Սպիտակ մորուքով մի ծերունի մեզնից ողորմություն խնդրեց: Ընկերս՝ Ժոզեֆ Դավրանշը, հարյուր սու տվեց նրան: Անակնկալի եկա.
-Էս խեղճն ինձ մի դեպք հիշեցրեց : Կպատմեմ քեզ, ինչը ցայսօր մնացել է հիշողությանս մեջ:
Բնիկ Հավրից եմ: Ընտանիքս ունևոր չէր, հասկանու՞մես, հազիվ ծայրը ծայրին էինք հասցնում: Հայրս աշխատանքից ուշ երեկոյան էր տուն դառնում ևշատ չէր վաստակում: Երկու քույր ունեի:
Մայրս շատ էր տանջվում նեղվածքից, ինչի մեջ ապրում էինք, և հաճախ ամուսնուն թթու խոսքեր էր ուղղում, նենգ ու քողարկված հանդիմանություններ: Էդ պահին խեղճ մարդը մի շարժում էր անում, որից սիրտս կտոր-կտոր էր լինում. ձեռքը տանում էր դեպի ճակատը, ասես սրբելու քրտինքը, ինչը բնավ գոյություն չուներ, և, ի պատասխան,ոչինչ չէր ասում : Ես զգում էի նրա անզոր ցավը: Մենք ամեն ինչում խնայում էինք: Երբեք չէինք ընդունի ընթրիքի հրավերներ` պատասխան հրավերից խուսափելու, կգնեինք խանութում մնացած մթերքը` ամենացածր գնով: Քույրերս էին կարում իրենց զգեստները և երկար վիճաբանում էին ժապավենի գնի շուրջ, որի մետրն արժեր տասնհինգ սանտիմ: Մեր առօրյա ճաշը ճարպով ապուրն էր և ամեն տեսակ սոուսներով տավարի միսը: Պարզվում է՝ առողջարար էր, բայց ինձ որ հարցնեին, այլ բան կնախընտրեի: Սարսափելի տեսարաններ էին ինձ սպասում, եթե պատռեի տաբատս կամ կորցնեի կոճակները: Այնուամենայնիվ ամեն կիրակի գնում էինք ծովեզրյա պտույտ կատարելու տոնական հագուկապով: Հայրս` իր թիկնոցով, մեծ գլխարկով, ձեռնոցներով, բռնում էր մորս ձեռքը, ով զարդարված էր տոնական օրերի դրոշակազարդ նավի նման:
Քույրերս, որ միշտ կազմուպատրաստ առաջինն էին, սպասում էին մեկնելու ազդանշանի: Բայց վերջին վայրկյանին միշտ պարզվում էր, որ հորս թիկնոցի վրա ինչ-որ հետք է մնացել, և հարկավոր էր բենզինով մաքրել:
Հայրս, մի մեծ գլխարկ գլխին, և միայն ժիլետով, համբերատար սպասում էր մինչև ավարտը, իսկ մայրս շտապում էր` ուղղելով կարճատեսի իր ակնոցը և հանելով ձեռնոցները, որ հանկարծ չկեղտոտվեին: Ճամփա էինք ընկնում մեծ հանդիսավորությամբ:
Քույրերս, ձեռք ձեռքի տված, գնում էին առջևից: Նրանց ամուսնանալու ժամանակն էր, և քաղաքը պիտի գիտենար էդ մասին: Ես մորս ձախ կողմն էի բռնում, իսկ հայրս` աջը: Հիշողությանս մեջ է խեղճ ծնողներիս հպարտ կեցվածքը կիրակնօրյա զբոսանքներին, նրանց դիմագծերի խստությունը:
Ծանրաքայլ առաջ էին շարժվում, ուղղաձիգ, ասես ծայրահեղ կարևոր մի գործ կախված էր հենց նրանց հանդիսավոր կեցվածքից:
Ամեն կիրակի, տեսնելով անծանոթ ու հեռավոր երկրներից եկող մեծ նավերը, հայրս անտարբեր հայացքով միևնույն բանն էր կրկնում.
-Եթե Ժյուլն էստեղ լիներ, այ քեզ անակնկալ:
Հորեղբայր Ժյուլը մեր ընտանիքի համար սարսափ էր եղել, իսկ հետո՝ միակ հույսը: Դեռ մանկուց լսել էի նրա մասին, և թվում էր` միանգամից կճանաչեի, էնքան որ էդ մտորումն ինձ հարազատ էր դարձել: Նրա կյանքի բոլոր մանրամասներն ինձ ծանոթ էին՝ մինչ Ամերիկա մեկնելը, չնայած որ էդ շրջանի մասին խոսվում էր ցածրաձայն:
Հավանաբար վատ վարք էր ունեցել, այսինքն` ինչ-որ փողեր էր կերել, ինչն աղքատ ընտանիքներում ամենածանր հանցանքն է: Հարուստների աչքում մեկը, ով տրվում է զվարճանքների, պարզապես հիմարություն է գործում: Նրան անվանում են շվայտ, կարիքավորների աչքում նա, ով ստիպում է ծնողներին մսխել ունեցվածքը, վատ համբավի տեր է դառնում` մինչև իսկ՝ սրիկա ու ապուշ:
Էս տեսակ տարբերակումը ճիշտ է, չնայած որ փաստը դրանից չի փոխվում, քանզի միմիայն հետևանքներն են խոսում եղածի լրջության մասին:
Հորեղբայր Ժյուլը, իր բաժինը մինչև վերջ վատնելուց հետո, նշանակալիորեն կրճատել էր ժառանգության բաժինը, որի հույսով հայրս ապրում էր:
Նրան տեղափոխել էին Ամերիկա, ինչպես անում էին այդ ժամանակ, Հավրից Նյու-Յորք գնացող առևտրական նավով: Տեղ հասնելով` սկսել էր ինչ-որ բանի առևտրով զբաղվել, գրել էր, որ մի քիչ գումար էր աշխատում և հույս ուներ` փոխհատուցել իմ հորը պատճառված վնասները: Էդմիտքը մեր ընտանիքում խոր հուզմունքի առիթ դարձավ: Ժյուլը, որ չարժեր, ինչպես ասում են, մի շան ոտքի չորս պատյանները, դարձավ ազնիվ ու բարեսիրտ, իսկական Դավրանշ:
Մի նավապետից էլ պատմեց, որ մեծ կրպակ էր վարձել ու լուրջ առևտրով էր զբաղվում: Երկրորդ նամակում, որ ստացանք երկու տարի անց, ասվում էր. «Սիրելի Ֆիլիպ, մի մտահոգվիր առողջությանս համար: Գործերս նույնպես լավ են: Վաղը մեկնում եմ երկար ճամփորդության դեպի Հարավային Ամերիկա: Հնարավոր է՝ շատ տարիներ ինձնից լուր չունենաս: Եթե անգամ չգրեմ, չանհանգստանաք: Կվերադառնամ Հավր փող կուտակելուց հետո: Հուսով եմ` երկար չի տևի, և բոլորս միասին կապրենք երջանիկ…»: Նամակն ընտանիքի ավետարանն էր դարձել: Պատեհ-անպատեհ կարդում էինք, և դեռ ավելին` ցույց էինք տալիս բոլորին: Տասը տարի շարունակ հորեղբայր Ժյուլը ոչ մի լուր չտվեց իրենից, սակայն որքան ժամանակն անցնում էր, Էնքան հայրս ավելի ու ավելի էր հույս փայփայում: Մայրս էլ հաճախ ասում էր.
-Երբ Ժյուլը մեզ օգնի, կփոխվի մեր վիճակը : Վերջապես մեկը, որ կարողացավ գործից գլուխ հանել:
Ամեն կիրակի, նայելով հեռավոր հորիզոնների երկնքում տարածված ծխի սև երիզներին, որ արձակում էին շոգենավերը, հայրս չէր դադարում կրկնել.
-Եթե Ժյուլը դրանց մեջ լիներ, այ քեզ անակնկալ:
Մենք էլ սպասում էինք, որ մի թաշկինակ էր ծածանվելու, և մեկը հեռվում կանչելու էր.
-Օ՜, Ֆիլիպ:
Հազար ու մի ծրագրեր էինք կազմել էդ անխուսափելի վերադարձի հետ կապված, օրինակ որոշված էր, որ հորեղբոր գումարով գյուղական տուն էինք ձեռք բերելու Ինժուվիլի մոտ: Ոչ մի կերպ չէի հաշտվում մտքի հետ, որ հայրս դեռ չէր զբաղվում էդ գործերով :
Մեծ քույրս քսանութ տարեկան էր, փոքրը` քսանվեց: Նրանք ոչ մի կերպ չէին ամուսնանում, և մեծ ցավ էր ընտանիքի համար:
Վերջապես մի թեկնածու ներկայացավ երկրորդի համար: Ոչ շատ հարուստ, բայց պատվավոր ծառայող էր: Միշտ էլ համոզված եմ եղել, որ հորեղբայր Ժյուլի նամակը մի երեկո վերջ էր դրել երիտասարդի տատանումներին և որոշման էր բերել նրան : Մեծ սիրով ընդունեցինք նրան, և որոշվեց` ամուսնությունից հետո ընտանիքը փոքրիկ ճամփորդության էր մեկնելու Ժերսեյ:
Ժերսեյը լավագույն ճամփորդությունն է չունևորների համար: Հեռու չէ : Նավով անցնում ենք ծովը և հայտնվում օտար հողի վրա. այս կղզին պատկանել է անգլիացիներին: Ֆրանսիացին երկու ժամ նավարկելուց հետո կարող է այցելել հարևան ժողովրդին, ծանոթանալ նրա, թերևս, խղճալի բարքերին, բրիտանական դրոշակով ծածկված կղզուն, ինչպես կասեին հասարակ խոսքի մարդիկ:
Ժերսեյ նախատեսված ճամփորդությունը դարձել էր մեր մտահոգության առարկան, միակ սպասումը, մեր բոլոր պահերի երազը:
Վերջապես մեկնեցինք: Հիշում եմ, ասես երեկ լիներ. Գրանիլի կառամատույցի գոլորշին, սարսափած հորս, որը հետևում էր երեք ճամպրուկների տեղափոխմանը, անհանգիստ մորս` չամուսնացած քրոջս ձեռքը բռնած, որը մոլորվել էր, ինչպես իր թխսատեղում մենակ մնացած հավը, և նորապսակներին, որոնք անընդհատ ետ էին մնում. ես էլ հետաքրքրությունից հաճախ գլուխս թեքում էի:
Շոգենավը սուլեց: Ահա և մենք տախտակամածի վրա ենք. նավը, թողնելով քարափը, հեռացավ հարթ ծովի վրայով, որ հիշեցնում էր կանաչ մարմարյա սեղան: Ափը հետզհետե հեռանում էր մեր տեսադաշտից. երջանիկ էինք, հպարտ այն մարդկանց նման, որոնք քիչ են ճամփորդում:
Հայրս փորը մեկնել էր իր թիկնոցի տակից, ինչի վրայի հետքերն առավոտյան խնամքով մաքրել էինք : Շուրջը բենզինի հոտ էր տարածվում, ինչն ինձ նորից բերեց նրան, որ կիրակի էր:
Եվ հանկարծ հայրս նկատեց երկու հմայիչ կին, ում երկու պարոն ոստրե էին հյուրասիրում: Մի ծեր նավաստի՝ ցնցոտին հագին, դանակի պոչով բացում էր խեցիները ու տալիս էր պարոններին, սրանք էլ իրենց հերթին ոստրեները տալիս էին կանանց:
Զգուշորեն ուտում էին` նուրբ թաշկինակի մեջ պահելով խեցիները և ապա մոտեցնում էին բերանին՝ չաղտոտելու զգեստները: Իսկ հետո խմում էին ջուրը և խեցին կամաց նետում էին ծովը:
Հորս անկասկած դուր էր եկել նավի վրա ոստրե ուտելու «ազնվական» կարգը: Մտածեց՝ բարձրաճաշակ մարդկանց է հատուկ և մոտենալով մորս ու քույրերիս՝ հարցրեց.
– Ոստրե չուտե՞նք:
Մայրս տատանվում էր ծախսի պատճառով, բայց քույրերս միանգամից համաձայնեցին: Մայրս անհանգիստ ձայնով ասաց.
-Վախենամ, թե ցավի ստամոքսս: Միայն երեխաների համար վերցրու, բայց չափը մի անցիր, թե չէ կհիվանդանան:
Հետո շուռ գալով իմ կողմը` ավելացրեց.
– Ինչ վերաբերում է Ժոզեֆին, նա կարիքը չունի. սխալ է տղաներին երես տալը:
Եվ ուրեմն մնացի մորս կողքին, չնայած անարդար համարեցի էդ տեսակ խտրականությունը: Հայացքս ուղղել էի հորս. հպարտորեն ուղեկցում էր երկու աղջիկներին և փեսային դեպի ցնցոտի հագած ծեր նավաստին:
Երկու կանայք նոր էին հեռացել, իսկ հայրս ցույց էր տալիս քույրերիս ոստրե ուտելու ճիշտ ձևը` որ հանկարծ ջուրը միջից չհոսեր. նույնիսկ ցանկացավ օրինակ ծառայել՝ ուտելով մի ոստրե: Փորձելով նմանակել կանանց՝ միանգամից ամբողջ հեղուկը թափեց իր թիկնոցին : Ականջներումս մնաց մորս մրմունջը :
-Այ մարդ, ասա՝ հանգիստ քո տեղում մնայիր:
Սակայն հանկարծ զգացի, որ ինչ-որ բան անհանգստացնում էր հորս: Մի քանի քայլ արեց, ակնապիշ նայեց նավաստու շուրջը հավաքված իր ընտանիքին ու շտապ դեպի մեզ եկավ: Ինձ թվաց` շատ գունատ էր և առանձնակի հայացքով էր, որ նայում էր: Կիսաձայն դիմեց մորս.
– Այ քեզ բան. մարդը, որ ոստրեները զատում էր կեղևից , ինչ նման է Ժյուլին:
– Ի՞նչ Ժյուլ,- հարցրեց մայրս:
– Եղբորս, եթե չիմանայի Ժյուլի բարեկեցիկ կյանքն Ամերիկայում, կմտածեի՝ ինքն է, որ կա :
Մայրս սարսափածթոթովեց.
– Գժվե՞լ ես, ինչ է: Դե գիտես որ նա չէ. հիմարություններ ես դուրս տալիս:
– Կլարիս, գնա ինքդ տես, որ համոզվես:
Խեղճ կինը տեղից վեր թռավ ու գնաց քույրերիս մոտ: Ես էլ էի նայում մարդուն: Ծեր էր, կեղտոտ, կնճռոտած, աչքն էլ իր գործից չէր կտրում:
Երբ մայրս եկավ, նկատեցի, որ դողում էր: Շատ արագ խոսեց.
-Ինքն է՝ Ժյուլը : Գնա և նավավարից տեղեկացիր: Միայն թե զգույշ, որ հանկարծ էդ անպիտանը մեզնից չկառչի:
Հայրս հեռացավ, բայց ես գնացի նրա ետևից: Հուզված էի : Կապիտանը` բարձրահասակ, նիհարավուն, երկար մորուքով մի մարդ, զբոսնում էր նեղ կամրջի վրա, խիստ դեմքի արտահայտությամբ, ասես Հնդկաստան տանող նավագնացության գիծն իր ձեռքում լիներ :
Հայրս հանդիսավոր կերպով մոտեցավ նրան` հարցուփորձ անելով նրա գործի մասին և միաժամանակ չմոռանալով հաճոյախոսել:
Ինչո՞վ է հայտնի Ժերսեյը: Ի՞նչ արտադրություն ունի: Որքա՞ն է բնակչությունը: Ի՞նչ ավանդույթներ ու սովորույթներ կան էստեղ: Իսկ բնությու՞նը և էլի շատ ու շատ հարցեր:
Կարելի էր կարծել, թե խոսքն առնվազն Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին էր: Հետո խոսեցին մեզ տանող Էքսպրես նավի մասին, և վերջում բանը հասավ անձնակազմին: Հայրս փոքր-ինչ անհանգիստ տոնով հարցրեց.
-Լսեք, կապիտան, մարդը, որ ոստրեները զատում է կեղևից, որևէ բան գիտե՞ք նրա մասին:
Նավապետը, որ էս տեսակ խոսակցության պատճառով հունից արդեն դուրս էր եկել, կոպիտ պատասխան տվեց.
– Ֆրանսիացի ծեր թափառաշրջիկ է, որին անցյալ տարի գտել եմ Ամերիկայում և հայրենիք վերադարձրել: Բանից պարզվում է` Հավրում բարեկամներ ունի, սակայն չի ուզում վերադառնալ, քանի որ փող է պարտք նրանց: Անունը Ժյուլ է…Ժյուլ Դարմանշ կամ Դարվանշ: Ինչ-որ ժամանակ հարուստ է եղել, բայց տեսնում եք, թե ինչ օրն է ընկել:
Հայրս, ով ամբողջովին գունատվել էր, կոկորդը սեղմելով և խոժոռ հայացքով ասաց.
-Շատ լավ: Չեմ զարմանում: Շնորհակալ եմ, նավապետ:
Իսկ հետո հեռացավ, մինչդեռ ծովայինը շարունակում էր չարացած նայել.
Հայրս այլայված դեմքով դարձավ մորս կողմը: Էդ պահին մայրս ասաց.
-Նստիր, թե չէ մի բան կնկատի :
Վայր ընկավ նստարանին` արտաբերելով.
-Նա է, նա…
Այնուհետ հարցրեց.
-Հիմա ի՞նչ անենք:
– Հեռու տար երեխեքին: Քանի որ Ժոզեֆն ամեն ինչ գիտե, կգնա ետևներից: Բայց զգույշ լինենք, որ հանկարծ մեր փեսան գլխի չընկնի: Հայրս սարսափած մրմնջաց.
-Եվ ինչ աղետ…
-Ես միշտ էլ կասկածել եմ, որ էդ սրիկան ոչինչ էլ չէր անելու ու փորձանք էր լինելու մեր գլխին:
-Էլ ի՞նչ կարելի է սպասել Դավրանշից,-նյարդայնացած հավելեց մայրս :
Հայրս ձեռքը տարավ ճակատին, ինչպես անում էր կնոջ հանդիմանությունների ժամանակ:
Իսկ մայրս դեռ շարունակում էր.
-Հիմա Ժոզեֆին փող տուր, որ գնա և վճարի ոստրեների համար: Էդ էր մնացել, որ մուրացիկը մեզ ճանաչի: Այ թե տեսարան կլիներ նավի վրա: Գնանք նավի մյուս ծայրը. էնպես արա, որ էդ մարդը մեզ մոտ չգա:
Տեղից վեր կացավ, ու բոլորով հեռացան` ինձ հարյուր սու տալուց հետո:
Անակնկալի եկած քույրերս սպասում էին իրենց հորը : Փչեցի, թե մայրս վատ էր զգացել ջրից և հարցրի ոստրեներ բացող ծերունուն.
– Ձեզ ի՞նչ պիտի տանք, պարոն:
Ես ուզում էի ասել «հորեղբայր»:
-Երկու ֆրանկ հիսուն ցենտ,-պատասխանեց :
Մեկնեցի իմ հարյուր սուն, ու ստացա մանրադրամը: Ուշադիր նայում էի նրա ձեռքին, նավաստու նիհար ու կնճռոտ ձեռք էր : Թշվառ դեմքի արտահայտություն ուներ, իսկ մտքումս կրկնում էի.
« Իմ հորեղբայրն է, հորս եղբայրը»:
Տաս սու թեյավճար թողեցի: Չմոռացավ շնորհակալություն հայտնել.
– Աստված քեզ օրհնի, տղա՛ս:
Եվ խոսեց ողորմությանը վարժված աղքատ մարդու նման. իսկ ինչ պիտի արած լիներ Ամերիկայում ՝ մուրալուց զատ : Քույրերս, մեծահոգությունիցս ապշած, ինձ էին նայում:
– Երեք ֆրա՞նկ. անհնար բան ես ասում:
– Տաս սուն թեյավճար թողեցի:
Մայրս վեր թռավ և նայելով աչքերիս մեջ.
– Դու խենթ ես: Տաս սու տալ էս մարդուն, էս ոչնչությանը:
Մի պահ կանգ առավ հորս հայացքից, որն աչքով ցույց էր տալիս փեսային: Հետո բոլորս լռեցինք:
Մեր առջև՝ հորիզոնին, մանուշակագույն ստվերն իր արտացոլումն էր գտել ծովի մեջ: Ժերսեյն էր: Երբ մոտեցանք մատույցներին, բուռն ցանկություն համակեց ինձ մեկ անգամ էլ տեսնել հորեղբայր Ժյուլին, մոտենալ և ինչ-որ քնքուշ ու մխիթարական խոսքեր ասել:
Բայց ոստրե ուտող էլ չկար, նա անհետացել էր. երևի իջել էր նավամբարը, որտեղ և կենում էր էդ թշվառը:
Վերադարձին մենք նստեցինք Սեն-Մալո նավը, որ նրան չհանդիպեինք: Մայրս շատ էր անհանգիստ…
Ես էլ չտեսա հորս եղբորը: Հիմա կհասկանաս՝ ինչու եմ երբեմն հարյուր սու տալիս թափառաշրջիկներին :
Թարգմանությունը ֆրանսերենից՝ Էվրիկա Երիցյանի