Վիսլավա Շիմբորսկա | Հնարավորություններ

Նախընտրում եմ ֆիլմեր,
Նախընտրում եմ կատուներին,
Նախընտրում եմ կաղնիները Վարտայի ափին
Գերադասում եմ Դիքենսին Դոստոևսկուց,
Գերադասում եմ ինքս ինձ, որ սիրում է մարդկանց
ինձնից, որ սիրահարված է մարդկությանը,
Նախընտրում եմ մոտս թել ու ասեղ ունենալ բոլոր դեպքերում,
Նախընտրում եմ կանաչ գույնը,
Նախընտրում եմ չվիճել,
որ բանականությունն է մեղավոր ամեն ինչում։
Նախընտրում եմ բացառություններ,
Նախընտրում եմ հեռանալ ավելի վաղ,
Նախընտրում եմ զրուցել բժիշկների հետ մի այլ բանի մասին,
Նախընտրում եմ հին մատիտանկարները,
Գերադասում եմ բանաստեղծություններ գրելու ծաղրը
դրանք չգրելու ծաղրից,
Նախընտրում եմ սիրո մեջ պատահական հոբելյանները,
որ կարող են նշվել ամեն օր,
Նախընտրում եմ բարոյախոսներին,
որոնք ինձ ոչինչ չեն խոստանում,
Գերադասում եմ խորամանկ բարությունը չափազանց դյուրահավատությունից,
Նախընտրում եմ հողը, ուր մարդիկ համազգեստ չեն կրում,
Գերադասում եմ նվաճված երկրները նվաճողներից,
Նախընտրում եմ վերապահումներ անել,
Գերադասում եմ քաոսի դժոխքը կարգուկանոնի դժոխքից,
Գերադասում եմ Գրիմ եղբայրների հեքիաթները թերթերի առաջին էջերից,
Գերադասում եմ տերևներն առանց ծաղիկների, քան ծաղիկներն առանց տերևների,
Նախընտրում եմ չկտրված պոչերով շներին,
Նախընտրում եմ բաց գույնի աչքեր, քանի որ աչքերն իմ մուգ են։
Նախընտրում եմ գրադարակներ,
Գերադասում եմ շատ բաներ, որ այստեղ չեմ հիշատակում
շատ այլ բաներից, որ կրկին չեմ հիշատակել,
Գերադասում եմ զրոներն ազատ,
քան նրանց, որ հետևում են թվերին,
Գերադասում եմ միջատների ժամանակը աստղերի ժամանակից,
Նախընտրում եմ թխկթխկացնել փայտին,
Նախընտրում եմ չհարցնել դեռ ինչքան կա ու երբ,
Նախընտրում եմ հաշվի առնել անգամ հնարավորությունն այն,
որ գոյն ունի իր սեփական ճշմարտությունը։

Թարգմանությունը լեհերենից՝ Տաթև Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *