Ամեն ինչ ուղղակի հոյակապ էր:
Չկային ո՛չ բանտեր, ո՛չ ետնախորշեր, ո՛չ հոգեբուժարաններ, ո՛չ հաշմանդամներ, ո՛չ աղքատություն, ո՛չ պատերազմներ:
Բոլոր հիվանդությունները հաղթահարված էին: Ծերությունը՝ ևս:
Մահը՝ բացառությամբ պատահարների, արկածային քայլ էր կամավորների համար:
Միացյալ Նահանգների բնակչությունը հասցվել էր քառասուն միլիոն հոգու:
Մի պայծառ առավոտ Չիկագոյի ծննդաբերական հիվանդանոցում Էդուարդ Կ. Ուելինգ կրտսեր անունով մեկը սպասում էր իր կնոջ ծննդաբերությանը: Նա միակ սպասողն էր: Այլևս շատ մարդ չէր ծնվում:
Ուելինգը հիսունվեց տարեկան էր, ընդամենը` պատանի այն բնակչության թվում, որի միջին տարիքը հարյուր քսանինն էր:
Ճառագայթային հետազոտությունը ցույց էր տվել, որ նրա կինը եռյակ էր ունենալու: Երեխաները նրա առաջնեկներն էին:
Երիտասաարդ Ուելինգը կռացած նստած էր աթոռին` գլուխը ձեռքին հենած: Նա այնքան տրորված էր, անշարժ և գունատ, որ կարծես անտեսանելի լիներ: Նրա քողարկումը կատարյալ էր, քանի որ սպասասրահը ևս թափթփված և լքված տեսք ուներ: Աթոռներն ու մոխրամանները պատերից հեռացված էին: Հատակը պատված էր ներկոտ սավաններով:
Սենյակը վերանորոգվում էր: Վերանորոգումն այն մարդու պատվին էր, ով մահանալու պատրաստակամություն էր հայտնել:
Հեգնական տեսքով մի ծեր մարդ, որը կլիներ մոտ երկու հարյուր տարեկան, նստած շարժական սանդուղքին՝ որմնանկար էր նկարում, որն իրեն դուր չէր գալիս: Անցյալում, երբ մարդիկ դեռևս ծերանում էին տեսանելի կերպով, նրան ըստ իր տեսքի կարելի էր համարել մոտ երեսունհինգ տարեկան: Ծերությունը նրա վրա հասցրել էր այդչափ հետք թողնել՝ նախքան ծերանալու դեմ դեղամիջոցի հայտնագործումը:
Որմնանկարը, որի վրա նա աշխատում էր, պատկերում էր մի շատ կոկիկ պարտեզ. սպիտակ հագած տղամարդիկ և կանայք՝ բժիշկներ և բուժքույրեր, փորում էին հողը, սերմեր ցանում, միջատասպան դեղեր փչում, պարարտանյութ շաղ տալիս:
Մանուշակագույն համազգեստով տղամարդիկ և կանայք քաղհանում էին մոլախոտերը, հեռացնում հին և հիվանդ բույսերը, փոցխում տերևները, տանում աղբը` վառարաններում այրելու:
Երբևէ և ոչ մի վայրում՝ անգամ միջնադարյան Հոլանդիայում կամ Հին Ճապոնիայում, ավելի կանոնավոր, ավելի խնամված այգի չի եղել: Այստեղ ամեն բույսի բաժին էր հասնում պետք եղածի չափով սևաահող, լույս, ջուր, օդ և սնունդ:
Հիվանդանոցի հերթապահներից մեկն անցնում էր միջանցքով՝ քթի տակ երգելով հայտնի երգը.
Թե սրտովդ չեն իմ համբույրներն, անուշի՛կս,
Ահա թե ինչ կանեմ ես.
Կգնամ մանուշակագույն հագած աղջկան ի տես,
Կյանք է, ի՞նչ արած, մնաս բարո՜վ կասեմ քեզ:
Թե չես ուզում իմ սերը,
Ինչու՞ պիտի գրավեմ այս ամբողջ տեղը
Կհեռանամ այս ծեր մոլորակից
Թող ուրիշ քաղցրիկ մեկը փոխարինի ինձ:
Հերթապահը նայեց ներս՝ որմնանկարին և նկարչին:
–Ի՜նչ բնական է, կարող եմ նույնիսկ պատկերացնել, թե գտնվում եմ այնտեղ:
–Ի՞նչն է քեզ ստիպում մտածել, թե իրականում այնտեղ չես, – հարցրեց նկարիչը: Նա հեգնական ժպտաց: –Նկարը կոչվում է Երջանիկ կյանքի պարտեզը, ի դեպ:
–Բժիշկ Հիթցը լավ է ստացվել, – ասաց հերթապահը:
*****
Նա նկատի ուներ սպիտակ հագած տղամարդկանցից մեկին, որը բժիշկ Բենջամին Հիթցն էր՝ հիվանդանոցի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը: Հիթցը շլացնող գեղեցկության տեր տղամարդ էր:
–Դեռ լցնելու շատ դեմքեր ունեք, – ասաց հերթապահը՝ ի նկատի ունենալով այն, որ որմնանկարում պատկերված մարդկանցից շատերի դեմքերը դեռևս նկարված չէին: Բոլոր դատարկ դեմքերը պիտի լցվեին կարևոր մարդկանց դիմանկարներով՝ հիվանդանոցի աշխատակիցներ կամ Չիկագոյի տարածքային «Կյանքի ավարտի դաշնային գրասենյակի» ներկայացուցիչներ:
–Պիտի որ հաճելի լինի պատկերներ ստեղծելը, որոնք նման են ինչ-որ բանի,– ասաց հերթապահը:
Նկարչի դեմքը քամահրանքով մռայլվեց.
–Դու ի՞նչ է, կարծում ես՝ ես հպարտանու՞մ եմ այս խզմզանքով, – ասաց նա: – Կարծում ես այստեղ պատկերվածն արտացոլում է իմ գաղափարն իրական կյանքի մասի՞ն:
–Իսկ ինչպիսի՞ն է Ձեր պատկերացրած կյանքը, – հարցրեց հերթապահը:
Նկարիչը ցույց տվեց հատակի ներկոտված սավանը:
–Ահա՛ դրա մի լավ արտացոլում,_ ասաց նա: – Շրջանակի մե՛ջ դիր այն և, գրո՛ղը տանի, շատ ավելի ազնիվ տեսարան կստանաս, քան այս նկարը:
–Համա թե մռայլ ծերուկ եք, –ասաց հերթապահը:
–Հանցա՞նք է, ի՞նչ է, – ասաց նկարիչը:
Հերթապահը թոթվեց ուսերը:
– Եթե կյանքը Ձեր սրտով չէ, ծերո՛ւկ,_ ասաց նա և ավարտեց խոսքն այն հեռախոսահամարով, որով մարդիկ զանգում էին, երբ այլևս չէին ցանկանում ապրել: Հեռախոսահամարի 0 թիվը նա արտասանեց՝ Չ[1]:
ԼԹ0Լ[2]՝ ահա և հեռախոսահամարը:
Այն պատկանում էր մի կառույցի, որն ուներ տարօրինակ կեղծանուններ, ինչպիսիք էին՝ «Ավտոմատ», «Թռչունների երկիր», «Պահածոների գործարան», «Աղբաման», «Միջատասպան», «Հեշտ և արագ», «Մնաս բարո՜վ, մայրի՛կ», «Երջանիկ խուլիգան», «Շտապ համբուրի՛ր ինձ», «Բախտավոր Պիեռը», «Հեղուկանոթ», «Լուծույթ», «Հերի՛ք լաս» և «Ինչու՞ անհանգստանալ»:
«Լինել, թե չլինել»՝ սա «Կյանքի ավարտի դաշնային գրասենյակի» տեղական գազի խցիկների բաժնի հեռախոսահամարն էր:
*****
Նկարիչը հեգնական տոնով ասաց.
–Երբ որոշեմ, որ գնալուս ժամանակն է, չեմ ընտրի «Հեղուկանոթը»:
–Կընտրեք «Ես՝ ինքս» տարբերակը, հա՞, – ասաց հերթապահը: –Դա կեղտոտ գործ է, ծերո՛ւկ: Գոնե մի քիչ մտածեիք այն մարդկանց մասին, ովքեր Ձեզնից հետո պիտի հավաքեն:
Նկարիչն անպարկեշտ արտահայտվեց՝ փաստելով, որ իրեն առանձնապես չի մտահոգում իրենից հետո մնացողների անհանգստությունը:
– Աշխարհն ավելի շատ կեղտից էլ գլուխ կհանի, թե ինձ ես հարցնում:
Հերթապահը ծիծաղեց և հեռացավ:
Ուելինգը՝ սպասող հայրը, ինչ–որ բան մռթմռթաց` առանց գլուխը բարձրացնելու: Հետո նորից լռեց:
Սուր, բարձրակրունկ կոշիկներով մի կոպիտ, մարմնեղ կին մտավ սպասասրահ: Նրա կոշիկները, զուգագուլպաները, անջրանցիկ վերարկուն, պայուսակը և ամառային գլխարկը մանուշակագույն էին. մանուշակագույնի այդ երանգը նկարիչը կոչում էր «Դատաստանի օրվա խաղողի գույն»:
Նրա մանուշակագույն ուսապարկի վրայի մեդալիոնը «Կյանքի ավարտի դաշնային գրասենյակի» ծառայության բաժնի կնիքն էր՝ արծիվը՝ պտուտակադռնակին թառած:
Կնոջ դեմքին առատ մազածածկույթ կար, ավելի ճիշտ՝ բեղեր: Հետաքրքիր էր, որ փաստացիորեն, գազի խցիկների տիրուհիները որքան էլ սիրունիկ և կանացի լինեին աշխատանքի անցնելիս, մոտ հինգ տարվա ընթացքում բոլորի դեմքին էլ բեղեր էին բուսնում:
–Ճի՞շտ եմ եկել, – հարցրեց նա նկարչին:
–Կախված է նրանից, թե ինչ գործով եք եկել,– ասաց նա: – Երեխա չեք պատրաստվում ունենալ, չէ՞:
–Ինձ ասել են, որ այստեղ գամ ինչ-որ նկարի բնորդուհի լինելու: Անունս Լիորա Դանքըն է, – ասաց կինը՝ սպասելով պատասխանի:
–Եվ դուք խեղդում եք[3] մարդկանց,– ասաց նկարիչը:
–Ի՞նչ, – հարցրեց կինը:
–Թողնենք դա, – ասաց նկարիչը:
–Իսկապես գեղեցիկ նկար է, – ասաց կինը: –Կարծես դրախտը լինի կամ նման մի բան:
–Կամ նման մի բան, –ասաց նկարիչը: Նա մի անվանացանկ հանեց իր խալաթի գրպանից: –Դանքըն, Դանքըն, Դանքըն,– սկսեց փնտրել ցուցակում: –Ահա՛ և Դուք: Դուք լիազորված եք հավերժացվելու: Ընտրեք այստեղից մի մարմին, որի վրա կուզեիք՝ Ձեր գլուխը փակցնեմ: Մի քանի տարբերակ ունենք:
Կինը անտարբեր աչքի անցկացրեց որմնանկարը.
–Դե, ինձ համար միևնույն է: Ես ոչինչ չեմ հասկանում արվեստից:
–Մարմինը մարմին է, չէ՞,– ասաց նկարիչը: –Շատ լավ: Որպես նկարչության վարպետ՝ ես խորհուրդ կտայի այս մեկը:
Նա ցույց տվեց մի անդեմ կնոջ մարմին, որը չոր ցողուններ էր տանում դեպի վառարանը:
–Դե, –ասաց Լիորա Դանքընը,– այս մարդիկ ավելի շուտ զբաղվում են աղբահեռացման հարցերով, այնպես չէ՞: Ի նկատի ունեմ՝ ես ծառայության ոլորտում եմ: Ես չեմ զբաղվում նման բաներով:
Նկարիչը հեգնանքով ծափ զարկեց:
–Ասում եք, որ ոչինչ չեք հասկանում արվեստից, իսկ հաջորդ պահին ապացուցում եք, որ գիտեք ավելին, քան ես: Իհարկե, խրձեր տեղափոխելը տիրուհու համար չէ: Կտրելը, հատելը Ձեզ կհամապատասխանեն:
Նա մատնացույց արեց մի մանուշակագույն մարմին, որը չորացած ճյուղ էր սղոցում խնձորի ծառից:
–Ի՞նչ կասեք սրա մասին: Հավանու՞մ եք:
–Վա՛յ,_ ասաց կինը՝ կարմրելով և ամաչելով, – այդպիսով… այդպիսով ես հայտնվում եմ ուղիղ Բժիշկ Հիթցի կողքին:
–Դա Ձեզ վշտացնու՞մ է,–հարցրեց նկարիչը:
–Աստվա՜ծ իմ, ո՜չ,– ասաց կինը: – Դա… դա այնպիսի պատիվ է:
– Դուք հիանում եք նրանով, հա՞:
–Ո՞վ չի հիանում նրանով,–ասաց կինը՝ զմայլված նայելով Հիթցի դիմանկարին: Նկարում Հիթցը արևայրուքով, սպիտակահեր, ամենազոր Զևսի տեսք ուներ՝ երկու հարյուր քառասուն տարեկան: –Ո՞վ չի հիանում նրանով,– կրկնեց նա: – Նա ավանդ ունի Չիկագոյում առաջին գազի խցիկի հիմնադրման գործում:
–Ոչինչ ինձ այնքան հաճույք չի պատճառի,–ասաց նկարիչը,–որքան Ձեզ նրա կողքին հավերժացնելը: Ճյուղ սղոցելը Ձեզ համապատասխանու՞մ է:
–Դա մոտավորապես նման է նրան, ինչով ես զբաղվում եմ,–ասաց կինը: Նա լուրջ էր ընդունում իր աշխատանքը: Նրա աշխատանքը մարդկանց հարմարավետության մասին հոգ տանելն էր վերջիններիս սպանելիս:
*****
Եվ մինչ Լիորա Դանքընը կեցվածք էր ընդունում իր դիմանկարի համար, ինքը՝ Բժիշկ Հիթցը, մտավ սպասասրահ: Նա երկու մետր հասակ ուներ և սեփական անձի կարևորություն, ձեռքբերումներ և ապրելու բերկրանք էր ճառագում:
–Օ՜, օրիորդ Դա՜նքըն, օրիորդ Դա՜նքըն,– բացականչեց նա և կատակեց, – ի՞նչ եք անում այստեղ: Սա այն տեղը չէ, որտեղից մարդիկ հեռանում են: Սա այն տեղն է, որտեղից գալիս են:
–Մենք միևնույն նկարում ենք լինելու,– ամաչելով ասաց Դանքընը:
–Հիանալի է,– ջերմորեն ասաց բժիշկ Հիթցը: – Եվ ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:
–Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հետ մի նկարում լինելը:
–Թո՛ւյլ տվեք ասել՝ այդ ի՛նձ համար է պատիվ՝ մի նկարում Ձեզ հետ լինելը: Առանց Ձեզ նման կանանց այս հրաշալի աշխարհը, որն այժմ ունենք, գոյություն չէր էլ ունենա:
Նա ողջունեց Դանքընին և շարժվեց դեպի դուռը, որը տանում էր դեպի ծնարաններ:
–Կարո՞ղ եք գուշակել, թե ինչ է հենց նոր ծնվել,– հարցրեց նա:
–Չեմ կարող,– ասաց Դանքընը:
–Եռյակ,– ասաց Հիթցը:
–Եռյա՜կ, – բացականչեց Դանքընը՝ մտածելով եռյակ ունենալու իրավաբանական կողմի մասին:
Օրենքն ասում էր, որ որևէ նորածին չէր կարող ողջ մնալ, եթե վերջինիս ծնողները չգտնեին որևէ մեկին, ով պատրաստակամություն կհայտներ մահանալու: Երեք երեխաների ապրելու համար կպահանջվեր երեք կամավոր:
–Ծնողները երեք կամավոր ունե՞ն,–հարցրեց Լիորա Դանքընը:
–Ըստ իմ վերջին տվյալների,– ասաց Հիթցը,– նրանք մեկ կամավոր ունեին, և փորձում էին ճանկռել ևս երկուսին:
–Չեմ կարծում, թե դա նրանց հաջողվել է, – ասաց Դանքընը: –Ոչ ոք մեզ հետ երեք ժամադրություն չի նշանակել: Այսօր միայն առանձին մարդկանց հանդիպումներ են եղել, եթե իհարկե ինչ-որ մեկը չի գրանցվել իմ հեռանալուց հետո: Ի՞նչ է նրանց ազգանունը:
–Ուելինգ,– ասաց նստած սպասող հայրը՝ կարմրած աչքերով և թափթփված:
– Երջանիկ ապագա հայրիկի անունն է Էդվարդ Կ. Ուելինգ կրտսեր:
Ուելինգը բարձրացրեց աջ ձեռքը, աչքերը հառեց պատի վրա մի կետի, տխուր, խռպոտ ձայնով քմծիծաղ տվեց.
–Ներկա՛:
–Օ՜, պարո՛ն Ուելինգ,– ասաց բժիշկ Հիթցը,– ես Ձեզ չէի նկատել:
–Անտեսանելի մարդը,– ասաց Ուելինգը:
–Ինձ հենց նոր հեռախոսով տեղեկացրին, որ Ձեր եռյակ երեխաները ծնվել են,– ասաց բժիշկ Հիթցը: – Նրանք բոլորը, ինչպես նաև մայրիկը, լավ են: Ես պատրաստվում էի տեսակցել նրանց:
–Ուռա,–անտարբեր ասաց Ուելինգը:
–Դուք կարծես թե ուրախ չեք,– ասաց բժիշկ Հիթցը:
–Ո՞վ իմ փոխարեն ուրախ չէր լինի,– ասաց Ուելինգը: Նա ձեռքերը պարզեց՝ փորձելով անհոգություն արտահայտել: –Միակ բանը, որ ինձնից պահանջվում է, որոշել, թե երեխաներից որը պիտի ապրի, այնուհետև հասցնել մայրական պապիս «Երջանիկ խուլիգան» և վերադառնալ կտրոնով:
*****
Բժիշկ Հիթցը զայրացած և սպառնալից նայեց Ուելինգին:
–Դուք չե՞ք կարևորում բնակչության թվի վերահսկողությունը, պարո՛ն Ուելինգ:
–Ես կարծում եմ, որ այն բավականին զարգացած է, – ձգված ասաց Ուելինգը:
–Կուզեի՞ք հետ գնալ հին ու բարի ժամանակներ, երբ Երկրի բնակչությունը կազմում էր քսան միլիարդ և պատրաստվում էր հասնել քառասուն միլիարդի, հետո ութսունի, իսկ հետո՝ հարյուր վաթսունի: Դուք գիտե՞ք, թե ինչ է կորիզիկը, – հարցրեց Հիթցը:
–Չէ՛,– խոժոռված ասաց Ուելինգը:
–Կորիզիկը, պարո՛ն Ուելինգ, մոշի փոքրիկ կլորիկ հատիկներից մեկն է,– ասաց բժիշկ Հիթցը: –Եթե չլիներ բնակչության վերահսկողությունը, մարդիկ այժմ լցված կլինեին այս ծեր երկրագնդի երեսին, ինչպես կորիզիկները մոշի վրա: Մտածե՛ք դրա մասին:
Ուելինգը շարունակում էր նայել պատի վրա՝ նույն կետին:
–Երկու հազար թվականին,– ասաց բժիշկ Հիթցը,– նախքան գիտնականները կմիջամտեին և կհաստատեին օրենքը, չկար նույնիսկ խմելու ջուր և ուտելու ոչ մի բան՝ բացի ջրիմուռներից, և չնայած դրան՝ մարդիկ պահանջում էին իրենց՝ ճագարների նման վերարտադրվելու իրավունքը: Եվ հնարավորության դեպքում՝ հավերժական կյանքի իրավունքը:
–Ես ուզում եմ այդ երեխաներին,– ցածր ասաց Ուելինգը: –Ես երեքին էլ ուզում եմ:
–Իհարկե կուզեք,– ասաց բժիշկ Հիթցը,– դա մարդկային է:
–Ես նաև չեմ ուզում, որ պապս մահանա,–ասաց Ուելինգը:
–Ոչ ոք էլ իր մոտ հարազատին ուրախությամբ չի տանում «Աղբաման»,– մեղմորեն և կարեկցաբար ասաց բժիշկ Հիթցը:
–Երանի մարդիկ դա այդպես չկոչեին,– ասաց Լիորա Դանքընը:
–Ի՞նչ,– հարցրեց բժիշկ Հիթցը:
–Երանի մարդիկ դա չանվանեին «Աղբաման» և նման այլ մականուններով չկոչեին: Դա սխալ տպավորություն է գործում:
–Դուք բացարձակ ճիշտ եք,–ասաց Բժիշկ Հիթցը: –Ներեցե՛ք ինձ:
Նա ուղղեց ինքն իրեն՝ կոչելով համայնքային գազի խցիկներն իրենց պաշտոնական անունով, որը ոչ ոք երբեք խոսքում չէր գործածում:
–Ես պետք է ասած լինեի «Բարեկիրթ ինքնասպանության տաղավարներ»,– ասաց նա:
–Այդպես շատ ավելի լավ է հնչում, –ասաց Լիորա Դանքընը:
–Ձեր երեխան, որին որ կորոշեք պահել, պարո՛ն Ուելինգ,– ասաց բժիշկ Հիթցը,– ապրելու է երջանիկ, լայնարձակ, մաքուր, հարուստ մոլորակում՝ շնորհիվ բնակչության վերահսկողությանը: Այն որմնանկարի մեջ պատկերված պարտեզի նման մի տեղ:
Նա գլուխն օրորեց:
–Երկու դար առաջ, երբ ես երիտասարդ էի, կարծես դժոխք լիներ, և ոչ ոք չէր հավատում, որ աշխարհը կդիմանա ևս մի քսան տարի: Այժմ խաղաղության ու առատության դարերը մեր առջև ձգվում են այնքան, որքան կարելի է երևակայել:
Նա պայծառ ժպտաց:
Այդ ժպիտն անհետացավ, հենց նա տեսավ, որ Ուելինգը հանեց ատրճանակը:
Ուելինգը կրակեց բժիշկ Հիթցին:
–Այժմ տեղ կա մեկի համար, մե՜ծ մեկի համար, – ասաց նա:
Հետո նա կրակեց Լիորա Դանքընին.
–Սա ընդամենը մահ է,– ասաց նա Դանքընին, երբ վերջինս ընկավ: –Ահա և տեղ երկրորդի համար:
Հետո նա կրակեց ինքն իրեն՝ այդպիսով տեղ ստեղծելով բոլոր երեք երեխաների համար:
Ոչ ոք ներս չվազեց: Ոչ ոք կարծես թե չլսեց կրակոցների ձայները:
Նկարիչը, սանդուղքի վերին աստիճանին նստած, նայում էր ներքև՝ ցավալի տեսարանին:
*****
Նա խորհում էր կյանքի վշտալի խճանկարի մասին, որը պահանջում էր ծնունդ, իսկ ծնունդից հետո՝ պտղաբերություն… բազմանալ և ապրել որքան հնարավոր է երկար. անել այդ ամենը մի փոքրիկ մոլորակի վրա, որը դատապարտված է հավերժ լինելիության:
Բոլոր պատասխանները, որոնք նկարիչը կարողանում էր գտնել, սարսափելի էին: Առավել սարսափելի վստահաբար, քան «Աղբամանը», «Երջանիկ խուլիգանը» և «Հեշտ ու հանգիստը»: Նա մտածեց պատերազմի մասին: Մտածեց ժանտախտի մասին: Մտածեց սովի մասին:
Նա գիտեր, որ այլևս երբեք չի նկարի: Թողեց, որ վրձինն ընկնի ներքև՝ սավանների վրա: Հետո որոշեց, որ բավական է, որքան ապրեց կյանքի երջանիկ պարտեզում, և դանդաղ իջավ սանդուղքից:
Վերցրեց Ուելինգի ատրճանակը՝ մտադրվելով կրակել ինքն իրեն:
Բայց նյարդերը տեղի տվեցին:
Հետո տեսավ հեռախոսի խցիկը սենյակի անկյունում: Մոտեցավ դրան, հավաքեց լավ հիշվող հեռախոսահամարը՝ ԼԹ0Լ:
–Կյանքի ավարտի դաշնային գրասենյակ, – ասաց անչափ ջերմ ձայնով աշխատակցուհին:
–Ե՞րբ կարող եմ ժամադրություն վերցնել, – հարցրեց նա՝ շատ զգուշորեն խոսելով:
–Մենք հավանաբար կկարողանանք Ձեզ ընդունել օրվա երկրորդ կեսին, պարո՛ն, – ասաց նա: –Հնարավոր է՝ ավելի շուտ, եթե ինչ-որ մեկը չեղարկի իր ժամադրությունը:
–Շատ լավ,– ասաց նկարիչը, – գրանցե՛ք ինձ, խնդրում եմ:
Եվ նա հայտնեց իր անունը՝ տառետառ ասելով:
–Շնորհակալություն, պարո՛ն,– ասաց աշխատակցուհին: – Ձեր քաղաքը շնորհակալ է Ձեզ, Ձեր երկիրը շնորհակալ է Ձեզ, Ձեր մոլորակը շնորհակալ է Ձեզ: Սակայն ամենախորին շնորհակալությունը՝ գալիք սերունդների կողմից:
[1] Բնագրում՝ naught-զրո, ոչինչ:
[2] Բնագրում 2BR02B հապավումն է, որը բացվում է՝ to be (o)r not(naught) to be- լինել, թե չլինել՝ ԼԹ0(Չ)Լ: Հայերեն հապավման մեջ 0-ն՝ որպես Չ (չգոյություն, ոչինչ) համապատասխանում է անգլերեն հապավման 0-ին՝ ոչինչ (naught):
[3] Բնագրում բառախաղ է՝ խեղդել (dunk)- Դանքըն (Duncan):
Թարգմանությունը անգլերենից՝ Նազենի Հովակիմյան
Մեր օրերում ցավոք հազվադեպ հանդիպող հայերեն փայլուն թարգմանություն!!!