Այդ օրը վաղ առավոտյան եղանակը փոխվեց, ձյունը հալվեց, դարձավ ցեխա ջուր։ Ապա սկսեց բարակ առվակներով ցած հոսել դեպի բակը նայող փոքրիկ, ուսի բարձրությամբ տեղադրված պատու հանով։ Փողոցում ավտոմեքենաները խրվում մնում էին ցեխախյուսի մեջ, իսկ դրսում արդեն մութ էր։ Մթնում էր նաև ներսում։ Երբ աղջիկը դռանը մոտեցավ, տղան ննջասենյակում էր, շորերն էր խցկում ճամպրուկի մեջ։
— Ուրախ եմ, որ հեռանում ես։ Ուրախ եմ, որ հեռանում ես,— ասաց աղջիկը։— Լսո՞ւմ ես։
Տղան շարունակում էր շորերը ճամպրուկի մեջ տեղավորել։
— Շան որդի։ Ուրախ եմ, որ հեռանում ես։ — Աղջիկը սկսեց լաց լինել։— Նույնիսկ երեսիս նայել չես կարողանում, չէ՞։
Հետո աղջիկը նկատեց երեխայի նկարը, որ մահճակալի վրա էր։ Վերցրեց։ Տղան նրան նայեց, աղջիկը սրբեց աչքերն ու մինչ կշրջվեր և հյուրասենյակ կվերադառնար, հայացքը մի պահ տղայի վրա գամվեց։
— Ետ բեր,— ասաց տղան։
— Իրերդ հավաքիր և չքվիր աչքիցս, բղավեց աղջիկը։
Տղան չարձագանքեց։ Դանդաղ կողպեց ճամպրուկը, հագավ վերարկուն, ապա լուռ զննեց ննջասենյակն ու նոր միայն հանգցրեց լույսը։ Եվ քայլերը դեպի հյուրասենյակն ուղղեց։ Աղջիկը լռվել էր փոքրիկ խոհանոցի դռների մեջ։ Երեխան գրկին էր։
— Երեխային տանում եմ,— ասաց տղան։
— Գի՞ժ ես։
— Չէ, բայց երեխան իմն է։ Իրերի հետևից մարդ կուղարկեմ։
— Երեխային չես դիպչի,— ասաց աղջիկը։
Երեխան արդեն լաց էր լինում, աղջիկը մի կողմ քաշեց ծածկոցը, որպեսզի նրա դեմքը բացվեր։
— Չ՜է, չէ՜,— երեխային նայելով` ասաց աղջիկը։
Տղան նրանց մոտեցավ։
— Աստված սիրես,— ասաց աղջիկը և դեպի խոհանոցի ներսն ընկրկեց։
— Երեխային ինձ տուր։
— Կորիր էստեղից։
Աղջիկը շրջվեց և փորձեց երեխային սալօջախի ետևի անկյունում թաքցնել։ Տղան ավելի մոտեցավ, կռացավ սալօջախի վրա և ամուր ճանկեց երեխային։
— Բաց թող,— ասաց տղան։
— Գնա էստեղից։ Գնա։ Հեռացիր,— բղավում էր աղջիկը։
Երեխան կարմրատակած ճչում էր։ Քաշքշոցի մեջ սալօջախի վերևում կախված ծաղկամանը ջարդուփշուր եղավ հատակին։ Տղան դեպի պատը հրեց աղջկան` փորձելով անջատել նրա ձեռքերը։ Ապա ամուր կառչելով երեխայից` նրան ամբողջ ուժով իր կողմը քաշեց։
— Բաց թող,— ասաց տղան։
— Մի՛ արա,— աղերսեց աղջիկը։— Ցավեցնում ես երեխային։
— Երեխային չեմ ցավեցնում,— ասաց տղան։
Աղջիկը զգաց, որ մատներն այլևս անկարող էին դիմադրել։ Զգաց, որ ձեռքից բաց էր թողնում երեխային։
— Ոչ,— ծղրտաց աղջիկը, երբ ձեռքերն արդեն թուլացել էին, և բռունցքը բացվել էր։
— Իմն է, երեխան իմն է։— Աղջիկը երեխայի մյուս թևը ճանկեց։ Ապա գրկեց երեխայի մեջքն ու ետ քաշվեց։ Տղան բաց չէր թողնում։ Մի պահ զգաց, որ երեխան դուրս էր սահում իր ձեռքերից և ամբողջ ուժով քաշեց նրան։ Հարցը լուծված էր։
Անգլերենից թարգմանեց Արամ Արսենյանը
Արտատպված է «Նարցիս» հանդես, թիվ 5-ից, 2009թ