2014 թվականի Նոբելյան մրցանակակիր Պատրիկ Մոդիանոյին գրականության պատմության շղթայում տեղավորելու համար հաճախ անվանում են մեր ժամանակների Մարսել Պրուստ: Պրուստի «Կորուսյալ ժամանակի որոնումներում» հայտնի վիպաշարը կառուցված է անցյալի հիշողությունները վերակենդանացնելու հիմնամոտիվի վրա: Մոդիանոն ևս հիշողությունների պեղող է, և նրա տաբեր վեպերի հասունացած տարիքով կերպարներին հանգամանքները օրվա թնջուկը լուծելու համար հաճախ դեպի անցյալն են ուղղորդում: Նման մի մոտիվի վրա էլ հենց հավաքված է 2014-ին լույս տեսած Մոդիանոյի «Որ չկորչես թաղամասում» վեպը (վերնագիրը հենց վեպի կերպարներից մեկի` Աննի Աստրանի` թղթին հանձնած ուղեցույցի տողերն են): Եթե նույնիսկ չխորանանք էլ հանգամանքների մեջ, ապա զուտ վերնագրային հուշումները վկայում են Պրուստի ու Մոդիանոյի` քրոնոտոպի երկվորյակ միավորների տարբեր չափումները վերցնելու մասին. Պրուստի խնդիրը կորուսյալ ժամանակն է, Մոդիանոյինը` տարածության (թաղամաս) մեջ չկորչելը:
Իր նոբելյան բանախոսության մեջ Մոդիանոն հիշում է մանկությունից մի դրվագ, թե ինչպես էր հայտնվել Փարիզի թաղամասերից մեկում և ստիպված էր երկար քայլել Սենի իրեն անծանոթ ափի երկայնքով: Չգիտեր` ու՞ր է գնում, ի՞նչ կհանդիպի հաջորդ քայլափոխին, բայց ոտքերը նրան միշտ առաջ էին տանում, և ելքը գտնում է ոչ թե հետ դառնալով, այլ` ճանապարհը շարունակելով: Վեպ գրելու ընթացքը Մոդիանոն համեմատում է հենց նման կույր ճամփորդության հետ, երբ վստահ չես, թե ուր ես շարժվում և արդյո՞ք ճիշտ է ընթացքդ, բայց դա քեզ մղում է առաջ ու առաջ գնալ` առանց հետդարձի: Այդպես են բացահայտվում քաղաքները և այդպես են գրվել 19-րդ դարի իմ սիրելի վեպերը` տեղադրված Փարիզում, Լոնդոնում, Սանկտ-Պետերբուրգում և Ստոկհոլմում,- ասում է Մոդիանոն նույն բանախոսության ժամանակ: Մոդիանոյի այս վեպն էլ Փարիզի մի յուրօրինակ քարտեզ է, որը շատ ակնհայտ ցույց է տալիս, թե ինչ մեծ դերակատարում ունի բազմաշերտ տարածությունը պատումի ճյուղավորումների կազմակերպման գործում:
Մոդիանոյի վիպագրության մյուս հետաքրքիր խթանը ևս իր մանկության առեղծվածների հետ է կապված: Ծնողների վաղաժամ ամուսնալուծությունը, նրանց անվերջ զբաղվածությունը սեփական խնդիրներով փոքրիկ տղային զրկում են բնական մանկությունից: Մոդիանոն մեծանում է ծնողների տարբեր ընկերների խնամակալության ներքո, ովքեր հայտնվում ու անհետանում էին, և նրանց հետ կապը երբեք հնարավոր չէր լինում պահել: Տարիներ հետո, պատմում է Մոդիանոն, շատ էի ուզում գտնել նրանց, հասկանալ, թե ովքեր էին ու ինչ եղան, հաճախ փնտրում էի նրանց հաստափոր հեռախոսագրքերում, առանց նույնիսկ անուններն ու հասցեները հստակ հիշելու:
Վեպի դրվագներից մեկում գլխավոր կերպարը` Ժան Դարագանը, հիշում է, որ երբ պատրաստվում էր վեպ գրել, այցելում է փարիզյան այն արվարձանը, ուր անց էր կացրել մանկությունը, և առանց իր ով լինելը հայտնելու հյուր է գնում մանկության բժշկին ու խնդրում պատմել վերջինիս դիմացի տանն ապրած հարևանների հետ տարիներ առաջ տեղի ունեցած տարօրինակ դեպքերի մասին: Բժիշկն ինչ-որ կցկտուր տվյալներ է հիշում և վերջում ավելացնում, թե քեզ ամեն ինչ ավելի մանրամասն կարող է պատմել միայն այն փոքրիկ տղան, ով ապրում էր այդ հարևանների տանը, փորձիր գտնել նրան: Դարագանը կարիք չունի գտնելու այդ տղային, որովհետև տղան հենց ինքն է կամ իր մանկությունը: Այսինքն` միայն գրականությամբ, սեփական ներսը պեղելով է հնարավոր վերստեղծել կորուսյալ աշխարհի պատկերը, և Մոդիանոյին կարծես գրականություն է բերում հենց այդ ուրիշներին ապավինելու տարիների անհնարինությունը: Ես մի սերնդի ներկայացուցիչ եմ (ծնվել է 1945-ին, հետօկուպացիոն Փարիզում), ովքեր բարձրաձայն խոսելու ավանդույթ չունեին, ում ավագները չէին լսում և հաճախ ընդհատում էին` իրենց դիտողություններով, և գրելը մնում էր միակ տարբերակը, երբ կարող էիր խոսել` առանց վախի, որ քեզ չեն լսի կամ կընդհատեն, խոստովանում է Մոդիանոն:
«Որ չկորչես թաղամասում» վեպը բացվում է Ստենդալից վերցված մի բնաբանով. «Ես անկարող եմ ներկայացնել փաստերի իրողությունը, միայն դրանց ստվերներն եմ կարող պատկերել»: Բուն վեպը սկսվում է երկար ժամանակ իր կապերը արտաքին աշխարհի հետ կասեցրած Ժան Դարագանի բնակարանում հնչող հեռախոսազանգով: Դարագանը վերցնում է լսափողը ոչ որովհետև հետաքրքրված է, թե ով է զանգողը և ինչ է ուզում, այլ պարզապես հեռախոսազանգի աղմուկից ազատվելու համար: Անծանոթ մեկը` Ժիլ Օտտոլինի անունով, լսափողի այն կողմից տեղեկացնում է, որ գտել է Ժանի նոթատետրը, ցանկություն է հայտնում հանդիպել նոթատետրը վերադարձնելու համար, իսկ երբ հանդիպում են, խնդրում է, որպեսզի Ժանը պատմի (ներկայացնի) իրողություններ նոթատետրում գրանցված մի անունի (Գի Տորստել) մասին, որը հիշատակվում է նաև Ժանի հրատարակած առաջին վեպում` որպես կերպար: Բայց Ժանը ոչինչ չի հիշում այդ մարդու մասին, իրողություններ ներկայացնել անկարող է, վեպի հատվածն էլ ոչնչով չի կարող օգտակար լինել: Հիշողությունն արթնացնող դետալը բոլորովին այլ տեղում է թաքնված: Ժանին է հանձնվում մի թղթապանակ, որտեղից սպրդում է մի լուսանկար (պատկեր), որում հենց ինքն է մանուկ հասակում, իսկ լուսանկարին կից մի անուն` Աննի Աստրան: Հենց այս լուսանկար-պատկերն ու կցված անունն են դառնում սեփական անցյալի դրվագներին (գրքի գրելու նախապատմությանը ու նրա կերպարներին) վերադառնալու և անցյալը վերընթերցելու բանալին:
Իր Նոբելյան բանախոսության մեջ Մոդիանոն ևս հիշատակում է լուսանկարը որպես ընթերցումի մոդել: Վեպի ընթերցումը, ըստ նրա, շատ նման է լուսանկարի ստացման պատմությանը (նկատի ունի մինչև թվայնացման դարաշրջանի լուսանկարը), երբ մութ սենյակում երևակվում է նեգատիվը, պատկերը սկսում է քայլ-քայլ նշմարվել. ընթերցումն էլ նեգատիվի ուրվանկարից դեպի շատ թե քիչ տեսանելի պատկեր (պոզիտիվ) ունենալու դանդաղ ընթացք է` ըստ Մոդիանոյի բանաձևման: «Որ չկորչես թաղամասում» վեպն էլ, ստենդալյան բնաբանի հանգույն, փաստերի իրողությունը ներկայացնելու անկարողությունից ծնված անցյալի ստվերների պատկերում կարելի է համարել:
Վեպը երկու «անավարտ» մասերից է բաղկացած: Առաջին մասը Դարագանի հանդիպումն է Օտտոլինիի ու նրա ընկերուհու հետ: Մի տեսակ կաֆկայական զարգացում է խոստանում այս հանդիպումը: Օտարները ներխուժում են գլխավոր կերպարի կյանք, սկսում անհասկանալի հարցեր տալ, հետապնդել նրան տեղեկություն կորզելու համար: Ինքն էլ, կարծես, ամեն նոր հանդիպում-զանգից հետո գիտակցում է, որ վերջիններից պրծում չի ունենալու, և ընթերցողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ այս վեպն էլ ավարտվելու է կաֆկայական «շան նման»-ի համաբանությամբ: Սակայն գլխավոր կերպարը, որպես անհասկանալի դատավարության հետապնդվող, ամփոփիչ հանգրվանի չի հասնում: Մոդիանոյին չի հետաքրքրում ընթացքն ու ավարտը` որպես պատումի հորիզոնական զարգացման մոդել, կամ վստահում է իր ընթերցողին, ով առանց հեղինակի էլ կգտնի այս նոր դատավարությունը հանգուցալուծող համատեքստը:
Վեպի երկրորդ մասը լուսանկարի միջոցով արթնացած հիշողությունների հետևից գնացող կերպարի մասին է, ով սկսում է քայլ առ քայլ հիշել (հետ գնալով) լուսանկարի ստեծման պատմությունը: Պարզվում է` իր առաջին վեպն էլ Դարագանը գրել էր, որպեսզի կարողանա գտնել մանկության իր խնամակալին (Աննի Աստրանին). «Այս գիրքը գրել էր միայն այն հույսով, որ նա կարձագանքի: Գիրք գրելը նրա համար նշանակում էր փարոսներ վառել կամ էլ Մորզեի այբուբենով ուղերձներ հղել վաղուց ի վեր տեսադաշտից հեռացած մարդկանց»: Գրքի արդյունքում կայանում է Աննի Աստրանի հետ հանդիպումը, նրանց հարաբերությունները շատ ջերմ են, բայց հետաքրքիր է, որ ինչ հիշում կամ հարցնում է Դարագանը, Աննին կամ չի հիշում, կամ չի հաստատում տղայի այս կամ այն հիշողության պատառիկը: Թվում է, թե հարաբերություններն այստեղից պիտի շարունակվեն, առաջ ընթանան, բայց ոչ, այս հանդիպումը ևս մի առիթ է, որպեսզի Ժանը հասկանա, որ իր մանկության թերևս ամենաճակատագրական դրվագների վերականգնման մեջ իրեն անկարող են օգնել նույնիսկ այն մարդիկ, ովքեր այդ դրվագների հիմնական դերակատարն են եղել: Վեպը շարունակում է ժամանակագրորեն նորից հետ գլորվել: Ահա` հիշում է Ժանը այն օրը, թե ինչպես Աննին իրեն տարավ ճամփորդական անձնագրի համար լուսանկարելու, ինչպես էր պատրաստվում վերջինիս հետ Իտալիա մեկնել, ինչպես գնացք նստեցին միասին, ինչպես Փարիզից հասան Լիոն, գիշերեցին Լիոնի մի հյուրանոցում, որպեսզի հաջորդ օրը գնան Իտալիա, բայց լուսաբացին փոքրիկ Ժանը արթնանալով հասկացավ, որ սենյակում իրենից բացի այլևս ոչ ոք չկա: Եվ սա է դառնում անցյալը պեղելու վերջին արարը, որը կարծես սյուժեի երկու մասերի համար էլ միայն սիմվոլիկ հանգուցալուծում կարող է դառնալ, որովհետև վիպական որևէ ինտրիգ չի լուծում:
Փաստորեն, պատումն ավարտվում է այնպես, ինչպես սկսվել էր սյուժեն. գլխավոր կերպարը երկու դեպքում էլ մենության մեջ է: «Որ չկորչես թաղամասում» վեպը, այսպիսով, մի ճամփորդություն է մենությունից դեպի մենություն, իսկ հընթացս երևակվող դեպքերն ու դեմքերը պարզապես քաղաքային գունապնակ-կյանքի օբյեկտիվ իրողություններն են, մի տեսակ վիպական ավանդույթի կուտակած