«Իմ առջև կանգնած է ծեր կինը՝ վեհերոտ, հոգատար դեմքով։ Նա ծալել է ձեռքերը, աշխատած-մաշված ձեռքերը՝ փափուկ, կնճռոտված մաշկով, որի վրա կապույտին են տալիս դուրս ցցված երակները, ձեռքեր, որ հանուն ինձ են այդպիսին դարձել։ Առաջ ես դա չեմ նկատել, առաջ ընդհանրապես շատ բաներ չեմ նկատել, քանի դեռ շատ երիտասարդ էի։ Բայց հիմա հասկանում եմ՝ ինչու եմ այս վտիտ, ուժասպառ կնոջ համար աշխարհի բոլոր զինվորներից տարբեր․ես նրա երեխան եմ։
Ես միշտ եմ նրա երեխան եղել, նաև որպես զինվոր։ Պատերազմը նրան վտանգավոր հրեշների մի խումբ է թվացել, որ սպառնագին հետամուտ է եղել իր երեխայի կյանքին։ Բայց նրա մտքով երբեք չի անցել, որ սպառնալիքի տակ գտնվող այդ նույն երեխան նույնքան վտանգավոր հրեշ է եղել այլ մայրերի երեխաների համար»։
Էրիխ Մարիա Ռեմարկ «Վերադարձ»
•
-Տղե՜րք, ես մեռա․․․
D-20 հրանոթի արկը պայթեց անմիջապես իմ կողքին։ Այդ արկը նողկալի սվսվոց է արձակում և ձայնից արդեն հասկանում էինք, որ հենց այդ սարսափազդու արկն է դեպի մեր դիրքերը սլանում։ Այս անգամ չէի սպասի, որ կպայթի հենց մեր կողքին։ Արկը պայթեց ինձ շատ մոտիկ․․․մտածեցի, որ մահանում եմ, վերջ։ Երկու ձեռքով բռնեցի գլուխս և ամբողջ ուժով ոռնացի․
-Տղե՜րք, ես մեռա․․․
Մի պահի ուշքի եկա, զգացի, որ չեմ մահացել, նայեցի կողքերս, երկու ընկերներս էլ մահացել էին՝ նրանց մարմինները բզկտվել էին։ Անհնար է նույնիսկ նայել։ Չէի կարողանում հասկանալ թե ինչ էր կատարվել․․․ իսկ միգուցե պետք չէր հասկանալ․․․նրանք ինձնից հեռու էին, օդային ալիքն էր հարվածել։
Հիմա հաճախ եմ մտածում, ինչո՞ւ գոռացի տղերք, այլ ոչ մա՜մ, չգիտեմ։ Միգուցե միայն տղե՞րքը կարող էին օգնել, կամ մի ուրիշ բան․․․։ Բայց տղերքով միասին էինք․․․ թեպետ զգուշացրել էին, որ իրար շատ մոտ չկանգնենք, բայց կանգնում էինք։ Անիրական հույս էինք փայփայում, որ կողքիդ ընկերը, թեպետ ոչ այնքան ծանոթ, բայց կարող է օգնել քեզ։ Իսկ միգուցե և դու օգնես, չէ որ ամեն ինչ կարող էր պատահել և պատահում էր․․․
Սրբազան է միայն մարդկային կյանքը։
•
Երբ գրում եմ այս նյութը, ինձ համառորեն հետապնդում է այն միտքը, որ շատերը չեն համաձայնվի գրածներիս հետ։ Շատերը կքննադատեն, կլինեն ամենատարբեր արձագանքներ, սակայն․․․ սրբազան է միայն մարդկային կյանքը և այլ կերպ հնարավոր չէ գրել պատերազմի մասին։ Հնարավոր չէ չգրել, որովհետև երբ քաղաքական գործիչները համաձայնության չեն գալիս, ճարճատում են ինքնաձիգներն ու գնդացիրները, երբ ոռնում են հրանոթներն ու արկերը և հողը ցաքուցրիվ է լինում, երիտասարդներն են զոհվում, բայց նրանք համաձա՜յն չէին մահանալ, նրանք պատերազմ չէին ուզում, բայց նրանց տարել էին մարտադաշտ ու ասել, որ դուք հերո՜ս եք, հերոսացեք այդտեղ։
«Պատերազմն այն է, երբ իրար անգամ չճանաչող մարդիկ, հիմնականում երիտասարդները, ոչնչացնում են իրար այն մարդկանց շահի ու օգուտի համար, ովքեր ճանաչում են իրար, սակայն երբեք չեն ոչնչացնում իրար»։ (Պոլ Վալերի, ֆրանսիացի գրող, փիլիսոփա)
•
– Արթնանում եմ, նայում շուրջբոլորս, մենակ եմ, ջոկատը հեռացել է։ Այնքան հոգնած էի, որ ծառի տակ քնած եմ մնացել ու չեմ կարողացել ժամանակին արթնանալ։ Չգիտեմ ինչու չեն արթնացրել, կամ փորձել են ու երբ չեմ արթնացել, արագ հեռացել են։ Չգիտեմ անգամ որտեղ եմ, որ ուղղությամբ գնամ, որ չընկնեմ թշնամու ձեռքը։ Կիսամութ է։ Հանկարծ լացելու անզուսպ ցանկություն զգացի, չեմ կարողանում զսպել ինձ, ես՝ հասուն երիտասարդս․․․արցունքներն ակամա գլորվում են, բայց չեմ սրբում, որովհետև անսովոր թեթևություն եմ զգում լացելուց։ Այդպես լացել եմ մեկ էլ երևի մանկապարտեզում։
Աստիճանաբար հավաքեցի ինձ, որոշեցի անելիքս և ճանապարհ ընկա։ Քայլեցի ամբողջ գիշեր, առանց կանգ առնելու, գիտեմ, որ դրանից է կախված իմ կյանքը։ Հոգնություն չեմ զգում։ Կողմնորոշվում եմ ենթագիտակցությամբ։ Ինձ առաջ է մղում կյանքի ծարավը․․․ ես ապրե՜լ եմ ուզում։ Ինձ տանը սպասում են, ընկերուհի ունեմ, չի դիմանա։ Անցա մեծ դժվարությունների միջով, մինչև հասա մեր դիրքերը։ Ինչպես տեսնում եք, կենդանի եմ մնացել։
Սրբազան է միայն մարդկային կյանքը։
•
Պատերազմում հույզեր չկան, բայց առանց հույզերի հնարավոր չէ գրել պատերազմի մասին։ Որպեսզի գեղեցկացնեն պատերազմը, առասպելներն են մեջտեղ բերում՝ սրբազա՜ն է նա,- ասում են։
Դժվար է, եթե ոչ անհնար գրել պատերազմի մասին, սակայն պատերազմի մասին գրել է պետք։ Բառերը դժվարությամբ են ծնվում գրելիս, թե ինչպես է ոչնչանում սիրո ծնունդը, ում 9 ամիս տառապանքով ու սիրով աշխարհ են բերում, սպասում են նրան, ում ծնունդը հրաշք է․․․ ու նախօրոք են պատրաստում մարտադաշտ ուղարկելու։ Համակարգիչը չի ցանկանում ցնկնել պատերազմի մասին անհրաժեշտ բառերը, որովհետև սրբազան է մարդկային կյանքը։
Պատերազմի մասին ամենաճիշտը զոհվածները կարող են գրել, սակայն նրանք խաղաղ ննջում են։ Հանգիստ թողեք նրանց, ում լռությունն ամենապերճախոսն է։ ․․․Պատերազմի մասին կարող են գրել մասնակիցները, սակայն նրանք կենդանի լինելով մարմնով, մահացել են հոգով։ Նրանք գիտեն մի բան, որ չգիտի ոչ ոք։
Կարող են գրել նրանք, ովքեր հոգով են մասնակցել, հարազատի հետ միասին, սակայն նրանք չեն կարող ճիշտը գրել, կարող են հուզվել ու լացել, բառերն անհետանում են ուղեղում և չեն ծնվում։ Օդը հագեցել է նրանց լուռ աղոթքներից ու անիծքներից, որ մի օր պայթեցնելու է այս աշխարհը։
Բայց պատերազմի մասին գրել է պետք։ Քանի՜ քանիսին եմ խնդրել պատմել պատերազմի ու իրենց հիշողությունների մասին, հրաժարվել են․չեն կարողանում։ Հիշելն անգամ ծանր է նրանց համար։ Մահվան ստվերը խոհուն լռությամբ է ստվերել նրանց ժամանակից շուտ ծերացած դեմքը, ժամանակից շուտ ճերմակած մազերը։
«Բայց միայն մարդկանց սպանելով էլ չեն բավարարվել․ մեր տրամադրության տակ կան բազմաթիվ վկայություններ ու ապացույցներ, որ անգամ ժամանակակից աշխարհում դեռևս շարունակվում են որևէ կրոնի, որևէ տեսակի, որևէ խմբի պատկանողների զանգվածային ոչնչացմանն ուղղված քայլերը։ Կարելի է հանդիպել ժխտողականների, որոնք անգամ անգամ այդ փաստն են մերժում, ինչպես նաև մարդկանց, որոնք փորձում են վիճարկել այս ամենը «փաստերի անբավարարության», «թերիության» փաստարկումներով։ Ավելին՝ բոլորովին էլ փոքրաթիվ չեն նրանք, ովքեր փորձում են «հիմնավորել, «արդարացում գտնել»
(Էնիս Բաթուր, «Հարևանություն», թուրք բանաստեղծ, արձակագիր)
•
-Ուժեղ ռմբակոծություն է, թաքնվելու տեղ համարյա չկա։ Մի փոքրիկ փոս ենք տեսնում, ուր վազում ենք մի քանի հոգով։ Չենք հասցնում, երբ ռումբը պայթում է հենց կողքներիս։ Պառկում եմ ու անշարժանում։ Պայթյունից խլացա ու մի պահ կորցրեցի գիտակցությունս։ Երբ ուշքի եկա, գլուխս զնգում էր, շշմած էի։ Առաջին միտքս այն է որ տեսնեմ, թե ինձնից ինչ է կտրվել կամ թռել մի կողմ, իսկ ավելի ճիշտ՝ թե ինչ է մնացել ինձնից։ Մի քանի վայրկյան ցնցում եմ ու թափահարում ինձ, զգալու մարմինս։ Փառք Աստծո, ոչ մի վիրավորում, միայն՝ կոնտուզիա։ Երեկոյան զանգում եմ տուն․
-Սիրում եմ ձեզ, որ գամ տուն, ձեր բոլորի ոտքերը լվալու եմ, բոլորիդ։
Սա կրկնում եմ մի քանի անգամ, ճշմարտությունը տեղ հասցնելու համար։ Ինքս էլ չէի գիտակցում, ինչ և ինչու եմ ասում։ Միայն գիտեի, որ հրաշքով կենդանի մնալուց հետո սիրում եմ կյանքն ու բոլորին։ Պատերա՞զմը․․․ ինչպես տեսնում եք՝ կենդանի վերադարձա։ Այդքանը գիտեմ։ Միայն երբեմն անզուսպ բարկանում եմ, ինքս էլ չգիտեմ ինչի և ում վրա․․․հավանաբար պատերազմի։
Սրբազան է միայն մարդկային կյանքը։
Ինչո՞ւ պատերազմ։
Ոչ մեկը չի հայտարարում, որ պատերազմ է ցանկանում, ոչ մի պետություն, ոչ մի քաղաքական գործիչ, ոչ էլ նրանց խոսափողները․․․ Բոլորը մեր օրերի սրբերն են, անմեղ նորածին մանուկի նման։ Բայց պատերազմները չեն դադարում․եղել է, կա ու կլինի, որովհետև մեր աշխարհը անհեթեթ բարբաջանքներով է կառավարվում։
Բարդ, եթե ոչ անհնար է հասկանալ պատերազմի տրամաբանությունն ու խորհուրդը։ Պատերազմը օրինականացված բռնությունն է, ուժեղի՝ թույլատրված սպանությունը, կոկիկ հագնված ծաղրածուների շքերթը, անիծված շքանշանների հեղեղը, որպեսզի զգաս մահվան բումերանգի ապտակը քո երեսին։ Նպատակը՝ միգուցե, տարածքներ, հողեր, օգտակար հանածոներ, համաշխարհային իշխանություն, փառք և հպարտություն։ Բայց արդյո՞ք միջոցներն արդարացնում են նպատակները՝ մանկասպանություն, երիտասարդների, հասուն տղամարդկանց սպանություն, այրի կանայք, որբ, կերակրողին կորցրած ու անհույս լացող երեխաներ։
Երիցս ճիշտ էր նոբելյան մրցանակակիր, գրող Սվետլանա Ալեքսիեվիչը, երբ գրում էր․ «Պատերազմը կնոջ դեմք չունի»․․․ իր ողջ նողկալիությամբ հանդերձ պատերազմը հմայում է ․․․տղամարդկանց․․․ Երբ հիանում էին գիտության ու տեխնոլոգիաների հրաշքներով, երբ թվում էր թե մոտ է մարդկության երազած պայծառ ու խաղաղ ապագան՝ մայրերի երազանքը, բայց տղամարդիկ․․․Վեց հազար տարին բավական չեղավ հասկանալու համար որ «պատերազմը կնոջ դեմք» չունի։ Մտածում էին, որ պատերազմ հնարավոր է միայն անկիրթ հասարակություններում, նետ ու աղեղով, սրով, դանակով։ Բայց մարդկության արշալույսն ավելի բիրտ չէր, քան մայրամուտը։ Հիմա՝ արշալույսին, երբ ավելացել են պատերազմներն ու զոհերը, երբ «քաղաքակիրթ» հասարակությունում զոհերը հազարներով ու հարյուր հազարներով են հաշվում։ Ժամանակակից զենքերը հարյուրներով ու հազարներով են ոչնչացնում, առանց տեսնելու զոհի երեսը․սեղմիր սարքի կոճակը ու խնդրե՜մ, հասցրու միայն հաշվել։ Զոհվածները դառնում են վիճակագրական անխոս թվեր։
•
Պատերազմները պատճառ չունեն, որովհետև մղվում են մարդկային մտքերում ու սրտում, նախքան կիջնեն իրական մարտադաշտ։ Իսկ գերթանկ, կլայեկած հագուստներով պարոնները չեն զոհվում, նրանց զավակները չեն զոհվում, նրանք չեն զգում այրվող մսի ճենճերահոտը և մահվան հովտում ննջող տղայի ճիչը։ Զոհվում են ուրիշների ապահովության, հարստության, պիղծ հպարտության ու փառքի համար մարտնչողները։ Պատերազմներ հանուն արդարության, հանուն ժողովրդավարության, հանուն և հանուն․․․ Պատերազմի մասին հարցրեք քաղաքական գործիչներին ու նրանք կպատասխանեն ամեն ինչ «ճիշտ» ու իր ժամանակին, հստակ բառերի սարսափեցնող ուրվականներով ու ճղճիմ, անտրամաբանական ելույթներով՝ չպարտավորեցնող ու անպատասխանատու բառերի հեղեղով։ Նրանք գիտե՜ն ամեն ինչ։
Բայց ավելի արժեքավոր է մարդկային կյանքը։
•
-Զգացի ինչպես արկը հարվածեց զինվորական մեքենային։ Մեքենան ուժգին ցնցվեց ու թեքվելով ընկավ ձորը։ Գլորվեցինք երկար․․․ուշքի եկա ու նայում եմ շուրջբոլորս։ Միայն դիակներ են, ոչ մեկը կենդանի չի մնացել, միայն ես եմ․․․փորձեցի շարժվել։ Աջ ոտքս չեմ զգում։ Փորձեցի բարձրանալ, ոտքս քարշ է գալիս։ Հարկավոր է բարձրանալ, դուրս գալ ձորից։ Ոտքս քարշ տալով հազիվհազ սողում եմ, ծարավից բերանս չորացել է։ Սողացի ամբողջ գիշեր, մինչև դուրս եկա ձորից։
Այլևս չեմ կարող առաջ գնալ։ Ծանոթ խոտաբույսեր եմ տեսնում գետնի վրա։ Ծամում եմ, հյութը կուլ եմ տալիս, իսկ խյուսը թքում եմ, այդպես մի քանի անգամ անելուց հետո ծարավս թույլ հագեցրի։ Հարկավոր է բարձրանալ, գնալ ու գնա՜լ, ապրելու համար։
Վիրավոր ոտքս չեմ զգում, սողալով քարշ եմ գալիս ամբողջ գիշեր ու գնում առաջ, դեպի ինքս էլ չգիտեմ թե ուր, մինչև հայտնվեցի թշնամական դիրքում․․․ ինձ գերի վերցրին։ Հարցաքննություն, երկար տառապանքներ, ծեծ, բռնություն, քաղց․․․ ինչպես տեսնում եք, կենդանի եմ մնացել։ Գերիների առաջին խմբի հետ ինձ Հայաստան ուղարկեցին։
Սրբազան է միայն մարդկային կյանքը։
Պատերազմ է… անհեթեթեթության հաղթարշավ, հավիտենական անեծք, կայենական բարդույթ: Պատերազմն օրհնում ու սրբացնում են, նրա առաջ մոմ են վառում: Հետո նրան հայհոյում են, բայց նրա հետ հաշվի են նստում: Պատերա՞զմը… ուժեղները թուլանում են, թույլերն` ուժեղանում, կանայք բռունցքներն են սեղմում, տղամարդիկ` լացում: Իսկ զինվորները պատին են սեղմվում ու վախեցած սպասում… Պատերազմներն ավարտ չունեն այնքան ժամանակ, քանի դեռ ուժեղները գռմռում են թույլերի վրա, քանի դեռ փախցնում են երկիր մոլորակի վերջին յուղոտ պատառները։ Ապա կանգնում են լուռ մահարձանների առաջ ու խոնարհում կեղծավոր գլուխները․․․
«Եվ հանկարծ նա ամեն ինչ հասկանում է։ Այս խաչերի առջև փլուզվում են մեծ–մեծ բառերի ու հասկացությունների ամբողջական շենքերը։ Միայն այստեղ է պատերազմը, այլևս ոչ ողջ մնացածների ուղեղներում և հիշողություններում։ Այստեղ են կորցրած տարիները, որոնք այլևս չեն լրացվի, ինչպես ուրվականային մշուշը` խրամատների վրա, այստեղ է գոռում չապրված կյանքը, այստեղ են հորդում ուժն ու կամքը երիտասարդության, որ մեռավ` նախքան կկարողանար ապրել սկսել` որպես մի չլսված ողբ գիշերվա մեջ»։ (Է. Մ. Ռեմարկ «Վերադարձ»):
•
-Մեր ջոկատը բաց դաշտում է։ Փորձում ենք թաքստոց, ծածկ գտնել, երբ հանկարծ նողկալի բզզոցով դեպի մեզ են գալիս անօդաչու թռչող սարքերը։ Անգամ չգիտենք, դրանք ինչ են․․․ մենք մտածում էինք, որ միշտ հարկավոր է խմբով լինել։ Բայց հիմա բնազդաբար հասկանում ենք, որ հարկավոր է ցրվել։ Մինչև ցրվում ենք, պայթյունները հաջորդում են մեկը մյուսին։ Ռումբերից մեը պայթում է անմիջապես կողքից և ես վիրավորվում եմ։ Վայր եմ ընկնում, տասնյակ բեկորներ խոցել են ոտքերս․․․չեմ կարողանում ոտքի կանգնել։ Ով ողջ է մնացել և կարողանում է վազել, փախչում են տարբեր կողերի վրա։ Եթե այսպես մնացի՝ անխուսափելի մահ է և հուսահատ բղավում եմ․
-Տղե՜րք, օգնեք, խնդրում եմ, չեմ կարող ոտքի կանգնել։
Երկու հոգի ինձ են մոտենում, ոտքի են կանգնեցնում և ընկնելով թևերս, ինձ քարշ են տալիս։ Հազիվ փրկվում ենք և ինձ ուղարկում են հոսպիտալ։ Մինչև այսօր ոտքերիս մեջ և մեջքիս բեկորներ կան, ցավում է։
Սրբազան է միայն մարդկային կյանքը։
Ինչո՞ւ երիտասարդները։
«Եվ ինձ վիճակվեց իմանալ, որ մահացու վտանգի ընդունումն ու մահվան ընդունումը էապես տարբեր բաներ են։ Եվ ես ճանաչել եմ երիտասարդների, որ մարտահրավեր էին նետում մահվանը։ Եվ նրանց ծափահարելու համար կանայք էին լինում սովորաբար։ Դու վերադառնում ես պատերազմից, և քեզ դուր է գալիս այն երգը, որ կնոջ աչքերն են երգում քեզ համար։ Եվ դու ընդունում ես սրի փորձությունը, որով քո առնականությունն ես դնում խաղասեղանին, որովհետև դա միակ բանն է, որ դու տալիս ես ու որից կարող ես զրկվել»
(Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Միջնաբերդ):
•
Պատերազմի պարադոքսը։
Պատերազմն անտրամաբանական է ու կայենական բարդույթ։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես են արդարն ու անարդարը ոչնչացնում իրար, ու վերջում միասին դառնում անարդար։ Պատերազմը հրեշներ է ծնում։ Բանակը կայենական բարդույթ է, անուրախ երգ է, սպասում, աղոթք ու անեծք աշխարհի «ուժեղներին», մայրության կանչվածության անէացում։ Պատերազմում պատասխաններ նույնպես չկան երբեք։
•
«Պատմությունը լի է մարդկանց սպանած հասարակությունների, հանրույթների նկարագրություններով։ Հասարակություները, որ ոչ մի դժվարություն չեն զգում «օտարին» մեջտեղից վերացնելու պատրվակ գտնելու համար, չեն էլ նկատում, որ ոչնչացնելով նրան, ում «ճիշտ և ճիշտ իրենց նման» չեն համարում, միաժամանակ ոչնչացնում են նաև յուրայիններին։ «Օտարն» ու «յուրայինը» խառնվում են իրար, միմյանցից տարբերակել չեն կարողանում»։
(Էնիս Բաթուր, «Հարևանություն», թուրք բանաստեղծ, արձակագիր)
•
-Տղե՜րք, մեռա, օգնեցե՜ք․․․
Արագ վազում ենք դեպի դեպի գետնատարած ընկած զինվորը։ Առաջինը ես եմ տեղ հասնում․․․ ինձնից հետո մյուսներն են հասնում․․․անհնար է անգամ նայել անդամահատված զինվորին։ Դեռ կենդանի է, մարմնամասերը չկան․․․միայն աղերսանքով մեզ է նայում։ Թուլություն եմ զգում, չորացած շրթունքներս ինքնաբերաբար արտաբերում են․
-Վա՜խ, հորս արև․․․
Արագ ետ եմ գալիս։ Ես դեռևս չգիտեի, թե ինչ է պատերազմը։ Այդ օրը հասկացա ու մահացա։
Սպայի պատմածից։
•
«Ամենուր դու ես – արևն ալ, վառ է:
Պատերազմ, պատերազմ` ինչ ծանր բառ ես…
Այս բառը կարծես չունի արյան բիծ,
Բայց ի՜նչ արնագույն լույս է թափանցում
Մութ պատուհանից…»։ (Թարգմանություն ռուսերենից, Մարիա Պետրովիխ)
«Երկաթե այդ բազմատոննայանոց հրեշը ծարավի էր արյան. նա մահվան բանբերն է, հիշողության վախճանը, որ խառնվես հողին ու քարին, քեզնից մնա հիստերիկ ողբն ու լացը, անմարդկային ոռնոցը, սիրտ մաշող երաժշտության անհուսությունն ու միակ զինվորի անհայտ գերեզմանը… «Պատերա՞զմը… բաղեղված գերեզմաններն ու տրորտակ եղած, ցեխոտված ծաղիկները, մերկ, անշունչ մահարձանի` գիտակցություն լլկող լռությունը, անպատասխան սերը… Պատերազմն անհեթեթության ու անմտության հաղթարշավն է, երիտասարդի աղեկեզ ու չձևավորված մահասարսուռ ճիչը, մահվան անժամանակ գրկախառնությունն ու անգիտակից լավատեսությունը, անհեթեթ զառանցանքներն ու նրանց հավատացողների անմիտ հայացքները և ահաբեկված, ռումբերից բզկտված մանուկների մահախորհուրդ, աղեկտուր լացը»։
(«Հարվածը», Հովիկ Մխիթարյան)
•
Մարդու մասին։
Երբ ոռնում են հրանոթները, լռում են մարդու մասին բարոյական ճամարտակությունները։ Երբ ճարճատում են ինքնաձիգները, մարում են մարդու մասին, դարերի խորքերից եկող լավատեսական բառակույտերը։ Երբ սլանում են ռումբերը և հնչում են մանկան աղեխարշ ճիչերը, աշխարհը քարանում է վեհ գաղափարների գարշանք արտաթորանքի կույտերի առաջ։ Երբ օդում մահ են տարածում գիտության ցնկնած ԱԹՍ-ները, բազկատարած երկիրն է գրկում մահու չափ սարսափած պատանին, մահասարսուռ լռության մեջ պապանձվում են լավի ու բարու մասին բոլոր անհեթեթությունները։
«Մարդը սեփական տեսակը ոչնչացնող, դրանից հաճույք ստացող, հանուն իշխանության ոչնչացնելը թույլատրելի համարող, տաքարյուն, կաթնասուն, ողնաշարավոր, սեռական ճանապարհով բազմացող, ձեռքի օգտագործմամբ արհեստներ զարգացնող, բարձր բանական գործառույթներով օժտված արարած է։ Իր բոլոր կարողությունները զանգվածային կոտորածեր կազմակերպելու համար կիրառող տեսակ է»։
(Բիրսեն Ֆերահլը, կին գրող, «Մի երջանիկ» օր»)
Պատերազմը սրբազան չէ, սրբազան է միայն մարդկային կյանքը․․․
