Ո՞ր գրողները, մարդիկ կամ վայրերն են ամենամեծ ազդեցությունն ունեցել Ձեր վրա:
Պատանեկության տարիներին ես անսովոր կերպով անկուշտ ընթերցասեր էի: 14-15 տարեկանում ես արդեն ընթերցել կամ վերընթերցել էի Տոլստոյի ողջ ժառանգությունը ռուսերենով, Շեքսպիրինը` անգլերենով, Ֆլոբերինը` ֆրանսերենով. էլ չխոսենք հարյուրավոր այլ գրքերի մասին: Այսօր ես միշտ նկատում եմ, երբեմն իմ հորինած նախադասությունը կտրվածքով կամ հնչերանգով պատահաբար հիշեցնում է այն գրողներին, որոնց սիրել կամ ատել եմ կես դար առաջ, սակայն չեմ կարծում, որ որևէ գրող հստակ ազդեցություն է ունեցել ինձ վրա: Ինչ վերաբերում է այլ անձանց և վայրերի ազդեցությանը, բազմաթիվ փոխաբերությունների և զգայական ասոցիացիաների համար պարտական եմ Հյուսիսային Ռուսաստանի բնապատկերներին, որոնց հետ են կապված իմ պատանեկության տարիները: Նաև գիտակցում եմ, որ հորս շնորհիվ է, որ ես կյանքի վաղ տարիքից գնահատել եմ լավ բանաստեղծության պարգևած ոգևորությունը:
Երբևէ լրջորեն մտածե՞լ եք գրողի կարիերայի փոխարեն այլ կարիերա ընտրելու մասին:
Անկեղծ ասած` ես երբևէ գրելու մասին որպես կարիերա չեմ մտածել: Ստեղծագործելն ինձ համար միշտ եղել է ընկճվածության և բարձր տրամադրության, տառապանքի և հաճելի ժամանցի խառնուրդ, բայց երբեք չեմ դիտել այն որպես եկամուտի աղբյուր: Մյուս կողմից` ես միշտ երազել եմ որևէ հոյակապ թանգարանում լեպիդոպտերոլոգիայի աշխատակցի երկարատև ու աննկատ կարիերայի մասին:
Ձեր գրվածքներից ո՞րն է ամենաշատն անհանգստացրել Ձեզ:
Կարող եմ ասել, որ իմ բոլոր գրքերից «Լոլիտա»-ն է պատճառել ինձ ամենահաճելի վերջալույսը, հավանաբար այն պատճառով, որ այն բոլորից ամենամաքուրն է, առավել վերացականը և առավելագույն ջանասիրությամբ հորինվածը: Ես, հավանաբար, պատասխանատվություն եմ կրում այն տարօրինակ փաստի համար, որ մարդիկ, կարծես, իրենց դուստրերին այլևս Լոլիտա չեն անվանում: 1956-ից ի վեր ես լսել եմ Լոլիտա անունը կրող փոքրիկ էգ պուդելների մասին, բայց ոչ երբեք` մարդկանց: Բարի կամեցողները փորձել են «Լոլիտա»-ն թարգմանել ռուսերեն, սակայն արդյունքն այնքան գարշելի է, որ ինքս եմ կատարում թարգմանությունը: «Ջինս» բառը, օրինակ, ռուսերեն բառարաններում թարգմանվում է որպես «լայն, կարճ տաբատ»՝ միանգամայն անբավարար սահմանում:
«Լուժինի պաշտպանությունը» վեպում ակնարկում եք հոգեբուժության մասին: Ի՞նչ եք կարծում` հիվանդների կախվածությունը հոգեվերլուծաբաններից իրենից մե՞ծ վտանգ է ներկայացնում:
Ես ունակ չեմ հասկանալ, թե ինչպես կարող է խելքը գլխին մարդը գնալ հոգեվերլուծաբանի մոտ, սակայն, իհարկե, եթե մարդու միտքը խանգարված է, նա կարող է ցանկացած բան փորձել: Ի վերջո, շառլատաններն ու խաբեբաները, շամաններն ու սրբերը, թագավորներն ու հիպնոսացնողները մարդկանց են բուժել, հատկապես` հիստերիայով տառապող մարդկանց: Մեր թոռներն, անկասկած, այսօրվա հոգեվերլուծաբաններին կվերաբերվեն նույն զվարճալի արհամարհանքով, որով մենք վերաբերվում ենք աստղագուշակությանը կամ գանգագուշակությանը: Դյուրահավատ հասարակությանը պարտադրված շառլատանական ու սատանայական ամենամեծ անհեթեթություններից մեկը երազների ֆրոյդյան մեկնությունն է: Ես ամեն առավոտ բերկրանք եմ ապրում, երբ հերքում եմ այդ վիեննական շառլատանին` հիշելով ու մեկնելով իմ երազների մանրամասները` առանց հղում կատարելու գեթ մեկ սեռական խորհրդանիշի կամ առասպելական տարրի: Ես կոչ եմ անում իմ պոտենցիալ հիվանդներին նույնպես այդպես վարվել:
Ինչպե՞ս են Ձեր քաղաքական և կրոնական տեսակետները ազդում Ձեր ստեղծագործությունների վրա:
Ես երբեք չեմ պատկանել որևէ կուսակցության, սակայն միշտ զզվանք եմ տածել և արհամարհել եմ դիկտատուրաներն ու ոստիկանական պետությունները, ինչպես նաև ճնշման ցանկացած դրսևորում: Սա վերաբերում է մտքի սահմանափակմանը, կառավարության կողմից գրաքննությանը, ռասայական կամ կրոնական հետապնդումներին և մնացած նմանատիպ բաներին: Իսկ թե իմ այս պարզ հավատամքն ազդում է իմ ստեղծագործությունների վրա, թե ոչ` ինձ չի հետաքրքրում: Կարծում եմ, որ կրոնի նկատմամբ իմ անտարբերությունն ունի նույն բնույթը, ինչ իմ խորշումը քաղաքական կամ քաղաքացիական հանձնառությունների տիրույթում իրականացվող խմբակային գործողություններից: Իմ վեպերի որոշ կերպարների ես ստեղծել եմ որպես անհանգիստ ազատամիտներ, սակայն այստեղ ևս դույզն-ինչ չեմ անհանգստանում` ինչ տեսակի հավատ կամ անհավատություն կարող է իմ ընթերցողը վերագրել դրանք ստեղծողին:
Կցանկանայի՞ք ապրել մեկ այլ ժամանակաշրջանում:
«Երբ»-ի իմ ընտրությունը կախված կլիներ «որտեղ»-ի ընտրությունից: Ըստ երևույթին, ես ժամանակի և տարածության խճանկարը կկառուցեի իմ ցանկություններին ու պահանջներին համապատասխան: Չափազանց դժվար կլինի աղյուսակավորել այս համակցության բոլոր տարրերը: Սակայն ես շատ լավ գիտեմ, թե ինչ պետք է ներառի այն: Այն կներառեր տաք եղանակ, ամենօրյա լոգանքներ, ռադիոյի երաժշտության և երթևեկության աղմուկի բացակայություն, հին Պարսկաստանի մեղր, լիարժեք գրադարան և լուսնի ու մոլորակների մասին ավելին ու ավելին սովորելու եզակի և աննկարագրելի ցնծությունը: Այլ կերպ ասած` կցանկանայի, որ գլուխս գտնվեր 1960-ականների Միացյալ Նահանգներում, սակայն դեմ չէի լինի բաշխել իմ որոշ օրգանները կամ վերջույթները տարբեր դարաշրջանների ու երկրների միջև:
Ո՞ր կենդանի գրողների նկատմամբ եք որոշակի համակրանք զգում:
Երբ պրն. Ն-ն որևէ հարցազրույցից իմանում է, որ մեկ այլ գրող` պրն. Ք-ն որպես իր սիրելիներ նշել է պրն. Ա-ին, պրն. Բ-ին և պրն. Ն-ին, այս ներառումը կարող է տարակուսանք առաջացնել պրն. Ն-ի մոտ, ով համարում է, որ, ասենք, պրն. Ա-ի գործերը պարզունակ են ու ծեծված: Ես չէի ցանկանա շփոթեցնել պրն. Ս-ին, պրն. Դ-ին կամ պրն. Ք-ին, բոլորին, ում համակրում եմ:
Ունե՞ք ակնկալիք, որ Ձեր այլ ստեղծագործությունների հիման վրա ևս ֆիլմեր կնկարահանվեն: Հիմնվելով «Լոլիտա»-ի փորձի վրա` արդյո՞ք հեռանկարը գոհացնում է Ձեզ:
Ինձ մեծապես հիացնում է «Լոլիտա»-ն որպես ֆիլմ, սակայն ցավում եմ, որ ինձ հնարավորություն չընձեռվեց անմիջականորեն գործակցելու դրա ստեղծմանը: Այն մարդիկ, ում դուր էր եկել իմ վեպը, նշում էին, որ ֆիլմը չափազանց զուսպ ու ոչ լիարժեք է: Այնուամենայնիվ, եթե իմ գրքերի հիման վրա նկարահանված բոլոր ֆիլմերը լինեն նույնքան հիասքանչ, որքան Կուբրիկի ֆիլմն է, ես զերծ կմնամ տրտնջալուց:
Ձեր տիրապետած լեզուներից ո՞րն եք համարում առավել գեղեցիկ:
Միտքս ասում է` անգլերեն, սիրտս` ռուսերեն, լսողությունս` ֆրանսերեն:
Ինչու՞ եք նախընտրում Մոնտրյոն: Արդյո՞ք որևէ կերպ կարոտում եք Ամերիկան, որ այնքան հոյակապ կերպով պատկերել էիք «Լոլիտա»-ում: Չե՞ք կարծում, որ Եվրոպան և ԱՄՆ–ն սկսում են հուսահատեցնող աստիճանի նմանվել միմյանց:
Կարծում եմ, որ այս ծաղկափթիթ աքսորի մեջ ես փորձում եմ նույն բեղմնավոր կարոտախտը զարգացնել Ամերիկայի` իմ նոր երկրի նկատմամբ, ինչ հետհեղափոխական առաջին տարիներին՝ Արևմտյան Եվրոպա արտագաղթելու ժամանակ, զարգացրել էի Ռուսաստանի` իմ հին երկրի նկատմամբ: Անշուշտ, ես կարոտում եմ Ամերիկան, նույնիսկ Միսս Ամերիկային: Եթե Եվրոպան և Ամերիկան սկսում են ավելի ու ավելի նմանվել իրար, ես ինչու՞ պետք է հուսահատվեմ: Դա զվարճալի է, թերևս, և, հավանաբար, ոչ այնքան ճշմարիտ, բայց իմ պատկերացմամբ` հաստատապես ոչ հուսահատեցնող: Ես և կինս սիրում ենք Մոնտրյոն, որի բնապատկերներն անհրաժեշտ էին «Դժգույն կրակ» վեպի համար և դեռ անհրաժեշտ են մեկ այլ գրքի համար: Եվրոպայի այս հատվածում բնակվելու համար կան նաև ընտանեկան պատճառներ: Իմ քույրը Ժնևում է, իսկ որդիս` Միլանում: Նա Հարվարդի շրջանավարտ է, եկել է Իտալիա` ավարտելու իր օպերային վերապատրաստումը, որին զուգահեռ խոշոր իրադարձությունների ժամանակ իտալական մեքենայով մասնակցում է մեքենավազքերի և ռուսերենից անգլերեն է թարգմանում իր հոր վաղ ստեղծագործությունները:
Որո՞նք են Ձեր կանխատեսումները ռուսական գրականության վերաբերյալ:
Ձեր հարցին չկա հստակ պատասխան: Խնդիրն այն է, որ ոչ մի կառավարություն, որքան էլ խելացի կամ մարդկային լինի, ունակ չէ ծնել մեծ արվեստագետներ, թեև վատ կառավարությունն, անշուշտ, կարող է տաղտկացնել, խանգարել և ճնշել նրանց: Մենք պետք է նաև հիշենք (և սա շատ կարևոր է), որ միակ ժողովուրդը, որ բարգավաճում է ցանկացած տեսակի կառավարության պայմաններում, փղշտացիներն են: Մեղմ վարչակարգի մթնոլորտում մեծ արվեստագետի ասպարեզ գալն այնքան հազվադեպ պատահականություն է, որքան զազրելի բռնապետությունների անհաջող ժամանակներում: Հետևաբար, չեմ կարող որևէ բան կանխատեսել, թեև, իհարկե, հույս ունեմ, որ Արևմուտքի, հատկապես Ամերիկայի ազդեցության տակ Խորհրդային ոստիկանական տերությունն աստիճանաբար կմարի: Ի դեպ, ես դատապարտում եմ անխելք կամ անազնիվ մարդկանց վերաբերմունքը, ովքեր անմտորեն Ստալինին համեմատում են Մըք Քարթիի հետ, օսվենցիմումը` ատոմային ռումբի, իսկ ԽՍՀՄ-ի անողոք իմպերիալիզմը` աղետալի վիճակում գտնվող ազգերին ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող ծանրակշիռ ու անձնազոհ աջակցության հետ:
Հ.Գ. Հարգելի oրիորդ Հոուարդ, թույլ տվեք հավելել հետևյալ երեք կետերը.
1) Իմ պատասխանները պետք է հրապարակվեն ճշգրիտ և ամբողջական. մեջբերելու դեպքում` բառացի, եթե ոչ` ապա ճշգրիտ տարբերակով:
2) Ես պետք է տեսնեմ այս հարցազրույցը` նախնական և վերջնական տարբերակներով:
3) Ես իրավունք ունեմ ուղղելու բոլոր փաստական սխալները և լեզվի կոնկրետ սայթաքումները («Պարոն Նաբոկովը երկարամազ փոքրամարմին մարդ է» և այլն):
Թարգմանությունը անգլերենից՝ Լիլիթ Հովհաննիսյանի