Արաքս Շահինյան | Դիտտերսդորֆ. զատիկ

Արաքս Շահինյան

Լուսանկարը՝ Սարգիս Բուլղադարյանի

Ռեքվիեմներ երբեք չէր լսել, այդ պատճառով էլ զարմանքից կնճռոտված կզակը քամահրական դուրս ցցվեց, երբ զառամյալ ուղեղը սեփական մտքերն ականջների մեջ ինչ-որ անծանոթ տղամարդու ձայնով լսելի դարձրեց. «մահն էլ իր դափն ու ծնծղան ունի»: Ամեն ինչ ինչ-որ բան ունի, տան անհայտության մեջ բարբաջող ռադիոն՝ սովորաբար լռակյաց այդ հաշմանդամը, ռեքվիեմ ունի հենց հիմա: Հին էր շատ, աջ մասից էլ՝ ձայնն իջեցնելու տեղից, այնպես էր ճաքել անհավասար անկյունագծով դեպի իրեն հոսանքով սնուցող լարը, կարծես երկրաշարժից վիրավոր փոքր տեկտոնական խզվածք լիներ: Ռեքվիեմը մահվանն է պարտական իր գոյությամբ, այդ նույն ռեքվիեմի մուտքն ու նախաբանը հայտարարող հաղորդավարն աշխատանք ունի ռադիոյում, դեպի դուրս նայող պատշգամբից երևացող գունատ հորիզոնը լիճ ունի՝ իր չափ գունատ ու խանդոտ ալեկոծ, զարմանալիորեն անհանգիստ կանգնած լճի համար, մոտ 50 կիլոմետր շառավղով տարածվող անմարդաբնակությունն իրեն ունի, հենց իրեն: Իսկ ինքը միայն մի՛ բան ունի, ու այս մտքերի դեդուկտիվ ալգորիթմից ականջները սկսեցին սուր ու խուլ դո նոտայով լռեցնել նրա ներքին ձայնը:

«Պատկերացնու՞մ եք, – քեզ հետ է խոսում, լսի՛ր, – եթե չմեռնեինք, ռեքվիեմ չէր լինի: Չնայած ես հենց նոր իմացա այս ստեղծագործության գոյության մասին, բայց այն արդեն ինձ միևնույն չէ: Կարծում եք՝ չգիտե՞մ ռեքվիեմն ինչ է: Ես անգիր կարող եմ երգել ֆոն Դիտտերսդորֆի դո մինորի[1]ամբողջ սոլո պարտիաները, դեռ մի բան էլ չհամաձայնել նախաբանի սգավոր, ընդունված պատշաճության մեջ բավականին պարզ այդ ռեպետիցիոն բազմաձայնության հետ այն պարզ պատճառով, որ հեկեկոց է հիշեցնում: Իսկ մտածե՞լ եք, որ ռեքվիեմը կորստի ամենաթող վայնասուն չէ, գոնե այն ժամանակներին բնորոշ քրիստոնեական հավաքվածությամբ մյուս աշխարհ ուղևորվելու հրաժեշտի տոն պիտի լինի առնվազն: Այո՛, չհամաձայնել ու չընդունել նաև «Օվսաննա»-ի կարճ լինելը (ինչ է՝ փառաբանելը վայրկյանների հարց է, սգալը՝ ժամերի՞), իսկ «Ագնուս Դեի» հատվածն էլ, մի քանի անբացատրելի, երաժշտական կոնոտացիոն նմանությունների պատճառով համեմատելով Ռոսինիի «Փոքր հանդիսավոր մեսայի» որոշ հանճարեղ հատվածների հետ, ընդհանրապես համարել արժանի մոռացության: Բացարձակ տապալված վերջաբանն էլ կապել Դիտտերսդորֆի, ամենայն հավանականությամբ, ներքին լսողության խնդիրներին: Ես պաշտում էի այս դո մինորը, այն դեռ լայպցիգյան տարիներին եկեղեցապատկան երաժշտական դպրոցում ուսանելուս ժամանակ մեր կապելմայստերներից մեկը թաքուն խցկեց թևիս տակ ու խնդրեց ամենայն մանրամասնությամբ նոտագրել տետրիս մեջ, որովհետև հաջորդ երեքշաբթի պիտի կատարեր տեղի երկսեռ մանկական երգչախումբը, իսկ սա այն միակ օրինակն էր, որով ինքը պիտի խմբավարեր: Թե սա ինչ երեխայի երգելիք է՝ առ այսօր չեմ ուզում հասկանալ: Երևի իմ անկատար կրոնական դաստիարակությունն ու կերածս ծեծերն են, որ չեն թողնում ընդունեմ:

Նոտագրելու ժամանակ մոմը վերջացավ, իսկ ես սիրում էի գիշերներն աշխատել. դա ինձ մեծ երևալու ու ինչ-որ հույժ կարևոր բանով զբաղված լինելու պատրանք էր տալիս, ինչն ինձ իրապես գրավում էր: Երբ մոմի պատրույգը վերջնականապես անէացավ տաք ու դեռ չչորացած մոմի հալոցքից գոյացած խոնավ ծխի մեջ, ես, մտավոր աշխատանքից ուղեղս ու աչքերս չկտրելով, մեխանիկական շարժումներով շոշափեցի այդ մթի մեջ վառվելու ենթակա ինչ-որ ուրիշ մի բան: Իմ սենյակում մոմն անհասկանալի արագությամբ էր սպառվում: Ես շատ չէի զբաղվում գիշերներն անքուն մնալով: Դպրոցն ավարտելուց հետո միայն պարզվեց, որ մեր հարմոնիայի դասատուն իմ դասին եղած ժամանակ սողոսկում էր այդ սենյակ ու հորս գնած մոմամանից թռցնում միանգամից տասը-տասնհինգ լույս: Որ ասեր էլ՝ դեմ չէի լինելու: Չգտա ոչինչ ու գործս անավարտ թողնելու տագնապից որոշեցի անցած տարվանից մնացած սևագիր նոտատետրերիս տրցակն այրել: Հաստ էր շատ, մեր ուսումնարանի դռնապանի բանալիների խրձից էլ հաստ, իսկ իմ մանկական սահմանափակ երևակայության մեջ այդ խրձից հաստ ոչինչ չկար և չէր էլ կարող լինել: Այդ այրվող  չկայացած մագաղաթներն իմ դեռ մի տասնհինգ րոպե կլուսավորեին դեղնած ճակատս, քնող միտքս ու շշմած աչքերս, ու ես այդ թվացյալ գաղտնիության մեջ կհասցնեի վերջացնել ինձ վստահված այդ ոչ մեկին (բացի կապելմայստերից) պիտանի, իսկ ինձ համար՝ ճակատագրական առաքելությունը: Երևի այնքան էին կարդալ ստիպել քրիստոնեական չարչարանաց կաթոլիկ սրբերի կենսագրությունները, որ ինչ կապված էր մթության հետ իմ մանկական դեռևս պարզ ու հետզհետե ընդարմացող ուղեղում, անուղղակիորեն ասոցացվում էր ինչ-որ վեհ բան անելու թյուրըմբռնման հետ:

Գիտեի, որ սեղանիս ինչ-որ անկյունում էին նոտատետրերը, նույն համառությամբ ու քթիս տակ էլ բողոքելով շոշափեցի: Պարզվեց՝ գտա, իհարկե, գտնելու ճանապարհին գետնին պատահմամբ շպրտելով երկաթյա կամերտոնը, որի ենթադրաբար լյա նոտան ինչ-որ տկար ու բութ սոլ բեմոլ դարձավ. հաստատ դաղվել էր անկողնուս ոտքին: Թանաքամանն էլ շուռ եկավ հենց այդ սևագրերի վրա: Հնարավորինս արագ պատռեցի առաջին մի քանի էջը, որ թանաքը չհասցներ ներծծվել մնացյալ էջերի մեջ էլ՝ իսպառ հօդս ցնդեցնելով այդ գիշեր սկսածս գործն ավարտին հասցնելու իմ՝ առանց այդ էլ վերջին հույսը: Պատռելս ու ծանրացած թղթերի այդ շերտերից թանաքի՝ երեսիս ճպպոցով ապտակը մեկ եղավ, ու փոխանակ այն արագ մաքրելու, փռվեցի հատակին բերանքսիվայր, ինչպես թաղում են ինքնասպաններին ըստ հին սովորության՝ անաղոթք, անթողություն իրենց չպատկանելիքը հպարտ բթությամբ գողանալու համար, ու կատաղությունից սկսեցի լաց լինել: Այնքան էի բթացել միօրինակ ու նույնական արտագրությունից, որ աչքս կպել էր: Երբ արթնացա, սեղանիս վրա հրե բոց էր ախորժելի ճրթճրթոցով կայծկլտում, այս ու այն կողմից էլ ներս կլանելով այն ամենը, ինչ այրվելու ենթակա էր սեղանիս, իսկ այնտեղ ամեն ինչն էր այրվելու ենթակա, առաջին հերթին՝ թանաքամանս: Փորագրանկարներով հացենու հաստ ու չոր փայտից մասունք էր, Վիեննայից վերադառնալուս ճանապարհին հանդիպած միջին տարիքի, ձախ ունքի կեսը կորցրած վիկինգի արտաքինով մի հաշմանդամ սքեմավորից էի ստացել, ով, չգիտես ինչու, անքան լաց եղավ ու օրհնեց, երբ վերցրի իր նվիրած այդ՝ այն ժամանակ ինձ դեռ իր գործածությամբ անպետք իրը, որ եկեղեցում՝ արարողությունների ժամանակ նույնիսկ այդքան սրտաբուխ ու շռայլ օրհնանքներ չես լսի: Չնայած ես հավատացյալ չեմ էլ եղել, ի հակադրություն կրթությանս, որ բացառապես պարտադրական ընթերցանության ու անհասկանալի լեզուներով տողեր անգիր անելու մի համակարգ է եղել առավել, քան հավատքի, ոչ թե կրոնի մարդ դարձնելու միտված գործ: Եթե ինձ չծեծեին Սուրբ Գրքի չկարդացած կամ կարդացած, բայց չհասկացած, հետևաբար նաև անմեկանելի տողերի համար, թողնեին՝ ինքս գայի այն հավատին, որ այսօր մեռնելուցս հետո եմ, միգուցե ինձնից մարդ դուրս գար: Ինչևէ, չշեղվենք պատմածիցս:

Թանաքամանի կողքին հաջորդ օրվա երգեցողության նոտաներս էին տեսարժան փութկոտությամբ մոխրանում. Հենդելի կանտատներից էին, Մոցարտի ռե մինոր Kyrie-ն էր ու Զյուսմայերի հանդիսավոր մեսայից ինչ-որ հատված: Ես երևի գիտեմ՝ ինչու դրանք այդքան արագ հանձնվեցին կրակին. որ ինձնից շուտ պրծնեն, որ էլ չտրվեն ժամերով եկեղեցու խորանի դիմաց կանգնած անհավատ երգեցողությանս կեղծիքին, երկար տևող դադարների ժամանակ ձեռքիս մեջ քրտնելուն ու անարգանքիս պատճառով ճմրթվելուն, վերջում էլ՝ դասի ավարտից ամիջապես հետո, մնացած թղթերի, գրառումներիս, նոթատետրերի ու հաստափոր գրքերի արանքներում խցկվելուն: Ես շատ անհարգալից եմ վերաբերվել թղթին, գիտե՞ք, այո՛ ես Ձեզ հետ դեռ «Դուք»-ով եմ խոսում, չնայած արդեն ինչքան ժամանակ է՝ կարդում եք ինձ իմ հետմահու ձայնով: Դա մեծ արտոնություն է, հասկանու՞մ եք, մարդիկ այսօր (և մշտապես էլ) նաև սեփական խոցելիության պատճառով են առ արվեստ սողոսկում, ոմանց մոտ հաջողվում է, որովհետև չեն սողոսկում, հենց այդտեղ էլ ծնվում-մեռնում են, ոմանց մոտ՝ մահու չափ ոչ, որովհետև եթե ինչ-որ տեղ սողոսկում ես, ուրեմն քեզ այդտեղ չեն սպասում, այլապես մարդավայել կգնայիր, զեռունի նման չէ: Մեռնում են պարզապես այս վերջինները անհաջողության ճամփին, մեռնում ինչպես ես, դեռ կպատմեմ ինչ կերպ: Ու՞ր հասանք: Հա՛, նոտաներս էլ այրեցինք, ու հենց այդտեղ էր, որ ես՝ չգիտեմ ավելի շատ ծխից, թե հաջորդ օրը չլուսացնելու սարսափից բերանս բաց, գլուխս ափերիս մեջ առած ու ունքերս քունքերիցս վեր թռած, առաջ վազեցի՝ բացարձակ բութ գոնե իմ բնազդին, որ ախր կայրվեմ-կվերջանամ այդ սիրուն, բայց իմ վերջն այդ ուսումնական հաստատությունում (ու առհասարակ) գուժող կրակե, ինչպես Շումանն իմ մեռնելուց դարեր հետո կասի,կառնավալում: Ով է Շու՞մանը: Պիտի ապրեք, որ տեսնեք: Դեռ շուտ է: Մոռացել էի բնազդիս մասին, որովհետև ամեն գնով պետք էր փրկել Դիտտերսդորֆի դո մինորը, որի բացառիկ տպագրական օրինակի արթմնի հսկելն ընդամենը մի գիշեր ինձ էր վստահված, իսկ ես էլ, անհայտ տարիքի ու անհայտ ծագման մեկս, որ քաջ գիտակցում էր պատասխանատվության ծանրությունն ու այն կորցնելու թեթևությունը, չէի կարող պատիվս՝ վերջին այդ շնչավորին հանձնել իմ աչքին առավել շքեղացող բոցավառությանը:

Այնուամենայնիվ, առաջին իրական հարվածը եղավ, երբ աչքս պատահական ընկավ շրջված թանաքամանից թրջված ու պատռված թղթերին: Երեք տակտ էր երևում: Ես պատռել էի Դիտտերսդորֆի բնօրինակի առաջին չորս էջերը, երբ շատ վստահ կարծել էի, թե այդ սևագրերս են թրջվում, իսկ բնօրինակի առաջին էջերն էլ բարեհաջող արտագրելուց հետո բախտի հեգնանքով դրել էի ամիսներ ձեռք չտված սևագիր նոտատետրերիս՝ այդ հաստափոր ու արդեն ոչնչի պիտանի թղթերի կույտի երեսին, դեռ մի բան էլ դրանց թանաքով պատահաբար թրջել մթության մեջ, հետո էլ վերջնական հաշվեհարդար տեսել անուշադրությանս պատճառով կրակին հանձնելով: Մտա կրակի մեջ մերկ ձեռքերով, որովհետև սենյակումս միակ հեղուկը իմ արյունն էր. հիմա եմ մտածում՝ ախր ես նույնիսկ չէի ծարավում օրվա մեջ: Ու քանի որ այդ միակ հեղուկն օգտագործելը հասկանալի պատճառներով անկարելի էր, հանձն առա պատվախնդիր եռանդով փրկել դո մինորից գոնե այն, ինչ վայրկյաններ անց արդեն էլ հնարավոր չէր լինելու: Ծխից խեղդվելով՝ ցանկացած թուղթ հիշեցնող մատերիա դուրս էի շպրտում կրակի ճիրաններից, հետո պատուհանագոգից մաքուր օդին փռած գերծանր (իմ թերսնունդ մարմնի համար գոնե) ծածկոցը երևաց շատ պատահական, ու այստեղ արդեն իսկական բնազդ ունեցող կենդանու նման դուրս պրծա մազերս վաղուց այրվել սկսելով, իսկ ուժերիցս վեր այդ ծածկոցը տառացիորեն վայրկյաններ անց արդեն հանգցնում էր այս անգամ էլ արդեն կրակի համար անհավասար մարտի դուրսպրծուկները: Կրակ էլ չկար: Մոցարտից միայն “MO” կալիգրաֆիկ ձեռագիր տառերն էին մնացել, Հենդելից՝ միայն վառ հիշատակը, Զյուսմայերի մեսսայից՝ Sanctus-ի մի քանի էջ, այն էլ միայն լարային գործիքների թեմաներից (իսկ դա երգչախմբում երգողին մոխրացող մխիթարանք չէ ամենևին), Դիտտերսդորֆից էլ՝ պատռված այն չորս էջերը, այն էլ թանաքից թաց էին դեռ, այդ պատճառով չայրվեցին: Ուղիղ մեջտեղից պատռված (քանոնով ուզեիք, այդքան համաչափ չէիք կարող փչացնել վիեննական այդ դասական տրագեդիան) դրանց կիսագոն ինձ ավելի սպանեց, քան կրակի քմահաճույքին թողնվելուս հնարավոր, բայց արդեն կանխված հեռանկարը:

Ես չեմ հիշում էլ ոչինչ: Ինչ-որ անծանոթ Ձեզ հետ այս զրույցից քիչ առաջ շատ թռուցիկ ասաց, որ ինձ չեն գտել այն հանրակացարանային սենյակում, որտեղ իբր բնակվում էի, փնտրել են մերձակայքում, բաց ես չեմ եղել: Որտեղի՞ց լինեի, եթե հիմա ձեզ հետ եմ զրուցում, հա՛հ: Եթե ուշադիր ունկնդիր եք, իսկ ես կարծում եմ դուք ԵՔ, հասկացաք, որ ես հետմահու եմ ձեզ հետ զրուցում, դուք դեռ կաք, բայց եթե իմ նման թաղվեք կենցաղն ու մարդկայինը փառաբանող անգրագիտության մեջ, որ շատ նման է դոկտորի չափ կիրթ, բայց խստասիրտ մարդկային էությանը, ձեզ շատ շուտով կսպասի Դիտտերսդորֆի՝ իմ ձեռքն ընկած ռեքվիեմի ճակատագիրը: Հա, իմիջիայլոց, շատ անտեղի մի դիտարկում. ես լավ չեմ հասկանում այդ գիտական աստիճաններից, գլուխ չեմ հանում առանձնապես դրանց հիերարխիայից: Հիմա կասեք` դա պրիմիտիվ բան է, իսկ ես շատ հաճախ՝ դեռ իմ կենդանության օրոք, պարզապես չեմ տեսել նախորդի ու հաջորդի սահմաը, ու եթե ձեզ նման գործից բան հասկացողն ականջիս չասեր՝ սա գիտությունների դոկտոր է, այդպես էլ մտածելու էի, որ ավագ մագիստրոսախառը մի բան է (որ ասում եմ բան չեմ հասկանու՞մ): Կամ, եթե ձեր այդ ծանոթն ինձ ապշեցներ իր՝ ալոգիկ բայց ճշմարտանման ու անպայման մահու չափ անհետաքրքիր մեկնաբանություններով երկիրը սեմիտական գիգանտ կրիաների կողմից ղեկավարվելու մասին, ես կմտածեի՝ սա պարտադիր ուսուցման զոհերից է. այդպես էլ չի հասկացել, որ գրագետ ձայնային ռեգիստրը՝ բառարանային բառերի անտեղի օգտագործմամբ ու նույնանման դեմքի արտահայտությամբ դեռ ինքը՝ գրագիտությունը չէ: Ես թեմայից շեղվելու մեծ վարպետ եմ, խնդրում եմ Ձեզ, կանգնեցրե՛ք ինձ ժամանակին, որովհետև հետոն միշտ է ուշ:

Ու՞ր հասանք, տե՛ր Աստված… Հա՛, Ձեզ նախ կթանաքոտեն, որ դառնաք անընթեռնելի, հետո կպատռեն «պատահաբար» (անկեղծ ասած իմ ու Դիտտերսդորֆի դեպքն իրոք պատահական էր, առանց չակերտների), հետո էլ արդեն ուրիշ աշխարհից կնայեք այրվողներին: Աստված անընթեռնելի, կամ միգուցե ընթեռնելի, բայց անհասկանալի լեզու չէ, ինչն իմ եկեղեցապատկան ուսումնարանն էր ամեն օր դառը լեղի դարձրած իջեցնում կոկորդովս, որ գոռայի ամեն պատեհ-անպատեհ առիթների պատեհ-անպատեհ գավիթներից, սարսափեի Նրա հանդեպ ունեցածս վախից և ոչ ընդունեի սիրելուց, աղոթեի, բայց թաքուն ծուլանայի, փառաբանեի, երբ դրան բացարձակ պատրաստ չէի ու հանձնվեի Նրան, երբ դեռ չգիտեի էլ՝ Ավետարանն ինչ է: Աստծո այբբենարանը տառերը չեն, այդ ձեր հոգիներն են, որ միևնույն է՝ պիտի բացվեն ժամանակին, երբ կենարար յուղով օծվեք շառագունող դարպասների մոտ՝ շեփորների[2] բազմաձայն աղոթքների մեջ, պիտի ընթերցվեն դյուրահաղորդ թեթևությամբ, վերջում էլ սիրեն այն, ինչն իրապես կհասկանան: Հավատն այն կույր տառաճանաչները չեն, որ օրվա մեջ քանակ են լրացնում Նրա անունը տալով, աթեիստին շուն համարում, օգնում միայն օգնություն աղերսողին, ուրախ օրվա երես տեսած չկան, ճգնում են, որովհետև մնացյալը մեղք է, ճենճոտ թաթով աշխարհի ամենամեծ խաչը ցցում սովածի բախչում, սուլթանից նվեր են ընդունում և անուղեղ հնազանդությունն ամենայն զենք դարձրած՝ ամեն սատանի առաջ չոքում. այդպես հարմար է, ոչխարը կամ ղաուրմա է, կամ մատաղ, երկուսն էլ լավ է, երկուսին էլ դեմ չեն, մեկը՝ փոր, մյուսը խիղճ է կշտացնում: Հավատն այն վիկինգն էր, որի նվիրած թանաքամանն այլևս չկա, իսկ նրա օրնհություններն այսօր բարբառում են իմ բերանով ընդ ձեզ, որ եթե քիչ են սիրել, ձեր բողոքն առավել սիրով հատուցեք հաջորդին, երբ անպատվել են, չանեք նույնը, որովհետև անպավողն է անպատիվ, իսկ դուք այդպիսին լինելու շռայլությունը չունեք նրանց պես, երբ խլել են, ուրիշին տալով վերադարձնեք, ու երբ սիրեն (իսկ քեզ սիրում են), չլինի որ երես դաձնեք ու թիկունք շրջեք: Հավատքը գիտակցություն է և վերջում, ամենավերջում միայն ինչ-որ բան խնդրելու անգո իրավունք: Կտրվի, եթե պիտի տրվի ու հերի՛ք թախանձեք: Թախանձելուց էլ տեսեք՝ ինչ եք թախանձում»:

…Ռեքվիեմներ երբեք չէր լսել, այդ պատճառով էլ զարմանքից կնճռոտված կզակը քամահրական դուրս ցցվեց, երբ զառամյալ ուղեղը սեփական մտքերն ականջների մեջ ինչ-որ անծանոթ տղամարդու ձայնով լսելի դարձրեց. «մահն էլ իր դափն ու ծնծղան ունի»»…

«Ես մեռա, երբ ամենագո անհավատությունը հաղթեց ինձ: Իսկ իմ հետմահուն ամենևին էլ այն աշխարհը չէ, դա արդեն հավատքի գիտակցելն է, ինչը կրոնական մոլեռանդության, ակներև, ցուցամոլ բարոյապաշտության կողքով չի էլ անցնում, ասենք ավելին, հեռվից էլ ծանոթ չէ: Ես ռեքվիեմներ երբեք չէի լսել, որովհետև մահը պարադոքսի պես իմ տկար մարմնին ու թերուս մտքին անհաս է եղել, իսկ ռեքվիեմը մահվանն է պարտական իր գոյությամբ: Իսկ ռեքվիեմը մահվանն է պարտական իր գոյությամբ: Իսկ ռեքվիեմը մահվանն է պարտական իր գոյությամբ: Եվ իրավամբ, մինչև չես երգում անհավատությանդ ռեքվիեմը, չես ծնվում, մինչև չխաչեն առանց մի ոսկոր ջարդելու, չես մեռնի հարակյաց ապրելու իշխանությամբ:

Ներեցեք ինձ, ես ձեզ այստեղ կարծես երկար պահեցի, ամենևին մտադրություն չունեի: Այդ պատմությունն իմ ինձ ստիպեց ոգևորվել հիշողությանս մեջ: Ներեցեք ինձ, ի սեր Աստծո… Ներեցեք…»

 

[1]Խոսքը Կարլ Դիտտեր ֆոն Դիտտերսդորֆի՝ 18-րդ դարի վիեննացի կոմպոզիտորին է վերաբերում: Այս մարդուն Հայդնի, Մոցարտի ու Վանհալի հետ ժամանակի ավստրիական դասական երաժշտԱՐՀԵՍՏԻ կվարտետում հանդես գալն էլ մոռացությունից  չփրկեց… Նրան հիշում են բացառապես այն բարեգութներն, ովքեր կամ արդեն ամեն ինչ լսել են, կամ այդ ամեն ինչ լսելու ձգտումը ոչնչով չեն կարողանում զսպել: Այս մեր ցնորվածն ամենայն հավանականությամբ խոսում է Դիտտերդորֆի դո մինոր ռեքվիեմի մասին…

[2]Կարծում եմ՝ անգլիական փողեր, հոբոյներ ու գալարափողեր էլ կլինեն. վերջիվերջո, եթե չլինեն էլ, ես անպայման կերևակայեմ դրանց մալերյան դասավորվածությունն այնտեղ մի տեղ:

Սկզբնաղբյուրը՝ Բագատելներ

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *