Ստանիսլավ Եժի Լեց | Ասույթներ


Ե՞րբ մարդը կհաղթահարի միջմարդկային տարածությունը։

Ամեն դար ունի իր միջնադարը։

Կանիբալները նախընտրում են նրանց, ովքեր ոսկոր չունեն։

Նա, ով վերապրել է ողբերգությունը, չի եղել դրա հերոսը։

Ինչպե՞ս պետք է ինձ պահեմ, հարցնում էր ծանոթներիցս մեկը, երբ իմ տանը հայտնաբերեմ կնոջս ընկերոջը օտար կնոջ հետ անկողնում։

Ոմանք պետք է երկրորդ անգամ ապրեն որպես պարգև, ոմանք էլ՝ որպես պատիժ։

Եթե ողնաշար չունես, ապա կաշվիցդ դուրս մի արի։

Նա, ով վախով է սնվում, տպավորությունների քաղց չի զգա։

Ե՞րբ է ծնվում հոռետեսությունը։ Երբ հանդիպում են երկու տարբեր լավատեսություն։

Աքլորը կանչում է նաև այն առավոտ, երբ իրենից արգանակ պիտի պատրաստեն։

Երբ ուտում ես մեկի ձեռքից, մատներին մի նայիր։

Նա, ով հնազանդվում է լեզվին, հաճախ լռում է։

Ինչպե՞ս իրենց կզգան լուսնոտները լուսնի վրա։

Տրոյական ձիերն ինչ-որ մի տեղ ունեն իրենց ասպետները:

Մահախոսականի ավարտ․ չի մահացել, փոխել է կենսակերպը։

Ձիերի ու սիրահարների համար խոտի դեզն այլ կերպ է բուրում։

Ո՞րն է մարդու առաքելություն։ Մարդ լինել։

Պետության սահմանադրությունը պիտի լինի այնպիսին, որ չխախտի քաղաքացու սահմանադրությունը։

Օգտվեք թռչնագետների փորձից։ Որպեսզի գրողները կարողանան տարածել իրենց թևերը, նրանք պետք է փետուրներից օգտվելու ազատություն ունենան։

«Թագավորը մերկ է», բայց շքեղ զգեստների տակ։

Նա, ով լավ հիշողություն ունի, հեշտությամբ կմոռանա շատ բաների մասին։

Ով թիկունք ունի, նրան բազկաթոռ էլ կտան։

Ինչպե՞ս մարզել հիշողությունը, որ մոռանալ կարողանաս։

Նա, ով ազդում է ալիքների վրա, կարող է թաքցնել, որ իր տաբատը թաց է։

Թշնամու գերեզմանին դրված ծաղիկներից արբեցնող հոտ է գալիս։

Օրենքի տառը պետք է ներառվի այբուբենի մեջ։

Փաստերի տրամաբանությո՞ւն։ Դա արվեստ չէ։ Հույսի՜ տրամաբանություն։

Մարդակերը չի արհամարհում մարդուն։

Ոսկե սրտի տեր մարդի՛կ, ծախեք դրանք թանկով։

Նկատել եմ՝ մարդիկ սիրում են մտքեր, որոնք չեն ստիպում մտածել։

Թարգմանությունը լեհերենից՝ Տաթև Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *