Վարդան Սմբատյան | Բառերը ստեղծվել են խաբելու համար

Մաշկացավս անցել է կարծես
ութը տարի հետո …
Մեկ-մեկ մաշկս քոր է գալիս
քո կարոտից,
թվում է, քեզ թաղել եմ
մաշկիս տակ, ու արյունդ լյարդացած
երակներս է կեղեքում:
Էսքան ցավ ու հիմար ծիծաղ
Ոնց եմ տարել հետդ, ասա՜,
Չէ, մի տեսակ չեմ հավատում:
Քեզ հիշելիս խուտուտ եմ զգում
ու կոպերիս դրոշմված կատվամռութդ սիրունիկ
չեմ մոռանում:
Ապրում ես դեռ
իմ գրի մեջ, բառերիս տողատակերում,
ճերմակ թղթերիս մեջ մաշկիդ
բույրն եմ զգում,
մնա այնքան, մինչև մեռնի
գրելուս մոլուցքն անհագ,
Մնա՜,
Դու՝ գաղջս,
մինչև վերջակետ:

 

***
Եվ սկզբում էր ցավը…
Եվ ցավն Աստծո մոտ էր`
Ցավն Աստված էր:
Առանց նրա ոչինչ չեղավ,
Ոչ ծնունդ, ոչ վարձք,
Ոչ բերկրություն,
Ոչ տառապանք,
Ոչ արվեստ, ոչ փառք:
Ով ամենակալ քո պատվիրանները,
Թող պահեն նրանք,
Ովքեր վախենում են բիրտ դատաստանից…
Ես քո առաջ մեղավոր եմ
Միայն մի բանում՝
Ես բանաստեղծ եմ:

 

***
Տխրությունս գնաց,
ցավի շեղբերում թողեց
արարման իմ հույսը:
Բառերի անձրև է տեղում հիմա
այս ճերմակ թղթին:
Ես գրում եմ այն, ինչ եղել է,
այն ինչ չի լինի երբեք իմ կյանքում:
Մարդիկ ցավից ու զայրույթից կոտրում են տան իրերը,
տիեզերքը պատժում է մեզ՝
արհավիրքներով,
իսկ ես լացելու,
բղավելու,
ապրելու,
կարոտելու
փոխարեն
բանաստեղծում եմ:
Թող լինի այն,
ինչին արժանի ենք:
Թող վերսկսվի գաղջության
էվոլուցիան:
Ամեն ինչ սուտ է …
Թող հավերժի բանաստեղծությունն այս
անեղծ:

 

***
Վաղուց արդեն չեմ սիրահարվում,
վաղուց է, չեմ գրել
մի կարգին բանաստեղծություն:
Էս որբ քաղաքում
բոլորս հարմարվել ենք
կիսաքուն- կիսացավ,
կիսամահ ու անհաց ապրելուն:
Մեր վարդագույն երազները,
բոհեմն անդեմ,
ու պապական ադաթները ,
հիշում ենք տարին մեկ անգամ,
երբ հնչում են
անգիր արած կենացները:

***
Բառերը ստեղծվել են՝
խաբելու համար:

***
Երջանիկ մարդիկ,
չեն
բանաստեղծում…

 

***

Ցավը սպանեց Աստծուն,
Ցավը այս աշխարհում՝
Հավերժություն է..

***
Եվ աշունը դանդաղ
սափրում է գույները քո,
քամին կրկնում է անվերջ
անավարտ պարտիտուրը մինորի:
Ես գողացա տխրությունդ, քաղաք,
սեթևեթ իմ աղջիկ:
Ինձ կորցրու փեշերիդ մեջ դեղնած
շրջանցիկ:

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *