Մարդասպանների եւ գժերի մեջ
(հատված վիպակից)
Օդի մեջ ծուխն ավելի էր խտացել, և մենք հազիվ կարողացանք մեր սեղանը տեսնել: Երբ ծխի միջով ավելի մոտ էինք և դուրս էինք եկել մոլորվածությունից, Մալերի կողքին նստած մի մարդ տեսա, որին ես չէի ճանաչում: Երկուսով լռել էին, իսկ մնացածները խոսում էին: Ես ու Ֆրիդլին կրկին տեղավորվեցինք, և Բերթոնը մի անորոշ հայացք նետեց: Անծանոթը վեր կացավ և ձեռքը մեկնեց մեզ: Նա քթի տակ մրթմրթաց իր անունը: Սիրալիության նշույլ անգամ չկար նրա մեջ, բնավ անմիջական չէր: Հայացքը սառն էր ու մեռած, և ես հարցական նայեցի Մալերին, որը պիտի որ ճանաչեր նրան: Նա շատ բարձրահասակ էր, երեսունին մոտ, չնայած առաջին հայացքից տարիքով ավելի մեծի տպավորություն էր թողնում: Նա վատ չէր հագնված, բայց այնպիսի տեսք ուներ, ասես որևէ մեկից իր կոստյումը նվեր էր ստացել, եւ որն իր չափսերին համեմատ դեռ մի քիչ էլ մեծ էր: Որոշ ժամանակ անցավ, մինչև որ կարողացա զրույցից ինչ-որ բան հասկանալ, և որին չէին մասնակցում ոչ Մալերը և ոչ էլ անծանոթը:
Հադերերը դիմեց Հութերին.
-Բայց, իհարկե, դուք ճանաչում եք նաեւ գեներալ Ցվիրլին:- Հութերը ուրախացած պատասխանեց.
-Իհարկե, իհարկե: Գրացից:
-Շատ գրագետ մարդ էր: Հունարենին փայլուն տիրապետողներից մեկը, նաեւ` իմ հին լավագույն ընկերներից:
Հիմա պետք էր վախենալ, որ Հադերերը հունարենի և լատիներենի մեր` իմ եւ Ֆրիդլիի, թույլ իմացությունն ի ցույց կդնի, չնայած, որ ինքն էր մեզ խանգարել մեր գիտելիքները ժամանակին ձեռք բերելու մեջ: Բայց ես տրամադրություն չունեի Հադերերի նախընտրած թեմաներից որեւէ մեկի վրա կանգ առնելու կամ էլ նրան մարտահրավեր նետելու, այլ կռացա դեպի Մալերը, կարծես ոչինչ չէի լսում: Մալերն անծանոթին ինչ-որ բան էր ասում կամաց, և վերջինս պատասխանում էր բարձր ու առաջ նայելով: Ամեն մի հարցին նա պատասխանում էր մի նախադասությամբ: Ես համարեցի նրան Մալերի հիվանդներից մեկը, համենայդեպս՝ ընկերներից, որին նա բուժում էր: Մալերը միշտ ճանաչում է բոլոր հնարավոր անհատներին ու անում էր ընկերություններ, որոնց մասին մենք ոչինչ չէինք իմանում: Մի ձեռքում մարդը պահում էր ծխախոտի տուփը, իսկ մյուսով ծխում էր: Այդպիսին նրան երբեք չէի տեսել: Նա ծխում էր մեխանիկորեն, ներծծում գլանակի միանգամայն հավասարաչափ մասերը, ասես դա միակ բանն էր, որ կարողանում էր անել: Ծխախոտից մնացել էր մի փոքրիկ կտոր, որով իրեն վառեց` առանց դեմքը ծամածռելու, ապա դրանից կպցրեց հաջորդ գլանակը եւ կորավ ծխի մեջ:
Հանկարծ նա կանգ առավ ծխի մեջ, ծխախոտը դողդողալով պահեց իր հսկայական, տգեղ ու կարմրած ձեռքերի մեջ և գլուխը կախեց: Չնայած դռները փակ էին, միջանցքի այս կողմից հասնում էր մեծ սրահի աղմկոտ երաժշտությունը: Ես լսում էի դա, ինչպես կլսեի «In der Heimat, in der Heimat, da gibt՚s ein Wiedersehen» -«Հայրենիքում, հայրենիքում, այնտեղ կտեսնվենք»:
Նա արագ ու ջղային ներս քաշեց ծուխը և բարձրաձայն, ինչպես պատասխանում էր Մալերին, դիմեց մեզ. «Նրանք դեռ կշարունակեն վերադառնալ տուն: Նրանք դեռ բոլորը չեն հետ եկել»:
Հադերերը ծիծաղեց ու ասաց. «Ես չգիտեմ՝ ինչպես կարող եմ Ձեզ հասկանալ, բայց անհավատալի է. ինչպե՞ս կարող էր իմ հարգարժան ընկերը` գնդապետ Վինկլերը թույլ տալ այսպես խանգարել ու իր մարդկանց չհանգստացնել: Եթե այսպես շարունակվի, ստիպված կլինենք մեկ այլ տեղ փնտրել»:
Բերթոնը մեջ ընկավ, ասելով, որ խոսել է տիրոջ հետ: Իբրև դա բացառություն էր՝ հանուն հոբելյանի ու ճակատային ընկերների մեծ հանդիպման: Ավելի մանրամասն նա չգիտեր…:
Հադերերն ասաց, որ ինքը ևս ոչինչ մանրամասն չգիտի, սակայն իր հարգարժան ընկերն ու նախկին գործընկերը…
Իմ ուշադրությունից վրիպեց, թե անծանոթը, որը շարունակում էր զրուցել, երբ Հադերերն ու Բերթոնը նրան լռեցնում էին, մեր հասցեին ինչ ասաց: Միայն Ֆրիդլին կարող էր լսած լինել: Եվ ինձ պարզ չէր, ինչու՞ նա հանկարծակի ասաց, թե ինքն, իբր, մարդասպան է:
‹‹….Ես քսան տարեկան չեմ, դա ես գիտեմ»,- ասաց նա այնպիսի տոնով, ասես առաջին անգամը չէր ձեռնամուխ լինում իր պատմությունը ներկայացնելուն, կարծես ունկնդիրների կարիք չունի և համաձայն է ցանկացած լսողի հետ:- Ես գիտեի, որ ստեղծված եմ մարդասպան լինելու, ինչպես շատերը հերոս կամ սուրբ, կամ էլ միջին մարդիկ: Եթե դուք այդպես եք ուզում, ուրեմն իմացեք՝ սպանելու համար ինձ ոչինչ չէր խանգարում, ամեն ինչ ես ծառայեցնում էի այդ նպատակին՝ սպանել: Ինձ միայն զոհ էր պետք: Այդ ժամանակ ես գիշերները վազվզում էի այստեղ»:- Վերջին բառից հետո ծխի միջով նա առաջ պարզեց ձեռքը և Ֆրիդլին արագ հետ գնաց, որպեսզի չկպներ իրեն: -‹‹Այստեղ ես վազվզում էի նրբանցքներով, որտեղ բուրում էին շագանակի ծաղիկները, այստեղ օդը միշտ լեցուն էր նրանց բուրմունքով` լայն փողոցների ու նրբանցքների վրա: Սիրտս պոկվում էր տեղից, թոքերս աշխատում էին ինչպես վայրի թռչունների` զոռով կպցրած թևեր, շունչս դուրս էր գալիս որսվող գայլի շունչի պես: Ես դեռևս չգիտեի, ինչպես սպանել եւ ում պետք էր սպանել: Ես ունեի միայն իմ ձեռքերը, բայց արդյո՞ք դրանք կզոռեին` որևէ վիզ սեղմելու: Այդ ժամանակ ես շատ թույլ էի ու վատ էի սնվում: Ես ոչ մեկին չէի ճանաչում, որին պետք է ատեի, միայնակ էի այս քաղաքում: Եվ այսպես ես ոչ մի զոհ չգտա և այդ մտքից գիշերները գժվում էի: Դա միշտ գիշերն էր լինում, ես ստիպված էի լինում վեր կենալ, իջնել ցած, կանգնել քամոտ, մութ, դատարկ փողոցների անկյուններում ու սպասել: Այդ ժամանակ փողոցները դատարկ էին, ոչ ոք չէր մոտենում, ոչ մեկը չէր դիմում ինձ, և ես սպասում էի, մինչև որ սկսում էի դողացնել, թուլությունից նվնվալ, մինչեւ վրա էր հասնում խելացնորությունը, եւ դա կարճ էր տեւում: Հետո ինձ տարան ոստիկանություն: Երբ ես հրացանը ձեռքս առա, իմացա, որ կորած եմ: Մի անգամ պիտի դա անեի: Ես ինձ հանձնեցի հրացանի փողին, այն լիցքավորեցի փամփուշներով, որոնք, համոզված էի, այնքան հեշտ հնարեցի, ինչպես վառոդը: Վարժություններ անելիս ես կրակեցի, բայց վրիպեցի, եւ դա ոչ թե նրա համար, որ նշան բռնել չէի կարող, այլ գիտեի, որ այդ Սև կետը՝ նշանացույցը, ոչ մի աչքի համար չէ. այն միայն տեղ էր ցույց տալիս, մարզումի նշանակետ էր ու մահաբեր չէր: Դա ինձ ջղայնացնում էր, դա միայն մի հրապուրիչ նմանություն էր և ոչ իրականություն: Ես վստահ կրակեցի նշանակետին ու վրիպեցի: Այդ վարժություններն անելիս քրտնում էի սարսափելի, որից հետո դեմքս կապտում էր, փսխում էի և ստիպված պառկում: Ես կամ խելագար էի կամ մարդասպան: Դա ստույգ գիտեի և այդ մասին խոսում էի մնացածների հետ իմ վերջին դիմադրությամբ, որպեսզի նրանք ինձ պաշտպանեն, որպեսզի նրանք զգուշանային ինձանից և իմանային, թե ում հետ պետք է գործ ունենան: Բայց գյուղացի ուսանողները, արհեստավորները և ծառայողները, որոնք գտնվում էին իմ աշխատասենյակում, կարևորություն չէին տալիս դրան: Նրանք կարեկցում էին ինձ կամ էլ ծաղրում էին, բայց ինձ մարդասպանի տեղ չէին դնում: Կամ էլ իրոք դնում էին: Ես չգիտեմ: Փոստային մի ծառայող, մի խորամանկ մարդ, որը շատ էր կինո գնում և շատ ընթերցում, ինձ ասում էր «Jack the Ripper» [1]: Բայց ես հավատում էի, նա հոգու խորքում համամիտ չէր դրան»:
Անծանոթը հանգցրեց ծխախոտը, արագ ցած նայեց, ապա բարձրացրեց հայացքը: Ես զգում էի նրա սառը երկար հայացքն ինձ ուղղված եւ չգիտեի՝ ինչու էի ցանկանում այդ հայացքը պահել: Ես այն հանդուժում էի, բայց այն ավելի երկար էր տևում, քան այն հայացքը, որ փոխանակում են բարեկամներն ու թշնամիները: Դա շարունակվեց այնքան, մինչեւ ես այլեւս չէի մտածում կամ որեւէ բան ասում: Այնքան դատարկ էր ամեն ինչ, որ ես սարսափից վեր թռա, երբ կրկին լսեցի նրա բարձր ու համաչափ ձայնը:
-Մենք եկանք Իտա; Դա ամենամեծ սպանդանոցն էր, որ կարող եք պատկերացնել: Այդտեղ մարմինն այնպես են տալիս ու սպանում, որ մարդասպան լինելը մեծ հաճույք էր թվում: Բայց դա այդպես չէր, չնայած ես միանգամայն վստահ էի, որ մարդասպան եմ և նույնիսկ կես տարի բացահայտ շրջել էի հրացանով: Երբ ես եկա Մոնտե Կասինո, կենդանության ոչ մի նշույլ չկար ինձ վրա: Ես շնչում էի դիակների հոտը, բունկերների և հրդեհների ծուխը՝ ինչպես լեռնային ամենաթարմ օդը: Ես չէի զգում ուրիշների վախը: Իմ առաջին սպանությամբ ես կկարողանայի հարսանիք անել: Այնպես որ, ինչ ուրիշների համար պատերազմի թատերաբեմ էր, ինձ համար սպանությունների բեմահարթակ էր: Բայց ես ուզում եմ ձեզ ասել, թե ինչ եղավ հետո: Ես չկրակեցի: Առաջին անգամ ես լարել էի, երբ մի խումբ լեհեր էին մեր առաջ: Այդտեղ, իհարկե, ընկած էին տարբեր երկրներից եկած զորամասեր: Եվ ես ինձ ասացի. «Ոչ մի լեհ»: Ես չէի ընդունում խոսակցական լեզվի մեջ այդ մականունները… ինչպես, օրինակ` Polacken, Amis, Schwarze [2]: Այսինքն` ոչ մի ամերիկացի, ոչ մի լեհ: Այո, ես մի սովորական մարդասպան էի, ես պատրվակներ չէի փնտրում և իմ լեզուն հնչում էր պարզ, ուրիշների լեզվի նման ոչ գունեղ. «Ջնջել, ոչնչացնել, դուրս քշել»: Նման բառերն ինձ զզվանք էին պատճառում, ես դրանք պարզապես չէի էլ արտասանում: Ես ինձ ասում էի. ‹‹ Քո լեզուն պարզ է, դու պետք է դա իմանաս ու ցանկանաս մարդ սպանել»: Այո, ես դա ուզում էի եւ արդեն մի տարի է, ես վառվում էի սպանելու մոլուցքով: Մեկի՛ն: Բայց Դուք հասկացեք, ես չկարողացա կրակել, իսկ արդյո՞ք կկարողանամ Ձեզ ամեն ինչ բացատրել, չգիտեմ: Ուրիշները դա հեշտ էին անում, նրանք կատարում էին իրենց առաջադրանքները եւ հիմնականում չէին իմանում՝ արդյո՞ք խփեցին եւ քանի՞ հոգու խփեցին, մեկի՞ն, թե՛ մի քանիսին: Նրանց դա ամենեւին չէր հետաքրքրում: Այդ մարդիկ ընդհանրապես մարդասպաններ չէին: Նրանք ցանկանում էին ողջ մնալ, շքանշաններ վաստակել ու դժվար թե մտածեին ընտանիքի, հաղթանակի կամ էլ հայրենիքի մասին: Այո, նրանք թակարդի մեջ էին: Բայց ես անընդհատ մտածում էի սպանության մասին ու չէի կրակում: Մի շաբաթ անց, երբ ճակատամարտը թեժացել էր, երբ դաշնային զորքերը չէին երեւում, երբ միայն ինքնաթիռներ էին փորձում մեզ ոչնչացնել, եւ երբ դեռ երկար ժամանակ մարտը շարունակվում էր, ինձ հետ կանչեձջֆ Հռոմ, եւ ես կանգնեցի ռազմական դատարանի առաջ: Ամեն ինչ անձամբ պատմեցի, բայց չցանկացան հասկանալ եւ ինձ բանտ ուղարկեցին: Ինձ դատապարտեցին թշնամուց վախենալու և մարտական ուժերի քայքայման մեջ: Կային նաև մի քանի այլ կետեր, որոնք ես արդեն չեմ էլ հիշում: Հետո հանկարծ ինձ կրկին դուրս հանեցին և բերեցին հյուսիս` մի հոգեբուժարան: Ըստ իս, այդտեղ ինձ բուժեցին, եւ կես տարի անց եկա մի նոր գունդ, որովհետև հնից ոչինչ չէր մնացել: Ովքեր մնացել էին՝ գնացել էին արեւելք, դեպի թիկունքային մարտեր»:
Հութերը, որը տանել չէր կարողանում երկար ճառելը, եւ հաճույքով մեկ ուրիշին կտար պատմություններ ու երգիծական զրույցներ անելու իրավունքը, կտրեց քաղցրահացը` ասելով.
-Դե, պարոն, ստացվե՞ց Ձեր կրակելը:
Տղամարդը նրան չնայեց և փոխանակ մի անգամ ևս խմելու, ինչպես բոլոր մնացածներն այդ պահին, հրեց բաժակը դեպի սեղանի կենտրոն: Նա նայեց ինձ, հետո Մալերին, ապա նորից ինձ ու այս անգամ ես հայացքս հեռացրի:
-Ոչ,- վերջապես նա ասաց,- ես, ճիշտ է, բուժվեցի, եւ դրա համար չստացվեց: Դուք դա կհասկանաք, պարոնայք: Մեկ ամիս հետո ես կրկին ձերբակալվեցի, եւ մինչև պատերազմի վերջը գտնվում էի ճամբարում: Հասկացեք, ես չէի կարող կրակել: Եթե ես դա չկարողացա անել մեկ մարդու վրա, ինչքանո՞վ էր հնարավոր դա անել ռուսների վրա… Ընդհանրապես ես ոչինչ չէի պատկերացնում: Բայց դա պետք էր պատկերացնել:
-Ինչ կոմիկ տիպ է,- կամաց փսփսաց Բերթոնին Հութերին: Ես նրա ասածը լսեցի ու վախեցա, որ անծանոթը եւս կլսի: Հադերերը ձեռքով արեց ավագ մատուցողին եւ մեկնեց հաշիվը:
Մեծ դահլիճից գալիս էին տղամարդկանց երգչախմբի ուժեղացող ձայները: Այն նման էր բեմից հեռացված եւ կուլիսների հետեւում երգող օպերային երգչախմբի: Նրանք երգում էին. «Հայրենիք, քո աստղերը…»:
Անծանոթը լսում էր գլուխը կախ: Ապա նա ասաց. «Կարծես երեկ էր»: Հետո նա բարի գիշեր մաղթեց, վեր կացավ ու հսկայական քայլերն ուղղեց դեպի դուռը: Մալերը նույնպես կանգնեց և ձայնը բարձրացնելով` ասաց. «Լսեք Դուք»: Դա նրա սովորական արտահայտություններից էր, բայց ես գիտեի, որ նա այս անգամ իրոք ցանկանում էր բոլորին դա լսելի դարձնել: Այնուամենայնիվ, ես նրան առաջին անգամ տեսա այդքան անվստահ: Նա նայեց ինձ ու Ֆրիդլիին, ասես խորհուրդ հարցնելու: Մենք նայում էինք նրան, բայց մեր հայացքներում խորհուրդ չկար:
Մենք կորցրել էինք ժամանակի զգացողությունը, Մալերը` խոժոռ, մտքերի մեջ ճնշված այս ու այն կողմ էր գնում: Հանկարծ նա պտտվեց դեպի դուռը, թափով բացեց, եւ մենք էլ հետևեցինք նրան: Որովհետև երգն ու երաժշտությունը հանկարծ ընդհատվեցին: Միայն մի քանի ձայներ էին լսվում՝ մեկը մյուսից անջատ: Եվ, միաժամանակ, միջանցքում անցուդարձ կար, որը մատնում էր որևէ դժբախտություն կամ վեճ:
Միջանցքում մենք բախվեցինք մի քանի տղամարդկանց, որոնք գոռում էին իրար վրա, մնացածները լռում էին հուզված: Անծանոթը ոչ մի տեղ չէր երեւում: Ինչ որ մեկը համառորեն համոզում էր Հադերերին, հավանաբար Մեծն գերագույնը` գույնը գցած, կակազելով: Ես լսեցի կցկտուր նախադասություններ. «անհասկանալի պրովակացիա… խնդրում եմ ձեզ… ճակատային հին ընկերներ»: Ես գոռացի Մալերին՝ ինձ հետևել, վազեցի դեպի սանդուղքը, մի քանի ցատկով իջա մութ, խոնավ եւ քարե աստիճաններից՝, որոնք կարծես բովանցքից բարձրանալով՝ սուզվում էին գիշերվա մեջ, դեպի դուրս: Մառանից ոչ հեռու ընկած էր նա: Ես կռացա նրա վրա: Նա արնաքամ էր լինում վերքերից: Մալերը ծնկի եկավ իմ կողքին: Հեռացրեց ձեռքս մարդու կրծքից ու հասկացրեց, որ նա արդեն մեռած է:
Գիշերը արձագանքում էր իմ մեջ, ես զառանցում էի:
Առավոտյան, երբ անխռով տուն հասա, մնացել էի կանգնած իմ սենյակում՝ առանց որևէ շարժում անելու, առանց անկողինս գտնելու, գունատ ու ցրված, ափիս մեջ արյան հետքեր: Ես չսարսափեցի: Ինձ թվաց՝ այդ արյան միջոցով մի պաշտպանություն ստացա, բայց ոչ թե անխոցելի լինելու համար, այլ որպեսզի իմ կասկածի, իմ վրիժառության, իմ զայրույթի արտաշնչումը չկարողանա դուրս մղվել ինձանից: Ոչ՝ հիմա, ոչ՝ երբեք: Եվ թող դրանք, այդ մահացու մտքերը, որոնք զարթնել էին իմ մեջ, ինձ ոչնչացնեն: Երանի դրանք երբեւէ ոչ մեկին չսպանեն, ինչպես այդ մարդասպանը չսպանեց, և միայն մեկ զոհ կար՝ ոչնչի համար: Բայց ո՞վ գիտե դա: Ո՞վ կհամարձակվի դա ասել:
[1] 19-րդ դարի անգլիացի մարդասպան, ով գազանաբար սպանել է վեց մարմնավաճառուհիների մեկտեղ: Իրավաբանները այդ անունը տալիս են այն մարդուն, ով հայտարարում է իր մարդասպան լինելու մասին, բայց գործերը մնում են մութ:
[2] Խոսակցական ձեւեր` լեհեր, ամերիկացիներ, սեւեր` նեգրեր:
Թարգմանությունը գերմաներենից` Սիրվարդ Ստեփանյանի