Վահե Ղուկասյան | Սպիտակ ծրարների գրասենյակը

Վահե Ղուկասյան

Ամեն ծրարի համար ես վերցնում եմ երկու հարյուր դոլար: Մարդիկ հանձնում են ինձ ծրարը, վճարում, իսկ ես ժպտում եմ նրանց, ասում հաջողություն ու դնում ծրարը տուփի մեջ: Բարեւ ձեզ`ասում եմ ես հաջորդ այցելուին, վերցնում ծրարը, ստանում գումարը, ժպտում, ասում ցտեսություն: Մանրաթելերի մեջ խճճված այս քաղաքում իմ փոքրիկ գրասենյակը երեւի ամենահաճախ այցելվող վայրերից մեկն է: Ու ամենահնաոճ: Էլ ում մտքով կանցնի հիմա օգտագործել թղթե ծրարներ:
Ինչպես վերջերս նկատեց այցելուներիցս մեկը, ով ավելի շատախոս էր, քան լինում են սովորական այցելուները, իմ հաստատությունը բացառիկ է, քանի որ հիմա ոչ ոք ստիպված չէ գնալ որեւէ տեղ, իսկ ինձ մոտ ստիպված են գալիս, քանի որ անհնար է օգտվել իմ ծառայությունից առցանց: Ես փորձեցի առարկել նրան, թե իմ ծառայությունը հենց առցանց է: Այցելուս բացատրեց, որ միեւնույնն է` ոչ ոք չի դիմի ինձ առցանց, քանի որ դա կկորցնի իմ ծառայության հմայքը:
-Ինչքան էլ ջնջի սովորական մահկանացուն, միեւնույնն է, կկարողանա հետ բերել, եթե ուղարկած լինի քեզ առցանց; Էլ ջնջելու իմաստը ո՞րը կլինի: Իսկ այստեղ հանձնում է այդ ծրարները քեզ: Ընդմիշտ ու անվերադարձ:
Թերեւս այցելուս ճիշտ է: Միգուցե հենց այդ նկատառումով են գալիս ինձ մոտ: Հնարավոր է, նաեւ թղթե ծրարների համար են գալիս: Ինչ-որ մոգական, արխայիկ եւ խորհրդավոր բան կա այդ ծրարների մեջ: Կատարյալ սպիտակ թուղթ, փաթաթված այլ կատարյալ սպիտակ թղթի մեջ: Գուցե` այցելուներիս գրավում է նաեւ իմ ժպիտը: Էլ որտե՞ղ կարելի է կենդանի մարդ գտնել այս քաղաքում, ով պարզապես կժպտա: Մարդը շատերի համար ավելի վստահելի է թվում, քան նույնիսկ ամենահզոր ու բազմակողմանի ծրագիրը: Մարդը ջերմ է, ժպտում է ու նույնիսկ կարող է սխալվել: Ի տարբերություն հզոր ծրագրի: Չէ, իհարկե այսպիսի վայրեր, ինչպիսին իմ գրասենյակն է, դեռ կան ու այս գործի մեջ էլ ես մենակ չեմ, բայց ամեն դեպքում… սովորական մարդկային ժպիտը քանի գնում պակասում է:
-Միայն թե ես չեմ տեսնում, որ այստեղ վառարան լինի: Դու դրանք, ինչ է, լուծում ես որեւէ նյութի մե՞ջ,- ընդհատում է մտքերս շատախոսը: Ես ասում եմ, որ նա կարող է հանգիստ լինել: Ու ժպտում եմ:
***
Ներս է մտնում հերթական այցելուն: Ասում եմ` բարեւ ձեզ:
Նա կին է: Սեւ քողի տակ ես չեմ տեսնում դեմքը, բայց դատելով կառուցվածքից ու ձայնից` նա ծեր չէ: Սեւ քողերը չգիտեմ էլ, թե որտեղից են հայտնվել, այդ պահը այդպես էլ չարձանագրեցի: Բավական կարճ ժամանակի ընթացքում, դեռ մի քանի տարի առաջ, մարդիկ սկսեցին այդպիսի քողերով փակված դեմքերով գալ ինձ մոտ: Ինչպես իմացա հետո, ուսումնասիրելով ցանցը, սեւ քողերը ամենաակտիվ գովազդվող սգո պարագաներից էին:
-Բարեւ ձեզ,- ասաց կինը:
-Կարո՞ղ եմ օգնել,- ժպտացի ես:
-Ես բերել եմ…,- ասաց կինը` հանելով ծրարը:
-Գիտեմ,- գլխով արեցի ես ու վերցրեցի այն:
Կինը լռեց: Նա չուղեկցեց ծրարը հայացքով, երբ ես դրեցի այն առջեւս` տուփի մեջ:
-Մեր ծառայությունը ենթադրում է ամբողջական մոռացություն, ծրարի պարունակությունը երբեք չի բացվում, չի ընթերցվում, չի հիշվում, չի օգտագործվում: Հանձնելով այն մեզ, դուք ընդմիշտ փակում եք էջը` առանց ծրարը հետ ստանալու իրավունքի:
-Իսկ դուք այն ոչնչացնո՞ւմ եք,- հարցրեց կինը` դեպի ինձ շրջելով քողապատ դեմքը:
-Այն պահից սկսած, երբ մենք ընդունում ենք ծրարը, այն դադարում է գոյություն ունենալ ձեզ համար,- պատասխանեցի ես:
-Ես կարդացել եմ այդ մասին հայտարարության մեջ: Իսկ ասացեք` ի՞նչ եք անելու ծրարը:
-Այս գործունեությունը ծավալելու թույլտվությունը փակցված է մուտքի դռան մոտ: Մինչ այժմ բացասական որեւէ արձագանք չի ստացվել, եթե դուք իրոք ջնջել եք բոլոր տվյալները բոլոր կրիչներից, ապա կարող եք հանգիստ մոռանալ նաեւ այս ծրարի մասին…
-Ես համաձայն եմ,- ասաց կինը` անշտապ, բայց եւ արագ քայլերով լքելով գրասենյակս:
Ես գիտեմ, որ նա հետ է գալու: Ինչպես գալիս են բոլորը: Ինչպես երեկ չէ առաջին օրը հետ էր եկել շատախոս հաճախորդս:
***
Մանրաթելային քաղաքն իմ տունն է: Ես այստեղ եմ մեծացել ու ժամանակին փողոցներում մարդիկ ավելի շատ էին, քան այս բոլոր դրոնները կամ առաքիչ ռոբոտները: Մանրաթելերի տրիլիոնավոր միլիոնների հասնող կիլոմետրերը փաթաթել են քաղաքը սարդոստայնի պես ու շատ դժվար է գտնել մի տեղ, որտեղ չեն հասնում ցանցի շոշափուկները: Ժամանակին, վազելով այս փողոցներով, ես չէի էլ մտածում, որ դառնալու եմ քաղաքի ամենամեծ պահարաններից մեկի տերը: Ես ունեմ արդեն վաթսուներկու հազար յոթ հարյուր հինգ ծրար, որոնք հավաքվել են շուրջ տասնհինգ տարվա ընթացում: Դրանք բոլորը այստեղ են, իմ գրասենյակում, դասավորված են հենց իմ բազկաթոռի ետեւում դրված պահարանի մեջ: Այբբենական կարգով` ըստ անունների: Ամեն տառն ունի իր գույնը, որպեսզի հեշտ լինի կողմնորոշվել: Վաթսուներկու հազար յոթ հարյուր հինգ ծրար, անուն, էջ:
«Հանձնեք մեզ Ձեր սիրելիներին թաքցնելու հոգսը, վստահեք մեզ նրանց մոռացությունը»:
Այսպես է գրված իմ գրասենյակի լոգոյով հայտարարության մեջ, որը շրջանառվում է քաղաքային ցանցով մեկ ու ինձ մոտ բերում այցելուների անդադար հոսքը: Տարբեր այցելուների…
Ժամանակին, երբ մարդկանց համար ամեն ինչ պատրաստում էին մարդիկ, ասում էին, թե կոշիկ կարողը միշտ անկոշիկ է ման գալիս: Այդպես հեգնում էին, թե որեւէ գործով զբաղվողը ժամանակ չի ունենում ինքն իրեն իր ծառայությունը մատուցելու: Կամ փող չի ունենում: Կամ հավես: Հիմա այդ կոշիկ կարողը, համոզված եմ, չկա: Փոխարենը` կամ ես: Ես երբեք չեմ խաբում ինքս ինձ ու երբեք չեմ հանձնում ծրարներ: Թեեւ շատ բան ունեմ գրելու այդ ծրարներում: A_ghj.12.yan/432hgjakam, JGH98/99887712, k.poghosyan/ab12345678… ու էլի: Երբ հեռանում է վերջին այցելուն, երբ փակվում են բոլոր հարեւան գրասենյակները, ես միացնում եմ հին ու փոշոտ համակարգիչս, ընտրում հարազատներիցս մեկին ու մտնում…
Login: k.poghosyan
Password: ab12345678
Ես հիշում եմ այս թվերն ու տառերն ու չեմ ուզում մոռանալ դրանք: Ինչպես դա փորձում են անել նրանք, ովքեր գալիս են ինձ մոտ ծրարները ձեռքներին: Ովքեր, հանձնելով այդ ծրարները, ձեւացնում են, թե այդպես հրաժեշտ են տալիս իրենց սիրելիներին:
Login: k.poghosyan
Password: ab12345678
Բարեւ, եղբայր: Ես ակտիվացնում եմ հինգ տարի առաջ մահացած եղբորս ցանցային էջը: Մուտքագրում եմ ծածկագիրն ու միանում է նրա ալգորիթմը: Վեր են հանվում տարիներ շարունակ նրա հրապարակած նյութերը, գրած հաղորդագրությունները: Նրա վիրտուալ էջը կենդանություն է ստանում, հասկանում, որ իր ընկերներից ցանցում եմ գտնվում ես ու գրում` բարեւ, եղբայր:
Բարեւ` գրում եմ ես, սպասելով մահացած եղբորս պատասխանին` հարցնում. ո՞նց ես…

***
Սովորաբար ես բաց եմ թողնում մանրաթելերով փաթաթված բարձրահարկում գտնվող իմ գրասենյակի դուռը: Շենքը քաղաքի ամենահարմար վայրերից մեկում է, այստեղ հնարավոր է հասնել մեգապոլիսի բոլոր ծայրերից, իսկ բարձրահարկի ամենավերեւում խոյացող ալեհավաքի փարոսիկը միշտ կհուշի տեղը նույնիսկ ամենավատ եղանակին:
Ես գրասենյակ եմ գալիս վաղ առավոտյան: Վաղ առավոտյան` հաշվի առնելով արեւի դիրքը երկնքում, այլ ոչ թե ցանցային այսպես կոչված մակընթացությունները: Սա շատերի կարծիքով չափազանց հնապաշտություն է, բայց ինչ արած… Արեւը դեռ շարունակում է լինել հիմնական կողմնորոշիչը իմ օրգանիզմի համար: Միգուցե հենց այն պատճառով, ով իմ գրասենյակն ամենալուսավորն է ողջ շենքում, միակն է, որի պատուհանները ծածկված չեն անթափանց արեւային թիթեղներով: Միակն է նաեւ, որի դռները երբեք չեն փակվում, որտեղ չկան ահազանգի ազդանշաններ եւ որն անջատված է ոստիկանության անվտանգության համակարգից: Բաց եւ անպաշտպան:
Գալով այստեղ` ես առաջին հերթին աղմկում եմ: Հազում եմ, փռշտում եմ, թխկացնում եմ դուռը, ինչ-որ բան քրթմնջում, երկար-բարակ բանալի եմ ման գալիս, շփոթվում, որոշում, որ արժե զուգարան գնալ` գրասեյակ մտնելուց առաջ: Այս ամենն անհրաժեշտ է, որպեսզի ժամանակ տամ գրասենյակումս գտնվող մարդուն կամ մարդկանց դուրս գալ:
Երբ համոզվում եմ, որ այլեւս ոչ ոք չկա, ներս եմ մտնում: Որպես կանոն` գետնին ընկած են լինում ծրարները: Գուցե` միայն մեկը: Այս տասնհինգ տարիների ընթացքում մեկ-երկու անգամ է եղել, որ ծրարները գողացվեն կամ վնասվեն: Մարդիկ ընդամենը վերհիշում են ծրարներում գրվածը, գրանցում որեւէ տեղ ու դուրս գալիս: Այդպիսին են…
Սեւ քողով պատված դեմքով կինը, որը երեկ բերել էր ծրարը, նորից կգա չորս-հինգ շաբաթ անց: Կամ մեկ տարի: Բայց անպայման կգա: Ես ունեմ վաթսուներկու հազար յոթ հարյուր հինգ դեպք, երբ մարդիկ հանձնել են ինձ իրենց հանգուցյալ հարազատների վիրտուալ էջերի բանալիները: Եւ բոլոր այդ դեպքերում նրանք վերադարձել են… բացահայտ կամ, ինչպես առավել հաճախ է լինում, գաղտնագողի…
«Կազմակերպությունն ընդունում է հանգուցյալ անձանց ցանցային տվյալները պահելու պատվերներ: Տվյալները հանձնվում են թղթե ծրարների մեջ, նախապես ջնջվում են բոլոր տեսակի կրիչներից: Տրամադրելով մեզ Ձեր ննջեցյալների տվյալները` Դուք կհոգանք նրանց էջերի անվտանգությունը:
Հանձնեք մեզ Ձեր սիրելիներին թաքցնելու հոգսը, վստահեք մեզ նրանց մոռացությունը»:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *