Կյանքի հոգսաշատ առօրյայի մեջ ընկղմված չենք էլ նկատում, որ այս մեծ կամ փոքր աշխարհում մի լուսավոր պատուհան կա, որ պատուհանից երևացող երկինք ու ամպեր կան, երկնքում թռչող ծտերի երամ ու երամը լքած մի ծիտ, որ եկել թառել է պատուհանիդ գոգին։ Սա մանկության այն ծիտը չէ, որ շոկոլադ էր բերում, ոչ էլ այն մեկը, որ պարսատիկով սպանել ու սիրտը կուլ էինք տվել։ Սա բոլորովին այլ ծիտ է, որ տանելու է ինձ դեպի ուսանողական տարիներ ու ստիպելու գրիչ վերցնել՝ գրելու մեր Ծիտոյի աներևակայելի թռիչքի պատմությունը։
Թող ինձ ներեն հանրահայտ ֆիլմի հեղինակները կարկառուն վերնագիրը գողանալու համար։ Պարզապես՝ իրադարձությունը, որ վերհիշեցի պատահմամբ, մոլորված ծտի թեթև ձեռամբ, այլ կերպ չկարողացա անվանակոչել։ Գուցե երբևէ մեղադրվեմ գրագողության կամ հեղինակային իրավունքի ոտնահարման համար։ Գուցե այն ժամանակ, երբ գլխի ընկնեն, արդեն վաղուց ավարտած լինեմ իմ երևակայական թռիչքը ու հաջողվի խույս տալ ահեղ դատաստանից։ Ի վերջո, աշխարհի ցանկացած անկյունում, նույնիսկ փոքրիկ Հայաստանում կան կկուներ, որ բնականաբար ունեն բույն։ Բնականաբար, կան մարդիկ, ովքեր ուզում են թռչել այդ բնի վրայով։ Ուզում են թռչել, քանզի մարդու երազելու իրավունքը դեռ ոչ ոք, նույնիսկ ամենաանգութ բռնակալները, չեն կարողացել բեկանել։ Երազիր՝ որքան կարող ես, ու մի օր այդ երազը անպայման կդառնա իրականություն։ Այդ աստեղային ժամը մեր իմացական տիրույթներից դուրս է ու սողոսկում է ամենաանկանխատեսելի պահին, երբ ոչ ոք այլևս չի սպասում։
– Այդ ի՞նչ եք կուլ տալիս,- հարցրել էր Ծիտոն քարերի վրա խմբված սևազգեստ տղաներին,- որ իրենց նորանկախ Հայաստանի համալսարանի սերուցքն էին կարծում ու օրը սպանում տարաբնույթ անիմաստ զվարճանքներով։
– Ցիկլադոլ,- պատասխանել էր ամենաճտպտունը,- խմում ես, ու աղջիկները սիրահարվում են քեզ։
– Այ քեզ բան,- զարմացել էր Ծիտոն։
– Բա, հոպար ջան, հետ ես մնացել գիտատեխնիկական առաջընթացից,- հաստատել էր ամենաճտպտունը։
– Նույնիսկ գեղեցկուհի Սյուզին չի կարող դիմադրել կախարդական հաբի զորությանը,- ասեղը թելել էր մեկ ուրիշ, ոչ-պակաս ճտպտուն սևազգեստ։
– Դե գնա, գնա մտածի Ծիտո ջան, հենց որոշես, արի,- Ծիտոյի ուսին էր թփթփացրել վերջին սևազգեստը։
Ի՞նչ իմանար համալսարանի սերուցքը, որ հումորով արտաբերված նորույթը ու ուսը շոյած թփթփոցը տակնուվրա է անելու Ծիտոյի հոգին, որ արդեն քանի երկար ու ձիգ ամիս սիրահարված է գեղեցկուհի Սյուզիին։ Այ թե ինչ-որ հեքիաթային ճանապարհով կարողանար ճեղքել պատնեշը ու խոստովանել իր զգացմունքը։ Ինչ-որ մի բան, այնուամենայնիվ, խանգարում էր, մի բան, որ զինկոմիսարիատի աշխատակցի որոշմամբ ամրագրվել էր որպես խարան։ Թարսի պես միշտ բարձրահասակ աղջիկներին էր սիրահարվում, որ գնալով ավելի ու ավելի անհասանելի էին դառնում։ Դեռ մանկուց տառապում էր այդ տարօրինակ հիվանդությամբ․ որ մեկի վրա աչք էր դնում, պարզվում էր, որ մի գլուխ իրենից բարձրահասակ է, այնքան ժամանակ, մինչև հասկացավ, որ մեղավորը աղջիկները չեն։ Ու երբ հասկացավ, իրեն սկսեց հետապնդել մի օր թռչելու, գետնից պոկվելու սևեռուն միտքը, այն անխուսափելի օրվա գաղափարը, երբ բոլորին վերևից կնայի ու ստիպված չի լինի վիզը ծռել կամ թաթերի վրա կանգնել։ Այս հոգեկան տվայտանքների մեջ էլ հենց բռնեց ու ընդունվեց ոչ ավել, ոչ պակաս՝ նորանկախ Հայաստանի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։
Ծիտո, Ծիտո, ի՞նչ գործ ունեիր միջազգային հարաբերությունների վերամբարձ ֆակուլտետի հետ, տուրք տվեցիր նորաձևությանը։ Հետո ինչ, որ նոր ենք անկախություն ստացել ու բոլորը ձգտում են իբր կործանումից փրկել հայ ժողովրդի չեղած դիվանագիտության փշրանքները։ Նույնիսկ բանակ չտարան, ասացին, որ խրամատի մեջ կանգնելու դեպքում չես կարողանա կրակել թշնամուն ու ջուր կլցնես նրա ջրաղացին։ Նապոլեոն Բոնապարտի ու նրա ցածր հասակի մասին հիշատակումները միայն քրքիջ հարուցեցին։ Շատ սուր լեզու ուներ զինկոմիսարիատի ներկայացուցիչը, հեշտրեն կարող էր երգիծաբան դառնալ։ «Ի՞նչ արած, բանակ չտարան, ես էլ կդառնամ դիվանագետ ու ջուր կլցնեմ հայրենական ժանգոտած ջրաղացին»,- մտածել էր Ծիտոն։ Հենց` զինկոմիսարիատի սրամիտ ներկայացուցչի ջիգրու։
Համալսարանի հոգեպարար պատերը Ծիտոյին իրենց գիրկն առան որպես ընծա, նման կոլորիտով անձնավորություն ո՞վ չէր երազի ունենալ։ Ոգեշնչման աղբյուր կդառնա ոչ միայն ուսանողության, այլև դասախոսական կազմի համար։ Դասախոսները չեն քննի նրան, այստեղից-այնտեղից զրույց կանեն ու կնշանակեն բաղձալի գնահատականը։ Ծիտոն էլ տակ չի մնա, անգիր կանի դիվանագիտության պատմության խունացած եռահատորյակը ու աջ ու ձախ անխնա շաղ կտա համաշխարհային դիվանագիտական մտքի գոհարները։ Միայն ֆրանսերենի պոետ դասախոսը, ով քնարական բանաստեղծություններ էր գրում, զարմանալիորեն չի հասկանա Ծիտոյի առեղծվածը ու «զաչյոտնիկում» կկախի հավերժական թվացող երկուսը, որ ամեն անգամ երկրորդ, թե երրորդ վերաննքությունից հետո մի կերպ վերածվում էր երեքի ու մեզ պարգևում ևս մեկ երկար ու ձիգ ուսումնական տարի Ծիտոյի ընկերակցությունը ըմբոշխնելու բարեբախտությունը։
– Այսուհետ ոչ մի Ծիտո, միայն՝ «Արամ Սպարտակիչ»,- ամեն տեսնելուց ասում էր մեր դպրոցի խուժան Վարուժը, որ մի անհավանական կերպարանափոխությամբ դարձել էր կուրսի լավագույն սովորողը։
– Միայն մեծ-մեծ խոսում ես, մի օր չեղավ մի լավ տեղ տանես ընկերոջդ, գետնի վրա ինչ շարժվող բան տեսնում ես, հետևից մենակ-մենակ գնում ես,- դժգոհում էր Ծիտոն։
– Մի օր անպայման տանելու եմ,- խոստանում էր Վարուժը,- գնալու ենք Ռիո դե Ժանեյրո ու մեր կլասը ցույց տանք, բայց մի պայմանով՝ պիտի ֆրանսերեն սովորես։
– Դե գլխանց ասա չես ուզում տանես էլի,- քմծիծաղ էր տալիս Ծիտոն կամ էլ Արամ Սպարտակիչը։
Ցիկլադոլի կախարդական ուժի վերաբերյալ սևազգեստ օթյակից սպրդած տեղեկությունը քուն ու դադարից զրկել էր Ծիտոյին։ Ամեն մարդ պետք է պատեհ պահին օգտագործի վերևից ընձեռված հնարավորությունը։ Գուցե այս սևազգեստ տղաները ճիշտ ճանապարհը ցույց տալու ինչ-որ առաքելություն ունեն։ Իսկ եթե հենց սատանա՞ն են, որ կան։ Հազիվ թե, թերևս՝ հրեշտակներ են, ո՞վ է ասել, որ հրեշտակները միայն սպիտակ են լինում։ Ցիկլադոլը կօգնի իրեն համարձակություն ձեռք բերել, գուցե օգնի երկարաոտ աղջիներին հասնելու, ֆրանսերեն սովորելու անհաղթահարելի թվացող և այլ մանր-մունր հարցերում։ Գուցե այլևս չտեսնի իրեն հետապնդող այն մղձավանջային երազը, թե իբր ընկել է դժոխք ու բոլորը առավոտից-իրիկուն ֆրանսերենի պոետ դասախոսի խմբավարությամբ ֆրանսերեն են սերտում։ Եվ վերջապես, հաբը կօգնի հալեցնելու իր և Սյուզիի միջև կարծրացած սառույցը, լցնելու անհատակ անդունդը։ Մեկ-մեկ էլ կարելի է Վարուժի հետ Ռիո գնալ։ Այս մտորումները Ծիտոյին ավելի ու ավելի էին մղում դեպի սևազգեստ խումբ, ում նկատմամբ սկսել էր մի տեսակ հարազատություն զգալ։
– Ծիտո ջան, դու մեր հետ ընկերություն արա, տես ինչ լավ կլինի։ Հենց հաբը կուլ տաս, բոլոր աղջիները կսիրահարվեն քեզ, մանավանդ՝ Սյուզին,- նորից գայթակղում էր ամենաճտպտունը։
– Արամ Սպարտակիչ, այդ սևազգեստների հետ գործ չունես, դու իսկական դեսպանացու ես, իմ հետ ընկերություն արա, դեռ սարեր ենք շուռ տալու,- գոտեպնդում էր Վարուժը։
– Լեզու ունես աշխարհը չունի, օձը բնից դուրս կհանի,- խնդմնդում էր Ծիտոն։
– Մի քիչ համբերի, Ռիո ենք գնալու,-ոգեշնչում էր Վարուժը։
Ճակատագրական առավոտվա նախօրեին Ծիտոն պատահմամբ դիտել էր «Թռիչք կկվի բնի վրայով» ամերիկյան ֆիլմը։ Ֆիլմը ալեկոծել էր նրա առանց այն էլ խռովված հոգին։ Ազատության, կյանքի, վայելքների համար պետք է պայքարել։ Համարձակություն է պետք, խելառություն։ Երբեք չի կարելի հանձնվել, պարզապես պետք է քայլ անել, քայլ դեպի ազատություն, քայլ՝ որ կտանի դեպի երկինք, ուր ամեն ինչ ջինջ է ու կապույտ։ Դեռ փոքր ժամանակ անունը բակում կնքել էին Ծիտո, կնքել էին Ծիտո, որ մի օր թևերը բացի ու թռնի։ Ահա, այդ օրը եկել է․ «Տվեք հաբը, մեկ քառորդը չէ, ամբողջը կուլ կտամ, մեծ բան չէ»։
Ով տեսել է, պատմում է, թե հաբը կուլ տալուց հետո Ծիտոն թևեր է առել, սավառնել համալսարանի երկնակամարով, խտտել բոլոր աղջիկների հոգու ամենագողտրիկ անկյուններում թաքցրած զգացմունքները։ Չափազանցության սիրահարներն էլ հավաստում են, թե աղջիները Ծիտոյի համար գզգզել են իրար, մեկմեկու փետրահան արել ու մազերը փետել, Ծիտոն էլ իբր հորդորել է չանհանգստանալ` բոլորին էլ հերթ կհասնի։ Հետո էլ իբր ֆրանսիացի հայտնի բանաստեղծներից մեկի մի երկարաշունչ պոեմ է արտասանել ու արժանացել պոետ դասախոսի ու ուսանողության հոտընկայս ծափահարությանը։ Այնպես են ծափահարել, որ երկինքն ու ոտքերի տակի հողը սկսել է երերալ։ Ես Ծիտոյին տեսել եմ քիչ ավելի ուշ, երբ տոնախմբությունից հոգնած` ճոճվելով դեպի ինձ էր գալիս, ձեռքերը բացած փորձում էր հասնել ու կառչել փրփուրներից, բայց երերացող երկինքն ու հողը հույս չէին ներշնչում, թե կկարողանա ոտքի վրա մնալ ու բերանքսիվայր գետնին չտապալվել։ Հիշում եմ ուշագնաց Ծիտոյի գլխին խմբված ուսանողներին, որ թփթփացնում էին այտերին ու ջուր շաղ տալիս դեմքին։ Հստակորեն հիշում եմ փողոցի հեռախոսախցիկը, թևերիցս կախված սևազգեստներին, որ փորձում էին դատապարտել բժիշկ կանչելու իմ ապարդյուն թվացող ջանքերը։ Ոչ հաբը, ոչ բժիշկները, ոչ սևազգեստները ոչինչ չեն որոշում։ Ինչ լինելու է, կլինի։
Կուրսի տղաներով այդ գիշեր թող հիվանդանոցի բակում անցկացնենք։ Թող լուսադեմին բժիշկը ավետի, թե Ծիտոյի նկատմամբ բարեգութ Տերը ողորմած է գտնվել ու ֆրանսերենի դասերի դժոխային ճիրաններից փրկել նրան։ Ժամանած ոստիկանությունն էլ թող զուր փորձի վերծանել մի բարի պառավի, գլխացավի ու ընծայած դեղահաբի մասին անհավանական հեքիաթը։ Միևնույն է` քննիչի «Գյուլնազ տատի հեքիաթները մի պատմի» հանդիմանությանը հակառակ Ծիտոն անդրդվելի է մնալու ու անկապ շպրտելու է. «Դուք գործից բան չեք հասկանում, գնացեք Մաքիավելի կարդացեք»։
Վարուժ, դու Վարուժ, ասում էինք չէ՝ լեզու ունես, օձն էլ բնից կհանի, դե քեզ տեսնենք։ Դե խոստումդ կատարիր, գործի դիր մեղրածոր լեզվիդ մոգական հմայքը ու բարետես բուժքրոջը բացատրիր մարդկային երազի, մի անգամ հեռավոր Ամերիկայում, թե այլուր կկվի բնի վրայով ճայթած անհավանական թռիքչի, խոստումների կատարման կարևորության մասին։ Բարետես ու երկարասրունք բուժքույրն էլ թող ջոկող աղջիկ դուրս գա ու կես խոսքից հավուր պատշաճի ըմբռնի պահի լրջությունը։ Իսկը` թուշը պաչելու աղջիկ։ Տղամարդ դարձած Ծիտոն էլ թող հաջորդ առավոտյան հիվանդանոցից երանության ժպիտը դեմքին դուրս ճեմի ու բակում խմբված տղաներին զվարթ ողջունի․
– Բոնժուղ, տղերք։
– Բոնժուղ Ծիտո ջան։ Ճամպրուկդ կապի, գնում ենք Ռիո։