ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ | Արտացոլանք, հեռու, բազմադեմ

Շանթ Մկրտչյան

«Գրանիշ» կայքը սկսում է հրապարակումների նոր շարք: Հաջորդաբար մեր ընթերցողներին ենք ներկայացնելու ՀՀ պետական մրցանակի առաջադրված գրքերից հատվածներ` նպատակ ունենալով ընթերցող հասարկությանը ավելի լայն հնարավորություններ տրամադրելու`այսօր ստեղծվող և պետական մրցանակի հավակնող գրականությանը ծանոթանալու, գնահատելու և արժևորելու: Մյուս կարևոր նպատակը` պետական մրցանակների ներկայացված գործերը փակ, ներքին քննարկումների ոլորտից առավել տեսանելի, հանրային ոլորտ տեղափոխելն է:

ՀՀ պետական մրցանակի հավակնորդ` Շանթ Մկրտչյան  «Արտացոլանք, հեռու, բազմադեմ» բանաստեղծությունների ժողովածու

Իմ ընթերցողին

Երբեմն` թվացել են ինձ
Ձիեր արագընթաց
Եռքով ու արյունից –
Մինչև արևի մի նոր ճամփադարձ,

Երբեմն` Շնչի պես – ցնդել
Եվ վերջիվերջո մնացել է
Արտացոլանքը` հեռու, բազմադեմ
Կամ Ոչինչը` չկա ու չի՜ անցել…

Այժմ տողերն իմ սակավաթիվ-անթիվ
Նշմարելի են` ներվաթելից կախ
Անձրևի ճոճկան կաթիլք,
Որ շողարձակում ու պոկվում են, ա՜խ,

Իբրև լուսիններ նորացող,
Իբրև վերջին մի անդր-անդրադարձ-
Աչքերում վե՜ր հառած, վերացնող,
Բայց բնահողի ձգմա՛մբ հեղակարծ:

Եվ հատիկ-հատիկ ու բազմախումբ
Կախվում են միջում ամպ ու երկունքի,
Ոնց տոտիկներով նորածինը բախի
Փորը կատարյալ, ճչա՜ Վերինին ու կյանքին:

Եվ կեղև ու շերտ, և կեղև ու շերտ
Սահում են երեսից իրերի,
Սև վարդն է բացվում, գոյն անմարդակերտ
Ու Սերը խոհուն-խաղաղ ջրերի:

Գուցե կռահում ես` քայլքս անշտապ,-
Դեպի Անհայտը ծերացող Յուլիսիս,-
Ում դեռ սիրում է արարատյան տապը,
Իսկ նա` քարայրում է ոսկեսև հունիսի:

Ով դեռ գրկում է, ինչ չի՛ ճանաչում`
Կյանք ու ավերակ-հարազատ, օտար,
Աշխա’րհք գեղուտգեղ, մութի ճաճանչում
Եվ լո՜ւյսն այն, ինչը հենց ի՛նքը կտար:

Որտե՞ղ է սիրտդ, երկի՜ր:

Քարը տրոփում է – սիրտ է,
Ծառը տրոփում է – սիրտ է,
Գետը տրոփում է – սիրտ է,
Հյուղերդ, գյուղերդ սահման ու երկինք:

Դու՝ ի՜մ սրտից ես բարձրացել,
Ես՝ քո՜ սրտից,
Ու ողջ տիեզերքը նույն տրոփյունով
Պտտվո՜ւմ է քեզ հետ:

ԱՐՏԱՑՈԼԱՆՔ

Խշշացող գետից
Լոկ արձագանքն էր
Ինձ հուշ մնացել:

Թե ուր մեկնեցիք
Իմ արահետից,
Ոչ ոք չգիտեր
Ու չի իմացել:

Էդ ոնց ճոճվեցիք
Ճառագայթագեղ
Խորունկ խորերից,-
Քի՜չ մնաց լացեմ…

Ա՞մպ էիք երկնի –
Հավերժաճերմակ,
Ծառ ու վարդատո՞ւնկ-
Հավերժականաչ…
Խորությո՞ւն սրտի –
Հավերժակապույտ…

Թե ուր մեկնեցիք…

Հիշողություն իմ առաջին տանգոյից

Մի մանկամարդ տիկին
Ստինքները՝ ռումբ,
Իր նոթերն էր բերել – Անգոյից,

Ու ես կուտակ-կուտակ տարիներիս տակից
վեր նայեցի… և ումպ-ումպ
Քաշեցի շամպայնը – առաջին իմ տանգոյի:

Սուրբ էր մարմինս. թևս չէր գրկել
Ոչ մի կնոջ մեջք, ոչ էլ դիպել ծծի,-
Դե, ամոթխած էր երկրիս գյուղացին:

Շիշը ֆռֆռաց կանգնեց իմ դիմաց: Էլ չկար փրկում:
Ախպերությո՛ւն, կի՛րք, սենյակն առանձին:
Գոքորը բիբե՛ց կապուտաչ քածին:

Թեև քար էի՝ պիտի պարեի, եռքի
Խավարում՝ «Մթնշաղի» տակ,
Կիպ, դանդաղ, աչքերի մեջ սուզված

Թե՛ աղջկա, թե՛ հարբած մեր տղերքի:
Նախ՝ աջով գրկեցի մեջքը հպատակ,
Ապա ձախ ափով՝ մատները հուզված

Ու քայլ արեցի, ոնց մազե կամրջով,
Որ կտրում-անցնում են ծուռ տղերքը՝
Հանուն մաքրության, ճշտի, որձության,

Թեև սրտիկս կհարվածեր մուրճով,
Ոնց որ դհոլին – շեփորային երգի,
Ոնց որձաքարն են դնում փորձության:

Նրա թևը նուրբ սահեց դեպ ուսս,
Որպես թռչունը ծանոթ ծառաբնին
Ամռան գիշերով, երբ տոթ է, և օդը՝ շնչակարմիր,

Ու ժպտաց ծովաչվի – ինձ՝ սրբիս ու կույսիս,
Անուրջներիս մեջ – քուն թե արթմնի.
Երբ որ դեռ ամորֆ ես՝ երազ թե մարմին…

«Մթնշաղի» մորֆին ծնկներիս մեջ լցվեց –
Կամա՜ց, կամա՜ց ու էլ՝ ո՛չ մի քայլ.
Նա՝ իմ ազդրերի խրխնջոցն էր առնում,

Ես՝ իր դրախտիկի դռնակում էի ցցել
Ինչը էներժի՛ն է բերում կենտրո՛նն արևափայլ,
Ու տանում էի՝ գրկախառնումս,

Ամո՜թս, կի՛րքս, որձությո՛ւնս անօգ,
Տանում բիբերի խորերն անճանաչ,
Իբրև պատանի մի սիրեկան,

Որին աշխարհում չի՛ հաղթելու ոչ-ոք,
Քանի կի՜ն կա գրկում, և աչքերն են կանաչ,
Եվ պարում է կյանքն իր, բռամիջում՝ ական…

Խելքամաղ են լինում նաև մթնշաղին,
Եվ նռներն են կրծքի մեկեն հասունանում
Պտույտի մեջ պարի: Ու մենք իջանք

Գորգին ծաղկածիծաղ: Լավ տղերքն էին թաղի:
Շրխկում էր կարտը: Նա շորերն էր հանում –
Իսկը՝ վերուստ ընծա-դրախտային տանջանք…

Երախտապարտ եմ քեզ, մանկամա՜րդ տիկին,
Ես՝ ծանրաբեռ տարիներիս տակից
Թերթում եմ նոթերը քո Անգոյի,

Տեսնում ստինքներդ – ռո՛ւմբ-ռո՛ւմբ
Եվ իմ արաղն եմ խմում՝ ումպ-ումպ՝
Տակտերն հաշվելով առաջին իմ տանգոյի:

Հին գրքեր

Ի՜նչ կատարյալ է
ձեր անհուններում –
Կյա՜նքը:
Խինդ թե կարեկցանք,
թե խանդ, թե հանցանք
ձուլված են ի մի,
իբրև գույն ու իր,
և ողջ ու մեռյալ
ձեր կատարներից
ձեռքով են անում:

Գոյահատակում
գոհաբանության
լույսեր եք փակում,
ինչպես որ տիկնայք
զարդատուփի մեջ
օղ, ապարանջան…

Աստ՝ մերթ հոգսերն են դառնում տանջանք,
մերթ ախտե՛րն են գամում ցավին ցնորքների,
մերթ մահե՛րն են գնդով զավթող զորքերի
մեզ հալածում մինչև
դառնաթախիծ աշնան մի շեղ անկյուն,
ու թվում է քաոս
արարչանքը Աստծո,
և մենք՝ մարդ ու թռչուն,
տոհմածառից պոկված տերևները որպես
շփշփում ենք դեմքին
այդ սի՜ն
բազմախորհո՜ւրդ,
անզգա՜ քաոսի:

***

Սերը ապրել
ու անցնել,
սերը մեռնել
ու անցնել,
տեսնել մի նոր
արեգակ,
տեսնել լույսով
գծած քար,
ծառեր՝ ի վեր
բխացող,
լուսնի փոշի –
ծաղկի հող…

Սերը ապրել
ու անցնել,
սերը մեռնել
ու անցնել:

ԵՐԱԶՈՒՄ

… Եվ գնո՛ւմ էի գալարներով տողի,
Ասես հողի մեջ – խոփ շիկակարմիր,
Մինչև կանգ առա – ակոսադարձին,
Հենց որ արևը վար բերեց կոպն իր:

Վաստակած, խոնջած տե՞ր էի, ոգի՞,
Բայց բնաշխարհն ինձ գետնին էր գամում,-
Մանկաշո՜ւնչ բերան, աղավնո՜ւ հոգի…
Եվ Տերն աստղերի ողկո՜ւյզն էր քամում:

ԱՄՊՆ ՈՒ ԾԻՐԱՆԵՓՈՂԸ

Ինչպես էլ ընթանաս – առ իս,
Ծիրանեփողը հա՛ր կուղեկցի քեզ,-
Կուզես՝ խռո՛վ արի, վառոդով տակառի
Բոմբյունով ցրի՛վ տուր կանչերն իմ աղեկեզ:

Թե գաս տարածուն՝ մետաքսե փորդ
Հպիր սաղարթներին իմ ծեր ծառերի,-
Իմացիր՝ դողդոջ մատներ են մտել
Փետուրների մեջ չվող բառերի:

Պա՜ր արի, խա՜ղ արա ու բազմադեմ
Հասիր քաղաքին այս – ամայի
Ու շրջշրջուն ձայնդ ցողիր, որ
Լուսայգին մայեն ստվերները ու… հմայիր:

Կաթ-կաթի՜լ գցիր հնչյուններդ ասուպ,
Ասես ձեռնափի մեջ՝ արծաթե դրամ.
«Ի՜նչ հեռվից է եկել»,-քո մասի՞ն են ասում,
Եվ դու մարդ ես եղել ու դարձել ես ա՞մպ…

Եվ ոնց բերանից ծիրանեփողի՝
Քո անուշ շո՛ւնչը տուր – սփռվե՜լ ջանա,-
Քո՛ ճանապարհն էր, և չի՛ք այլ ուղի,-
Շուրթեր են, մատներ ու ոսկե շրջանակ:

ՈՒՇ ՉԷ… ԵՐԲԵՔ…

Ների՜ր, որ հորինեցի Սերը-սուտ:
Չէր բոլորել դեռ տարիքը քո – տասնութ,
Եվ քեզ անհաղորդ էր թե՛ չարչարանք, թե՛ մութ:

Չէ՜ի կամենում – երբեք – քեզ խաբել,-
Անունս-արնո՛ւնս էին շուրթերիցդ արբել
Ու ինձ նետում էին հրատոչոր ափեր:

Քեզ կակաչների մահըն էր հուզում,
Մեր միջով հոսող ափեր էին վազում,
Դու երկրային ծաղկանց ողջ պայթյո՜ւնն էիր ուզում:

Քո աչքերո՜ւմ տեսա կատարյալ իմ պատկերը,
Շուրթիդ՝ ադմանդ էին իմ մտքերը,
Գլխիս թագ էիր դնում – ո՞ւր է, ո՞ւր է:

Չէ՜ի կամենում, ներիր, քեզ խաբել…
Լիալուսինն է, ես, ամպեր ու ամպեր,
Եվ արցունքն ինձ տանում է երազված ափեր:

ԼԵԴԱ

Դեպի խոր աշնան ցրտերն այլակերպ
Չարչարանքները հալածում են երբ,
Երբ ցամաքում է կիրքը ցամաքում,
Եվ էլ ոչ մի վարդ սիրտ չի ամոքում,
Եվ ներխավարի ճիգդ հրեղեն
Ասում են՝ զո՜ւր է, եղել-չի՜ եղել,
Ոմանք հայցում են թողություն և գութ,
Ոմանք՝ ժպիտը օրերի մանկութ,
Ինձ երազվում է, թե գիշերների
Գիշանգըղային ահեղ շողերից
Ես դուրս եմ սահել իբրև մի կարապ
Եվ անտեսության ընդերքը պարապ
Լցրել վերընծա կերպափոխությամբ,
Ինչպես որ լեռն այն պարուրեց մի ամպ…
Երգել եմ լո՜ւյսը՝ թախիծը նրա,
Ով ա՜մպ տեսավ ինձ կեղևիս վրա
Ու փետուրներիս ճերմակներում թավ
Պատանու պայթող համբո՜ւյրը գտավ:
Լե՜դա, ի՜մ ցնորք ու ի՜մ անտունի,
Փրկությո՜ւն աշնան այս գիլյոտինից,

Լե՜դա, ես այդ սուր լուսաշերտի դեմ
Թևում եմ տրտում ու ելք չգիտեմ,
Հպվո՜ւմ եմ ձեռքիդ տաք ցայտաղբյուրին
Ցողի մեջ քնած մարմընով կույրի,
Մեռնում շուրթերիդ, արցունքիդ՝ հատ-հատ
Իբրև տրոհյալ օրերի հեքիաթ:

***

Սա՝ Երկիրն է,
Երկրում՝ իմ երկիրը,
Ուր առ Քեզ
Մեղքով է շարժվում ամեն բան…

Ների՜ր ինձ,-
Հո երկնքո՞ւմ չեմ մեղանչել,-
Սա՝ Երկիրն է,
Երկրում՝ իմ երկիրը,
Ուր ծնվել, մեծացել ու ապրում եմ:

Գրում եմ՝ լույսի հետ –
Երևի Քեզ եմ որոնում,
Գրում եմ՝ մութի մեջ –
Երևի Քեզ եմ որոնում,
Որ ասեմ՝ աստ ծնվել ու ապրում եմ:

Քնում եմ՝ երրորդ աչքս բաց:
Թվում էր՝ ցավը շրջանցել եմ,
Սակայն մանուկը նորովի զարթնեց,
Պատանին՝ պոռթկուն,
Այրը՝ ողջամոլոր,
Եվ սիրտս՝ տեսնվում էր իսկույն:

Եվ կույր չեմ մտոք,
Զի միտքս դու ես լուսավորել,
Գրել՝ ասել է թե՝ արարել ու հայել,
Գրել՝ ասել է թե՝ դիպչել ու մեղանչել,
Բայց միևնուն է, ուր էլ որ նայեմ,
Դո՛ւ ես ջրհորում իմ հոգու,
Դու՝ տեսողությանս
Ահռելի վառված լամպի տակ,
Դու՝ մի արտասովո՜ր,
Մի արտասվալի ամպի՜ տակ,
Դեմքիդ ժպիտը
Տարածած ասես օվկիանոսում,
Ուր գետե՜րն են հոսում,
Ամպե՜րը, անձրևնե՜րը
Եվ արտասուքն իմ,
Իբրև սփոփանք
Երկրամեղքերիս լաբիրինթոսում:

Շարական

1.
Հունիսի քարայրում ոսկեսև
Մեղքերի հանքաքարն եմ հալում
Բոցաղեղ զղջումով, որն ասես
Նավակ է մի ահեղ տեսիլում

Քաշում վեր` արցունքից, դեպի վեր`
Իր անցման ճողփյունին հակառակ
Ու բացում ջրանդունդ վիհ մի վերք
Ծովեծով, տարածում վառ կրակ

Ու ողբում անձրևով ի վերա
Կայծերի, բռնկման, սոսկումի,
Խլիրտի ու սրտի ալբերան,
Որ մնան կարոտյալ մի կումի…

2.
Կան մրգեր, լույսից էլ պայծառ են,
Ծաղիկներ, որ խինդն են զարդարում,
Լուռ շուքեր, որ հուզվում են բառից
Ու լուծվում Շնչի մեջ Նոր Տարու`

Ծննդյան տոներին Հիսուսի,-
Սիրտ ու շուրթ, շուրթ ու շուրթ, շուրթ և ձայն`
Շարական ոսկեսև հուլիսի,
Ձմռան մեջ կայրըվեն հավիտյան:

3.
Շարակա՜ն ոսկեսև,
Ոսկեթև՜ շարական,
Երկնաբուխ, երկնադարձ
Դու ընծա – հայրական:

Ժառանգորդ` քո ոսկու,
Քո սևի` ժառանգորդ,
Տանում եմ բեռամբարձ
Մեղեդին լայն ու հորդ:

Դեպի ուր` դո՛ւ գիտես,
Ոլորքով` դեպի ուր,
Քավությամբ ինքնատես
Մոլոր եմ իբրև հուր:

Իբրև մի հավերժակ,
Հավերժակ` ի անհուն,
Տանջանքի ղողանջով
Շնչիդ եմ միանում,

Ընդգրկուն քո շնչում,
Ափերում քո լույսի
Ոսկեսև – ոսկեթև
10-ն է իմ հունիսի:

Ձեռքը

1.
Ձեռքը շարժվում էր
Երազի միջով,
Տեսնըվում օդում տաք աղբյուրների,
Ոնց երգչախմբում քույր-եղբայրների:

Հորից` իր որդուն,
Որդուց` թռչունին`
Լորին, տատրակին, բուին, սարյակին…
Ու նաև նրան, ով որ բույն չունի ու անուն չունի:

Երեք մատներով
Պտղուցի շարժումն այս հոգեբավ
Կարեկցական է, անդրգեղեցիկ,
Որպես հղկվող ցեղային լեզուն
Ի Տեր Քրիստոս, և այն օրհնյա՜լ է – երիցս:

2.
Կանցնի’ ամպերի պատրանքն հրկիզող,
Ջահելությունը` խելառ-առնական,
Այրությունն` ինչպես սուզվող տերություն
Եվ ծերությունը` աստեղափոշու կայծ թափառական,

Սի՜րտը կարեկից,
Երեք մատների պտղո՜ւցը կմնա
Եվ չուն հեռացող,
Որ խաչակնքված երկնքով գնաց:

վերամարմնավորում
Մեկ է, հոգիս պիտի չվի
Դեպի մարմինն իմ մանկական,
Կուզենայի իմանալ թե
Ո՞վ է մանուկն իմ կացարան,
Գուցե մի օր ես իմանամ
Հովհաննեսն է կամ էլ Արան…

Մինչ այդ ետ եմ նայում շվար
Ճամփաներին լույսուխավար,
Հակում է իմ հայացքը ծույլ
Գագաթներից` անդունդներին,
Անդունդներից` հավիտներին,
Հովիտներիվ` գագաթներին,
Գագաթներից` երկինքներին…
Եվ առեղի տակ եմ լծվում
Երեք անգո թռչունների:

Մաքրում եմ ինձ` անքավարան,
Զորացնում եմ` առանց զենքի,
Քնքշացնում եմ` առանց փշուր,
Ջերմացնում եմ` առանց բոցի,
Գութով լցնում` անթելադրանք,
Սիրով օծում` առանց խանդի,
Խրոխտացնում` անխռովյալ…

Ո՞վ էի ես և ով ես դու,
Իմ մաս, ամբողջ,
Ի՜մ անցավոր,
Հավիտենից` ի՜մ հողածին…

ԱՌ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Քեզ փառերգեցին հույները մանուկ –
Վիթխարի թափն ու գեղը քո,
Օ՜դդ, կրակնե՜րդ, ջրե՜րդ հոսուն,
Որպես անդամները մարմնի,
Գրգի՜ռ տվեցին տեսողությանը երգող:

Թախծալուր ու անուշ մելոսում
Թուխ հնդիկնե՜րը քեզ երգեցին
Եվ ծնրադիր են իբրև վեմ,
Որպես ծեր որդիք իրենց մոր
Ոտքերի դիմաց – մինչև հասնեն քեզ ու ձուլվեն:

Քեզ ճապոնները տո՜ւն բերեցին,
Ու եռաստիճան շարով
Ընթացան՝ դեպ պայծա՜ռ-պայծառը
Եվ հնչյուններ հղեցին երկնակամարով,
Որ լսում էին՝ մարդը, լուսինն ու ծառը…

Դու՝ մե՜ր հրճվանք,
Հրճվանի՜ հրճվանք,
Յոթ երկինքների ցողով-ցայված,
Աստուծո կատարյալը մեզ՝
Հավերժի կերպով ընծայված:

Ի՞նչ եղավ.
Մանուկը մո՞րը ուրացավ:

Քեզ բզկըտո՛ւմ են ցամաքում,
Խեղդո՛ւմ են ջրով,
Ծվատո՛ւմ են օդից,

Մ՛ի սպանաներ,-
Ասում է քո միակն ու կատարյալը մեր,
Բայց մենք չենք թողնում.
Նրա ձայնը սի՛րտը մեր թափանցի,
Քնկոտ ամպերի մալանչներն
Ականջներն են մեր խցմցում,
Չենք առնում փրկության կանչերը
Քո ծաղկանց, ծառերի, ջրերի
Եվ լույս ու անմեղ կենդանիների:

Նյութը պլոկվել է հոգուց,
Հոգին՝ խոտորվել ճանապարհից ոգու
Եվ, իբրև մի ընկեցիկ,
Անճանաչ ծիրում է թափառման:

Ո՞ւմ դեմ սիրտս բացեմ,
Երբ Նրա ձայնը վառման
Ամպերի միջով կարծես չի՜ թափանցում,
Իսկ մանուկը՝ մո՜րն է ուրացել:

ՊԱՐԱԴՈՔՍ

Կիսաբաց աչքերով
կյանքի աչքերին նայելով կիսաբաց…

Հիպնոսվել,
որ հոսի քո ներսում
աշխարհը
ջրերով՝ իր չոր,
իրերով՝ իր թաց…

***

Մի՞թե
կկաթի
ցողդ երկնային ֊ վերքի՛ս մեջ լայնացող։

***

0~տայր
այս վայրերից
օտար,
տար, որտեղ դու ինձ
պատահաբար
գտար,
խավարից ու փառքից,
առք ու վաճառքից
հեռու, հեռու տար,
Օ~ տայր
դեպ առավոտները,
ծաղկանց աղոթքն
առ խաչ՝
եկեղեցու կատար…
օ~ տայր,
օ~ տայր
այս վայրերից
օտար։

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
(պաշտպանական)

Նոքա վաղուց էին մեռյալ,
Ովքեր մահդ գուժեցին,
Ածխացած սև-լռելյայն,
Ովքեր կյանքդ են խուժում։

Եվ աստղացած հեռավոր,
Եվ մարմընով – դեպի գամ,
Կա՛ս քո գոյով փառավոր
Սմոգում այս իբրև կամք,

Կա’ս և վառվու~մ ես շվար,
Թե ինչպես է աստղալույսն
Ի գուբն անտակ հոսում վար
Ու գագաթին չի~ հասնում:

«Արտացոլանքը հեռու, բազմադեմ» ժողովածուի մասին գրախոսականը կարող եք կարդալ այստեղ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *