2006-ի գրականության Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուքը Եվրոպայում ամենահայտնի գրողներից մեկն է, որի երկերը տպագրվել են շուրջ 100 երկրներում: Գեղագիտական մտածողությամբ թուրք գրողը Արեւելք-Արեւմուտք քաղաքակրթությունների հակասություն-համադրությունների յուրատեսակ կրողն է, եւ նրա «Ձյունը» վեպը դրա արտահայտություններից է: Նոբելյանակակիր իր այս վեպը, հայ ընթերցողի համար գեղագիտականությունից, մշակութային-գրական չափանիշներից զատ, բնականորեն, ունի ազգային-հոգեբանական մեկ այլ՝ միայն մեզ հասկանալի նշանակություն:Գրողը «Մենք մեկ միլիոն հայ եւ երեսուն հազար քուրդ ենք սպանել» խոսքերով համալրեց թուրք առաջադեմ այն սակավաքանակ մտավորականների շարքը, ովքեր սեփական երկրի ապագան պատկերացնում են միայն՝ բացվելով պատմության ճշմարտությունների առաջ: «Ձյունը» վեպի հայերեն հրատարակությունն այս օրերին թերեւս ունի նաեւ խորհրդանշական բնույթ: Վեպի թարգմանությունը նախաձեռնել եւ հրատարակությունը իրականացրել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը: Թարգմանությունը ռուսերենից կատարել է Հակոբ Սողոմոնյանը. խմբագիրը Ֆելիքս Մելոյանն է, գրքի ձեւավորողը՝ Մկրտիչ Մաթեւոսյանը: Երեկ «Համազգայինի» գրասենյակում գրքի շնորհանդեսին միության նախագահ Լիլիթ Գալստյանը վեպի թարգմանության նախապատմության մասին խոսելիս ասաց, որ երկու տարի առաջ բնավ չէին կարող պատկերացնել, որ այն կհամընկնի այս օրերին մեր բոլորի բառապաշարում ամենից հաճախ հնչող հայ-թուրքական հարաբերություններ արտահայտությանը, երբ այդ երկու բառերը միմյանցից բաժանող պարզ գիծը մեզ համար կրում է ցավի, չապաքինվող վշտի, անհանգստության, Ցեղասպանության ողբերգության մի ամբողջ գիտակցություն: Գրքի թարգմանության հիմնական նպատակը, ինչպես նշեց Լիլիթ Գալստյանը, հայ ընթերցողին բարձրարժեք գրականության հետ հաղորդակցելն է եղել: Վեպը շատ համարժեք է Փամուքի Նոբելյան ճառի այն խոսքերին, թե՝ «Գրականությունը ամենաարժեքավոր պաշարն է, որ մարդկությունը ամբարել է իր ինքնըմբռնման որոնումներում»: Լիլիթ Գալստյանը պատմեց նաեւ, որ հայերեն թարգմանության հեղինակային համաձայնություն ստանալու համար, երբ դիմել են Փամուքին, գրողը հրաժարվել է հոնորարից՝ ասելով, որ «Ձյունը» վեպի այս թարգմանությունը հայ եւ թուրք ժողովուրդների փոխըմբռնման շատ կարեւոր քայլերից է:
Վեպի հայերեն թարգմանությունը հատկապես ներկայիս շրջանում համարվեց ազգային, քաղաքական, մշակութային կարեւոր իրադարձություն: Թարգմանիչը նկատեց գրքի ճանաչողական նշանակությունը, «ոչ մեկը Թուրքիան այսպես չի ներկայացրել»: Հետաքրքրական էր Ռուբեն Հովսեփյանի մոտեցումը. «Աշխարհում շատ կան հրաշալի գրքեր, որոնց ընթերցումը գեղարվեստական վայելք է. դրանք տարածքով, ժամանակով քեզնից հեռու են, ու գեղարվեստական վայելքը դրանից ավելանում է: Այս գիրքը դրանցից չէ. ես դա չեմ կարողանում վայելել որպես մաքուր գեղարվեստական գործ: … Չգիտեմ, թե նա նյութին, տարածքին որքան ազնվորեն է նայել, բայց ձյունի սիմվոլի միջոցով երկրի սեւ կետերն է ցույց տալիս»:
Վեպը զուտ որպես գրական-մշակութային երեւույթ դիտարկեց Հակոբ Մովսեսը. «Օրհան Փամուքը իր գրքի մեջ հաջողել է որպես արեւմտյան մտածողության կրող, թեեւ թուրքական միջավայրում է ստեղծագործել: … Նկատի ունենալով նաեւ մեր վերջին տասը տարիների գրական պրպտումները եւ այն, որ թուրք գրողը նույն տարածքից է, ուսանելի է, թե ինչպես է կարողացել իր գեղագիտության մեջ արեւելյան՝ թուրքական, պարսկական, արաբական մտածողության ձեւաբանությունը եվրոպական ընկալումների մեջ դնել եւ ստանալ եզակի համադրություն: Անկախ ճանաչողական արժեքից, առանձնապես կուզենայի, որ մեր երիտասարդ գրողները այդ հանգամանքի վրա ուշադրություն դարձնեին»: Ազատ Եղիազարյանը գիրքը համարեց մոդեռնիստական շրջանի լավագույն գործերից եւ նկատեց, որ եթե այդպիսի վեպ այստեղ գրվեր, գործի կդրվեր 301 հոդվածը (թեեւ Փամուքն էլ իր երկրում վտարանդի է ե՛ւ թուրք ազգայնականներից, ե՛ւ դատական հետապնդումներից խուսափեց միջազգային լրատվամիջոցների, հանրահայտ մտավորականների զորակցությամբ):
Նկատվեց, որ վեպը թեեւ ռուսերենից է թարգմանվել, բայց թուրքերեն տողացին ձեռքի տակ ունենալով, կարողացել է պահպանել վիպական մթնոլորտը եւ ոճը, իսկ մի տիկին Կանադայից ասաց, որ արեւելահայերենի ներկա աղավաղումների պայմաններում, վերջապես ահա «զուլալ, առանց օտարաբանություններու եւ կրկնաձայն բառերու» հայերեն գիրք:
Հայ-թուրքական փոխհարաբերությունների մեջ ճանաչողական դաշտ ձեւավորելու ըմբռնումների այս նոր մթնոլորտը կտրուկ փոխեց Ավիկ Իսահակյանի մոտեցումը: Նա հորդորեց չընկնել էյֆորիայի մեջ եւ չմոռանալ, թե ինչ արեց եւ ինչի է ընդունակ թուրք ազգը, այն սահմռկեցուցիչ բարբարոսությունը, որ մեր ազգը կիսեց, մաս-մաս արեց: Եվ որ ոչ մի Օրհան Փամուքի հանճարեղ գիրք չի կարող մաքրագործել դա: Սերունդների ինքնագիտակցման տեւական շրջան պահանջող ընթացք է դա, քանի որ «Չի կարելի մոլորվել, խաբվել եւ սերունդներին ներշնչել դա»:
Ավարտին հնչեց այն միտքը, որ այդուհանդերձ մշակույթի չափանիշը տաղանդն է: Իսկ «Համազգայինը» Օրհան Փամուքին Երեւան հրավիրելու մտադրություն ունի: