ՍԵՐԸ ՔՈ
Թորած ջրի նման անհամացավ,
Թոշնող ծաղկի նման գարշահոտեց
Ճոռոմ բառերի պես զզվեցրեց
Սերը քո։
Ես կարող էի քեզ բացատրել ամեն ինչ,
Բայց սերը քո բութ է պատի նման
Որը մուտք է իբրեւ թե, որը մուտք պիտի լիներ տրամաբանորեն,
Բայց վրան դուռ բացող չեղավ։
Սերը քո, որ կախված է վզիցս
Ծանր քարի նման
Որ քաշում է, քաշում է, քաշում է դեպի հատակը,
Որ այնքան հեռու էր թվում մի օր։
Սերը քո, որ իմը պիտի դառնար նաեւ
Բայց իմը չէ արդեն վաղուց
Ամոթալի հիշողության նման
Որից կարմրում ես ամեն անգամ միտքդ բերելիս։
Սերը քո, որին ներս թողեցի մի օր
Ու որն ինձ այլեւս դուրս չթողեց, քանի դեռ կենդանի էի։
Ոնց պիտի աստղազարդ երկնքի տակ բազմանար վրեժը,
Բայց սիրուց այլեւս տողեր չեն բխում, ցավոք։
ՍԵՐԸ ԻՄ
Թեման այսպիսին էր.
Ինձ պիտի սիրեիր հավերժ։
Հետո, երբ ծերացել էի արդեն
Հասկացա, որ հավերժը՝ հավերժ,
Բայց հոգնեցնող է նույն դեմքը
Ուղեղի ծալքերում։
Ոչ ոք չի գալու
Էլ երբեք։
Մեռել են, հեռացել են, վերջացել են, հերթով
Բոլորը, որ խոստացել էին սիրել հավերժ։
Մոտենում եմ հայելուն, հեռանում եմ, էլի եմ մոտենում։
Ոչ մեկին չեմ կարոտում, երբեք։
Ինչո՞ւ որեւէ մեկին չեմ կարոտում։
Հայելում պարում է ինչ-որ մեկը, որն օտար է այնքան, որ նույնիսկ անունը չեմ հարցնի։
Ինչ հեշտ բաց թողեցի բոլորին։
Նրանց, ում չկարողացա սիրել, ու ով ինձ չսիրեց։
Հերթով հեռանում են, մեկը մյուսի հետեւից։
Գնում են պատերազմ, պանդխտության, մեռնում են
Բոլորը, ով ինձ չսիրեց եւ ում չսիրեցի։
Ինչ հեշտ է կորցնել այն ամենը, ինչի համար կարող էիր տանջվել,
Ինչ հաճելի է կորցնել տարբերակը սիրելու նրանց,
Ում սիրելու հնարավորությունը չկար ի սկզբանե՛։
Կարոտելը հեշտ է, կարոտել կարելի է բոլորին,
Եվ կարոտելը փոխադարձ պարտավորություններ չի ենթադրում։
ՆՐԱ ՍԵՐԸ
Պոետը գրեց իր կորցրած սիրո մասին,
Գրեց, որ դրանից հետո իր համար այլեւս ամեն ինչ միեւնույն է,
Գրեց, թե ոնց հարբեց մինչեւ առավոտ,
Գրեց, թե ինչպես պատուհանի առաջ ծխեց երեք տուփ ծխախոտ,
Որ դրել էր աչքից հեռու մի տեղ՝ ամենա-ամենասեւ օրվա համար։
Գրեց պոետը, որ սիրելիի գնալուց հետո
Երկինքը մթնեց իր համար
Աստղերն ու արեւը հանգան
Ու առհասարակ ամեն ինչ արդեն հոգնեցրել է։
Որ ծխախոտի մոխիրը լցնում է հենց գետնին
Ու տաքացնում է ձեռքերը հոգու մոխիրների վրա։
Հետո վեր կացավ գրասեղանից,
խնամքով լվաց ձեռքերը ու մաքրեց թանաքը դրանցից։
Մաքրեց ատամները, որովհետեւ միշտ մաքրում էր քնելուց առաջ,
յոթ տարեկանից սկսած, երբ փոխեց առաջին կաթնատամը
Հագավ գիշերանոցը՝ վրան աստղիկներ,
Բացեց պատուհանը, որից «նետվել» էր մի 5-6 բանաստեղծության մեջ,
Որովհետեւ սիրում էր քնել բաց պատուհանի տակ,
Քանի որ գիտեր՝ թարմ օդում քնելը օգտակար է, երկարացնում է կյանքը։
ՈՒՐԻՇԻ ՍԵՐԸ
Մինչ պատուհանի առաջ սպասում էի քո վերադարձին
Օվկիանոսը ցամաքեց եւ խեղդամահ եղա որպես ափ նետված ձուկ,
Մինչ սպասում էի, որ կգաս,
Անձրեւ եկավ, հետո արեւը չորացրեց ամեն ինչ, հետո էլի անձրեւ եկավ
Մինչ սպասում էի պատուհանի առաջ
Դու հասցրիր ամուսնանալ եւ քո երեխաները, որ խաղում էին պատուհանիս տակ,
Ինձ ձեռքով էին անում ու կանչում էին «մորաքույր»։
Մինչ քո վերադարձին էի սպասում պատուհանի առաջ,
Այս ինչպե՞ս եղավ, որ այսքան ուշացա…
Ես
ՀԵՌՈՒ ՍԵՐԸ
Ինչ լավ է, որ էլ չես գալու,
Ոչ մի օր,
Ինչքան էլ վերելակը բարձրանա, իջնի,
Դրա մեջ չկաս դու։
Այնքան հեշտ եմ շնչում,
Էլ չես կեղտոտի լվացարանս,
Պատուհանից չես թքի՝ ծխելիս,
Չես խոսի քնի մեջ, չես խռխռա կողքիս պառկած,
Երբ քունս չի տանում։
Եվ ուր ուզեմ՝ կգնամ երեկոյան
Քանի որ գնացիր՝ ուր ուզեցիր։ Երեկ։
Եվ հեշտ ես շնչում առանց ինձ երեւի
Երջանիկ ես, որ վերելակը չի բերի ինձ,
Ինչքան էլ բարձրանա
Սերն այն, որ բարձրանում էր տուն վերելակի անկյունում կծկված,
Արդեն ուրիշ տեղ է ապրում,
Ուրիշ տան մեջ,
Ուրիշ հարկում
ՎԵՐՋԱՑՈՂ ՍԵՐԸ
Բացատրեցի, թե ինչու ոչ մի բան չի ստացվի։
Բացատրեցի, թե ինչպես եղավ, որ բաժանումը
Դարձավ միակ ընդունելի տարբերակը։
Ներկայացրի ստեղծված իրավիճակի բոլոր դրական ու բացասական կողմերը։
Դրականները փորձեցի մի փոքր չափազանցնել,
Մի երկու բացասական նրբերանգ խորամակորեն անուշադրության մատնեցի։
Հասկացրի, որ այլ ելք ուղղակի չկա,
Որ բաժանվելը միակ ճիշտ քայլը կլիներ այս պայմաններում։
Թվաց, որ վերջում արդեն հավատում էիր,
Անգամ ժպտալ սկսեցիր, հոնքերիդ կնճիռը հարթվեց
Երբ հեռանում էիր, արդեն համարյա երջանիկ էիր…
Եթե այդ պահին պատուհանից քամի փչեր ու խառներ մազերս,
Գուցե կարելի լիներ իրավիճակը իդեալական կոչել։
ՎԵՐՋԱՑԱԾ ՍԵՐ
Վերջին անգամ հանդիպեցինք գերեզմանոցում։
Ես քեզ էի նայում, դու՝ ոչ մի տեղ։
Հիմա ինչքան քայլում եմ փողոցով,
Անցնում եմ ձեր տան կողքով,
Նայում եմ պատուհանից ներս,
Քեզ չեմ տեսնում։
Թվում է՝ ի՞նչ մի դժվար բան է
Հանդիպել հանկարծակի փողոցում, ուր հազար անգամ գրկել ենք իրար։
Բայց վերջին անգամ, երբ հանդիպեցինք, գերեզմանոցում էինք։
Ես փոսի եզրին էի, դու՝ փոսի մեջ։
Ու հող էի լցնում վրադ։
Ձեր տանը մոռացել եմ հին ձայնագրություններս
Ու մի գիրք՝ կարծեմ Վերբեր։
Եթե հանդիպեինք, կխնդրեի իջեցնել մեր տուն, ուրիշ մեկին էլ եմ խոստացել։
Հիմա ո՞նց բացատրեմ, որ չեմ գտնում քեզ ոչ մի տեղ,
Չնայած պիտի որ դա իրենից մեծ բան չներկայացներ։
Նայում եմ տանդ պատուհաններից,
Ինչո՞ւ ես բաց թողել բոլորը։
Պտտվում եմ ձեր փողոցում՝ վերեւ, ներքեւ, վերեւ, ներքեւ
Մեկ-մեկ անգամ թվում է, որ տեսնում եմ թիկունքդ փողոցի ծայրին
Բայց դու չես, պարզվում է, որովհետեւ վերջին անգամ, երբ քեզ տեսա
Դու ինձ չտեսար։
Հող էր լցվել աչքերիդ մեջ…
ՎԵՐՋԻՆ ՍԵՐԸ
Ռետինը միշտ գրպանումս եմ պահում
Գիտեմ, որ չեմ կարողանալու ջնջել
Խոսքերը, մտքերը, քայլերը
Բայց երբ ձեռքս գրպանս եմ տանում
Հանգիստ եմ ու հեշտ է ստացվում սխալվելը։
Գիշերվա մեջ ժամացույցը բարձր է հնչում
Որովհետեւ միակ բանն է, որին ականջ եմ դնում,
Այդպես երբ նայում ես ինձ,
Լինում ե՛մ։
Եթե ներեի, ո՞նց կհավատայիր, որ սիրել եմ քեզ։
Գիշերը պատուհանի առաջ կանգնած
Ցուրտն ու մութը հաղթահարելով
Բացում եմ թեւերս ու ձեւանցնում
Թե կարող եմ թռչել այնտեղ
Ուր պատուհանի առաջ երկուսով ենք,
Ու ներքեւում տաք ծովն է
Ու թռչելու կարիք չկա
Եթե թռչուն չես։
Կարծում եմ, վաղը էլի գալու ես, պարբերաբար գալիս ես
Փակելու շրջանը, որով պտտվում եմ
Վաղուց։
Յուրաքանչյուրին տրված է ընտրելու տարբերակ
Ուղղակի չգիտեմ,
Թե ո՞նց քանդեմ օղակը, որով պտտվում եմ
Վաղուց։
Ո՞նց կապրեմ
Եթե նորից չնորոգես շրջանը, որով պտտվում եմ
Վաղուց
Ու այլեւս համոզված չեմ
Կա՞ արդյոք կյանք
Շրջանից դուրս