Շողեր Պետրոսյան | Վերջին քաղաքը

Լռություն էր…

Նա նայում էր առաստաղին, որը դրսում ընթացող մեքենաների լույսերից վերածվել էր կտավի: Լույսերը շոյում էին մերթ մերկ ու սառը առաստաղը, մերթ վազում էին նրա փոքր ճակատի վրայից դեպի խոշոր աչքերն ու տաք շուրթերը, հետո կորում էին…

Ուշ էր….

Նրա սենյակում լսվում էր մեծ քաղաքի լռությունը:
Նա վեր կացավ տեղից: Մոտեցավ պատուհանին ու սկսեց դուրս նայել: Առջևում անվերջությունն էր: Գլուխը մոտեցրեց ապակուն: Նրա շնչառությունից պատուհանի վրա սկսեց տաք գոլորշի հայտնվել: Նա մտածում էր, որ գրականությունը վաղուց հանգուցյալ է դարձել: Նա փորձում էր բառեր հորինել, բայց բոլոր բառերը վաղուց մահացել էին հին գրողների շուրթերին: Ու հասկացավ, թե որքան հին է ինքը:

Ի սկզբանե բանն էր…

Բայց բանը հիմա չկար: Ուրեմն նա ապրում էր այն ժամանակում, որը բանից էր առաջ էր: Կամ ապրում էր, երբ բանը դարձել էր անցյալ: Գոլորշին ծածկեց պատուհանի ողջ մակերեսը: Նա հետ քաշվեց ապակուց: Իր շնչած պատնեշը հեռացրեց նրան քաղաքից: Ու մտածեց, թե իր պես քա՞նիսն են հիմա իրենց պատուհաններից նայում վերջին քաղաքին:

Ամենաբարձր պատուհանը…

Վերջին քաղաքի վերջին բարձր երկնաքերում կար մեկը, ով ոչինչ այլևս չէր փնտրում. Նա գտել էր ինքն իրեն: Ներքևում նրան ինչ-որ մեկը կատարելութուն էր անվանում, մյուսը նիրվանա, մեկ ուրիշը՝ գերմարդ: Անվանակոչությունը նրան խորթ էր նույքան, որքան խորթ էր նեքևի վերջին քաղաքը:

Վերջին քաղաքի առաջին բնակիչը…
Նա վաղուց էր վստահ, որ այլևս ոչինչ չի փոխվի: Նա տեսել էր բազմաթիվ զորքեր ու զենքեր ու վար էր դրել իր բոլոր հույսերը: Սառը քամին շոյում էր նրա ճակատը, խաղում խիտ ու սպիտակ մազերի հետ: Իսկ նա նայում էր ալիքներին, որոնց մեջ ապրում էր իր անցյալը:
Նրա ներկան հյուսված անցյալի թելերով: Առաջին բնակիչը կորցրել էր իր ապագան: Ալիքները դարձյալ անփոփոխ ծփում էին:

Կար ժամանակ, երբ առաջին բնակիչը հավատում էր ինքն իրեն…
Կար ժամանակ, երբ առաջին բնակիչը հավատում էր բարձրյալին…
Կար ժամանակ, երբ առաջին բնակիչը ոչնչի չէր հավատում…
Այժմ նա մոռացել էր, թե ի՞նչ է հավատը…

Վերջին քաղաքի հոգևոր տունը

Դարամյա փոշին այսօր էլ փոքր-ինչ ավելացավ: Արվեստագետի ուրվականը, ում հոգին նորարարության ծարավ էր, վերջնականապես խելագարվեց: Նա հոգնել էր Ոդիսևսի շարունակ դեգերումներից, ազատություն ձեռք բերած Ճանճերից, կտավից հնչող Ճիչ-ից և.. Եվ սկսեց փնտրել Հադեսին ու անիծեց այն օրը, երբ մարդը թևեր ստացավ երևակայության շնորհիվ ու կարողացավ արարել…

***
Նորից լռություն էր…

Նա առաստաղին չէր նայում: Դռան մոտ կանգնած էր: Ձեռքը դանդաղ մոտեցրեց բռնակին, նորից հետ քաշեց: Երկմտում էր՝ մնալ, թե՞ գնալ քաղաք, որը կամ սպանում, կամ ապրեցնում էր… Օդում տարածվում էր սպասման տագնապը, երբ
լռությունը խախտեց դռան ուժգին շրխկոցը:

Բաց պատուհանը

Նա դանդաղ քայլում էր վերջին քաղաքի փողոցներով: Այն ասես լքված զառամյալ կին լիներ, ում փողոցները նման էին անցած տարիների կնճիռներին, իսկ լքված շենքերն ասես մատնեին նրա իմաստության մասին: Քայլելիս նա զգում էր այդ զառամյալ կնոջ կյանքի ծանրությունը: Նրան թվում էր, թե բաց պատուհանի մոտ կանգնած կինը հետևում է, թե ինչպես է նա ողջ հետաքրքրությամբ մոտիկից զննում իր ամեն միլիմետրը:

Նա փոքր-ինչ հիասթափված էր: Այն քաղաքը, որը նա ամեն օր տեսնում էր պատուհանից՝ իր լույսերով, լռությամբ, ավելի իրական էր, քան հիմա: Բարձրությունը մի հեռավորություն էր ստեղծել, որը միշտ էլ թույլ էր տվել նրան երևակայել այն, ինչը չէր երևում: Այժմ նրան ամեն բան կեղծ էր թվում, թե’ մեքենաների լույսերը, որոնք նրա սենյակ էին թափանցում, թե’ վերջին բարձր երկնաքերը, թե’ այն լռությունը, որն ուներ վերջին քաղաքը: Նա հասկացավ, որ այս քաղաքը ոչ ոքի երբեք չի պատկանել ու չի էլ պատկանում:
Քաղաքում նա գտավ միլիոնավոր բառեր, որոնք անփութորեն շաղ էին տված փողոցների կեղտոտ մայթերին: Այս քաղաքում բոլորն արտահայտում էին միանման մտքեր՝ միայն տարբեր բառերով: Ոմանք խոսում էին վերջին ծխախոտի ու բաժանման մասին, ոմանք բարության վերջին հատիկներն էին գովերքում, ոմանք չունևորի պես շարունակ մյուսների բառերն էին հագնում, իսկ ոմանք էլ՝ պարզապես լռում էին…
Նա մտավ վերջին քաղաքի հյուրատներից մեկը: Իրեն բաժին հասավ մի փոքրիկ սենյակ, մի փոքրիկ պատուհանով, որի վրա ինչ-որ մեկը աստղազարդ երկինք էր նկարել:

Մի օր նա կախման կետեր նկարեց թղթին…
Հաջորդ օրը ոչինչ չգրեց:
Հետո վերջակետ դրեց ու նորից սկսեց նոր տողից:
Վերջին քաղաքը կարողանում էր խճճել յուրաքանչյուրին: Վերջին քաղաքը մի բաց պատուհան էր, որից նայողը կորցնում էր իր դիմագիծը…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *