Մհեր Արշակյան | Սիրո մասին

Սիրո մասին ես կարող էի գրել ամեն ինչ…
Բայց ինչպե՞ս դրանից հետո քեզ թույլ տալ ապրել մնացածը, որ դեռ չեմ գրել:
Սիրո մասին գրելը հեշտ է:
Նույնիսկ ամաչում ես վերջակետին չհասած:
Նախորդ վերջակետերի աղմուկը նույնիսկ ուրիշի սիրո մեջ ես լսում:
Ու հիմա ես վախենում եմ ոչ թե գրել, ես վախենում եմ շարունակել սերը:
Որովհետև ես դեռ չեմ լռեցրել նախորդ վերջակետերը, որոնք պաշարել են ինձ:
Ես վախենում եմ, որովհետև ոչ մի վերջակետ միայն իմ մասին չէ, միայն քո մասին չէ, միայն նրա մասին չէ, որն ուրիշինն է. բոլոր վերջակետերը դրվում են, ինչպես գիրքն է փակվում, ասենք, «Վարպետը և Մարգարիտան»:
Մարդիկ կան, որոնք փակվում են գրքի մեջ, կան մարդիկ, որոնք փակվում են գրքի հետ, բայց իմ գրքերն սկսվում են դրանք փակելուց հետո:
Ահա ինչու ես սերը միշտ տեսել եմ թիկունքից` երբ շրջվել, հեռացել է:
Միայն դրանից հետո է այն կարդացվել:
Որովհետև, սիրելիս, քանի հոգի էլ մեզ սիրի, սերը տնավորվում է նրա մոտ, ով հենց նոր լքեց մեզ…
Ես միշտ եմ վախեցել սիրել, և քեզ էլ մոտեցա երկչոտ, սիրտս փակի տակ պահած:
Կորցրած սերը մեզ «սովորեցնում» է վախենալ այն ամենից, ինչը մենք սիրել ենք նրա հետ:
Բոլոր սերերն են մեզ տապալում, բայց լինում է մեկը, որից հետո ուշքի չենք գալիս:
Հենց նրա քայլերի ձայներն են այս տողերը…
Ես վախենում եմ վերջակետ դնել, հասկանու՞մ ես, բայց ես ավելի շատ վախենում եմ այն բառերից, որոնք մնալու են քեզնից հետո:
Սիրուց մի քայլ հեռու բառերը նույնիսկ զզվելի են…
Ու հիմա առաջին անգամ ես գրում եմ ոչ քեզ:
Եվ աղոթում եմ, որ Աստված ինձ հեռու պահի անհնարինից` գրել քո մասին:
Որովհետև ես վախենում եմ գրել ամեն ինչ:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *