Վիլյամ Բարոուզ | Շնորհատվության օրվա աղթոքը

Ջոն Դիլինջըրին` հույսով,
որ նա տակավին ողջ է
Շնորհատվության օր,
նոյեմբերի 28, 1986թ.:

Շնորհակալություն վայրի
հնդկահավին ու թափառող
աղավնիներին` դատապարտված
արտաթորվելու ամերիկյան
առողջ աղիների միջով:

Շնորհակալություն մայրցամաքին`
թալանի ու թույնի համար:

Շնորհակալություն հնդկացիներին` չնչին մարտահրավերի ու վտանգի համար:

Շնորհակալություն բիզոնների ահռելի նախիրներին` մորթազերծվելու ու արևի տակ նեխվելու համար:

Շնորհակալություն գայլերի ու չախկալների առատության համար:

Շնորհակալություն ամերիկյան երազանքին` ամեն ինչ գռեհկացնելու ու կեղծելու համար մինչև որ սուտն սկսում է շողալ:

Շնորհակալություն ԿԿԿ-ին:

Սևամորթ սպանող ու հաշիվը պահող օրինապահներին: Առաքինի հավատացյալ կանանց` չարագույժ, գունատ,
ջղային ու հոռի դեմքերի համար:

Շնորհակալություն «Հոմո սպանիր հանուն Հիսուսի» պիտակների համար:

Շնորհակալություն փորձարարական ՁԻԱՀ-ի համար:

Շնորհակալություն Արգելանքի ու հակադեղորայքային պատերազմի համար:

Շնորհակալություն մի երկրի համար, որտեղ ոչ մեկին թույլ տրված չէ իր գործին կենալ:

Շնորհակալություն` ծախողների ազգի համար:

Այո, շնորհակալություն բոլոր հուշերի համար… տեսնե՛մ ձեռքերդ:

Դուք միշտ գլխացավանք եք եղել, ահավոր ձանձիր:

Շնորհակալություն մարդուս վերջին ու մեծագույն երազանքների վերջին ու մեծագույն դավաճանության համար:

Թարգմանությունը անգլերենից` Սամվել Մկրչտչյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *