Երբ անցա շեյխ Աբդ ալ-Ալիմ Բաքրի կողքով, նա նստած էր լոտուսի ծառի տակ՝ գյուղի երկաթգծի մոտ, իսկ նրա շուրջը մի քանի գյուղացիներ էին:Նա նստած էր ջրի պոմպի մոտ և ինձ կանչեց իր մոտ՝ սուրճ խմելու ու իր հետ հաշվարկ անելու:
Այդ օրը անտանելի շոգ էր, իսկ ես ծարավ էի ու հոգնել էի վազվզոցից և ուրախությամբ քայլեցի իր կողմը՝ հովին նստելու: Մոտս առավոտվա ամսագիրն էր, որն առել էի Իբն Հուսեյն կայարանից: Շեյխ Աբդ ալ-Ալիմը վերցրեց այն՝ կարդալու նորությունները, ու սկսեց ինձ հարցեր տալ բամբակի շուկայի բացման մասին, գյուղերում խմելու ջրի մատակարարումից, օգնելու ու աջակցելու գյուղացիներին, ովքեր կառուցում էին իր երկաթգիծը արևելքում: Գյուղացիները կանգնած լսում էին նրան ու չգիտեին ինչ ասել, քանի որ նրանց կարծիքով մենք լուսավորյալներ էինք, ու իրենք չեն կարողանա ճանաչողությամբ և հասկացողությամբ հասնել մեր մակարդակին: Այնուհետև շեյխ Աբդ-ալ-Ալիմը դադարեցրեց խոսակցությունը, և ես տեսա, թե ինչպես է նայում ինչ-որ մեկի, ով անցնում էր գնացքի գծերով՝ մոտենալով պոմպին: Նրան հետևում էր համայնքի պահակ Աբդ ալ-Բասիրը: Տղամարդը, երբ մոտեցավ, ճանաչեցի նրան. Մ’ամուն Աբդ ալ-Ռահմանն էր ՝ շեյխի հողամասում աշխատող բանվորներից մեկը:
-Ո՞ւր են են փողերը, Մ’ամո՛ւն-, միանգամից հարցրեց շեյխը:
– Համեցե՛ք:
-Բա մնացա՞ծը:
-Ես մեկ ակր ու մեկ երրորդ եմ մշակել քո մեքենայով, Աբդ ալ-Ալիմ բեյ:
-Դու մշակել ես մեկ ակր ու կես: Ապացույցը քո հողամասի տարածքն է ու նաև Իսմայիլ էֆենդին: Ամեն սեզոնին մենք այս վեճն ենք ունենում, այնպես որ գնա՛ ու մնացածը բե՛ր:
– Մոտս ախր էլ չկա:
-Ուրեմն հե՛տ վերցրու փողդ, ու երբ մնացորդն էլ ունենաս, կբերես:
– Ո՞րտեղից: Երեխաների՞ս ծախեմ:
-Գնա՛ ու ծախի՛ր ցորենի դաշտդ, կամ ոչխարդ, կամ երկու այծերդ, որոնք ուտում են ուրիշի սեփականությունը:
-Ես ապրելու ուրիշ եկամուտ չունեմ: Դրանց ապրելու իրավունքներն ավելի շատ են, քան քոնը:
-Ի՞նչ ասացիր:
-Ասացի, որ դու դրա իրավունքը չունես, բե՛յ:
-Լավ, առավոտյան կգանք, կվերցնենք հողամասդ ու ցուլդ:
-Մենք կարծես քո հողերի ստրուկները լինենք: Ինչքա՞ն է այսպես շարունակվելու:
-Ի՞նչ ասացիր, ա՛յ շուն:
Այնուհետև Աբդ ալ-Ալիմը ոտքի կանգնեց ու սկսեց ուժգին հարվածել Մ’ամունի դեմքին ու փորին: Մենք ստիպված հետ պահեցինք նրան, վերջինս վերդարձավ ու իր տեղը նստեց: Նա չէր դադարում զայրույթից հոխորտալ ու սպառնալ գյուղացուն, որ ֆերմայից դուրս կշպրտի:
Հետո սկսեցինք ամեն ինչ անել, որ մի կերպ շեյխին հանգստացնենք, որ կատաղությունն ու պոռթկումն անցնի:
Այդ պահին արևը վառում էր, կարծես հուլիսի ամենաշոգ պահն էր, կարծես կրակը գետնի տակից դուրս գար: Մեր ոտքերի տակ հողը հարթ էր ու չոր, իսկ ցորենի ցամաքած արմատները պարզ երևում էին հողի մեջից: Թեթևակի ջրված դաշտերը աննշան կանաչ գույն ունեին ու մի կերպ դիմանում էին անտանելի շոգին ու երաշտին:
Նեղոսը մոտ էր, սակայն արտերից ցածր էր հոսում, ու գյուղացիները նրա ջրից չէին կարողանում օգտվել՝ հողերը ոռոգելու համար: Նրանք անասուններին տանում էին գետ՝ լողացնելու ու ջուր խմեցնելու: Փոքրիկ արահետ կար դեպի ջուրը գնացող կանանց համար, որպեսզի նրանք գնան և լցնեն իրենց կժերը, ու մեկ այլ ճանապարհ անասունների լողանալու համար էր:
Աբդ ալ-Ալիմի որդին մի քանի տղաների հետ ֆերմայից իջավ Նեղոսի ափ: Նրանք սկսեցին ցեխով խաղալ ու ավազով տներ կառուցել: Շեյխ Աբդ ալ-Ալիմը չէր արգելում որդուն, քանի որ դա միակ խաղն էր, որ երեխան կարող էր խաղալ: Գործերից հետո հայրը նրան տանում էր տուն: Շեյխը արդեն ավարտել էր իր հաշվարկները գյուղացիների հետ ու պատրաստվում էր գնալ կեսօրյա աղոթքին, երբ անսպասելի բղավոց լսեցինք.
-Արագ եկե՛ք: Հասանն է: Աբդ ալ-Ալիմի որդին…
Ես կարծեցի , թե տղան խեղդվում է: Նրա հոր հետ արագ վազեցինք գետի ափ, ու մեր հետևից՝ բոլոր նրանք, ովքեր լսել էին գյուղացիների ձայները: Երբ տեղ հասանք, սարսափած աչքերով ներքև նայեցինք՝ վախենալով որևէ քայլ անել, որ հանկարծ մի ահավոր բան տեղի չունենա. մի հսկայական բծավոր օձ գալարվում էր Հասանի շուրջը , իսկ Հասանը, վախից սարսափած ու խուճապահար, կպել էր պատին ու չէր կարողանանում ո՛չ շարժվել, ո՛չ գոռալ: Օձը բոլորովին անշարժ էր ու կարծես սառած լիներ: Մենք անգամ կասկածում էինք՝ ողջ է, թե՞ սատկած: Նա չէր իջնում ո՛չ ներքև, ՛ոչ էլ դուրս էր գալիս ջրից: Ջրի մեջ այդ ժամանակ կանգնած էր մի կով, որը Մ’ամունինն էր, և բոլորովին ուշադրություն չէր դարձնում, թե ինչ է կատարվում իր շուրջը: Կովը կանգնած էր օձի դիմաց, և մենք վախենում էինք նրա շարժվելուց, որը կարող էր ողբերգական հետևանքներ ունենալ: Մենք սևեռվել էինք, սարսափած էինք և անկարող ինչ-որ բան անելու: Դա ամենաահռելի, երկար ու խոշոր օձն էր, որ ես երբևէ տեսել էի. այն կածես նման էր ինչ-որ արարածի, որ դժոխքից էր դուրս եկել: Բոլորս մտածում էինք ու չէինք հասկանում, թե ինչպես սպանենք օձին. եթե կտրուկ շարժում անեինք, նա հաստատ տղային կսպաներ: Այդ պահին իմ միջով կարծես էլեկտրական հոսանք անցավ: Ինձ թվում էր, թե ոտքիս տակ բազմաթիվ օձեր են սողում, որոնք դուրս են եկել գետնի ճեղքից, ու ես սկսեցի կանգնածս տեղը ոտքս թափահարել ու գետնին խփել: Ես վախեցած նայեցի, ու ինձ թվում էր, թե այդ օձերից մեկը բարձրացել ու փաթաթվել է վզիս:
Ես այսպիսի երևակայական պատկերացումների մեջ էի, երբ գյուղացիներից մեկը մեծ քար շպրտեց օձի վրա, սակայն օձին չդիպավ: Եթե այդքան անփույթ կերպով չշպրտեր, միգուցե ամեն ինչ լավ վերջանար: Աղմուկ սկսվեց, ու բոլորն սկսեցին գոռալ: Շեյխ Աբդ ալ-Ալիմը նույնպես բղավեց ու նշան բռնեց իր հրացանով, սակայն նրա ձեռքերեը ուժգին դողում էին, ու նա չէր կարող կրակել:
-Կրակի՛ր, Հասա՛ն,- գոռաց նա գյուղացիներից մեկին,- կրակի՛ր:
-Գնդակը կարող է վնասել քո տղային կամ կովին: Ոչ ոք չի կարող կրակել օձի գլխին, երբ նա այսպես շարժվում է:
-Կրա՛կ, ա՛յ տղա, կրա՛կ:
Մենք բոլորս ճնշված էինք ու չգիտեինք ինչ ելք գտնել. տղայի կյանքն ամբողջովին օձի ողորմածությունից էր կախված:
Այդ պահին մի կրակոց հնչեց. օձն ու կովը նվաղեցին ու ընկան: Մենք հետ նայեցինք՝ տեսնելու, թե որտեղից էր կրակոցը: Ու տեսանք Մ’ամունին, որ կանգնած էր հրացանը ձեռքին: Բոլորս գիտեինք, որ Մ’ամունն էր կրակողը: Հենց նա՛, ուրիշ ոչ ոք չէր կարող կրակել այդ գնդակը:
Երբ շեյխ Աբդ ալ-Ալիմը գրկեց իր որդուն, գրպանից գումար հանեց, որպեսզի վճարի Մաամունին կովի գինը, սակայն Մաամունը նրա վրա շպրտեց փողերը, որոնք թափվեցին գետնին: Նա թեքվեց ու իր ճանապարհով հետ գնաց՝ մենակ ու գլուխը կախ, կարծես ոչինչ չէր եղել:
Շեյխ Աբդ ալ-Ալիմին երբեք չէի տեսել այդքան ստորացված ու նվաստացված, ինչպես այդ պահին:
Թարգմանությունը արաբերենից՝ Աստղիկ Գաուդյանի