ԼԸ ՔԼԵԶԻՈՅԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ԽՈՍՔԸ
2008 թ. ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Ինչո՞ւ են գրում: Յուրաքանչյուր ոք ունի այս պարզ հարցի իր պատասխանը: Կան պայմաններ, տվյալներ, միջավայր ու հանգամանքներ: Անկարողությունը՝ նույնպես առկա է: Քանզի, երբ գրում են, ասել է թե՝ չեն գործում: Նշանակում է՝ կան դժվարություններ իրական կյանքում, ու նրանք ստիպված են ընտրելու մի այլ ճանապարհ՝ արձագանքելու,հաղորդակցվելու, մի պահ՝ դադար տալու ու մտածելու:
Երբ հիմա նայում եմ, թե ինչն ինձ ստիպեց գրել (հաճոյանալու համար չեմ ասում, այլ՝ որպեսզի ավելի ստույգ լինեմ), տեսնում եմ, որ ամեն ինչի սկիզբը հենց պատերազմն էր: Պատերազմը, ո՛չ որպես ցնցող ու պատմական մի պահ, ինչպիսին, օրինակ Ֆրանսիայի արշավանքն էր ու ճակատամարտը Վալմիի դաշտում, որի մասին այնքա՜ն ոգևորված պատմում են գերմանական կողմից՝ Գյոթեն ու իմ փառապանծ նախնին՝ հեղափոխական Ֆրանսուան: Ո՛չ, պատերազմն ինձ համար այն ամենն էր, ինչը ապրեցին սովորական քաղաքացիներն ու ջահել տղաները: Մենք քաղցած էինք և՝ վերջ: Հիշում եմ, թե ինչպես էին մեր պատուհանի տակով գնում մարշալ Ռոմելի զորքերը՝ Իտալիա և Ավստրիա Ալպերով անցնելիս: Դա այնքան էլ տպավորիչ չէր, իսկ ահա՝ ետպատերազմյան տարիները… կարիքի մեջ էինք, չկար ոչինչ, անգամ՝ գրելու թուղթ ու կարդալու գիրք: Թղթի, գրչի, թանաքի բացակայության պայմաններում իմ առաջին տողերը ես գրել եմ սննդամթերքի կտրոնների հակառակ, խամրած երեսներին ու բանվորների ածուխե մատիտներով: Առ այսօր էլ այդ կոշտ ու կոպիտ թղթերի, հին մատիտների հանդեպ մի տեսակ թուլություն ունեմ: Քանի որ չկային մանկական գրքեր՝ կարդում էի տատիս բառարանները: Պատկերներ, բառեր, քարտեզներ… դրանք իմ առջև բացում էին աշխարհի դռները, ու ես ճամփորդում էի, ասես՝ երազում:
Առաջին գիրքը, որ գրեցի՝ վեց կամ յոթ տարեկան էի… կոչվում էր՝ Պահածո-Երկրագունդը: Հաջորդը, մի ոմն համր՝ ներկայացնում էր երևակայական Դանիել III թագավորի կենսագրությունը… երևի թե նա շվեդ էր: Դա մի շատ տխուր, աշխարհից կտրված ու կորած ժամանակաշրջան էր: Երեխաներրը փողոց դուրս չէին գալիս, չէին խաղում… ու տատիս տան չորս կողմը ականապատված էր: Հատ ու կենտ զբոսանքներից մեկի ժամանակ… հիշում եմ ծովափնյա ցանցապատված այն տարածքը, ուր ֆրանսերեն ու գերմաներեն լեզուներով ցուցանակը մահվան սպառնալիքի տակ՝ արգելում էր մուտքը: Դա այն միջավայրն էր, ուր մարդու մեջ չէր կարող չծնվել փախուստի գաղափարը… երազելու ու այդ երազները թղթին հանձնելու մոլուցքը… ու, հետո՝ մայրական տատս շատ լավ պատմում էր ու կեսօրից հետո, մեր ժամանակը լցնում էր պատմություններով: Այդ երևակայական պատմությունների թատերաբեմը սովորաբար Աֆրիկան էր, կամ էլ Մաքաբեի մավրիկյան անտառները, ուր գլխավոր հերոսը խորամանկ կապիկն էր, որին միշտ հաջողվում էր դուրս պրծնել դժվարին իրավիճակներից: Հետագայում բազմիցս եղա Աֆրիկայում, տեսա իսկական անտառը և այն, որ գրեթե ոչ մի կենդանի չէր մնացել: Կամերունի սահմանի վրա էինք, երբ հանկարծ Օբուդու գյուղի առաջնորդն ուշադրությունս հրավիրեց մոտակա բլուրին, որտեղից լսվում էր գորիլաների աղաղակը… գորիլաների, որ կուրծք էին ծեծում:
Այդ ճանապարհորդություններից (Նիգերաիյում հայրս բժիշկ էր աշխատում) ես քաղեցի իմ վեպերի ո՛չ միայն նյութն ու ասելիքը, այլև մի տեսակ, կայացա ու գտա իմ երկրորդ ես-ը, երազկոտ ու միևնույն ժամանակ իրականությամբ հմայված, և հակադիր բևեռների այդ ներքին պայքարը ցավ պատճառելու աստիճան ուղեկցեց ինձ իմ ամբողջ կյանքում:
Կյանքն այնքան դանդաղ է ընթանում, որ դեռ երկար ժամանակ է պետք ըմբռնելու այս իրողությունը:
Գիրքն իմ կյանք ներխուժեց մի քիչ ավելի ուշ: Պատճառը հորս գրադարաններն էին՝ անթիվ-անհամար գրքերով լեցուն, որ հավաքվել էին, երբ նրան արտաքսել էին իր ծննդավայր Մոկայից (Մորիս կղզի) ու բաժան-բաժան արել նրա ողջ ժառանգությունը:
Հենց այդ տարիներին էր, որ հասկացա երեխաների համար անհասկանալի մի ճշմարտություն… այն, որ գրքերն ավելի արժեքավոր են, քան անշարժ գույքն ու բանկային հաշիվները: Այդ հնամաշ կողերով հատորները քրքրելիս հայտնաբերեցի համաշխարհային գրականության գանձերը՝ Դոն Կիխոտ, Լասարիլիո Տորմեսցի, Ինգոլդսբի լեգենդները, Գուլիվեր, Վ.Հյուգոյի հանճարեղ վեպերը՝ «Իննսուներեք», «Մարդը, որ ծիծաղում է»: Բալզակի զարմանահրաշ պատմվածքները նույնպես: Սակայն ինձ վրա առանձնապես մեծ ազդեցություն են գործել ճանապարհորդությունների մասին այն գիրքերը, որոնք նվիրված Հնդկաստանին, Աֆրիկային, Մազակարենյան կղզիներին, ինչպես նաև՝ Դյումոն Դ՚Ուրվիլի, Աբեղա Ռոշոնի, Բուգենվիլի, Կուկի հետազոտություններն ու, իհարկե, Մարկո Պոլոյի հրաշքների գիրքը: Աֆրիկայում տարիներ շարունակ ազատության մեջ ապրած, արևի տակ տաքացող գավառացուս հոգում այդ գրքերը վառեցին արկածախնդրության կրակն ու այն համոզմունքը, որ իրական աշխարհը կարելի է ընկալել ավելի շուտ՝ բնազդով, քան գիտությամբ ու գիտելիքներով: Դրանք ինձ շատ վաղ հասակում թույլ տվեցին հասկանալ երեխայի կյանքի հակասական էությունը, որն իր հոգու ապահով թաքստոցում ծվարած մի պահ մոռանում է դրսի բռնությունն ու մրցակցությունը:
Այն պահին, երբ, ի զարմանս ինձ, իմացա, որ Շվեդիայի Ակադեմիան ինձ մեծ պատվի է արժանացրել, կարդում էի Ստիգ Դաջերմանի՝ իմ շատ սիրելի գրքերից մեկը, քաղաքական բնույթի գործերի ժողովածուն՝ «Վշտի դիկտատուրան»: Ամենևին էլ պատահական չէր, որ տարված էի դառը իրականությունը սուր քննադատության ենթարկող այդ գրքի ընթերցանությամբ:
Պիտի մեկնեի Շվեդիա՝ «Դաջերմանի բարեկամներ» ասոցիացիայի մրցանակը ստանալու և նրա ծննդավայրն այցելելու համար: Ինձ միշտ գրավել է Դաջերմանի գրելաոճը՝ պատանեկան քնքշանք, միամտություն, սարկազմ… իդեալիզմ ու պայծառատեսություն… և այդ ամենը ետպատերազմյան մռայլ ժամանակների նկարագրություններում: Այդ տարիները նրա՝ հասունության, իսկ իմ՝ մանկության տարիներն էին: Մի նախադասություն ինձ միշտ սթափեցրել է ու ինձ թվացել է, թե՝ ինձ է ուղղված… այդ տարիներին. ես նոր էի հրատարակել «Վերադարձ դեպի Սով» իմ վեպը:
Այդ նախադասությունը… ահա այն:
«Ի՞նչ պիտի անես, օրինակ, երբ մի կողմից այնպես են վարվում, կարծես, գրականությունից կարևոր բան չկա աշխարհում, իսկ մյուս կողմից՝ տեսնում ես, որ մարդիկ պայքարում են հանուն օրվա հացի ու նրանց համար ամենակարևորը՝ հենց այդ է»: Գրողն այստեղ կանգնում է մի նոր «գլուխկոտրուկի» առաջ,- նա ցանկանում է գրել քաղցածների համար, բայց կարդալու ժամանակ ունեն նրանք, ովքեր ուտում և ուտելու բան ունեն:
Ահա՝ «Պարադոքսների Անտառը» ու, ինչպես նշում է Ստիգ Դաջերմանը, սա է հենց այն բնագավառը, որից պետք չէ խուսափել, այլ ընդհակառակը՝ այնտեղ պետք է բնակվել, ուսումնասիրել ամեն մանրուք ու ամեն մի ծառ: Միշտ չէ, որ դա հաճելի զբաղմունք է: Տղան, որն իրեն ապահով թաքստոցում էր զգում, Աղջիկը, որ վստահում էր ծառային՝ ասես իր ընկերուհուն, բախվում են իրականությանը ու ո՛չ թե որպես սոսկ դիտորդներ, այլ՝ որպես դերակատարներ: Ամեն ոք ընտրում է իր դիրքը ու կանգնում մյուսից պատշաճ հեռավորության վրա: Ցիցերոնը, Ռաբլեն, Կոնդորսեն, Ռուսսոն, Մադամ դը Ստայլը, իսկ հետո նաև՝ Սոլժենիցինը, Յանգ Սեոկ-յոնգը, Աբդելաթիվ Լահաբին և Միլան Կունդերան ստիպված էին բռնել աքսորի ճանապարհը: Ինչ վերաբերում է ինձ, ես միշտ էլ ունեցել եմ (եթե մի կողմ դնենք պատերազմի տարիները) տեղաշարժվելու ազատություն, երբ արգելում են ապրել այնտեղ, որտեղ ուզում ես, նույնքան անընդունելի է, որքան՝ ազատազրկումը: Ուշադրություն դարձրեք այս փշատերև ծառին՝ այն անտառում, ուր ապրում է գրողը,- այս տղամարդը, այս կինը, որ զբաղված են գրելով ու հեքիաթներ հորինելով, երջանիկ քչերի թվին չե՞ն պատկանում: Հիմա, պատկերացնենք մի ծայրահեղ ու սարսափելի իրավիճակ… սա այն իրավիճակն է, որ ապրել է երկիր մոլորակի բնակչության մեծամասնությունը, Արիստոտելի, Տոլստոյի ժամանակներում՝ ստրուկները, ծառաները, Միջնադարյան Եվրոպայի գյուղացիները, Աֆրիկյան թալանված ժողովուրդները: Անգամ այսօր էլ, այն պահին, երբ խոսում եմ ձեզ հետ, բոլոր նրանք, ովքեր զուրկ են խոսքի իրավունքից ու մի տեսակ՝ գտնվում են լեզվի այն կողմում: Դաջերմանի այս հոռետեսական միտքն է, որն ինձ գերում է ավելի, քան՝ Գրամշիի պայքարող հաստատակամությունը, Սարտրի սառնասիրտ մարտահրավերը: Այն, որ գրականությունը իշխող դասակարգի ճոխությունն է ու սնվում է մեծամասնության համար անծանոթ գաղափարներից ու պատկերներից, մեր բոլորի ցավերի ցավն է… (ես դիմում եմ նրանց, ովքեր գրում են ու կարդում): Լավ կլիներ այս խոսքերը լսեին նաև նրանք, ովքեր ասես դուրս են մնացել այս շրջանակներից ու մասնակից լինեն մշակույթի այս տոնախմբությանը: Արդյո՞ք դա այդքան դժվար է: Գիր չունեցող ժողովուրդները, ինչպես նրանց սովորաբար կոչում են մարդաբանները, իրար հետ շփվում են երգերի, առասպելների միջոցով: Իսկ ինչո՞ւ է դա դարձել անհնարին՝ ինդուստրալիզացված մեր այս բարձր հասարակարգում: Պետք չէ՞, արդյոք, ստեղծել մի նոր մշակույթ… կամ՝ վերադառնալ միմյանց հետ անմիջական, ուղղակի շփումներին: Շատերը հակված են կարծելու, որ այդ դերը, այսօր, կատարում է կինոն, ժողովրդական երգը, ռիթմիկ պարը… միգուցե՝ ջազը, կամ՝ այլ երկրներում՝ կալիպսոն, մալոյան ու սեգան:
Այս պարադոքսը՝ մի օրվա պատմություն չի: Դեռևս Ֆրանսուա Ռաբլեն՝ ֆրանսալեզու մեծագույն գրողը, պայքարելով Սորբոնյան պեդանտիզմի դեմ, խոսում էր ժողովրդի լեզվով: Բայց ո՞ւմ էր ուղղում իր խոսքը, նրանց, ովքեր քաղցա՞ծ են, թե՞ նրանց, ովքեր ցոփ ու շվայտ կյանք են վարում: Իսկ հեղափոխության պարադո՞քսը, որը հիշեցնում է տխրադեմ ասպետի դեգերումները ու ասես՝ գրողի խիղճը լինի: Եթե կա մի առաքինի բան՝ գրողի համար անխուսափելի, այն է, որ նա իրավունք չունի գովերգելու էս աշխարհի հզորներին… ու ամեն դեպքում, որքան էլ նա առաքինի լինի, պիտի հասկանա, որ իրեն նայում են որոշակի կասկածամտությամբ: Գրողի բողոքը, մերժումը, չարախոսությունը մնում են լեզվական պատնեշի այն կողմում, որը հասկանալի է միայն հզորներին: Իսկ՝ մնացա՞ծը: Երկար ու անհասկանալի մի մագաղաթ, նրբագեղ, բայց այնքան խորթ: Հումոր, որը ո՛չ թե հուսահատության քաղաքավարությունն է, այլ անկատարյալների հուսահատությունը:
Ուրեմն՝ էլ ինչո՞ւ գրել: Վաղուց արդեն գրողը չի հավատում, որ կփոխի աշխարհըը ու իր նովելների, վեպերի միջոցով կստեղծի լավագույն կյանքի նախատիպ: Պարզապես՝ նա հանդես է գալիս որպես վկա: Նայեք «Պարադոքսների Անտառում» այս մյուս ծառին: Գրողն ուզում է վկայել, բայց միայն՝ դիտորդ է:
Արվեստագետը երբեմն դառնում է վկա: Ինչպես Դանթեն՝ իր «Աստվածային կատակերգության» մեջ, Շեքսպիրը՝ «Փոթորիկ» պիեսում և Սեզերը, որն անդրադառնալով այս նույն պիեսին, ստեղծեց «Մի փոթորիկ» գործը, ուր Քալիբանը, վառոդի տակառին նստած, սպառնում է դժոխք արտաքսել իր ատելի ուսուցիչներին: Գրողը երբեմն դառնում է անառարկելի վկա, ինչպես Էվկլիդես դա Կուման կամ Պրիմո Լևին: Այս աշխարհի անհեթեթությունը Չապլինի ֆիլմերում է, անկատարությունը՝ Կոլետի «Օրվա ծնունդը» ստեղծագործության մեջ, գերբնականը՝ իռլանդական այն երգում, որը Ջոյսը բեմադրեց Ֆինեգան Ուեյքում: Գեղեցկությունը փայլատակում է Պիտեր Մաթյեսենի «Լեոպարդ Ձյունը» ստեղծագործությունում, կամ Ալդո Լեոպոլդի «Ավազի կոմսություն» ալմանախում: Չարությունը՝ Ֆոլկների «Սրբատեղի» ու Լաո Շեի «Առաջին Ձյունը» գործերում, իսկ մանկական փխրունությունն ու խոցելիությունը՝ Դաջերմանի «Օձը» ստեղծագործության մեջ:
Գրողը լավագույն վկա է այն դեպքում, երբ վկա է՝ ակամա ու մտածում է միայն իր կաշվի փրկության մասին: Պարադոքսն այն է, որ այն ամենն, ինչի մասին վկայում է՝ ո՛չ տեսել է, ոչ էլ՝ հորինել: Դառնությունն ու հուսահատությունը արդյունք են այն բանի, որ գրողը երբեք ներկա չի լինում դատավճռի կայացմանը. Տոլստոյը մեզ նկարագրում է այն ցավն ու տառապանքը, որ Նապոլեոնը պատճառեց Ռուսաստանին… բայց դրանից պատմության մեջ ոչինչ չփոխվեց:
Մադամ դը Դյուրան գրեց «Ուրիկան», Հարիեթ Բիչեր Սթոուն՝ «Քեռի Թոմի խրճիթը», բայց, հենց իրենք՝ ստրուկներն են, որ փոխում են իրենց ճակատագիրը, ըմբոստանում ու պայքարում են անարդարության դեմ՝ Բրազիլիայում, Գայանում, Հաիթիում:
Միակ բանը, որ ամեն ինչից առավել գրողը կցանկանար՝ գործելն է: Գործել՝ ավելի, քան՝ վկայել: Գրել, երևակայել այնպես, որ բառերը, երազանքները մխրճվեն իրական կյանքի մեջ, փոխեն մարդկանց մտքերն ու հոգիները ու մեր առջև բացեն մի լուսավոր աշխարհ: Ու հենց այս պահին էլ ներքին ձայնն ասում է՝ դա հնարավոր չէ, բառերը՝ բառեր են, որ հասարակության քամին ցիրուցան է անում ու երազները սոսկ դատարկաբանություն են: Եվ հետո՝ գրողի ի՜նչ գործն է ելքեր փնտրելը: Նման չէ՞ արդյոք նա Կնոկի պիեսի այն խրտվիլակին, որն ուզում է կանխել երկրաշարժը: Ինչպե՞ս կարող է գրողը գործել, երբ նրա միակ զենքը հիշողությունն է:
Միայնությունն է այս կյանքում գրողի մասնաբաժինը: Բոլոր ժամանակներում էլ այդպես է եղել: Քանի դեռ երեխա է՝ փխրուն, անհանգիստ, ամեն ինչը սրտին մոտ ընդունող… ինչպես այն աղջիկը, որին նկարագրում էր Կոլետը ու որն իր մեծ ու սև աչքերով՝ ծնողների տուրուդմբոցից բացի ուրիշ ոչինչ չէր տեսնում: Միայնությունը մագնիսի պես ձգում է գրողներին ու հենց այդտեղ է, որ նրանք գտնում են իրենց երջանկության աղբյուրը: Ու այդ երջանոկւոթյունը լի է հակասություններով, դա մի խառնարան է ցավի ու հաճույքի, մի հաղթարշավ է՝ ծաղրի արժանի, ցավ է՝ լուռ ու երբեք քեզ հանգիստ չի տալիս, ինչպես այն խենթ մեղեդին, որ գլխիցդ ոչ մի կերպ դուրս չի գալիս: Գրողն այն մարդն է, որն աճեցնում է թունավոր, բայց շատ անհրաժեշտ մի բույս ու հավատում է իր անկարողությանը: Նա ցանկանում է, որ իրեն լսեն բոլորը ու բոլոր ժամանակներում, բայց, ահա՝ նստած է սպիտակ թղթի առաջ ու այդ թղթի վրա արտացոլվում է լուսամփոփի լույսը, կամ՝ համակարգչի էկրանի առաջ և լսում սեփական մատների տկտկոցը՝ ստեղների վրա: Հենց սա է նրա անտառը, ու նա լավ է ճանաչում արահետները, ու եթե երբեմն՝ ինչ-որ բան այնպես չէ, ինչպես օրինակ այն թռչունը, որն առավոտյան շուտ արթնացել էր շների հաչոցից… նա զարմանում է ու ասում՝ ես մեղավոր չեմ:
Չէի ցանկանա գոհանալ այս ժխտողական կեցվածքով: Գրականությունը հին դարերից մեզ հասած վերապրուկ չէ, որ պիտի իր տեղը զիջի տեսահոլովակներին ու, մասնավորապես, կինոյին: Սա մի բարդ ու դժվարին ուղի է, որն իմ կարծիքով շատ ավելի անհրաժեշտ ու պահպանված է այսօր, քան Բայրոնի, Հյուգոյի ժամանակներում:
Պատճառները երկուսն են: Նախ՝ գրականության հիմքը լեզուն է: Այս բառը (Litterature-Lettres) նշանակում է՝ այն, ինչը գրվել է: Ֆրանսիայում վեպ-(Roman) բառն արտացոլում է այն ամենը, ինչը գրված է արձակ, կամ այն լեզվով, որ խոսում են բոլորը. (ռոմանական լեզու): Բանաստեղծը, վիպասանը, գրողը, արարում են: Դա չի նշանակում, որ նրանք լեզու են ստեղծում: Նրանք օգտագործում են լեզուն գեղեցիկն արարելու, նոր միտք արտահայտելու ու նոր պատկեր ստեղծելու համար: Սա է պատճառը, որ առանց լեզվի հնարավոր չէ: Լեզուն մարդկության ամենաարտասովոր հայտնագործությունն է, ամենաառաջինն ու ամենամարդկայինը: Առանց լեզվի չկա գիտություն, տեխնիկա, օրենք, արվեստ ու սեր: Սակայն, երբ մարդիկ չեն խոսում, լեզուն դառնում է վիրտուալ: Անշարժանում է, խամրում ու վերանում: Գրողները, ինչ-որ չափով, այդ լեզվի պահապաններն են: Երբ նրանք վեպ, պոեմ, պիես են գրում, մի տեսակ նոր կյանք են հաղորդում լեզվին: Նրանք ծառայում են լեզվին: Նրանք փառաբանում են, ձևափոխում լեզուն ու լեզուն ապրում է իրենցով ու լեզուն արտացոլում է դարաշրջանի սոցիալ-տնտեսական հեղաշրջումները: Երբ այս վերջին ժամանակներս ակտիվացան ռասիստական տեսությունները,սկսեցին արմատական լուրջ տարբերություններ փնտրել ու գտնել մշակույթների միջև: Հասարակությունների անհեթեթ հիերարխիան ջանում է համոզել, որ գաղութարար տերությունների մշակութային վերելքը բացատրվում է նրանց տնտեսական հզորությամբ: Զառանցանք հիշեցնող այս տեսությունները ժամանակ առ ժամանակ գլուխ են բարձրացնում՝ արդարացնելու նեո-գաղութատիրությունն ու իմպերիալիստական նկրտումները: Կան ժողովուրդներ, որ ետ են մնում ու խոսքի իրավունք չունեն, քանի որ չունեն զարգացած տնտեսություն ու տեխնոլոգիաներ: Իսկ ո՞ւմ է հետաքրքրում այն հանգամանքը, որ աշխարհի ժողովուրդները, զարգացած թե ոչ, օգտագործում են լեզու և այդ լեզուներից յուրաքանչյուրն իր բարդ կառուցվածքով արտահայտում է աշխարհը, ստեղծում գիտության ու դիցաբանություն:
Ի պաշտպանություն մի այնպիսի փխրուն ու իր դարն ապրած երևութի, ինչպիսին գրողն է, պիտի ասեմ, որ կա մի երկրորդ կարևորագույն պատճառ՝ հրատարակչական գործը, որն էլ իր հերթին հաստատում է գրականության գոյության անհրաժեշտությունը:
Այսօր շատ են խոսում գլոբալացման մասին ու մոռանում են, որ այդ երևույթը ծլարձակել է Վերածծննդի ու գաղութատիրության մեկնարկի դարաշրջանում: Գլոբալացումն ինքնին վատ բան չէ: Հաղորդակցությունը գիտության, բժշկության կարևորագույն նախապայմանն է ու տեղեկատվության արագ տեղաշարժը կարող է կանխել լուրջ բախումները: Եթե մի ժամանակ լիներ ինտերնետ, միգուցե՞ Հիտլերը չկարողանար իրականացնել իր հրեշավոր ծրագիրը ու դեռ մի բան էլ ավելի՝ միգուցե՞՝ չծնվեր:
Այսօր, մենք ապրում ենք ինտերնետի ու վիրտուալ հաղորդակցության դարաշրջանում: Դա լա՛վ է: Բայց, ո՞ւմ են պետք այն բթացնող հայտնագործությունները, որոնք գրավոր խոսքի ու գրքերի հետ ոչ մի առնչություն չունեն: Մարդկությանը ներկայացնել այդ բյուրեղապատ էկրաններին… ուտոպիա չէ՞, արդյոք: Հավանաբար, մենք ցանկանում ենք ստեղծել ընտրյալների մի նոր հասարակությա՞ն, ուր ոմանք ի վիճակի կլինեն օգտվել այդ հնարավորությունից, իսկ մյուսները՝ ո՛չ: Մեծ ժողովուրդներ ու քաղաքակրթություններ են ջնջվել, մոռացվել՝ չհասկանալով այս պարզ ճշմարտությունը: Ու կան փոքրաթիվ ժողովուրդներ, որ հարատևում են իրենց մշակույթի, գրավոր խոսքի ու առասպելների շնորհիվ: Անհրաժեշտ է ու շատ օգտակար՝ ընդունել այն ամեն դրականը, որ փոխանցում են այդ մշակույթները… իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ սերունդները ակնածանք տածեն գիր ու գրականության հանդեպ:
Այսօր, երբ գաղութատիրական ժամանակներն անցյալում են մնացել, գրականությունն այն միակ միջոցն է, որը թույլ կտա մարդկանց՝ արտահայտելու իրենց ինքնությունն ու պահպանել իրենց խոսքի իրավունքը: Եթե չլսենք նրանց ձայնը, նրանց կոչը՝ կապրենք լռության մեջ: Համաշխարհային մշակույթը մեր բոլորի գործն է, բայց առաջին հերթին՝ ընթերցողների ու հրատարակիչների պատասխանատվության: Իհարկե, անարդարացի է, երբ Հյուսիսային Կանադայի հնդկացին, որպեսզի իրեն հասկանան, սկսում է գրել զավթիչների լեզվով՝ ֆրանսերեն, անգլերեն:Միևնույն ժամանակ անհեթեթություն կլիներ կարծել, որ Անթիլիասի ու Մորիսի կրեոլական լեզուն նույնքան հասկանալի կլիներ, որքան աշխարհում տեր ու տնօրենի կարգավիճակում հայտնված հինգ կամ վեց լեզուները: Ու, եթե այսօր, գոնե թարգմանությամբ աշխարհը կարողանում է լսել նրանց, նշանակում է՝ ինչ-որ լավ բան այսօր կատարվում է: Մշակույթը, ես միշտ էլ ասել եմ, մեր ընդհանուրի հարստությունն է… միայն, որպեսզի դա իրականություն դառնա, պետք է բոլորին գործի մասնակից դարձնել: Գրքերից օգտվելը չի պահանջում հատուկ տեխնիկական պատրաստվածություն ու հետո՝ գիրքը լավ պահպանվում է կլիմայական ցանկացած միջավայրում, այնպես որ՝ գիրքը լավագույն հաղորդակցման միջոցն է՝ բոլոր առումներով: Միակ թերությունը, բացասական կողմը (առաջին հերթին դիմում եմ հրատարակիչներին) այն է, որ ամեն տեղ չէ ու ամեն ոք չէ, որ կարող է գիրք գնել: Օրինակ, Մորիսում, վեպ կամ պոեմների մի ժողովածու գնելը՝ նշանակում է կորցնել ընտանեկան բյուջեի մի զգալի մասը: Աֆրիկայում, Հարավ-Արևելյան Ասիայում, Մեքսիկայում, Օվկիանիայում գրքերը մեծ շքեղություն են: Սակայն, այս ցավին էլ կա դարման: Զարգացման ուղին բռնած երկրների հետ հրատարակիչների համագործակցությունը, գրադարանային ֆոնդերի ստեղծումը, բիբլիոբուսների առկայությունը փոքրաթիվ ժողովուրդների շրջանում պահանջարկի ուսումնասիրությունները կվերահաստատեն այն փաստը, որ գրականությունն է ինքնաճանաչողության ու աշխարհն ամբողջականության մեջ ընկալելու լավագույն միջոցը… միջոցը՝ ունկնդրելու բազմերանգ լեզուների շքեղ համերգը:
Ես շատ եմ սիրում խոսել անտառի մասին: Շարունակ, ականջիս հնչում են Ստիգ Դաջերմանի այն փոքրիկ նախադասությունը, որը շարունակ կրկնում եմ ու ասես թափանցում է մեջս: Ինչ-որ հուսահատ ու տոնական բան կա այդ Անտառ կոչվածի մեջ. քանզի դառնության մեջ է, որ հաճախ գտնում ենք փնտրված ճշմարտությունը: Երբ երեխա էի՝ շատ էի երազում անտառի մասին: Անտառն ինձ ձգում էր ու սարսափեցնում. մտածում եմ, որ Մատնաչափիկն ու Հենզելը նույն զգացումներն են ապրել, երբ հայտնվում էին վտանգներով ու հրաշքներով լի անտառում: Անտառը մի վայր է, ուր չկան հետքեր: Սաղարթախիտ ծառերն ու խավարը՝ մոլորեցնում են: Նույնը կարելի է ասել նաև՝ անապատի, փոթորկահույզ ծովի մասին, երբ մի ալիքին հաջորդում է մյուսը, երբ ավազաբլուրին հաջորդում է նմանատիպ մի այլ բլուր: Առաջին անգամ, երբ մաշկիս վրա զգացի գրականության ուժը՝ Ջեկ Լոնդոնի «Նախնիների կանչն» էր, ուր հերոսը ձայների մեջ մոլորված, սառած, տեսնում էր, թե ինչպես է շրջապատում իրեն գայլերի ոհմակը:
Նա նայում էր ցրտից քարացած իր ձեռքերին ու ջանում կենդանացնել սառած մատները՝ մեկը մյուսի ետևից: Ինձ համար այս հայտնագործությունները դեռ մանկության տարիներին՝ հրաշքի պես մի բան էր: Դա կոչվում էր՝ ինքնա-գիտակցություն:
Պատանեկան տարիներին իմ գրական լավագույն զգացումների համար ես պարտական եմ անտառին: Սրանից մի երեսուն տարի առաջ ես հայտնվեցի Էլ Թափոն դը Դարյեն կոչված Կենտրոնական Ամերիկայի տարածքում, հենց այն վայրում, ուր ավարտվում էր երկու Ամերիկաները միացնող Պան-Ամերիկյան մայրուղին: Պանամայի նեղուցը, այս վայրում, ծածկված է սաղարթախիտ անտառներով ու ճանապարհորդել այստեղ հնարավոր չէ առանց նավակի: Անտառը բնակեցված է Ամերինդյան ցեղի բնակիչներով, որոնք իրենց հերթին բաժանված են Ժէ-պանո-կարիբ լեզվաընտանիքին պատկանող երկու՝ Ամբերա և Վառնանո ցեղախմբերի: Առաջին անգամ այստեղ պատահաբար հայտնվելով՝ ես այնքան սիրեցի այս ժողովրդին, որ հաջորդ երեք տարիների ընթացքում քանիցս այցելեցի նրանց: Քանի՝ այնտեղ էի, զբաղված էինք միայն տնից-տուն գնալով, քանզի գյուղացիները սովորություն չունեին հավաքվել գյուղամիջում: Ինչպես մյուս բոլոր անտառները, այս մեկը նույնպես շատ վտանգավոր էր: Հաշվի էին առնվում բոլոր վտանգներն ու սնունդ հայթայթելու բոլոր հնարավոր միջոցները: Ընդհանուր առմամբ պիտի ասեմ, որ ամբերացիները չափազանց համբերատար գտնվեցին իմ հանդեպ: Իմ դանդաղաշարժությունը նրանց ծիծաղեցնում էր, նրանք ինձ բան էին սովորեցնում, իսկ ես նրանց՝ զվարճացնում: Ես շատ չէի գրում: Անտառը գրելու համար հարմար վայր չէ: Խոնավությունը փչացնում է թուղթը, իսկ շոգը՝ գրիչս: Երբ այստեղ էի գալիս, համոզված էի, որ գրելն առավելություն է, որն ինձ օգնում է դիմակայելու գոյության կռվին: Սա մի պահապան է, որը մի տեսակ պաշտպանում է քեզ անհաջողություններից:
Տեսնելով, որ ամերինդացիները նախնական կոմունիզմի մի տեսակ կրողներ հանդիսանալով զզվանք էին ապրում հեղինակությունների հանդեպ ու նրանց մեջ թագավորում էր բնական անարխիան, հասկացա, որ արվեստը, որպես անհատի ինքնարտահայտման միջոց, չէր կարող կայանալ անտառում: Ի դեպ, այս մարդկանց մոտ ոչինչ նման չէ այն ամենին, ինչը մենք մեր սպառողական հասարակության օրենքներով կոչում ենք արվեստ: Նկարների փոխարեն՝ նրանք նկարում են իրենց մարմինների վրա և ոչ մի հաստատուն բան սկզբունքորեն չեն կառուցում: Հետո՝ ես ծանոթացա նրանց առասպելներին: Երբ խոսում են առասպելների մասին՝ մեր գիր ու գրականություն ունեցող աշխարհում, կարծես խոսում են թե՛ ժամանակի, և՛ թե տարածության մեջ՝ հեռավոր մի բանի մասին: Ես նույնպես հակված էի այդպես մտածելու: Եվ ահա՝ առասպելները դուրս եկան իմ դեմ… ու ամեն գիշեր: Տներում վառվող խարույկների դիմաց նստած՝ օջախի շուրջ՝ երեք քար, մոծակների ու գիշերային թիթեռնիկների խենթ պարի ներքո պատմող ասացողները սկսում էին իրենց պատմությունները, լեգենդներն ու այնպես, ասես, խոսում էին այսօրվա իրական կյանքի մասին: Ասացողը երգում էր սուր ձայնով, ծեծում էր կուրծքն ու նրա դեմքը վառ արտահայտում էր կերպարի ապրումները, կրքերն ու անհանգստությունները: Նա երևի վեպ էր պատմում կամ էլ՝ առասպել: Բայց մի գիշեր՝ մի կին եկավ: Անունը՝ Էլվիրա: Ամբերայի անտառում նա հայտնի ասացող էր: Արկածախնդիր կին էր. չուներ ո՛չ ամուսին, ո՛չ երեխա, ասում էին՝ խմող է, անբարոյական ու տնից-տուն գնալով, երգեր երգելով վաստակում էր մի քիչ փող ու խմելու բան: Ճիշտ է նրա խոսքերը ինձ հասկանալի էին դառնում թարգմանչի միջոցով (պիտի ասեմ, որ գրական ամբեր-լեզուն խոսակցականից շատ է տարբերվում) բայց ես անմիջապես հասկացա, որ նա մեծ դերասան է՝ դերասան բառի ամենադրական իմաստով: Ձայնի ելևէջները, կուրծք ծեծելիս՝ հարվածների ռիթմը, լուսը, որ ճառագում էր նրա աչքերից, չափված ու ձևված ոգևորությունը ներկաներին պարզապես գամված էին պահում:
Ծխախոտի հայտնագործություն, աստվածների ու մարդկանց մասին նրա պատմությունները համեմված էին իր անձնական կյանքի, սիրո, դավաճանության, խանդի, կյանքի ու մահվան մասին զրույցներով: Այդ կինը պարզապես գործող պոեզիա էր, մի ամբողջ անտիկ թատրոն, ժամանակակից վեպ:
Ու կրակ դարձած, ու ոգևորված հորինում էր… մութ ու խավար անտառում՝ միջատների ու գորտերի աղմուկի, չղջիկների անդադար հարձակումների ներքո… ու այդ ամենը էլ ինչպես կոչես, եթե ոչ՝ գեղեցկություն: Կարծես, նրա երգերը ներծծված էին անաղարտ բնությամբ… դա էր պարադոքսը՝ աշխարհից կտրված մի անտառ, գրական կեղծ արժեքներից հեռու, ուր արվեստը հորդում էր բնական ակունքներից:
Հետո ես հեռացա այդ երկրից ու այլևս երբեք չտեսա ո՛չ Էլվիրային ու ո՛չ էլ Դարյեն անտառի մյուս ասացողներին: Բայց իմ սրտում մնաց մի բան, որն ավելի է, քան կարոտը… դա այն համոզմունքն է, որ գրականությունը շարունակվում է անկախ ամեն ինչից ու անկախ այն բանից, որ գրողները ի վիճակի չեն փոխելու աշխարհը: Ինչ-որ մեծ ու հզոր բան ուղղորդում է գրողներին, – փոխակերպում նրանց ու հաղորդակից դարձնում բնության ներդաշնակությանը: Ինչ-որ բան, նոր ու շատ հին, քամու պես անշոշափելի, ամպերի պես անընկալելի ու ծովի պես անսահման… ինչ-որ բան և դա հենց այն ինչ-որ բանն է, որ թրթռում է Ջալալ Էդդին Ռումիի պոեզիայում, Էմանուիլ Սվեդենբորգի ճարտարապետության մեջ: Այն թրթիռն է, որը քեզ ուղեկցում է մարդկության լավագույն գրական գործերն ընթերցելիս, ինչպիսին օրինակ XIX դարում Ամերիկայի միացյալ նահանգների նախագահներին ուղղված հնդկացիների առաջնորդ Լումնիի նամակն է, ուր նա խնդրում է, որ իրեն մի կտոր հող հատկացնեն սեփական երկրում «Միգուցե, մենք եղբայրներ ենք…».
Պարզ ու ճշմարիտ մի բան, որ կարող է փոխանցել միայն լեզուն: Մի ընթացք, երբեմն նաև՝ խորամանկություն, ճռճռան մի պար կամ էլ՝ անսահման մի լռություն: Կա ծաղրի լեզու, ձայնարկությունների, չարախոսությունների… ու դրանից հետո՝ դրախտի լեզու:
Գովեստի այս խոսքերը ուղղում եմ Էլվիրային ու նրան եմ նվիրում Շվեդական Ակադեմիայի կողմից ինձ տրվող այս մրցանակը:
Նվիրում եմ այն բոլոր գրողներին, ում հետ ապրել ու երբեմն նաև՝ ում դեմ պայքարել եմ: Աֆրիկացիներին՝ Վոլե Շոինկային, Չինուա Աչեբեին, Ահմադու Կուրումային, Մոնգո Բեթին, Թոմաս Մաֆոլոյին: Մեծ Մորիսացի՝ Մալկհոլմ դը Շազալին՝ «Հուդայի» հեղինակին: Մորիսացի հինդուս Աբիմանու Մալկոլմին «Արյան քրտինքը» ստեղծագործության համար, կին ուրդու վիպասան Հայդեր Քարաթուլենին: Ռեունիոնացի Դանիել Վարոյին, մալոյային երգչին, Խուան Ռուլֆոյին՝ Մեքսիկայում նկարահանած ողբերգական լուսանկարների համար, Ջոն Ռիդին, Ժան Մեյերին, Լուիս Գոնսալեսին և Ջոն Նիկոլսին: Ժ. Պ. Սարտրին՝ նրա «Մեռածները» պիեսի համար: Ռեյմոն Քնոյին, Ռեմբոյին, Էմիլ Նելիգանին և Ռեժին Դուշարմին…
Այն անծանոթ երեխային, որ մի օր հանդիպեցի Դարյենի անտառում, Տուիրա գետի ափին: Գիշերվա մեջ, մի փոքրիկ տաղավարում՝ տախտակի վրա նստած, նավթի լամպի լույսի ներքո նա գիրք էր կարդում ու գրում: Նրան ոչինչ չէր հետաքրքրում՝ ո՛չ շրջապատի աղմուկը, ո՛չ անհարմարությունը, ո՛չ էլ դառը կյանքը: Պատահական չէ, որ հիշատակում եմ տախտակի վրա կծկված-նստած այս տղային, որը կարդում էր: Նա շատ նման էր այն մյուս երեխային, որի մասին խոսում էի ամենասկզբում ու որը փորձում էր գրել շինարարական ածուխ-մատիտներով և սննդամթերքի քարտերի վրա: Այս պատմությունը մեզ հուշում է մարդկության առջև ծառացած ու հրատապ լուծում պահանջող խնդիրների մասին՝ արմատախիլ անել սովն ու անգրագիտությունը: Ստիգ Դաջերմանի այն հոռետեսական պնդումը, որ գրողի ցավը՝ քաղցածներին դիմելու իր անկարողությունն է, մեծագույն ճշմարտություն է: Գրագիտության սերմանումն ու սովի վերացումը սերտորեն կապված են իրար հետ: Մեկի հաջողությունը պայմանավորված է մյուսի հաջողությամբ: Երկուսն էլ, այսօր մեր միջամտությունն են պահանջում: Թո՛ղ այս երրորդ հազարամյակում, որը դեռ նոր է մեկնարկել, ո՛չ մի երեխա, անկախ սեռից, լեզվից ու կրոնից, չմատնվի սովի ու անգրագիտության ու դուրս չմնա այս խնջույքից:
Այդ երեխան իր մեջ կրում է մեր մարդկային ցեղի ապագան: Ու… նրանն է արքայությունը, ինչպես, շատ վաղուց՝ ասել է հույն Հերակլիտեսը:
Լը Քլեզիո. Բրիտանիա, 4 նոյեմբեր 2008 թ.
Հատկապես համաձայն եմ մրցանակակրի այն մտքի հետ, որ յուրաքանչյուր գրող գրելու իր պատասխանն ունի: Մի ժամանակ մտածել եմ այս հարցի շուրջ. չեմ հիշում եկել եմ ինչ-որ պատասխանի թե ոչ, սակայն առաջին հայացքից այս միտքն է մոտս առաջանում` ինչպես յուրաքանչյուր մարդու համար ուտելն ու խմելը, այնպես էլ հեղինակի համար` գրելը, իսկ ընթերցողի համար կարդալը բնական պահանջ են, որին չես կարող, կամ շատ դժվարությամբ ես կարող ետ վարժվել:
Մտածել եմ նաև այն հարցի շուրջ, թե հեղինակը ու՞մ համար է գրում: Իրոք, այս է յուրաքանչյուր գրողին տանջող մեծագույն հարցերից մեկը: Երևի այս հարցի պատասխանը նույնպես ամեն գրող իր համար պետք է պարզի:
Մալադեց, շատ լավ էր: Բայց մի բան չհասկացա, մի հատ Նոբել ստանալու համար արժե՞ր էդքան անտառներում քաշ գալ: Ծառուկյանին ասեիր քեզ մի հատ ավելի զիլ նվեր կտար:
bravo
Գրիշ, քո լեկցիան ավլի կարճ էր ու ավելի հարցալից, բովանդակալիցությունից խելքս չհասավ: Օրինակ ես տոշշնի գիտեմ ինչու համար եմ գրում և ում, բայց չեմ ասի, դե գնա ու մտածի:
Լավ լեզու է