Վարդան Հակոբյանի «Քրիստոսի ծաղիկները» ասքը՝ հեղինակի ժանրային բնորոշմամբ, առաջին անգամ լույս է տեսել 2001 թվականին, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի առաջաբանով: Արտաքուստ մատենագիտական այս տեղեկությունը շեշտելն այս պարագայում կարևոր է, որովհետև Վարդան Հակոբյանի բանաստեղծական կենսագրության ուշադիր վերլուծությունը բացապարզում է հետաքրքիր մի հանգամանք. քիչ վերլուծված, և ըստ ամենայնի՝ ինչպես հարկն է չարժևորված այս ինքնատիպ ստեղծագործությունն իրականում նրա ստեղծագործական կյանքի ջրբաժանն է: Առիթ ունեցել եմ նշելու, որ Վարդան Հակոբյանի պոեզիան ասելիքի, թեմատիկ–գաղափարական կենտրոնացումների, ոճի ու տաղաչափության, և, ընդհանրապես, պոետիկայի տեսանկյունից բոլորովին այլ իրողություններ է երևանում 2000 թվականից հետո: Իհարկե, ունենալով իր հենքերը նախընթաց շրջափուլում, այնուամենայնիվ, «Թևերի հեռուն» (2003) ժողովածուից սկսած՝ Վարդան Հակոբյանի պոեզիան թևակոխում է մի տարածություն, որն իր իսկ արտահայտությամբ՝ կարելի է ձևակերպել որպես «բանաստեղծությունը սահմանից անդին»: Եվ ահա, տարիների հեռվից «Քրիստոսի ծաղիկները» ասքը երևակվում է իբրև նախընթաց շրջափուլի ամփոփում և նորի մեկնարկ: Կարծում եմ՝ ահա այդ նորի մի տեսակ անսովորությունը Վարդան Հակոբյանի պոետական մտածողությանը սկզբնական շրջանում անակնկալի է բերել քննադատներին, անգամ նրանց, ովքեր պարբերաբար անդրադարձել են նրա պոեզիային, և դրանով է թերևս բացատրելի «Քրիստոսի ծաղիկների»՝ ինչ–որ առումով լուսանցքային արժևորումը:
Ամեն առումով բարդ ու դժվար ժամանակների պոետական դրվագումն է «Քրիստոսի ծաղիկները»: Պատերազմ, Արցախ աշխարհ, հասարակական–քաղաքական իրադարձություններ, փոխվող արժեհամակարգեր, հիասթափություններ, հաղթանակներ, բարոյահոգեբանական անկում, երկակի տրամադրություններ ու մթնոլորտ, օրեցօր չարացող աշխարհ, ու թուրք, թուրք, թուրք… Այս ամենի բովում կարծես թե մոռացվում է մարդը, նրա մտորումը, խոհը, ձգտումներն ու երազանքները, սերերն ու ապրելու փիլիսոփայությունը, ի վերջո՝ նրա հոգու ու մտքի արձագանքը այդ բարդ ու դժվար ժամանակներին ու իրադարձություններին… Վարդան Հակոբյանը «Քրիստոսի ծաղիկներով», եթե կարելի է այդպես ասել՝ ճչում է այդ արձագանքը՝ արդի մարդու մեջ կրկին ու կրկին տեսնելով ամեն օր Գողգոթա տարվող Քրիստոսին:
Ժամանակների կնիքը նաև ասքի կառուցվածքի վրա է. բավական բարդ գործ է «Քրիստոսի ծաղիկները»՝ թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ, լեցուն խոսքի ամենատարբեր դրսևորումների տարերքով, ժանրային առումով՝ դժվար սահմանելի, ասելիքը՝ և՛ թեթև–քնարական, և՛ ծանր–էպիկական, սեփական զգացողությունների ու ապրումների միջև հոգեբանական անընդհատ տարուբերումներն ու անցումները այնքան խտացված են, որ հայացքի մեկ ընդգրկումի մեջ գրեթե չեն «տեղավորվում»:
Մարդն ուղղակի անկարող է իր ամբողջ հմայքով վայելել կյանքը՝ անգամ եթե հաղթողն է պատերազմի, անգամ եթե հայրենի Արցախ աշխարհը լիովին ընձեռում է տիեզերական արարչագործության կենտրոնում լինելու զգացողություն, անգամ եթե հասկանում ես բնության, քարերի ու թռչունների լեզուն… Կյանքը չի թողնում: Ավելի շուտ՝ նույն մարդու պարտադրած, թելադրած, օրենքներով ու կանոններով, անբարո բարոյականությամբ կառուցած կյանքը:
Բնության ներդաշնակության մեջ սիրո տվայտանքների, վայելքի սպասումի և քաղցր հիշողությունների բանաստեղծականացմամբ է սկսվում ասքը: Զարմանալիորեն լեցուն ու խոր սեր է սա, որտեղ հնչում են այդ զգացումի բոլոր նրբերանգները: Պարադոքսները, որ հետագայում էութային դարձան Վարդան Հակոբյանի պոեզիայի համար, իբրև համակարգ, իբրև մտածողության որակ, կարելի է ասել՝ «մեկնարկում» են հենց «Քրիստոսի ծաղիկներից», ավելի կոնկրետ՝ այդ ասքի սիրազեղումներից.
Ասում եմ՝ արի։ Եվ դու գալիս ես՝ չիմանալով, որ դո՛ւ
չես գալիս, պղտորում ես ակը և քեզ դարձնում նա, ով դու չես։
Բայց տրված չէ վայելել անգամ սիրո տառապանքը: Կատարվում է անցումը՝ հրապարակախոսական պոռթկմամբ, փիլիսոփայական ներքին անցումներով դեպի մի կողմից՝ հայրենի հող ու Արցախ աշխարհ, մյուս կողմից՝ ժամանակակից մարդ ու բարքեր: Անզուսպ, անփակագիծ ուղիղ խոսքն ուղղակի հորդում է՝ վերհանելով արդի մարդու և արդի հասարակությունների ամբողջ աղտեղությունն ու բարոյահոգեբանական համակարգը՝
…միայն զինվոր լինելն է երկրի, ուր տեղն ազատ է՝
ինչքան ուզես, խնդրեմ…
Եվ սիրո իդիլիան մի տեսակ ամոթխած տեղի է տալիս այդ պոռթկումների դեմ, մանավանդ որ՝ դաժան իրականությունը, իրական փաստերի վավերագրմամբ, ներխուժում է տեքստ.
Ուր Կոմիտաս Հակոբյանը՝ բանաստեղծ ու զինվոր,
որքան էլ պինդ, ամուր բռնի իր Նունեի երազներից՝
հարսնամոմի մեջ տաք–մեղրախոսուն, միևնույն է՝
իր բռան մեջ մնացել է միայն մի ծամ՝ վարսերի փունջ
(երբ ամփոփում էին հողում իր սիրածին, իսկ մինչև հարսանիքն
ինն օր է մնացել ընդամենը,
Նունեն, որպես վերջին ընծա, կտրեց իր ծամը
ու զոհված զինվորի մատների մեջ «տեղադրեց»
ծաղիկների հանգույն),
որի անվերջ գուրգուրանքից շիրմի վրա աստղավորվում է կարոտը,
և հողը դառնում է զարմանալի բուրիչ ու անդավաճան,
ուր երախը աղջկածաղիկ է մի անանվանյալ…
Հաջորդող վերադարձը «սիրազեղումներին»՝ արդեն պայմանավորում է բոլորովին այլ ընկալում, սիրո ուրիշ աշխարհ: Անբարո ժամանակները դատափետող բաց տեքստն ավելի է սրում այդ հակադրությունը: Մի կողմում՝ անսահման ողբերգությամբ հերոսներ, մյուս կողմում և՛ սիրո, և՛ հայրենիքի վրա թքած ունեցող պատեհապաշտներ: Այս տեսակ պոռթկումները հընթացս հուշում են, որ բանաստեղծի խոսքն, այնուամենայնիվ, անկարող է տեղավորվել անգամ այսպես ասած՝ ազատ չափածոյի մեջ: Հաջորդում են «Քրիստոսի ծաղիկների» թերևս ամենատպավորիչ և հոգեբանորեն ամենահագեցած հատվածները՝ դադարները՝ կտրուկ շրջադարձերով: Սա խոսքի մեկ այլ որակ է, որտեղ բանաստեղծը հանդես է գալիս իբրև ասացող՝ ջարդելով բանաստեղծական ցանկացած պայմանականություն ու կաղապար: Հուշերի, պատմությունների, տպավորությունների ու վկայությունների բովում անճիգ ու անբռնազբոս, իրականության պես ծնվում է միֆը՝ պատմելով անպատմելին.
Թաղում։ Թաքուն։ Անլաց։ Անծպտուն։ Անթափոր։ Սրտոտ տղա էր Մհերը։ Ուժեղ էր ու պինդ։ Ոչնչից չէր երկնչում։ Տանկը խփվել էր, որ հասանք՝ ամեն ինչ վառվել էր ու մենակ սիրտն էր երևում։ Ոչ մեկից բան չէր մնացել, կարմիր սիրտն էր ծխում ու ալավ տալիս, նույնիսկ մի պահ կարծեցինք, թե դեռ բաբախում է… Շապիկս հանեցի, սիրտը խնամքով փաթաթեցինք ու վերցրինք, որ որպես մասունք տանենք ծնողներին։ Դրինք բարձր մի քարի, որ կռվի դադարին տեղ հասցնենք… Մեկ էլ տեսանք՝ էդ քարից կրակ բարձրացավ, գնաց ու թևերը բացեց։ Որ պատմում ենք՝ ոչ ոք չի հավատում, բայց աչքովս տեսել եմ։ Վազեցինք քարի մոտ, մենակ կրակի հետքնէր մնացել։ Սիրտը թռել էր:
Երբ բանաստեղծի խոսքի կարելիությունները առանձին թվարկելու չափ անհնարին բազմազան են, երբ բանաստեղծության դրսևորման ձևերը ներառում են հայտնի ու անհայտ գրեթե բոլոր պոետիկական հնարքները, երբ ասելիքը ձգտում է ընդգրկել ասված ու չասված ամեն ինչ և անընդհատ բեռնավորվել նոր լիցքերով, ապա անպայման գրվում, նույնիսկ կարելի է ասել՝ ինքնագրվում–ինքնաստեղծվում է մի գործ, որ հավակնում է այդ ամենի հանրագումար–ամբողջությունը լինել: Մանավանդ որ՝ այդ գործը՝ «Քրիստոսի ծաղիկները», բերում է նաև իր հավատո հանգանակը՝ գալիքի դավանումով ու բարձր արժեհամակարգով.
Բոլոր մարգարեները սուտ են, բացի զինվորից։
Եվ հայրենիքի սահմաններն անխախտելի են
այնտեղ, ասում են,
ուր գիծը քաշված է արյունով. ահա գույն,
որի բարձրությանը չի հասնի պարիսպը չինական։
Եվ այսպես, գործ ունենք թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ չափազանց ինքնատիպ մի ստեղծագործության հետ, որի արժեքը հատկապես պատերազմական թեմայով գրված վերջին տարիների ստեղծագործական ձեռքբերումների համապատկերին էլ ավելի ակնառու է դառնում: