Հերման Հեսսե | Մտորումներ Դոստոեւսկու «Ապուշ»-ի մասին

Դոստոեւսկու «Ապուշը» վեպի իշխան Լեւ Միշկինին հաճախ են համեմատում Հիսուսի հետ: Կարելի է Հիսուսի հետ համեմատել յուրաքանչյուր մարդու, որը, հուզվելով մոգական ճշմարտություններից մեկով, այլեւս չի բաժանում միտքը կյանքից, եւ այդպիսով մեկուսացվում է իր շրջապատում`դառնալով բոլորի թշնամին: Սրանից զատ, Միշկինի եւ Հիսուսի նմանությունն ինձ առանձնապես չի ապշեցնում: Միշկինն ունի մի հատկանիշ, որը նրան նմանեցնում է Հիսուսին. դա նրա երկչոտ պուրիտանականությունն է: Սեքսի եւ ծննդաբերության հանդեպ քողարկված վախը մի հատկանիշ է, որը չպետք է խրտնեցներ Ավետարանի Հիսուսին, եւ որն ակնհայտորեն նրա աշխարհիկ առաքելությունն է: Հիսուսի այնպիսի մակերեսային կերպարում, ինչպիսին Ռենանն է, այդ հատկանիշը չի կարեւորվում: Տարօրինակն այն է, որ որքան ինձ քիչ է դուր գալիս Միշկինի եւ Քրիստոսի հավերժական համեմատությունը, այնքան ենթագիտակցորեն եմ ես տեսնում այդ երկու պատկերները փոխկապակցված: Դրան ես ականատես եղա մի քիչ ուշ, մի փոքրիկ գնացքում: Երբ մտածում էի ապուշի մասին, մի օր հասկացա, որ նրա մասին առաջին միտքն ինձ երկրորդական է թվում: Երբ մտածում եմ նրա մասին, միշտ աչքիս առջեւ նա մի պահ հայտնվում է հանկարծակի առկայծող պատկերով, երկրորդական, աննշան տեսարանում: Նույն կերպ ես ապրում եմ Փրկչով: Եթե որեւէ ասոցիացիա ինձ հիշեցնում է Հիսուսի կերպարը, կամ Հիսուսի անունն է իմ աչքով կամ ականջով ընկնում, ապա առաջին ակնթարթին ես չեմ տեսնում Հիսուսին խաչի վրա կամ անապատում, չեմ ընկալում Հիսուսին` որպես հրաշագործի կամ հարություն առածի, Գեթսեմանիի պարտեզում առանձնացած վերջին բաժակը խմելիս, որտեղ մահվան տառապանքները փոխարինվում են հոգեւոր բարձրագույն վերածննդով, եւ որտեղ երիտասարդները մանկական սփոփանքները փնտրում են մարդկային ջերմության եւ մտերմության մեջ, իսկ ակնթարթային գեղեցիկ խաբեությունն` անհույս մենության մեջ, ինչպես քնած աշակերտները: Այնտեղ միասին պառկում են քնելու բարի Պետրոսը, գեղեցկադեմ Հովհաննեսը, եւ բոլոր այդ մարդկանց Հիսուսը սովոր է նորից ու նորից խաբել իր բարի կամքով ու սիրով, կարծես թե նրանք հասկանում էին իր լեզուն, իր մտքերը կարող էր փոխանցել նրանց, ինչ-որ թերթիռ առաջացնել կամ նրանց հետ գտնել փոխըմբռնում եւ հոգեհարազատություն: Եվ հիմա, այդ անտանելի տանջանքների ժամանակ, նա դիմում է իր ընկերներին, իր եզակի մերձավորներին: Նա այնքան սրտաբաց է, այնքան մարդկային, այնքան լիաթոք է տառապում, որ այժմ կարող է ավելի մերձենալ նրանց, քան երբեւէ եւ կարող է մխիթարության ու սփոփանքի պես մի բան գտնել ամեն հիմար բառի մեջ, ամեն մի ընկերական ժեստում: Սակայն նրանք քնած են եւ խռմփում են: Այդ սարսափելի ակնթարթը դաջվել է իմ հիշողության մեջ դեռեւս վաղ երիտասարդությունից, եւ, ինչպես ասացի, երբ մտածում եմ Հիսուսի մասին, այդ պահի հիշողությունը խաբկանքի պես միտս է գալիս:
Ահա եւ Միշկինի հետ համեմատությունները: Երբ ես մտածում եմ նրա` «Ապուշ »-ի մասին, դա այն պահն է, երբ անմիջապես միտքն առկայծում է, սակայն այն չի թվում էական. դա նաեւ անհավանական թվացող, ամբողջական մեկուսացման, ողբերգական միայնության պահն է: Տեսարանը, որը ես նկարագրում եմ, վերաբերում է իշխանին, որին մի երեկո, Պավլովսկում, Լեբեդեւի տանը, էպիլեպտիկ նոպայից մի քանի օր անց, երբ նա ապաքինվում էր, այցելեց Եպանչիների ողջ ընտանիքը: Հրավիրված երիտասարդ հեղափոխականների եւ նիհիլիստների շրջանում, որտեղ առկա էին գաղտնի լարվածությունն ու հեղձուցիչ մթնոլորտը, նա աչքի էր ընկնում զվարթությամբ եւ նրբագեղությամբ: Ընթերցանության համար շատ տհաճ եւ արգահատելի է այն տեսարանը, երբ շատախոս պատանին`Հիպոլիտը, ենթադրյալ «Պավլիշեւի որդու» , բռնցքամարտիկի եւ մյուսների հետ է հանդիպում, իսկ սարսափած եւ մոլորված երիտասարդներն այնքան ցայտուն եւ բացահայտ են արտահայտում իրենց անօգնական չարությունը` մերկ կանգնելով տաքացած բեմի վրա, որտեղ նրանց խոսքերից յուրաքանչյուրը կրկնակի ցավ է պատճառում քեզ, նախ` բարի Միշկինի վրա դրա ազդեցության պատճառով, այնուհետեւ` այն դաժանության պատճառով, որով նա բացահայտում եւ մերկացնում է իրեն: Այդ տարօրինակ, անմոռանալի, թեեւ ոչ այնքան կարեւոր դրվագը, կարծում եմ, ընդգծված է հենց վեպում: Մի կողմից` նրբագեղ հասարակությունն է, աշխարհիկ մարդիկ, հարուստները, հզորներն ու պահպանողականները, մյուս կողմից`զայրացած, անհողդողդ, ապստամբությունից ոչինչ չհասկացող երիտասարդությունը, որը վարակված է ավանդական, անողոք, վայրի ատելությամբ: Իրենց տեսական ինտելեկտուալիզմի մեջտեղում եւ այդ երկու կողմերի միջեւ կանգնած է անանուն հիմար իշխանը`միայնակ, մեկուսացված, որին երկու կողմից դիտում են քննադատաբար եւ մեծագույն լարվածությամբ: Ինչպե՞ս կհանգուցալուծվի այդ իրավիճակը: Սցենարն ավարտվում է նրանով, որ, չնայած մի քանի թեթեւ սխալներին, որոնք պատահում են Միշկինի հետ, երբ նա հուզված է, նա իրեն պահում է բարի, հեզ, մանկական բնավորությանը համապատասխան, ժպիտով ընդունում է անտանելին, անշահախնդիր պատասխանում անամոթությանը` պատրաստ լինելով ամեն ինչի: Նա իր վրա է վերցնում ցանկացած մեղք, զննում է ինքն իրեն, համոզվում, որ ձախողվում եւ արհամարհվում է ոչ թե այս կամ այն կուսակցության կողմից, ոչ թե տարեցների դեմ պայքարող երիտասարդների կողմից կամ հակառակը, այլ երկուսի կողմից միաժամանակ: Բոլորն երես են թեքում նրանից, քանի որ նա բոլորի ոտքերն է տրորել. մի ակնթարթ հասարակության մեջ տարիքի, մտածողության ծայրահեղ տարբերությունները վերանում են, բոլորը համաձայն են, վրդովված ու զայրացած իրենց շրջապատում մեկից, որը նրանց մեջ միակ ազնվագույնն է:
Ինչո՞վ է պայմանավորված ապուշին փոխելու անհնարինությունն աշխարհում: Ինչո՞ւ ոչ ոք չի հասկանում նրան, ում գրեթե բոլորն ինչ-որ ձեւով սիրում են, ում մեղմությունը համակրելի է, հաճախ` օրինակելի: Ի՞նչն է առանձնացնում նրան` մոգական մարդուն, մյուսից` սովորական մարդուց: Ինչո՞ւ են ճիշտ նրան մերժողները: Ինչո՞ւ պետք է նրանք այդպես վարվեն, արդյոք անսխալակա՞ն են: Ինչո՞ւ նա պետք է իրեն զգա Հիսուսի պես, որին, ի վերջո, ոչ միայն աշխարհը լքեց, այլեւ` իր բոլոր աշակերտներին:
Դրա պատճառն այն է, որ ապուշն այլ կերպ է մտածում, քան`մյուսները: Այնպես չէ, որ նա ավելի քիչ տրամաբանված, ավելի մանկական ասոցիացիաներով է առաջնորդվում, քան` նրանք. դա այդպես չէ: Նրա մտածողությունն ես անվանում եմ «կախարդանք»: Նա` այդ մեղմաբարո ապուշը, հերքում է ողջ կյանքը, բոլորի մեղքերն ու զգացողությունները, այլ աշխարհն ու իրականությունը: Իրականությունը նրա համար բոլորովին այլ բան է: Իրականությունը նրա համար լի էր ստվերներով եւ մութ կողմերով: Ամբողջովին նոր իրականություն տեսնելով եւ պահանջելով` նա դառնում է դրա թշնամին:
Տարբերությունն այն չէ, որ ոմանք գնահատում են իշխանությունն ու փողը, ընտանիքն ու պետությունը եւ նման արժեքները, իսկ նա` ոչ: Այնպես չէ, որ նա ներկայացնում է հոգեւոր ոլորտը, իսկ մյուսները` նյութականը, կամ ինչպես ուզում եք` ձեւակերպեք: Դա նույնը չէ: Նյութականի խնդիրը կա նաեւ ապուշի համար. նա, անշուշտ, գիտակցում է այդ ամենի կարեւորությունը, նույնիսկ եթե դրանց նվազ լրջությամբ է վերաբերում: Նրա ձգտումը, իդեալն ասկետիկ հնդկացին չէ, ակնհայտ իրողությունների աշխարհից հեռու մեռնողը`հօգուտ ինքնաբավ ոգու, որը կարծում է, որ միայն դա՛ է իրականությունը:
Միշկինն, անշուշտ, կկարողանա մյուսների հետ փոխըմբռնման հասնել բնության եւ ոգու` միմյանց վրա ունեցած փոխազդեցությունների, նրանց իրավունքների պաշտպանության հարցում: Միայն թե երկու աշխարհների համաժամանակությունն ու հավասարությունն այլոց համար մտածողություն է, ընկալում, նրա համար` կյանք եւ իրականություն: Սա դեռեւս հասկանալի չէ, փորձենք մի քիչ այլ կերպ ներկայացնել:
Միշկինը մյուսներից տարբերվում է նրանով, որ նա, լինելով «ապուշ» եւ էպիլեպտիկ, միաժամանակ շատ խելացի մարդ է եւ ավելի անմիջական է հաղորդակցվում անգիտակցականին, քան նրանցից յուրաքանչյուրը: Նրա համար բարձրագույն փորձառությունն այն մեծագույն զգայունության եւ խորաթափանցության կես վայրկյանն է, որը նա մի քանի անգամ զգացել է, ամեն ինչին ապրումակցելու, ամեն ինչի համար տառապելու բռնկումը, ինչն ընդունված է աշխարհում: Այնտեղ է նրա էության առանցքը:
Նա մոգական է, նա չի կարդացել եւ ծանոթ չէ առեղծվածային իմաստությանը, չի ուսումնասիրել եւ հիացել դրանով, այլ իրականում ապրել է այն (թեեւ շատ հազվադեպ դեպքերում): Նա ոչ միայն հազվագյուտ եւ կարեւոր մտքեր ու գաղափարներ էր կրում, այլեւ մեկ կամ մի քանի անգամ կանգնեց այն կախարդական սահմանին, որտեղ ամեն ինչ հաստատված է, որտեղ ոչ միայն ամենահեռավոր միտքն է մարմնավորվում, այլեւ ամեն նման մտքի հակառակը:
Սրանով է սարսափ ներշնչում այդ մարդը, որից մյուսներն իրավամբ վախենում են: Սակայն նա բոլորովին մենակ չէ, ամբողջ աշխարհը նրա դեմ չէ: Այնտեղ դեռ կան մի քանի հոգի, շատ կասկածելի եւ վտանգավոր անձինք, որոնք երբեմն նրա նկատմամբ զգայական ընկալում ունեն: Նրանք են`Ռոգոժինը, Նաստասյան: Նրան` այդ անմեղ, նուրբ երեխային, հավանում են հանցագործն ու հիստերիկը: Բայց Աստծո պարգեւ այդ երեխան այնքան էլ նուրբ չէ, որքան թվում է: Նրա անմեղությունն այնքան անվնաս չէ, եւ մարդիկ արդարացիորեն վախենում են նրանից:
Ես արդեն ասացի, որ ապուշը մոտ է այն սահմանին, որտեղ ամեն մտքի հակառակը նույնպես ճիշտ է համարվում: Դա նշանակում է, որ նա զգում է, որ չկա ոչ մի միտք, ոչ մի օրենք, ոչ մի դրոշմ եւ կարգ, որը ճշմարիտ կլինի, բացի մեկ բեւեռից, եւ յուրաքանչյուր բեւեռի համար կա հակաբեւեռ: Բեւեռի ստեղծումը, այն տեսանկյունը, որտեղից դիտարկվում եւ ուղղորդվում է աշխարհը, յուրաքանչյուր կարգի, յուրաքանչյուր մշակույթի յուրաքանչյուր հասարակության եւ բարոյականության նախադրյալն է: Ամեն ոք, որն ընկալում է ոգին եւ բնությունը, բարին եւ չարը համարում փոփոխվող, թեկուզ մի պահ դառնում է բոլոր կարգերի ամենասարսափելի թշնամին: Այնտեղ, որտեղ խախտվում է կարգ ու կանոնը, սկսվում է քաոսը:
Այն մտածողությունը, որը վերադառնում է անգիտակցականին, քաոսին, կործանում է մարդկային ողջ կարգ ու կանոնը:
Մի անգամ «ապուշին» խոսակցության մեջ ասացին, որ նա միայն ասում է ճշմարտությունը, ոչ ավելին, եւ դա միայն խղճահարություն է հարուցում: Դա այդպես է: Ամեն ինչ ճիշտ է, այո՛, ամեն ինչի մասին կարելի է ասել: Աշխարհում կարգ ու կանոն հայտարարելու, նպատակներին հասնելու, օրենքը, մշակույթն ու բարոյականությունը հասարակությանը, կազմակերպություններին հասանելի դարձնելու համար «այո»-ին պետք է հաջորդի «ոչ»-ը, աշխարհը պետք է բաժանել հակադիր բեւեռների` բարու եւ չարի: Ամեն «ոչ»-ի, ամեն արգելքի առաջին դրույթը կարող է լինել միանգամայն կամայական. այն սրբագործվում է, հենց որ վերածվում է օրենքի, հենց որ ունենում է հետեւանքներ, հենց որ դառնում է մտածողության եւ կարգ ու կանոնի նախադրյալ:
Գիտակցության մեջ մարդկային մշակույթի իմաստով բարձրագույն իրականությունը աշխարհի այդ բաժանումն է լույսի եւ խավարի, բարու եւ չարի, թույլատրվածի եւ արգելվածի: Բայց Միշկինի համար բարձրագույն իրականությունը բոլոր կանոնները շրջանցելու, հակադիր բեւեռների համար հավասար գոյություն երաշխավորելու կախարդական փորձն է: Մինչեւ վերջ հղացված «ապուշը» ուղղորդում է ենթագիտակցական մայրական իրավունքը, փոխում մշակույթը: Նա չի խախտում օրենքի դրույթները, պարզապես շրջանցում է դրանք եւ ցույց տալիս, որ հետեւի էջում հակառակն է գրված:
Այդ սարսափազդու գրքի գաղտնիքն այն է, որ կարգ ու կանոնի այդ թշնամին, այդ սարսափելի կործանիչն ի հայտ է գալիս ոչ թե որպես հանցագործ, այլ որպես սիրելի, ամաչկոտ անձնավորություն`լի մանկամտությամբ ու շնորհքով, լի սրտաբացությամբ եւ անձնուրաց բարեհաճությամբ: Դոստոեւսկին այս մարդուն պատկերել է որպես խորը զգացմունքներով հարուստ էպիլեպտիկ հիվանդ: Դոստոեւսկու բոլոր հերոսները հիվանդ են, կասկածելի, ծանրաբեռնված են նորի, սարսափի, անորոշ ապագայի սպասումներով, իսկ քաոսը կանխագուշակողներն են Ռոգոժինը, Նաստասյան, հետագայում` բոլոր չորս Կարամազովները: Բոլորը պատկերված են որպես ռելսերից դուրս ընկած, տարօրինակ, արկածախնդիր կերպարներ, բայց նրանք այնպիսին են, որ մենք նրանց` գծերից դուրս ընկնելու եւ խելագարության հանդեպ սուրբ հարգանքով ենք լցվում, ինչպես ասիացին է կարծում, որ պարտական է խելագարին:
Ուշագրավն ու տարօրինակը, էականն ու ճակատագրականն այն չէ, որ, ինչ-որ տեղ, Ռուսաստանում, հիսունական-վաթսունական թվականներին, մի հանճարեղ էպիլեպտիկ նման վառ երեւակայություն է ունեցել եւ կերտել է նման կերպարներ: Էականն այն է, որ երեք տասնամյակ այս գրքերը ավելի ու ավելի են եվրոպացի երիտասարդներն ընկալում որպես կարեւոր եւ մարգարեական գրքեր: Տարօրինակն այն է, որ մենք Դոստոեւսկու այդ հանցագործներին, հիստերիկներին եւ ապուշներին բոլորովին այլ հայացքով ենք նայում, քան մյուս հանրաճանաչ վեպերի հանցագործ եւ հիմար հերոսներին. նրանց մենք հասկանում եւ սիրում ենք գաղտնախորհուրդ կերպով, քանի որ հոգեհարազատություն ենք գտնում նրանց հետ:
Դա պայմանավորված չէ պատահականություններով, նույնիսկ ավելի քիչ է առնչվում Դոստոեւսկու ստեղծագործության արտաքին եւ գրական ասպեկտներին: Որքան էլ զարմանալի են թվում նրա որոշ հատկանիշներ, պարզապես պետք է մտածել անգիտակցականից` արդեն որպես զարգացած հոգեբանությունից ակնկալիքի մասին: Մենք չենք հիանում նրա բարձրագույն խորաթափանցությամբ եւ հմտության արտահայտությամբ, ոչ էլ դիտարկում ենք որպես անցումային աշխարհի գեղարվեստական դրոշմ: Իսկ այդ ամենը հիմնականում հայտնի եւ ծանոթ է մեզ, թեեւ մենք դրանք համարում ենք մարգարեական, փլուզման եւ քաոսի նախազգուշացում, որին մենք մի քանի տարի ականատես ենք ինչպես Եվրոպայում, այնպես էլ` դրսում: Այնպես չէ, որ այդ բանաստեղծական կերպարների աշխարհն ապագայի տեսլական է իդեալի իմաստով. ոչ ոք դա չի զգա: Ոչ, Միշկինի եւ այս բոլոր կերպարների մեջ մենք մեզ ոչ թե օրինակելի ենք զգում «այդպես պետք է լինես » իմաստով, այլ անհրաժեշտություն` «մենք պետք է անցնենք սրա միջով, սա՛ է մեր ճակատագիրը» իմաստով:
Ապագան անորոշ է, բայց այստեղ ցույց տրված ճանապարհը պարզ է: Իսկ դա նշանակում է հոգեւոր ներդաշնակեցում: Նա առաջնորդում է Միշկինի միջոցով, նա պահանջում է «մոգական » մտածողություն եւ քաոսի ընդունում: Վերադարձ դեպի անկարգությունը, վերադարձ դեպի անգիտակցականը, դեպի անձեւը, դեպի կենդանին, որը կանգնած է դռան հետեւում, վերադարձ դեպի բոլոր սկիզբները: Չպետք է մնալ այնտեղ, չպետք է վերածվել կենդանիների, չպետք է դառնալ նախնադարյան ցեղ, այլ պետք է վերակողմնորոշվել. մենք մեր էության ակունքներում պետք է գտնենք մոռացված բնազդները եւ զարգացման հնարավորությունները, որպեսզի կարողանանք ստեղծել, արժեւորել եւ նորովի բաժանել աշխարհը: Ոչ մի ծրագիր մեզ չի ուսուցանում գտնել այդ ճանապարհը, ոչ մի հեղափոխություն մեզ համար դարպասներ չի բացում այնտեղ: Բոլորը քայլում են մենակ, ամեն մեկն` իր համար: Մեզնից յուրաքանչյուրը կյանքում մեկ ժամ ստիպված է լինելու կանգնել Միշկինյան սահմանին, որտեղ կարող են ավարտվել ակնհայտ ճշմարտությունները եւ սկսվել նորերը: Մեզնից յուրաքանչյուրը կյանքի ինչ-որ պահի պետք է ապրի այնպես, ինչպես Միշկինն ապրեց իր պայծառ վայրկյաններին, ինչպես Դոստոեւսկին ինքն էր ապրում այն րոպեներին, երբ դատապարտված էր մահապատժի, եւ որտեղից նա երեւում էր մարգարեի հայացքով:

Թարգմանությունը գերմաներենից՝ Թագուհի Հակոբյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *