ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ | Ճյուղեր- տերևներ

Ալիս Հովհաննիսյան

«Գրանիշ» կայքը սկսում է հրապարակումների նոր շարք: Հաջորդաբար մեր ընթերցողներին ենք ներկայացնելու ՀՀ պետական մրցանակի առաջադրված գրքերից հատվածներ` նպատակ ունենալով ընթերցող հասարկությանը ավելի լայն հնարավորություններ տրամադրելու`այսօր ստեղծվող և պետական մրցանակի հավակնող գրականությանը ծանոթանալու, գնահատելու և արժևորելու: Մյուս կարևոր նպատակը` պետական մրցանակների ներկայացված գործերը փակ, ներքին քննարկումների ոլորտից առավել տեսանելի, հանրային ոլորտ տեղափոխելն է:

ՀՀ պետական մրցանակի հավակնորդ առաջին գիրքը, որ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը Ալիս Հովհաննիսյանի  «Ճյուղեր- տերևներ» (կիսաֆանտաստիկ վեպն) է:

ԳԼՈՒԽ 2 1987 թ., 30 մայիսի


Երբ մտա «մեր փողոցը», «մեր տան» պատուհանից լույս էր երևում… Սիրտս թրթռաց…
Լուկինոն ու Անդրյուշը միասին բաց արին դուռը, գրեթե գրկած ինձ բարձրացրին սանդուղքներով, ներկայացրին Արտուրոյին.
-Ահա Շուշանը։
Ժպտաց.
– Հենց այսպիսին էր նա իմ երազում, որ տեսա կեսգիշերին, Մատենադարանի ընթերցասրահում, երբ ննջել էի Շուշանի մասին պատմող ձեռագրի վրա։
Ձկան պահածոն ու բադրիջանի խավիարը անուշ անելուց, սպիտակ գինի ու «Ջերմուկ» խմելուց հետո՝ երկար գիշերը բուխարու մոտ վայելելու պատրաստվող անգլիացիների նման ընկղմվեցինք բազկաթոռների մեջ, սեղմեցինք ձայնագրիչի կոճակը…
Սենյակում տարածվող կանացի մեղմ ձայնը պատմում էր…
«… Կանգնել եմ շվարած… Նրան թողած՝ նայում եմ բզզալով պատեպատ զարնվող հսկա ճանճին…
Հեգնո՞ւմ է ինձ իմ ճակատագիրր։
Առավոտից պատրաստվում եմ նրան տեսնելու, մեկմեկու ետևից փորձել եմ նրա ուղարկած շքեղ զգեստները, աշխարհի շուկաներում նրա ընտրած զարդերն ու հարյուր անգամ արդեն մտքով հայտնվել այս դահլիճի դռների մեջ՝ հանգիստ, անբռնազբոս, այստեղ գտնվող բոլոր մեծամեծները հարյուր անգամ արդեն հառաչել են հիացմունքից, և ահա իսկապես մտել եմ դահլիճ, կանգնել եմ դռների մեջ, նայում եմ ինձ ծանոթ այրերին, տիկնանց, թեթևակի խոնարհում գլուխս, բայց տանջալի զգացում ունեմ, թե մի կարևոր բան բացակա է այստեղ։ Բզզացող ճանճը մտքիս մեջ արթնացրել է երեկ միջնաբերդի աղբյուրի մոտ փռված կենդանի լեշամարդու պատկերը, որի բաց վերքերի վրա խռնվել էին խոշոր ճանճերը։ Իմ հսկա ձիու թամբի բարձրությունից տեսա այդ կենդանի դիակի՝ ինձ ուղղված խորամանկ ժպիտը։ «Տե՞ս, ասում էր նրա լկտի հայացքը, իմ գիշատված մարմինն է քո աչքի առաջ, կարո՞ղ ես քաղաքի պարիսպներից դուրս գալով՝ գեղեցիկ բնության մեջ մոռանալ ինձ»։
«Ո՞վ է սա»,– հարցրել էի ձիուս երկու կողմերից վարգող Ռուբեն ու Վրվեռ իշխանիկներին։
«Հորդ զինվորն է,– պատասխանել էր Ռուբենը,– տուն ունի, այգի, հայրդ ռոճիկ է նշանակել, բայց տանը ապահով ապրելուց գերադասում է այսպես շնթռել փողոցներում՝ ի տես բոլորի»։
«Մի բա՛ն արեք սրա համար,– ասել էի,– ես էլ կաղոթեմ, որ Քրիստոսը նրա հոգում վառի իր կանթեղը, վտարի խավարը»։– Բայց Հիսուս Քրիստոսի անվան առաջ ամոթ էի զգացել այս լեշակույտի խորամանկ հայացքի համար, նաև իմ հոգու անկատարության, որ խորշում եմ ուրիշի տառապանքը տեսնելով։ Կեղծիք չի՞ լինի Նրա առաջ իմ խորշանքի մասին լռելը և կամ բնության գրկում նիզակներից խոշտանգված սրա վերքերը մոռանալը։
Անխռով տեսքով սկսում եմ կատարել իմ շրջանը, բայց զգում եմ, որ ամենագլխավորը չկա, թեև ոչ մի կերպ չեմ ըմբռնում, թե ի՞նչ է այդ։ Ասես քնից լրիվ չեմ արթնացել։
Աղջիկս, հո խռոված չե՞ս ինձնից։ Համբուրի՛ր հորդ։
Հայրս արդեն նկատել է շփոթությունս, վեր է կացել գահավորակից, ձեռները լայն տարածած, մոտեցել է ու իրենով փակել ճանապարհս։
Արյունը խուժել է քունքերս, կաս-կարմիր եմ կտրել։ Ներկաների մեջ նորից, այս էլ քանիերորդ անգամ չեմ նկատում հորս։ Կարծես նա չկա։ Մոռացել եմ նրա գոյությունը։ Բայց առավոտյան ինքս էի լուր ուղարկել, թե ուզում եմ գնալ իր մոտ՝ պալատ։ Լուրը տանողի հետ ուղարկել էր Անի քաղաքում իր նմանը չունեցող հանդերձանք, զարդեր, ձիեր, իր շքախումբը։ Ամոթահար, ասես երազում, համբուրում եմ նրա այտը ու մոտենում ձեռքով կզակը սեղմած, բայց իր սովորական ձիգ, վայելուչ տեսքով ողջունելու պատրաստ Ռուբենին։
– էլի՞ ատամդ։
– էլի, Շուշա՛ն, քույրիկս, չե՞ս աղոթի այն անգամվա նման, պայծառափայլ վհուկ։
– Լա՛վ, մինչև իրիկնամուտ ատամնացավ չես ունենա։– Խոսում եմ, բայց երեկվա լեշամարդն է մտքիս մեջ…
– Մինչև իրիկնամո՞ւտ, ավելի շուտ չի՞ լինի…
֊Ուզում ես հենց այստեղ ծնկի գամ, աղոթե՞մ քո ատամի համար։ Չե՞ս տեսնում, առանց այն էլ նորից նեղացրի նրան…
– Դու նորից հորդ չնկատեցիր, հա՞։ Իմ ձայնը դողում է.
– Նորից…
– Աղերսում եմ քեզ, քույրի՛կս, թո՛ղ իմ ատամնացավը, դարձյալ փորձիր աղոթել նրա կործանված հոգու համար։ Քո աղոթքները զորավոր են։
– էհ, հոգիս, Քրիստոս ինձ արժանի չի տեսնում այդ շնորհին։ Ես ի՞նչ եմ, որ աղոթքով հայրենիքս փրկեմ։ Իմ աղոթքներին հույս մի’ դնիր։ Հույսդ դի՛ր ա’յ սրան։ (Լուկինոն ենթադրում է, որ Ռուբենն այստեղ ձեռքով սեղմում է թուրը, ձգվում որպես զինվոր։ Արտուրոն նաև ինչ-որ ակնարկ է ուզում տեսնել, գուցե դավադրությո՞ւն է կազմակերպվում մեկի դեմ, որին պալատում շատերը չեն սիրում։ Այդ մեկը, երեք այրերի համատեղ ենթադրությամբ, ոչ այլ ոք է, քան Վեստ Սարգիսը` Բագրատունյաց արքունիքում խիստ մեծ ազդեցություն ունեցող Գրիգոր Բջնեցու փեսան։ Նրանց կռահումները հաստատվելու են։ Ես Վեստ Սարգսի աղջիկն եմ, այն դարում իմ անունը էլի Շուշան է։ Գրիգոր Բջնեցին իմ մայրական պապն է։ Լուկինոն ենթադրում է, որ աղջիկը նույնպես չի սիրում Վեստ Սարգսին, նույնիսկ մասնակից է դավադրությանը։ Անդրյուշն ասում է՝ իր կարծիքով դա զուտ կանացի շաղակրատանք է։ Որտեղից որտեղ այս միտքն ինձ խոցում է։ Միտքս սկսում է լարվել)։ Մի՞թե ճակատս կնճռելով, նյարդերս պրկելով ինձ կհաջողվի վերհիշել չորս օր առաջ տեսածս երազը, որպեսզի կորզեմ ճշմարիտ վարկածը։ Ինձ թվում է՝ այն ավելի վեհ ու խորհրդավոր մեկնություն պետք է ունենա։ Լուկինոն կամացուկ օգնության է հասնում ինձ. «Շուշա՛ն, դու շա՞տ ես սիրում հորդ»։ «Հորս սկսում եմ շատ սիրել, երբ սկսվում են նրա ստամոքսի խոցի սուր նոպաները։ Սարսափահար եմ լինում, որ մեկընդմիշտ կհեռանա ինձնից։ Համոզված եմ, որ ծնողներից գոնե մեկի կենդանությունը պարտադիր է յուրաքանչյուր մարդու համար։ Բայց մեռած մորս հետ ավելի եմ կապված, քան կենդանի հորս»։ Լուկինոն խորամանկ նայում է ինձ, սպասում է, որ բարձրաձայն ասեմ, թե ոնց եմ հաճախ մոռանում հորս գոյությունը, թեև նույն տան մեջ ենք ապրում։ Աննկատ դառնալը հորս որոշումն է։ Համոզվելով, որ կյանքի նրա համտեսումների համեմատ կանացի քաղաքականությունս շատ թերի է զարգացած, նախ ինքս սկսեցի ինձ ստվերում պահել։ Կարծես արդեն մեկընդմիշտ որոշել ենք հանգիստ թողնել մեկմեկու։
Գերադասում եմ ոչինչ չասել։
Իմի փոխարեն ձայնագրիչից հնչում է Ռուբեն իշխանիկի մտահոգությունը վերարտադրող աղջկա ձայնը.
-Գուցե դու ատո՞ւմ ես նրան, գուցե արհամարհո՞ւմ ես։ Ասա ինձ, ի՞նչն է պատճառր։
-Իմ ատելությունը նրա նկատմամբ վերացական է։ Ուղղակի չեմ տեսնում նրան… Կարծես թե ինձ համար գոյություն չունենա…
Ինքս ինձ վրա բարկացած, որ չեմ կարողանում լուծել Ռուբենի առաջադրած հանելուկը, ուղղակի հարցնում եմ նրան լեշամարդու մասին։ Ռուբենը շփոթահար նայեց շուրջը, հայացքով գտավ պատպատ զարկվող հսկա ճանճը, սկսեց հետևել նրան։
– Ասա՛, ի՞նչ արիք նրան։
-Ես ՜ ոչինչ։ Մինչև ես քո ասածի համաձայն մի բան կմտածեի, Վրվեռը…
– Ի՞նչ,– իմ ձայնը սարսափ էր արտահայտում։ Ռուբենը շշուկով շարունակում է.
– Գիշերով փողոցում, սպանել ու թաղել է նրան ասորիների գերեզմանատանը։
-Մեղա Տեր,– խաչակնքում եմ,– Տեր Հիսուս Քրիստոս…
– Եթե հայրդ իմանա, Վրվեռին…
– Սսս,- արգելեցի նրան։ Նա չպետք է իմանա։
Խրոխտ ճեմելով նորից մոտենում եմ հորս, վերցնում եմ ձեռքը, հպում այտիս ու ստում.
– Հայր, Վահրամ պապիս համհարզ է հարկավոր ՝ մի քաջ պատանի։ Երեկ ուզում էր Վրվեռին իր հետ վերցնել զինավարժությունների։ Վրվեռն ասաց, որ առանց քո թույլտվության չի կարող հեռանալ Անիից։
– Իհարկե պապդ խոժոռվեց ու ասաց, որ չի սիրում ճորտամիտներին, թքեց ու հեռացավ,- ասում է հայրս քմծիծաղով։
-Ոչ,-շարունակեցի ստել,– մեծ պապին դուր եկավ տղայի տիրասիրությունը։
-Եթե դու քաջ ասելով ի նկատի ունես, որ այդ թոնդրակյան աղվեսը մթան մեջ գողեգող սպանել է իմ առանց այն էլ սպանված քաջարի զինվորին, ու ներում ես նրան, ապա թող ուղևորվի պապիդ հետ,-մոտ է կանչում Դավիթ հարյուրապետին և ցուցադրաբար, հայտարարելու պես ասում,-հետաձգի՚ր Վրվեռ իշխանի դատը, սպարապետը նրան շնորհ է արել իր համհարզը դարձնելու։
Լուկինոն անսպասելիորեն անջատեց ձայնագրիչն ու սկսեց ա– րագախոսել.
-Ո՞վ է այս Վրվեռը, դու գիտե՞ս, Շուշան։
-Նա թոնդրակյան պարագլուխներից էր։ Լաստիվերցին գրում է, որ նրա եղբայրը թագավորի մտերիմներից է եղել, մի անգամ Վրվեռին փրկել է մահապատժից, բայց հետագայում խարանվել է աղվեսադրոշմով։ Բայց որ ինքն էլ ելումուտ է ունեցել պալատ, կարծեմ վկայություն չկա։
– Մինչդեռ խեղճ տղան մինչև ականջների ծայրը սիրահարված է եղել քեզ։
Իմ ձայնը շարունակում է խաղաղ, ասես քնի մեջ. «Այսօր Հայոց աշխարհը փորձում է հատել աշնան թագավորության շեմը։ Ողջ ամառվա ընթացքում մենք պապիս շքախմբով սարեր բարձրացանք, թափանցեցինք մեր երկրի հեռավոր անտառների թավուտները, մնացինք հորդառատ անձրևների տակ, ձիերի հետ քաղեցինք անուշահոտ ծաղիկներ, նրանց պես ծամեցինք սինձի տերևները… դեռ մնացել է հևքը, որ զուր չանցնի մեր երկրի տնկախիտ, կանաչազարդ, տերևալից, պտղաբեր, գեղեցկաշուք ու երջանիկ ամառը, որ այս տարի ևս դրախտ էր… որում իշխանները զվարթատես դեմքով բազմում էին գահին, իսկ նրանց առջև, գարնանաբեր երփնավառ ծաղկանոցների նման, երգ ու զրույցների հանդեսներ էին միայն լինում, ուր փողերի ու ծնծղաների և այլ երգարվեստների ձայները մարդկանց սիրտն ու հոգին համակում էին ուրախությամբ ու բերկրանքով, աթոռակներին նստում էին ծերերը՝ պատվական ու փառահեղ ալիքներով զարդարված, իսկ մայրերը մանուկներին գիրկն առած, մայրական գութով տոչորուն, անհուն բերկրանքից մոռանալով երկունքի ցավերի տխուր ժամանակը՝ աղավնիների նման իրենց նորափետուր ձագուկներով էին միշտ հրճվում։ Հապա առագաստում գտնվող հարսների, փեսաների սիրառատ ու հրաբորբոք անզուսպ ցանկություննե՞րը… Բայց քանի որ մեր երկրում Աստված տարվա բոլոր չորս եղանակների միջև հավասար բաշխել է բարիք արարելու իրենց բաժինը, անցավ ամառը, կանցնի և աշունը, և ձմեռը, և կգա ամեն ինչին նորից սկիզբ դնող գարունը»։ Այստեղ իմ ներհուն ձայնն ընդհատում է Անդրյուշը։ Նա զգուշորեն, կարծես ինձ քնից արթնացնելուց վախենալով, ասում է. «Լուկինոն ինձ ասել է, Շուշա՛ն, որ չպետք է քեզ թույլ տամ շեղվել»։
– Զարմանում եմ, Անդրյուշ, թե ինչպե՞ս ես կարողացել այսքան հավատարիմ մնալ իմ ցուցումներին։ Ինչով ուզում եք երդվեմ, ես չէի կարողանա այս բանաստեղծական զեղումն ընդհատել։
– Սրանք գրեթե բառ առ բառ Լաստիվերցուց են,– հիշեցի ես,– կարող եք բացել գիրքը, ստուգել։
– Շատ բնական է, որ այն ժամանւսկվա շնչով կրթված հայ օրիորդը անգիր իմանար այս տողերը, ինչպես որ հիմա գիտեն Տերյանին։
-Ահա շարունակությունը։
Մի ջահել ձայն խոսում էր իմաստուն պառավի նման.
«Եթե երբևէ հիացումն ինձ այցելել է իր ամենակատարյալ կերպով, դա եղել է աշնան այն արևաշող օրը, երբ Գագիկ արքան, Պետրոս կաթողիկոսի օծումն ստացած, վճռել էր միայնակ, առանց շքախմբի դիմել միջնաբերդ՝ հորս հետ անձամբ տեսակցելու ու խոսելու։ Հայրս նրա՝ Հայաստան մտնելու օրից կատաղած առյուծի նման չափում էր պալատի սրահներն ու չէր խոսում որևէ մեկի հետ։ Գագիկին տեսա բարձր պատշգամբից։ Արքան սրընթաց վարգով գալիս էր դեպի պալատ։ Ոչ մեկի մտքով չէր անցնում, թե դա արքան է, կարծում էին՝ նրա պատգամախոսը կլինի։ Հայրս, ձեռը ճակատին, դիտում էր, իսկ նրա կողքին կանգնած նետաձիգը հապաղում էր դեռ՝ սպասելով հորս նշանին։ Կայծակի արագությամբ հարձակվեցի նետաձիգի վրա, մի կողմ հրեցի նրան։ Սա անսպասելիությունից պարկի պես տապալվեց։
-Սա Գագիկն ինքն է, հա՛յր։-Նա հարցական նայեց ինձ, թե դրանով ինչ է ուզում ասել իր սիրելի վհուկը։– Հա՛յր, սա Գագիկն ինքն է։ Ընդունի՛ր նրան ու լսի՛ր։ Կատարի՛ր նրա բոլոր պահանջները։ Հակառակ դեպքում քեզ կուրություն ու խլություն է սպասում։
Կուրության ու խլության մասին ինձ Սուրբ Հոգին ոչինչ էլ չէր թելադրել, այլ միայն մի բան՝ որ այս ոսկեփայլ, սքանչատես մարդը չի կարող թագավորի պատգամախոսը լինել, նա հենց ինքը ՝ արքան է։ Սիրտս ալեկոծվում է, չեմ համբերում պապիս ու մեծ պապիս տեսնելու ու նրանց անզգուշության մեջ մեղադրելու համար։ Բայց եթե նրանք հավանություն են տվել Գագիկի մենակ պալատ գալու և հորս հետ անձամբ խոսելու որոշմանը, ուրեմն մի շատ ավելի կարևոր բան են իմացել, որին իմ կանացի միտքը չի կարող հասու լինել։ Իսկ եթե պայծառատեսությունն այդ պահին ինձ լքե՞ր… հենց միայն այս սքանչելի տեսարանին ականատես լինելուց»։
-Ուզում եմ հասկանալ,-խոսեց Արտուրոն,– թե ի՞նչն էր ստիպում Վեստ Սարգսին՝ անմեղ կերպարանք ընդունած լսել Գագիկի հուզավառ ճառերը։ Նա նույնիսկ հավատարմության երդում տվեց արքային, նրան հանձնեց պալատն ու որոշեց հեռանալ Սուրմառիի իր ամրոցը, ուր ամենայն հավանականությամբ փոխադրել էր արքայական գանձերի մեծ մասը։
-Գուցե կուրության ու խլության սպառնալի՞քն էր վախեցրել։
– Երևի շատ առիթներ էր ունեցել համոզվելու, որ դստեր գուշակությունները իրականանում են։ Այս անգամ էլ շնորհակալ էր Շուշանին,-գյուտարարի նման փայլում են Անդրյուշի աչքերը,– կուզենար իր հետ տանել նրան, որպեսզի նրա միջոցով իմանա իրեն սպասվող անցքերը, բայց աղջիկը հրաժարվել է։ (Ձայնագրելիս Անդրյուշը մի անգամ արդեն լսել էր, տեղյակ էր իմ խոսքի հետագա ընթացքին)։ Նա կարող էր պատճառաբանել, թե տարվա այդ եղանակին իր առողջությանը վնասակար է Սուրմառիի օդը… Կամ նման մի բան…
Մնաց մեծ պապի հետ պալատում։
Միտքն ավարտելով՝ սեղմեց ձայնագրիչի կոճակը։
«Եթե երբևէ տղամարդու գեղեցկությունը շլացրել է ինձ, ապա դա եղել է աշնանային այն օրը, երբ իմ ու արքայի հայացքները դիպան իրար։ Մեր նայվածքների բախումից առաջացած լույսը ցոլքերով տարածվեց հոգսաշատ պալատի բոլոր անկյուններում։ Բոլորը հուզավառ են, շփոթված դեպքերի նման սրընթաց բնույթից»։
Լուկինոն անջատեց ձայնագրիչն ու շտապեց լսել եղբոր եզրահանգումը.
– Բոլորը համոզված էին, որ առկա է հողը, որի մեջ ընկած սեր ու պետական շահ ամփոփող սերմը խաղաղությամբ կծլարձակի կդառնա Բագրատունյաց թագավորության կենաց ծառ։ Վեստ Սարգիսը պետք է համաձայն լիներ քամիների նման բարեհաջող ընթացքին։ Ինքը Սուրմառիում կարող էր զվարճանալ ընկերների, ցոփուհիների հետ։ Աշխարհն ըստ իր պատկերացումների վերաձևելու մարմաջը նրա մեջ կարող էր թմրել ու որոշ ժամանակ այդպես թմրած մնալ։
Երբ ձայնագրիչը նորից միացրին, ձայնս մի տեսակ հոգնած էր ու պաղ.
Մոտենում է ձմեռը։ Նշանակում է՝ իմ մեջ, գիշերով քուն մտնելու պատրաստվող պալատի պես մեկ առ մեկ մարում են բոլոր լույսերը…
– Դու քո հիացումի մասին էիր խոսում֊ հեռվից հեռու լսվեց Անդրյուշի ձայնը։
Խորունկ դադար, ապա նորից լսվում է աղջկա խուլ ձայնը.
– Մոտենում է ձմեռը, իսկ սա նշանակում է, որ Վեստ Սարգսի դուստրն օր օրի կորցնում է դեռ մի քանի օր առաջ իրենից հորդացող ուրախությունը։ Տեսնում է, թե օր օրի որքան սովորական է դառնում իր տեսքը Գագիկ արքայի աչքին, ընկճվում է նրա հոգին։ Արքան էլ իր համար է ձեռք բերում հասկանալի, մարդկային, ճանաչ գույներ։ Նրա տեսությունից էլ չի բոցավառվում հոգիս։ Արքան մոտենում է, բռնում է ձեռքս, նայում աչքերիս, բայց որքան էլ բյուգանդական պալատներում սովորած լինի կանանց աչքերում կանաչ կրակներ բորբոքելու արվեստը, իմ առաջ անզոր է դառնում, ընկճվում է՝ ինձ նման չհասկանալով ոչինչ։ Ի՜նչ իմանա 18-ամյա պատանին, որ աղջկա սրտում միանգամից չի կարող մեռած լինել այն ամբողջ լույսը, որ աշնան պայծառ, տաք երեկոներին իրենով մի ամբողջ պալատ էր լիացնում։ Հարկավոր է, որ մի փոքր ուռցնես այտերդ, սեփական թոքերիցդ եկող օդը փչես նրա մեջ անթեղված կրակի վրա։ Ամեն օր խեղճացած, համառորեն կանգնում եմ նրա դիմաց, սպասում, հուշում եմ նրան, թե ինչպես վարվի հարսնացու աղջկա հետ՝ իր դեռափթիթ կյանքի, շողշողուն գույները, զանգակի պես հնչուն ձայնը վերագտնելու համար։
Գիշերներով մահճիս մեջ սիրուց տապակվելով՝ լսում եմ նրա հեռավոր սենյակից եկող սրտի հառաչանքը, կարդում եմ մտքերը. «Եթե ես նրան անգին գոհարներ նվիրեմ, կարո՞ղ եմ արդյոք խնդացնել նրա հոգին։ Բայց չեմ ուզում, որ գոհարի տեսքը նրան ավելի մեծ ուրախություն պատճառի, քան իմը։ Եթե ոտներն ընկնեմ, աղերսեմ իր սերը, գուցե նվաստ ու անզոր կարծվեմ նրա կողմից։ Եթե գոռ տեսք ընդունեմ ու հրամայեմ հարսանիքի պատրաստություն տեսնել, և մինչև հանդիսության օրը չբարեհաճեմ նայել վրան, կկոտրեմ նրա սիրտը։ Եթե անգամ սիրի, իմ մեջ բռնակալին չի սիրի։ Եթե լուր հասցնեն նրան, որ ես իրեն թողած ուրիշ կանանցով եմ ուրախանում, կվիրավորեմ նրան, ու եթե անգամ ծնկի գա իմ առաջ, իմ պատ-կերը եղծված կլինի նրա հոգում։ Ի՞նչ անեմ, Տե՜ր Աստված։ Դու ինձ օգնական»…
Ինչպե՜ս եմ սիրում նրա ազնիվ հոգին՝ այս մտքերը լրտեսելով, ինչպե՜ս եմ ուզում, որ նա մեկը մյուսի ետևից կիրառի իր մտքի մեջ ւցտտվող բոլոր ճարահատ հնարքները։ Ինչպե՜ս եմ ուզում, որ նա մերթ տրորի ինձ, ու մերթ ոտներս ընկնի, միայն թե ինձնից այս հարցում օգնություն չսպասի, ինձնից՝ անճարիցս, ինձնից ոչինչ չունեմ պեղելու, անօգ եմ, խե՜ղճս, ինքս եմ կարոտ փրկության…
Իմ ամուլ միտքը կանգ առավ անհեթեթ մի տեղում. «Թող նա ինձ գոհարներ նվիրի»։ Մյուս օրն է ահա, հագնում եմ Դամասկոսից բերված շքեղ հագուստս, շպարում գունատ դեմքս, անհոգություն կեղծելով՝ քայլում եմ մինչև արքայական սենյակը, որտեղ հավաքի են արդեն բոլոր մեծամեծները։ Ներկաների մեջ հայացքով փնտրում եմ մեծ պապիս ժպիտն ու դրանից կառչած, դրանով ամրացած, մոտենում եմ արքային, թեթևակի գլուխ տալիս, ժպտում։ Մոռացել եմ, թե ինչ էի սպասում նրանից։ Գիտեմ, որ պետք է կանգնեմ այնքան, մինչև նա ելնի գահավորակից, ինձ ինչ-որ բան տա։ Ելել է արդեն, կանգնել ինձ հանդիման, նայում է աչքերիս, փորձում է ժպտալ, բայց չի կարողանում։ Աարսափով գլխի եմ ընկնում, որ նա էլ չգիտի, թե ես ինչ եմ սպասում իրենից, չեմ կարողացել գոհարների մասին համաձայնությունս կախարդանքով հասցնել մինչև նրա հեռավոր սենյակը։ Շինծու ժպիտս է խանգարում նրան տեսնել իմ սերն ու կռահել սրտիս ցանկությունը։ Մղվում եմ դեպի ինձ համար պատրաստված գահավորակը, հասկանում եմ, որ այս անգամ էլ կորցրի նրան։
Հիմար ժպիտը դեմքիս՝ դիտում եմ շուրջս, տեսնում բոլորի և պապիս հիացմունքով լեցուն աչքերը ու զարմանում, թե այս ամենատես մարդիկ, իմ ամենազգաց պապը ինչպե՞ս է, որ չի ընդհատում իմ անհաջող խաղը, չի բռնում ձեռքիցս, չի տանում դուրս, դեպի արձակ մրցասպարեզները, որտեղ մենք, չնայելով ուշ աշնան շնչին, կարող ենք ձիավարժությամբ զբաղվել։ Թող արքան ինձ այնտեղ տեսնի, այնժամ կհասկանա իմ անկաշկանդ մարմնի, իմ ազատ հայացքի ուժը։ Սկսում եմ մեծ պապիս՝ ինձ դուրս հրավիրելու նշանին սպասել։ Բայց ո՞ւր է կորել այս մարդու՝ ծոռնուհու հոգին կարդալու ունակությունը, ինչո՞ւ է հապաղում ձեռքիցս բռնել ու ինձ դուրս տանել, ինչո՞ւ է դեռ ժպտում խորամանկ, չարաճճի հայացքը փոխադրում ծոռնուհուց արքայի, արքայից ծոռնուհու վրա։
Դահլիճում մարդիկ սկսում են տեղաշարժվել, մոտենալ միմյանց, խոսակցել… Նստած եմ սառած, անէացած, դեռ հույս ունեմ, թե ահա ուր որ է արքան կմոտենա, գաղտնապես ինձ կհանձնի թանկագին գոհարը։ Սպասում եմ, որ մեծ պապս վերջապես կգա, կառնի թևս, ինձ կուղեկցի այս սրահից դուրս։ Մոտենում է Ռուբեն իշխանն ու գլուխ տալով ինձ է մեկնում մի փոքրիկ տուփ։ Ուղեղիս մշուշում նույնանում են արքան, Ռուբենը, արքայի՝ ինձ հանձնելիք գոհարը, Ռուբենի՝ անապատից բերած շքեղ բզեզը։ Իմ սիրելի այս երեք մարդկանցից ոչ մեկին չի հաջողվել գուշակել իմ սրտի ցանկությունը, որ ընդամենը մի գոհար էր…
Այս անգամ ինքս սեղմեցի ձայնագրիչի կոճակը։
Անդրյուշը ներողություն հայցող հայացքով ինձ է նայում։ Լուկինոն հասկացել է, որ մեր միջև իրեն անհայտ մի բան է տեղի ունեցել։
Այդ օրն ինձ Անդրյուշը ուժով էր արթնացրել։ Ինձ գրկած՝ ապտակում էր, երբ նրան ասացի.
«Դու Գագիկն ես, ինչքա՜ն եմ սիրում քեզ, մի՜ տանջիր»… «Մի՞թե նման եմ Գագիկին»,– ասել էր նա՝ ինձ իրեն սեղմելով։ «Միայն թե նա պատանի է ու գեղեցիկ է իմ տեսած բոլոր այրերից»…
Դրանից հետո իմ պատմածների մասին ոչինչ չեմ հիշում, ինձ համար պարզ դարձավ մի բան, որ չէի ուզենա իմանալ։
Անդրյուշը վերադարձել էր ուշ երեկոյան, երբ ես նստած ստուգողականներիս արդյունքներն էի գրառում։ Ներս մտավ պայծառ, երջանիկ կերպարանքով։
-Արի այսօր զվարճանանք,– ասաց իմ վաղեմի պաշտամունքի առարկան։-Իմ տրամադրությունը շատ բարձր է։ Կարո՞ղ է մեր բարեկամների փորձերն են ինձ այսպիսի ոգևորության հասցրել, թե՞ մի ինչ-որ նախնադարյան գաղտնիք է իրեն զգացնել տալիս։ Չոքել էր իմ առաջ և միջնադարյան ասպետի նվիրումն աչքերի մեջ, ինձ մի տուփ էր մեկնել։ Մինչ դրսից տնտղում էի տուփը, նա գլուխը դրել էր ծնկներիս… Շոյել էի նրա գլուխը ու բաց արել տուփը։ Այնտեղից ինձ էր նայել մի շքեղ վզնոց, որի նմանը միայն հայ արծաթագործների ալբոմներում եմ տեսել։ Խայթվածի պես փակել էի տուփը, դրել սեղանին ու նրան ետ մղել ինձնից…
«Շուշա՛ն, ինձ ճի՛շտ հասկացիր,– ասել էր նա,-չէի ուզենա, որ այս թանկարժեք զարդը քեզ ավելի մեծ ուրախություն պատճառի, քան ինքս, բայց եթե սա քեզ գոնե չնչին ուրախություն պւստճառեր, կկարողանայի միանալ քո զգացումին ու գուցե կարողանայի ասել բաներ, որ թանձրացած արյունս թույլ չի տալիս թեթևորեն, միանգամից արտաբերել»… Բութ ու անիրազեկ հայացքով նայել էի նրան։ Փորձել էի սովորականի պես մտքումս ինձ ձաղկել, որ թույլ եմ տվել իմ մեծ սերը մեռնի… Ե՞րբ կատարվեց այս բանը։ Ի՜նչ խղճուկ էր նա այդ պահին… ինչ մենակ ու ողորմելի է սրա պատկերը առանց իմ սիրո լուսապսակի… Ուզում էի ծնկի չոքել նրա կողքին, նրա նման ողբալ այդ մեծ հանգուցյալին։
Շվարած ոտքի էր ելել, օրորվելով գնացել դեպի դուռը… Հիմա, երբ արդեն գիտեմ Գագիկից Շուշանի սպասած գոհարի մասին, նորից ուզեցի տեսնել Անդրյուշին իմ առջև ծնկաչոք, ուզեցի տեսնել նրա նվիրած վզնոցն իմ վզին, ջերմացնել այն…
Այս պահին նա Լուկինոյի ու իմ միջավայրում վայելուչ, հարգարժան, ծանրակշիռ մի հայ է, որ ամեն ինչի մասին իրավունք ու կամք ունի դատողություններ անելու… նաև՛ սիրո… բայց այդ մասին խոսելու պահը կամ դեռ չի եկել, կամ անցել է հավետ… Նրա աչքերի մեջ տենդ կա՝ ներքին անհասկանալի ցավից։
– Լուկինո,– խոսում է նրա ձայնը,– այս աղջկան չեմ հասկանում, մի բան բացատրիր, ինչ էլ ասես, կհավատամ…
– Անհասկանալի ոչինչ չկա։ Սերը բարդ համակարգ է։ Երբեմն համոզված ես լինում, որ առկա են բոլոր բաղադրիչները, բոլոր, բոլորը, զարմանում ես, թե սիրտդ ինչո՞ւ ուրախությունից չի ճախրում, բայց զարմանալ պետք չէ, քանի որ մի չնչին բանի բացակայությունից կարող է ամեն ինչ փլվել… Պարզապես հայ ազնվազարմ օրիորդը դեռ ազատ էր մանրամասն քննելու իր զգացմունքները, որ անգամ չնչին կեղծիք չլինի դրանցում։ Իսկ Գագիկը մանրուքների մեջ խորանալու ժամանակ չուներ։ Միայն թե հնարավորինս ավելի ամրանար իր եսը։ Օրիորդին նույնպես սիրելի էր թագավորի եսը ամրացնելու գաղափարը, բայց կեղծելը ցածր էր նրա էությունից… Չէ՞ որ նրան սովորեցրել էին, թե կեղծում են ճորտերը, աղախինները, նաժիշտները, կեղծիքը միայն ճորտերի ու ճորտամիտների համար է։
– Արդեն քանի դար է, ինչ լավ հայ կին է համարվել իր ամուսնու հլու կամակատարը,-լսվեց իմ զգույշ միջամտությունը։
– Այդ նրանից է, որ նրա համար մի անգամ ամուսնուն տրվելը համարժեք է երդման մահացու կնիքի։ Դրանից լիուլի օգտվում է տղամարդը։ Կնոջը տիրելու համար նա պատրաստ է ամեն ինչի։ Իսկ հետո կարող է ուզածի չափ նսեմացնել։
Անդրյուշն ընկճված՝ մեկնվեց դեպի ձայնագրիչը, որպես դրությունից դուրս գալու ելք՝ ուզեց սեղմել կոճակը, երբ Լուկինոն բռնեց ձեռքը, շարունակեց.
-Ի դեպ, Շուշան, ինչպես տեսանք, քեզ այն դարում էլ նույն անունով էին կոչում պալատականները։
– Հորս ծնողներն, ի դեպ, նրան նույնպես իր պապի անունով են կոչել՝ Սարգիս։ Իսկ ինձ կոչել են մայրական Շուշան տատիս անունով։
Լուկինոյի ու Անդրյուշի հայացքները միանգամից ուղղվեցին դեպի պատուհանը։ Միաժամանակ վեր թռան, միասին հապճեպ ծածկեցին վարագույրը, որ եթե նույնիսկ ցնդի եթերային այս պատառիկը, գոնե սենյակի պատերի մեջ մնա։ Երևի թե նրանց իրարանցումից գլխի ընկա, թե մի շատ կարևոր բան էր ասածս։ Բայց ամենակարևորը դեռ նոր պետք է ասեի.
-Սևանում մեզ հանդիպած խմբում հեռադիտակով մարդուն հիշո՞ւմ եք։
Լուկինոն չգիտեր նրա ով լինելը. Անդրյուշը չէր կարող չիմանալ, օրը մեջ հեռուստատեսությամբ երևում է առաջին մարդու շքախմբում։
-Երկու օր առաջ դասախոսությունս համալսարանում ընդհատեց մի սափրագլուխ, երկու ուսանողներիս հետ տարավ մոտը։ Զզվելի մարդ է, նենգ։ Վերջին նախազգուշացումով սպառնաց, որ էլ չհամարձակվեմ համալսարանում Ղարաբաղի անունը հոլովել, մարդկանց գլուխները հւսրթուկել. ուսանողներիս վախեցրեց. «Եթե մեկ էլ ձեր ձեռքին թռուցիկ տեսանք կամ՝ ստորագրություն հավաքելիս, գլուխներդ կսափրենք, մնացածը ձեր սիրելի դասախոսը կասի, թե ինչ կանենք»։ Ուսանողներին դուրս տանելուց հետո ինձ սիգար առաջարկեց, թեև գիտեր, որ իր սիգարի հավեսը չունեմ, չեմ ծխելու.
«Դու աղջկաս ես պարտական, որ անմիջապես չաքսորվեցիր հանրապետությունից»։ Զարմացավ, որ չգիտեմ, թե ով է իր աղջիկը։ Ասաց. «Ավելի լավ, որ չգիտես, ուրեմն իրեն էդպես է հարմար»։ Հարցնում եմ ընկերներիս, ուսանողներիս, ոչ մեկը չգիտի։
Լուկինոն արդեն տագնապում էր, գլխի էր ընկնում։
– Համարեք, որ անձամբ տեսել եք Վեստ Սարգսին։ Հայրս ճիշտ նրա նմանակն է։
Հայրական պապս իմ ցավն է, ի՛մ ատամներն են ցավում ազոխից, Որ կերել է նա, ոչ թե հորս։ Նրա անունը Արտենի գյուղի սև ցուցակում է գրված, վրան անեծք կա։ Գյուղից Սիբիր աքսորված– չվերադարձածների կյանքի պատմություններն են քամիների հետ հասել, դրոշմել իրենց կնիքը գյուղի գերեզմանոցում՝ փառավոր մարմարե շիրմաքարին, որի տակ, հայտնի չէ, թե քանի հազար անգամ ու ինչ դժոխային կռճտոցներով են ոլորվել նրա ոսկորները։ Միակ մարդը, որ նրա մասին խոսում էր սիրո կայծերն աչքերի մեջ, տատս էր։ Նրան տեսել եմ, երբ նա գյուղի գրադարանավարուհին էր, վաղուց ավարտել էր իր բանահյուսություն դարձած սիրային գործերը, որոնց բարիքները լիուլի վայելել է ամուսինը։ Ասքն այս մասին վկայում է, որ պապս հատուկ խարտոց ուներ, առավոտը, տնից դուրս գալուց առաջ, խարտում-հարթեցնում էր գիշերվա ընթացքում աճած կոտոշները, ինքն իրեն համոզում, որ գտել է միշտ առողջ ու անհաղթ երևալու գաղտնիքը։ Տատիս սիրում էի. նա է ինձ մատակարարել կյանքիս կարևորագույն գրքերը, նաև նվիրել է դրանցից ամենաշքեղներն ու հաստափորները։ Դրանք իմ գրադարանի զարդն են եղել, քանի դեռ չէի անդրադարձել, որ գողացված են։ Մի օր պետք է իմ մեջ ուժ գտնեմ դրանցից բաժանվելու, վերադարձնելու գյուղի գրադարանին…
Ձայնագրիչից այս անգամ լսվում էր երիտասարդ, տխուր կնոջ իմ ձայնը.
«Այսօր դարձյալ քիչ է լույսը, թեև արև է շուրջս, վաղուց սպասված այն արևը, որ շուտով ուրախություն պիտի հունցի արյանս մեջ։ Արևը դարձավ երջանիկ լինելու ցանկություն, ուրախ լինելու երազ, իսկ մնացածը ինքդ արա, ինքդ ՝ մեն֊մենակ, մերկ ձեռքերով, առանց մի նյութի, գործիքի, հնաի’ր քո ուրախությունը, բարուրիր նրան, վե’ր–վի’ր թռցրու, արա՛, ինչ ուզում ես, միայն թե՝ մտքիդ մեջ, որպեսզի որևէ մեկի չար աչքը չառնի նրան։
Այսօր քեզ լույսի ու արևի կարոտը քարշ տվեց Անիի փողոցներով, դու ճաշակեցիր արևն ու լույսն այնպես, որպես թե գողացած լինեիր դրանք և բռնի կերպով բերանդ ուտելիք խոթեին, չիմանայիր՝ ինչ անես, թքե՞ս, թե՞ մի կերպ կուլ տաս։ Ուժեղանում է քունքերիդ խփոցը, սրտխառնուքդ, ու ետ չես տալիս, նվաղում ես, բայց չես ուշաթափվում, մահանում ես, բայց չես մեռնում։
Եվ որտեղի՞ց, ինչպե՞ս եմ պեղում ապրելու կամքը, ինչպե՞ս եմ կարողանում ծիծաղելու բան գտնել»։
Լռում է Շուշանի հոգնած ձայնը, լսվում է Անդրյուշի կոկորդ մաքրող հազը, որից հետո խոսում է. «Եվ որքա՞ն շարունակվեց այս պահմտոցին արքայի ու Շուշանի միջև»։
Լուկինոն անջատում է ձայնագրիչը։ Արտուրոն շտապում է անել իր եզրակացությունը.
– Որպեսզի չմոռանամ,-արդարանում է.-Շուշանի ու արքայի միջև դա պիտի շարունակվեր այնքան, մինչև նա Կոստանդնուպոլսից աքսորվեր Միջագետք և ամուսնանար Սենեքերիմի որդի Դավթի աղջկա հետ։
«Նստում եմ իմ հարկաբաժնի պատշգամբում ու սպասում, թե երբ արքան կայցելի ինձ, թե երբ կհաճոյանամ նրա սրտին։ Գալիս է, նստում ինձ մոտ, խոսում իր անելիքների մասին։ Այնպես է խոսում, որ ես կարկամում եմ նրա առաջ շնորհ գտնելու անկարողությունից։ Նրա հանդեպ այնքան չնչին են իմ գեղեցկությունն ու գիտուն լինելը։ Մոռացության եմ մատնում իմ անձը, հմայված դիտում եմ նրան։ Օր օրի լքում է ինձ նրան ունենալու հույսը։ Նույնը կարդում եմ Օրա անտարբեր հայացքում։ Այլևս իմաստ չեմ տեսնում կյանքիս մեջ։ Մեծ պապս իր տարերքի մեջ է։ Երկու Պահլավունիները նորընծա արքայի դրոշի տակ իրենց նորից պսակում են ռազմի հաղթանակների դափնիներով։ Արքան ետ չի մնում նրանցից ոչ իր քաջությամբ, ո՛չ դիվանագիտական հմտություններով»։
-Այս եռամիասնությունը անհաղթահարելի կլինի այնքան ժամանակ, մինչև Վեստ Սարգիսը, ձանձրանալով դստեր ու արքայի պսակադրության անհասկանալի, անիմաստ ձգձգումից, կսկսի այցելել Անի՝ իր մութ գործերի սկիզբը դնելու։– Ամփոփիչ խոսքն Արտուրոյին է պատկանում։

1987 թ., 3 հունիսի


Մուտքս դպրոց շատ պարզ եղավ։ Հագել էի Մարինեի ճերմակ բլուզն ու սև շրջազգեստը։ Թեթևակի մշուշ էր գլխումս…
Տատինցյանն իր մշտական կնամեծարությամբ, որ շատ կեղծ ու անտեղի թվաց, նկատեց, որ իր կինը գյուղում 35 թվին էր այդպես հագնվում, և դա շատ սազական է ուսուցչուհուն։ ժպտացի, բայց սրա խոսքերը նանիկ էին ասում ինձ։
Ուսուցչանոցում ամեն ինչ նույնն էր՝ մաստիկայի հոտը, կավճի փոշին, ամեն տեսակի օծանելիքի խառնուխշտիկ բույրերը, հավիկների միամիտ ու անվնաս տեսք ընդունելու, մեկի աչքին հատուկ երևալու, մյուսի աչքից թաքնվելու ճիգերից խախտված հայացքները, Սիրավյանի՝ ինքնիշխան, բայց մեծահոգի թվալու ուղտային ջանքերը, տղամարդկանց՝ առանց արժանապատվությունը կորցնելու ներքինիների դեր կատարելու փորձերը, այսուհանդերձ սրանց դեպի իրենց թանկարժեք օծանելիքի ու ներկված թարթիչների ոլոր– տը հրապուրող մեկ-երկու լիրբ կաքավիկների ապարանջանների զնգզնգոցը, անտաղանդ ճլվլոցը…
Զգում էի, որ բավական է գլուխս դնեմ մի սեղանի՝ իսկույն կքնեմ… Միայն դաշտում կամ անտառում պառկած միայնակ մարդու անապահովության զգացումն էր ինձ պահում ոտքերիս վրա։ Հենց աչքերս փակեի, այս մանր ու մեծ գազանները կսկսեին առանց արգելքի քայլել վրայովս…
Սուս ու փուս դուրս եկա ուսուցչանոցից, այսօրվա անցուդարձից իմ անտեղյակ լինելը քողարկելու համար սկսեցի իբր ինչ-որ մեկին գտնելու համար բացուխուփ անել դասասենյակների դռները։
Ի վերջո բաց արի մի դուռ, որտեղ իմ տասներորդցիներն էին։ Նրանց երբեք այդքան հանդիսավոր ու հուզված չէի տեսել։ Քիչ մնաց հարցնեի, թե ինչ է պատահել… Բայց սեղանին փռված գեղեցիկ սփռոցից, մեխակներով լիքը ծաղկամանից, նստարանների դիրքից հասկացա, որ նրանք քննության են եկել։ Ուզում էի հարց նել` ո՞ր առարկայից է քննությունը… Աննան վախից ու հուզմունքից դողալով ասում էր.
– Ընկե՛ր Պահլավյան, ռադիոյով արդեն երևի հայտարարում են թեմաները, իսկ դուք դեռ այստեղ եք…
Ձեռքս մի թուղթ ու գրիչ խցկեց…
Դուրս նետվեցի դասասենյակից, վազեցի ուսուցչանոց, ամբողջապես ուշադրություն դարձած, բոլորի պես սկսեցի նայել Սիրավյանի սեղանին դրված ընդունիչին։ Հիացմունքով գնահատեցի աննկատ օտար երամին խառնվելու ճարպկությունս։ Տասը րոպե անց, ամենայն սրտացավությամբ հասկանալով աշակերտներիս հուզմունքը, գրատախտակին գրում էր քննության թեմաները՝ «Բագրատունիների հարստության վերելքն ու անկումը»,մյուսը` «Խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում». սրա կողքին ավելացրեցի` «Հայաստանի առաջին պետության սկիզբն ու վախճանը»:

1987 թ., 10 հոկտեմբերի


Արդեն հոկտեմբերն է… 87 թվականի հոկտեմբերը… Ամեն առավոտ դպրոց գնալը ինձ համար ծանրագույն բեռ է առաջվա նման… Քնից արթնանալուս պես հագնում եմ արծաթագույն-թափանցիկ թելից իմ գործած զրահազգեստը, հետո սովորական հագուստս, ձանձրացել եմ ապարդյուն ըմբոստությունից…
Զզվելի է… ոտից գլուխ ճշմարտություն դառնալով՝ ելնում ես հասուն թարախաբշտիկներով պատված մի զանգվածի հետ դեմ հանդիման… բավական է դիպչես՝ կպայթեն… կապականվի ամեն ինչ, որ դեռ ապրում է անգիտության մեջ՝ ծառը, ժայռից կախված թուփը, ճահճուտում օրորվող եղեգը, ծառից կախված, թռչելու իր ժամին կարոտող գույնզգույն տերևը, իր զռալու բուն պատճառը չիմացող. իշուկը, ինչ-որ մի ժամանակ ահեղ, ռազմատենչ հսկաներից սովորական հավազգու վերածված աքաղաղը… Թույն կա կուտակված, որ իր ժայթքմանը կազմ ու պատրաստ՝ ազդանշանի է սպասում…
Տնօրինուհին հիմա իր տարերքի մեջ է… Իրեն վայել զբաղմունք է Գտել… Հիմա փայտոջիլների պես ճզմվելու հերթը անգլերենի ու քիմիայի ուսուցչուհիներինն է, որից հետո նորից կընկնի անխոցելիության ու անբանության երանելի նիրհի մեջ։ Այս հավիկները երբեք էլ Ըմբոստանալու տրմադրություն չէին ունենա, եթե չզգային, որ իրենց երգն արդեն երգված է… Միշտ ուշացումով են լույս աշխարհ գալիս նրանց ընդվզումները, երբ վաղուց արդեն տնօրինուհին լարած է լինում իր աննկատելի թակարդները, որ իր ազգականին կամ ժողկրթբաժնի կարևոր պետի աղջկան խոստացված տեղը շուտափույթ ազատի։ Նրա կյանքի ու գործի նշանաբանը հասարակ է. «Յուրաքանչյուր կայծ տեղնուտեղը հանգցնել, ոչնչացնել»։ Միակ խոցելի կետը Մանուկյանն է… և կյանքի մեծագույն սխալը… թե ինչու, երբ նա ընդամենը կայծիկ էր, կարելի էր ցուցամատի ծայրով հանգցնել, չարեց այդ բանը… Միտքն զբաղված էր մի կարևոր, բարձրաստիճան սհրախաղով, որ իհարկե, շատ բան տվեց, բայց տե՛ս որ կայծիկը մեծանալու, ահագնանալու հնարավորություն ստացավ…
Այդ սիրախաղերից մեկի՝ գուցեև հենց այդ մեկի մասին, ինձ մի քանի օր առաջ պատմեց ուրիշ դպրոցի մի տարեց գայլ ուսմասվար… «Մոսկվայում մանկավարժական կոնֆերանսի էինք… Մեկ էլ հանկարծ էս տիկինս հագած֊կապած, ամեն ինչ տեղը տեղին հայտարարում է, որ իրեն գործով կանչել է քաղսովետի նախագահը»։
Հին գայլը շարունակեց իր պատմությունների շարանը՝ որպես անցած օրերի մի ախորժելի երգ-կարկաչ… Ու չէիր հասկանա՝ դատապարտո՞ւմ է վաղեմի գործընկերուհուն պոռնկության համար, թե՞ հիանում նրա կանացի անուրանալի, իր նման մանր մարդու համար միշտ կանաչ նախանձի առարկա հատկություններով… «Գալիս էր հոգնած, ճմրթված»։ «էս ո՞ւր էիր»,-հարցնում էինք։ «ժողովը շատ երկար տևեց»,– ասում էր։ Բայց մենք հո գիտեինք՝ ինչ ժողով էր»։
Ոչինչ, որ նա ճզմելու է այս ոջիլներին, արժանի են դրան, մանավանդ մեկը, որ այդ ամենն անում է իր ուսմասվարական աթոռը չզիջելու համար… Ոչինչ, որ Մանուկյանի ձայնը կտրելու համար կան– չում, երբեմն շոյում է ուսը՝ մի կերպ զսպելով նրան քացով խփելու թանկությունը… Ի՜նչ փույթ, որ ինքը ոչինչ չի անում… Ի՛նչ փույթ, որ դպրոցի համար նրա կատարած ամենամեծ գործը իր շքախմբով ամիսը մեկ դասարաններով շրջելն է, որպեսզի ստուգի, թե բոլո՞րն են դպրոցական համազգեստներով… Մյուս գործը, որ նա ավելի հա֊ ճախ է անում աշակերտության համար, դասամիջոցներին երբեմն միջանցքում ճեմելն է։ Այդ ընթացքում նա անպայման պետք է մոտե֊ նա ամենաանկարգ աշակերտներից մեկին, որ կերել է բոլոր ուսուցիչների հոգին, բռնի ձեռքը, շոշափի զարկերակը ու տագնապից չտնատվելով բացականչի. «Դու հիվանդ ես, այս ի՞նչ է վիճակդ։ Երեսիդ գույն չկա։ Արա՛գ, պայուսակդ վերցրո՛ւ, տուն գնա»։ Տղան տուն գնալ, իհարկե, չի ուզում, դեռ մի քանի դաս կա խանգարելու, բայց տնօրինուհու մեծահոգությունից, բոլորի ներկայությամբ իրեն ցույց տրված ուշադրությունից ու խանդաղատանքից շոյված, գնում է դասարան. «Տղե՚րք, պառավը ինձ տուն ուղարկեց։ Հանրից հետո պատի մոտ կսպասեմ։ Չուշանաք»։
Մյուս կարևոր գործը միջոցառումներին ներկա լինելն է։ Այս բառը՝ «միջոցառում», որի անիմաստության մեջ, վստահ եմ, ոչ մի լեզվաբան հավիկ չի խորացել և չի խորանա, նյարդերս քայքայում է մինչև վերջին մանրաթելը։ Մի քանի ամիս քափքրտինք մտած, օր ու գիշեր փորձեր անելով, երեխաներին պատրաստում են հանդեսի1 մարտի 8-ի, հաղթանակի օրվա, Հոկտեմբերյան մեծ հեղափոխության, Լենինի ծննդյան և մի քանի այլ կարևոր տոների կապակցությամբ… Երեխաներից բարեխիղճներն ու շնորհքովները բառիս բուն իմաստով կաշվից դուրս են գալիս իրենց ապաշնորհ ուսուցիչների՝ այսուայնտեղից մի կերպ ճարած անճաշակ ու անհամ սցենարները տառ առ տառ բեմադրելու համար… մինչև հանդեսի վերջը նրանց դեռ չի լքում արվածի կարևորության զգացումը, մանավանդ որ առջևի շարքում նստում է ինքը՝ ժողկրթբաժնի վարիչ Այսինչյանը, ինքը՝ տնօրինուհին, և Այնինչյանը… Բայց երբ ավարտվում է ընկեր Այսինչյանի գովասական խոսքը, որին հաջորդում է ընկեր տնօրինուհունը, որ անվերջանւպի է թվում, նոր միայն հասկանում են, որ զուր էին ճգնում որևէ միտք տեսնել նրանց բառերի մեջ, և միանգամից անցնում է խանդավառությունը։ Եթե լավի, միջինի, վատի բոլոր չափանիշները խառնած՜ գերագույն հավիկը բարեհաճել է առանձնացնել մեկ-երկուսի անունները, մյուսները հուսախաբված, մոլոր հայացքներով հետևում են այս առիթով ուռած-փքվածներին։ «Ուրեմն սրանց համա՞ր էինք այսքան օրեր շարունակ չարչարվում»։
Իսկ դու ստիպված ես ամեն ինչ կուլ տալ… ամեն ինչ…
Երբեմն Ուղտը ինձ ուղարկում է դասալսումների, որ դպրոցի հին մանկավարժներից՝ Տատինցյանից ու Փարսադանյանից սովորեմ, թե ոնց է լինում պատմություն դասավանդելը։ Տատինցյանի դասերը շատ լավն են… Նույնիսկ պատմության ամենադրամատիկ պահերը կարողանում է հումորով, համով-հոտով պատմողի համեմունքներով մատուցել… Նրանից իսկապես բան ունեմ սովորելու։ Իսկ Փարսա– դանյանի դասերը… Ինքն էլ գիտի, որ տանել չեմ կարող ոչ իրեն, ոչ էլ իր դասավանդած պատմությունը։ Տատինցյանն ինձ ծիծաղելով պատմեց, որ եթե աշակերտը դասերից դուրս փողով չի պարապում Փարսադանյանի մոտ, հույս չունենա, թե գերազանց կստանա, եթե նույնիսկ ամբողջ դասագիրքը ծայրից ծայր անգիր անի… Դասի ժամանակ խոսել է հայ թագավորներից մի քանիսի մասին ու ասել.«Եթե ուզում եք բոլոր թագավորների մասին իմանալ, կգաք դասերից հետո պարապմունքներիս»։
Կթողնեմ դպրոցը… էլ չեմ դիմանա այս զզվանքին… Պառավի ուզածն էլ հենց դա է, գիտեմ… Չեմ խոսում, չեմ վիճում նրա հետ, զսպաշապիկս օգնում է, բայց իմ մեջ չի կարող իր թաքնված թշնամուն չտեսնել, անկարելի է. ամեն ինչ անում է, որ ավելի զզվեմ դպրոցից, ինքս ինձնից… բոլոր հավիկներից, բայց նրանց փչացրած երեխաներց չի կտրվում սիրտս… Սրանց էլ կթողնեմ… Անցավ երանելի այն ամիսը, երբ աշակերտներս գալիս էին իմ ետևից… Ավարտեց այդ դասարանը… Մի ամսում մենք միմյանց տասը տարվա սեր բացատրեցինք։ Հավիկները կողքից դիտում էին, թե ոնց են տասներորդն ավարտած աղջիկները միջանցքում ինձ գրկած լաց լինում… Հիմա էլ զանգում են, հարկ են համարում իրենց ընտրյալների հետ ներկայանալ, հավանությունս ստանալ, երբեմն տունը ծաղիկներով է լցվում… Բայց դպրոցը ինձ համար մի անիծյալ վայր է. իմ այնտեղ արած գործը դպրոցի գրադարանավարուհին էլ կարող է անել… Զզվում եմ, չեմ ուզում…
Լուկինոն չեկավ սեպտեմբերի 25-ին։ Նժույգս Ղարաբաղ է մեկնել։ Մեն-մենակ եմ ամբողջ աշխարհում… Անդրյուշը կարծում է՝ գտել եմ իմ երջանկությունը, չի ուզում ինձ խանգարած լինել։ Քաղաքը մեռած է, մարդիկ անտարբեր, անգույն… Մրջյուններն իրենց ձմեռվա պաշարն են քարշ տալիս, մեղուները թունավոր օդի մեջ իրենց անուժ մեղրն են պատրաստում հազիվ։ Ուղտերը և բեռնաձիերը ծպտված են, աշխատում են հնարավորինս շուտ մոռանալ իրենց լավագույն բնազդներն ու առհասարակ չերևալ բորենիների ու չախկալների աչքին, իսկ այս վերջինները չեն էլ զգում ուղտի և բեռնաձիու կարիք, փողը տալիս են՝ վագրը դառնում է ուղտ, առյուծը՝ ձի, աղվեսը մեղր է ծախում, խնձորը, ցորենն ու ձնծաղիկը աճեցնում են անձրևն ու արևը, քաղաք են տեղափոխում չախկալները, վաճառում են առնետները։

1988 թ., 7 մարտի


Սումգայիթում թուրքերը կոտորում ու բռանաբարում են հայ անզեն ու անմեղ բնակիչներին, դրանից էլ առավել անզոր կատաղություն է պատճառում «Վրեմյայի» վարած գարշելի քաղաքականությունը։ Մեզ վալիդոլով ու զուր հույսերով կերակրող հայերս, ամեն օր նույն ժամերին կախվում ենք մե՛րթ «Ամերիկայի ձայնից», մերթ «Վրեմյայից», մեկից մի քիչ ուժ ենք առնում, մյուսը ամբողջ մահմեդական աշխարհի աչքի առաջ ամեն օր թքում է մեզ վրա։ Ինչպես շատ անգամներ, այս անգամ էլ մեր մեղքն այն է, որ քրիստոնյա ենք, անզեն ենք, որ եթե զենք էլ ունենայինք, թուրք երեխա մորթել չենք կարող, թուրք հոտած կանանց բռնաբարել չենք կարող… Մեր ամբողջ հույսը դրել ենք նրա վրա, որ իբր Գորբաչովն ու նրա Ռաիսկան ինչ-որ քառյակ են անգիր հիշում Իսահակյանից։
Վաղը մարտի 8-ն է։ Երևանցի կանայք որոշել են իրենց տոնը փոխարինել Սումգայիթում և այլուր այս օրերին թուրքերի ձեռքով մորթված մարդկանց հարգանքի տուրք մատուցելուն։ Նստած մտածում եմ, թե ինչ է փոխելու մեր այս ցույցը այն մարդկանց ճակատագրից, որոնց գլխին հայտնի չէ, թե իմպերիայի որ քաղաքում, ինչպես, որ օրն է իջնելու մազից կախված դամոկլյան ծանր սուրը։ Երեկ խմբագրություն էր եկել բաքվեցի մի կին՝ Սարդարովա Ելենան։ Ծնված օրից ճանաչում էր Անահիտին, Կարենին. գրեթե նույնությամբ կրկնեց Կարենի ընտանիքի Երևան տեղափոխվելու պատմությունը։ (Նրանից երկրորդ անգամ էի լսում Մանդալայ ահարկու եղբայրների անունը)։ Գրի եմ առել Ելենայի ասածներն այն մասին, որ Սումգայիթի, Բաքվի ու Գանձակի ջարդերը վաղուց էին ծրագրված։ Հույս ունեմ խմբագրիս հրամցնել որպես «ճշմարիտ խոսքի» մասին իր առաջադրանքի բարեխիղճ կատարում։ «Միայն չեմ հասկանում,-եկել էր ասելու տարակուսած Ելենան,– ո՞նց են հայերը մինչև հիմա դեռ էշի ականջում քնած մնացել»։ Ամուսինը՝ Դավիթ Սարդարովը, Ադրբեջանի բռնցքամարտի հավաքականի պարծանքը, 87-ի հենց այն օրերին էր Ելենայի հետ փախել Երևան, երբ Բաքվի բազմահարկ մի շենքի վրա «հրաշք» էր հայտնվել։ Մոտ մի ամիս, ամեն օր՝ նույն ժամին մոլլայի պատկերը հայտնվում էր տանիքին, սկսում էր հայերի վտանգավորության մասին բոցաշունչ քարոզներ կարդալ։ Նրա «հրաշակերպ հայտնությունների մեջ» այնքան մեծ էր ատելությունը, որ կարիք էլ չկար դրանից հետո զուգված, զարդարված զբոսանքի ելած ուրախ այս զանգվածին հայերին սպանելու կոչեր ուղղել, ուրախ, որ իրենք չեն հայ, որ իրենք չեն իրենց ազգի թշնամին, այլ հայերը, որոնք իրավունք չունեն իրենց հետ նույն քաղաքի օդը շնչելու։ «Իմ աչքերով տեսածս եմ ասում, իմ ականջներով լսածս Նայում էի շուրջս հավաքված խանդավառ ամբոխին, ձևացնում, թե իրենցից մեկն եմ… Ինձ նման էլի շատ հայեր կային… Մի օր Մոսկվայից հատուկ մարդիկ եկան, հայտնաբերեցին պրոյեկցիոն սարքը, որի միջից ամեն օր նույն ժամին ելնող չալմայավոր, այծամորուսով|, օձի պաղ աչքերով մոլլան ծուխ ու թույն էր ժայթքում։ Բոլորն իմացան կեղծիքի մասին, բայց Մոսկվայից մոլլայի՝ իրենց մեջ դաջված խոսքերը քերելու, հանելու համար նոր բրիգադ չուղարկվեց։ Եկել եմ ասեմ, որ տեղեկացված լինելը մեզ նման միամիտներին օգուտ չի տալիս, ամենանեղ մաջալին կդնենք մեր ապուպապ երի սնդուկներից հանած լավատեսական ակնոնցները, որ հանկարծ չտեսնենք, թե քթից դենը ինչ կա։֊ Ելենային էլ, Դավիթին էլ մայրական կողմ հրեա լինելու հանգամանքն է երևի օգնում՝ աշխարհի ավելի հեռուն տեսնելու գործում։֊ Եթե մի տարի առաջ նախազգուշացված ենք, էլ ո՞ւր ենք Բաքվի մեր կիսատ թողած գործերն ուզում անպայման ավարտին հասցնել… Փաստորեն թուրքերին մի ամբողջ տարի ժամանակ տվեցինք հանգիստ իրենց շորվան եփելու։ Սումգայիթը Բաքվի համար ազդանշան է… Ախր էլ ո՞ւր են մնում»… (Ելենայի կանխատեսումները իրականացան ուղիղ մի տարի հետո։ 1990-ի հունվարի 16 որտեղից որտեղ իմ ամբողջ կյանքի համար կոնկրետ ձև ու կոնկրետ պատկեր է դառնալու՝ ամեն անգամ ինձ նորից ու նորից սպանող… Իմ երբեմնի, գուցեև ամենամեծ սիրո առարկան այղ օրն է գլխատվել՝ Բաքվում։ Ելենան ու Դավիթը հիմա Իսրայելում են։ Նրանք դեռ Հայաստանում էին, երբ սկսվեցին Բաքվի ջարդերը։ Արդեն 20 տարի է, ինչ Ելենան աշխատում է կանացի միջադիրների ֆաբրիկայում, իսկ Դավիթը բանվոր է Նաթանիայում։ Հյուծվում են աշխատանքից, ամառվա սպանիչ շոգից, բայց արդեն Իսրայելի քա-ղաքացիներ են, շուտով թոշակ կստանան, իսկ մնացած դժվարություններին՝ անտանելի շոգին, իֆրիտին չտիրապետողների հանդեպ խտրականությանը կդիմանան, քանի դեռ չեն կորցրել հումորի զգացումը։ Ելենան անեկդոտների քայլող հանրագիտարան է նաև հիմա, երբ կլոր միջադիրները մանրացնող սարքը կտրեց, տարավ նրա ձախ ձեռքի երկու մատները։ Ձախլիկ է)։
Փոքրիկս տոտիկներով խփում է ներսից։ Ուզում է ինձ համոզել, որ աշխարհը միայն դրսից չի ղեկավարվում, որ ընդերքում էլ ուժեր կան, դեռ իրենց օրվան են սպասում… Ինչպես Մոնոմախը չէր հասկանում:Որ հայերին ոտքի տակ տալով՜ փորում է իր գերեզմանը, այնպես էլ այսօր Գորբաչովը չի հասկանում, որ վաղ թե ուշ այն խաժամուժը, Դրի հոտած հետույքն է լիզում այսօր, վաղը գլխատելու է իրեն՝ Ատամներով վիզը կրծելով։ (Կատաղած խաժամուժը չգլխատեց Գորբաչովին։ Այս առումով նա միակն է ռուս միապետներից, որ գահից գլորվելուց հետո արքայավայել կյանք է վարում։ Աշխարհը նրան պահում է որպես կենդանի դիակ՝ երևի ինքն իրեն ինչ-որ բաներ ապացուցելու համար՝ ի տարբերություն Լենինի ու Ստալինի թեկուզ Իսկական, բայց գյոռբագյոռության դատապարտված դիակների)։
Այսօր մեր ֆիզիկական օրհա՞սն ենք ապրում, թե՞ մեր պատվի… Բայց ապրում ենք հենց այն օրերի նման, երբ հայերը այս ու այն Գյուղից, այս ու այն ծմակից իջնելով, մտնում էին հսկա Կաթողիկեն, Գագիկ Առաջինի ու թագուհի Կատրանիդեի կառուցած, մյուս շքեղ եկեղեցիները, ծնկի իջնում, աղաղակում… Նրանց հետ ես էլ… Աչքներս հառած մարդահասակ, արևի տակ իրենց փայլից կեղեքվող Խաչերին, համախմբվելով, կողք կողքի կանգնելով, ուժ առած դուրս էինք հորդում, որ պահպանենք մեզ, երբ Անին էն գլխից ծախված էր հոռոմներին…
Անձնական վախս ամենադաժանն Է… Չեմ կարողանում պայքարել դրա դեմ։ Շատ մենակ եմ մնացել։ Ուզում եմ Կարենին կանչել, Խոսել նրա հետ մեր երեխայի մասին, բայց նա կարծես թե չի հասկանում անելանելիությունը, նույնիսկ երջանիկ է… Հեռախոսի մեջ հոխորտում է չգիտես ում առաջ. «Ղարաբաղը մերն է և մերը կլինի»։ Սա ինձ մի քանի րոպեով հանգստացնում է, բայց անմիջապես էլ տապալվում եմ օրհասի զգացումից։ Վախս անզորությունից, տկարությունից, որ այսքան նահատակվելուց հետո, դեռ էլի նահատակվելու ենք… Կարո՞ղ է ՝ կոչված ենք ամբողջ քրիստոնեական աշխարհի փոխարեն մշտապես զոհասեղանին դրվելու։ Չկա՞ մի ավելի արդար ու անարատ զոհ, որ գոնե մասամբ իր վրա առնի նահա– տակության բեռը… Մեղա՛ Քեզ, Տեր Աստված, ների՛ր ինձ, Տեր Հիսուս, թող ոչ մի քրիստոնյայի, նույնիսկ ամենամեղավորի արյունը չկորսվի այս թոհուբոհում… Քի՞չ զոհեր տվեց զորեղ Ուկրաինան Չեռնոբիլի օրերին, և մի՞թե, այդքան մեծ ու զորեղ լինելով, չի կծկվել… չի տնքում…
Առավոտյան խմբագրությունում որտեղից որտեղ բուսավ իմ նախկին աշակերտը՝ Արտակը… «Միշտ քեզ տեսնելիս հիշում եմ մեր ավարտական քննությունը։ Երբ դու Սիրավյանին ասացիր… հիշո՞ւմ ես՝ ինչ ասացիր»։ «Չեմ հիշում, ընկեր Պահլավյան»։ Ուզում էի մի ուրախ բան ասել, որ դուրս գա ընկճվածության վիճակից։ «Սիրավյանը ձեռքին թափահարում էր ծածկագրերը.«Ահա, թե որտեղից է սկսվում դպրոցի քայքայումը»։ Իսկ դո՞ւ, չե՞ս հիշում ինչ ասացիր։ «Չեմ հիշում»։ Գուցեև հիշում էր, բայց ուզում էր լսել, թե այդ ինչ հիշվելու արժանի, կարևոր բան է ասել։ Ասացիր.«Մեզ համար այս տարի վերծանում է»։ Սիրավյանի աչքերը զարմանքից չռվեցին. «Ի՞նչը»։ Իսկ դու, թե՝«Քայքայումը, ի՞նչը»։ Չե՞ս հիշում։ «Չեմ հիշում։ Ձեզ մոտ խորհրդի համար եմ եկել»։ «Ի՞նչ խորհուրդ»։ «Ամեն օր միտինգի ժամանակ մտածում եմ, որ այնտեղ կանգնելը, գոռալը, ձեռքեր, բռուցրներ թափահարելը լավ է, բայց շատ քիչ է։ Ուզում եմ ձեզնից իմանալ, թե ես հիմա ի՞նչ անեմ»։ Նա ամոթխած շիկնել էր, երբ իմ սիրտը հպարտությունից ուզում էր թևածել Հայաստանի երկնքով մեկ.«Տեսնո՞ւմ եք, ի՜նչ աշակերտ ունեմ»։ «Քեզ կծանոթացնեմ Կարենի հետ։ Քեզ կասի»… (Հիմա՝ տարիներ անց հասկացա, որ պայծառատեսությունն ինձ չէր լքում երբեք, այլ ինքս էի փորձում հեռանալ նրանից, չտեսնել նրա ցույց տված պատկերները… Արտակին Կարենի հետ ծանոթացնելիս թռչելու պատրաստ սիրտս հանկարծ կծկվեց անբնական ցավից… զգացի, որ նրա կյանքը մեծ վտանգի եմ ենթարկում… վերագրեցի հղիությանս հետ կապված գերզգայուն վիճակիս)։
Լուկինոն զանգեց… պատմեցի տագնապներս…
«Աղոթիր,-ասաց,– Մի՛ վշտանա, ամեն ինչ գիտի մեր Տերը»։
Աղոթում եմ։ Դարձյալ քեզ եմ դիմում, Տեր իմ Աստված։ Իմ զորեղ Աստված, Տեր Հիսուս, մի լքիր ինձ այս փորձության ժամին։ Թող Աստծո պատժիչ սուրն իջնի բոլոր, նաև մեր ժողովրդի տականք հատվածի վրա, Տեր Հիսուս Քրիստոս, մի՛ թողնիր, որ անմեղ զոհեր լինեն, մի՛ թողնիր, որ խրախճանք սարքեն մարդկության ճիճուները, ուռճանան արդարների, անմեղների, անզենների արյունով, Տե՜ր Հիսուս Քրիստոս, Քո հրեշտակների բանակներով իջի՛ր իմ ժողովրդի մեջ, ամեն մի լավ, ազնիվ հայի թիկո՛ւնք եղիր Քո զորքով, Քո հրաշքներով օգնակա՛ն եղիր… Տե՜ր Աստվածս, ների՛ր մեզ մեր բոլոր մեղքերը և կասեցրո՛ւ իմ ժողովրդի վրա եկող արհավիրքը, Տե՜ր Աստված բռնի՛ր ու պատժի՚ր անհավատ, անողոք ձեռքը, բավարա՛ր համարիր բոլոր զոհերը, ամբողջ արյունը, որ իմ ժողովուրդը անտրտունջ տվել է հանուն Քո Որդու սիրո և հավատի… Մի՛ թողնիր մեզ, Տեր Աստված… Սիրի՛ր ու վարձատրի՛ր մեզ այնպես, ինչպես քո ազգերից շատերին ես սիրում… Ներիր, եթե այս համեմատությունը իր մեջ մեծ սխալ է պարունակում… Սիրի՛ր մեզ, Տեր Աստվածս, որպես մի ժողովրդի, որ ուզում է հպարտություն, արժանապատվություն, ապահովություն… այսքան հալածանքներից ու այսքան մեծ վազքից հետո… Օգնի՛ր մեզ, Տեր Աստվածս, հիշի՛ր Նարեկացու մեծ աղոթ քը… և խղճա մեզ… Մի՛ թող, որ մեր հարևանները շարունակեն ծիծաղել մեզ վրա, ծաղրեն մեզ… Դու, որ մեզ սեղմել ու նեղել ես քարերի ու ժայռերի մեջ, Դու, որ ամեն տեսակի փորձության տարել ես մեզ, մեզ հե՛տ եղիր և այլևս մի տանիր զմեզ ի փորձություն, զհաց մեր հանապազօր տո՛ւր մեզ այսօր և թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպես և մեք թողումք մերոց պարտապանաց… Տե՛ր Աստվածս, ազատիր մեզ տանջող կապանքներից, Քո սերը մեր նկատմամբ արտահայ տի՛ր քաղցրությամբ ու ներողությամբ… Ամեն մի արդար հայի աղոթք թող փոխարինի հարյուր արծաթասեր ու անհավատ քահանայի աղոթքին…

Ալիս Հովհաննիսյանի «Ճյուղեր և տերևներ» գրքի մասին Վազգեն Գաբրիելյանի գրախոսականը կարող եք կարդալ `այստեղ

Ալիս-Հովհաննիսյան

Share Button

4 Կարծիք

  • Հմայակ Մազմանյան says:

    Բարձրարժեք և հիանալի գործ է:Այս վեպում ամեն ինչ կա:ԵՎ այլաբանություն ու միֆ և իրապատում ու ասք և պատմության ժամանակակից անդրադարձ`նուրբ հեգնանքի ու հումորի շաղախով,որ տեղ-տեղ սարկազմի ու գրոտեսկի է հասնում և էլի շատ բաներ:Գիրքն ընթերցվում է հաճույքով` և մտքի համար նյութ կա և զգացմունքի ու հոգու:Այս գիրքն ընթերցելու զգացողությունը նման է այն բանին,երբ ասես միանգամից ընկել ես հորդառատ տեղատարափի տակ ու ոչինչ չես զգում,ոչ իսկ թացություն ու ցուրտ,այլ միայն հաճելի,շատ հաճելի դող ու տաքություն:Եվ այդպես մինչև մինչև վերջ,մինչև գրքի ավարտը:Գրքի տաք կենսադաշտը և յուրօրինակ մթնոլորտը շարունակում է մեզ հետ մնալ նաև գիրքը փակելուց հետո:Այս գիրքը և նման է մեզ ծանոթ Ալիս Հովհաննիսյանին և բացարձակապես նման չէ:ԵՎ այստեղ հակասականություն չկա:Ալիս Հովհաննիսյանը հիանալի վեպ է Ստեղծել, և այն,որ գիրքն թեթևությամբ է ընթերցվում ու հեղինակի Չարչարանքն ու Տքնանքը չենք զգում,լոկ բացատրվում է Գրողի Վարպետությամբ ու Տաղանդով:Կարծում եմ ժամանակի հետ այս հիանալի գրքի արժեքն ու կշիռը` որպես հայ ժամանակակից արձակի մնայուն Փաստ, առավել գնահատվելու ու կարևորվելու է:Ես հավատում եմ այդ Հաջողությանը…

  • սօնա երանոսյան says:

    Ինձ անծանոթ հեղինակ է /ամոթ ինձ/: Կփորձեմ ձեռք բերել գիրքը: Վաղուց որևէ գործ ինձ այսպես չէր հուզել… անթերի էր, շնորհակալություն: /Ափսոս, որ ես պերճախոս չեմ/:

  • Կարինե Մարտիրոսյան says:

    Այս գրքին գիտական անդրադարձ արդեն կատարել եմ, սակայն չեմ զլանա և նույնիսկ հազար անգամ կարող եմ կրկնել ամենալավ խոսքերը: Գիրքը հեղինակի մարդկային բարձր որակների և մեծ տաղանդի վկայությունն է: Այսպիսի գրքերը իրականության մեջ հազվադեպ են: Հայացք անցյալին՝ ներկան ու ապագան ճիշտ գնահատելու նպատակով, հայ ազատագրական՝ հերթական պայքարի ծավալումը, կինը՝ իբրև հայ գենետիկ կոդի պահպանող ու փոխանցող, գրողի փիլիսոփայական մոտեցումները իրականությանը, վեպի ազգային ու համամարդկային արժեքը. վեպն իր ընդգրկումներով առավել քան մեծածավալ է, և նշվածներից յուրաքանչյուրը նույնքան ծավալուն ուսումնասիրության նյութ է… Այնպես որ հավատում և սպասում եմ հաղթանակին:

  • Levon Poghosyan says:

    nayeci ”……………”, ev karcum em gta nran um pntrum ei: Greg indz erktox, es aprum em Los Angeles, anuns Levon, uzum em aystexi hay emigrantneri masin film nkarahanem, menq hamatex karox eng grel hamapatasxan scenar:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *