Արաքս Շահինյան | Դանսթըբլ. Լույսը

Արաքս ՇահինյանԽոնջացա վերջերս բառերից. իրենք՝ շատ, միջիններն՝ արճիճ, դուրս եկան՝ փորձանք, դուրս չեկան՝ փորձանք։ Խոնջացա, անպետք դարձա, ինձ հետ նաև նրանք, և հիմա բոլորս՝ մարդ ու բառ, պիտի շուրջբոլորն արկանենք մեզ։ Պայթեցնենք ու արկանենք, որովհետև ամեն անպետք բան իրեն ընդհուպ մահվան գնով հիշեցնելու չարիք-կարիք ունի։ Աշխարհն էլ բագին, մենք՝ մարդ ու բառ, կրակն ընկած դանդաղ վառվող զոհացու. ավելի հարմար չի լինում։ Այրվենք, մինչև մեկին դուր գա մեր ծխացող ոսկորների հոտը, հիշի գոնե այդ կերպ, ասի վերջապես. «ընդունելի լինես», չնայած ինչ եմ ասում, ոչխարին չեն հարցնում՝ խաշլամա սիրու՞մ է։ Ով գիտի՝ գրողն եկել բոլորիս է տարել, իսկ մենք բանից անտեղյակ գրում ենք, իբր կանք, իբր հաշիվ ենք։
Խոնջացածը քիչ է տեսնում, սխալ լսում, կարճ կապում, բառը զարդ դարձնելու սեր չունի, միտքը տեղն է, ինքը՝ չէ, մեծը վաղուց փոքրն է, շատ ու քիչ չկա, ամեն ինչ քիչ է։ Հավատ ուներ՝ էլ չունի, հավատ չուներ՝ նույնն է։ Սիրում էր՝ հիմա հայտնի չէ, չէր սիրում՝ նույնն է։ Մարդ էր՝ բառացավ, բառ էր՝ երանի, հենց սկզբից երանի նրան…
Քաոսը գլխիդ մեջ, քաոսն աչքիդ առաջ արագ քայլքիդ հետ աչքի պոչով նայում ես բարձունքից վար՝ տանիքներին, դրանցից միայն մեկի վրա վաղորդայնի ցուրտ, աչք քոռացնող շողերի տակ իրար կպել, կիսաձայն ղռղռում, ծլվլում են անթիվ թռչուններ՝ ագռավ, տնից կորած դեղձանիկ, փողոցային մանր, կլոր ճնճղուկներ։ «Ես էլ եմ այդտեղ ուզում», մրսում եմ ինձ ու ինձ։ Ծլվլաններից մեկը մնացածից տարբեր ու հեռու է. կամ քշել են, կամ, վերջ լավ, մնում էր ծտերի մասին մտածեիր, մի օր էլ ամեն ինչ ուրանաս (կամ գուցե հենց հակառակը), պոեզիային դառնաս ու լռես՝ աչքերդ Պոյին, Բլեյքին, Ֆրոսթին հառած։ Անիմաստության իմանալի սահմաններն հատող մշտապես անտանելի այս մտքերն ընդհատվում են անչափ անհարմար մի տեղում «ճուտիկ, ինչպե՞ս ես» կենդանացնող օդով, որ ականջներիս է հասնում Մաեստրոյի անվնաս հարցից։ «Ողջույն Մաեստրո, լա՞վ եք», գրկված եմ արդեն, ջհանդամը մտքերս, ջհանդամ խոնջացած չեմ (բառերդ էլ քեզ պահիր)։ Փյորսելը կարդացել էր, «Հաջորդն ո՞վ է», անհամբեր հարցնում է, «Հաջորդը Ոչինչն է, ինչպես ես հիմա, սիրելի, սիրելի Մաեստրո», մտածում եմ։ «Դեռ չգիտեմ», փոխարենը դուրս եմ տալիս։ «Դանսթըբլ գրիր, Փյորսելիցդ հետո ամբողջ օրը Փյորսել եմ լսել, Դանսթըբլ գրիր…»
Դանսթըբլն ով է՝ Դանսթըբլը գիտի։ Օրեր անց հիշեցի՝ պարտք եմ Մանսուրյանին։ Պեղվեց Դանսթըբլը հայերենի համար բացարձակ անբարեհունչ արտասանությամբ իր ազգանվամբ, և երաժշտական նեղ անձնական բացահայտումի որքան ծանոթ, այդքան էլ նոր հուզմունքը եկավ, բռնեց խոնջության, հիմար բաներ դուրս տալու տեղը։
Ջոն Դանսթըբլ՝ մռթնած Ալբիոնի խավար միջնադարից հետո ծագած աստեղային շողը։ Ուշ միջնադարյան և վաղ ռենեսանսի ֆրանկո-ֆլամանդացի Գիյոմներին գիտեինք, իսկ բրիտանական արշիպելագը շարունակում էր երաժշտական առումով անմարդաբնակ մնալ Թոմաս Թալիս հսկա բաոբաբի շուրջ։ Անգլիայում ռենեսանսի մասին գլխումս տիրող տորիչելյան ձայնեղ դատարկությունը նույնիսկ չդիմացավ Դանսթըբլի Սանկտուսի լուսաբույր արևին. «Հոգեհմայի մեկն է», մտածեցի, «երաժշտական մտքի կենտրոնում լույսի խառնարան է սարքել, ականջներ է կուրացնում»։ Ամեն ինչ տեղն ընկավ, երբ ձայնի մեջ տիեզերք տեսնող աչքերով կարդացի նաև, որ աստղագետ ու մաթեմատիկոս է եղել։ Որքան կատարյալ է ուրեմն երևակայել երաժշտությունը, որ նրանից հինգ հարյուր տարի անց ապրող մեկն անմիջապես տեսել է աստղերը՝ նրա ձայների աստղերը։ Եռաձայն այս երաժշտության մեջ առանցքն իր մեջ է պահում երկու ավելի ցածր ձայներին՝ այդ անհանգիստ պրոտոններին ու նեյտրոններին, իսկ սոպրանոն՝ բացասական լիցքը, համեմատաբար քիչ ձգողությամբ ազատ, բայց տոնայնության մեջ կարևոր, շատ կարևոր գեղեցկությամբ սավառնում է շուրջբոլորը՝ ստեղծելով լուսարձակող կենտրոնով այդ աստղը, որի շողերը հենց ինքն է։
Չքնաղ, չքնաղ Դանսթըբլ…
«Կիսատ չէ՞, – Հասմիկի հերթն է կարդալու, – վերջդ կոկորդս մնաց, կիսատ չէ՞ արդյոք, թարգմանի՛ր քո աշխարհն իմ լեզվով՝ բառի լեզվով, չնայած հրեշտակներ են հենց հիմա իջնում Սանկտուսից, դրանց ճախրն ինչպե՞ս գրել»։ «Դրանց ճախրն արդեն տեսար, դրանից մեծ գի՞ր, դրանից շատ ի՞նչ ուզեմ, թափանցիկացել, առանց երևալու միջովս երևակել էի ուզում, տեսար, մնացածն ինքդ ես գրում, ինքդ ես գրում, ինքդ ես լռում»։
Եվ հանկարծ բառը զարդ դարձնելու չկամությունն էլ չկա, բառն ինքն է զարդ դառնում, իսկ երբեմն զարդ դառնում են լռելով ու վերանալով։

*արկանել – մեկնել, տարածել

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *