Վարդան Հակոբյան | Քրիստոսի ծաղիկներ

Հատվածներ

(Ասք)

Ձեռքս բաց չթողնես, որ այն շարունակի

ուսումը կայանալու:
Երազը – ահա մեր առաջին
հանդիպման վայրը:
Երազը – ահա մեր ժամադրավայրը
վերջին:
Իսկ դրախտավայրը կայանում է միայն
կորսվելուց հետո:

ԵՐԿԻՐ ՍՐԲԱՎԱՅՐ

Խոտերի ծայրին երազների երկինքը
քայլում է այնպե՜ս,
որ ոչ մի ծաղիկ չի ճկվում եւ չի թեքվելո՜ւ,
քանի դեռ սուրսայր բեղիկները խոտի կամ հասկի
չեն դիպչում ամպերին,
որոնք պայթում են փուչիկների պես ուռճացած օրվա
եւ տեղիք տալիս հորդ տեղումների։

Անձրեւաթանձր մառախուղների ետեւում
ճերմակամորուս աստվածներն՝ անընդհատ
մոլորումների մեջ,
ափեափ են նետում իրենց.
չէ՞ որ մի վայրկյանում (իմ, քո, նրա ձեռքերով)
հազար ու մի ճակատագիր են փոխում երկրում։

Գանգեսից մինչեւ Զանգու, մինչեւ Թարթառ ու Վոլգա
ժողովուրդներ են ելնում իրար դեմ, ափեր են
քանդում, ափեր կամրջում,
կիսում ծովեր, օվկիաններ, ամենուրեք կռիվ է խառն ու զավեշտ,
կոռուպցիա, ինտրիգներ, մաֆիա,
որոնց մեջ բոլորն են եւ որոնց դեմ բոլորով էլ
կռվում են,
կործանում երկրներ անքանակ,
ավերում աշխարհներ անբանակ,
պրեզիդենտներ ընտրում անհաշիվ, վարչապետներ,
նախարարներ,
(միայն զինվոր լինելն է երկրի, ուր տեղն ազատ է՝
ինչքան ուզես, խնդրեմ),
տապալում կուռքեր սուտ ու ճիշտ,
անկենդան ու կենդանի մումիաներ,
կանգնում նրանց տեղ,
նախագծում նոր գահեր,
նոր մահեր
ու գծում քարտեզներ
բախտի անվի պես ճռռացող այս հին մոլորակի
վրա անհենակ,
որ դեռ անտարբեր այդ ամենին, պտտվում է,
պտտվում է շարունակ։

Աշխարհը ոտքի տակ տվել, եկել-գտել եմ քո մեջ
կետն իմ արքիմեդյան։
Եվ, ահավասիկ, կանգնել եմ ահա թփերի արանքում,
խոտերի մեջ ծնկահաս, ծաղկած խնձորենու եւ քո
կողքին՝ փոքրիկ ձեռքդ ափիս մեջ։
Հայացքս վեր եմ հառել, համբուրելով անձրեւի կաթիլները տաք,
աչքերիդ չափ խոշոր-խոշոր,
սպասում եմ,
որ ճակատիս գրերում ճշգրտումներ մտցնի Տերը,
որն ինձ տվել է տառապանք անկշռելի
ու ամեն պահ բզկտվող աշխարհի ամենամեծ սերը։
Ձեռքս պահած թրի կոթին, ուր իմ
նախնու մատնահետքը
դեռ չի ջնջվել,
խոնարհվում եմ մինչեւ գետինք, համբուրում
Խաչը Հավերժի,
ըմբոշխնելով քարի վրա-քանի՜ տարի-
ծաղկակալող համը
իմ մոր համբույրների,
որոնցով ամեն քար էլ կսրբանա, էլ ուր մնաց՝
Խաչը մեր սուրբ Եխծունտակի։

Նավակներս՝ աչքերդ զույգ, կտրում-անցում են
անձրեւների ու ժամանակների ծովերն
ամեն, հեղեղները
եւ կանգնում ինչ-որ ակնթարթներում՝
ժամանակից դուրս անվերծանելի։
Անձրեւի մեջ ոչ ոք չի տեսնում արցունքները,
ոչ-ոք չի տեսնում
անձրեւի սանրը քո անհնազանդությունից հոգնած վարսերում,
ըչ-ոք չի տեսնում մեր տուն-վայրկյանը տիեզերքի մեջ։

Արի գնանք տուն։ Արի տուն գնանք։ Արի… դուռը
փնտրում է մեզ։

Անվերջ լեռներ են տեղաշարժվում երկնքում։
Ամպերի առյուծաթավիշը տեղ-տեղ
աղվեսամորթով է կարկատանված
եւ Պլուտարքոսը
որքան էլ փետի մազերն ու մացառնե՜րը բիզ-բիզ,
դարձյալ ոչինչ չի կարող անել, դժբախտաբար։

Եվ լեռներ են տեղափոխվում։ Վերակերտվում է պահը անընդհատ։
Ինչ որ մեկը, աղմկելով, խառնվում է
գործերին Աստծո,
նայեցեք՝
գրիչն էլ բռնել է բոբիկ ոտքի մատնածայրերով…

Խուլ տնքոցներ կան գետնախորքերում։
Աստվածների եւ
չաստվածների կռիվն է անվերջանալի։ Անցնում է
ամբողջ մի հավիտենություն։

Սամումը սեւ անապատի եկել, լեռան դուռն է ծեծում։

Մի մութ ստվեր է պահվում-անհետանում քամհար
սարի ծերպերի
մեջ երկնուղեշ, իբր ամպ է,
բայց ամպ է։
Ամենաթեժ կետը երկիր մոլորակի, ուր կանգնում եմ՝
ոտքիս տակ է։

ԳԱԼԻՔԻ ՀՐԱՎԵՐՔԸ ԿԱՄ
ԱՌԵՐԵՍՈՒՄ ԱՆՑՅԱԼԻ ՀԵՏ

Կրակը լափլիզելով՝ ինչ պատահի, մոտենում է,
ծառը տեսնում է
ու չի կարող փախչել, ու չի կարող նահանջել,
ծառ է՝
ընդերքներում խորն ագուցված արմատներով։
Չի էլ փորձում։
իսկ սաղարթների մեջ դրված բնի եզրին ոստիկները
տնկած հավքը սիրերգակ է հիշեցնում միջնադարի,
առնվազն՝ Քուչակ։
(Վիհ։ Անդունդ։ Թռիչք-անցում)։
Անհասին հասնում է նա, ով չի հասնում. որովհետեւ՝
երբ Աստված է խոսում՝
լսում է բանաստեղծը,
ուշիմ,
խելագար,
երբ սկսում է խոսել բանաստեղծը,
Աստված չի «լսում»,
որ գրիչները շարունակեն շշնջալ աշխարհի ականջին,
քանզի եթե լսող չկա, առավել եւս՝ պիտի ասել,
ասել, ասել…
Որովհետեւ ամեն բանաստեղծ աշխարհում
գիտե մի բան,
որ իրենից բացի ուրիշ ոչ ոք չգիտե։
Թե ինձ մնար՝ երկնքում էլ ես ծաղիկներ կաճեցնեի,
սակայն հողը մե՞ղք չէ, արդյոք,
ինչո՞ւ նրան զրկել ծաղիկ տալու
հաճույքից անանվանելի։
Կրակն անցավ՝
չանցնելու պես։

Մի վայրկյանից մինչեւ վայրկյանն հաջորդ
տեսնես քանի՞ քայլ է.
ամբողջ կյանքում այդ ճանապարհին եմ։

Ես մենակ եմ մնում, որ… ձեզ հետ լինեմ,
անմարդաբնակ հույսի ետեւն ընկած,
քանզի մոտեցող աղջիկն, անշուշտ, շատ է ուզում,
որ իրեն ասված խոսքը լինի մինչեւ վերջ
չասված ու անպարզ
եւ իր գալը կարեւորվի խիստ անհայտ մի ոլորտի մեջ,
խորհրդավոր լինի
պահը
ու ենթակա բացահայտման, թե չէ միտքն իմ ի՞նչ է որ.
այնքան հստակ է միտքը, որ ասես բառ չի դիպել…

Ձեռքդ՝ ափիս մեջ, արմատակալում եմ հողին։
Դողից կախվել է խոտը։
Բույրից կախվել է ծաղիկը։
Աղբյուրից կախվել է ծարավը։
Սիրուց կախվել է… աշխարհը (սիրտ ասենք՝
շատ է մաշված)։
Գոնդոլների Վենետիկում Բայրոնը ափի մեջ
ընթերցում է մի բուռ հող,
որն իր հայրենաբաղձ ոսկորների
ֆոսֆորն է կրում
մշտալույս՝ իր մահից շատ, անսահման շատ
տարիներ հետո,
մինչդեռ Սաթենիկ տատս՝
միամիտ-միամիտ, իրեն հատուկ ձեւով երդվում է՝
թոբա, թա տի պեն ինի։

Հայտնին սուտ վիճակ է, ինչպես կեղծ է
ձգտումն անկեղծ լինելու,
քանզի բանաստեղծություն չի գրում նա, ով
բանաստեղծություն է գրում
քանզի հին չէ հինը՝ թե որ այն իր
ժամանակին եղել է նոր,
հինը այն է, որ նոր չի լինում
ոչ մի ժամանակ։
Քանզի բանաստեղծությանը ես մոտիկ եմ
եղել անհամեմատ,
երբ ավելի, անասելի շատ հեռու էի
բանաստեղծությունից,
երբ ես դեռ չէի ծնվել,
բայց, անշուշտ, սերը կար աշխարհում։
Եվ բանտերը ազատության օազիսներ են։
Եվ թանձր հուշերի արյուն ու ծուխ է
հանվում այս ծերացած
ուղտի քթից,
իբրեւ, նրա պապը
Աբու Լալայի քարավանում ճամփա էր
ընկել դեպի արեւը։
Արցախում, ասում են, տարիներ առաջ՝ մի քանի օրով
հանգրվանել է,
վրան է խփել Քիրսի լանջերին Իսահակյանի
քարավանը մեծ,
ուր դարեր առաջ ճգնավորված, իշխանություն, կին, տուն ու տեղ
լքած
մեր Վաչե արքան
բերել, իր ձեռքով զանգուլակ է կախել
ուղտերից մեկի ձիգ
պարանոցին։
Սուտ է, թե արքաները մենակ չեն մնում,
բոլոր արքաները լինում են մենակ։
Իսկ թե մենակ չեն՝ ինչ արքա։
Եվ ի՞նչ պոեզիա, եթե բանտերը լիքը չեն պոետներով։
Ճանապարհորդը՝
լինի ծառ, գետ, մարդ թե ծաղիկ,
որին չի ուղեկցում բանաստեղծությունը,
չի հասնելու։

Ժամանակը անծայրածիր ավազուտ է,
ուր ամեն մի վայրկյան ոչ թե մեկը, այլ երկուսն է.
մեկը ինքն է,
մյուսն ստվերն է սատանայի՝ միշտ
հավակնորդն իսկականի…

Ամոթխածությունը կախվել է
չհասունացած համբույրից։
Ճանապարհը կախվել է չծագած արեւալույսից։
Տիեզերքը կախվել է չեկած վայրկյանից։
Սիրուց կախվել է… երկիրը (աշխարհ ասեմ՝ շատ է մաշված)։

Ապագայի հրավերքը Աստծո սուրբ
ոտնահետքն է հայոց
բիբլիական լեռան վրա,
իսկ լեռն ապրում է
անխուսափելի հարյուր ու մի կյանք՝ մեկը մեկից անտանելի։

Բոլորը՝ աղջիկ, երազ, տղա,
կարոտ, քայլում են
դանդաղ, անշտապ
եւ ոչ ոք չի նկատում ժամանակի մեջ,
որ վազում են բոլորը։

Տեսնվող աշխարհն ինչ է չտեսնվող աշխարհի հետ համեմատած,
որ մեր արածևչարած քայլերն է պայմանավորում՝ կոդավորելու պես։
Խախտումների ժամանակը ապրում ենք ամենքս՝
հնարավոր դարձնելով ժամանակի խախտումները
հենց մեզանով,
բայց բոլորս մեկտեղ, անշուշտ, արդար ենք
աստվածաբար,
մինչդեռ ամեն մեկը մեզանից՝
առանձին,
անաստվածաբար անարդար է ու մեղսակից։
Քանի՞ ումպ է, քանի կում է, քանի՞ կտուց քո սերը՝
հարցնում եմ զույգ ոտքերով աղբրակում
ոստոստացող
ջրահավքին,
եւ նա հանգիստ
ճռվողում է՝ մահ ենք հասունացնում կյանքի մեջ,
որ կյանքն ավելի սիրելի լինի, քիչ էլ՝ տանելի։

Ամենուրական գիշեր, աստղերի երկնաճերմակ չորաթանները
փայտե թասի մեջ լցրել՝ Սաթենիկ տատս,
ձեռքերով հարում է։
Նույն ձեռքերով մանկությունն իմ դնում փայտե
տաշտակի մեջ,
Ցուրտ աղբյուրի ջրերով ջինջ լողացնում է տատս,
ապա առնում զույգ թեւերին՝ ցող ու լույսի կաթկթոցով,
երկարում, մեկնում ինձ՝ ամբողջովին մերկ, դեպի արեգակը նոր
ծեգծեգող,
որ բարությամբ,
որ մաքրությամբ,
խղճմտանքով լույս բացվի աշխարհի վրա,
լինի արդար,
լինի սիրո լույս… Թեկուզ՝ որքան էլ անմեղ,
ամեն սիրո մեջ կրիմինալ կա
մի ինչևոր չափով։

Կապույտից կախվել է երկինքը։
Պարզությունից կախվել է աղբյուրը։
Համբերությունից կախվել է վայրկյանը։
Ճղուպուրի կեղեւաթելից կախվել է աշունը։
Խաղաղությունը կախվել է… եւ հավքի
փոխարեն մի տաք
փետուր թռչում է
դեպի բույնը բարձրադիր (ո՞ւր կորավ) ճյուղի՝ լիքը ճռվողյունով անապաստան։
Ամեն քայլի ոտքիս ծայրը խփում է Ստամբուլի
խուլ պատերին.
Տիեզերացունց մռնչյունով Սիամանթոյի, Ռուբեն Սեւակի ու
Վարուժանի,
ավազուտներով անցնող ճանապարհները եղեռնի
անընդհատ իմ ոտքերից հետ են ձգում՝
կախված ինձանից,
ոտնամաններս մնում են
քարքարուտների մեջ,
մերկ, Քրիստոսի արյամբ ողող ոտներս
քաշում եմ մի կերպ,
մինչեւ վրա է հասնում ինքնահաղթահարումը ցավի,
եւ ամեն անգամ, տեր Աստված, իմ աչքերի առաջ,
այս էլ որերորդ անգամ, Գողգոթա են հանում,
փայտի վրա
խաչում են Քրիստոսին։
Այստեղ ծառ կար։ Այստեղ
ծառ կար։ Այստեղ,
ուր շարունակում են գետերը հոսել հակառակ ուղղությամբ,
ուր երկրագնդի կեղեւը բացվել է այնքան,
որ կորցրել է ունակությունները կծկվելու՝
որպես շագրենի կաշի,
այնքան է դարձել թափանցիկ՝ կեղեւն այդ հազար
տարվա ցրցամ
տրված,
որ պիտանի չէ
Պանի ոտնաձեւերը թաքցնող տրեխների
համար անգամ։

Յուրաքանչյուր վայրկյան, որ նոր է գալիս,
մեզ տխրեցնում է
առավել,
քանզի ավելի խորն ենք զգում նախորդ
վայրկյանի ողբերգությունը։
Երեկ առաջին «Գրադների» թնդյունների մեջ, երամախաղից պոկվեց
մի փոքրիկ՝
թոռնիկն իմ, փղձկոցով ընկավ գիրկս,
աղիողորմ լաց էր լինում՝ լսելով,
որ Բեթհովենը մահացել է,
բողոքում է անզիջում՝ բա մենք որտեղ ենք եղել,
ինքը որտեղ է
եղել,
որ նման բան թույլ է տրվել աշխարհում,
կարելի էր, չէ՞, թույլ
չտալ.
եւ ես ոչինչ չէի գտնում սփոփելու, բառերը անելք դռնակներ էին դարձել։
Մեր վանքերի նախշաքանդակ նռների մեջ
մագիլներն են խրում
իրենց շեյթան ու նեռ,

եւ նռներից արյունը մեր պուտևպուտ հոսում
սյուներն ի վար
Արցախա տան,
կրակվում է հողին հայոց,
հուր ու հրդեհ ալիքևալիք բարձրանում են՝ հասնում
մինչեւ փեշն Աստծո։

Եվ մի, տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛
զմեզ ի չարէն,
զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք
յավիտեանս. Ամէն։
Եվ կաթողիկոսն Ամենայն Հայոց
երկարում է իր աջը օրհնաբանյալ,
եւ ափի մեջ խնկարկումով դալարում են
լեզվակահյուսքերն աշխարհալուր
մեր զանգերի՝
արեգական շողերի պես՝ ձիգ, լուսարձակ,
Էջմիածնա Մայր Տաճարից,
ապա քիրսված գմբեթներից Գանձասարի,
Ամարասի ու
Գտչատան…
Եվ ձգվում են, եւ քաշվում են լեզվակները,
մեր արյան մեջ արթնանում են հազար ու մի
զանգ ու ղողանջ
աստվածաձեն։
Իր ետեւից ուղարկված կարմիր խնձորը ափի մեջ՝
հորիզոնի վրա կանգնում է Նեմեզիսը…

Ծանրացել են դեպի լյառն Արարատ բարձրացող
Ուիթմենի քայլերը,
իսկ Նինվեի ավերակները հոսում են
«ներհուն հայի» երակներն
ի վեր՝
Եփրատի հոսանքներում պահելով
հավերժական արտացոլանքը
կորուսյալ աշտարակների,
հավքից հետո անթաքույց երգի ելեւէջները
շարունակում է ճյուղը։

Իմ ականջներից չեն հեռանում Անիի Մայր
տաճարի ղողանջները,
որ երբեք չեմ լսել,
դժվարակիր երազների բուխարիկում հուշամայր
անցյալի հուրն է պեծկլտում՝
ահագնացնելով աղջամուղջում վխտացող
գայլերի կաղկանձը
մածուցիկ,
որից հըցըցե Լենորը վեր է թռչում Լոս-Անջելոսի երկնաքերներից
մեկում
եւ, որպեսզի համոզվի, որ երկինք
համբարձվածը իր հոգին չէ,
սկսում է երգել «Հորովելը» ղարաբաղյան,
բառերը թողնելով աներեւակ ու կծվահամ քարերի
բումերանգային արձագանքներում։
Մինչդեռ այստեղ, ահա, Ռըսկհան սարը
երեսը փռել է ոտքերի տակ արեգակի՝
մի անծայրածիր, արյունռուշտ ժամանակի մեջ,
ուր կուսածաղիկների նախճիր է համատարած,
ուր երազները բարձրաթռիչ են՝ երկնքից իրենք իրենց
վրա գահավիժող ու փշրվող երազների
նման վաղորդյան,
ուր Սեւակի քունքին իջնում է պահը՝ խիստ սուր՝
որպես կապար,
ուր Եսենենի երակի վրա իջնում է պահը՝
խիստ սուր՝ որպես ածելի,
ուր նահատակ գետում արյան
ձուկ են որսում իշխան՝
տիպիկ հայկական ձուկ,
երկրի իշխանները,
Ուր Կոմիտաս Հակոբյանը՝ բանաստեղծ ու զինվոր,
որքան էլ պինդ, ամուր բռնի իր Նունեի երազներից՝
հարսնամոմի մեջ տաք-մեղրախոսուն,
միենույն է՝
իր բռան մեջ մնացել է միայն մի ծամ՝ վարսերի փունջ
(երբ ամփոփում էին հողում իր սիրածին,
իսկ մինչեւ հարսանիքն
ինն օր է մնացել ընդամենը,
Նունեն, որպես վերջին ընծա, կտրեց իր ծամը
ու զոհված զինվորի մատների մեջ «տեղադրեց»
ծաղիկների հանգույն),
որի անվերջ գուրգուրանքից շիրմի վրա
աստղավորվում է կարոտը,
եւ հողը դառնում է զարմանալի բուրիչ ու
անդավաճան,
ուր երախը աղջկածաղիկ է մի
անանվանյալ,
որքան բացես՝ փակ է այնքան,
ուր շաքարավազի վաճառքը ծուլացնում է մեղուներին
եւ նրանց այցեթռիչքները դեպի վայրի ծաղիկները երկնածարիր,
դառնում են ավելի
սակավ
ու
անխոստում,
ուր «Մերսեդեսները», «Ջիպերը» եւ մի քանի
հերոսներ՝ կռվի երես դեռ
չտեսած,
ինտրիգների մեջ
քաղաքական,
կենցաղային՝ փափուկ-փափուկ փաթեթային
կամ փուլային լուծումն են փնտրում
արցախյան խնդրի,
կլորաձույլ զրնգոցները արծաթի
մեծահոգաբար զոհաբերելով եկեղեցու
շուրջ վխտացող լրբերի
ճիվուճուտերին,
ուր անծածկ շուկա հանված աղի նման, անձրեւի տակ,
խիղճը հալվում է,
ուր, ամեն օր դատ է, սպանություն, ցույցեր սոված մարդկանց,
ծախու հոգիների հրավառություն,
ընտրական խոստումների, յուղի, ձեթի, սիրո, բրնձի
նվիրաբերում,
ուր արտերկիր է գաղթում կորովը դոնորական
մեր հողի, որ
այնտեղից
հումանիտար օգնություն «առաքի հոս»,
ուր ափագետուկցի Հակոբը դիրքում է միշտ
ու չի կարողանում
տուն գալ, գոնե հասնել իր
հարսանիքին,
մինչդեռ իր հարսնացուն, առանց զուռնայի,
ոսկեմատը վեր տնկած,
պարում է, պարում է, պարում…

Ուր խմբվել են Աստվածները՝ տիեզերական
մեծ Ֆորումի։

Ձեռքդ ափիս մեջ՝ բողբոջում է հողը ոտքիս տակ։
Հույսը կախվել է խաչքարի մոմից։
Հեռուն կախվել է երազկոտ աչքից։
Աստղը կախվել է ճամփորդի ցավից։
Ծովը կախվել է հանվող ուռկանից։
Շինելի մեջ մտած երկիրը կախվել է
Լուսավորչի կանթեղից, եւ
Սպիտակ ձին Անդրանիկինն է, Կարմիր ձին
Նժդեհինն է,
Ոտնանախշով դեղինը Արաբոյինն է, դեղին-նարինջ ձիու վրա
Աղբյուր Սերոբն է,
ճերմականախշովը Թեւանինն է, Նիկոլ Դումանի
ձիու ճակատին, տես ճերմակ նշան կա,
Տալվորիկի լեռներից են գալիս, նոր են
անցել Հաքառու գետը,
ձիերի ձիգ ոտքերն ի վար
արշալույսի կաթկթոց է։ Մասիսից մինչեւ Քիրս ձիավորների հետ
ճանապարհ են անցնում լեռները։
Հովիտներից նրանց ձեռքով են անում՝
գլխարկները վեր
պարզած՝ Վազգենը, Ավոն, Ասկոլկան, Նորիկը,
Արտուրը, Խաչիկ
Դաշտենցը…Փառքդ՝ շատ, Աստված…

Այստեղ ծառ կար։ Այստեղ ծառ կար։ Այստեղ….

Դար ու դարեր գնում ենք միշտ եւ միշտ չենք հասնում,
բայց կանգ չենք առնում ոչ մի անգամ,
քանզի հավատում ենք, որ հասնելու ենք։
Թեկուզ գնում ենք միշտ եւ միշտ չենք հասնում։

Ձեռքդ ափիս մեջ դարձել է սոխակ։
Արյան մեջ կտուցևկտուց տրտմել է Տրտուն…
«Կանչիրգամ աչքերով աղջիկ,
Չեմգաչեմգա շուրթերով աղջիկ»։

Իսկ Ավոն, ահա, Մելքոնյան Մոնթեն,
զավակների հետ երկրի
տնտղում է ափի մեջ տիեզերական
փոշին աստղապեծ՝
վերագտնելու
առասպելները հինավուրց հողի՝
իրեն իսկ պատկերով,
դեռեւս չքանդակված ոչ արծաթե,
առավել եւս՝ ոչ ոսկե
մետաղադրամի վրա։
Խաչենագետի կամրջից մոտիկ, ուր որ ջրի մեջ Ոսկե ձկնիկն է ապրում,
գետն է մտել Շոպենհաուերը,
եւ ուշանում է եւ, ուշանում է՝ այս էլ քանի տարի,
եւ դուրս չի գալիս՝ աշխարհը իր կամքն է.
իսկ ջրի ճողփյունը «մետաֆիզիկական
շեմին» հայտնված
լիրիկների ոտքերի տակ փշրվող ափսեների
ձայն է հիշեցնում։
Գետը մեկ կորչում է ժայռուտներում ահարկու,
մեկ աչքերեւ է դառնում՝ մեջքին
մեկընդմերթ փայլեցնելով
ափքարի մեջ խրված պայռ մի՝
վրիպված նետի։
Ինչ վերաբերում է Էլիոթին, նստել է, ասում են,
սուրբ կենդանու մեջքին
եւ Վաշինգտոնից թե Լոնդոնից ճանապարհ ընկել
ուղիղ դեպի Ղարաբաղ։
Սեւ սամումը եղեռնական մոլեգնում է Արցախա սուրբ լեռների մեջ։
Յուրաքանչյուր վայրկյան, որ նոր է գալիս,
մեզ տխրեցնում է
առավել,
քանզի ավելի խորն ենք ապրում նախորդ վայրկյանի
ողբերգությունը։

ԴԱԴԱՐՆԵՐ՝
ԿՏՐՈՒԿ ՇՐՋԱԴԱՐՁԵՐՈՎ

Մեղրաքերծի Կենտ տանձենին ավելի փարթամ էր աճում, քան մյուս ծառերը՝ ջրառատ հովիտներում։ Գաղտնիքը. արմատները ձգվում են քերծի միջով ու… ականջդ դիր քարին, քերծը գվվում է՝ ճեղքերում այնքան մեղվաընտանիքներ կան վայրի, ականջդ, քարին՝ հմայանքի ու կախարդանքի այնպիսի՜ նվագներ են հնչում քերծի մեջ. քարակեղեւի տակ աղբյուր կա, որ քարե երակներում խաղս ընկած վերուվարում է, ապա բավականին ներքեւում ոտուծոց քնած բլուրների արանքից իրեն ցույց տալիս։ Որ հեռվից նայում ես, ասում ես՝ քերծը անտես թելով երկնքից կախված է ծմակի վրա, ներքեւն էլ, գրեթե ծառերի մեջ, ջրի ծայրին գյուղն է ագուցված։
Զառունց Անդրին թուրքի հետ էս վերջին կռվում կորցրած իր տեսողության համար գնացևհասավ Ֆրանսիա, ուր, մտքում հազար անգամ իրեն վարժելուց հետո, ներկայացել է համեստ ձեւով. «Ձեր Նապոլեոնին ճանաչո՞ւմ եք։ Նրա ադյուտանտին էլ ե՞ք ճանաչում՝ Մուրադին, էդ ձեզ համար է Մյուրատ, մեզ համար Մուրադ է, ես հենց նրա մոտիկ ախպերացեղ եմ գալիս։ Հիմա իմացա՞ք»։ Չնայած իր «ծանոթ դուրս գալուն», ոչ մի բուժում Անդրիի աչքերին չօգնեց։ Բայց օրերի հետ այնքան մեծացավ Ղարաբաղի կարոտը, որ սկսեց անընդհատ վերհիշել հայրենի Մեղրաքերծը՝ բոլոր մանրամասներով, նրա գագաթի Կենտ տանձենին, տանձենու վրա իրիկունը պսպղացող աստղը, աստղից վերեւ թեւերը տարածած հավքը, որի թեւին էր քնում ինքը ու… հրաշք, սկսեցին աչքերը տեսնել։ Նման պահերին մեկևմեկ էլ ժպտում էր բեղի տակ։ Փարիզցի բժիշկները կարծում էին, թե խելքը թռցնում է, բայց չէ, նա ընդամենը հիշողությունների մեջ է ընկնում. եթե ծմակի արջերից մեկը՝ վաղ աշնանը հասած տանձի ու վայրի մեղրի բույրը ռունգերն ընկած, հասնում է քերծի գլխին, ապա չի կարող ճեղքերն ի վար չխորանալ, թաթը չերկարել դեպի մեղրածոր անցքերը. հենց այդ պահերին էլ մեղուները պարսերով հարձակվում են եւ գլուխը կորցրած արջը բարձրաբերձ ժայռից գլորվում է։ Անդրին արջի մսով քանիևքանի՜ անգամ է մարդկանց ռեւմատիզմը բուժել։ Հարեւան շեներից էլ են գալիս։ Հիվանդին արջի միս ուտեցնելուց հետո էլ քերծի աղբյուրի ջրից մի կուշտ խմեցնում էր, վերջում ասում. «Մեր աղբյուրի ջուրը երկնքից է գալիս, Աստծո ձեռքով է լցվում քերծի մեջ, գլգլում այնտեղ, ինչպես որ կժի մեջ, նոր դուրս գալիս, դրա համար էլ Կուժ աղբյուր ենք ասում։ Բուժիչ է»։
Իր խոսքերը Անդրին լսում ու ինքն էլ սկսում է իրեն հավատալ։ Վեր է կենում, գալիս գյուղ. «Գնամ՝ Կուժ աղբյուրի ջրից ու Կենտ տանձենու վրա նստած աստղի լույսից իրար խառնեմ, քերծից վերեւ թռչող հավքի փետուրով քսեմ աչքերիս, կլավանամ»։ Ու այդպես էլ լինում է։ Բայց էդ բոլորը ուրիշ կերպ է պատմում Զառունց Անդրին։ Ասում է՝ ինձ բուժողը Կուժ աղբյուրի ակից դուս եկած մի հրեշտակ էր, այնքան սիրուն, այնքան սիրուն, որ վրադ աչքեր էլ չլինեն՝ կբուսնեն։ Եկավ, փաթաթվեց ինձ, ասաց՝ բա ես մեռա՞ծ եմ, որ դու տանջվես, բա որ էգուց էլի, Աստված չանի, կռիվ լինի, թուրքի հախից ով պիտի գա։ Ասաց ու այնպես գրկեց իր հոլանի, սպիտակ թեւերով՝ ասես խնձորենու ճուփևճուփ ծաղկած ճյուղեր, որ Անդրու կռվում ստացած վերքերը միանգամից չքացան։
Ժողովուրդը հավատաց եւ, ի պատասխան այդ ըմբռնում հավատի, Անդրին հավաքեց մեզ՝ իր ազգուտոհմի տակուգլխին, ասաց. «Սրանից հետո եթե մեր ազգին գյուղի խենթեր ասեն, չվիրավորվեք, կռիվներ չսարքեք»։ Մենք խոստացանք։ Բայց դրանով բանը չվերջացավ. Անդրուն գյուղում փոտ անուն կպցրին՝ Ֆրանսուա Անդրի։ «Այդտեղ էլ վատ բան չկա,և ասում է Զառունց Անդրին,ևոր էլի հանկարծ կռիվ լինի, նշանակում է ֆրանսիացիներն էլ՝ իմ ու Մուրադի գլխավորությամբ, մեր կողմից են կռվելու»։
Աչքերը լավանալուց հետո էլ Անդրին շարունակում է հանդիպել Կուժ աղբյուրի հրեշտակի հետ։ Իսկ կինը՝ Վարոսի աղջիկ Վարսինկան, ասում է.«Աչքերի բալասան հրեշտակին մատաղ, մենակ թե՝ լավանա իմ Մուրադս, տանս բաց դո՛ւռն էլ է ինքը, բոստանիս փակ չափարն էլ»։ Վարսինկան ներսից վառվում է իրականում, բայց դա անում է, որ իր սիրտը լափող կրակի ծուխը թաքցնի հարեւաններից, փակի նրանց չար ու բացվելիս չափը կորցնող բերանները։
Աստված նայում է վերեւից, բայց վերեւից չի նայում։ Եվ երբ լուսինը գիշերները սահումևանցնում է Կենտ տանձենու ետեւը, ծառը իր մինչեւ հովիտն երկարած թանձր ու սոսավուն ստվերափնջի մեջ տեղավորում է գյուղը։ Եվ գուցե դրանից էլ ավելի խորհրդավոր են դառնում երազների մեջ հրեշտակների այցելությունները։

***
Թեպետ Վանին Սումգայիթում էր ծնվել, բայց ծնողները Բեգում Սարով գյուղից էին, դրա համար էլ նրան ընկերները կնքեցին կարճ՝ Սարում։ Արցախի կռվի առաջին օրից մասնակցել է բոլոր մարտերին, ոտքի ստացած վերքերը զգացնել է տալիս մենակ քայլելու ժամանակ, այլապես չես ջոկի, որ հաշմանդամ է։ Երբ հիշում է Սումգայիթը, նախ շտապում է, որ խոսելուց առաջ ձեռքը տանի աչքերի վրայով, շոյանք հիշեցնող մի շարժումով, որ արցունք չերեւա. ծնողներին վառել են թուրքերը, միակ քրոջը, ծաղրուծանակի ենթարկելուց հետո, կենդանի-կենդանի նետել քաղաքի արվարձաններից մեկում փորված խանդակը։ «Մենք՝ հայերս,- ասում է Սարումը,- մեր տեսածը հաճախ մոռանում ենք՝ մեր տեսածի մասին անընդհատ կրկնելով։ Սա վատ է, շատ վատ է, քիչ է մնում մեր մեջ ապրող ցավը, կենդանի, շնչող մեզ հանգիստ չտվող ցավը հիշատակի ու չոր արձանի վերածենք։ Ինձ ճիշտ հասկացեք, Սումգայիթում կորցրել եմ ամենից շատը, ինչ ունեի, բայց… Աստված ների, որ Սումգայիթ չլիներ, մեր հազար անգամ տեսածը մեր աչքի առաջ չբերեին էդ անաստվածները, մեր հին վրեժն էսքան արթուն ու թարմ չէր լինի ու չէինք հաղթի»։
Պապս ճիշտ էր, ասում էր՝ թուրքի հետ որ ընկեր ընկար, պիտի մահակը ձեռքիցդ վար չգցես։

***
Ինձանից է սկսվում այս քարը. իսկ այս ծաղի՞կը, այս փուշը, այս երկինքը, այս օձը, այս… Իսկ ե՞ս ինչից եմ սկսվում։
Մուհամեդը եկավ՝ բարեւ Սուրեն։ Սուրենը էլի Սուրենն էր։ Մուհամեդն ասաց՝ լավ ցուլեր ունես, մեկը կտա՞ս, տանեմ՝ մորթեմ։ Սուրենը նայեց առանց կասկածի՝ քեզ փեշքեշ, որն ուզում ես։ Մուհամեդը մտավ գոմ, բոլորն ուզեց, առաջն արավ, որ տանի։ Սուրենը ուշքի եկավ, կանգնեց Մուհամեդի առաջ, որ նա տեսնի Սուրենին, հասկանա, որ Սուրենն է էլի, ինքն էլ՝ Մուհամեդը լինի։ Մհամեդը գնդակն արձակեց, որովհետեւ Մուհամեդն էր։
Եվ արեւի շողերը թպրտացին արյան մեջ, մճճվեցին։ Մալխասանց Սուրենը, ասում են, մինչեւ հիմա էլ նման է ճյուղը կորցրած հավքի, որ չգիտե՝ ուր իջնի, թեւին է տալիս անընդհատ, աչքերում՝ արյան մեջ թպրտացող Հայկանուշի, Հայասերի, Սուրենի, Էմմայի պատկերները։ Էդ գիշեր Ղաշխա խութի հանգստարանից մեռելները մեկ-մեկ վեր կացան քնից՝ ծեր թե ջահել, գյուղում ուրիշ ոչ մեկը չկար, զենք առան։
Տեսնես ինչ մտքով է ամեն օր Մեծ քարի վրա իջնում երկինքներ կտրած-եկած հսկա աստղը։ Ո՞վ կասի։ Գուցե այն տղանե՞րը, որ գիշերը աստղերի թեւով թռչում են։ Մեծ քարը երբեք չի փոխվում՝ երբ էլ նայես՝ ինքը Մեծ քարն է։

***
Ճանապարհը հուշարար է։ Ճանապարհը ասում է՝ դուք չեք գնում, երբ հեռանում եք։ Ինչպես կարող եք ձեր սիրտը դեն նետել, մի կողմ թողնել ապրած օրերի հուշը, ծննդավայրի առաջին սիրո ճամփան, ձեր հարազատների շիրիմների վրա վեր ու վար ճախրող հրեշտակներին ու հեռանալ, սփյուռվել։ Դուք պարզապես մասնատում եք ձեզ, բաժան-բաժան եք անում, քաղցրությամբ դյութող թույնի թմբիրներով տրվում եք թվացյալ «դրախտին» ու անարթնանալի, անարթնանալի մշուշով խորը քնում եք։ Դուք չեք գնում, երբ որ գնում եք։

***
Ամեն ինչ աշխարհում խառնվելուց առաջ, խառնվեց Գեոյի մեջ, ծիծաղն ու լացը իրենց տեղերը փոխեցին։ Ասին՝ Գեո, տղա ունեցար, ծիծաղեց, հետո զգուշաբար իբր, ասին՝ Գեո, կինդ ծննդի ժամանակ չփրկվեց։ Հրամանատարի տված բենզինը չի հերիքել, որ շրջկենտրոնի ծննդատուն հասցնեն։ Չի փրկվել, ծնունդը ծանր էր։ Գեոն ծիծաղի միջից ճչաց։ Դա էր։ Ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Հիմա, երբ զոհված ընկերոջ դիակի մոտ արտասուքոտվում են տղաները, ինքն սկսում է բարձրաձայն ծիծաղել։ Բոլորը հասկանում են, ճանաչում են, սիրում են ու ցավի միջից ժպտում ներողամտաբար։ Մեր Գեոն է։
Քերծ Գեո են կնքել ընկերները։ Ուսերին տանկ են դրել՝ պահել է։ Առանց չափազանցության։ Կանի։ Ես գիտեմ նրան, տեսել եմ, հավատում եմ։

***
Արկը դիպել է ծառին, եւ մեղվատունը փչակի մեջ ավերվել է, գարնանային անդրանիկ ծաղկանց մեղրը հոսում է ճեղքված ծառուբունն ի վար, հողին է կաթկթում։ Արեւի շողերը հողին դեռ չհասած կաթիլների մեջ ինչ-որ պատկերներ են ուզում տեղադրել, չի ստացվում։ Մեղվափչակն աչքի տակով հսկող-պահող անտառապահը վաղուց չկա։ Օրերը ծանր ջաղացքարերի պես՝ անհատիկ ու անլույս, իրար ուտում են։ Իբրեւ օրեր են իրենք էլ, բայց օրեր են։

***
Մենք նորից սկսվեցինք մեզանից։ Եվ ավազանը օծված է, ձկները վար ու վեր են թռչկոտում Կարկառի ջրերում, Կապուտանում, Զնգանագետում ու Թարթառում, Խաչենագետում… Արցախում օդը մաքուր է, այնքան, որ երկնի ամենավերին գմբեթում հնչող զանգի ղողանջները, ասես ուղիղ ականջիդ տակ, զրնգում են կապույտ-կապույտ. «Հայր մեր, որ երկինս ես, սուրբ եղիցի անուն Քո…»:

Ժամացույցները ստուգում ենք տղաների հետ, պարզվում է, որ ուշանալու վախից մոտ տասնհինգ րոպե էլ շուտ եմ եկել։ Մեր հայացքը վերջապես պոկվում է Կարկառի քարագուռ ջրերից, ուր մեր մանկություններն էին անհոգ լողանում ու վախվորած թռչունների պես քարափներին կուչ եկած աղջնակներին ջուր ցողում։ Կտրուկ շրջադարձով, որ մեզ ներսից մաշող զգացմունքները միանգամից թոթափենք, մեկնում ենք դիրքերը։ Իսկ այս անգամ դրանք ավելի մոտիկ են։ Հինավուրց հայկական Շուշին մեզ սպասում է։ Շուշին, որ քանի ամիս է արդեն հայի ոտք չի տեսնում։ Տեսնես թաքցված գրքի պատը հո՞ չի ավերվել։ Պատկերացնում ե՞ք՝ Շուշիում հանկարծ մեզ դիմավորի Գեւորգ Մարզպետունին՝ իր զորքով, ուր զինվորյալ են եւ ինքը՝ Մուրացանը, եւ Րաֆֆին, Պռոշյանը, Աճառյանը, Աղայանը։ Ծիծեռնակը բույն էր շինում, եւ շինում էր, եւ երգում… Բայց այս անգամ վերադարձին Բույնն ավերակ էր գտել։ Հիշեցի իմ գրականության երջանկահիշատակ ուսուցչուհի Արշալույս Ավետիսյանին, նրան եւ ամուսնուն թուրքերը գազանաբար սպանեցին Հին Թաղլարի ծմակում, հիշեցի եւ նրա խոսքը. «Դասը մնում է նույնը, լավ չեք սովորել»։ Եվ քանի տարի է՝ նույնն է մնում։

***
Մեր ասպետ լինելը թուրքի համար հեչ բան է։ Մեր ասպետությունը թշնամին թուլության է վերագրում եւ մեր ետեւից գալիս է՜, քանի տարի. ճիշտ է ասված՝ մինչեւ որ չկանգնենք , մի լավ ծեծ չտանք ու շան լափը գլխին չթափենք՝ գալու է։ Ինքն իրեն ոչ մի անգամ ետ չի դառնալու, ձեռքն էլ հալալ աշխատանքի սովոր չէ, որ կարոտի, գործը ձգի, գալու է, օձի պոչին խփելով՝ բանի չես հասնի. պիտի մեջքը կոտրես։ Եթե չես կոտրել՝ գալու է։ Անապատի գուրզա տեսե՞լ ես, տաք ավազներից ցնդածևհարբած, կտրված գլխի տեղ նորն է բուսնում, մեկի տեղ՝ տասնմեկը։ Պիտի մեջքը ջարդել։ Մեջքը։ Մեջքը։ Թշնամուն սպանելը քիչ է։ Թշնամուն պիտի ոչնչացնել։ Հասկացա՞ր։ Ամենալավ ասպետությունը էն է, որ այս ամենը լավ իմանաս։ Որ մեռնեմ, հարյուրևհազար տարի հետո ինձանից ոսկոր էլ որ չմնա, այս խոսքերը կմնան։ Կհիշվեն։
Մարդ դարեր շարունակ ինքն իրեն ստեղծում է։ Եվ երբ ձեռք են տալիս նրա ինքնասիրությանը, մենամարտի է հրավիրում ու… թե տղամարդ ես՝ ցույց տուր. կարեւորվում է ասպետությունը։ Իսկ թուրքի մոտ այդպես չէ, ինչ մենամարտ, ինչ բան, ոտքերդ կընկնի, հազար անգամ ներողություն կասի, պուլուլներդ կպաչի, բայց հենց որ հարմար առիթը գտավ՝ թիկունքդ կեռ յաթաղան կխրի ստորաբար։ Թուրքը միայն չհայտարարված կռվում է հաղթում։ Նրա զենքը շողոքորթությունն ու խարդախությունն է։ Այդպես էլ աճում, բազմանում է արագ, ոնց որ սունկը՝ անձրեւից հետո։ Նենգ է։ Եվ սա մեր դժբախտությունն է։

***

Հետեւակայիններն ավելի շուտ էին հավաքվել։ Բոլորս սպասում էինք հրամանի։ Անբացատրելի մի խաղաղություն կար բոլորի դեմքին, եւ վճռականություն կարելի էր տեսնել յուրաքանչյուրի հայացքում։ Նայում եմ իմ տանկի համարաթվերին, դրանք էլ ավելի հստակ են ասես, մարտի տրամադրող։ Անցյալ գիշերվա մեր մարտական առաջադրանքը լավ կատարեցինք. Բադարայից վերեւ՝ Կարագյովա բարձունքի վրա, թուրքերը դիրքավորվել եւ խփում էին, ոչնչացրինք, հողին հավասարեցրինք նրանց զրահամեքենան եւ շտապ վերադարձանք Խոջալու, ուր էլ մեզ ասացին՝ Շուշին վերցնում ենք… Շուշին։ Որ ճակատ էլ մեկնում էինք, բոլորիս մեջ այն զգացումը կար, թե այս ամենը նրա համար է, որ մի օր Շուշին ազատագրենք։ Դա մեր հաղթանակի նախշը կլինի։ Հետո՝ Շուշիի մասին լսում ենք թե չէ, հոգնություն, տանջանք, անքուն գիշերներ… կորչումևանհետանում են։ Պատկերացնու՞մ եք՝ երկու ժամով գալիս էի Ստեփանակերտ՝ չէի կարողանում լույսի տակ մորս, կնոջս տեսնեի, նորածին երեխաս արդեն ութ ամսական էր դառնում, բայց դեռ երեսը չէի տեսել արեւի տակ, մեկ մոմ էի վառում, մեկ ճրագին էի մոտ պահում։ Գրադի կայանքը մի կողմից, նշանառուները մի կողմից…Որն ասեմ, հենց նկուղից փորձում էի դուրս գալ՝ խփում էին։ Մտածում էինք՝ մեռնել է, թող ռազմի դաշտում մեռնենք։
Հիմա ժամը եկել է։ Վերջապես հրաման տրվեց, որ հետեւակայիններին զուգահեռ պիտի գնանք եւ դիրքավորվենք Երեք վիշկայի մոտ։ Օպե՜րացիան կազմակերպվում է բոլոր հանգամանքների ու իրավիճակների ստույգ ուսումնասիրությամբ։ Ջանհասանի մոտ Սեյրանի զորքը լավ ջարդ է տվել ազերիներին, հետո եկել-հասել է Շուշիի մոտերքը։ Բայց զոհեր էլ եղան։ Այնտեղով, որտեղով իրենք՝ թուրքերն էին պատրաստվում հարձակվել Ստեփանակերտի վրա եւ ահագին ուժ էին կենտրոնացրել, մերոնք շարժվել են, որ Շուշիի մուտքի մոտ թշնամուն անակնկալի բերեն, մանավանդ, որ վերջինս չէր էլ պատկերացնում, թե նման հարված կարող է ստանալ պարիսպների կողմից, Քարին տակի ու Տիզկանց քերծի թեւից, ուղղակի՝ քաղաք մտնող մայրուղուց։ Խոստովանենք, որ նրանց տեխուժն ու ռազմամթերքը քառակի մեծ էր։ Դեռ դրանից մի շաբաթ շուտ պիտի մերոնք ձեռնամուխ լինեին քաղաքի ազատագրմանը, բայց Կոմանդոսը հրաման էր տվել՝ չվռազել, ամրացնել դիրքերն ու սպասել պատեհ պահի։ Ասենք, որ Շուշիի օպերացիան մեր հայ ռազմական գործի պսակներից մեկը եղավ։ Հարձակման ենք անցել չորս հիմնական ուղղություններով՝ Հյուսիսային («26»-ի), Արեւելյան (Շոշի), Հարավային (Լաչինի), Հյուսիս-արեմտյան (Ջանհասան-Քյոսալարի)։ Եվ սա էլ եղավ բախտորոշ։ Երեւի աշխարհի ոչ մի զինվոր իր գրոհի մեջ այդքան սեր, հավատ, կարոտ չի դրել, ինչպես մենք։ Վաղ առավոտյան դեռ լույսը չբացված, Ասկոլկան բերդի կողմից ճեղքել-մտել եւ հեռակապով միացել է Կոմանդոսին. «Նստած եմ Շուշվա բերդի պատին եւ սպասում եմ տղաների բարձրանալուն, մինչեւ մի քանի րոպեն մտնում եմ քաղաք»։
Եթե մեր հողը փրկելը մեր սուրբ պատիվն է, ապա Շուշիի ազատագրումը նաեւ մեր պատվի պատիվը պահելու խնդիր է։
Մեր զրահամեքենան Քարահանքի սալերը ճանկռոտելով բարձրանում էր, ականազերծողները երկու հոգի էին, գնում էին առջեւից։ Հետեւակայինները գրոհով առաջ էին անցնում։ Հանկարծ նրանց մեջ նկատեցի մազերը գզգզված ու տարօրինակ շարժումներով մի կնոջ։ Ճանաչեցի, Մազի կամրջի վրա մոտեցել է, թե. «Բալա, մատաղ ինի աքան քեզ, Սավադիս չե՞ս տեսել»։ Սավադը զոհվել է Դրմբոնի մոտ, բերել են, ինքն էլ թաղմանը մասնակցել է, բայց… մի քանի օր հետո «միտքը մթնվել է»։ Մի կին, որ մոտ էր նրան, թեւը մտավ, թե՝ գնանք, Հեղուշ, գնանք տուն, գալու է Սավադը։ Եվ, ահա, նորից է խառնվել հետեւակայիններին։ Մեր զրահամեքենան դժվար էր բարձրանում, բայց տղաները՝ Աշոտը, Շահենը եւ ես տեղանքը ոչ թե լավ, շատ լավ գիտեինք։ Մեր պորտն էդ քարերի վրա է կտրվել։ Հենց հասանք Երեք վիշկայի մոտ, հրաման եկավ, որ հապաղել չի կարելի, պիտի առաջ անցնենք առանց ականազերծողների. թշնամին մեր առաջխաղացումը՝ այդքան ճակատ-ճակատի, սկզբում դիտում էր «դիվերսիոն» քայլ, բայց հետո փորձում է ուշքի գալ… Չպիտի թողնել, որ ուշքի գա։Պիտի խփել եւ օղակի մեջ առնել բոլոր կողմերից։ Դիքը հաղթահարեցինք։ Ահա եւ քարաբլուրների եւ բետոնե հյուսվածքներով դիմափակված խրամատներն ազերիների։ Կտրուկ, մեր առջեւով, փորձում էր անցնել թուրքական «ԲՄՊ» մակնիշի մի մեքենա։
Նշան ենք բռնում։ Խփվելուն պես սկսում է վառվել։ Սա ոգեւորում է բոլորիս՝ առաջին գրոհը սկսվում է այստեղից։ Մայիսության մեր անդրանիկ հարվածը, կարծում ենք, արտակարգ գեղեցիկ էր։ Մանավանդ՝ տեսնում էինք, որ ներքեւից մեզ առաջնորդում է եւ Ստեփանակերտի հայացքը, նույնիսկ թվաց, թե լսում ենք մարդկանց բացականչությունները մեզ քաջալերող։ Բայց իրականում աղմուկն այնքան էր մեծ, որ դրսից ոչինչ լսել հնարավոր չէր։ Իրարով անցած թուրքերը ոչ այն է՝ ուժերի վերատեղաբաշխում էին կատարում, ոչ այն է՝ «դիմավորում» էին մեզ… Եվ ահա, հայտնվում է նրանց զրահամեքենան, կարծես ուզում էր մեզ չտեսնելուն տալով՝ կտրելևանցնել ճանապարհը, որտեղով նրանք ուղի էին բացել դեպի Ջանհասանի դիրքերը։ Բայց մեր արկը բեկորային է, ինչ պիտի անի դա հսկա զրահամեքենային։ Այնուամենայնիվ՝ պիտի փորձենք։ Տղաներն, ատամներով շուրթները կծած՝ կրակում են, խոսելու պահ ու անհրաժեշտություն էլ չկա։ Եվ հնարամտությունը, որ վայրկենապես ճառագեց Շահենի ուղեղում, իր փայլուն արդյունքը տվեց. արկը պայթելով զգալի թեքության վրա սլացող զրահամեքենայի թրթուրների տակ՝ ցնցեց ու գլորեց դեպի ձորը։

***
Այդ ակնթարթում՝ ծխի, վառոդահոտի, կրակների մեջ արդեն հաղթանակի անխառն բուրմունք էինք ըմբոշխնում։ Բայց ազերիների նռնականետերը, գնդացիրները ճարճատում էին անդադար, խփում էին ականանետերով։ Դրան գումարվել էին եւ գրադի կայանքներից հեռահար զարկերը Ստեփանակերտի վրա։ Անպատասխան չմնացին՝ համազոր հարվածներ գնացին դեպի Աղդամի կենտրոնական մասերը։ Ամեն ինչ հաշվարկված էր, մազաչափ խախտում անգամ չէր կարող լինել։ Յուրաքանչյուր զինվոր, մեկն էլ՝ ես, անհաղթելի էինք զգում մեզ եւ ոգեւորող հանգամանքները շատ էին. նախ՝ մենք կռվում էինք մեր հողի ուղիղ, չմիջնորդավորված ու տաք շնչառությունը ամեն րոպե զգալով մեր թիկունքին, ապա յուրաքանչյուրը հավատում էր մեր հաղթանակին, որին անասելի թափ էր հաղորդում Կոմանդոսի ներկայությունը՝ ամեն մի ձեռնարկման մեջ։ Եվ մեր անխոցելիության մասին մեր ներքին լեգենդն ունեինք արդեն, որ գալիս էր հրամանատարի ճշգրիտ հաշվարկված տեղաբաշխումներից ու ամեն մի զինվորի մի մազի համար անգամ ունեցած ցավից. այս հատկանիշով թվում է, հպարտանալ կարող է աշխարհի ամենամեծ զորավարն անգամ։
Եվ թող ների Կոմանդոսը, նրա ազգուտակից ոչ-ոքի չգիտեմ, բայց քաջատեղյակ լինելով մեր պատմավեպերին, որոնցից մեկն էլ ինձ հետ անցնում է արցախյան պատերազմի բոլոր ճանապարհները՝ «Գեւորգ Մարզպետունին», կարող եմ ասել, որ զինվորի հանդեպ մեր գլխավոր հրամանատարի այդ արքայական վերաբերմունքն ու ասպետությունը գալիս է ավելի վաղնջական ժամանակներից, երբ զորավարը դեռեւս Մեծն Տիգրանն էր։
Այսպես, ուրեմն։ Սկսվել էր մի անզիջում ճակատամարտ։ Շուշիի կռիվը։ Ճիշտն ասաց, երբ խաղաղ օրերին էի այցելում մեր այդ հինավուրց քաղաքը եւ տեսնում հայկական թաղամասերում վեր խոյացած ավերակ պատերի ծխաթակ ու թռվահակ վիճակը, սիրտս մղկտում էր եւ չէր կարողանում ներել քսան թվականի մեր այդապատկեր «բոլշեւիկությունը»։ Հիմա մեր ասելիքի պահն է։ Իսահակյանը, որին շատ եմ սիրում, երազել է՝ լինել զինվոր հասարակ ու կռվել-ընկնել Անիի պարիսպների տակ։ Տատս նրա մասին միշտ լավ էր խոսում, վերջում էլ ավելացնելով՝ շուշեցու փեսա է։ Հիմա մենք Անիի փոքր քրոջ՝ Շուշիի պարիսպների տակ ենք։ Ռադիոկապով մեզ հայտնում են՝ առաջանալ։
Տեղանքը սանրելով՝ գնում ենք։ Առաջին վիրավորներին ու զոհերին մերոնք արագորեն հանում են մարտադաշտից։ Ամենավտանգավորը ճանապարհի շրջադարձերն էին, քանի որ բլուրների ետեւում դարան էին մտնում թշնամու դիրքայինները։ Շուշի մտնող նախավերջին բլրակեռմանին ենք հասել։ Առաջին ճեղքումը փաստորեն, մայրուղու կողմից, կատարեց մեր զրահամեքենան։ Ձախ թեւի վրա վառվում են «դուքանչի» Նազիմի խանութները։ Մեր զրահամեքենան պիտի մայրուղուց դուրս գար, ճիշտն ասած, կանգներ բարձրության վրա, բայց հրաման եղավ, որ գնանք ուղիղ։ Ապա հայտնվեց հեռախոսակապով, որ դեպի մեզ եկող զրահամեքենան (լրիվ կանաչով էր ներկված, չէինք տեսնում, դեհ մայիս էր, հանդերն էլ կանաչապատված) թշնամունն է։
Անակնկալի եկանք։ Եկավ, կանգնեց հարյուր մետրի վրա, ձորակում, շրջվեց եւ հրանոթն ուղղեց մեզ վրա, իսկ նրան «ուղեկցող» հետեւակայինների ու մերոնց միջեւ մի անհավասար կռիվ էր սկսվել։ Ռազմի դաշտում, երբ կռվում էինք համեմատաբար հարթ տարածքներում, սովոր էինք «սնվել» թշնամուց առգրավված զինամթերքով, բայց այստեղ հաշիվները փոխվեցին։ Բեկորային արկով խփել այսպիսի զրահամեքենայի, դա միեւնույն է, թե մատնաքարերով խաղի մեջ մտնես։ Նրանց զարկը մեր զրահամեքենայի կողին դիպավ. դիտանցքը ծխով լցվել էր, ոչ լսում էինք, ոչ տեսնում։ Մերոնց հետ կապը կտրվեց։ Շահենը ասաց՝ չեմ տեսնում, ինչ անենք։ Մեր մեքենայի տեսասանդղակը ջարդվել-ընկել էր։ Շահենն ասաց. «Տեսողություն չկա, ոչինչ չեմ տեսնում»։ Աշոտն առանց խոսելու, մտոցի ծածկադռնակը բացեց, որ գոնե վերեւից տեսնենք։ Այդպես էլ անում ենք։ Պահեստային միակ ծանր արկը էլ ո՞ր օրվա համար պիտի պահենք։ Շահենը նշան է բռնում։ Նրանց զրահամեքենան մեր հարվածից պայթեց։ Վառվում է արդեն։ Մերոնք գրոհով մտնում են Շուշի։ Մեր զրահամեքենայի մեջ էլ է կրակ բռնկվել։
Մեկս մեկիս հորդորում ենք՝ դուրս գալ, դիրքավորվել ու կռիվը շարունակել ավտոմատներով։ Բայց ծուխը, կրակը, աղմուկը խառնվել էին իրար։ «Տղերք, դուրս եկա՞ք»։ Ձայն չկա։ Մտածում եմ, որ տղերքը մեքենայից դուրս են եկել։ Մի կերպ ես էլ դուրս եմ գալիս ու կանչում եմ «Աշոտ, Շահեն, ո՞ւր եք»։ Ու փորձում եմ քայլել՝ արկի բեկորները մարմնիս մեջ, արնաթաթախ։ Մյուս թեւից երեւում է մեկը։ Աղոտ, մշուշի մեջ։ Կարծում եմ Շահենն է, իսկ Աշոտը պիտի ավելի շուտ դուրս եկած լիներ։ Փոքր-ինչ գոհունակությամբ, որ տղաներին բան չի եղել, քայլում եմ։ Հանկարծ մերոնցից մեկը, բռնելով ձեռքս, գրեթե ինձ շպրտում է քարաբլրի ետեւը. դա փրկում է ինձ։ Հետո իմացանք, որ Աշոտին խփել են, իմ ետեւից նա էր գալիս։ Միայն հաջորդ օրն ենք նրան կարողանում հանել այդտեղից։ Իսկ Շահենը, որին արկի բեկորը դիպել էր հենց զրահամեքենայի մտոցի մեջ, վառվել էր ամբողջովին, նրանից մնացել էին միայն մասունքներ։

***
Այնքան ծանր է՝ երբ ընկերդ կողքիդ ընկնում է եւ դու մնում ես կենդանի, կարծես վատ ես զգում նրա համար, որ դու էլ չես ընկել։ Վերքերից բացի, նաեւ ուղեղի ցնցում էի ստացել։ Հաջորդ օրը աչքերս բացեցի եւ տեսա, որ Ստեփանակերտի հոսպիտալում եմ, այն տեղաբաշխված էր կառավարական շենքի նկուղում։ Շոշափեցի ինքս ինձ. ձեռքերս, ոտքերս տեղն էին, ամբողջովին վիրակապերի մեջ էր մարմինս, բայց… շարժվում եմ՝ ինքս ինձ սրտապնդելով, կարծես թե ոչինչ չի եղել։ Պահանջում եմ շորերս, բերում է քույրը, բայց որին ձեռք եմ տալիս, ձեռքիցս թափվում է, ծուխն ու կրակը շատ էին թակել, նաեւ արյունով էին ներծծված։ Դրանք բերելով՝ քույրն ուզում էր ասել, որ շորեր չկան՝ ուրեմն պիտի մնալ։ Բայց ես ոնց կարող էի չմտնել Շուշի՝ մեր զորքերի, մեր տղաների հետ՝ քանի դեռ բերանումս շունչ կա։ Ստիպված էին լսել իմ խնդրանքն ու հորդորը։ Մեքենայով հասա Մազի կամուրջ, այնտեղից էլ ռազմամթերք տանող մեքենաների թափքում տղաներն ինձ հասցրին Շուշի։ Ամենածանրը մեր զրահամեքենան, ընկերներիս արյունը տեսնելն էր։ Ծնկներս ծալվեցին, դեռ ծուխ էր բարձրանում, իսկ Աշոտի դիակն ու Շահենի մարմնի մասունքները նոր էին տեղափոխվել Ստեփանակերտ։ Աշոտի մարմնի վրա թուրքական ռազմական ուղղաթիռների երեսունյոթից ավելի գնդակահետքեր էին մնացել։ Չգիտեմ, չէի լացում, մռնչում էի, ճանկռոտում էի քարերն ու զրահամեքենայի թրթուրները, կանչում էի՝ Աշոտ, Շահեն ու թվում էր, թե զրահամեքենան պիտի նրանց փոխարեն պատասխան տա, ինքն է մնացել ու ես։ Ու ցավի մեջ, կրակի մեջ, արյան ու վերքերի մեջ… հաղթանակի բույրը, մայիսիննյան բուրմունքների հաղթանակը։ Ասում եմ՝ տղերք, ինձ էլ տարեք, ուզում եմ ազատագրված Շուշիում լինել։
Բարձրանում ենք։ Պարիսպների մոտ մեզ ընդառաջ է գալիս Երկաթ Ավետը, ասում է. «Հակոբի դիակն է այստեղ, գիտեմ, որ հարեւաններ եք, պիտի…»։ Իսկ Վարդի աքան ու մայրս սպասում են, որ պիտի տուն գնամ Հակոբի հետ։

***
Գարուն է իբր, բայց գարուն է։ Ծաղկած ծառերի ճերմակի մեջ, ուր նայում եմ, ասես աչքերիս առաջ սպիտակին է տալիս մեր զրահամեքենայի համարանիշը. «Տ-72, 442»։ Իմ ու Շահենի, Աշոտի քայլերով փորձեցի Շուշի մտնել։ Դա մեր պահանջ-պատգամն էր. «Մեզնից ով կենդանի մնա, բոլորի քայլերով ազատագրված Շուշիում քայլի»։ Այդպես էլ արեցի։ Որքա՜ն վեհ է հայոց հողը մեր ոտքերի տակ։

***
Ուզում էի տեսնել Ղազանչեցոց եկեղեցին, որի խաչի վրա թուրքերը անհաշիվ գնդակների հետքեր էին թողել, բայց խաչը էլի կանգուն էր մնացել։ Ստիպված բարձրացել, խաչը պոկել են։ Ասում են՝ թուրքերը յոթ օր ու գիշեր ճգնել են, որ խաչը հանեն, չեն կարողացել, ստիպված վերամբարձ կռունկ են բերել, մի կերպ հանել՝ գմբեթի հետ։ Խաչն իջեցնողն էլ, դրանից հետո, հինգ րոպե չանցած, տեղնուտեղը սիրտը բռնել-մեռել է։ Իսկ երբ մերոնք ազատագրեցին Շուշին, հրաշք ու զարմանք էր պատել բոլորին. առանց զանգ ու լեզվակի Ղազանչեցոց եկեղեցուց (երկնքից էին գալիս) սկսեցին արեւազիլ ղողանջներ հնչել երկար ու ձիգ՝ տարածվել հայոց աշխարհով մեկ։ Ոչ ոք չէր իմանում շուշեցի Արսեն ապոր այդ օրվա համար փայփայանքով պահած-պահպանած զանգի մասին։ Աստծո բարի օրհնանքն է, երեսները խաչակնքելով, ասում էին մարդիկ։ Զոհված ընկերներիս հոգու հանգստյան համար եկեղեցու մուտքի մեծ քարին մոմեր եմ վառում։ Ով գիտե, հիմա նրանք հրեշտակի թեւերով ճախրում երկնքում եւ հետեւում են մեր ամեն քայլին, մեզ հետ ապրում բերկրությունը ազատագրված Շուշիի։ Մուշեղանց տանը հասնելուն պես, նկատում եմ, որ արկի հարվածից տան պատը փլվել է եւ տանիքի կեսը նստել է հողի վրա։ Գտնելով ընկերոջս նշած պատը, սկսում եմ քարերը ետ տանել. նախ մի լուսանկար է գտնվում փոշու եւ քարերի մեջ, քիչ հետո հայտնվում է կաշվեպատ մի գիրք՝ ձեռագիր էջերով՝ իմ փնտրածը։ Փոշին ու ցեխը մաքրում եմ թեւքովս, բացում առաջին էջը, հազիվ ընթերցում եմ «Ավետիք Բահատրյան» անունը, հեղինակն է, իսկ ավելի ներքեւ գրված է. «Գիրք եւ որդի՝ Մուշեղ Աբրահամյանի»։ Մուշեղին ով չգիտեր։ Ուրեմն՝ գիրքը որդեգրել էր… Մուշեղ Աբրահամյանը։

Վարդան Հակոբյանի «Քրիստոսի ծաղիկներ» ասք-պոեմից ևս մեկ հատված կարող եք կարդալ այստեղ:

Share Button

1 Կարծիք

  • Ծովինար Խաչատրյան says:

    Կեցցես, Վարդան ջան, ինչպիսի հուժկու թափ, մտքի փայլատակումներ, ցավի հրաբխային պոռթկումներ: Ծանոթ եմ նաև քո արձակին, հրապարակախոսական ելույթներին. բազմաշնորհ ես, բազմաժանր, ամեն տեղ`տաղանդավոր: Հիացած եմ և վստահորեն, որպես ընթերցող, կարող եմ քեզ համարել մեր բարդ ժամանակների, <> լավագույն խոսնակներից մեկը: Հարգանքով` Ծովինար Խաչատրյան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *