Հանդիպելու էի ընկերոջս` Սիմոն Ռադեվենին, ում տասնհինգ տարի չէի տեսել: Ժամանակին լավագույն ընկերս էր եղել` մտքի ընկեր, ում հետ կիսում ես հանդարտ և ուրախ երկար երեկոները, ում անվերապահ վստահում ես, ում հետ զրուցելով գտնում ես հազվագյուտ սուր մտքեր, որոնք ծնունդ են առնում մարդու բանականությանը շունչ տվող երկկողմանի համակրանքից:
Տարիներ շարունակ ոչ մի րոպե չէինք բաժանվել: Ապրել, ճանապարհորդել, մտորել, երազել էինք միասին, սիրել էինք միևնույն բաները նույն սիրով, հիացել էինք միևնույն գրքերով, հասկացել միևնույն ստեղծագործությունները, նույն դողքն ունեինք նույն բանից, այնքան հաճախ ծիծաղել միևնույն մարդկանց վրա, որ մի հայացքից իրար լրիվ հասկանում էինք:
Հետո նա ամուսնացել էր մեկի հետ, ով պրովինցիայից Փարիզ էր հասել` նշանած փնտրելու: Փոքրիկ շիկահերը` նիհարավուն, անփույթ շարժուձևով, բաց գույնի աչքերուվ, բայց և դատարկ հայացքով, բարձր ու խոսքի հիմար տոնով, նման հարյուր հազարավոր տիկնիկների, որոնց հետ ամուսնանում են հենց միայն ամուսնանալու համար, ինչպե՞ս էր հաջողացրել գրավել խելացի ու բարեկիրթ տղային:
Մարդ նման բաներ կհասկանա՞: Անկասկած ընկերս երջանկության հույս էր ունեցել` պարզ երջանկության, մեղմ և երկարատև, բարի, քնքուշ ու հավատարիմ կնոջ գրկում: Էդ ամենը տեսել էր բաց գույնի մազերով հենց էս աղջնակի պարզ հայացքի մեջ:
Ընկերոջս մտքով չէր էլ անցել, որ կյանքով լի մարդու վրա մեկեն հոգնություն է իջնում, երբ հանդիպում է հիմարության. միայն թե չհիմարանա ոչինչ չհասկանալու աստիճան:
Ինչպիսի՞ն էի տեսնելու նրան: Նույնքան աշխույժ, հոգով լիքը, խանդավառված, թե պրովինցիալ կյանքից բեզարած: Տասնհինգ տարիները կարող են և մարդուն փոխել:
Գնացքը կանգ առավ փոքրիկ կայարանում: Վագոնից իջնելիս մի գեր, հաստափոր մարդ` կարմիր այտերով, ինձ էր գալիս` ձեռքերը լայն բացած.
-Ժորժ!
Գրկեցի ընկերոջս, բայց որչափ անճանաչելի էր: Հետո ապուշ կտրած շշնջացի.
-Չես նիհարել հա:
Հարցիս ծիծաղով արձագանքեց.
-Իսկ ինչ էր քո ուզածը: Լավ կյանք, լի սեղաններ, լավ անցկացրած գիշերներ: Ուտել և քնել. սա է իմ ողջ ապրելաձևը:
Ուշադիր նրան նայեցի` լայն դեմքի մեջ փնտրելով ինձ ծանոթ ու սիրելի գծեր: Աչքերի գծագրությունն ասես չէր փոխվել, բայց հայացքն էլ նույնը չէր. ինքս ինձ ասում էի. «Թե իսկապես հայացքը մարդու միտքն է արտացոլում, սրա հայացքը նույնը չէ »:
Այնուամենայնիվ աչքերն ընկերասիրությամբ էին շողում: Ու դրա հետ մեկտեղ էլ չկար խելացի հայացքը, որ խոսքից էլ ավելի միտքն է արտահայտում:
– Էս էլ երկու մեծ զավակներս:
Մի տասնչորսամյա աղջիկ` կնոջ կերպարանքով և մի տասներեքամյա տղա` քոլեջի համազգեստով, ամաչելով առաջ եկան:
-Քո՞նն են,-շշնջացի:
-Դե այո,-ծիծաղելով պատասխանեց նա:
-Քանի՞ երեխա ունես:
-Հինգ: Երեքը տանն են:
Պատասխանեց հպարտությամբ, գոհունակությամբ, ասես հաղթանակած, իսկ ես համակված էի խորը խղճահարությամբ, որին գումարվում էր որոշակի արհամարհանք գոռոզամիտ, բայց և միամիտ մարդու հանդեպ, ով իր պրովինցիալ տանը, ինչպես նապաստակը վանդակում, գիշեր ժամի միայն երեխաներ սարքելու մասին էր մտածում:
Նստեցի մեքենան, որ հենց ինքն էր վարում, և ահա մենք քաղաքի մեջ ենք` տխուր, անգույն, քուն մտած քաղաքի, որտեղ ոչինչ չէր շարժվում, բացի մի քանի շուն ու քանի սպասուհի:
Պատահեր, որ խանութպաններ գլխարկը հանեին նրան ողջունելու, այդժամ Սիմոնը նրանց ողջունում էր` պարտադիր նշելով նրանց անունները` անկասկած ինձ ապացուցելու, որ ճանաչում էր բոլոր բնակիչներին անուն առ անուն: Միգուցե ընկերս մտածում էր պատգամավոր դառնալու մասին, ինչը կար պրովինցիալ կյանքի տաղտուկի մեջ թաղված միակ երազը:
Արագ անցանք քաղաքի միջով, և մեքենան մտավ պարտեզ, որ զբոսայգի դառնալու հավակնություններ ուներ, այնուհետև կանգ առավ փոքր աշտարակներով տան առջև, որն էլ իր հերթին դղյակի էր փորձում նմնավել:
-Սա էլ իմ կացարանը-ասաց Սիմոնը` հաճոյախոսություն ստանալու ակնկալիքով:
-Հիանալի է,-պատասխանեցի:
Տան շեմին մի կին հայտնվեց. զարդարվել էր հատուկ այցի համար, հարդարվել էր այցի համար, նույնիսկ ֆրազներ էր նախապատրաստել այցի համար: Բայց այլևս նույն շիկահեր և գունատ աղջնակը չէր, ում տեսած կայի եկեղեցում տասնհինգ տարի առաջ:
Անճաշակ հագուկապով կին, այն կանանցից մեկը, որոնց տարիքը դժվար է որոշել, առանց բնավորության, հմայքից ու մտքից զուրկ, առանց կանացիության նշույլի: Մայր էր նա, սովորական գիրուկ մայր, երեխայի տեր, թխսկան հավի կյանքով ապրող, ում միակ միտքը զբաղված էր միայն երեխաներով և խոհանոցային գրքույկով:
-Բարով եք եկել,-ասաց նա,-և ես մտա նախասրահ, որտեղ երեք մանչ` կողք կողքի շարված ըստ հասակի, հիշեցնում էին հրշեջների` քաղաքապետին ներկայանալիս:
-Էս էլ մյուս էրեխեքն ե՞ն:
-Ժան, Սոֆի և Գոնտրան,-անուն առ անուն նշեց Սիմոնը` շողշողալով:
Հյուրասրահի դուռը բաց էր: Երբ ներս մտա, բազկաթոռի խորքում շարժում նկատեցի. անդամալույծ ծերունի էր:
Առաջ գալով` Տիկին Ռադեվենն ասաց.
-Պապս է: Ութսունյոթ տարեկան :
Հետո մոտենալով ծերունուն` գոռաց.
-Սիմոնի ընկերներից է, հայրիկ:
Ծերունին ջանքեր էր գործադրում` ինձ բարև ասելու, բայց միայն անհասկանալի ձայներ արձակեց` թափահարելով ձեռքը:
-Շատ սիրալիր եք, հայրիկ,-ասացի և ընկա աթոռին:
Սիմոնը նոր էր մտել. դեմքին ժպիտ էր նշմարվում:
-Ախ դու արդեն ծանո՞թ ես բարի ծերուկին: Զվարճալի մարդ է, երեխաների զբաղմունքը: Գիտե՞ս, սիրելիս, իսկական գուրման է. բոլոր ճաշերին պիտի ներկա գտնվի: Չես էլ կարող պատկերացնել ինչքան էր ուտելու, թե չխանգարեինք: Դու ինքդ կհամոզվես: Էնպես է նայում քաղցրավենիքին, ասես գեղեցիկ օրիորդին նայելիս լինի: Կյանքումդ հանդիպած չես լինի Էսքան զվարճալի մեկին, դե ինչեր եմ ասում, շուտով ինքդ կտեսնես:
Հետո ինձ ուղեկցեցին իմ սենյակ, որ հարդարանքս ավարտին հասցնեմ, քանզի ընթրիքի ժամն էր մոտ: Աստիճաններին ոտնաձայներ լսեցի, շրջվեցի` ի՞նչ տեսնեմ. բոլոր երեխաները հանդիսավորությամբ գալիս էին ետևիցս իրենց հոր հետ` նման պատվի արժանացնելով ինձ:
Սենյակիս պատուհանները նայում էին մարգագետնին. անծայր էր այն, խոտերի, ցորենի և վարսակի օվկիանոս. ոչ ծառ ու ոչ էլ բլուր: Աչք ծակող տեսարան էր ու տխուր. մատնանշում էր կյանքը, որ գլորել էին էդ տան մեջ:
Զանգի ձայն լսվեց. ընթրիքի ժամն էր:Աստիճաններով իջա:
Տիկին Ռադեվենը, հանդիսավոր կերպով ձեռքս բռնեց և ինձ ուղեկցեց ճաշասենյակ:
Տան աշխատողը հրում էր ծերունու բազկաթոռը: Հենց ափսեի մոտ հայտնվեց, խեղճ մարդն ագահությամբ ու անհամբեր սկսեց նայել աղանդերին` դժվարությամբ թեքելով գլուխը մի կերակրից մյուսը:
-Հիմա մի լավ զվարճանալու ես,-ձեռքերն իրար բերելով ասաց ընկերս:
Նույն պահին բոլոր երեխաները, հասկանալով, որ գուրման պապիկի ներկայացման պահն էր հասել, սկսեցին ծիծաղել, քանզի իրենց մայրը միայն ուսերն էր թափ տալիս:
Ընկերս արդեն գոռում էր ծերունու վրա` ձեռքերն իբրև խոսնակ օգտագործելով:
-Այսօր երեկոյան ունենք de la crème au riz.
Ծերունու կնճռոտ դեմքը լուսավորվեց, իսկ դեմքի խաղը ցույց տվեց, որ հասկացել էր`խոսքը ինչի մասին է, ու գոհ էր:
Սկսեցինք ընթրել:
-Նայիր,-շշնջաց Սիմոնը:
Ծերուկին ապուրը դուր չէր գալիս, և հրաժարվում էր ուտել, մինչդեռ հարկադրված էր. պարզվում է, որ ուտելիքը առողջարար էր: Տան աշխատողն էլ ուժով փորձում էր բերանի մեջ խցկել լիքը գդալը, իսկ խեղճն էլ եռանդով փչում էր կուլ չտալու համար մսաջուրը, որը թափվում էր սեղանին կամ սեղանակիցների վրա:
Երեխաներն ուրախությունից մեռնում էին, իսկ ընկերս գոհունակ դեմքով շարունակ կրկնում էր.
-Զվարճալի պապիկ է, հը՞ն:
Ողջ ճաշի ընթացքում ծերունուն աչքաթող էին արել, քանի ապուրից զատ այլ բան չէր ստանում: Հայացքով կուլ էր տալիս սեղանին դրված բոլոր կերակրատեսակները, և իր դողդոջ ձեռքով փորձում էր դրանց հասնել ու իր կողմը քաշել: Ուտելիքը գրեթե հասանելի տեղում էին դրել, որ տեսնեին մարդու անիմաստ ջանքերը, աչքերը, բերանը, քիթը, որ ձգտում էին դեպի կերակրատեսակները: Ամբողջ ընտանիքը վայելում էր այլանդակ ու անհեթեթ տառապանքը:
Հետո ափսեի մեջ փոքր կտոր էին դնում, որ ուտում էր անհագուրդ` էլի մի նոր բան ստանոլու ակնկալիքով:
Երբ հերթը հասավ riz sucré -ին, խեղճը նոպա ունեցավ: Ուտելու ցանկությունից մեռնում էր:
-Արդեն շատ կերաք,-գոռաց Գոնտրանը: Այլևս ոչինչ չեք ստանա: Բոլորը ձևացրին, որ ոչ մի կտոր չեն տալու նրան:
Ծերուկը սկսեց լալ: Լալիս էր դողալով, ավելի ու ավելի ուժգին, մինչ երեխաները կծիծաղեին: Վերջապես բերեցին նրա հասանելիք բաժինը, մի փոքր կտոր. առաջին իսկ կտորից հետո կոկորդից ծիծաղաշարժ ձայն դուրս եկավ, և սագի նման պարանոցը ցնցեց:
Կտորն ուտելուց հետո ոտքերով սկսեց հարվածել գետնին` էլի մի նոր բան ստանալու ակնկալիքով: Խղճահարությամբ լցված ու տեսնելով տանտալոսյան տառապանքները, ես թախանձագին խնդրեցի ընկերոջս.
-Մի քիչ էլ նրան բրինձ տվեք:
-Ինչեր ես ասում,-չէր դադարում կրկնել Սիմոնը,-իր տարիքում այսքան ուտելը լավ բանի չի բերի:
Լռեցի. մտորում էի ասվածի շուրջ: Ի¯նչ բարոյականություն, տրամաբանություն ու իմաստություն: Նրա տարիքում զրկել ծերունուն միակ հաճույքից` իբր անհանգստանալով նրա առողջության համար: Ւր առողջությա՞ն: Ինչի՞ն էր պետք այդ մարդը, ով միայն ավելցուկ էր:
Թե օրերն էի՞ն հաշվում խեղճի: Ինչքա՞ն էր մնացել. տաս օր, քսան օր, միգուցե հիսուն կամ հարյուր: Ինչի՞ համար էս ամենը. հոգ էին տանում, թե՞ ուզում էին ընտանիքը վայելեր գուրմանդիզմի ներկայացումը:
Ծերուկն էս աշխարհում էլ բան չուներ անելու. ինչի համար նրան զրկել իր վերջին ուրախության պահերից. նրան կարելի էր պատճառել էդ ուրախությունը, մինչ կմեռներ:
Մի ձեռք թղթախաղից հետո բարձրացա սենյակ. անասելի տխուր էի: Հենվեցի պատուհանին: Ոչինչ չէր լսվում, բացի թեթև, մեղմ ու շատ գեղեցիկ թռչունի մի երգից ինչ-որ տեղ` ծառին: Խորին գիշերով կամացուկ մի երգ իր էգին, որ քնած էր ձվերին:
Մտածում էի հինգ երեխաների և խեղճ Սիմոնի մասին, որ հիմա խռմփացնում էր իր անձև կնոջ կողքին:
Ֆրանսերենից թարգմանեց Էվրիկա Երիցյանը
Խմբագրումը` Մերուժան Սիմոնյանի