(մաթևոսյանական)
Քսան տարի եղավ ահա կրում է մարդկանց ու նրանց բեռը, քսան տարի նրանց ցենտների տակ խորհում է նրանց մասին, բայց բան չի հասկանում, ոչ թե այն պատճառով, որ ձի է, այլ որ նրանք կայուն չեն:
Հրանտ Մաթևոսյան
ԵՍ-«Ահա և վերջ»,-ասաց մի ծեր և իմաստուն ձի, երբ տեսավ առաջին ավտոմեքնան.-մտաբերեցի մի հայտնի ֆիլմից ու էլի ձեզ հիշեցի, Մաթևոսյանի թանաքով վարգող ձիեʹր, բեʹռնաձիեր:
Ախր, բեռնաձիությունը ձի լինել չէ, բեռ տանել ու բերել չէ. բովանդակություն է, գոյության իմաստ, ի վերջո արժանապատվություն:
Հորանջոցն արդեն ինչքան ժամանակ է՝ անփնչոց է. հոգնությունից: Էլ ականջի տակից գլխի հանկարծակի տարուբերումով ու գավակի մոտից պոչի աջուձախումով չի քշում միջօրեի տոթից վխտացող ճանճերը. հոգնությունից: Չնայած՝ հարց է՝ երբևէ անհոգնած եղե՞լ է:
Առավոտվա սառը օդը խուտուտ է տալիս ռունգերը, բայց թոքերը շատ են մաշվել էդ օդը կուլ տալու համար:
Սկսվե˜ց, բեռնում են, չէʹ, ոչ թե բեռնում են, այլ բեռնվում է: Աʹյ ձի, բա սմբակներդ մենակ քայլելու համա՞ր են ստեղծված: Մեղկ հայացքով նայում ես ու բեռնվում ու բեռնվում ու բեռնվում: Հետո էլ, երբ քափ-քափ արյունոտ քրտինքը կողերիցդ թափվում է ու չի հասնում գետնին, որովհետև անտանելի տոթից գոլորշիանում է մինչև գետնին հասնելը, հայհոյում ես (էլ հայհոյանքդ քանի՞ կոպեկ արժե):
Կարծում ես՝ չանելը անբանությու՞ն է: Է, արաʹ. պանիրը մի քանի կիլո տար, ոչ թե՝ փութերով, ցորենը երկու պարկ տար, ոչ թե՝ տոննայով: Դու մոռանում ես՝ Աստված քեզ ձի է ստեղծել, էդ սկզբի «բեռ» մասը հետո մարդիկ են ավելացրել: Ախր, իրենք ո՞վ են, որ քեզ «բեռ» կցեն ու դրանով արդարացնեն քեզ դանդաղ մեռցնելը:
Չես տեսնու՞մ՝ չեն հասկանում քեզ, իրենք էլ են բեռնաձի, հաʹ, հաʹ, հենց իրենք են էությամբ բեռնաձի (էն տարբերությամբ, որ դու գոնե երազում դաշտ ես տեսնում, ազատություն ես ինքդ քեզ շռայլում, իրենք արթմնի էլ չեն տեսնում): Բայց պետքները չի, որ դու կանաչ դաշտում խաղաղ արածելու համար ես ստեղծվել, որ Աստված քեզ հենց քսան տարի է տվել, որ ջահել մնաս, որ էդ ջահելությունիցդ վարգդ սիրուն լինի, աստվածային լինի, վեհ լինի:
Քեզ պառավ ձի են ասում, հա՞, ախր դու քսանին էլ չես հասնում. ո՞նց պառավեցիր: Էդ բեռնվելուց, որ ցավից խռխռացնում ես, ու սանձերը գլուխդ վերև են հանում, որ ատամներդ կռճտացնում ես ցավից, որ խուլ փնչացնում ես առաջ գնալու համար (իբր ուժ ես հավաքում), մեկ-մեկ երկնքին նայիր, տես, որ անսահման է, տես, որ թռչուններ կան աշխարհում, որ թռիչք կա, որ գեղեցկություն կա, ուրիշ նպատակներ կան, ազատ ապրելու հաճույք ու իրավունք կա:
ՄԵՆԱԽՈՍԸ-Ասում են՝ ձի եմ, չեմ հասականա, հետո էլ իբր ուղղում են իրենց սխալը, թե բա` լաʹվ չեմ հասկանա: Տոʹ, աʹյ աննամուս, երբ Աստված իմ «հոր հոր հոր» հետ հաշվի էր նստում, նրանից էր հարցնում՝ մեր ցեղին քանի տարվա կյանք տա, դու ու՞ր էիր: Բա դուʹ, դուʹ, աʹյ «հոր հոր հեր», մեր ո՞ր մեղքի համար քսան տարվա կյանք ուզեցիր:
Ասում եք՝ թախծելս իզուր է, հա՞: Չնայած էս հարցում սխալ չեք: Իրիկունը գոմում պառկած, երբ նվվում են ոսկորներս, ու ոտքերս տակս փլված են, ուղեղումս բզզոց է, ականջներումս՝ խշշոց, ու թվում է՝ էն սիրուն, խոշոր ատամներս, որ պետք է հեղինակությանս երաշխիքը լինեին, թափվել են լնդերիցս, թվում է՝ հոգեվարքս է, ու մոտ է երջանկությունը, հայհոյում եմ, առավոտն էլի բեռնվում եմ ու ծպտուն էլ չեմ հանում: Բեռնվում եմ, երբ իրիկունը թվում էր՝ ոսկորներս մաշկիս տակ խշուր-խշուր են, բեռնվում եմ, որ իրիկունը գամ, գարիս ուտեմ կամ էլ էնքան հոգնած լինեմ, որ փլվեմ դրա առաջ ու նայեմ, էդ արյունոտ լնդերով մտովի լմլմացնեմ ամեն գարեհատիկը, քնեմ ու երազիս անսար, անքար, մեծ, անխոչընդոտ դաշտ տեսնեմ… մեկ էլ, ըհը˜, աքլորականչ…Ախ, էդ գելերը հազիվ ինձ վրա տան, գյուղում էդքան աքլոր կա, գան, խեղդեն՝ մի քիչ երկար քնեմ:
Մեկ էլ մտածում եմ. «Բա որ ես չանեմ, ո՞վ անի, հը՞»:
Օձը կծեր, գայլերի կեր դառնայի…
ԵՍ-Բա ես հիմա ի՞նչ անեմ. գամ, ճակատդ պինդ պաչե՞մ, որ սարից էլ սար ես, թե՞ խղճամ ու ականջիդ տակ «Հո˜վ արեք, սարեր ջա˜ն…» երգեմ: