Ընկերոջս՝ Հ.Գ.-ին
Երբ ես փակում եմ աչքերս, աշխարհը շարունակում է ապրել կոպերիցս դուրս, իսկ երբ արթուն եմ մնում, հստակ տեսնում եմ, որ նա մահացել է:
Այսօր լուր եկավ քեզնից, որ ամուսինդ ինքնասպան է եղել գերմանական մի խուլ քաղաքում: Այնքան խուլ, որ ոչ մեկը չլսեց, թե ինչպես մարմինը ընկավ գետնին և մի պահ ժամը վեցին շարժվեցին տան պատուհանները:
-Տան պատուհանները շարժվում են ամեն առիթով, – մտածեց հարևանը և կծեց կես քնաբերը՝ տեսնելով կիսատ երազ:
Կիսատ երազ
Արդեն մի քանի հազար տարի է անցել այն օրից, ինչ ես քո սրտում էի… բայց գնալիս թողեցի այնտեղ մատնահետքերս… և հիմա քո սիրտը աշխատում է, որովհետև այնտեղ մի կտոր իմ խենթությունից կա, մի քիչ իմ երիտասարդությունից և մի քանի հատիկ իմ սերմից, որ բեղմնավորում է քո կյանքը նոր գաղափարներով…քո ամուսինն էլ չկա, և հիմա նրա մահը քո անգույն կյանքի մեջ է… մահվան որդը այն խնձորի մեջ էր, որն ագահաբար կերավ առաջին կինը… չգիտեմ՝ ինչ էր մտածում նրա մարմինը, երբ փտում էր… այդ հոտը նրանն էր ու նրան գտան նրանով… շաքար ուներ նաև… շաքարից մահ…կամ քաղցր մահ… փտող հոտը շաքարում… հին կոնֆետ… փտած թխվածք… և մրջյուն-հոտը փրկեց նրա մարմինը… իսկ մենք՞… մենք շարունակում ենք ապրել այս կեղտում… և լցնում ենք շաքար մեր մարմնի մեջ, որից նա դուրս կգա որպես մահվան հոտ… բայց այս կեղտի մեջ, որտեղ լցնում ենք շաքար… այս մահվան մեջ կաս նաև դու, ով կարևոր մասնիկ է և՛ շաքարով հիվանդի և՛ խելագարի համար… մենք երկուսս էլ քեզ սիրում ենք… մեկը սիրում է քեզ քաղցր, մյուսն՝ անհասկանալի… և ինչ… այսքանը… մենք արդեն չկանք… նա մեռավ, իսկ ես հեռու եմ… գոյություն չունեմ կողքիդ, ուրեմն գոյություն չունեմ… մենք քեզ սիրում ենք կյանքի այն կողմից…ինքը սիրում է քո երիտասարդությունը, իսկ ես՝ ծերությունդ… ինքը սպիտակ է, ինչպես շաքարավազ, իսկ ես սև սուրճի նման… երբ սուրճ խմես կամ տեսնես, թե ինչպես են խմում, հիշիր ինձ… իսկ երբ շաքար լցնես նրա մեջ կամ կոնֆետ ուտես, հիշիր նրան… շաքարավազի և սուրճի միաձուլման պահին աչքերս բացեցի…
Ամեն առիթ բաց չեմ թողնում արթնանալու համար:
Երազը կիսատ մնաց, և լցվեց աչքերին սպիտակ սերմը, և այդ օրվանից նրա մոտ սկսվեցին սպիտակ գիշերներ:
Ամեն մի սերմ երազանք է:
Բայց ափսոս՝ սերմի և բիբի միաձուլումից պատկեր չի ծնվում:
Ես նրա կնոջը սիրում էի, և նա այդ մասին գիտեր: Իսկ այսօր ես իմացա, որ այդ մասին նա էլ չգիտի: Այդ մասին չիմանալու մեջ ես էլ ունեմ իմ բաժին մեղքը, և սա ևս մեկ առիթ է, որ գիշերը չքնեմ:
Արթուն մնալու համար ես ունեմ միլիոն պատրվակ:
Հայելին կրծքավանդակիս ուղղությամբ բռնած, գլուխս կախ, քայլում եմ: Եվ նրա մեջ տեսնում եմ երկինքը: Երկինքը հիմա ոտքերիս տակ է: Ես էլ մի հայելի եմ ձեզ համար: Նայելով ինձ՝ նայում եք երկնքին: Ես ուղիղ ճանապարհ եմ դեպի վերև:
Պատմում եմ գերմանական դեպքի մասին ընկերոջս, ով այնքան վաղուց չի քնել, որ իր համար միևնույն է, թե ով է մեռնողը: Նա չի լսում ինձ, նրա ներաշխարհը ևս խուլ քաղաք է: Նա հիմա ուզում է հիշել բոլոր քնաբեր դեղերը: Նրան ոչինչ չի օգնի, նույնիսկ մահը. բարձրաձայն մտածում է նա:
Նա այնքան հոռետես է, որ վստահ է, թե նրան հատուկ բաց աչքերով կթաղեն:
-Ուղղակի մեզ թվում է, որ դեռ ապրելու ժամանակ ունենք, – ասում է նա և մտքում թվում բոլոր քնաբեր բույսերը: Հինգերորդ թվում նա պատասխանում է ինքն իրեն.
-Դա մեզ միայն թվում է:
Ապրելու համար չէ ժամանակը: Ժամանակը չքնելու համար է, որ մաշկիդ վրա զգաս կյանքի ձանձրալի երկարությունը:
Ինքնասպանությունը միավորվում է Անքնության հետ և պառկած ժամանակ ինձ մոտ են գալիս երկու առաքյալ:
Անքնությանը՝ սուրբ Սելինը,
Ինքնասպանությանը՝ սուրբ Ռիգոն:
Այդ պահին բարձիս միջից բարձր ձայնով դուրս է գալիս պատմաբան ընկերոջս հառաչանքը: Մոնղոլական արշավանքների մասին գրելու անկարողության ձայնը: Նա հիմա կարող է միայն գերազանց հանձնել անքնության քնությունը: Չնայած անքնությունը անքննելի է:
Անքնությունը և Ինքնասպանությունը սկսվում են Պատմության ավարտից հետո: Ես գիտեմ դրա մասին և այդ պատճառով է, որ հենց ես եմ գրում այս ամենը:
Նստած նայում եմ Ռիգոյի նկարին: Նա երկու ձեռքով գրկել է իր մի ոտքը, իսկ մյուսով արդեն գերեզմանն է փորում: Նայում է ինձ մի տեսակ սպասումով: Նա ուզում է իմ ինքնասպանության ականատեսը լինի: Նա նայում է ինձ մի մարդու նման, ով ունի ինքնասպան լինելու հեղինակային իրավունքներ: Դոն Ռիգոն նայում է ինձ, և Ռիգոդոնի պտույտները ուղեղումս սլանում են նրա երազած Ռոլլս-Ռոյսի արագությամբ:
Կրծքավանդակս պատռվում է, և մեկ առ մեկ դուրս են գալիս ու ցցերի պես վեր խոյանում կողոսկրերս: Նրանք քսանչորսն են և ամեն մեկի վրա ընկնում է ժամանակի լեշը՝ պատռվելով իմ ոսկրե վանդակի մեջ:
Հետո դանդաղ ինձ է մոտենում աստծո ձեռքը և ուզում ողովս կրկին ստեղծագործել: Հանկարծ արագ փակվում են ճաղերը, և նրա ձեռքը կտրվում է հավետ: Նրա ձեռքը հիմա իմ մեջ է, և նա այժմ կռնատ արարիչ է:
Ողերիս քսանչորսժամյա խցի մեջտեղով վեր է խոյանում ողնաշարս, որը մարմնավորում է իմ քարացած, տեղ-տեղ ծռված, կռացած մենությունը:
Անքնությունը և Ինքնասպանությունը Մենության սերունդն են: Ես գիտեմ այդ մասին և այդ պատճառով է, որ հենց ես եմ գրում այս ամենը:
Սիորանը գրում է. «Հայ-հրեա Միլտն Հինդուսը առաջին մարդ արարածն է, որ հետաքրքրվեց Սելինով և նրա դանիական աքսորով: Բայց նա չի հասկանում գրողի գրգռված և հիստերիկ վիճակի պատճառը: Իսկ այդ ընթացքում Սելինը անդադար կրկնում է, որ անքնությամբ է տառապում, որ երբեմն լինում է այնպես, որ ինքն ամեն ժամ քնաբեր է խմում:
-Ինչ էլ անում եմ, չեմ կարողանում քնել, – ասում է Սելինը»:
Մարդիկ այնքան լավ են քնում և այնքան ամուր են սեղմում աչքերը, որ այդ ուժից նաև ականջներն են փակվում: Խուլ քաղաքից են պինդ քնողները:
-Եվ իրականում ու՞մ է պետք այս հեղափոխությունը. միևնույն է, դրանից հետո էլ ես արթուն եմ մնալու,- ասում է հոռետես ընկերս և կուլ տալիս քնաբերը:
-Մենակ ես եմ մենակ, – գոռում է նրա ներսի ողնաշարը և իր աստիճաններով ներքև իջեցնում քնաբերը:
-Զարմանալի է, որ մինչև այսօր դեռ չկա անքունի արձան, – գոռում է ընկերս և այդ պահին բերանից թափվում են քնաբեր հաբերը:
-Ա՛ն, քունի՛, – գոռում է փողոցում կանգնած պոռնիկը և երազներով լցված հետույքն է բացում:
Իսկ այդ ընթացքում գերմանական խուլ քաղաքում բաց աչքերով մեռնում էր այն տղամարդը, ով գիշերները գոնե հանգիստ քնում էր:
Իսկ աշխարհը շարունակում է պտտվել՝ միևնույն սելի վրա տանելով մեռնողներին և ապրողներին, հեղափոխականներին և անարխիստներին, քունողներին և քնողներին:
Իսկ ե՞ս: Ես ի՞նչ: Ինձ համար միևնույն է: Ես, ինչպես միշտ, նստած այդ սելին, կարդում եմ Սելին: