Միլենա Խաչիկյան | Մեր օրեր


Ժամանակները փոխվել են, մայրի՛կ,
եւ լուսաբացը,
որ կարող էր ոգեշնչման առիթ լինել առաջ,
սովորական մի ծես է դարձել
ամեն օրվա համար,
քանզի արեւը ծագում է ամեն օր
եւ ժամսլաքի պես կանոնավոր
ամեն օր մարում է,
ոչ մի զարմանալի բան,
ոչինչ հոգեհմա։

Ես նայում եմ պատուհանից,
եւ փողոցները փոխվել են, մայրի՛կ,
հատկապես այն մեկը,
ուր մենք սովոր էինք վազել ամեն անգամ,
երբ արված էին բոլոր դասերը,
երբ կանչում էին մեր ընկերները
եւ հարեւան փողոցի ընկերները նաեւ,
եւ երբ վազելն այնտեղ ամենամեծ երջանկությունն էր մեզ համար։

Հիմա ամենամեծ երջանկություններ չկան, մայրի՛կ,
ավելի ճիշտ՝ մենք չենք նկատում դրանք,
չենք խոսում դրանց մասին,
որովհետեւ կան խոսելու հազար ու մի արդի,
հազար ու մի անմիտ թեմաներ՝
քաղաքականության,
թանկարժեք իրերի
եւ այն մասին,
թե ինչպես կարելի է երեք կիլոգրամով նիհարել երեք շաբաթում։

Փողոցներն այդ, մայրի՛կ,
այլեւս կորցրել են մեր հետքերը
եւ չեն մտաբերում նաեւ դեմքերը մեզ հարազատ՝
նրանց,
որ հեռացել են,
նրանց,
որ էլ չկան,
եւ չեն կիսվում մեզ հետ պատմություններով խիստ մարդկային,
որոնց կարիքն այսօր մենք՝ ողջերս, հատկապես ունենք։
Մենք իրար հետ էլ չենք կիսվում արդեն
եւ չենք պատմում,
թե ինչ քնքշորեն այն տղան բռնեց մի օր մեր ձեռքը,
եւ կամ ինչ ցավով մենք ստիպված էինք նրան մերժել։
Մենք ինքներս մեզ հետ էլ չենք կիսվում, մայրի՛կ,
եւ երբ նայում ենք հայելուն,
էլ չենք հարցնում,
թե այդ ո՞ր պահից ինչ-որ բան այնպես չգնաց,
ե՞րբ կորավ հաշտությունը,
եւ ինչպե՞ս թախիծն այս անանուն դարձավ բնական վիճակ։

Հիմա մենք թախծում ենք անընդհատ,
քանզի ուրախ լինելը կարծես դարձել է ամոթ,
իսկ ուրախ թվալով ոչ մեկին արդեն էլ չենք համոզի,
մենք թախծում ենք,
երբ թախծելու առիթ իսկապես եւ կա,
եւ չկա,
երբ շահում ենք
եւ տանուլ տալիս,
երբ հաղթում ենք,
բայց եւ հաղթության դափնու փոխարեն մեր սրտերին փոշի է իջնում։

Փոշիների միջից,
փոշիների,
մայրի՛կ,
որոնցից տունը դու ազատում ես միշտ խնամքով այնքան,
որքան մենք նույնիսկ մեր սրտերի հետ չենք վարվում երբեք,
գրում եմ հիմա քեզ՝
ժամանակները փոխվել են, մայրի՛կ,
եւ վանդակում փակված մեր թռչունը,
որ ազատ չէ ինձնից ավելի,
եւ դժբախտ է անհամեմատ շատ,
ինձ առավել անհոգ է թվում․․․
Ինչո՞ւ է այդպես,
ինչո՞ւ է այդպես,
մայրի՜կ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *