը դեմքը ծամածռեց, իսկ ոմանք նույնիսկ քմծիծաղ տվեցին․ Մավրը տեսավ, մահից հետո գերազանց տեսողություն ուներ, ինչպես պատանեկության տարիներին։
Միայն Տուսսին էր լաց լինում: Նա՝ այդ տխմարիկն էր մեղք։ Հանկարծ Մավրը տեսավ, թե ինչպես էր նա մահանալու։ Գլուխը հետ գցելով՝ կապտաթթու էր խմելու, իսկ տղամարդը, որը խոստացել էր, որ նրա հետ միասին հեռանալու էր կյանքից, չէր խմելու թույնը։ Նայելու էր մահից առաջ տանջանքների մեջ ջղաձգվող սիրուհուն, զզվանքով ծռմռվելու էր և հեռանար։ Դեռ շատ վաղ էր, որ մահանար, մեկ այլ կին կար նրա կյանքում՝ ավելի երիտասարդ և ավելի գեղեցիկ։
Ասես լսելով անձայն նախազգուշացումը՝ դուստրը սկսեց ճչալով լալ, այնպես որ ճառի ավարտը Մավրը կարգին չլսեց։
Գեներալն առաջինը մի բուռ հող գցեց դագաղի վրա։ «Բըը՜ըռռռ, միայն ոչ որդերի մոտ, – հանգուցյալը լսեց նրա մտքերը։ – Սկզբում դիակիզում, այնուհետև աճյունի մոխիրը քամուն տալ ծովի վրա և adieu»։
Ծերուկ Ֆրիդրիխը միշտ էլ թեթևամիտ է եղել, հաստատակամության պակաս է ունեցել։ Ինչպե՜ս էր պարծենում իր մարտական մականվամբ՝ գլխի չընկնելով, որ բոլորը ծաղրում էին նրան։ Ի՜նչ «Գեներալ» է, մեկ շաբաթ մարտնչեց, իսկ հետո միայն աղվեսի որսի էր գնում, «որպեսզի չկորցներ հեծելազորային հմտությունները»։ Ամուր նյարդեր և երկաթե համբերություն է հարկավոր, պրոլետարիատի՝ ամբողջ աշխարհում հաղթանակելուն սպասելու համար։ Աճյունը ծովի վրա քամուն տալը անթույլատրելի ճոխություն է իսկական մատերալիստի համար։
Բայց չէ՞ որ կար ժամանակ, որ թվում էր, թե շատ քիչ էր մնացել դրան։ Նվազ տարիներին եկան փոխարինելու արգավանդ տարիները։ Բուրժուական գերեզմանատան ամենաողորմելի անկյունում ավելի ու ավելի հաճախ սկսեցին այցելուներ հայտնվել․ սկզբում՝ առանձին-առանձին, հետո՝ ամբողջական պատվիրակություններով։ Դալուկ ծաղկեփնջերը փոխարինվեցին հրաշալի, հյութալի, արյան երանգի ժապավեններով պսակներով, սկսեցին հնչել բազմալեզու ճառեր, այնուհետև տեղի ունեցավ հանդիսավոր տեղափոխությունը Հայգեյթի ամենից պատվավոր թաղամաս՝ պսակավորված հուշարձանի կանգնեցմամբ։ Քարի մեջ Մավրն այնպես էր հավերժացված, ինչպիսին երբեք չէր եղել կենդանի ժամանակ․ հսկա, խստասիրտ, աստվածակերպ։ Ափսոս, որ պարծենկոտ Սփենսերը մատերիալիստ չէր եղել և չէր գոյատևել մինչև այդ փառահեղ օրը, հակառակ դեպքում նախանձից կկրծոտեր իր շիրիմը։
Տասնամյակ առ տասնամյակ Մավրը սնվում էր ինչպես լավագույն ռեստորաններում։ Անձայն, գաղտագողի մոտենում էր միայնակ ուխտավորին կամ խցկվում էր ամբոխի մեջ, առանց շտապելու հոտոտում էր, ընտրում էր ամենից ախորժելի օբյեկտին և խելամտորեն, առանց ագահության վայելում էր։ Լինում էր, որ երբեմն մեկին էր կոնծում, հետո՝ մյուսին, իսկ իբրև աղանդեր թողնում էր մի ինչ-որ սոցիալ-դեմոկրատուհու՝ մշուշոտ հայացքով։ Եվ յուրաքանչյուր վերքի մեջ իր թքից էր մի փոքր թողնում, որպեսզի կծվածը Հայգեյթից տաներ Մեծն Կարլի մի մասնիկը։ Զարմանալի չէ, որ մարքսիզմը տարածվեց ամբողջ աշխարհով։
Սակայն շահ փափագող լասսալականները դավաճանեցին պրոլետարիատի գործին։ Մավրը հասկացել էր դա դեռ այն ժամանակ, երբ կոմունիստական պատվիրակությունների անդամները ձեռք բերեցին գաբարդինից թանկարժեք վերարկուներ և մսալի այտեր աճեցրին։ Նրանց արյան մեջ ավելի ու ավելի պարզ կերպով էր զգացվում ճարպի համը, այնպես որ արդեն դժվար էր դարձել այն տարբերակել ինչ-որ բանկիրի կամ բրոքերի արյունից։

Այնուհետև աղետ տեղի ունեցավ։
Արդեն տասը տարուց ավելի է, ինչ Մավրը կիսաքաղցած է գոյատևում։ Պատվիրակությունները սկսեցին ավելի ու ավելի հազվադեպ գալ, իսկ միայնակ մատերիալիստները վերջնականապես անհետացան․ այդուհետ գալիս էին միայն տեսախցիկներով զբոսաշրջիկները, և նրանցից յուրաքանչյուրը ցանկանում էր նկարվել՝ անպայման պրոլետարիական Մեսիայի քարե մորուքից բռնած։ Վերջին անգամ մի կուշտ կերել էր, երբ այցելության էին եկել կուբացի բարեկամները։ Այնքան քաղցած էր, որ զկրտալու աստիճան կրեոլական, թանձր նեկտար էր խմել, իսկ հետո երկար ժամանակ դոլարի խճճագրեր էր փսխում․ պարզվեց, որ Ազատության կղզու բնակիչների արյունը դեղին սատանու մանրէներով էր վարակված։
Այդ ժամանակվանից անցել է երկու ամիս։ Այս ամբողջ ընթացքում ոչ մի քիչ թե շատ ուտելի մատերիալիստ չի եղել։ Կոմկուսակցության տեղական մասնաճյուղի ակտիվիստները, որոնք ամեն օր կարմիր մեխակներ են բերում շիրիմին, հաշիվ չեն։ Նրանք բոլորը կծոտված են, նրանց երակներով արյան փոխարեն Մավրի թուքն է հոսում։
Ստիպված էր լինում սուռոգատով սնվել, որպեսզի մաշկը չպատվեր դիակային կանաչ փառով, իսկ հոդերը չչորանային։ Բայց դրա պատճառով առաջին հերթին բթանում էր մտածողությունը, իսկ երկրորդ հերթին ճերմակած մազերի արանքներում սկսում էր զզվելի շիկակարմրություն հայտնվել։ Եվս մի քիչ ու կարելի էր գիշերները սկսել ոռնալ լուսնի վրա։
Եվ հանկարծ իսկակա՜ն ռուս։ Ճաղատ, մորուքով, ճիշտ այն մեկի պես, որը հարյուր տարի առաջ եկել էր շիրիմին՝ ալ կարմիր վարդը ձեռքին։ Ա՜խ, ինչպիսի՜ արյուն ուներ։ Չափի մեջ կծու էր, հրապուրիչ դառնությամբ, թեթևակի սառած։ Մավրը համեղացրեց այն իր ֆերմենտներով, և այն եռաց, փրփրեց ու սլացավ զարկերակներով։ «Նադե՜նկա, – բացականչեց ռուսը՝ դիմելով իր՝ դուրս պրծած աչքերով ուղեկցորդուհուն։ – Արի՛ վերադառնանք, համագումարի՜ն։ Ես ցույց կտամ այդ իմպոտենտներին և քաղաքական պո’նիկներին, թե ինչ բան է դիալեկտիկան»։
Քաղցրալից հիշողություններից ոգևորվելով՝ Մավրը թռավ ցանկապատի վրա և սկսեց արագ ու ծանր քայլերով գնալ դրա վրայով՝ պատրաստ ցատկելու միայնակ հետիոտնի թիկունքին։
Անթերի պահ էր․ գերեզմանատան երկու հատվածների պատերի միջև սեղմված նեղ ճանապարհը դատարկ էր․ ո՛չ ավտոմեքենաներ կային, ո՛չ հեծանվորդներ։
Վերջին, ամենախորը շունչը քաշեց ցատկելուց առաջ։
Մեկ վայրկյա՜ն։ Այս ի՞նչ զազրելի հոտ է։
Մավրն արագ-արագ շարժեց լայն քթածակերը։
Անհնա՜ր է։ Խիստ հանդիմանություն, որը 1982 թվականին անցկացվել էր հաշվառման քարտի մեջ։ Անդամավճարների կանոնավոր չվճարո՜ւմ։ Համալսարանում քնում էր մարքսիզմի-լենինիզմի դասախոսությունների ընթացքում։
Ո՞ւմ օգտին է քվեարկել ընտրությունների ժամանակ։
Զզվելի՜ է։
Մանր բուրժուական վիժվածք, չորսապատիկ եղջերավոր ավանակ Վիլիխի կամ ռենեգատ Հերվեգի նման գարշելի լիբերալիստ։
Թո՜ւհ։ Մավրը համարյա փսխում էր, զզվանքով շրջվեց և փակեց քիթը։
Քիչ էր մնում թույն խմեր։
Խեղճը ցնցվեց, սովալլուկ ուշաթափությունը մոտ էր։ Բայց այդ պահին բարեբախտաբար Մավրը ուռենու թփերի տակ սուրոգատ նկատեց։
Վեր սլացավ, ընկավ նիհար շիկամոխրագույն մեջքի վրա և ատամներով կառչեց բրդոտ ծոծրակից։ Գռմռալով և բրդի կտորներ թքելով՝ սկսեց ծծել գազանի մածուցիկ արյունը։ Մռայլ հեգնանքով մտածեց․ «Ափսոս, որ Գեներալն այստեղ չէ, պաշտում էր աղվեսների որս անել»։
Գերեզմանատան՝ ամեն բանի սովոր աղվեսը հնազանդ կանգնած էր, սպասում էր, թե երբ էր վամպիրը հագենալու, միայն վեհերոտ կերպով գլխին էր սեղմում ականջները, որոնք ամբողջովին կրծոտել էին լվերը։

Թարգմանությունը ռուսերենից՝ Էլիզա Ստեփանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *